• am
  • ru
  • en
Версия для печати
14.11.2011

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Руский

   

Ռուբեն Մելքոնյան

Արդեն երկար տասնամյակներ Հայոց ցեղասպանության փաստի եւ դրա միջազգային ճանաչման դեմ Թուրքիան պայքարում է ոչ միայն քաղաքական, այլեւ գիտական ոլորտում: Հարկ է շեշտել, որ թուրքական պաշտոնական պատմագրություն կոչվածը, ըստ էության, նույնական է պատմության խեղաթյուրմանը, հատկապես, երբ խնդիրը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը կամ Հայկական հարցին: Պատմությունը նորովի եւ իրենց հարմար ձեւով կերտելու, այսինքն` կեղծելու հանձնարարականը թուրքական պատմագրությանը տրվել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադրի` Քեմալ Աթաթուրքի կողմից, եւ այդ հարցը գտնվում էր նրա անմիջական վերահսկողության ներքո: Հայության դեմ թուրքական պատմագիտական հարձակումը հատկապես ակտիվանում է 1965 թվականից հետո, եւ այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս: Ներկայում եւս Հայոց ցեղասպանության հարցը թուրքական պատմագրության թիվ մեկ խնդիրն է, որի ուղղությամբ այն իրականացնում է համակարգված քաղաքականություն:

Այս ամենի համատեքստում բավական հետաքրքիր են պետական թեզից տարբերվող տեսակետ ունեցող թուրք պատմաբանների հոդվածներն ու հարցազրույցները: 2005 թվականից եւ հատկապես հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո սկսված քննարկումների ժամանակ առավել օբյեկտիվ մոտեցում ունեցող որոշ թուրք պատմաբաններ, վերլուծաբաններ սկսեցին հոդվածներ տպագրել ու հարցազրույցներ տալ Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ, որոնցում, երբեմն, կարելի է հանդիպել ուշագրավ բացահայտումների եւ խոստովանությունների: Նկատենք նաեւ, որ հիշյալ նյութերը հիմնականում տեղ են գտել համեմատաբար ավելի ազատ թուրքական մամուլում: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք մի քանի թուրք գիտնականների արտահայտած կարծիքները Հայոց ցեղասպանության մասին, որոնք վկայում են թուրքական գիտական շրջանակների փոքր հատվածում տեղի ունեցող զարգացումների մասին:

Ռ.Մ.

Թաներ Աքչամ (պատմաբան) – Երիտթուրքերի իշխանության օրոք արտաքին գործերի նախարարի եւ ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցրած Հալիլ Մենթեշը Մալթայում գրած մի նամակում նշում է, որ եթե երկրից հայերին եւ հույներին չքշեին, ապա իրենք այս պետությունը չէին կարողանալու հիմնել: Նման խոսքեր շատ ավելի պարզ ձեւով ասել է 1920թ. Անկարայի ազգային ժողովում Հասան Ֆեհմին: «Նախքան աքսորն իրականացնելը գիտեինք, որ մեզ մարդասպան կկոչեին»,–ասում է եւ հարցնում. «Ինչո՞ւ մենք գնացինք մարդասպան կոչվելու ռիսկին»: Հարցնում է եւ ինքն էլ պատասխան տալիս. «Մենք դա ստիպված էինք անել մեր պաշտելի հայրենիքի բարօրության համար»:

Թուրքիայի Հանրապետությունը ստեղծվեց նաեւ 1915-ի Հայոց ցեղասպանության արդյունքում: Թուրքիայի Հանրապետությունը հիմնած գործիչների փառքը մեր ազգային ինքնության անքակտելի մասն է: Նրանց քննադատելը կամ մեղադրելը կարծես նման լինի ինքնամեղադրանքի, եւ սա շատ դժվար է: Բայց Թուրքիայի Հանրապետության հիմնադիրների մեջ կան մարդիկ, ովքեր մասնակից են եղել 1915թ. ցեղասպանությանը կամ տեղյակ են եղել դրա մասին, եւ ազատ խոսելու մեր դժվարությունը նաեւ այստեղից է բխում:

Ըստ 1919-ի օսմանյան պաշտոնական թվերի` 800 հազար հայ է ոչնչացվել: Հեշտ է ասելը` 800 հազար հայ է կոտորվել, եւ պարզ է, որ պետությունը պատասխանատու է այսքան մարդու սպանության համար: Եկեք այս պատասխանը դիտարկենք ավելի մանրամասն. ասենք թե 800 հազար մարդ մահացավ «քաղցից, անբարենպաստ պայմաններից, անհասկանալի պատճառներից» եւ այլն: Լավ, բայց նույն 1916, 1917, 1918 թվականներին օսմանյան կառավարությունը 1,5 միլիոնից ավելի մուսուլմանների տեղահանությունը կատարեց առանց որեւէ խնդրի: Այդ ինչպե՞ս պետությունը, որ 1,5 միլիոն մուսուլմաններին առանց որեւէ խնդրի տեղահանեց, չկարողացավ խոչընդոտել մոտավորապես մեկ միլիոն հայերի կոտորածին:

Գիտեք` մենք պաշտոնական մի սուտ ունենք. ասում են, թե «հայերը մեզ թիկունքից հարվածելու էին, հարվածում էին, այդ պատճառով պատերազմական շրջաններից նրանց հանեցինք եւ առավել անվտանգ վայրեր տարանք, որպեսզի մեր դեմ չպատերազմեին»: Սակայն կարեւոր է նշել, որ հայերն Անատոլիայի բոլոր շրջաններից են աքսորվել` Անկարայից, Բուրսայից, Քյութահիայից, Ամասիայից, Թոքաթից, Սամսունից, Էդիրնեից, Թեքիրդաղից: Նայեք, թե հայերին այս վիլայեթներից հանում եւ ո՞ւր են քշում` Սիրիայի եւ Իրաքի անապատներ: Ընդ որում, օսմանյան փաստաթղթերով Սիրիան եւ Իրաքը հայտարարվել էին որպես պատերազմական տարածք: Հայերին հանում են Անատոլիայի կենտրոնից` ամենաանվտանգ վիլայեթներից, ուր որեւէ դեպք չի եղել, եւ ուղարկում ուղիղ պատերազմական շրջան` անգլիացիների հետ պատերազմի: Մի՞թե այստեղ տարօրինակ ոչինչ չկա...

«Եկեք այս հարցը թողնենք պատմաբաններին» նախադասությունը արդեն ձանձրացրել է: Թուրքիայի արտգործնախարարությունն ու մեր դիվանագետները, չգիտես ինչու, դարձել են աշխարհի ամենամեծ պատմաբանները: Եվ այս ամենից հետո ասում եք, թե այս հարցը թողնենք պատմաբաններին: Այսինքն` կթողնեք պատմաբաններին միայն այն ժամանակ, երբ նրանք կասեն այն, ինչ դուք եք ուզում: Եվ հակառակը` չեք թողնում խոսեն այն պատմաբանները, որոնք հայտնում են ձեր տեսակետից տարբերվող տեսակետներ: Սա ամբողջովին քաղաքական հարց է, եւ անհրաժեշտ է, որ երկու երկրների քաղաքական գործիչները նստեն ու լուծեն այս հարցը:

Թուրքիան չի կարող ապրել այս ոճրագործությունը ծածկելով: Սա Թուրքիայի ամոթն է: Այս ամոթով Թուրքիան չի կարող ոչ Եվրամիության անդամ դառնալ, ոչ էլ ժամանակակից աշխարհում տեղ ունենալ: Պարզապես թույլ չեն տա: Մենք այսօր այս հարյուրամյակն անվանում ենք ներողություն խնդրելու դար: Թուրքիան նման էր մի կաթսայի. ԱԳՆ-ն կափարիչն էր, որը դժվարությամբ էր «ծածկում» Թուրքիան: Այժմ այս կաթսան պայթում է. արդեն հնարավոր չէ Թուրքիային արտաքին աշխարհից մեկուսի պահել: Ամեն տեղից կաթսան ժայթքում է:

Սելիմ Դերինգիլ (պատմաբան) – Ասում են. «1915-ի դեպքերը թող պատմաբանները լուծեն», սակայն արդյո՞ք պատմաբաններին հարցրել են: Ո՛չ, թուրքական իշխանություններն ունեն պատմաբաններ, որոնց ես կոչում եմ «Ա թիմ»: «Հարցը թողնենք պատմաբաններին» ասելով հենց նրանց նկատի ունեն:

Թուրքիայի Հանրապետության կերտողները հազարավոր մարդիկ չէին: Դրանք մի քանի հարյուրի հասնող մարդիկ էին, որոնք բոլորն էլ 1915թ. հայերի տեղահանության ժամանակ այս կամ այն պաշտոնն են զբաղեցրել: Նրանք կամ իմացել են դեպքերի մասին, կամ էլ անմիջականորեն մասնակցել են դրանց: Մեծ հաշվով նույն մարդիկ էին: Ասվում է. «Տեղահանությունը, կոտորածը, ցեղասպանություն կամ ինչ էլ որ լինի, այն իրականացրել են երիտթուրքերը»: Շատ լավ, իսկ ովքե՞ր են այդ երիտթուրքերը: Հանրապետության հիմնադիրները բոլորն էլ երիտթուրքեր էին:

Հալիլ Բերքթայ (պատմաբան) – Թուրքիայի պետական եւ կիսապետական դիրքորոշման խնդիրը բավական դժվար է: 1915–1930 թվականներին կոտորածների մասին բոլորը գիտեին: Դրա համար էլ, երբ ուսումնասիրում ենք այդ ժամանակաշրջանի պատմագրությունը, երբեք չենք հանդիպում «այդպիսի բան չի եղել, դա սուտ է» արտահայտությանը: Պատճառն այն է, որ այս իրադարձությունները դեռեւս սերունդների հիշողությունների մեջ էին եւ բոլորն էլ գիտեին, թե ինչ է տեղի ունեցել: Կային նաեւ մարդիկ, ովքեր հպարտանում էին` ասելով. «Եթե մենք չսպանեինք, նրանք էին սպանելու»: 1926 թվականին Los Angeles Examiner թերթում տպագրվում է Աթաթուրքի հետ մի հարցազրույց: Այդ ժամանակ արդեն ավարտվել էր երիտթուրքական կուսակցության որոշ անդամների դատավարությունը: Պատասխանելով լրագրողի հարցին` Մուսթաֆա Քեմալն ասում է. «Այն մարդիկ, ում մենք այսօր դատապարտում ենք, նախկինում Օսմանյան կայսրության քրիստոնյա բնակչության նկատմամբ սարսափելի բռնությունների եւ կոտորածների հեղինակներն են»:

Այշե Հյուր (վերլուծաբան-հրապարակախոս) – 1914 թվականին հաստատված գրանցումների համաձայն` Օսմանյան կայսրությունում հայ համայնքին պատկանող 2538 եկեղեցի, 451 վանք եւ 2000 դպրոց կային: Աքսորից հետո հայկական գյուղերում եւ քաղաքներում բնակություն հաստատած մուսուլմանների առաջին գործը կենտրոնական ու գեղեցիկ եկեղեցիները մզկիթի վերածելն էր: Մնացածն էլ որպես պահեստ, կաթսայատուն է օգտագործվել: Խորհրդարանի ազգայնամոլ թեւի ներկայացուցիչ Ռըզա Նուրը 1921 թվականի մայիսի 25-ին Արեւելյան ռազմաճակատի հրամանատար Քազըմ Քարաբեքիրին ուղարկած նամակում ասում էր. «Եթե հաջողվի Անի քաղաքի հետքերը երկրագնդից վերացնել, դա Թուրքիայի համար մեծ ծառայություն կլինի»: Խոսքը միջնադարում հայոց թագավորության մայրաքաղաքի մասին էր: Քարաբեքիրը իր հուշերում գրել էր, որ Ռըզա Նուրի առաջարկը մերժել է, որովհետեւ Անիի մնացորդները Ստամբուլի պարիսպների չափ տարածք էին զբաղեցնում եւ դժվար էր այդ տեսակ աշխատանք իրականացնելը:

Երիտթուրքական կուսակցությունը 1915 թվականի աքսորն իրականացնելիս ե՛ւ լայն ժողովրդական զանգվածներին, ե՛ւ օսմանյան պետության քաղաքական, վարչական ու զինվորական կադրերի մեծ մասին հանցակից էր դարձրել: Այսինքն` կար կոլեկտիվ իրականացված հանցանք: Երիտթուրքերի գաղափարախոսությունը հասել է մինչեւ մեր օրերը: Ահա այս շարունակականության, որը կարող ենք կոչել հանցակցություն, պատճառով, չնայած ավելի քան 90 տարի է անցել, բայց հնարավորություն չի ստեղծվում բացահայտել 1915 թվականի հայերի աքսորի (որն էլ կարող եք ցեղասպանություն որակել) իրականությունը:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր