• am
  • ru
  • en
Версия для печати
27.05.2010

ՊՈԼՍՈ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

EnglishРуский

   

Ռուբեն Մելքոնյան

Այսօր բազմաթիվ խնդիրների առջև կանգնած Ստամբուլի հայ համայնքը որոշակի դեր և տեղ ունի հայ-թուրքական հարաբերություններում: Բնական է համարվում համայնքի հետաքրքրվածությունը և շահագրգռվածությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմամբ, սակայն ակնհայտ է նաև, որ թուրքական իշխանությունները փորձում են Թուրքիայում բնակվող հայերին օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար և հատկապես այն ժամանակ, երբ հայ-թուրքական հարաբերություններում կամ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում տեղի են ունենում թուրքական կողմին ոչ ձեռնտու իրադարձություններ: Հայ համայնքի արհեստական ներգրավումը հիշյալ խնդիրների մեջ ակնհայտ միտում է պարունակում, և կարելի է պնդել, որ դա թուրքական իշխանություններն իրենց զինանոցի մի տարր են համարում: Հիշենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի ակտիվացման տարբեր փուլերում հայտարարություններով հանդես են եկել ոչ միայն համայնքի աշխարհիկ շրջանակների ներկայա-ցուցիչներ, այլև բարձրաստիճան հոգևորականներ: Ավելորդ չէ հիշել Մեսրոպ պատրիարք Մութաֆյանի այցը ԱՄՆ, որի նպատակն էր կանխել Ցեղասպանության հարցի քննարկումը Կոնգրեսում: Պոլսո պատրիարքի չափից ավելի ներգրավվածությունը քաղաքականության մեջ ոչ միայն հակասում է եկեղեցու բնույթին, այլև զգալիորեն վնասում է հենց պատրիարքի անձին և պատրիարքության հեղինակությանը: Հայ համայնքի ներկայացուցիչներին ստիպելով հայտարարություններ անել Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ` թուրքական իշխանությունները մի անգամից երկու նպատակի են հասնում. նախ պարզունակ մակարդակով աշխարհին փորձում են ներկայացնել, թե հենց իրենք` Թուրքիայի հայերն են դեմ Ցեղասպանության հարցի բարձրացմանը, և երկրորդ` մեկ անգամ ևս սեպ են խրում Հայության տարբեր հատ-վածների մեջ:

Հայտնի է, որ Պոլսո պատրիարքն է համարվում հայ համայնքի դե-ֆակտո առաջնորդը, իսկ ներկայիս պատրիարքը` Մեսրոպ Մութաֆյանը, անբուժելի հիվանդ է, և հայ-թուրքական գործընթացների բուռն զարգացումների ժամանակ թուրքական իշխանությունները փաստորեն զրկվել են իրենց հին զինանոցի մի տարրից: Որպես այլընտրանք` ստեղծված իրավիճակում թուրքական իշխանությունները փորձեցին իրենց անհրաժեշտ հայտարարությունները տարածել հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի` Պետրոս Շիրինօղլուի միջոցով: Նշենք, որ Ստամբուլի հայ համայնքում կան տարատեսակ գույք տնօրինող հիմնադրամներ, որոնք ունեն հոգաբարձուների խորհուրդ և նախագահներ: Պետրոս Շիրինօղլուն ահա այդպիսի մի կառույցի` Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է և համարվում է համայնքի «օլիգարխիայի» կարևոր անուններից մեկը: Վերջերս նա հանդիպեց Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ, և ուշագրավ է, որ թուրքական լրատվամիջոցները նրան ներկայացրին որպես հայ համայնքի ղեկավար: Փաստենք, որ Թուրքիայի հայ համայնքը չունի ղեկավար, այդպիսի իրավական կարգավիճակ չկա, և աշխարհիկ ղեկավար կառույցի բացակայությունը դարձել է համայնքում տասնամյակներ տևող տարաձայնություն-ների, քննարկումների առիթ: Համայնքի փաստացի ղեկավար է ընդունվում պատրիարքը, սակայն այս հանգամանքն էլ հակասության մեջ է Թուրքիայում տարածված լաիցիզմի դրույթի հետ, համաձայն որի` հոգևորականը չի կարող աշխարհիկ գործերով զբաղվել: Համայնքի մի մասը (նաև Հրանտ Դինքը) պահանջում էր ստեղծել համայնքի կառավարման աշխարհիկ մարմին, որը հավանության չէր արժանանում ո´չ իշխանությունների և ո´չ էլ համայնքի առավել պահպանողական հատվածի կողմից: Ավելորդ չէ հիշել, որ մինչև 1960թ. ռազմական հեղաշրջումը պոլսահայ համայնքում եղել է նաև աշխարհիկ բնույթ ունեցող կառավարման խորհուրդ, որն այդ ժամանակ վերացվել է:

Թուրքական մամուլում պաշտոնական լրատվություն տարածվեց, որ հայ համայնքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար վարչապետն ընդունելու է «հայ համայնքի ղեկավար Պետրոս Շիրինօղլուին»: Այս հանգամանքն արդեն ուշադրության արժանի էր, սակայն դրա ամենահետաքրքիր կողմն այն էր, որ այդ հանդիպումը տեղի էր ունենում այն օրերին, երբ միջազգային մամուլում քննարկման առաջնային թեմաներից էին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունները, որոնցում նա սպառնում էր երկրից վտարել այնտեղ գտնվող, իբրև թե, 100 հազար հայաստանցի հայերին: Ինչպես և կանխատեսելի էր, վարչապետի հետ հանդիպումից հետո Շիրինօղլուն արեց մի քանի հայտարարություն, որոնք անմիջապես լայն տարածում գտան թուրքական ու միջազգային մամուլում: Նրա հայտարարությունները վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին, Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, պոլսահայ համայնքին: Թուրքական իշխանություններն այս միջոցով ցանկանում էին Թուրքիայի հայերի շուրթերով ամբողջ աշխարհին «մեսիջ» ուղարկել պոլսահայերի «երջանիկ վիճակի» մասին: Միամտություն կլինի կարծել, թե պատահական էր ընտրված ժամանակը, և կարելի է պնդել, որ թուրքական կողմը, փորձելով սրբագրել Էրդողանի անհավասարակշիռ հայտարարությունները, ձգտում էր որոշ սրբագրումներ կատարել և այս հարցում օգտագործեց պոլսահայ համայնքի ներկայացուցիչներին: Շիրինօղլուի հայտարարություններից մամուլում տարածվեցին հատկապես հետևյալները. «Որպես համայնք մենք լուրջ խնդիրներ չունենք: Հայերն իրենց ապահով են զգում Թուրքիայում: Երբևէ լսե՞լ եք հայերի հետ կապված մի բողոք: Թուրքիայում բնակվող մի հայից բողոք լսե՞լ եք, կա՞, ո´չ, չկա: Թող սփյուռքահայերը գան Թուրքիայի հայկական հիմնադրամները, գույքը, դպրոցները, հայ քաղաքացիների կյանքը տեսնեն և նոր միայն կարծիք կազմեն»: Շիրինօղլուն ջանաց նաև իր վրա վերցնել Թուրքիայում անօրինական ձևով բնակվող հայաստանցիների թվաքանակի շուրջ Էրդողանի ներկայացրած ակնհայտ սխալ տվյալը` 100 հազար, որը հերքեց անգամ նախագահ Աբդուլահ Գյուլը: Խոսելով այս մասին` Շիրինօղլուն նշեց. «Թուրքիայում 100 հազար հայաստանցի չկա, այլ` 20 հազար: Հարգարժան վարչապետը, վստահելով և հավատալով մեր խոսքին, 100 հազար թիվն է կիրառել: Մենք ներողություն ենք խնդրում նրան սխալ տեղեկություն տալու համար»: Այս բացատրությունն ուղղակի տրամաբանությունից հեռու է և դժվար է պատկերացնել, որ ավելի քան 70 միլիոն բնակչություն ունեցող երկրի վարչապետը պատասխանատու հայտարարություններ է անում` հենվելով անհատների ներկայացրած տվյալների վրա: Խոսելով Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին` Շիրինօղլուն ևս մեկ անգամ կրկնեց թուրքական պաշտոնական վարկածները. «Հայաստանը մեր հարևան երկիրն է, և քանի որ ծագումով հայ եմ, անպայման նրա հետ կապվածություն ունեմ, սակայն ինձ համար առաջնային են Թուրքիայի շահերը: Ինչպես ասում է վարչապետը, պատմությունը պետք է թողնել պատմաբաններին: Անպայման և´ հայկական կողմից, և´ թուրքական կողմից կորուստներ են եղել: Ես կարծում եմ, որ դա պետք չէ որակել ցեղասպանություն: Շատ անկեղծ երկու ընկերոջ միջև գժտություն է եղել: Ամբողջ աշխարհում նման դեպքեր շատ են լինում»:

Շիրինօղլուի հայտարարությունների առաջացրած ընդհանուր բացասական ֆոնին, սակայն, կա և դրականը. անմիջապես սկսվեց և արագ թափ առավ մի գործընթաց, որը, կարծում ենք, արժանի է հատուկ ուշադրության: Թուրքական իշխանությունների կազմակերպած գործընթացը պոլսահայ համայնքի որոշակի շրջանակներում բուռն հակազդեցություն առաջացրեց: Համայնքի մի խումբ անդամներ հանդես եկան հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Սուտ է, որ հայերը Թուրքիայում իրենց ապահով են զգում, հայերն այս երկրում ենթարկվում են խտրականության, ռասիստական վերաբերմունքի, միջազգային հարաբերություններում կիրառվում են որպես սակարկման առարկա, և հասարակության զգալի հատվածում ընդգծված հակահայկականությունը շարունակվում է»: Հայտարարության հեղինակները նշում են, որ իրենք չեն ապրում Շիրինօղլուի ներկայացրած իդեալական Թուրքիայում և, որպես բողոքի նշան, հենց նույն օրը բացեցին խորհրդանշական անուն ունեցող «Մենք այլ Թուրքիայում ենք ապրում» համացանցային էջը, որտեղ սկսվեց ստորագրահավաք ընդդեմ Շիրինօղլուի և նրա հայտարարությունների: Ուրախալի է նշել, որ մի քանի օրվա ընթացքում բավական թվով ստորագրություններ են հավաքվել, և այդ գործընթացը շարունակվում է: Դեմ արտահայտվողները նաև հստակ նշում են, որ Շիրինօղլուն որևէ իրավունք չունի համայնքի անունից հանդես գալու, քանի որ ինքը համայնքի ղեկավար չէ և, բացի այդ, Ցեղասպանության հարցը հնարավոր չէ ներկայացնել որպես «երկու եղբոր գժտություն» ու այդպիսով մեղմել այն: Հատկապես ուշագրավ են հայ համայնքի անդամ Հովսեփ Թոքաթի մտքերը, որ Թուրքիայի հայերի պարտականությունն է թուրք ժողովրդին ներկայացնել փաստերը և համոզել նրան ընդունել դրանք, այլ ոչ թե ծածկել իրականությունը: Պոլսահայերի հայտարարությունների մեջ նկատելի են նաև միասնականության կոչեր` հատկապես Ցեղասպանության հարցում:

Այս ցանկալի հակազդեցությունը թույլ է տալիս խոսել պոլսահայ համայնքի առողջացման միտումների մասին: Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ տասնամյակներով իրականացված թուրքական պետական քաղաքականության հետևանքով է ձևավորվել վախվորած պոլսահայ համայնքը, և նրանց մեղադրելն այդքան էլ արդար չէ: Սակայն կարելի է նշել, որ այս հարցում թուրքական իշխանությունների նախատեսած սցենարն այնքան էլ իրենց ցանկալի ուղիով չընթացավ, և Շիրինօղլուի «բեմելը» ավելի բացասական արդյունքի հանգեցրեց:

Անդրադառնալով Էրդողանի` Թուրքիայում անօրինական ձևով բնակվող հայաստանցիներին վտարելու շարունակական սպառնալիքներին, պետք է նշել, որ սա ևս թուրքական զինանոցի նոր տարրերից չէ: Հիշենք, որ 90-ականների կեսերին նմանատիպ հայտարարություններ էր անում նաև այն ժամանակվա վարչապետ Թանսու Չիլերը, հատկապես այն ժամանակ, երբ միջազգային ասպարեզում սրվում էր Ցեղասպանության ճանաչման հարցը: Սակայն Էրդողանի սպառնալիքները չպետք է լիովին անտեսել, և չի բացառվում, որ թուրքական իշխանությունները կարող են գնալ նման քայլի և որպես ճնշման մեթոդ ընտրեն անօրինական բնակվող հայաստանցիներին վտարելը, մանավանդ որ Թուրքիայի ոչ վաղ անցյալի պատմության մեջ նման նախադեպ արդեն կա: 1930թ. Թուրքիայի և Հունաստանի միջև կնքված պայմանագրով ճանաչվում էր երկու երկրների քաղաքացիների բնակության, առևտրով զբաղվելու, գույք ձեռք բերելու իրավունքը: Այդ ժամանակ Թուրքիայում կային Հունաստանի քաղաքացի հանդիսացող հազարավոր մարդիկ, որոնց մեծ մասը ծնվել, մեծացել էր Թուրքիայում: 1964թ., երբ սրվեցին թուրք-հունական հարաբերությունները` կապված Կիպրոսի խնդրի հետ, թուրքական կառավարությունը միակողմանի չեղյալ հայտարարեց 1930թ. պայմանագիրը և սկսեց արտաքսել Հունաստանի քաղաքացիներին, որոնք մեծ մասամբ ստամբուլաբնակ հույներ էին: Այն ժամանակ ևս թուրքական իշխանություններն այս հանգամանքը փորձում էին օգտագործել որպես շանտաժի մեթոդ և հունական կողմից որոշակի զիջումներ կորզելու եղանակ: Հատկանշական է, որ այդ արտաքսումը տարածվեց ոչ միայն Հունաստանի քաղաքացի, այլև թուրքահպատակ հույների վրա, քանի որ տասնամյակների ընթացքում ձևավորվել էին ընտանիքներ, որտեղ, օրինակ` կինը Հունաստանի, իսկ ամուսինը` Թուրքիայի քաղաքացիներ էին: Եվ արտաքսված շուրջ 12.000 Հունաստանի քաղաքացի հույների հետ միասին ստիպված արտագաղթեցին նաև Թուրքիայի քաղաքացի հազարավոր հույներ: Մասնագիտական գրականության մեջ այս հույներին անվանում են «Ստամբուլի վերջին աքսորյալները», և սա նաև թուրքացման քաղաքականության բաղկացուցիչ մասն է:

Ամփոփելով` նշենք, որ Էրդողանի սպառնալից հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Թուրքիան բավական հեռու է եվրոպական արժեքներից: Մյուս կողմից` դրանք մեզ դրդում են ավելի զգոն լինել:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր