«ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ. ՀԱՅԱՍՏԱՆԸ «ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ» Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ

Եվրահանձնաժողվի` 2008թ. դեկտեմբերի 3-ին ներկայացրած հետխորհրդային վեց երկրների1 հետ Եվրամիության համագործակցության ծրագիրը («Արևելյան գործընկերություն», հետագայում` Ծրագիր) նոր փուլ է նշանավորում եվրաինտեգրման ընդլայնված տարածքի ծայրամասերի ու կենտրոնի հարաբերություններում:
Ծրագրի հրապարակումից հետո սկսված քննարկումները հետխորհրդային վեց երկրների առջև բացված ԵՄ մտնելու (թեև ոչ մոտ ժամանակներս) հնարավորությունների առնչությամբ մակերեսային բնույթ ունեն և չեն արտացոլում եվրաատլանտյան տարածքի գլխավոր կենտրոններում ձևավորվող պրագմատիկ նպատակները:
Ծրագրի տեքստի առաջին նախադասություններն իսկ ձևակերպում են դրա ընդհանուր նպատակային ուղղվածությունը, այն է` Եվրամիության շուրջ ապահովել անվտանգության և կայունության գոտի, ինչը միացյալ Եվրոպայի համար «կենսականորեն կարևոր շահ» է հանդիսանում. «Եվրամիությունից արևելք գտնվող երկրների կայունության, առավել արդյունավետ պետական կառավարման և տնտեսական զարգացման ապահովումը նրա կենսականորեն կարևոր շահերի թվին են պատկանում»:
Այնտեղ, ուր խոսվում է շահերի կենսական կարևորության մասին, նկատի է առնվում հենց այն սուբյեկտի անվտանգության ու կայուն զարգացման ապահովմանն ուղղված գործողությունների ռազմավարությունը, որը կարիք ունի իր` նման բնույթի շահերի իրագործման: Սրա հաստատումն են Անվտանգության եվրոպական ռազմավարության որոշ դրույթներ, որոնք, ի դեպ, Եվրախորհրդի հավանությանն են արժանացել ուղիղ 5 տարի առաջ այն օրից, երբ նույն կերպ (ԵԽ գագաթաժողովը Բրյուսելում պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով) և նույն օրը (դեկտեմբերի 12-ին) հավանության արժանացավ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը: 2003թ. Անվտանգության եվրոպական ռազմավարության երկրորդ` «Ռազմավարական նպատակներ» բաժնում առանձնացված են դրույթներ, որոնք խմբավորված են «Անվտանգության ապահովումը մեր շուրջ» («Building Security in our Neighbourhood») վերնագրի տակ, որոնց մեջ առանձնապես հիշատակվում է Հարավային Կովկասի տարածաշրջանը. «Մենք պետք է ավելի զգալի և ակտիվ հետաքրքրություն ցուցաբերենք Հարավային Կովկասի հիմնախնդիրներին, որը շուտով նույնպես կդառնա մեզ սահմանակցող տարածաշրջան»:
ԵՄ, ինչպես նաև եվրաատլանտյան այնպիսի խոշոր ռազմաքաղաքական կազմակերպության ռազմավարական ծրագրերում, ինչպիսին է ՆԱՏՕ-ն, անվտանգության եվրոպական համակարգի միջուկը (կենտրոնը) տարածքային չափման առումով կազմում են ԵՄ «հին» պետությունները, ծայրամասերը ձևավորում են վերջինի նոր անդամները, ինչպես նաև Միություն մտնելու պոտենցիալ հավակնորդները: Կան շատ պատճառներ, որոնք թույլ են տալիս Ծրագիրը մեկնաբանել որպես եվրաատլանտյան նախագիծ եվրաինտեգրման կենտրոնի շուրջ անվտանգության գոտու ծայրամասային ապահովման ոլորտում: Դա առանձնպես դրսևորվեց 2008թ. օգոստոսին հարավօսական զինված հակամարտության թեժացումից հետո Ծրագրի կոնկրետ դրույթների ձևակերպման գործընթացի արագացմամբ:
Եվրոպական առաջատար փորձագետների գնահատականների համաձայն` Ծրագիրը նախագիծ է եվրաատլանտյան անվտանգության ոլորտում, որտեղ որպես «պիլոտ» երկիր և, միաժամանակ, գլխավոր շահագրգիռ ակտոր հանդես է գալիս Գերմանիան: Գաղտնիք չէ, որ ԵՄ առավել ազդեցիկ աշխարհամասային երկրների` Ֆրանսիայի և Գերմանիայի միջև որոշակի մրցակցություն գոյություն ունի եվրոպական աշխարհամասում աշխարհաքաղաքական կառույցների մշակման և իրագործման ասպարեզում: Ավելին, վերջին իրադարձությունները թույլ են տալիս խոսել երկու երկրների միջև ինչ-որ ռազմավարական պայմանավորվածության մասին (հնարավոր է` գաղտնի, ինչպես ասում են` լուռ համաձայնությամբ) նման կառույցների ձևավորման տարածքային տարբեր ուղղություններում «աշխատանքի բաժանման» շուրջ. Ֆրանսիան զբաղվում է հարավային ուղղությամբ (Միջերկրածովյան նախաձեռնություն), Գերմանիան` արևելյան:
Գերմանիան կարողանում է ընդհանուր լեզու գտնել ինչպես եվրոպացիների համար բարդ արևելյան գործընկերների (օրինակ` Ռուսաստանի), այնպես էլ այլ` ազդեցությամբ իրեն համազոր արևմտյան եվրոպական տերությունների հետ: Վերջինի ցցուն օրինակ է 2007-2008թթ. առկա իրադրությունը, երբ Ֆրանսիան անմիջական քայլեր ձեռնարկեց միջերկրածովյան միություն ստեղծելու նպատակով:
2007-2008թթ. սահմանագծին ֆրանս-գերմանական հարաբերությունների փորձաքար դարձավ Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզիի գաղափարը Միջերկրածովյան միության ստեղծման մասին: Աշխարհառազմավարական տեսակետից այդ նախաձեռնությունը Ֆրանսիայի համար նույն նշանակությունն ունի, ինչ և դեպի Արևելք ԵՄ ընդլայնումը` Գերմանիայի: Այդ ընդլայնման արդյունքում Գերմանիան ամրապնդեց իր դիրքը ԵՄ կենտրոնում, իսկ Ֆրանսիան որոշակի չափով տեղափոխվեց դեպի նրա ծայրամաս: Պաշտոնական Բեռլինի կարծիքով` համագործակցությունը ԵՄ-ից անջատ Միջերկրածովյան միությունում, որը, սակայն, օգտագործում է ԵՄ ֆինանսական հնարավորությունները, կարող է հանգեցնել ԵՄ միջուկի փլուզման: Պայքարը շարունակվեց գրեթե կես տարի և զգալի վնաս հասցրեց ֆրանս-գերմանական հարաբերություններին: Ի թիվս այլոց, հարաբերությունների բարդացումն արտահայտվեց նաև նրանով, որ Ն.Սարկոզին հրաժարվեց դեռևս Հ.Շրյոդերի և Ժ.Շիրակի սահմանած ֆրանս-գերմանական խորհրդատվությունների ավանդական ութշաբաթյա ռիթմից:
Թեև այն ժամանակ Ա.Մերկելը հանդես եկավ ԵՄ այն երկրների անունից, որոնք ելք չունեին դեպի Միջերկրական ծով, Գերմանիայի կանցլերի և Ֆրանսիայի նախագահի «սակարկություններն» անց էին կացվում երես առ երես, գաղտնի պայմաններում: Որպեսզի թույլ չտրվի, որ նախագիծն իրականացվի նախնական մտահղացմանը համապատասխան, Ա.Մերկելը պաշտպանեց Ն.Սարկոզիի գաղափարը, բայց առաջ քաշեց իր պահանջները. նոր միությունը պետք է ունենա համաեվրոպական կարգավիճակ, և ԵՄ անդամ բոլոր երկրները, առանց բացառության, պետք է մասնակցեն դրան:
Հետագայում ձեռք բերված ֆրանս-գերմանական փոխզիջման արդյունքում Ն.Սարկոզիի նախագիծը ստացավ «Միություն հանուն Միջերկրածովի» անվանումը: Դրանում ընդգրկված են ԵՄ բոլոր անդամ երկրները: Ն.Սարկոզիի մտածած կազմակերպությունների ցանցի (Միջերկրածովի պետությունների միություն, Միջերկրածովյան բանկ) փոխարեն միությունը հենվելու է ոչ մեծ քարտուղարության և երկու լիազորների (ԵՄ-ից և հարևան հարավային երկրներից) վրա2:
Եվրոպական գործերում Գերմանիայի կենտրոնական դերը, այս բնորոշման աշխարհագրական և ռազմավարական ընկալմամբ, ընդունվում է ինչպես միացյալ Եվրոպայի աշխարհամասային մասում, այնպես էլ ԵՄ խոշորագույն կղզեպետությունում` Մեծ Բրիտանիայում: Այսպես, 2001թ. բրիտանական Բի-Բի-Սի-ն գրում էր, որ եվրոպական աշխարհամասում Գերմանիան իսկապես կենտրոնական «դեմք» է, և ոչ միայն շնորհիվ իր աշխարհագրական դիրքի: 80 միլիոն բնակչություն ունեցող Գերմանիան շրջապատված է ԵՄ գրեթե բոլոր անդամներով: Ավելին, այն մյուսներից լավ տրանսպորտային և առևտրային կապեր ունի Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրների հետ3:
Մեզ, ամենից առաջ, պետք է հետաքրքրի Ծրագրի հայկական հեռանկարը: Հարց է ծագում. եթե այդ նախագիծն իր բնույթով հիմնականում վերաբերում է անվտանգության ոլորտին և դրա իրականացման համար պատասխանատվություն է կրում և խիստ շահագրգիռ է Գերմանիան, ապա ո՞րն է հեռանկարը Հայաստանի համար և ո՞րն է նրա տեղը եվրաատլանտյան ակտորների ռազմավարական պլաններում` սույն Ծրագրի շրջանակներում:
Պատահական չէ, որ խոսում ենք եվրաատլանտյան ակտորների մասին, քանի որ ցանկացած նախագիծ Եվրոպայում, եթե ըստ էության անվտանգության ապահովման նպատակ է հետապնդում եվրոպական աշխարհամասում, ներկա փուլում արդյունավետ ապագա չի ունենա` առանց ատլանտյան այնպիսի ակտորների մասնակցության, ինչպիսին են ԱՄՆ-ը և, մասամբ, Մեծ Բրիտանիան:
Այն, ինչ գտնվում է Ծրագրի «մակերեսին», խիստ կարևոր է Հայաստանի համար. ԵՄ-ի հետ քաղաքական փոխգործակցության մակարդակի բարձրացում, հետագա ինտեգրում եվրոպական տնտեսական տարածքին, մասնակցություն էներգետիկ անվտանգության ապահովմանը Եվրոպայի և Ասիայի հատման կետում, ֆինանսական օգնության ավելացում: Բայց կա ևս մեկ բան, ինչը պետք է ի ցույց հանվի և զարգացվի հայկական հեռանկարի վերաբերյալ Ծրագրի խորքային ռազմավարական կողմնորոշման համատեքստում:
Փորձենք ձևակերպել այդ հեռանկարի` մեր կարծիքով առավել կարևոր դրույթները.
1. Հայաստանը հատուկ ֆունկցիոնալ տեղ ունի եվրաատլանտյան ռազմավարական մշակումներում: Այդ տեղը որոշվում է նրա աշխարհագրական դիրքի և Ծրագրի գործողության հարավկովկասյան ճյուղում առավել մարտունակ ու մոբիլ զինված ուժերի առկայության օբյեկտիվ գործոններով: Խոսքը հենց Հայաստանի մասին է` որպես աշխարհաքաղաքական միավորի, ամբողջական կազմավորման Հարավային Կովկասում, որը հանձին իրեն միավորում է Հայաստանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ, առավել ևս, Վրաստանը ի վիճակի չեն տեսանելի հեռանկարում մրցակցել Հայաստանի հետ այս ֆունկցիոնալ տարածքում: Հայաստանը օբյեկտիվորեն փաստարկված հավակնություններ ունի հարևան երկրներից յուրաքանչյուրի հանդեպ (բացի Իրանից) տարածքային և/կամ հայրենակիցների իրավունքների ոտնահարման առումով, ինչը եվրաատլանտյան ակտորների աչքին բարձրացնում է նրա աշխարհաքաղաքական արժեքը:
2. Հայաստանի առնչությամբ Ծրագրի իրագործման շրջանակներում առավելագույն հնարավոր չափով անհատական մոտեցում կցուցաբերվի4, որը կկարողանար հարաբերակցել հետևյալ գործոնները. Ռուսաստանի հետ հատուկ հարաբերությունների առկայություն և, միաժամանակ, անվտանգության ոլորտում եվրաատլանտյան համատեղ ծրագրերում մասնակցության ակտիվ ջանքեր: Նշված հարաբերակցությունն այսօր արդեն այնքան է արտահայտված, որ ՆԱՏՕ կառույցներում բացահայտ խոսում են Հայաստանին հնարավոր օժանդակության մասին եվրաատլանտյան չափանիշներին համապատասխան նրա բանակն արդիականացնելու գործում:
Սրանում Հայաստանի համար որևէ դատապարտելի բան չկա, ինչպես կարող է թվալ ՀԱՊԿ-ին նրա անդամակցությունը և Ռուսաստանի հետ սերտ ռազմատեխնիկական կապերը նկատի ունենալով: Իրենք` ռուսաստանցի պաշտոնատարները, չնայած երկրի` վերջին տարիներին վարած հականատօական արտաքին քաղաքական գծին, հայտարարում են նման համագործակցության հնարավորության մասին Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների միջև: Այսպես, Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության փոխտնօրեն Կ.Բրյուլինի գնահատմամբ` ռազմատեխնիկական ոլորտում Ֆրանսիայի և արևմտաեվրոպական այլ երկրների հետ փոխգործակցություն իրականացնելիս համագործակցության հեռանկարային ուղղություններ կարող էին լինել համատեղ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների անցկացումը արդի սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մշակման ոլորտում, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի համատեղ արտադրությունը և արդիականացումը` ի շահ երրորդ երկրների, ռուսական արտադրության սպառազինությունների և ռազմական տեխնիկայի արդիականացումը, այդ թվում և ՆԱՏՕ ստանդարտներով` նպատակ ունենալով բարձրացնել դրանց մարտական կիրառման արդյունավետությունը և երկարացնել շահագործման ժամկետը5:
Հայաստանի համար ԵՄ-ի հետ արտաքին և ներքին քաղաքական ուղղությամբ համագործակցության առումով հայեցակարգային հեռանկար կարող էր համարվել ընդգրկումը ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության (Common Foreign and Security Policy, CFSP) ու վերջինի մաս կազմող Անվտանգության և պաշտպանության եվրոպական քաղաքականության (European Security and Defence Policy, ESDP) մեջ: Այս գաղափարը Հարևանության եվրոպական քաղաքականության ընդգրկած երկրների նկատմամբ փորձագիտական մակարդակով առաջարկվել է 2006թ. հայտնի բրիտանացի վերլուծաբան Չառլզ Գրանտի6 կողմից (Լոնդոնի եվրոպական ռեֆորմների կենտրոն) և, իհարկե, մանրամասն մշակման կարիք ունի: Գաղափարը, մեր կարծիքով, ուշագրավ է` նկատի ունենալով Հայաստանի դերի առանձնահատկությունը հարավկովկասյան տարածաշրջանում և նրա ընդհանուր սահմանները ԵՄ-ի համար կարևոր այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը:
3. Եթե Հայաստանը եվրաատլանտյան կառույցների կողմից դիտարկվեր որպես «ագրեսոր երկիր» Ղարաբաղյան հակամարտության համատեքստում, ինչն ապարդյուն ջանում է ապացուցել Ադրբեջանը, խոսք անգամ լինել չէր կարող Հայաստանի զինված ուժերի արդիականացման կամ նրա հետ պաշտպանական ոլորտում որևէ էական համագործակցության մասին: Նման առաջարկներն արվում են այն ժամանակ, երբ եվրաատլանտյան կողմի համար շատ հարցեր արդեն լուծված են, բայց անհրաժեշտ է պահել քաղաքական զուգակշռությունը կարևոր էներգետիկ գործընկերների հետ:
4. Եվրոպային և նրա ատլանտյան գործընկերներին էներգետիկ անվտանգություն է անհրաժեշտ, ինչը նշանակում է` անխոչընդոտ տարանցման ապահովում և էներգետիկ ենթակառուցվածքի անձեռնմխելիություն, որը կապահովի այդ տարանցումը: Ծրագրի համար Հարավային Կովկասն առաջին հերթին այդ տարանցման ապահովումն է: Այնպիսի երկրի դերը, ինչպիսին Ադրբեջանն է` որպես էներգակիրների պրոդուցենտի, ռազմավարական հեռանկարում ավելի էական չէ արտաքին սպառողի համար, քան էներգետիկ երթուղիների անխոչընդոտությունն ու անձեռնմխելիությունն ապահովող այնպիսի երկրինը, ինչպիսին Հայաստանն է:
Մատակարարումների ապահովման էներգետիկ կտրվածքով Ծրագիրը կողմնորոշված է դեպի կենտրոնաասիական տարածաշրջանի ռեսուրսները: Դա հատկապես զգալի է` հաշվի առնելով Գերմանիայի դերը ինչպես Ծրագրի «Արևելյան գործընկերության», այնպես էլ, առանձնապես, ԵՄ-ի և Կենտրոնական Ասիայի միջև «Նոր գործընկերության ռազմավարության» (որը հավանության արժանացավ 2007թ. հունիսի 22-ին ԵՄ գագաթաժողովում) մշակման մեջ7:
5. Հայաստանը եվրաստանդարտների, ինստիտուցիոնալ սկզբունքների և պետական զարգացման մոդելների ընկալման և ներդրման հարցում անկեղծորեն շահագրգռված է: Ի տարբերություն Ծրագրի այլ մասնակից երկրների (ընդ որում` ոչ միայն Հարավային Կովկասում) Հայաստանի համար դա սկզբունքային հարց է «հենց իր» («իրեն ապացուցելու»), այլ ոչ թե «ուրիշների» և, համապատասխանաբար, «ուրիշներին համոզելու համար»:
Նկատի ունենալով Հայաստանի ռազմավարական նպատակները եվրոպական քաղաքական և տնտեսական տարածքում ինտեգրվելու, ատլանտյան գործընկերների հետ հարաբերությունների զարգացման առումով` նրա համար Ծրագիրը, ինչպես նաև մինչ այդ ընդունված Հարևանության եվրոպական ծրագիրը, սկզբունքայնորեն կարևոր է հայեցակարգային իմաստով, քանի որ ենթադրում է ինտեգրման գործընթացների օգտագործում կայուն տարածաշրջանային զարգացման հասնելու նպատակով: ԵՄ-ը դա հստակ գիտակցում է և օբյեկտիվորեն գնահատում, ինչը նշանակում է, որ այն ռազմավարապես շահագրգռված է, որ Հայաստանը եվրոպական հաջողություն ունենա:
1Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա: Բելառուսի մասնակցությունը կախվածության մեջ է դրվել մինչև գարուն սպասվող ժողովրդավարացման ներքաղաքական առաջընթացից:
2Տե´ս Л.М. Воробьева, О перспективах развития ЕС // Политика в XXI веке: вызовы и реалии. Аналитический альманах (под ред. Е.М. Кожокина), Российский институт стратегических исследований, М., 2008, № 9 (19), сс. 38-41.
3Роль Германии в Македонии и Европе, http://news.bbc.co.uk/hi/russian/press/newsid_1514000/1514411.stm., 29.08.2001.
4Ինչպես նշում են փորձագետները, Հարավային Կովկասին համալիր-տարածաշրջանային կամ սիմետրիկ մոտեցումն ըստ էության պարզեցված է և արհեստականացված ու կարող է խոչընդոտ հանդիսանալ եվրոպական գործընկերության խորացմանը (Юлия Кудряшова, Государства Южного Кавказа в Европейской политики соседства // Внутренние и внешние факторы в динамике современного развития Кавказа, Аналитические записки Научно-координационного совета по международным исследованиям МГИМО (У) МИД России, Выпуск 6 (35), май 2008, с. 32).
5Россия намерена развивать военно-техническое сотрудничество с Францией, http://www.prime-tass.ru/news/show.asp?id=831166&ct=news, 27.10.2008.
6Charles Grant, Europe’s Blurred Boundaries. Rethinking enlargement and neighbourhood policy, Center for European Reform, October 2006.
7Հայաստանի դերն այս ուղղությամբ միջազգային ճանաչում է ստանում և տեղ գտնում միջազգային կառույցների կոնկրետ փաստաթղթերում: Այսպես, 2008թ. հոկտեմբերի 2-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընթացիկ` 63-րդ նստաշրջանում տարածվեց «Էներգակիրների հուսալի տարանցումը և դրա դերը կայուն տնտեսական զարգացման և միջազգային համագործակցության ապահովման գործում» բանաձևի նախագծի տեքստը (A/C.2/63/L.3), որը նախաձեռնել էին հետևյալ երկրները. Հայաստան, Բելառուս, նախկին հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Վրաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Թուրքիա և Ուզբեկստան: Բանաձևի նախագիծը հավանության արժանացավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նիստում, 2008թ. դեկտեմբերի 19-ին (A/RES/63/210):
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ՌՈՍՆԵՖՏ». ՆՈՐ ԲԻԶՆԵՍ-ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[28.04.2014]
- ՆԱԽԿԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ[15.12.2011]
- ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. ԵՐԵՔ ՍԿԶԲՈՒՆՔ, ՎԵՑ ԴՐՈՒՅԹ ԵՎ «ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈ ՊԼՅՈՒՍ»[13.10.2011]
- ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ[30.03.2011]
- ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ» ԴՐԱԿԱՆՆ ՈՒ ԲԱՑԱՍԱԿԱՆԸ ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ[10.02.2011]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԱՄՆ ԵՎ ԵՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ[14.12.2010]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ[25.10.2010]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐ[06.07.2010]
- ԷՐԴՈՂԱՆԻ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ. ԹՈՒՐՔԵՐՆ ԱՎԵԼԻՆ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ[12.03.2010]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ. ՊԱՅՔԱՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ[02.02.2010]
- «ՍԵՎԾՈՎՅԱՆ ՍԻՆԵՐԳԻԱ» ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ[24.12.2009]