• am
  • ru
  • en
Версия для печати
12.07.2010

ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

EnglishРуский

   

Ռուբեն Մելքոնյան

Վերջին մի քանի ամիսներին Թուրքիայի հայ համայնքի ամենաօրակարգային հարցը Պոլսո պատրիարքությունում սպասվող ընտրություններն են: Խնդիրն այն է, որ Պոլսո ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մոտ հայտնաբերվել է հիշողության հետ կապված անբուժելի հիվանդություն, որը, փաստորեն, անգործունյա է դարձրել նրան: Ներեկեղեցական կանոնների համաձայն, ընտրված պատրիարքը, անկախ տարբեր հանգամանքներից, ցմահ կրում է այդ տիտղոսը, իսկ հիվանդության դեպքում ընտրվում է աթոռակից պատրիարք, որն ունենում է հավասարազոր իրավասություններ: Մութաֆյան պատրիարքի առողջական խնդիրները լուրջ ազդեցություն են ունենում նաեւ համայնքային կյանքի տարբեր ոլորտների վրա, քանի որ շարունակելով օսմանյան ավանդույթները` թուրքական իշխանություններն այսօր էլ հայ համայնքի ղեկավար են ճանաչում պատրիարքին, որի փաստացի բացակայությունը ստեղծում է անկազմակերպ վիճակ:

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարքությունը հիմնադրվել է 1461թ., երբ Կոստանդնուպոլսի գրավումից հետո սուլթան Մեհմեթ Բ-ն Բուրսայից հրավիրում է տեղի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսին, որն էլ դառնում է նորաստեղծ պատրիարքության առաջնորդը։ Սակայն միայն 1543 թվականին Աստվածատուր Ա-ից սկսած է կիրառվում Հայոց պատրիարք տիտղոսը։ Մինչեւ օրս Պոլսո Հայոց պատրիարքությունն ունեցել է 84 գահակալ։

Օսմանյան շրջանի վերջին Հայոց պատրիարքը` Զավեն Տեր-Եղիայանը, որը բավական ակտիվ գործունեություն է վարել հատկապես 1918-1922թթ., քեմալական իշխանությունների պարտադրանքով ստիպված է եղել լքել Թուրքիան 1922-ին: Դրանից հետո մինչեւ 1927թ. Պոլսո Հայոց պատրիարքի գահը թափուր է մնացել, եւ 1923–1927թթ. այն վարել է տեղապահ ընտրված Գեւորգ եպիսկոպոս Ասլանյանը:

Թուրքիայի Հանրապետությունում առաջին անգամ Հայոց պատրիարքի ընտրություններ տեղի են ունեցել 1927թ., եւ պատրիարք է ընտրվել Մեսրոպ Նարոյանը (1927–1944թթ.): Նրա մահից հետո պատրիարքական գահը կրկին թափուր է մնում, եւ Գեւորգ եպիսկոպոս Ասլանյանը երկրորդ անգամ է դառնում տեղապահ (1944–1950թթ.): Եվ միայն 1950 թվականի վերջին անց են կացվում պատրիարքի ընտրություններ. ընտրվում է Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանը, որն այդ ժամանակ Լատինական Ամերիկայի Հայոց հոգեւոր առաջնորդն էր: 1951թ. վերադառնալով Թուրքիա` նա ստանձնում է պատրիարքի պարտականությունները: 1961թ. Գարեգին Խաչատուրյանի մահից հետո պատրիարք է ընտրվում Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը, որն այդ աթոռի ամենաերկարակյաց գահակալներից էր (1961–1990թթ.): Նրա ջանքերով համայնքային կյանքում նկատվում է աշխուժություն, աշխատանքներ են տարվում գավառահայության վիճակի բարելավման համար: 1990թ. Շնորհք պատրիարքի մահից հետո Պոլսո Հայոց 83-րդ պատրիարք է ընտրվում Գարեգին արքեպիսկոպոս Քազանջյանը (1990–1998թթ.), իսկ վերջինիս մահից հետո` 1998թ. պատրիարք է ընտրվում Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը:

Պոլսո պատրիարքության հիմնադրումից հետո, արդեն 17-րդ դարի սկզբին, նրան էին պատկանում Օսմանյան կայսրության տարածքում գոյություն ունեցող բոլոր առաքելական եկեղեցիները: 1900-ական թվականների սկզբին պատրիարքությունն ունեցել է 1181 եկեղեցի եւ 132 վանք: Այսօր Պոլսո պատրիարքության իրավասության տակ են գտնվում ընդհանուր առմամբ 43 եկեղեցի, որոնցից 42-ը` Թուրքիայում, իսկ մեկը` Կրետե կղզում։ Թուրքիայի 42 հայկական եկեղեցիներից 6-ը գտնվում են Ստամբուլից դուրս` Կեսարիայում, Դիարբեքիրում, Դերիքում, Իսկենդերունում, Քըրըքհանում եւ Վաքըֆլը գյուղում։ Պատրիարքության ուղղակի կամ անուղղակի տնօրինության տակ են նաեւ բազմաթիվ այլ հաստատություններ:

Գաղտնիք չէ, որ այսօր պոլսահայ համայնքը կանգնել է մի շարք լուրջ խնդիրների առջեւ, եւ պատրիարքի փաստացի բացակայության պայմաններում այդ խնդիրները չեն ստանում լուծումներ ու էլ ավելի են սրվում: Մութաֆյան պատրիարքի անգործունյա վիճակը ստիպեց պատրիարքությանն ու համայնքին ելքի ուղիներ փնտրել ստեղծված վիճակից: Հիմք ընդունելով Հայ Առաքելական եկեղեցու ներքին կանոնադրական որոշակի նորմեր` որոշում կայացվեց անցկացնել աթոռակից պատրիարքի ընտրություններ:

Ըստ թուրքական օրենքների, պատրիարքի ընտրության թույլտվություն է տալիս Ստամբուլի նահանգապետարանը, որն էլ իր հերթին դա ստանում է ներքին գործերի նախարարությունից: Մի քանի ամիս առաջ Հայոց պատրիարքության անունից դիմում էր ներկայացվել Ստամբուլի նահանգապետարան` խնդրանքով, որ թույլ տան աթոռակից պատրիարքի ընտրություններ անցկացնել, իսկ որոշ ժամանակ անց համայնքի անդամներից ձեւավորված Նախաձեռնող խումբը, իր հերթին, դիմել էր նահանգապետարան` խնդրելով պատրիարք ընտրելու թույլտվություն: Այսինքն` հայ համայնքի կողմից երկու տարբեր դիմումներ են ներկայացվել, որտեղ կար մի կարեւոր իրավական տարբերություն` ընտրել պատրիա՞րք, թե՞ աթոռակից պատրիարք: Այս հարցը որոշակի խնդիրներ ի հայտ բերեց համայնքում եւ, արդեն առկա տարաձայնություններն էլ ավելի խորացան, իսկ թուրքական իշխանություններն այս իրավական անորոշությունը պատրվակ համարելով` ամիսներ շարունակ անպատասխան թողեցին երկու դիմումն էլ:

Սկսված գործընթացը ենթադրում էր նաեւ թեկնածուների առաջադրում: Ըստ Հայ եկեղեցական ու Թուրքիայի օրենքների, Հայ Առաքելական եկեղեցու միայն ութ բարձրաստիճան հոգեւորական իրավունք ունեին հավակնելու պատրիարքի աթոռին, որոնցից հինգը հենց սկզբից հրաժարվեցին մասնակցել ընտրություններին: Մնացած երեքը` Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը եւ Պոլսի պատրիարքության Գերագույն հոգեւոր խորհդի նախագահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, հայտարարեցին, որ մասնակցելու են ընտրություններին:

Ի սկզբանե ակնհայտ էր, որ թուրքական իշխանություններն անպայման միջամտելու են այս խնդրին եւ փորձելու են պատրիարքի գահին տեսնել իրենց նախընտրած թեկնածուին, որը, շատերի կարծիքով, Թուրքիայի քաղաքացի Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն էր: Սակայն սկսված քարոզարշավը հետաքրքիր ընթացք ունեցավ, եւ թեկնածուների այցերն ու հանդիպումները համայնքի հետ էապես փոխեցին թուրքական իշխանությունների նախատեսած սցենարը:

Գարեգին եւ Սեպուհ Սրբազաններն այցելեցին Ստամբուլ եւ համայնքի հետ հետաքրքիր ու բազմամարդ հանդիպումներ ունեցան: Հատկապես տպավորիչ հանդիպումներ ունեցավ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ Սրբազանը. արդյունքում` համայնքում լուրջ ոգեւորություն առաջացավ, եւ կարելի է ասել, որ հենց հայաստանցի թեկնածուն էլ դարձավ ընտրությունների հավանական ֆավորիտը:

Հարկ է նկատել, որ համայնքային խնդիրները խորանում են նաեւ առկա լճացած պայմանների հետեւանքով, եւ ձեւավորված ստատուս քվոյի պահպանումը կարող է կործանարար լինել: Թուրքական իշխանություններին, իհարկե, ձեռնտու չեն ակտիվ հովվապետի ընտրությունն ու հայ համայնքի առողջացումը, ուստի կանխատեսելի էր, որ նրանք ամեն ինչ անելու էին ճահճացած իրավիճակի պահպանման համար:

Համայնքում աթոռակից պատրիարքի ընտրության հետ կապված սպասողական վիճակն արդեն մի քանի ամիս շարունակվում էր, եւ միայն հունիսի 29-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով, ի վերջո, պատասխանեց հայ համայնքի դիմումներին, որտեղ նշվում է, որ իշխանությունները նպատակահարմար չեն գտնում ո՛չ պատրիարքի, ո՛չ էլ աթոռակից պատրիարքի ընտրությունները, այլ թույլտվություն են տալիս պատրիարքի տեղապահ ընտրելու համար: Նկատենք, որ արդեն իսկ կար պատրիարքի տեղապահ` ի դեմս Պոլսո աթոռի ամենատարեց հոգեւորական Շահան արքեպիսկոպոս Սվաջյանի, որը հիշյալ պատասխանից հետո, անմիջապես, հրաժարական տվեց, եւ մի քանի ժամ անց պատրիարքության հոգեւոր խորհուրդը հապշտապ պատրիարքի տեղապահ ընտրեց Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին:

Այս ամբողջ գործընթացն ապացուցում է, որ թուրքական իշխանությունները մեծապես հետաքրքրված էին եւ ուղղակի միջամտեցին հարցին: Մյուս կողմից, նրանց քայլերի տրամաբանությունը հուշում է, որ տեղապահ ընտրելու թույլտվության որոշմանը նրանք գնացել են այն բանից հետո, երբ հասկացել են, որ առկա ռեսուրսները բավարար չեն համահամայնքային ընտրություններում իրենց նախընտրելի թեկնածուի հաղթանակի համար:

Այս ամենը բավական բացասական ազդեցություն կունենա Թուրքիայի հայության վրա, եւ կխորանա համայնքի լճացած ու անորոշ վիճակը: Այն ոգեւորությունը, որ նկատվում էր համայնքում քարոզարշավի ժամանակ, անմիջապես տեղը զիջեց հուսախաբությանն ու անորոշությանը: Բացի այդ, ներհամայնքային երկպառակությունները եւ խմբավորումների միջեւ պայքարն էլ ավելի կսրվեն: Կարելի է ասել նաեւ, որ Հայոց պատրիարքի ընտրությունը, անպայմանորեն, կապվում է հայ-թուրքական հարաբերությունների հետ, եւ թուրքական կողմն այն համարում է իր խաղաքարտերից մեկը, որը հարմար պահի կարող է դրվել շրջանառության մեջ:

Ավելորդ չէ հիշեցնել, որ նմանատիպ վիճակ, երբ արգելվել է ընտրել Հայոց պատրիարք, Թուրքիայում ստեղծվել է երկու անգամ. առաջինը, երբ իշխանության եկան քեմալականներն ու ծավալվեց քեմալական ազգայնականությունը եւ երկրորդը` 1940-ական թվականներին, երբ երկրում վերելք էին ապրում ազգայնամոլությունն ու պանթուրքիզմը: Երկու դեպքում էլ համայնքում արձանագրվեցին հետընթաց, խնդիրների սրում ու երկպառակության խորացում:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր