• am
  • ru
  • en
Версия для печати
09.03.2009

ԷԹՆԻԿ ԾԱԳՄԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

EnglishРуский

   

Ռուբեն Մելքոնյան

Melkonyan_Ruben (original)Թուրքիայում ընթացող բազմաթիվ զարգացումներ, գործընթացներ ուղղակիորեն փաստում են, որ ինքնության խնդիրն այդ երկրում կենտրոնական տեղերից մեկն է զբաղեցնում: Ներկայումս էլ Թուրքիայում ընթացող մի շարք կարևոր գործընթացների կիզակետում ժամանակ առ ժամանակ հայտնվում և ակտիվ շրջանառվում է էթնիկ ծագման հարցը` դառնալով քաղաքական գործիչների, վերլուծաբանների, մամուլի ուշադրության առարկա: Հարկ է նշել, որ էթնիկ ծագման հարցն ակտուալ է նաև Թուրքիայի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին քաղաքական խնդիրների համատեքստում:

Այն, որ էթնիկ ծագման հարցը Թուրքիան օգտագործում է իր արտաքին քաղաքականության մեջ, և դա նաև պանթյուրքիստական գաղափարների տարածման կարևոր հիմքերից է, գաղտնիք չէ: Ավելորդ է անգամ խոսել Թուրքիայի Հանրապետության` հստակ պանթյուրքիստական երանգներ ունեցող քաղաքականության մասին, որն այդ երկիրը տասնամյակներ շարունակ վարում է միջինասիական թյուրքախոս պետությունների, Ռուսաստանի Դաշնության թյուրքալեզու ժողովուրդների, նույնիսկ Չինաստանի ույղուրների նկատմամբ։

Հարկ է նշել, սակայն, որ թուրքական հմուտ դիվանագիտությունը, էթնիկ արմատների խնդիրն օգտագործելու համար, չի սահմանափակվում միայն վերը նշված երկրներով, այլ փնտրում է գործունեության նոր ոլորտներ կամ թիրախային խմբեր։ Այս համատեքստում արժե հիշատակել նմանատիպ վերջին օրինակներից մեկը. Լոնդոնի ներկայիս քաղաքապետ Բորիս Ջոնսոնը թուրքական ծագման որոշակի տոկոս ունի. նրա պապի հայրը Օսմանյան կայսրության վերջին շրջանում կրթության և ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած և հատկապես քեմալական շարժման դեմ թշնամական պահվածքով հայտնի լրագրող Ալի Քեմալն է։ Հենց Աթաթուրքի գլխավորած շարժման դեմ թշնամական դիրքորոշման համար նա 1922թ. ձերբակալվել և բարձրաստիճան պաշտոնյաների հրահանգով ենթարկվել է լինչի դատաստանի։ Ալի Քեմալը հայտարարվել է դավաճան։ Մեր կարծիքով, երկրորդական չի կարելի համարել նաև այն, որ դավաճանի նկարագիրն ամբողջացնելու համար շեշտվել է նրա` որոշ հարցերում ունեցած «հայամետ դիրքորոշումը»: Այսպես, նրա մեղքերի շարքում նշվում է, որ նա կողմ է եղել Օսմանյան կայսրության արևելյան որոշ նահանգներ 6 միլիոն ոսկու դիմաց հայերին վաճառելուն: Հենց այս հանգամանքով պետք է բացատրել որոշ շրջանակների կողմից նրան տրված, թերևս, հեգնական մականունը` Արթին Քեմալ (Արթինը հայերեն Հարություն անձնանվան թուրքական ձևն է): Ալի Քեմալի անգլուհի կնոջից ծնված որդին` Օսման Ալին, հոր սպանությունից հետո փոխում է անունը` դառնալով Վիլֆրեդ Ջոնսոն։ Լոնդոնի ներկայիս քաղաքապետ Բորիս Ջոնսոնը վերջինիս թոռն է։ Սակայն այն բանից հետո, երբ թուրքի այս անգլիացած հետնորդը դարձել է եվրոպական մայրաքաղաքներից մեկի ղեկավարը, Թուրքիան հիշել է իր «մոռացված զավակին»։ Բորիս Ջոնսոնը պաշտոնապես հրավիրվեց Թուրքիա, արժանացավ մեծ ընդունելության և պատվի, թուրքական մամուլի աննախադեպ ուշադրությանը, ավելին` մամուլում սկսեց քննարկվել, թե արդյոք նրա պապի հայրն իրոք դավաճան էր։ Այսինքն՝ Ջոնսոնի թուրքական արմատները մղելով առաջին պլան` թուրքական հմուտ դիվանագիտությունը փորձում է օգտագործել դա ի շահ իրեն, մասնավորապես արտաքին քաղաքականության համատեքստում, և սա, միգուցե, տա նաև դրական արդյունք, քանի որ Լոնդոնի քաղաքապետը ևս շատ ջերմ է արձագանքում թուրքական սիրալիրություններին, որոնք հիմնված են հենց էթնիկ հողի վրա։

Էթնիկ ծագման խնդիրն ավելի ցայտուն և նույնիսկ հիվանդագին է դրսևորվում Թուրքիայի ներքին քաղաքականության մեջ` դառնալով թուրքական քաղաքական տեխնոլոգիաների կարևոր և բաղկացուցիչ մասը։ Կարելի է ասել, որ այդ հարցը տարբեր ինտենսիվությամբ, սակայն շարունակ գտնվում է թուրքական քաղաքական օրակարգում, ուստի նմանատիպ օրինակներից հարկ ենք համարում անդրադառնալ հատկապես վերջին, ամենաթարմ դեպքին։ Այսպես, 2009թ. մարտին Թուրքիայում նախատեսվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դրանցում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) մեծ հավակնություններ ունի, որոնց մասին հայտարարել է վարչապետ Էրդողանը: Թեժ պայքար է սպասվում հատկապես Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, որտեղ հիմնական մրցակիցները իշխող ԱԶԿ և ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) թեկնածուներն են: ԺՀԿ-ն Ստամբուլի քաղաքապետի համար առաջադրել է բավական ինքնատիպ քաղաքական գործչի` պատգամավոր Քեմալ Քըլըչդարօղլուին: Շատերի կարծիքով՝ բավական հավասարակշիռ, պինդ նյարդերի տեր Քըլըչդարօղլուն ներկայիս Թուրքիայի քաղաքական երկնակամարում ծագող աստղերից է: Զարմանալի չէ, որ նրա աճող հեղինակությունը և քվեները պակասեցնելու համար ընտրվեց էթնիկ ծագման հարցը: Քեմալ Քըլըչդարօղլուն ծագումով Դերսիմից է (ներկայումս` Թունջելի), որը միշտ էլ հայտնի է եղել իր ըմբոստ նկարագրով: Եվ ահա իշխանական «Զաման» թերթը նրան ներկայացնելիս գործածել է հետևյալ արտահայտությունը. «Ծնվել է Թունջելիում, որը հայտնի է Դերսիմի խռովությամբ»: Առաջին հարվածը հասցված էր` նրա անունը կապվեց «խռովության, ահաբեկչության օրրանի» հետ, սրան հաջորդեց օրերս թուրքական մամուլում և քաղաքական շրջանակներում տարածված լուրը. «Քեմալ Քըլըչդարօղլուի մայրը հայ է` Յեմուշ անունով և ապրում է Դերսիմում»: Սա դարձավ քաղաքական օրակարգի և մամուլի առանցքային նյութերից մեկը, և մի լրագրող, «հետաքննող լրագրողական» ժանրին հատուկ մեթոդներով, զանգահարելով Քըլըչդարօղլուի մորը` ուղղակիորեն հարցրել է. «Դուք հա՞յ եք»։ Անակնկալ այս հարցին պատասխանել է վերջինիս դուստրը` ասելով. «Ոչ, մենք մուսուլման ենք»: Քըլըչդարօղլուի հայկական ծագման մասին լուրերն ավելի վաղ էլ էին շրջանառվում, սակայն դրանք ուժգնորեն արտահայտվեցին այն ժամանակ, երբ նա դարձավ քաղաքապետի, և այն էլ բավական վտանգավոր, թեկնածու: Սակայն այս հարցում ևս Քըլըչդարօղլուն պահպանեց իրեն բնորոշ հանգստությունը և օրերս տված մի քանի հարցազրույցներում իրեն տրված հարցին պատասխանեց հետևյալ կերպ. «Մայրս կարող է և հայ լինել, կամ քուրդ, կամ հույն, սակայն դրանից մեր մոր հանդեպ սերը չի պակասի»: Այսինքն` նա մի կողմից չհերքեց այդ փաստը, մյուս կողմից՝ փորձեց այն տեղափոխել այլ հարթություն` ավելացնելով նաև, որ մարդիկ հնարավորություն չունեն ընտրելու իրենց ռասան:

Սակայն չմոռանանք, որ նմանատիպ քաղաքական հնարքներ է գործադրում նաև հենց նույն ընդդիմադիր ԺՀԿ-ն, որի պատգամավորներից Ջանան Արըթմանը բոլորովին վերջերս նախագահ Գյուլին «մեղադրեց» հայկական ծագում ունենալու մեջ` նշելով, թե իբր նրա մայրը հայ է: Հայտնի է, թե ինչ աղմուկ բարձրացավ այս հայտարարությունից հետո, սակայն, ի տարբերություն Քըլըչդարօղլուի` Գյուլը այս խնդրին բավական բուռն և էմոցիոնալ պատասխանեց. նախ նա հրապարակավ ասաց, որ իրենց տոհմը մուսուլման և թուրք է, իսկ այնուհետև մամուլում տպագրվեց նրանց տոհմածառը: Բացի այդ, նա հանդես եկավ Արըթմանի դեմ «սիմվոլիկ դատական հայցով»` իրեն վիրավորելու համար: Այս ամենը, այսինքն՝ ներքաղաքական պայքարում էթնիկ ծագման շահարկումը թե՛ իշխող և թե՛ ընդդիմադիր ուժերի կողմից էլ ավելի հակասական է թվում իշխող կուսակցության և մասնավորապես նրա առաջնորդ Էրդողանի բազմիցս հնչեցրած այն տեսակետի համատեքստում, թե իրենք դեմ են էթնիկ ազգայնականությանը: Ի դեպ, Քըլըչդարօղլուի սառը պահվածքը և փաստորեն մոր հայկական ծագումը չհերքելը տարբեր շրջանակների կողմից ավելի ճիշտ գնահատվեց, և այնուամենայնիվ, այդ լուրերից հետո նրա վարկանիշը դադարեց կտրուկ աճ արձանագրելուց, և ներկայումս, ըստ սոցհարցումների՝ առաջատարը նրա մրցակիցն է իշխող կուսակցությունից:

Քըլըչդարօղլուի կենսագրության մեջ շատերի համար կասկածելի է թվում այն հանգամանքը, որ նա 1966թ. փոխել է նախկին Քարաբուլութ ազգանունը` այն պատճառաբանությամբ, որ իրենց ամբողջ գյուղը նույն ազգանունն էր կրում: Ըստ Քըլըչդարօղլուի, նրանց տոհմը Դերսիմի Քուրեյշան աշիրեթից է: Սակայն ուշագրավ է նաև, որ նա հետաքրքրվում է Դերսիմի պատմությամբ և ինչպես հայտարարել է վերջերս, քաղաքականությունը թողնելուց հետո ցանկանում է զբաղվել հատկապես Դերսիմի պատմությամբ, որի մասին բավական շատ աղբյուրներ և փաստեր է հավաքել: Մեր կարծիքով, Դերսիմի պատմությանը քաջատեղյակ լինելու հանգամանքն է, միգուցե, նրան դրդել կրքոտ կերպով չհերքել իր մոր հայկական ծագման հավանականությունը, քանի որ այդ պատմությունը լի է հայկական ներկայությունը հաստատող փաստերով: Քըլըչդարօղլուի անձի հետ կապված կա մեկ այլ հետաքրքիր մանրամասն ևս. օրերս հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ նա հայտարարեց, որ կինը իր մորաքրոջ աղջիկն է։ Էնդոգամիայի այս երևույթը մի կողմից կարելի է պայմանավորել աշիրեթային սովորույթներով, բայց մյուս կողմից՝ ենթադրյալ հայկական ծագմամբ մոր ազգականի հետ ամուսնությունը մտորելու տեղիք է տալիս։

Էթնիկ ծագման խնդիրը չի շրջանցվում նաև ներկայումս Թուրքիայում ընթացող աղմկահարույց Էրգենեքոն ահաբեկչական կառույցի դատավարության շրջանակներում։ Պարզվել է, որ ձերբակալվածներից մեկը` Հատուկ օպերատիվ վարչության պետի նախկին պաշտոնակատար Իբրահիմ Շահինը, հանձնարարություն է ստացել և աշխատել է տարբեր կուսակցություններում հայկական ծագում ունեցող մարդկանց հայտնաբերման և արձանագրման գործով։ Խուզարկության ժամանակ հայտնաբերված Շահինի նոթատետրում առկա է ցուցակ, որտեղ նշված են տվյալներ Թուրքիայի քաղաքական կյանքում բավական հայտնի մարդկանց էթնիկ ծագման մասին, որոնց համաձայն՝ Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ, Գորշ գայլեր) նախագահ Դևլեթ Բահչելին, Ժողովրդական հասարակարգ կուսակցության նախագահ Ահմեթ Թուրքը, ԱՇԿ պատգամավոր Մեհմեթ Շանդըրը, Մեհմեթ Էյմուրը հայկական ծագում ունեն:

Էթնիկ պատկանելության հիմքի վրա միմյանց մեղադրելը, ի դեպ, նոր երևույթ չէ թուրքական իրականության մեջ և, որքան էլ զարմանալի է, տարածված է հատկապես ռասիստ ազգայնամոլների շրջանում. տարբեր ժամանակաշրջաններում ամենակարկառուն ռասիստները միմյանց մեղադրել են ոչ թուրքական ծագում ունենալու մեջ: Հիշյալ թեմաների հանդեպ կոշտ և ծայրահեղական դիրքորոշում որդեգրած լրագրող Յուսուֆ Գեզգինը օրերս մամուլում հայտարարել է, որ թյուրքականության դիրքերից հանդես եկողներից, ավելին` այդ ուղղության հիմնադիրներից, գաղափարախոսներից և ոչ մեկը թուրք չէ։

Ակնհայտ է, որ Թուրքիայում էթնիկ ծագման հարցը ծավալվում և նոր դրսևորումներ է ստանում: Թուրք սոցիոլոգներից մեկը, անդրադառնալով լայնորեն շրջանառվող այս թեմային, իրավացիորեն երևույթը դասել է թուրքական հասարակության շրջանում տարածված հիվանդությունների շարքին:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր