• am
  • ru
  • en
Версия для печати
24.10.2011

ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

   

Ռուբեն Մելքոնյան

«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բ.գ.թ., դոցենտ

Թուրքիայի, հիմնականում Ստամբուլի՝ Հայոց ցեղասպանությունից հետո գոյատևած հայ համայնքն ակտիվ ներգրավված չի եղել քաղաքական կյանքում, ինչը տարատեսակ պատճառներ ունի: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ևս հանրապետության հիմնադրումից մինչև 1935 թվականը հայկական համայնքից որևէ ներկայացուցիչ չի եղել, և սրանում որոշիչ դեր է խաղացել թուրքական իշխանությունների դիրքորոշումը1: Սակայն հարկ ենք համարում նշել, որ մինչև 1935թ. թուրքական խորհրդարանում եղել է հայկական ծագում ունեցող պատգամավոր` Մյունիփ Բոյան, որն ավելի վաղ իսլամ էր ընդունել և խզել կապը հայկականության հետ: Նա մի քանի անգամ պատգամավոր է ընտրվել Հաքիարիի և Վանի նահանգներից [1, s. 291]:

1935թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ թուրքական իշխանությունների կամքով և թույլտվությամբ Աֆիոնից պատգամավոր է ընտրվում Պերճ Քերեսթեջյանը: Նրա կենսագրության և պատգամավորական մանդատ ստանալու հարցում հատկապես առանձնանում են հետևյալ դրվագները: Այսպես, 1919թ. Քերեսթեջյանը, տեղեկություն ստանալով, որ Մուսթաֆա Քեմալի (հետագայում` Աթաթուրք) դեմ հարձակում է պատրաստվում, տեղյակ է պահել վերջինիս և այդպիսով փրկել նրա կյանքը [2]: Բացի այդ, թուրք-հունական պատերազմի ժամանակ իր անձնական միջոցներից բավական մեծ գումար է հատկացրել քեմալական զորքին` ռազմամթերք գնելու համար: Եվ վերջապես, 1923թ. Լոզանում բանակցությունների ժամանակ Քերեսթեջյանը սատարել է թուրքական պատվիրակությանը և անգլիական «Morning Post» թերթում բաց նամակ է հղել Անգլիայի արտաքին գործերի նախարար Լորդ Քուրզոնին` պահանջելով, որպեսզի անգլիացիները հրաժարվեն Թուրքիայում բնակվող հայերի հովանավորությունից [2]: Թուրքիային և նրա իշխանություններին Քերեսթեջյանի մատուցած այս ծառայությունները 1935թ. վարձատրվեցին պատգամավորական մանդատով, իսկ ավելի վաղ` 1934թ., Թուրքիայում ազգանվան մասին օրենքի հռչակումից հետո անձամբ Աթաթուրքը նրան «շնորհել» է Թուրքեր (թարգմանաբար` թուրք զինվոր) ազգանունը, որը նա գոհունակությամբ ընդունել և կիրառել է իր հայկական ազգանվան փոխարեն: Խորհրդարանական գործունեության ժամանակ Քերեսթեջյանի հայկական ինքնությունը երբևէ առաջնային չի եղել, ավելին` նա քննադատել է ազգային փոքրամասնությունների՝ մայրենի լեզուն կիրառելու հանգամանքը և Թուրքիան նմանեցրել Բաբելոնյան աշտարակին` պահանջելով, որպեսզի կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որ Թուրքիայում բնակվողները խոսեն միայն թուրքերեն [2]: Հավելենք նաև, որ Քերեսթեջյանի ակտիվությունը չի նկատվել, երբ թուրքական խորհրդարանում քննարկվել և միաձայն ընդունվել է ազգային փոքրամասնությունների տնտեսական հալածանքի ամենաբացահայտ օրենքը` Ունեցվածքի հարկը, որի միջոցով առաջին հերթին հայկական համայնքը, ըստ էության, ենթարկվեց տնտեսական ցեղասպանության:

Թուրքիայում բազմակուսակցական համակարգի հաստատումից հետո քաղաքական ասպարեզ մտած Դեմոկրատական կուսակցության ցուցակով պատգամավոր են դառնում երեք հայազգի գործիչներ. 1950-54թթ.՝ Անդրե Վահրամ Բայար Քոջաբըյըքյանը, 1954-57թթ. և 1957-60թթ.՝ Զաքար Թարվերը, 1957-60թթ.՝ Մկրտիչ Շելեֆյանը: Ավելի ուշ` 1960թ. ռազմական հեղաշրջումից հետո, Թուրքիայի օրենսդիր մարմնում պետության կողմից նշանակվում են երկու հայազգի սենատորներ` Հերմինե Աղավնի Գալուստյանը և Սահակ Պերճ Թուրանը [1, s. 294-295]:

Սակայն վերը թվարկված բոլոր պատգամավորների շարքում հատկապես առանձնանում է Մկրտիչ Շելեֆյանը, որի նպաստը համայնքային և ազգային խնդիրներին անուրանալի է: Դրամատիկ զարգացումներով հարուստ իր կյանքի տարբեր փուլերում Մկրտիչ Շելեֆյանը եղել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության, Ստամբուլի հայ համայնքի, ինչպես նաև գավառներում մնացած իսլամացված հայերի խնդիրների, հետագայում նաև Հայաստանի խորհրդային հանրապետության և Սփյուռքի հարաբերությունների կիզակետում:

Մկրտիչ Շելեֆյանը ծնվել է 1914թ. Ադափազարում: Հայրը երկաթի վաճառական Գրիգոր Շելեֆյանն էր, մայրը` Քրիստինե Նիկողոսյանը: Հայոց ցեղասպանության ժամանակ Շելեֆյանների ընտանիքը տեղափոխվել և ապաստանել է Քյութահիայում: Ցեղասպանության առաջին ալիքից հետո հրաշքով փրկված ընտանիքը կրկին վերադարձել է Ադափազար, սակայն ավելի ուշ քեմալականների առաջխաղացման ժամանակ տեղափոխվել և հաստատվել է Ստամբուլում` կորցնելով ունեցվածքի մեծագույն մասը: Շելեֆյանները խստորեն պահպանել են ազգային նկարագիրը, և ամենևին էլ երկրորդական չպետք է համարել այն, որ ընտանիքում հայախոսությունը եղել է բարձր մակարդակի վրա։ Մկրտիչ Շելեֆյանի մայրը նույնիսկ վատ է տիրապետել թուրքերենին:

Մկրտիչ Շելեֆյանը երիտասարդ տարիքից ներգրավվել է առևտրական գործունեության մեջ, իսկ զինվորական ծառայությունից հետո` 1941թ., սկսել է կառավարել հոր բիզնեսը` երկաթի առևտուրը: 1950թ. ամուսնացել է կեսարացի վաճառական ընտանիքի զավակ Երջանիկ Թահթաբուրունյանի հետ, այս ամուսնությունից ծնվել են նրա երկու զավակները` Արդենն ու Քրիստինեն: Գործարարության մեջ Մկրտիչ Շելեֆյանն ունեցել է գլխապտույտ հաջողություններ, որոնք ասեկոսեների տեղիք են տվել, սակայն բոլորն էլ միակարծիք են եղել նրա առևտրային ընդունակությունների հարցում: Պոլսահայ գրող Վարդան Կոմիկյանը Շելեֆյանի մասին իր հոդվածում նշում է. «Առեւտրական հանճար մըն էր: Կան որ արուեստագէտ կը ծնին, Շէլլէֆեան վաճառական էր ծնած» [3]:

Առևտրական և կազմակերպչական հմտությունների շնորհիվ Մկրտիչ Շելեֆյանը հետզհետե սկսել է որոշիչ դեր խաղալ Ստամբուլի հայ համայնքում: 1951թ. դարձել է Պոլսո հայոց պատրիարք Գարեգին Խաչատուրյանի խորհրդականը, 1953թ. ընտրվել է Թուրքիայի հայերի ազգային կենտրոնական վարչության ատենապետ: Այս կառույցը, ըստ էության, Թուրքիայի հայերի կառավարման աշխարհիկ մարմինն էր, ատենապետը` համայնքի ղեկավարը: 1955թ. Մկրտիչ Շելեֆյանն ընտրվել է Ստամբուլի քաղաքապետարանի ավագանի և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 1957թ.:


Մ.Շելեֆյանը Պոլսո հայոց պատրիարք Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի հետ

Գործունեության հենց սկզբից դրսևորվել է Շելեֆյանի ազգային նկարագիրը: Դեռևս 1934թ. ազգանվան օրենքի ընդունումից հետո փորձել են փոխել և թուրքացնել նրա ազգանունը` դարձնելով Շելեֆօղլու, սակայն նա կտրուկ դեմ է դուրս եկել և կարողացել պահպանել իր ազգանունը: Ստամբուլի քաղաքապետարանի ավագանի եղած տարիներին Շելեֆյանը կարողանում է լավ կապեր հաստատել թուրք ամենատարբեր պաշտոնյաների, անգամ վարչապետ Ադնան Մենդերեսի հետ և այդ ամենը ծառայեցնել համայնքի շահերին: Այսպես, մեծապես նրա ջանքերով է բացվում Ստամբուլի Սուրբ Խաչ դպրեվանքը, որի կարևոր գործառույթներից էր Հայոց ցեղասպանության ժամանակ բռնի իսլամացված և ուծացած հազարավոր հայերի երեխաներին Ստամբուլ տեղափոխելով` հայեցի կրթություն տալն ու այդ միջոցով ազգային ակունքներին վերադարձնելը: Իր այս գործունեության համար Շելեֆյանը բազմիցս է քննադատվել ազգայնամոլական և մոլեռանդ շրջանակների կողմից, որոնք նրան մեղադրել են «մուսուլման» երեխաներին քրիստոնեացնելու մեջ: Այդ տարիներին Մկրտիչ Շելեֆյանը կարողացել է թույլտվություն ստանալ Գալաթիայի քանդված հայկական եկեղեցու վերականգնման համար: Հարկ է հատուկ շեշտել, որ այդ եկեղեցին վերակառուցվել է հայկական ճարտարապետական ոճով, ինչը եզակի երևույթ է Ստամբուլում: Այս և նմանատիպ այլ ծառայությունների համար նա արժանացել է Ստամբուլի հայ համայնքի երախտագիտությանը, և պատահական չէ, որ Մկրտիչ Շելեֆյանի մահվան օրը` 1987թ. դեկտեմբերի 10-ը, համայնքում և Պոլսո պատրիարքարանում հայտարարվել է սգո օր:

Իր ակտիվ գործունեությունը, ինչպես նաև համայնքում ունեցած հեղինակությունը ստիպել են, որպեսզի Մկրտիչ Շելեֆյանով հետաքրքրվեն թուրքական իշխանությունները. 1957թ. խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող Դեմոկրատական կուսակցության կողմից նա առաջարկ է ստացել կուսակցական ցուցակով մասնակցել ընտրություններին: Շելեֆյանը սկզբում մերժել է այդ առաջարկը` պատճառաբանելով իր բազմազբաղությունը, սակայն ավելի ուշ տեղի է տվել և ընդունել անձամբ Թուրքիայի վարչապետ Ադնան Մենդերեսի առաջարկը՝ մասնակցել ընտրություններին: Ինչպես հետագայում պատմել է Մկրտիչ Շելեֆյանը, նա այդ ժամանակ Պոլսո պատրիարք Գարեգին Խաչատուրյանի հետ եղել է Լոնդոնում, և վարչապետ Մենդերեսն այնտեղի թուրքական դեսպանատան միջոցով գտել է Շելեֆյանին ու հեռախոսային զրույցում համոզել է համաձայնություն տալ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար [4, 10.08.1984]: Ավելորդ չէ նշել, որ Շելեֆյանի դրական պատասխանի վրա որոշիչ ազդեցություն է ունեցել նաև Գարեգին պատրիարքի դիրքորոշումը: Այս հարցում և՛ հոգևորական, և՛ աշխարհիկ գործիչների համար առաջնային են եղել հայ համայնքի շահերը, իսկ պատգամավորի հանգամանքը Շելեֆյանին թույլ կտար էլ ավելի արդյունավետ նպաստել համայնքային որոշ խնդիրների լուծմանը: Սակայն Շելեֆյանին պատգամավոր առաջադրելով` Դեմոկրատական կուսակցությունը ևս ակնկալում էր որոշակի օգուտներ, քանի որ նրա հեղինակության շնորհիվ իշխող կուսակցությունը մեծ թվով ձայներ էր ստանալու հայ համայնքից: Նկատենք նաև, որ Դեմոկրատական կուսակցության քաղաքական հակառակորդը` քեմալական Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որը մինչև 1950թ. միանձնյա իշխում էր Թուրքիայում, ազգային փոքրամասնությունների և հատկապես հայերի նկատմամբ վարել էր, մեղմ ասած, ծայրահեղ խտրական քաղաքականություն: Դա էլ ավելի սրվեց Թուրքիայի երկրորդ նախագահ և ԺՀԿ առաջնորդ Իսմեթ Ինենյուի կառավարման տարիներին` 1938-1950թթ., Ազգային փոքրամասնությունները խոր հակակրանք էին տածում վերջինիս հանդեպ2: Մկրտիչ Շելեֆյանի քաղաքական նախընտրության մեջ որոշակի դեր է ունեցել նաև այդ հանգամանքը:

Ինչևէ, Մկրտիչ Շելեֆյանը մտել է մեծ քաղաքականություն և 1957թ. ընտրվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր: Հարկ է հատուկ շեշտել այն ուշագրավ փաստը, որ պատգամավոր ընտրվելուց հետո ընդգրկվել է խորհրդարանի բյուջեի հանձնաժողովի մեջ [4, 11.08.1984], որտեղ քննարկվել են տարբեր աստիճանի պետական գաղտնիքներ` կապված նաև ազգային անվտանգության համակարգի հետ, և շատ հաճախ հանձնաժողովի նիստերն անցկացվել են դռնփակ: Մկրտիչ Շելեֆյանն ազգային փոքրամասնությունների միակ ներկայացուցիչն էր, որն ընդգրկվել է այդ հանձնաժողովում և, փաստորեն, «մուտք է ունեցել» պետական գաղտնիքներին: Պատգամավոր աշխատելու տարիներին Շելեֆյանը լայն թափով շարունակել է հայ համայնքի խնդիրների լուծմանն ուղղված գործունեությունը, և այդ ընթացքում համայնքում դրական առաջընթաց է նկատվել: Չպետք է անտեսենք նաև այն իրողությունը, որ թուրքական խորհրդարանի պատգամավոր լինելով հանդերձ` նա մշտապես կարևորել է իր հայկական ինքնությունը։ Նրանց տանն անգամ արգելված են եղել թուրքերենն ու թուրքական երաժշտությունը:

1960թ. Թուրքիայում տեղի ունեցավ ռազմական հեղաշրջում, տապալվեց Դեմոկրատական կուսակցության իշխանությունը, ձերբակալվեցին մոտ 600 նախկին պետական պաշտոնյաներ, պատգամավորներ [5]: Ձերբակալվածների մեջ էր նաև Մկրտիչ Շելեֆյանը: Նրան առաջարկվել է մեղադրանք հակասահմանադրական գործողությունների համար: Նախկին քաղաքական վերնախավին տեղափոխել են Յասըադա կղզի, որտեղ էլ տեղի են ունեցել դատավարությունները: Ձերբակալվել է նաև մյուս հայ պատգամավորը` բժիշկ Զաքար Թարվերը: Ինչպես հետագայում պատմել է Մկրտիչ Շելեֆյանը, Յասըադա կղզի տեղափոխվելու ժամանակ ուղեկցող զինվորներից մեկը հրացանով հարվածել է Զաքար Թարվերի գլխին։ Ստացված վնասվածքից նա մեկ ամիս անց մահացել է բանտում: Ուշագրավ է, որ Շելեֆյանը խիզախ պահվածք է դրսևորել և՛ նախաքննության, որն ուղեկցվել է դաժան կտտանքներով, և՛ դատական նիստերի ժամանակ: Մասնավորապես` առաջադրված մեղադրանքի շրջանակներում քննվել են խորհրդարանի մի նիստ և այնտեղ ընդունված որոշումը: Չնայած Շելեֆյանն այդ նիստին մասնակցած չի եղել, սակայն կուսակցական համերաշխությունից ելնելով հայտարարել է. «Այդ որոշումներուն ատեն ես Անգարա չէի, բայց եթէ Անգարա գտնուէի, ես ալ ի նպաստ կը քուէարկէի: Հետս վարուեցէք այնպէս ինչպէս պիտի վարուէիք եթէ հոն ըլլայի» [4, 15.08.1984]: Դատավարության արդյունքում Շելեֆյանը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման և տեղափոխվել Կեսարիայի բանտ, նրա ամբողջ ունեցվածքը բռնագրավվել է: Հետաքրքիր է, որ Շելեֆյանն ազատազրկումն անցկացրել է Թուրքիայի երրորդ նախագահ Ջելալ Բայարի հետ նույն խցում: Երիտթուրքական կուսակցության նախկին ակտիվ գործիչ Ջելալ Բայարը ռազմական հեղաշրջումից հետո դատապարտվել է մահվան, սակայն առաջացած տարիքի պատճառով պատիժը փոխվել է ցմահ բանտարկության: Ավելի ուշ նա ազատ է արձակվել ( մահացել է 1986թ.` 103 տարեկանում): Մկրտիչ Շելեֆյանի հետ նույն բանտախցում անցկացրած տարիների ընթացքում նրանք բավական մտերմացել են, և զրույցների ընթացքում Շելեֆյանը բազմաթիվ դրվագներ է պատմել հայ ժողովրդի պատմությունից, մշակույթից, ավանդույթներից, ինչից հետո Բայարը հայտարարել է, որ նոր-նոր է սկսում ճանաչել հայերին և այն էլ՝ Շելեֆյանի շնորհիվ:


Տեր և տիկին Շելեֆյանները Թուրքիայի նախագահ Ջելալ Բայարի հետ

1962թ. նորաստեղծ Արդարություն կուսակցությունը ջանքեր է գործադրել ռազմական հեղաշրջումից հետո դատապարտված պաշտոնյաներին և պատգամավորներին ազատ արձակելու ուղղությամբ, և հենց նույն տարում 280 մարդ ազատվել են բանտերից, այդ թվում և Շելեֆյանը [5]: Ազատ արձակվելուց հետո քայլեր է ձեռնարկել իր բիզնեսի վերականգնման ուղղությամբ: Ստեղծված իրավիճակում նա հրաժարվել է նորից մտնել ակտիվ քաղաքականության մեջ և գերադասել է ոչ հրապարակայնորեն աջակցել Արդարություն կուսակցության գործունեությանը` կրկին ընդդեմ Իսմեթ Ինենյուի: Նա մտերմացել է թուրքական քաղաքական դաշտի նոր և ակտիվ գործիչներից մեկի` Սուլեյման Դեմիրելի հետ, որը շուտով դարձել է վարչապետ (հետագայում` 1993-2000թթ., Թուրքիայի նախագահ): Այդ շրջանի իր ոչ հրապարակային գործունեության մասին հետագայում Շելեֆյանը նշում է. «Ես ալ մէկն եմ անոնցմէ որոնք շատ աշխատեցան որպէսզի Ինէօնիւի կառավարութեան անկումէն վերջ 1965-ին երեքով քօալիսիոն մը կազմուի» [4, 18.08.1984]:

Հրաժարվելով առաջարկվող պաշտոններից` Շելեֆյանը կրկին լծվել է հայ համայնքի խնդիրների լուծման գործին, և վարչապետ Դեմիրելի հետ ունեցած մտերմությունը կրկին ծառայեցրել համայնքային շահերին: 1960թ. ռազմական հեղաշրջումից հետ լուծարվել և արգելվել է հայ համայնքի աշխարհիկ կառավարման մարմինը` Թուրքիայի հայերի ազգային կենտրոնական վարչությունը, սակայն այդ պայմաններում ևս Շելեֆյանը մնացել է համայնքի դե-ֆակտո աշխարհիկ ղեկավարը և շարունակել է ապահովել թուրքական կառավարության և հայ համայնքի միջև կապը [5]: Այդ շրջանում նա դարձել է համայնքային ամենամեծ հաստատության` Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Կարևոր է նկատել, որ Մկրտիչ Շելեֆյանը կարողացել է իր կապերն ու հեղինակությունն օգտագործել ոչ միայն նեղ համայնքային խնդիրների լուծման համար, այլև ավելի լայն համազգային խնդիրներում ևս: Նմանատիպ օրինակներից հարկ ենք համարում մեջբերել մեկը, որը, թերևս, առաջին անգամ է հրապարակվում և դրվում գիտական շրջանառության մեջ: Այսպես, 1965թ. ապրիլի 24-ին, երբ Երևանում, Ծիծեռնակաբերդում պատրաստվել են նշել Հայոց ցեղասպանության 50-ամյակը, թուրքական իշխանությունները որպես հակաքայլ պահանջել և ստիպել են, որպեսզի Ստամբուլի հայ համայնքը քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում` Թաքսիմում, բողոքի ցույց կազմակերպի ընդդեմ ցեղասպանության հարցի: Սրանով թուրքական իշխանությունները փորձում էին սեպ խրել հայության մեջ և աշխարհին ցույց տալ, որ Թուրքիայի հայերն այլ կարծիքի էին: Ինչևէ, համայնքի հոգևոր իշխանությունները` ի դեմս երջանկահիշատակ պատրիարք Շնորհք Գալուստյանի, և աշխարհիկ իշխանությունները` ի դեմս Մկրտիչ Շելեֆյանի, համագործակցաբար կարողացել են տապալել թուրքական իշխանությունների վերոհիշյալ ծրագիրը. նշանակված ժամին Թաքսիմ հրապարակում հավաքվել է ընդամենը 20 մարդ: Թուրքական բազմաթիվ լրատվամիջոցներից եկած լրագրողները ձեռնունայն են հեռացել, և միջազգային մամուլի համար նախատեսվող ռեպորտաժները չեն կայացել: Այս իրադարձությունից հետո Շելեֆյանն ամբողջովին իր վրա է վերցրել իշխանությունների ծրագրի տապալման պատասխանատվությունը (ըստ երևույթին, պատրիարքին վտանգից զերծ պահելու համար): Այս առիթով Շելեֆյանին հրավիրել են Թուրքիայի ազգային անվտանգության Ստամբուլի վարչության պետի մոտ՝ պարզաբանումների: Այստեղ էլ ցուցաբերելով համարձակություն` Շելեֆյանը հայտարարել է, որ 1915 թվականին անձամբ իր ընտանիքից 10 հոգի է զոհվել, և ապրիլի 24-ը հայերի համար սգո օր է, ոչ թե հրապարակային միջոցառումների: Ընդհանրապես, Հայոց ցեղասպանության խնդրի վերաբերյալ Շելեֆյանը դրսևորել է հստակ դիրքորոշում. հրապարակային ելույթների ժամանակ չի անդրադարձել այդ թեմային, սակայն միևնույն ժամանակ չի էլ արտահայտել թուրքական պաշտոնական թեզի պարտադրած մոտեցումները: Իսկ ոչ հրապարակային շփումների ժամանակ, անգամ վարչապետ Դեմիրելի հետ զրույցում, հստակ պնդել է, որ Թուրքիան պետք է ընդունի Հայոց ցեղասպանության փաստը, ինչին Դեմիրելը պատասխանել է, որ այդ դեպքում նրանք կկորցնեն իշխանությունը:

Մկրտիչ Շելեֆյանի դիվանագիտական հմտությունները դրսևորվել են նաև արտաքին քաղաքականության ոլորտում. 1960-ականներին նա ակտիվ, բայց ոչ հրապարակային դեր է խաղացել թուրք-հունական բանակցություններում: Կիպրոսի խնդրի հետ կապված Թուրքիայի և Հունաստանի լարված հարաբերությունների ժամանակ Շելեֆյանը մի քանի գաղտնի հանդիպում է ունեցել հունական զինվորական և քաղաքական բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում և վարչապետեր Պապանդրեուի ու Ստեֆանոպուլուսի հետ: Այս ամենի արդյունքում կասեցվել է թուրքական ռազմական ներխուժումը Կիպրոս: Այդ իրադարձություններից տարիներ անց էլ՝ 1984թ., Մկրտիչ Շելեֆյանը չի բացում բոլոր փակագծերը՝ կապված Թուրքիայի և Հունաստանի միջև իր միջնորդական գործունեության հետ. «Դեռ ժամանակը չէ հասած հրապարակելու թէ ինչեր էին անոնք: Պետական գաղտնիք են եւ մինչեւ այսօր չեն հրապարակուած: Օր մը եթէ ժամանակը գայ, այդ մասին ալ կը խօսինք» [4, 18.08.1984]: Բանակցելու համար նրա թեկնածության ընտրությունը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Շելեֆյանը մի կողմից եղել է Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի վստահելի մարդը, մյուս կողմից՝ մեծ հեղինակություն է վայելել հունական կողմում: Այդ վստահությունը բխել է նաև նրանից, որ նա ժամանակին մեծ ուշադրություն է դարձրել և զգալի օգնություն ցույց տվել Ստամբուլի հունական համայնքին ու Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությանը: Պոլսո հունաց տիեզերական պատրիարք Աթենագորասը հիանալի հարաբերություններ է ունեցել Մկրտիչ Շելեֆյանի հետ, իսկ վերջինս իր այդօրինակ վերաբերմունքը հունական համայնքի նկատմամբ բացատրել է նրանով, որ փոքրամասնությունները Թուրքիայում ունեն նմանատիպ խնդիրներ և պետք է համախմբված լինեն, քանի որ մեկի տկարացումն ազդելու է մյուսի վրա: Մեզ մոտ է գտնվում Հունաց պատրիարքի տված շնորհակալագիրը Մկրտիչ Շելեֆյանին, որը պահվում է նրա անձնական արխիվում: Շնորհակալագրում երախտիքի բազմաթիվ խոսքեր են շռայլված, ինչպիսիք են. «Երախտապարտ ենք Ձերդ սիրելի Ազնվափայլությանը մեր գործերի մասին հետաքրքրվելու, ինչպես և Ձեր անգնահատելի ծառայությունների համար» [6]:

1960-ական թվականների վերջին թուրքական քաղաքական, լրատվական դաշտում սաստկացել են սպառնալիքները, ճնշումները Մկրտիչ Շելեֆյանի հասցեին: Նրա անվան շուրջ հյուսվել են աղմկահարույց պատմություններ և դրանով էլ ավելի բորբոքել մոլեռանդ շրջանակներին: Հալածանքների այդ ողջ համալիրի մեջ առաջնային էր նրա հայկական ծագումը, որը Թուրքիայում միշտ էլ թշնամաբար է ընկալվել: Շելեֆյանը միաժամանակ դարձել է և՛ աջ, և՛ ձախ ծայրահեղականների թիրախը: Սպառնալիքները նրա հասցեին հետզհետե ահագնացել են և սկսել առնչվել նաև ընտանիքի անդամներին, մասնավորապես` աղջկան: 1970թ. Ստամբուլում սպանված մի վարձու մարդասպանի գրպանից ոստիկանները գտել են Շելեֆյանի անունն ու հասցեն, այսինքն` սպանվելու վտանգն ավելի ռեալ էր դարձել [4, 18.08.1984]: Այս ամենը հարկադրել է Մկրտիչ Շելեֆյանին, մտածելով ընտանիքի անվտանգության մասին, նրանց հեռացնել Թուրքիայից: Այդ ժամանակ որդին` Արդենը, ուսանելիս է եղել Շվեյցարիայում, և Շելեֆյանը որոշում է այնտեղ տեղափոխել կնոջն ու աղջկան, իսկ ինքը՝ վերադառնալ Թուրքիա և փորձել դիմակայել: Սակայն Թուրքիայից նրա հեռանալուց երկու օր անց ամբողջ թուրքական մամուլը հեղեղվել է այն տեղեկությամբ, թե իբր Մկրտիչ Շելեֆյանը փախել է երկրից` իր հետ տանելով ահռելի գումար: Ստեղծված իրավիճակն արդեն անհնար է դարձրել նրա վերադարձը Թուրքիա, իսկ մտերիմները, այդ թվում և քաղաքական գործիչները, խուսափել են օժանդակել նրան` վախենալով իրենց քաղաքական հեղինակության և անվտանգության համար:

Այդպիսով` 1970թ. Մկրտիչ Շելեֆյանը հաստատվում է Շվեյցարիայում, որտեղ դառնում է շվեյցարահայ համայնքի3 ազդեցիկ անուններից մեկը: Ինչպես գրում է «The Armenian Reporter» թերթը. «Տարիներ շարունակ Շվեյցարիայում բնակվելով` Շելեֆյանը դարձավ Ժնևի փոքրիկ հայ համայնքի առաջնորդ և արժանացավ համայնքի ու ամբողջ աշխարհի եկեղեցական առաջնորդների վստահությանը» [5]: Հայաստանի ազգային արխիվում, ՀԽՍՀ Սփյուռքահայերի հետ մշակութային կապերի հանրապետական կոմիտեի ֆոնդերից մեկում հանդիպում ենք Շելեֆյանի` Շվեյցարիայում իրականացրած գործունեության մասին հետևյալ տեղեկությանը. «Շելեֆյանը պետական գործչի իր ողջ փորձը, դիվանագիտական ընդունակությունները և, ի վերջո, ժամանակը ի սպաս է դրել հայ համայնքի համար» [7]: Մկրտիչ Շելեֆյանը լուրջ ներդրում է ունեցել շվեյցարահայ համայնքի և Խորհրդային Հայաստանի կապերի ամրապնդման հարցում: Սկսած 1975 թվականից՝ նա պարբերաբար այցելել է Խորհրդային Հայաստան և այցերի ընթացքում բավական լավ հարաբերություններ է ձևավորել այն ժամանակվա Հայաստանի քաղաքական և հոգևոր իշխանությունների, մտավորականների հետ: Շելեֆյանի վրա իրոք մեծ տպավորություն է թողել Հայաստանը, և իր այցերի մեկնարկից արդեն երկու տարի անց` 1977թ., ՀԽՍՀ Սփյուռքահայերի հետ մշակութային կապերի հանրապետական կոմիտեի նախագահ Վ.Համազասպյանին ուղղված նամակում նա չի թաքցնում հիացմունքն ու հոգեկան ապրումները. «Ուրախութիւն պատճառեց նաեւ մեզի այն զգալի բարեփոխումները, գրեթէ ամէն մարզի մէջ: Սեւանի ճամփուն եզերումներու սարքաւորումը ո՞րքան գունագեղ ու շէնշող է: Մեր հայրենիքը հետզհետէ կը լքէ իր նախկին տխուր դիմագիծը` դառնալու համար հոյակապ, արդիական, զուարթ ու շէնշող Հայաստան մը, նման իր պատմութեան որ թաղելով իր տխուր անցեալը կը յառաջանայ դէպի երջանիկ ու փայլուն ապագայի մը: Մեր արտասահմանի հայը կը տառապի որքան ալ ան ըլլայ բարեկէցիկ ու հարուստ: Փայլուն արտաքինով մեր տխուր հոգիները կը ջերմանան ու կերջանկանան միմիայն հայրենիքի տաքուկ հողերուն եւ սրտերուն մէջ: Թող անոնք մասնաւորաբար որ կուզեն մեկնիլ Հայաստանեն գիտնան Հայրենիքին այս արժէքը» [8]: Տարիներ անց` 1987թ. մայիսի 23-ին, ՀԽՍՀ Սփյուռքահայերի հետ մշակութային կապերի հանրապետական կոմիտեի այն ժամանակվա նախագահ Կ.Դալլաքյանին ուղղված նամակում, խոսելով շվեյցարահայ համայնքի և Խորհրդային Հայաստանի հարաբերություններում նկատված առաջընթացի ու այդ ուղղությամբ ներդրած ջանքերին մասին, Շելեֆյանը նշում է. «Պիտի ուզէի, վերստին, յիշեցնել թէ, նախապէս գաղութիս ժանգոտած հունէն գամը դուրս քաշելը եւ դէպի Հայրենիք ուղղիլը, շատ աւելի դժուար էր, քան թէ այժմ» [9]:

1980թ. Թուրքիայում կրկին տեղի է ունենում ռազմական հեղաշրջում, և որոշ ժամանակ անց` 1983թ., թուրքական կառավարությունն անդրադառնում է Մկրտիչ Շելեֆյանին. ըստ թուրքական իշխանությունների, Շելեֆյանը զբաղվել է «հակաթուրքական գործունեությամբ» և մինչև 1983թ. օգոստոսի 31-ը Թուրքիա չվերադառնալու դեպքում զրկվելու էր այդ երկրի քաղաքացիությունից, պետականացվելու էին նրա գույքն ու ունեցվածքը: Այս մասին տեղեկանալով` Մկրտիչ Շելեֆյանը 1983թ. օգոստոսի 31-ին նամակ-հեռագիր է հղում Թուրքիայի նախագահ Քենան Էվրենին, իսկ նամակի կրկնօրինակը` ներքին գործերի նախարար Սելահեթթին Չեթիներին: Մեզ մոտ գտնվող այս ուշագրավ նամակում Շելեֆյանը Թուրքիայի կառավարության կողմից այդ որոշման ընդունման ժամանակի ընտրությունը պայմանավորում է ԱՍԱԼԱ-ի Օռլիի գործողությամբ: Իսկ անդրադառնալով գույքի առգրավման հարցին` Շելեֆյանը զուգահեռներ է տանում Հայոց ցեղասպանությունից հետո հայերի լքված գույքի խնդրի հետ. «Իրավական պետությունները բարկությամբ չեն առաջնորդվում և այս վերջին ունեցվածքն էլ տխրահռչակ «լքյալ գույքի» օրենքը հիշեցնող ձևով չեն բռնագրավում» [10]: Խոսելով իրեն Թուրքիայի քաղաքացիությունից զրկելու սպառնալիքի մասին` Մ.Շելեֆյանը հատուկ ընդգծելով նշում է. «Եկող և գնացող ոչ մի կառավարություն չի կարող ինձնից խլել այն իրողությունը, որ ես այս հողերի հարազատ զավակն եմ, հողեր, որտեղ դարերով ծնվել ու ապրել են իմ նախնիները: Եվ մի կարծեք, որ ես այս հեռագիրը ուղարկում եմ ձեր որոշումը փոխելու նպատակով: Իմ ցեղի մեջ խնդրել, մուրալ, պնակալեզություն բառերը գոյություն չունեն» [10]: Այս նամակից տասն ամիս անց` 1984թ. հունիսի 22-ին, Շվեյցարիայում (Ժնև) Թուրքիայի հյուպատոսությունից փոխհյուպատոս Օմեր Թարքանի ստորագրությամբ պաշտոնական գրություն է ուղարկվում Մկրտիչ Շելեֆյանին, որտեղ նշված է. «Քանի որ հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում հայրենիք չեք վերադարձել և համապատասխան մարմիններին չեք հանձնվել` Թուրքիայի քաղաքացիության թիվ 403 օրենքի 25-րդ հոդվածի համաձայն Թուրքիայի Նախարարների խորհրդի 27.03.1984 թվագիր 84/7857 որոշմամբ զրկվել եք Թուրքիայի քաղաքացիությունից: Նույն որոշմամբ նախատեսվում է ձեր գույքը փոխանցել գանձարանին» [11]: Ավելին` թուրքական իշխանությունները Մկրտիչ Շելեֆյանի` Թուրքիայի նախագահ Քենան Էվրենին ուղղված նամակը համարելով անարգանք և սպառնալիք, նրա դեմ քրեական գործ են հարուցում Անկարայի դատարանում:

Այսպիսով՝ կարող ենք նշել, որ 20-րդ դարի պոլսահայ և սփյուռքահայ իրականության մեջ Մկրտիչ Շելեֆյանը քաղաքական, համայնքային գործչի, հմուտ դիվանագետի և գործարարի վառ կերպար է: Իր գործունեության մեծ մասը ծավալելով Թուրքիայում` նա կարողացել է պահպանել և հպարտանալ իր ազգային ինքնությամբ, արժանապատիվ պահվածքով հասել է որոշակի դիրքերի և այդ ամենը ծառայեցրել համայնքային ու ազգային շահերին: Մկրտիչ Շելեֆյանի օրինակը նաև ցույց է տալիս, որ ցանկության և համարձակության դեպքում հնարավոր է հայկական նկարագիրը պահպանել և հայեցի գործել անգամ թուրքական դժնդակ իրականության մեջ:

Սեպտեմբեր, 2011թ.

Աղբյուրներ և գրականություն

  1. Özdoğan G., Üstel F., Karakaşlı K., Kentel F., Türkiye’de Ermeniler: Cemaat-Birey-Yurttaş, İstanbul, 2009.
  2. Hür A., Keresteciyan olmak mı zor, Türker olmak mı?, Agos, 15,04, 2011.
  3. Կոմիկեան Վ., Մկրտիչ Շէլլէֆեանի քաղցր յիշատակին, Նոր Մարմարա, 26.01.1988:
  4. Մկրտիչ Շէլլէֆեանը կը լուսաբանէ (Ալթան Օյմէնի հարցազրույցը Մկրտիչ Շելեֆյանի հետ), Նոր Մարմարա, 8-20. 08.1984:
  5. Mr. M. Shelefyan’s Life Takes a New Turn as He Is Imprisoned After Military Coup, The Armenian Reporter, New York, 13.09.1984.
  6. Հունաց պատրիարք Աթենագորասի շնորհակալական ուղերձը Մկրտիչ Շելեֆյանին, Մ.Շելեֆյանի անձնական արխիվ:
  7. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 875, ցուցակ 16, գործ 103:
  8. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 875, ցուցակ 8, գործ 209:
  9. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 875, ցուցակ 15, գործ 523:
  10. Մկրտիչ Շելեֆյանի նամակը Թուրքիայի նախագահ Քենան Էվրենին, Մ.Շելեֆյանի անձնական արխիվ:
  11. Ժնևում Թուրքիայի փոխհյուպատոս Օմեր Թարքանի պաշտոնական գրությունը Մկրտիչ Շելեֆյանին, Մ.Շելեֆյանի անձնական արխիվ:

1 Ընդհանուր առմամբ Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում ազգային ժողովի պատգամավոր են դարձել ազգային փոքրամասնությունների 24 ներկայացուցիչ, ներառյալ 2011 թվականին Մարդինից ընտրված ասորի փաստաբան Էրոլ Դորան:

2 Խոսելով ազգային փոքրամասնությունների նկատմամբ կիրառված հալածանքների մասին` չենք կարող չանդրադառնալ 1955թ. սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում և Իզմիրում տեղի ունեցած հայերի ու հույների նկատմամբ ջարդարարություններին, որոնք կազմակերպված էին իշխանությունների կողմից, իսկ այդ ժամանակ արդեն իշխում էր Դեմոկրատական կուսակցությունը: Սա վկայում է այն մասին, որ անկախ իշխանության ղեկին գտնվողների քաղաքական կողմնորոշումից, ազգային փոքրամասնությունների նկատմամբ թուրքական քաղաքականությունը եղել է ընդգծված թշնամական: 1955թ. սեպտեմբերի 6-7-ի հարձակումների ժամանակ ավերվել են բազմաթիվ տներ, խանութներ, արհեստանոցներ, բռնությունների են ենթարկվել հարյուրավոր մարդիկ: Այդ դեպքերից հետո թուրքական կառավարությունը փորձել է մեղմել իրավիճակը` փոխհատուցում տալով տուժածներին, և Մկրտիչ Շելեֆյանն անձամբ է բանակցել վարչապետի քարտուղարության հետ այդ հարցերի շուրջ:

3 Հայոց ցեղասպանությունից հետո Շվեյցարիայում ստեղծվել է որբախնամ միություն, որի ջանքերով այնտեղ են տեղափոխվել բազմաթիվ հայ որբեր (տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 875, ցուցակ 16, գործ 103, թ. 1): Այս որբերն են հետագայում կազմել շվեյցարահայ համայնքի կորիզը, որին 20-րդ դարի կեսերից սկսած ավելացել են Թուրքիայից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից արտագաղթած հայերը:

Հոդվածում օգտագործել ենք Մկրտիչ Շելեֆյանի անձնական արխիվում (Ժնև) պահվող
արժեքավոր և ուշագրավ փաստաթղթեր, որոնց, ինչպես նաև Շելեֆյանի գործունեությանը վերաբերող
բազմաթիվ այլ տեղեկությունների համար շնորհակալություն ենք հայտնում Արդեն Շելեֆյանին:

«21-րդ Դար», թիվ 5, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր