• am
  • ru
  • en
Версия для печати
31.05.2012

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

EnglishРуский

   

Ռուբեն Մելքոնյան

«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բ.գ.թ., դոցենտ

Տարբեր առումներով բավական բարդ իրավիճակում գտնվող Թուրքիայի հայության շրջանում, հատկապես վերջին տարիներին, նկատվում են նոր զարգացումներ, որոնք ձեռք են բերում հետաքրքիր ուղղվածություն։ Ավելորդ չէ նշել, որ ներկայումս Թուրքիայում տեղի ունեցող գաղափարախոսական և քաղաքական պայքարն ազգային-կրոնական փոքրամասնություններին որոշ սահմանափակ հնարավորություններ է ընձեռում, և, բացի այդ, հենց փոքրամասնությունների շրջանում ինքնագիտակցության մակարդակի բարձրացում է նկատվում։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ Թուրքիայի հայության տարբեր խմբերում ի հայտ են գալիս ինքնակազմակերպման նոր և ուշագրավ երևույթներ։ Հետաքրքիր է դիտարկել, որ ինքնակազմակերպման դրսևորումներ տեղի են ունենում ինչպես քրիստոնյա, այնպես էլ կրոնափոխ և արդեն կրոնադարձ հայության շրջանում։ Հատկապես վերջիններիս պարագայում խնդիրն ունի մի քանի շերտ, և կարող ենք փաստել, որ ինքնության, ազգային ակունքների վերագնահատման անհատական փորձերն այսօր առավել «ինստիտուցիոնալ» բնույթ ստանալու միտումներ են դրսևորում։

Թուրքիայի հայության ինքնակազմակերպման այդպիսի դրսևորումներից պետք է համարել վերջին շրջանում ինքնաբուխ, երբեմն էլ թուրքական իշխանությունների լուռ համաձայնությամբ ստեղծվող հայրենակցական միությունները։ Հայտնի է, որ հայրենակցական միությունները բավական մեծ տարածում ունեն հայաստանյան և սփյուռքի իրականությունում, սակայն հենց ստամբուլահայերի խոստովանությամբ՝ այդպիսի կազմակերպությունները որոշակիորեն նորություն են իրենց համար1։ Ընդամենը տարիներ առաջ սկիզբ առած գործընթացն այսօր զարգացման ուղի է բռնել, և կարելի է ասել, որ հայրենակցական միությունները հետզհետե սկսում են ավելի լուրջ դեր խաղալ թուրքահայ իրականության մեջ։ Այսպես, մի քանի տարի առաջ ստեղծվել է «Մուսա լեռան հայրենակցական միությունը», այնուհետև՝ «Մալաթիայի հայերի միությունը», որոնք քրիստոնյա հայության կամ, այսպես կոչված, պաշտոնական համայնքի անդամներից բաղկացած կազմակերպություններ են։

Հայրենակցական միությունների կազմավորման խնդրի համատեքստում բավական նշանակալի զարգացում կարելի է համարել «Սասունցիների միության» ստեղծումը, քանի որ դրա կազմի մեջ կան ինչպես քրիստոնյա, այնպես էլ մեծ թվով կրոնափոխ և կրոնադարձ հայեր։ Սա Թուրքիայի կրոնափոխ հայերի խմբեր ընդգրկող, թերևս, առաջին հասարակական կազմակերպությունն էր։ Նկատենք նաև, որ այս կազմակերպությունը և վերջինիս նախագահ Ազիզ Դաղջըն մի քանի համարձակ հայտարարություններ ու քայլեր արեցին Սասունում և հարակից տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ։

Սասունցիների միությանը հաջորդեց «Դերսիմի հայերի միության» ստեղծումը` դերսիմցի կրոնադարձ հայ Միհրան Փրկիչ Գյուլթեքինի նախագահությամբ։ Այս կազմակերպությունը թե՛ պոլսահայ, թե՛ թուրքական և թե՛ հայաստանյան լրատվական դաշտում լայն անդրադարձների արժանացավ։ Դերսիմահայերը նույնպես առաջնային են համարում պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրները, սակայն ավելի համարձակ հայտարարում են, որ միությունը ներառում է Դերսիմի տարածքում բնակվող բռնի կրոնափոխված, հաճախ ալևիականություն ընդունած հայությանը։ Հարկ է շեշտել նաև, որ հատկապես դերսիմցի հայերի շրջանում բավական հաճախ հանդիպում են իրական հայկական ինքնության վերադարձի կամ դրա մասին բարձրաձայնելու դեպքեր, որոնք լայնորեն տեղ են գտնում թուրքական և արտասահմանյան մամուլում։ Նկատենք նաև, որ քրիստոնյա հայերից կազմված հայրենակցական միությունները ևս ակտիվորեն հետաքրքրվում են բռնի իսլամացված հայերի խնդիրներով, և, օրինակ` «Մալաթիայի հայերի միությունը» վերջերս հայտարարեց, որ բազմաթիվ այլ միջոցառումներին զուգահեռ, պատրաստվում է կրոնափոխ հայերի մասին բազմակողմանի աշխատանք տանել2։

Վերջերս Թուրքիայի հայկական հայրենակցական միությունների շարքը համալրվեց ևս մեկով. ստեղծվեց համշենցիների առաջին հայրենակցական միությունը` բավական խոսուն անվամբ` «Հատիկ»։ Իմիջիայլոց, այս անվանումը հարուցել է թուրքական համապատասխան կառույցների տարակուսանքը, և միության նախաձեռնողները դա ներկայացրել են որպես թուրքերեն հապավում։ Հարկ է նկատել նաև, որ համշենցիների հայրենակցական միության մեջ ընդգրկված են ինչպես իրենց հայկական էթնիկ պատկանելությունն ընդունողներ, այնպես էլ դա արտաքուստ մերժողներ։ Համշենահայերի հայրենակցական միության նախաձեռնողների խմբի մեջ հատկապես ակտիվ են համշենական «Վովա» երաժշտական խմբի հիմնադիր Հիքմեթ Աքչիչեքը և փաստաբան Քյամիլ Մութին։ Միության մեջ ընդգրկված են համշենցիներ Ստամբուլից, Համշենից, Արդվինից, Անկարայից3։ Ինչպես հայտարարում են կազմակերպիչները, միության ստեղծման նպատակը համշենական մշակույթի և լեզվի պահպանումն է, որպեսզի թույլ չտան, որ. «համշենական լեզուն ու մշակույթը կամաց-կամաց անհետանան ուրբանիզացիային զուգահեռ»4։ Հետաքրքիր է դիտարկել, որ հենց իրենք` համշենահայերը, որոշակիորեն ուշացած են համարում իրենց միության ստեղծումը, քանի որ Սև ծովի տարածաշրջանի այլ ժողովուրդներ, օրինակ` մուսուլման վրացիները (գյուրջյու), լազերն արդեն վաղուց ունեն նմանատիպ կառույցներ։ Ինչպես մնացած հայրենակցական միությունները, համշենցիները ևս շեշտն առավելապես դնում են մշակույթի, լեզվի պահպանման վրա, սակայն, այնուամենայնիվ, չեն կարող խուսափել ինքնության և պատմական հարցերից։ Եթե այս միությունը դառնա հարթակ Համշենի բարբառի, մշակույթի ուսումնասիրման համար, ապա դա անպայմանորեն հանգեցնելու է նաև համշենցիների էթնիկ ծագման հարցի քննարկմանը։ Այս առիթով միության կազմակերպիչներից Քյամիլ Մութին նկատում է. «Նախ պետք է անհետացող մշակույթս, վերացող լեզուս պահպանեմ, որպեսզի պատմությունս ուսումնասիրեմ»5։ Գաղտնիք չէ, որ Թուրքիայի համշենցիները, գտնվելով թուրքական պետական մեքենայի և քարոզչության բիրտ ճնշման տակ, մեծ մասամբ խուսափում են անդրադառնալ և բացահայտ ընդունել իրենց հայկական ծագումը։ Ավելին` համշենցիների շրջանում իրենց հայկական կամ «համշենական» ծագումն ընդունողների կողքին կան անգամ մարդիկ, որոնք հայտարարում են, թե իրենք թուրք են։ Սակայն համշենական մշակույթի և Համշենի բարբառի նկատմամբ նրանք գրեթե բոլորն ունեն նույնական վերաբերմունք և ձգտում են պահպանել այդ ամենը։ Համշենահայերի «Հատիկ» միությունը, առաջնային հռչակելով համշենական մշակույթի և լեզվի պահպանումը, կարող է համախմբել վերը նշված բոլոր խմբերին, և այս առումով նմանատիպ միության հիմնադրումն, իրոք, պետք է համարել լուրջ առաջընթաց։ Նկատենք նաև, որ համշենական մշակույթը և բարբառը կրողները, ծանոթանալով ընդհանուր հայկական մշակույթի առանձին տարրերի և հայոց լեզվի հետ, անպայմանորեն բախվելու են իրենց էթնիկ ծագման հարցի հետ, ինչի պատասխանն այդ պարագայում ավելի հստակ է լինելու նրանց համար։

Կարծում ենք` Թուրքիայի վարած էթնոքաղաքականության հետևանքով ձուլման դատապարտված տարբեր ժողովուրդներ նմանատիպ կառույցների ստեղծմամբ, իրենց մշակույթը և լեզուն պահպանելու ձգտմամբ փորձում են, երբեմն ենթագիտակցորեն, հակադարձել թուրքական ճնշումներին։ Կարելի է ենթադրել, որ Թուրքիայի հայության տարբեր խմբերի հիմնադրած հայրենակցական միությունները խնդիր են հետապնդում լեզվի, պատմամշակութային ժառանգության պահպանման հետ կապված հարցերի վերհանման միջոցով վերագտնել կամ ամուր կառչել հայկական ինքնությանը։ Թուրքահայ իրականությունում ընթացող զարգացումների մեջ մենք նման ապացույցների արդեն իսկ հանդիպում ենք։ Թուրքիայի հայության շրջանում ինքնակազմակերպման նման դրսևորումները հուսադրող են և կարող են հիմք հանդիսանալ «պաշտոնական» համայնքում ազգային արժեքների պահպանման, իսկ ուծացած հայության շրջանում` հայկականությանը վերադարձի համար։

1 «Կը լսէ՞ք, մենք հոս ենք…», Ակօս, 14, 10, 2011:

2 «Կը լսէ՞ք, մենք հոս ենք…», Ակօս, 14, 10, 2011:

3 HADIG Hemşin kültürünü koruyacak, Agos, 14, 10, 2011.

4 «Ակունքի» հարցազրույցը համշենական ՀԱՏԻԿ կազմակերպության հիմնադիրների հետ (հարցազրույցը` Մելինե Անումյանի), Ձայն Համշենական, Երևան, թիվ 11-12, 2011:

5 Նույն տեղում։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 5, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր