ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ռուբեն ՄելքոնյանՕսմանյան կայսրությունը բազմազգ եւ բազմէթնիկ պետություն էր, որտեղ, սակայն, ոչ թուրք ժողովուրդներին պարտադրված էր իրենց ինքնությունը մոռանալու եւ թուրքանալու ճանապարհը: Ընդ որում՝ թուրքացման քաղաքականությունը չէր վերաբերում միայն քրիստոնյաներին, այլեւ տարատեսակ մեթոդներով կիրառվում էր նաեւ իսլամադավան ժողովուրդների նկատմամբ: Թուրքիայի Հանրապետությունը ոչ միայն ժառանգեց, այլեւ նոր թափով շարունակեց այդ քաղաքականությունը, որը 20-րդ դարում ստացավ նաեւ որոշակի իրավական ձեւակերպում: Այսպես, 1923թ. Լոզանի պայմանագրով Թուրքիայի Հանրապետությունը ճանաչեց փոքրամասնությունների ընդամենը երեք համայնք` հայկականը, հունականը եւ հրեականը, իսկ շուրջ չորս տասնյակի հասնող այլ ժողովուրդներ եւ էթնոկրոնական խմբեր, ինչպիսիք են, օրինակ, ասորիները, լազերը, քրդերը, չերքեզները եւ այլն, չստացան առանձին իրավունքներ ու կարգավիճակ:
Թուրքացման քաղաքականությունը ցայտուն կերպով կիրառվեց Թուրքիայի տարածքում բնակվող բոլոր իսլամադավան ժողովուրդների վրա, սակայն քրդերի պարագայում այն հանդիպեց հակազդեցության, որը երբեմն վերածվեց զինված պայքարի, ինչպիսիք էին 20-րդ դարի առաջին կեսի քրդական ապստամբություններն ու խռովությունները: Հայտնի է, որ թուրքական պաշտոնական թեզն ի սկզբանե չէր ընդունում քրդերի` որպես առանձին էթնոսի գոյության փաստը եւ սահմանում էր, որ քրդերը պարզապես «լեռնային թուրքեր» են: Այսօր արդեն քրդական խնդիրը Թուրքիայում հասել է այն մակարդակի, որ թուրքական պետությունը ոչ միայն ընդունում է քուրդ ժողովրդի գոյությունը, այլեւ տրամադրում է տարատեսակ իրավունքներ, իսկ քրդական որոշակի շրջանակներ հետզհետե ավելի բացահայտ են խոսում ինքնավարության մասին:
Թուրքիայում քրդերից հետո ամենամեծաթիվ իսլամադավան ժողովուրդը չերքեզներն են: Հայտնի է, որ 19-րդ դարի կեսերին Ռուսաստանից Օսմանյան կայսրություն են գաղթել հյուսիսկովկասյան ժողովուրդներ, որոնց Թուրքիայում ընդունված է անվանել չերքեզներ: Օսմանյան իշխանությունները, ընդունելով մուսուլման չերքեզներին, անմիջապես նրանց օգտագործել են իրենց ժողովրդագրական եւ քրիտոնյաներին բռնաճնշումների ենթարկելու քաղաքականության մեջ: Չերքեզներին հիմնականում հատկացվել են քրիստոնյաներով բնակեցված տարածքներ` նպատակ ունենալով առավել մուսուլմանական ժողովրդագրական պատկեր ստեղծել: Չերքեզները լուրջ դեր եւ դիրք են ստանձնել թուրքական ռազմական համակարգում, եւ, ի վերջո, չպետք է անտեսենք նաեւ այն փաստը, որ չերքեզները գործուն մասնակցություն են ունեցել Հայոց ցեղասպանության իրականացման գործում:
Այսօր Թուրքիայում, ըստ տարբեր աղբյուրների, չերքեզների թիվը տատանվում է 3-5 միլիոնի շուրջ, սակայն մասնագետներն առավել իրատեսական են համարում 3 միլիոնը: Հանրապետական Թուրքիայում եւս չերքեզներն ընդգրկված են ռազմական, ինչպես նաեւ քաղաքական ոլորտներում: Նրանց շարքում հանդիպում են նաեւ բարձրաստիճան զինվորականներ եւ պետական համակարգի պաշտոնյաներ:
Այսօր Թուրքիայում ծավալվող ինքնության խնդիրը չի շրջանցում նաեւ չերքեզներին, եւ այդ ուղղությամբ տեղի են ունենում որոշակի զարգացումներ: Այսպես, վերջերս «Չերքեզների իրավունքների նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունն Անկարայում անցկացրել էր չերքեզների բողոքի ցույց, որի հիմնական նպատակն էր բարձրացնել չերքեզներին հուզող տարատեսակ խնդիրներ, որոնց մեջ առաջնային էր «չերքեզական ինքնության պահպանման հարցը»: Որպես ինքնության պահպանման հիմնական գրավական կազմակերպիչները տեսնում են իրենց մայրենի լեզվի` չերքեզերենի խնդիրը, որի շուրջ էլ ներկայացնում էին կոնկրետ պահանջներ: Այսօր Թուրքիայում չերքեզների միայն 10 տոկոսն է տիրապետում չերքեզերենին եւ այն էլ՝ ավագ սերունդը: Ուշադրության արժանի էին այդ բողոքի ցույցի հիմնական պաստառ-կարգախոսները` «Պահանջում ենք կրթություն չերքեզերենով», «Լեզուն կորցնողը կկորցնի ամեն ինչ», իսկ այդ միջոցառման ընդհանուր խորագիրը հետեւյալն էր` «Կեցցե չերքեզ մնալու մեր պայքարը»: Չերքեզների պահանջների մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ իրենց մայրենիով հեռուստատեսություն եւ ռադիո ունենալու խնդիրը, որը, նրանց կարծիքով, նպաստելու է լեզվի` չերքեզերենի պահպանմանը:
«Չերքեզների իրավունքների նախաձեռնության» կառավարման խորհրդի անդամ Քենան Քափլանը հայտարարել է. «Մենք շատ ենք սպասել այն օրերին, երբ Թուրքիայում գրքերում տեղ կգտնեն մեր պատմությունը, մշակույթը, լեզուն, մեր մայրենիով գրքեր կկարդանք»: Ուշագրավ է, որ չերքեզները, բարձրաձայնելով իրենց խնդիրների մասին, հստակ ակնարկում են քրդական հարցի նկատմամբ Թուրքիայի կառավարության ուշադրությունը՝ նշելով. «Այս երկրում պետք է հաշվի առնվեն ոչ միայն նրանց իրավունքները, ովքեր շատ են աղմկում, այլեւ մյուս ժողովուրդներինը նույնպես»:
Ինչպես եւ սպասելի էր, Թուրքիայում արդեն մուսուլման փոքրամասնության կողմից բարձրացվող այս նոր խնդրի հանդեպ անմիջապես ձեւավորվեց հակազդեցություն, եւ մի շարք անձինք հանդես եկան «Չերքեզների իրավունքների նախաձեռնության» քննադատությամբ: Մասնավորապես` բավական կտրուկ հայտարարություններ արեց Թուրքիայում հայտնի հրապարակախոս եւ ուսումնասիրող Մուրադ Բարդաքչըն, որը հենց ինքն էլ ծագումով չերքեզ է: Խոսելով չերքեզների անցկացրած բողոքի ցույցի եւ պահանջների մասին` Բարդաքչըն հայտարարել է. «Մեզ հիմա հենց միայն չերքեզական նախաձեռնություն էր պակաս»: Անդրադառնալով Ռուսաստանից չերքեզների գաղթին՝ նա նշել է, թե դա տեղի է ունեցել «ռուսական թրից փրկվելու համար», եւ ի տարբերություն ռուսների, թուրքերը գրկաբաց են ընդունել չերքեզներին: Թվարկելով տարբեր ոլորտներում բարձր դիրքերի հասած չերքեզներին` Բարդաքչըն չերքեզների մայրենի լեզվի պահպանմանն ուղղված այսօրվա պահանջները համարում է «ապերախտություն Թուրքիայի հանդեպ»: Չերքեզերենի կորստի համար եւս, ըստ Բարդաքչըի, մեղավոր է ոչ թե թուրքական պետությունը, այլ հենց իրենք՝ չերքեզները, որ չեն կարողացել սերնդեսերունդ փոխանցել լեզուն: Ուշագրավ է, որ Բարդաքչըն կոչ է անում դժգոհ չերքեզներին հեռանալ Թուրքիայից եւ իրենց իրավունքները պահանջել Ռուսաստանից: «Ավագ սերունդը բազմաթիվ հիշողություններ ունի «մարդասպան ցարի», «դավաճան Մոսկվայի» եւ «վայրի Սիբիրի» մասին: Եթե այդքան ուժերդ պատում է, ուրեմն գնացեք եւ Ռուսաստանից ձեր իրավունքները պահանջեք»:
Հետաքրքիր է, որ այս հարցը ծավալվելով՝ արդեն վերածվել է հենց չերքեզների միջեւ բանավեճի, որի ժամանակ ի հայտ են գալիս բավական հետաքրքիր փաստեր: Մասնավորապես` չերքեզ հրապարակախոսներ Յաշար Գյուվենը եւ Ֆուաթ Ուղուրը հակադարձեցին Բարդաքչըի հայտարարություններին: Խոսելով Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայի Հանրապետությունում բարձր պաշտոնների հասած չերքեզների մասին` նրանք նշեցին, որ այդ մարդիկ պաշտոններ են զբաղեցրել ոչ թե որպես չերքեզներ, այլ թուրքեր, այսինքն` չերքեզական ինքնությունն այդ հարցում լիովին անտեսված է, եւ ընդհանրապես՝ չերքեզներն իրենց իրական ինքնությամբ ոչ մի իրավունքի տեր չեն կանգնել: «Երբ մենք պայքարում էինք այս երկրի ստեղծման համար, մեր կյանքն ու արյունն էինք տալիս, այն ժամանակ թուրքերեն անգամ չգիտեինք, իսկ հիմա մոռացել ենք մեր մայրենին»,– պնդում է Ֆուաթ Ուղուրը:
Չերքեզների փոխադարձ մեղադրանքների գործընթացին միջամտեց նաեւ «Կովկասյան միությունների դաշնության» նախագահ Ջիհան Ջանդեմիրը` ընդունելով, որ չերքեզների գաղթն Օսմանյան կայսրություն ունեցել է նաեւ հակաքրիստոնեական ժողովրդագրական պատճառ: Նա նշել է, որ թուրքական իրականությունում գործադրվել եւ ներկայումս էլ շարունակվում է թուրքացման քաղաքականություն, որն ազդել է նաեւ մուսուլման ժողովուրդների վրա: Մասնավորապես` այդ քաղաքականության ազդեցության տակ շատ չերքեզներ սկսել են թաքցնել իրենց ինքնությունը, չկիրառել չերքեզական անձնանուններ, չխոսել չերքեզերեն:
Հետաքրքիր է, որ չերքեզական թեմայի քննարկումների ժամանակ ուղղակի անդրադարձ արվեց նաեւ հայկական խնդրին եւ մասնավորապես այն հարցին, թե ինչ դերակատարում են ունեցել չերքեզները Հայոց ցեղասպանության ժամանակ: Վերոհիշյալ չերքեզ մտավորականներ Ֆուաթ Ուղուրը եւ Յաշար Գյուվենն անգամ միացել են «Ներողություն ենք խնդրում հայերից» ստորագրահավաքին: Չժխտելով չերքեզների մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը` նրանք, միեւնույն ժամանակ, ընդհանրացնող հայտարարություններ են անում եւ փորձում «մեղմացնող» հանգամանքներ գտնել իրենց նախնիների արարքներում. «Չերքեզների մեջ կան նաեւ կոտորածներից փրկված հայեր: Կեսարիայում եւ շրջակա գյուղերում կան 1915-ին մահից փրկված, չերքեզական գյուղերում իրենց կյանքը շարունակած, չերքեզացած հայեր»: Իհարկե, այս պնդումը չափազանց թույլ է, քանի որ խոսքը կարող է վերաբերել առավելապես այն հայ կանանց, որոնց չերքեզներն առեւանգել եւ բռնի իսլամացրել են, ու նրանք այդուհետ ստիպված ապրել են որպես չերքեզներ. այսինքն` «չերքեզացած հայերն» իրականում Հայոց ցեղասպանության ժամանակ բռնությամբ խլված հայուհիներն են:
Ամփոփելով` նշենք, որ չերքեզների շրջանում սկսված եւ ծավալվող գործընթացը բավական հետաքրքիր է Թուրքիայում ինքնության խնդրի զարգացման համատեքստում եւ ցույց է տալիս, որ բռնությամբ ստեղծված «միատարր» Թուրքիայի գաղափարը, ըստ էության, չի հասել լիակատար հաջողության: Միեւնույն ժամանակ, կարելի է ենթադրել, որ թուրքական իշխանությունները մտավախություն ունեն, թե չերքեզների պահանջների բավարարման դեպքում նույնանման պահանջներ կարող են բարձրացնել լազերը, իսլամացված վրացիները (գյուրջու) եւ այլ փոքրամասնություններ:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[31.05.2012]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ[14.05.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[12.04.2012]
- ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ԲԱՑՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ[28.12.2011]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[05.12.2011]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[14.11.2011]
- ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[24.10.2011]
- «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ[12.10.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[03.10.2011]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ԴԻԱՐԲԵՔԻՐ[25.07.2011]