ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Ռուբեն ՄելքոնյանԻնչպես Օսմանյան կայսրությունում, այնպես էլ Թուրքիայի Հանրապետությունում ներքին քաղաքականության մեջ էթնիկական ուղղվածությունը միշտ էլ կարեւոր տեղ է զբաղեցրել: Միեւնույն ժամանակ հարկ է նկատել, որ թուրքական էթնոքաղաքականությունը սուր եւ ագրեսիվ բնույթ է ստացել հատկապես այն պատճառով, որ պետական քաղաքականության գերնպատակը եւ օբյեկտիվ իրականությունը լրջորեն հակասում են իրար: Այսպես, Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի նման բազմէթնիկ պետություններում նպատակ էր դրված ստեղծել միատարր թուրք-մուսուլմանական հասարակություն, որին հասնելու համար ընտրված էր առանձին ազգերի ուծացման եւ բնաջնջման ճանապարհը:
Թուրքիայի Հանրապետության էթնոքաղաքականությունը հենց սկզբից ընդունեց ագրեսիվ բնույթ, եւ դա ամենացայտուն կերպով արտացոլվեց Հայոց ցեղասպանությունն իրագործելու հարցում թուրքերի նախկին դաշնակիցների` քրդերի պարագայում: Այսպես, հայտնի է, որ թուրքական հանրապետությունում երկար տասնամյակներ չէր ընդունվում անգամ քուրդ ազգի, քրդերեն լեզվի գոյության հարցը: Հետագայում` քրդական հարցի սրվելուն զուգընթաց, որոշակի փոփոխությունների եւ վերաձեւակերպումների ենթարկվեց նաեւ պետության քաղաքականությունը:
2002թ. իշխանության եկած Արդարություն եւ զարգացում կուսակցությունը քրդերի նկատմամբ վարում է ուժերի պառակտման, ջլատման քաղաքականություն: Թուրքական իշխանություններին հաջողվել է որոշակի սեպ խրել քրդական տարբեր շրջանակների միջեւ: Մասնավորապես, Թուրքիայում զինյալ քրդերը բաժանված են երկու ճամբարի` իշխանամետներ («քորուջու» անվամբ) եւ ընդդիմադիրներ` ի դեմս Քրդական բանվորական կուսակցության: Ավելորդ չէ նկատել, որ այս հարցում եւս թուրքական քարոզչամեքենան փորձում է օգտագործել հասարակության մեջ առկա հակահայկական տրամադրությունները, եւ ժամանակ առ ժամանակ թուրք ամենատարբեր գործիչներ հանդես են գալիս հայտարարություններով, որ իբրեւ թե Քրդական բանվորական կուսակցությունը հայկական կազմակերպություն է:
Բացի այդ, այսօր Թուրքիայի քաղաքական դաշտում գոյություն ունեն իշխանամետ ու ընդդիմադիր քուրդ քաղաքական գործիչներ, որոնք տարբեր հարցերի շուրջ ունեն, երբեմն, հակասական մոտեցումներ: Թուրքիայի պետական կառավարման համակարգում իշխող կուսակցության կողմից քրդերի ներառումը, տնտեսական ոլորտում որոշ արտոնությունների տրամադրումը էլ ավելի մեծ թվով քրդերի է բերել դեպի իշխանական դաշտ: Ավելորդ չէ նկատել նաեւ, որ իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցությունում ընդգրկված պատգամավորների մոտ 30 տոկոսը նույնպես էթնիկ քրդեր են, իսկ Թուրքիայի արեւելյան շրջաններում Արդարություն եւ զարգացում կուսակցության տարածքային ղեկավարների շարքում տեղ են զբաղեցնում քրդերը: Այս եւ նմանատիպ այլ քայլերով թուրքական իշխանություններին հաջողվել է որոշակի ջլատում մտցնել քրդական հասարակությունում:
Վերջին շրջանում թուրքական իշխանությունների, հատկապես երկրի արեւելյան, առավել քրդաբնակ շրջաններում վարած էթնոքաղաքականության մեջ նկատվում են նոր, հետաքրքիր եւ միեւնույն ժամանակ վտանգավոր միտումներ:
Այսպես, քրդական պահանջատիրության կարեւոր կռվաններից է համարվում այն, որ Թուրքիայի արեւելյան որոշ շրջաններում նրանք կազմում են բացարձակ մեծամասնություն եւ, ըստ էության, այդ շրջանները միատարր, այն է` քրդական են: Իհարկե, այս վիճակը ստեղծվել է օսմանյան իշխանությունների վարած ցեղասպանական քաղաքականության հետեւանքով, երբ այդ տարածքի բնիկները` հայերը, բնաջնջվեցին կամ ուծացվեցին: Ներկայումս, սակայն, թուրքական իշխանությունները փորձում են կասկածի տակ դնել այդ տարածքների «միատարր քրդական» լինելը եւ այդ նպատակին հասնելու համար ձգտում են օգտագործել բռնի իսլամացված հայերի հանգամանքը:
Արդեն որոշ ժամանակ է, ինչ թուրքական մամուլում թուրք պաշտոնական պատմաբանների կողմից շրջանառվում է այն միտքը, թե Թուրքիայի արեւելյան շրջաններում կան բազմաթիվ կրոնափոխ հայեր: Անշուշտ, այս փաստը թուրքական որոշակի կառույցներին հայտնի էր վաղուց, եւ նրանք ամեն կերպ ձգտել են վերահսկել ու վերջնական ուծացման հասցնել հայության այդ բեկորներին: Չհասնելով լիակատար հաջողության այս հարցում` թուրքական իշխանությունները ներկայումս փորձում են այդ իրողությունից օգուտներ քաղել: Մասնավորապես` այս համատեքստում պետք է դիտել այն երեւույթը, որ թուրքական իշխանությունների առնվազն լուռ համաձայնության պայմաններում տեղի են ունենում պատմական Հայաստանի տարբեր վայրերում բնակվող բռնի կրոնափոխ հայության ինքնակազմակերպման, ակտիվացման փորձեր (օրինակ` Դերսիմի պարագայում): Սա մեզ համար իրականում ուրախալի զարգացում է, սակայն հարկ է դիտարկել նաեւ այս խնդրի մյուս բաղադրիչները:
Ակտիվացնելով պատմական Հայաստանում գոյատեւած հայության բեկորների թեման՝ թուրքական իշխանությունները փորձում են դա եւս ծառայեցնել այն նպատակին, որ այդ շրջանները «միատարր քրդական» չեն եւ կան նաեւ այլ էթնիկ խմբեր: Կարծում եմ, որ այս նույն հարցի համատեքստում որոշակի տեղ կարող են ունենալ նաեւ հայկական եկեղեցիների վերանորոգման փորձերը: Այս ամենը կարող է նաեւ լարում մտցնել քրդերի եւ կրոնափոխ հայերի հարաբերություններում եւ հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, քանի որ քրդերը, միգուցե, սկսեն նրանց դիտել իբրեւ մրցակիցներ:
Այս պահին, սակայն, պետք է նկատել, որ հայկական ներկայության վերազարթոնքի աննշան փորձերը դրական են գնահատվում եւ, երբեմն, նաեւ քաջալերվում են քրդական միջավայրում եւս, սակայն հարկ է նաեւ հաշվի առնել հավանական վտանգավոր զարգացումները:
Շարունակելով էթնոքաղաքականության արդի միտումների վերլուծությունը` պետք է նկատենք, որ թուրքական իշխանությունները Ստամբուլում եւ այլուր հայկական ներկայությունն էլ փորձում են հավասարակշռել եւ սահմանափակել ասորական գործոնով: Թուրքական իշխանությունները ձգտում են որոշակի ուղղորդումներ կատարել քանակային առումով երկրորդ քրիստոնյա համայնքի` ասորիների եւ հայերի հարաբերություններում: Մասնավորապես` առեւտրի եւ արհեստների որոշ ճյուղերում հայ-ասորական լուռ մրցակցությունը հանգեցրել է նրան, որ այսօր Ստամբուլում ոսկերչության եւ արծաթագործության ոլորտից հայերն աստիճանաբար դուրս են մղվում եւ նրանց տեղը զբաղեցնում են ասորիները: Թուրքական պետության վերաբերմունքի վերջին խոսուն օրինակ կարող ենք համարել այն, որ պաշտոնապես 7000 հոգի հաշվվող ասորական համայնքից խորհրդարանական ընտրություններում ընտրվեց մեկ պատգամավոր, իսկ շուրջ 60 հազարանոց հայ համայնքին, ըստ էության, դա չհաջողվեց կամ չարտոնվեց:
Ամփոփելով կարող ենք նշել, որ առկա փաստերը թույլ են տալիս պնդել, որ այսօր թուրքական էթնոքաղաքականության հիմնական միտումներից պետք է համարել տարբեր էթնիկ խմբերի շահերը միմյանց հակադրելու միջոցով հավասարակշռություն պահելու ձգտումը: Թուրքիայի վարած էթնոքաղաքականության խնդիրների մասին վերջերս արտահայտվեց նաեւ նախագահ Աբդուլա Գյուլը. «Էթնիկ, մշակութային եւ կրոնական տարբերությունները կարող են հասարակության պառակտման եւ լարվածության պատճառ դառնալ, սակայն պետությունը պետք է ընդունակ լինի ղեկավարել իրավիճակը»:
Այսպիսով` կարող ենք ասել, որ էթնիկական ուղղվածությունը շարունակում է կարեւոր տեղ զբաղեցնել թուրքական ներքին քաղաքականության մեջ, եւ նկատվող նոր միտումները երբեմն արտաքուստ թողնում են դրական տպավորություն, բայց միեւնույն ժամանակ չպետք է բացառել դրանցում առկա որոգայթներն ու վտանգները:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[31.05.2012]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ[14.05.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[12.04.2012]
- ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ԲԱՑՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ[28.12.2011]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[05.12.2011]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[14.11.2011]
- ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[24.10.2011]
- «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ[12.10.2011]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ԴԻԱՐԲԵՔԻՐ[25.07.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ[07.07.2011]