• am
  • ru
  • en
Версия для печати
28.12.2011

ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ԲԱՑՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

   

Ռուբեն Մելքոնյան

ՀՀ սփյուռքի նախարարության, «Հիքսոս» հիմնադրամի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-10-ին տեղի ունեցավ «Հայության կրոնադավանական հատվածներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանս, որի մասնակիցները հանդես եկան ուշագրավ և հետաքրքիր զեկուցումներով:

Գիտաժողովին մասնակցում էր նաև բանասիրական գիտությունների թեկնածու Ռուբեն Մելքոնյանը, ում հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:

- Պարո´ն Մելքոնյան, այսպիսի կոնֆերանսները գործնականորեն որքանո՞վ կարող են նպաստել հայության կրոնադավանական հատվածների ինքնության պահպանմանը, միմյանց հետ համագործակցության մթնոլորտի ապահովմանը:

- Հայության կրոնադավանանքային խնդիրները, դրանց պատմությունը կարոտ են լուրջ ուսումնասիրության: Մեր գիտական աշխարհում դրանք չեն կրում ինստիտուցիոնալ բնույթ, կան հատվածաբար արված աշխատանքներ: Այսպիսի գիտաժողովն ունի մի քանի նպատակ.առաջինն այն է, որ կարողանանք ի մի բերել այդ աշխատանքները և դրանք ներկայացնել մի ամբողջության մեջ, երկրորդ` կրոնադավանանքային խմբերի արդի վիճակի իմացությունը թույլ կտա մեզ համապատասխան քայլեր ձեռնարկել դրանց ուղղությամբ: Մյուս նպատակն էլ այն է, որ կրոնադավանանքային խմբերի ներկայացուցիչները այսպիսի գիտաժողովներից կարող են անել որոշակի հետևություններ և զգալ, որ Հայոց պետությունը և հայկական գիտական շրջանակները հետաքրքրված են նրանց խնդիրներով, և այս ամենը տեղափոխվում է համահայկական ընդհանուր խնդիրների գործին լծվելու համատեքստ:

Բոլոր զեկուցումները ամփոփվելու են ժողովածուների մեջ, թարգմանվելու են անգլերեն և ռուսերեն լեզուներով, որը, համոզված եմ, կունենա դրական, մեծ արդյունք:Ինքս, շփվելով այդ համայնքների ներկայացուցիչների հետ, զգացել եմ, որ նրանց առաջնային մտահոգությունն այն է, թե Հայաստանը, հայկական գիտական շրջանակները այնքան էլ հետաքրքրված չեն իրենց խնդիրներով: Սակայն նման հեղինակավոր գիտաժողովն ապացուցում է հակառակը:

- Ովքե՞ր են լինելու անգլերենով և ռուսերենով թարգմանված ժողովածուների հասցեատերերը:

- Շատ կարևոր հարց եք բարձրացնում. մենք նախատեսում ենք լրջորեն քննարկել այն թիրախները և վայրերը, ուր պիտի առաքվեն այս հրատարակումները: Շատ կարևոր է գտնել ճիշտ հասցեատերերին: Կքննարկենք այդ հարցը և քննարկման արդյունքում կորոշակիացնենք: Իհարկե, այսօր արդեն ուրվագծվում է այն, որ հասցեատերերը լինելու են շահագրգիռ անձինք և կազմակերպություններ, ովքեր ոչ թե այդ հրատարակումները դնելու են դարակների մեջ, այլ կարդալու են և որոշակի հետևություններ են անելու:

- Այսօր աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերն ավելի շատ ո՞ր կրոնն են ընդունում կրոնափոխ լինելիս և ինչու՞...

- Ցավոք, այս խնդիրը պատմական արմատներ ունի, և մենք գործ ունենք տարբեր դարերում դավանափոխ եղած հայերի սերունդների հետ: Այսօր, բարեբախտաբար, լայն թափով կրոնափոխություն, դավանափոխություն չի ընթանում: Այսօր մենք գործ ունենք մի այլ չարիքի` աղանդավորության հետ: Մեր օրերում Մայր եկեղեցուց հեռացող հայերն ավելի շատ հարում են աղանդավորական տարբեր կառույցների: Դարերով կրոնափոխ եղած հայերի և նրանց սերունդների հարցը դեռևս կարոտ է ուսումնասիրության, և քանի որ չի լուծվել և չի մշակվել որոշակի մարտավարություն ու քաղաքականություն նրանց հանդեպ, ապա այդ խնդիրը շարունակում է մեզ մտահոգել:

Ասեմ, որ դավանափոխ եղած հայերի ուղղությամբ հասարակական, քաղաքական, գիտական շրջանակները որոշակի մարտահրավերների շուրջ մտածել են դեռևս 19-րդ դարից, սակայն մինչև օրս չկա ո´չ գիտական,ո´չ եկեղեցական, ո´չ պետական համակարգված, մշակված քաղաքականություն այդ խմբերի նկատմամբ: Այնինչ դրանք և´ մեծ ռեսուրսներ են պարունակում իրենց մեջ, և´ մեր ազգի բաղկացուցիչ մասն են, որոնք բախվում են ձուլման,ուծացման խնդրին:Եթե մենք այդ ուղղությամբ քայլեր չենք անում, հեշտությամբ կձուլվեն. կան բազմաթիվ օրինակներ; Այս գիտաժողովը նաև սթափության կոչ է, որ անենք մեր ուշացած քայլերը, որպեսզի կասեցվի ձուլում:

- Խոսեցիք աղանդավորության մասին. գուցե այս գիտաժողովը դառնա մի ուրիշ սկիզբ` աղանդավորության, աղանդավորների թեմայով գիտաժողովի, ի՞նչ եք կարծում:

- Այս գիտաժողովը մենք փորձելու ենք դարձնել ավանդական, պարբերական քննարկման նյութ գիտական շրջանակների համար և, ինչու չէ, այդ ամենի համատեքստում քննարկել նաև աղանդավորության, աղանդների հարցը:Ի տարբերություն կրոնադավանանքային խմբերի` աղանդավորները սնվում են և բխում են բոլորովին այլ աղբյուրներից, ունեն ուրիշ նպատակներ:Եթե մարդը եղեռնի օրերին, մահվան սպառնալիքի տակ առերես հավատափոխ է եղել, ընդունել իսլամ, տառապել է ողջ կյանքում, փորձել է հոգու խորքում գաղտնի պահել քրիստոնեությունը, սա այլ խնդիր է: Բոլորովին այլ բան է, երբ մարդը, ինչ-ինչ շահերից ելնելով, դառնում է այս կամ այն աղանդի հետևորդ, աղանդի երկրպագու և տարածող:Այս խնդիրն, անշուշտ, նույնպես օրակարգային է:

- Խառնամուսնությունների պարագայում հաճախադե՞պ են դավանափոխության երևույթները. ավելի հաճախ հայ կի՞նն է կրոնափոխ լինում, թե՞ տղամարդը:

- Խառնամուսնությունները պետք է դիտարկել ըստ աշխարհագրական տարածքի: Եթե երկիրը իսլամական է, օրինակ` Իրանը, կան օրենքներ. անկախ այն բանից՝ քրիստոնյան կինն է թե տղամարդը, պիտի փոխի իր կրոնը, երբ ամուսնանում է իրանցու, մուսուլամանի հետ. այլ կերպ հնարավոր չէ: Իրանում վերջին տասնամյակներում զգալիորեն աճել են ամուսնությունները հայերի և պարսիկների միջև: Ես տվյալներ ունեմ, որ Թուրքիայում ևս հայուհիները ամուսնանում են մուսուլման թուրքերի և քրդերի հետ և փոխում են իրենց կրոնը: Հակառակ պատկերը հազվադեպ է հանդիպում, քանի որ այդպիսի դեպքերում անձը հալածվում է հասարակության, ազգակիցների կողմից, ընտանիքը նրան չի ընդունում:

- Պարո´ն Մելքոնյան, որո՞նք են մեր օրերում հավատափոխությունը, կրոնափոխությունը կանխելու եղանակները, կա՞ն մշակված որոշակի ծրագրեր...

- Այս փուլը, որում մենք գտնվում ենք, միտված է այդ եղանակների մշակմանը: Քննարկման ընթացքում ի հայտ կգան այն մեթոդները, որոնք կօգնեն մեր առջև դրված խնդիրների լուծմանը: Ինձ համար գոնե որոշակի է, որ ինչքան հզորանա ազգային գիտակցությունը, հայ լինելու ինքնագիտակցությունը և շաղկապվի հավատքի հետ, այնքան այդ խնդիրը դյուրին կլինի լուծել:

- Պարո´ն Մելքոնյան, դարերով իսլամացված հայերի սերունդներն այսօր չե՞ն փորձում մոտենալ քրիստոնեությանը:

- Այո´, կան այդպիսի օրինակներ հատկապես Թուրքիայում, ուր տեղի է ունենում էթնիկ ինքնության ճգնաժամ, երբ մարդիկ սկսում են կասկածել իրենց էթնիկական և կրոնական ինքնությանը: Սկսում են փորփրել իրենց արմատները և, իմանալով, որ իրենց տատն ու պապը թուրք չեն եղել, փոխում են իրենց կրոնը: Վերադարձը արմատներին հաճախ բացում է հայրենադարձության ճանապարհը:

Զրուցեց Կարինե Ավագյանը

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր