ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Ռուբեն ՄելքոնյանՀայտնի է, որ Հայոց ցեղասպանության խնդիրը որոշակի տեղ ունի թուրքական քաղաքական եւ գիտական օրակարգերում, ընդ որում՝ «գիտական» շրջանակներն աշխատում են պետության կողմից իջեցված պատվերի շրջանակներում: Հայոց ցեղասպանության փաստի ժխտման հարցում, բնականաբար, առավել ակտիվ է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, սակայն պետական այլ գերատեսչություններում եւս այս ուղղությամբ գործում են որոշակի կառույցներ:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովն այն հարթակներից է, որտեղ պատգամավորները (որոնց շարքում կան նաեւ նախկին դիվանագետներ) ուղղակի կրկնում են պաշտոնական միօրինակ եւ կեղծիքներից բաղկացած թեզերը: Միաժամանակ, խորհրդարանը հովանավորում եւ տարածում է Հայոց ցեղասպանությունը ժխտող «գիտական» գրականություն:
2005թ. ապրիլին թուրքական խորհրդարանում քննարկվեց ու հավանության արժանացավ կառավարության առաջարկը հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որին հետեւեց վարչապետ Էրդողանի նամակը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Սրանով փորձ արվեց տպավորություն ստեղծել, որ պատմաբանների հանձնաժողովի գաղափարը պաշտպանվում է ոչ միայն Թուրքիայի իշխող կուսակցության, այլեւ ամբողջ քաղաքական դաշտի կողմից:
Սկսած 2007 թվականից՝ Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումներում ավելացել է նոր տարր, որը որոշակիորեն փոխել է նախկին միապաղաղ մթնոլորտը: Դա հիմնականում կապված է քրդական ընդդիմադիր Ժողովրդավարական հասարակություն կուսակցության (ներկայումս` Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցություն) հետ, որի մի խումբ անդամներ, ընտրվելով պատգամավոր, սկսեցին արտահայտել իշխանական տեսակետներից երբեմն տարբերվող մտքեր: Հիմնականում Թուրքիայի արեւելյան շրջաններից ընտրված քուրդ պատգամավորները բավական լավ ծանոթ են պատմական Հայաստանի տարածքներում նաեւ իրենց նախնիների կողմից կատարված ոճրագործությանը, եւ ուշագրավ է այդ պատգամավորներից մեկի, ըստ էության, ինքնախոստովանական հետեւյալ հայտարարությունը. «Մեր մանկությունն անցել է 1915-ի մասին պատմություններով»: Ընդ որում՝ այս միտքն ունի երկու նշանակություն. Հայոց ցեղասպանության մասին ականատեսները եւ մասնակիցները երբեմն պատմել են հպարտությամբ, ավելի սակավ դեպքերում` մեղքի գիտակցմամբ:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Հայոց ցեղասպանության հարցը բավական ակտիվ քննարկվեց 2009թ. հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո տեղի ունեցած խորհրդարանական լսումների ժամանակ: Ինչպես եւ սպասելի էր, արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն փորձում էր ներկայացնել, թե իբր արձանագրություններով նախատեսվող՝ պատմական հարթության հարցերով զբաղվող ենթահանձնաժողովը քննարկելու է Հայոց ցեղասպանության խնդիրը: Սակայն հենց այդ նույն նիստի ժամանակ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունները քննադատեցին կառավարությանը` նշելով, որ հիշատակված ենթահանձնաժողովի գործառույթն այն չէ, ինչ ներկայացնում է Դավութօղլուն, եւ Հայոց ցեղասպանության հարցն այնտեղ չի քննարկվելու:
2009թ. հոկտեմբերի 21-ի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նիստում բավական հետաքրքիր էր ընդդիմադիր քրդական Ժողովրդավարական հասարակություն կուսակցության պատգամավոր Սելահեթթին Դեմիրթաշի ելույթը, որում նա արտահայտում էր իր կուսակցության տեսակետները: Խորհրդարանի ամբիոնից նա կատարեց մի շարք ուշագրավ հայտարարություններ` արժանանալով իշխող ԱԶԿ-ի, ինչպես նաեւ ընդդիմադիր ԺՀԿ-ի, ԱՇԿ-ի կոշտ քննադատությանը: Այսպես, ըստ Դեմիրթաշի. «Հայ-թուրքական հարաբերություններում կա հարյուր տարվա վաղեմության մի պատմական խնդիր: 1915-16թթ. այդ ժամանակվա երիտթուրք վարչախմբի կողմից Անատոլիան թուրքացնելու, իսլամացնելու նպատակով սիստեմատիկ ձեւով կիրառվել է ոչ մուսուլմանների ոչնչացման քաղաքականություն»: Անդրադառնալով հանրապետական Թուրքիայում ձեւավորված ժխտողական քաղաքականությանը` քուրդ պատգամավորը շեշտել է. «Այդ ժամանակ հայ ժողովրդի հանդեպ կիրառվածները ընդհանրապես տեղ չեն գտել պատմության գրքերում, կրթության նախարարության հրատարակած դասագրքերում, ասես դրանք տեղի չեն ունեցել: Այսպիսով` հակահայկական թշնամանք է սերմանվել այս երկրում»: Արձանագրելով այս իրողությունները` Դեմիրթաշը փաստում է, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ ստեղծվել է քաղաքական եւ գաղափարախոսական կարծրացած ընկալում: Նա ընդգծում է. «Մեր պարտականությունն է այս ամբիոնից հայտարարել մեր իմացած իրողությունների մասին»:
Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ ներկայում եւս կան բավական հետաքրքիր զարգացումներ, որոնք ընթանում են երկու ուղղությամբ: Առաջինը կապված է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման դեմ կատաղի պայքար մղող գործիչների հետ: Այս տարվա խորհրդարանական ընտրություններում Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր դարձան երեք «հայագետներ», որոնք հայտնի են իրենց հակահայկական գործունեությամբ եւ ցեղասպանության փաստը հերքող «գիտական» ուսումնասիրություններով: Դրանք են Ազգայնական շարժում կուսակցությունը ներկայացնող պատմաբան, Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ Յուսուֆ Հալաչօղլուն, նույն կուսակցությունից վերլուծաբան Սինան Օղանն ու իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը ներկայացնող պատմաբան Սայիթ Սերթչելիքը: Ի դեպ, այս վերջինի մասին նշվում է, որ միակ թուրք պատմաբանն է, ով գիտի հայերեն:
Այն բանից հետո, երբ վերը նշված անձինք դարձան պատգամավոր, սպասելի էր, որ թուրքական խորհրդարանում որոշակիորեն ակտիվանալու է Հայոց ցեղասպանության դեմ պայքարը, եւ այդ նույն պատգամավորներն իրենց կեղծ թեզերի տարածման համար օգտագործելու են եվրոպական ամբիոնները եւս: Եվ որպես առաջին քայլ պատմակեղծարար Յուսուֆ Հալաչօղլուն օրերս հանդես է եկել առաջարկությամբ` խորհրդարանում ստեղծել խումբ, որը պետք է հակահայկական լոբբիստական աշխատանք կատարի հատկապես 2015-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ: Ըստ Հալաչօղլուի, այդ խումբը պետք է լինի վերկուսակցական, եւ արդեն որոշված է, որ այնտեղ տեղ են գտնելու խորհրդարանի երեք «հայագետները», ինչպես նաեւ ներկայացուցիչներ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից: Վերապահում է արված միայն ընդդիմադիր քրդական կուսակցության նկատմամբ. ըստ Հալաչօղլուի՝ նրանք պատրաստ են իրենց խմբում ընդունել քուրդ պատգամավորներին, «եթե նրանք կասեն ճշմարտություններ»: Նախատեսվում է, որ խորհրդարանական խումբը համակարգելու է Թուրքիայի աշխատանքները Հայոց ցեղասպանության դեմ պայքարում: Հալաչօղլուն կարծում է, որ «պետք է այժմվանից քայլեր ձեռնարկել 2015-ի համար եւ իմանալ մեր անելիքները»:
Ավելորդ չէ նշել, որ Հալաչօղլուն այդ խմբի ձեւավորման հարցը քննարկել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ, որն էլ պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել դրան: Ի դեպ, սա սպասելի էր, քանի որ Թուրքիայի խորհրդարանի նախագահն, իր հերթին, դասվում է թուրքական քաղաքական գործիչների ծայրահեղ հակահայկական թեւին եւ նա է քրեական օրենսգրքի հայտնի 301-րդ հոդվածի կնքահայրերից ու ջատագովներից մեկը, որի համար էլ ստացել է «301-րդ Ջեմիլ» մականունը:
Վերը նշվածին զուգահեռ, թուրքական խորհրդարանում ընդդիմադիր քրդական կուսակցության շարքերում հանդիպում են պատգամավորներ, որոնք էլ ավելի համարձակ հայտարարություններ են անում: Օրինակ` բոլորովին վերջերս քրդական Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության Դիարբեքիրի պատգամավոր Ալթան Թանը Մարդինում տեղի ունեցած մի գիտաժողովի ժամանակ անդրադարձել է հայկական թեմատիկային եւ հայտարարել. «1915 թվականին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը: Ես որպես քաղաքական գործիչ եմ կիրառում ցեղասպանություն բառը, թող գրանցվի»: Ավելի ուշ Ստամբուլի հայկական «Ակօս» շաբաթաթերթին տված հարցազրույցում Թանը էլ ավելի մանրամասնեց իր հայտարարությունը` ասելով, որ 1915-ի հիմնական պատասխանատուն երիտթուրքերն են, սակայն բազմաթիվ քրդեր եւս մասնակցել են ցեղասպանությանը. «Չի կարելի ասել, որ ամբողջ քուրդ ժողովուրդը զինված մասնակցել է Հայոց ցեղասպանությանը, սակայն քուրդ ղեկավարները լուրջ պատասխանատվություն ունեն ցեղասպանության հարցում»: Ավելորդ չէ նկատել, որ Թանը նախկինում եղել է կրոնամետ Բարօրություն կուսակցության անդամ, սակայն իր խոսքում նա մեղադրել է նաեւ մուսուլման հոգեւորականությանը Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշման համար:
Այսպիսով` կարող ենք փաստել, որ Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում շարունակվում են զարգացումներ, որոնք մի կողմից ցույց են տալիս թուրքական քաղաքական մեքենայի մշակված եւ հետեւողական պայքարը ցեղասպանության փաստի ճանաչման դեմ, իսկ մյուս կողմից՝ ապացուցում կեղծիքի վրա հիմնված այդ քաղաքականության սնանկությունը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[31.05.2012]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ[14.05.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[12.04.2012]
- ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ԲԱՑՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ[28.12.2011]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[14.11.2011]
- ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[24.10.2011]
- «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ[12.10.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[03.10.2011]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ԴԻԱՐԲԵՔԻՐ[25.07.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ[07.07.2011]