• am
  • ru
  • en
Версия для печати
25.07.2011

ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ԴԻԱՐԲԵՔԻՐ

EnglishРуский

   

Ռուբեն Մելքոնյան

Նախկինում հայահոծ Դիարբեքիր քաղաքն այսօր էլ բավական ուշագրավ տեղ ունի Թուրքիայում` էթնիկ ինքնության հարցի զարգացման համատեքստում: Ներկայումս առավելապես քրդերով բնակեցված քաղաքում, որը ոչ պաշտոնապես համարվում է քրդական մայրաքաղաք, ըստ տարբեր աղբյուրների՝ բնակվում են բռնի իսլամացված հայության ուծացած սերունդներ: Դեռեւս 1894-96թթ. համիդյան կոտորածների ժամանակ Դիարբեքիրում բռնի կրոնափոխության են ենթարկվել շուրջ 25 հազար հայեր: Ճիշտ է, նրանց մի մասն ավելի ուշ վերադարձել է քրիստոնեության, սակայն որոշակի հատված շարունակել է ապրել մուսուլմանի քողի ներքո: 1915-ի Հայոց ցեղասպանության տարիներին եւս Դիարբեքիրում տեղի է ունեցել որոշ թվով հայերի բռնի կրոնափոխություն, որը հետագայում ավարտվել է քրդացմամբ: Տարբեր աղբյուրներում հանդիպում ենք փաստերի, որ այսօր էլ Դիարբեքիրում մուսուլման հասարակությունը հստակ տարբերակում է կրոնափոխված հայերի սերունդներին` նրանց համար կիրառելով «ֆիլա» (հայ) եզրը:

Վերջին ժամանակներս Թուրքիայում ընթացող էթնիկ ինքնության հետ կապված գործընթացները բավական ակտիվ դրսեւորվում են նաեւ Դիարբեքիրում: Հիշենք, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերաբացումից հետո հենց դիարբեքիրցի մի քանի ընտանիք ինքնաբացահայտվեցին` հայտարարելով, որ հայ են եւ ցանկություն հայտնեցին վերամկրտվել որպես հայ քրիստոնյաներ: Ներկայումս էլ ընթանում են Դիարբեքիրում գտնվող Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցու` Սուրբ Կիրակոսի վերակառուցման աշխատանքները, որին բացահայտ աջակցում է Դիարբեքիրի քուրդ քաղաքապետը, որը հայտնի է հայերի մասին իր դրական հայտարարություններով: Այս ամենը որոշակի ազդակ է ծառայում, որպեսզի ընդդիմադիր քրդերով բնակեցված քաղաքում ապրող կրոնափոխված հայերի սերունդներն առավել հաճախ հայտարարեն իրենց մասին:

Մի քանի տարի առաջ Երեւանում Դիարբեքիրից գիտաժողովի մասնակցելու համար ժամանած քրդուհին մեզ հետ անձնական զրույցում խոստովանել էր իր հայկական ծագման մասին: Նրա պատմությունը, ինչպես ինքը փոխանցեց, տիպական է դիարբեքիրցի շատ կրոնափոխ հայերի ընտանիքների համար, որում համոզվեցինք հետագա ուսումնասիրությունների ժամանակ: Հայկական ծագումով քրդուհին մասնավորապես նշել էր. «Ես միշտ գիտեի, որ իմ հայրական պապը հայ է: Մենք բոլորս գիտեինք, սակայն չէինք խոսում: Նա, իհարկե, չէր կարող ապրել որպես հայ եւ ներկայանում էր որպես քուրդ: Ոչ մեկի հետ հայերեն չէր խոսում, բայց երբ իրեն հարց էինք ուղղում, երբեմն պատասխանը հայերեն էր տալիս»: Ուշագրավ է, որ պապն իր ընտանիքին մանրամասն պատմել է Հայոց ցեղասպանության մասին՝ պատգամելով. «Սա այնպիսի ցավ է, որ 100 տարի էլ անցնի` չի սպիանա»:

Վերջին շրջանում դիարբեքիրցի կրոնափոխ հայերը համարձակություն են ունենում նաեւ թուրքական մամուլում հայտարարել իրենց մասին եւ էթնիկ ինքնության շուրջ քննարկումներն ակտիվացնել նոր հարցադրումներով: Թուրքական հայտնի «Radikal» թերթում վերջերս տպագրվել էր դիարբեքիրցի մի ծպտյալ հայի պատմություն: Ներկայումս Ստամբուլում բնակվող Մարի Էսքիջին պատմում է Դիարբեքիրում իրենց կենսակերպի առանձին կողմերի մասին. «Հաճախ հարկադրված ենք եղել մուսուլմանի պես ապրել: Մեզ պես հարյուրավոր հայ ընտանիքներ էլ ձեւացրել են, թե իբր մուսուլման են: Աղոթելու եւ խաչակնքվելու համար իջնում էինք տան նկուղը»: Նրա պատմածներից պարզ է դառնում, որ կրոնափոխ հայերը երբեմն պահպանել են նաեւ հայերեն լեզուն եւ իրար հետ շփվել մայրենիով: Այսօր կարող ենք հանդիպել բազմաթիվ փաստերի, վկայությունների, որոնք ապացուցում են, որ Հայոց ցեղասպանությունից հետո արդեն հանրապետական Թուրքիայում գոյատեւած հայության բեկորները նաեւ 20-րդ դարի կեսին են ենթարկվել բռնի կրոնափոխության:

Հետաքրքիր է նկատել, որ ավելի վաղ` 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կրոնափոխված հայերը խնդիրներ են ունեցել արդեն 1950-ականներին իսլամ ընդունած հայերի հետ, եւ եղել է փոխադարձ անվստահության մթնոլորտ: Այս ամենում կարեւոր դեր է խաղացել համատարած վախի մթնոլորտը Թուրքիայում, սակայն ինչպես Մարի Էսքիջին է նկատում, տարբեր ժամանակաշրջաններում կրոնափոխված հայերի համար փոխադարձ անվստահության շարժառիթներից է եղել նաեւ հետեւյալ հարցադրումը. «Իսկ եթե իրոք մուսուլման է դարձե՞լ»: Էսքիջին փոխանցում է նաեւ, որ դիարբեքիրցի կրոնափոխ հայերը խնդիրներ են ունեցել նաեւ Ստամբուլի հայ համայնքի հետ. մասնավորապես` տեղափոխվելով Ստամբուլ` նրանք որպես քուրդ են ընկալվել տեղի հայերի կողմից եւ անգամ չեն կարողացել իրենց երեխաներին կրթության տալ հայկական դպրոցներում:

Վերջին օրերին թուրքական հեղինակավոր “Hurriyet Daily News” անգլիալեզու օրաթերթում տպագրվեց հայազգի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուի հետաքրքրաշարժ հոդվածը, որի «գլխավոր հերոսը» կրկին դիարբեքիրցի կրոնափոխ հայ է: Դիարբեքիրում բնակվող Գյաֆուր Թուրքալը թերթի հետ զրույցում բացահայտ հայտարարում է. «Ես սուննի մուսուլման եմ, բայց հայ եմ»: Գյաֆուրի հայրը եղել է հավատացյալ մուսուլման, անգամ գնացել է ուխտի Մեքքա, իսկ իր երեխաներին դաստիարակել է որպես սուննի մուսուլմաններ: Այս ամենով հանդերձ, տասնհինգ տարեկանում Գյաֆուրին հայտնել են, որ իրենք իրականում հայ են, իսկ իրենց ազգանունը Օհանյան է: Ինքնության երկվությունը, ինչպես միշտ է պատահում, բազմաթիվ հոգեբանական խնդիրներ եւ հարցականներ է առաջացրել Գյաֆուրի մեջ, եւ այսօր նա եկել է հետեւյալ հանգուցալուծման. «Ես ապրում եմ որպես մուսուլման, սակայն իմ արմատները եւ մշակույթը չեմ ժխտում: Կրոնը կարեւոր չէ, սակայն ես ցանկանում եմ իմանալ եւ տիրապետել իմ մայրենի լեզվին»: Գյաֆուրի կարծիքով՝ հայկական ինքնությունը պետք է կառուցվի էթնիկ պատկանելության շուրջ, այլ ոչ թե կրոնի: Գյաֆուրը նաեւ ավելացնում է, որ իրենք, այսինքն` Դիարբեքիրում բնակվող կրոնափոխ հայերի սերունդները, ճանաչում են իրար եւ համապատասխան շփումներ ունեն: Սակայն խոսելով քրիստոնյա հայերի հետ իրենց շփումների մասին` նա կարծիք է հայտնում, որ կա փոխընկալման խնդիր, ավելին. «Քրիստոնյա հայերն արհամարհում են մեզ, կարծես` մենք ենք այս վիճակը նախընտրել»:

Նկատենք, որ դիարբեքիրցիները հայտնվել են յուրահատուկ վիճակում` շրջապատված համատարած անվստահությամբ. քրդերի համար նրանք շարունակում են մնալ հայ, թուրքական պետության համար` անվստահելի կրոնափոխներ, իսկ քրիստոնյա հայերի համար` օտար քուրդ:

Ընթացող զարգացումները նորանոր փաստեր եւ հարցադրումներ են ի հայտ բերում, սակայն, միեւնույն ժամանակ, ցույց տալիս կրոնափոխ հայերի խնդրում եղած բազմաթիվ ընդհանրություններն ու կոնկրետ միջավայրով պայմանավորված տարբերությունները, որոնք կարեւոր են ուսումնասիրությունների ճիշտ ուղղորդման համար:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր