ԹՈՒՐՔԻԱՅԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Ռուբեն ՄելքոնյանԹուրքական քաղաքական մեքենան ժամանակ առ ժամանակ որոշ սրբագրումներ է մտցնում իր «հայկական քաղաքականության» մեջ, որի բնույթը, սակայն, շարունակում է մնալ թշնամական: Ներկայումս տեղի ունեցող զարգացումները փաստում են, որ Թուրքիան փորձում է Հայաստանի եւ Հայության նկատմամբ կիրառել նաեւ նոր մարտավարական մեթոդներ:
Պայքար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ
Գաղտնիք չէ, որ Թուրքիայում գործում է կառույց, որն էլ մշակում եւ իրականացնում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարի քաղաքականությունը: Սակայն պետք է փաստել, որ տասնամյակներ շարունակ կիրառված նույնաոճ քաղաքականությունը ոչ միշտ է եղել արդյունավետ, ինչը ստիպում է թուրքական քաղաքական մեքենային որոշ փոփոխություններ կատարել իր գործելակերպում:
Բայց սա չի նշանակում, թե Թուրքիան լիովին հրաժարվում է Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարի իր հին մեթոդներից, որոնք այսօր եւս, փոքր-ինչ պակաս ինտենսիվությամբ, կիրառվում են: Ամեն ապրիլի 24-ին նախորդող ժամանակաշրջանում թուրք դիվանագետների պատվիրակություններ են գործուղվում տարբեր երկրներ` նպատակ ունենալով կասեցնել Թուրքիայի համար անցանկալի եզրույթների գործածումը կամ բանաձեւերի ընդունումը. թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուներ հանդես են գալիս այլ պետություններին ուղղված շանտաժային, երբեմն կոպիտ հայտարարություններով: Սրանց զուգահեռ, Թուրքիան լուրջ ֆինանսական միջոցներ է տրամադրում զանազան վարձու պատմաբանների, որոնք հանդես են գալիս Հայոց ցեղասպանության փաստը հերքող գրքերով, հոդվածներով եւ այլն:
Վերջին շրջանում Թուրքիան, հաշվի առնելով աշխարհում եւ հենց իր ներսում տեղի ունեցող գործընթացները, ձգտում է հին` «կացնային» մեթոդին զուգահեռ մշակել եւ կիրառել ավելի նուրբ, ճկուն քաղաքականություն, որը շատ հաճախ քողարկվում է «պրոհայկական» միջոցառումների անվան տակ: Միեւնույն ժամանակ փաստենք, որ թուրքական հասարակությունում որոշ անհատների գիտակցության մեջ իրականում տեղի է ունենում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման առումով որոշակի տեղաշարժ, ինչը, սակայն, թուրքական քաղաքական մեքենան փորձում է ուղղորդել եւ կառավարել իրեն ձեռնտու տարբերակով: Մասնավորապես` մեծ աղմուկ բարձրացավ, երբ 2008 թվականի վերջին մի խումբ մտավորականներ Թուրքիայում նախաձեռնեցին «Ներողություն ենք խնդրում» միջոցառումը, որը սահմանում էր. «Իմ խիղճը չի ընդունում անտարբերությունն ու ուրացումը հանդեպ Մեծ եղեռնի, որին ենթարկվեցին օսմանյան հայերը 1915 թվականին: Ես մերժում եմ այս անարդարությունը, կիսում եմ իմ հայ քույրերի եւ եղբայրների զգացմունքներն ու ցավերը եւ ներողություն եմ խնդրում նրանցից»: Այս միջոցառումը վերածվեց նաեւ ինտերնետային ստորագրահավաքի, որին կարճ ժամանակում միացան շուրջ 30 հազար մարդիկ: Իհարկե, սա աննախադեպ էր Թուրքիայում, սակայն որոշ ժամանակ անց այդ միջոցառումը քաղաքականացվեց եւ այսօր էլ շարունակում է ոչ բացահայտ, բայց մնալ թուրքական քաղաքական մեքենայի զինանոցում: Մասնավորապես, այս միջոցառման լայն արձագանքին զուգահեռ, թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունը տարբեր երկրների խորհրդարաններին սկսեց հիմնավորումներ ներկայացնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւերի աննպատակահարմարության մասին` վկայակոչելով, որ Թուրքիայում արդեն սկսվել է պատմության հետ առերեսվելու շարժում, եւ բանաձեւերի ընդունումը կխոչընդոտի դրան:
Անշուշտ, այդ միջոցառմանը միացած եւ իրենց ստորագրությունը դրած մարդկանց գերակշիռ մասն ազնիվ է իր մղումներում եւ իրոք կիսում է հայերի վիշտը, սակայն միեւնույն ժամանակ պետք է նկատել այլ հանգամանքներ եւս: Նախ` «Ներողություն ենք խնդրում» միջոցառման գլխավոր կազմակերպիչներից մեկը` թուրք հայտնի հրապարակախոս Բասքըն Օրանը, ի պատասխան իրենց հասցեին հնչող մեղադրանքների, հայտարարեց. «Թուրքիայի իշխանությունները պետք է աղոթեն մեր միջոցառման համար, քանի որ դրա շնորհիվ ամբողջ աշխարհում դադարեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւերի ընդունումը»: Ստորագրահավաքին միացած մեկ այլ մտավորական` Յավուզ Բինգյոլը, վերջերս ավելի բացեց փակագծերը` հայտարարելով. «Մենք տեքստում չենք դրել «ցեղասպանություն» բառը, եւ ես երբեք չեմ ընդունի, որ 1915-ին տեղի է ունեցել ցեղասպանություն: Այս ամբողջ միջոցառումը կազմակերպվել էր, որպեսզի այդ հարցը դուրս գա միջազգային օրակարգից: Ես էլ միացա այդ ամենին, որպեսզի այդ հարցը վերջանա, եւ ներողություն խնդրեցի: Ներողություն խնդրելը հեշտ գործ է»:
Մյուս կարեւոր խնդիրն այն է, որ հայերից ներողություն խնդրողները, միեւնույն ժամանակ, ցանկացած փոխհատուցման գաղափարի ամենակատաղի հակառակորդներն են եւ անգամ հրապարակային ելույթներում հայտարարում են, որ 1915-ի համար ֆինանսական կամ տարածքային որեւէ փոխհատուցում չի կարող լինել, առավելագույնը` Թուրքիան կարող է ներողություն խնդրել հայերից, եւ այդքանով «հարցը պետք է փակվի»:
Վերը նշված զարգացումները լիովին տեղավորվում են թուրքական իշխանությունների ծրագրերի մեջ, եւ նաեւ դա է պատճառը, որ այդ միջոցառումները որեւէ կերպ չեն խոչընդոտվում, իսկ սա պատահական լինել չի կարող մի երկրում, որտեղ ամենաանմեղ բողոքի ցույցը կարող է դաժանորեն ճնշվել: Այսինքն` այս ամենը տեղի է ունենում թուրքական իշխանությունների համաձայնությամբ եւ ուղղորդմամբ, ու պատահական չէ, որ այդ միջոցառումների ընդդիմադիր կազմակերպիչները բավական լավ կապեր ունեն թուրքական իշխանությունների բարձրագույն օղակներում: Նմանատիպ միջոցառումների միջոցով թուրքական իշխանությունները նաեւ թուլացնում են հասարակության որոշ շերտերում առկա լարվածությունը, որը բխում է պետական թեզի հետ անհամաձայնությունից: Եվ ամենակարեւորն այն է, որ միջազգային ասպարեզում որոշակիորեն փոխվում է Թուրքիայի իմիջը, եւ այդ ամենն արվում է մեծ մասամբ «պալատական ընդդիմադիրների» միջոցով:
Խոսելով Հայոց ցեղասպանության խնդրի նկատմամբ Թուրքիայի հասարակության որոշակի շերտերում տեղի ունեցող փոփոխությունների մասին` հարկ է անդրադառնալ նաեւ արդեն երկու տարի ապրիլի 24-ին թուրքական տարբեր քաղաքներում կազմակերպվող հիշատակի միջոցառումներին: Սրանք, իհարկե, ուշագրավ են եւ կարեւոր, սակայն պետք է հստակ գիտակցել, որ դրանց մասնակիցների թիվը 75 միլիոնանոց Թուրքիայում գրեթե աննշմարելի է: Օրինակ` այս տարվա ապրիլի 24-ի միջոցառմանը Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում հավաքվել են ընդամենը 300 մարդ, եւ այդ միջոցառման կազմակերպիչներից մեկի հետ մեր զրույցի ժամանակ նա նշեց, որ եթե չվախենային, ապա իրենց ցույցին կգար մոտ 2000 մարդ. այսինքն` սա է առավելագույն թվաքանակը: Ավելորդ չէ նկատել նաեւ, որ նմանատիպ միջոցառումների մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը ձախակողմյան քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ են, որոնց համար կարեւոր են ոչ թե ազգային խնդիրները, այլ մարդու իրավունքների ոտնահարման եւ նմանատիպ այլ ընդհանրական ձեւակերպումները:
Համադրելով փաստերը` կարող ենք նշել, որ այսօր Թուրքիայում Հայոց ցեղասպանության խնդրի նկատմամբ գիտակցության փոփոխություն տեղի է ունենում ոչ թե հասարակության լայն խավերում, այլ ընդամենը անհատների խմբում, որը չի կազմում տոկոսային լուրջ պատկեր: Ուստի Թուրքիայի կողմից քարոզվող «լուրջ հասարակական փոփոխություններն» առավելապես նրա քաղաքականության որոշակի տարրերից են եւ չեն արտացոլում իրական պատկերը: Այս ամենը նաեւ ցույց է տալիս, որ Թուրքիան լրջորեն նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին` 2015-ին, որի մասին բացահայտ հայտարարում են թուրք բարձրաստիճան պաշտոնյաները:
Այս ամենով հանդերձ, հարկ է նկատել նաեւ, որ սկսված գործընթացից հայկական կողմը եւս կարող է որոշակի օգուտներ քաղել: Օրինակ` Թուրքիայում «փոփոխությունների» գործընթացին զուգահեռ նկատվում է տեղեկատվական լուրջ հոսք, տպագրվում են գրքեր, փաստեր, որոնք մինչ այս փակ էին. մեր խնդիրն է դրանք զտելով` կիրառել մեր շահերի համար:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ պայքարի համատեքստում` այսօր Թուրքիայի քաղաքական օրակարգում սկսում է կարեւոր տեղ զբաղեցնել նաեւ Հայաստան–Սփյուռք տարանջատման խնդիրը: Մասնավորապես, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հանձնարարականներ է տվել տարբեր երկրների իրենց դեսպաններին առավել սերտ աշխատել Սփյուռքի հայկական կառույցների հետ, անգամ ներկա գտնվել իրենց բնույթով հակաթուրքական միջոցառումներին ու փորձել առաջ տանել թուրքական թեզերը եւ ամենակարեւորը` ձգտել անջրպետներ ստեղծել Հայաստան–Սփյուռք հարաբերություններում: Կուլիսային քայլերին զուգահեռ` Թուրքիան նաեւ հրապարակային որոշ գործողություններ է իրականացնում, որոնցից վերջինը ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանում Էրդողանի հայտարարություն էր այն մասին, թե իբրեւ Հայաստանը վախենում է Սփյուռքից եւ դրա համար էլ Թուրքիայի հանդեպ նման կարծր քաղաքականություն է վարում: Ի դեպ, այս բնույթի հայտարարությունները նոր չեն Էրդողանի համար. ավելի վաղ նա հայտարարել էր, թե Հայաստանը պատանդ է Սփյուռքի ձեռքին: Կիրառելով ապատեղեկատվության մեթոդներ` Թուրքիան փորձում է արհեստական խնդիրներ եւ անջրպետներ առաջացնել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ: Սակայն ցավալի է, որ թուրքական մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունը կամ ուղղորդված կեղծիքը երբեմն թարգմանաբար ու առանց մասնագիտական զտման տեղ է գտնում հայկական լրատվամիջոցներում, եւ փաստացի մենք հայտնվում ենք թուրքական տեղեկատվական որոգայթներում:
Հակահայկականության «կայուն աճ» Թուրքիայում
Բազմաթիվ են փաստերը, որոնք ապացուցում են Թուրքիայում աճող հակահայկական տրամադրությունների մասին, եւ բնական է, որ այդ տրամադրությունները որոշիչ դեր են խաղում նաեւ քաղաքական գործընթացների ժամանակ: Ըստ վերջին սոցիոլոգիական հարցումների, Թուրքիայի բնակչության 73 տոկոսը խիստ բացասաբար է վերաբերվում հայերին: Չնայած վերը նշված մակերեսային փոփոխություններին, այսօր Թուրքիայում ազգայնամոլական հիստերիան թելադրող է, որին կարելի է հանդիպել հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում:
2011թ. ապրիլի 24-ին պատմական Սասունի գավառին մերձակա մի վայրում տեղակայված թուրքական զորամասերից մեկում սպանվեց հայազգի զինծառայող Սեւակ Բալըքչըն: Անմիջապես տարածվեց պաշտոնական տեսակետը, թե Սեւակի մահվան պատճառը զինծառայակիցներից մեկի անզգուշությունն է: Սակայն այլ աղբյուրներ փաստում են, որ հայորդուն սպանած թուրք զինվորը ծայրահեղ ազգայնամոլական «Գորշ գայլեր» խմբավորման երիտասարդական թեւի անդամ է, եւ հավանական է, որ Սեւակը դարձել է պանթուրքիստների հերթական զոհը:
Թուրքիայում մոտեցող խորհրդարանական ընտրությունները ստիպում են քաղաքական գործիչներին եւս խստացնել ազգայնամոլական հռետորաբանությունը, որը միտված է ընտրողների շրջանում նրանց հեղինակության բարձրացմանը: Հենց այս համատեքստում պետք է դիտարկել այն, որ քաղաքական եւ ոչ մի կուսակցության ցուցակում չընդգրկվեցին հայազգի թեկնածուներ: Հիշեցնենք, որ Թուրքիայում տեւական ժամանակ քննարկվում էր հայազգի թեկնածուներ ընդգրկելու հավանականության հարցը, սակայն թուրքական հասարակության մեջ տիրող հակահայկականության բարձր տոկոսը ստիպեց քաղաքական ուժերին զերծ մնալ այնպիսի քայլից, որն ընտրությունների ժամանակ ուղղակիորեն կազդեր իրենց հեղինակության վրա:
Վերջին ժամանակներս միջազգային լրատվամիջոցների, ինչպես նաեւ քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում է հայտնվել Կարսում մի քանի տարի առաջ տեղադրված, այսպես կոչված, հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող արձանը: Վարչապետ Էրդողանն իր նախընտրական քարոզարշավում այս արձանը որակեց որպես սարսափելի եւ հրահանգեց քանդել այն: Սակայն Թուրքիայի վարչապետի այս քայլն ամենեւին էլ պայմանավորված չէր վերջինիս էսթետիկական հայացքներով: Նախ նշենք, որ մինչեւ Էրդողանի սկանդալային հայտարարությունն այդ արձանը հայտնի էր փոքր թվով մարդկանց եւ Թուրքիայի վարչապետը հայտնիությամբ օժտելով արձանը` այն դարձրեց քաղաքական տեխնոլոգիաների գործիք: Հայ-թուրքական, իբրեւ թե, բարեկամությունը խորհրդանշող արձանի քննադատությամբ Էրդողանը հագուրդ տվեց Կարսի մարզում բնակվող ադրբեջանցիների ազգայնամոլական կրքերին: Խնդիրն այն է, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` իշխող ԱԶԿ-ն որոշակիորեն պայքարում է Ազգայնական շարժում կուսակցության ընտրազանգվածին իր կողմը գրավելու համար, ուստի նրան անհրաժեշտ է իր քարոզարշավի մեջ ներառել նաեւ ազգայնամոլական հստակ երանգներ: Եվ կարող ենք փաստել, որ Կարսում ԱԶԿ քարոզարշավի ազգայնամոլական երանգն ապահովեց հենց այդ արձանի շուրջ բարձրացած աղմուկը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[31.05.2012]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ[14.05.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[12.04.2012]
- ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ԲԱՑՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ[28.12.2011]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[05.12.2011]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[14.11.2011]
- ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[24.10.2011]
- «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ[12.10.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[03.10.2011]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ԴԻԱՐԲԵՔԻՐ[25.07.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ[07.07.2011]