• am
  • ru
  • en
Версия для печати
29.10.2009

ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԹՈՒՐՔԱՑՈՒՄԸ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

EnglishРуский

   

Ռուբեն Մելքոնյան

1.Ruben MelkonyanՎերլուծելով Թուրքիայի Հանրապետության ներքին քաղաքականության որոշակի դրսեւորումներ` կարող ենք նշել, որ դրանք, մեծ մասամբ, կրում են համատարած թուրքացման բնույթ: Նորաստեղծ Թուրքիայում տեղի էին ունենում տարատեսակ գործընթացներ, որոնք միտված էին միատարր թուրքական պետության ստեղծմանը։ Այս գործընթացը անխուսափելիորեն պետք է անդրադառնար նաեւ տեղանուններին, քանի որ Օսմանյան կայսրության տարածքում բազմաթիվ էին բնիկ ժողովուրդների լեզուներով անվանակոչված վայրերը, որոնք ուղղակի ապացույցն էին նրանց ներկայության։ Տեղանունները, միեւնույն ժամանակ, ցույց են տալիս պատմական անցյալը, այդտեղ բնակված ժողովրդի պատմության, մտածելակերպի մի շարք մանրամասներ: Այդ է պատճառը, որ միատարր Թուրքիայի Հանրապետության կայացման գործընթացում տեղանունների թուրքացմանը վերապահվել էր կարեւոր գործառույթ:

Ինչպես ընդհանրապես թուրքացման քաղաքականությունը, այնպես էլ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող տեղանունների թուրքացումը, նոր երեւույթ չէր եւ սկսվել էր ավելի վաղ։ Սակայն այդ քաղաքականությունն ավելի ընդգծված եւ համակարգված բնույթ ստացավ 19-րդ դարի կեսերից, որն ավելի խորացավ երիտթուրքերի տիրապետման ժամանակ։

Քեմալական Թուրքիայում տեղանունների փոփոխության առաջարկներ արվեցին դեռեւս 1920-ականների սկզբներին: 1922թ. անվանափոխվել են որոշ հայկական տեղանուններ, որոնք մինչ այդ էլ արդեն ենթարկվել էին աղավաղման, մասնավորապես` Մուքյուս անվանակոչված պատմական Մոկսը վերանվանվել եւ այսօր էլ կոչվում է Բահչեսարայ: 1928թ. անվանափոխվել եւ թուրքացվել են Էգեյան ավազանի հունական եւ Թուրքիայի հարավարեւելյան շրջանների հայկական տեղանունները։ Սակայն անվանափոխության ավելի լայն գործընթացը սկիզբ է առել 1940թ., երբ Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է թիվ 8589 շրջաբերականը, որտեղ հստակ նշվում է «օտար լեզուներից եւ արմատներից ծագող եւ գործածման մեջ թյուրընկալումների պատճառ հանդիսացող բնակավայրերի եւ տեղանունների» թուրքերեն անվանումներով փոփոխման անհրաժեշտության մասին: Դրանից հետո նահանգապետարանների կողմից պատրաստվել եւ նախարարություն են ուղարկվել «օտարալեզու» տեղանունները: Ուշագրավ է նաեւ այս գործընթացի ժամանակաշրջանը` 1940-ականները, երբ Թուրքիայում տեղի էին ունենում թուրքացման լայնածավալ գործընթացներ (օրինակ` տնտեսության), ոչ մուսուլման բնակչության հանդեպ տարատեսակ խտրականությունների կիրառում:

Տեղանունների թուրքացման կոնկրետ կիրառումը սկսվում է 1957թ., երբ հատուկ դրա համար ստեղծվում է «Տեղանունների փոփոխության մասնագիտական հանձնաժողով», որի մեջ ընդգրկվում են գլխավոր սպայակույտի, ներքին գործերի, պաշտպանության, կրթության նախարարությունների, Անկարայի համալսարանի լեզվական, պատմաաշխարհագրական ֆակուլտետների եւ «Թուրքական լեզվական ընկերության» ներկայացուցիչներ: Այստեղ եւս մի ուշագրավ նրբություն կա, այն է, որ չնայած այդ ժամանակահատվածում Թուրքիայում փոխվել էր իշխանությունը, սակայն թուրքացման քաղաքականության վրա դա որեւէ ազդեցություն չի ունեցել: Հիշյալ հանձնաժողովն աշխատել է մինչեւ 1978թ., որի ընթացքում ուսումնասիրվել են շուրջ 75 հազար տեղանուն եւ անվանափոխվել դրանցից 28 հազարը: Թուրք հետազոտող, Եփրատ համալսարանի դոցենտ Հարուն Թունչելը պնդում է, որ անվանափոխվել են ավելի քան 12 հազար գյուղերի անուններ, որոնք կազմում են ընդհանուր Թուրքիայի գյուղերի շուրջ 35 տոկոսը: Թունչելը պատրաստել է նաեւ անվանափոխված գյուղերի ցուցակը եւ դրանց քանակական բաշխումն ըստ նահանգների, որը ներկայացնում ենք ստորեւ.

Նահանգի անունը Գյուղերի թիվը Նահանգի անունը Գյուղերի թիվը
Ադանա 169 Իզմիր 68
Ադըյաման 224 Կարս 398
Աֆիոն 88 Կաստամոնու 295
Աղրը 374 Կեսարիա 86
Ամասիա 99 Քըրըքլարելի 35
Անկարա 193 Քըրշեհիր 39
Անթալիա 168 Քոջաելի 26
Արդվին 101 Կոնիա 236
Այդըն 69 Քյութահյա 93
Բալըքեսիր 110 Մալաթիա 217
Բիլեջիք 32 Մանիսա 83
Բինգյոլ
(Ճապաղջուր)
247 Մարաշ 105
Բիթլիս 236 Մարդին 647
Բոլու 182 Մուղլա 70
Բուրդուր 49 Մուշ 297
Բուրսա 136 Նևշեհիր 24
Չանաքքալե 53 Նիղդե 48
Չանքըրը 76 Օրդու 134
Չորում 103 Ռիզե 105
Դենիզլի 53 Սաքարիա 117
Դիարբեքիր 555 Սամսուն 185
Էդիրնե 20 Սիիրթ
(Սղերթ)
392
Էլյազիգ
(Խարբերդ)
383 Սինոպ 59
Էրզինջան
(Երզնկա)
366 Սեբաստիա 406
Էրզրում 653 Թեքիրդաղ 19
Էսքիշեհիր 70 Թոքաթ
(Եվդոկիա)
245
Գազիանթեփ 279 Տրապիզոն 390
Գիրեսուն 167 Թունջելի
(Դերսիմ)
273
Գյումուշհանե 343 Ուրֆա 389
Հաքքարի 128 Ուշաք 47
Հաթայ 117 Վան 415
Սպարտա 46 Յոզղաթ 90
Իչել 112 Զոնգուլդակ 156
Ստամբուլ 21 Ընդամենը` 12211

Ներկայացված ցուցակից ակնհայտ է դառնում, որ ամենաշատը տեղանունները փոխվել են Թուրքիայի արեւելյան, հարավարեւելյան եւ սեւծովյան շրջաններում, այսինքն` հիմնականում պատմական Հայաստանում, ինչպես նաեւ հունական տարածքներում: Թունչելի գնահատմամբ` հանձնաժողովն ուշադրություն է դարձրել, որ պարտադիր փոփոխվեն այն տեղանունները, որոնց բաղադրիչներից են կարմիր, զանգ, եկեղեցի բառերը, որոնք բացահայտ ցույց են տալիս դրանց ոչ թուրքական կամ ոչ մուսուլմանական ծագումը, իսկ կարմիր բառն ուներ նաեւ կոմունիստական երանգ: Ի դեպ, Թուրքիայի վարչապետ Էրդողանի ծննդավայրը Ռիզեի նահանգի Գյունեյսու գավառն է, որը մինչեւ այժմ էլ ժողովրդի շրջանում անվանվում է իր նախկին` ակնհայտ ոչ թուրքական անունով` Պոտոմիա:

Ներկայումս Թուրքիայում բավական ակտիվ քննարկվում է տեղանունների փոփոխման գործընթացը, եւ այս քննարկումներին մասնակցում են երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները` իհարկե, փորձելով այս գործընթացում իրենց քաղաքական հաշվարկներն ու շահերը մտցնել: Այսպես, բոլորովին վերջերս Թուրքիայի նախագահ Գյուլը արեւելյան շրջաններ կատարած այցի ժամանակ, մի հանդիպմանը հայտարարել է, որ ներկայումս Գյուրօյմաք անվանված գավառի անունն իրականում Նորշեն է: Նրանից հետ չի մնացել նաեւ վարչապետ Էրդողանը` նշելով, որ Մանազկերտը հայերեն բառ է: Այս ամենը դարձել է նաեւ ներքաղաքական խնդիր եւ առիթ տվել ընդդիմությանը քննադատել իշխանություններին: Այս հարցում, ինչպես միշտ, ակտիվ է Ազգայնական շարժում կուսակցությունը, որի ղեկավար Դեւլեթ Բահչելիի եւ վարչապետ Էրդողանի միջեւ սկիզբ է առել հեռակա բանավեճ: Մասնավորապես Դեւլեթ Բահչելին, մեղադրելով իշխանություններին, հեգնել է, թե միգուցե փոխենք նաեւ Ստամբուլի անունը եւ այն կոչենք Կոստանդնուպոլիս:

Հարկ է նշել, որ անվանափոխությունները չեն շրջանցել նաեւ Ստամբուլը, որտեղ հիմնական շեշտը դրվել է «օտարահունչ» փողոցների անվանափոխության վրա։ Ստամբուլում փողոցների անվանումների թուրքացումը սկսվել է 1927թ., եւ հիմնական թիրախներն են եղել հունական, հայկական թաղամասերը: Պետք է ասել, որ Ստամբուլի փողոցների եւ թաղամասերի անվանափոխման մեջ որոշակի միտումներ ակնհայտ են. մասնավորապես այն թաղամասերում, որտեղ ավելի հոծ ապրում են հայեր, հույներ, գերիշխում են ազգայնամոլական տեղանուններ կամ, այսպես կոչված, «սիմվոլիկ սպառնալիք» պարունակող անվանումներ: Այստեղ հարկ ենք համարում խոսուն օրինակ բերել. մի պոլսահայ, անդրադառնալով Ստամբուլի որոշ փողոցների եւ թաղամասերի անվանափոխման խնդրին, պատմել է. «Ես ապրում եմ Քուրթուլուշում, տունս Էրգենեքոն թաղամասում է` Թուրքբեյ փողոցում, քվեարկելու համար գնում եմ Թալեաթ փաշայի անվան դպրոց»: Ըստ ներկայումս կատարվող հետազոտությունների առաջին արդյունքների, Ստամբուլում մինչեւ 1954թ. թուրքացվել է շուրջ 100 փողոցի եւ թաղամասի անվանում։

Հարկ է նշել, սակայն, որ չնայած թուրքական պետության գործադրած ջանքերին` մինչեւ օրս էլ որոշ հայկական տեղանուններ շարունակում են գործածվել իրենց հին` թեկուզ եւ աղճատված, ձեւերով: Օրինակ` Մուշի Ցրոնք գյուղը (անվանափոխված է Քըրքյոյ) ժողովուրդը ներկայումս էլ կոչում է Սրոնք, Հացեկացը` Հասիկ, եւ նման օրինակները բազմաթիվ են: Սա ցույց է տալիս, որ հասարակ ժողովուրդը դեռ չի յուրացրել նոր անվանումները, եւ, միեւնույն ժամանակ, հայկական տեղանունների շարունակվող կիրառման մեջ պատմական հիշողության տարրեր կան:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր