
ՆԱԽԿԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
Միխայիլ ԱղաջանյանՂարաբաղյան հակամարտության գծով փորձագետ
Ղարաբաղյան հակամարտության և նրա երկարատև կարգավորման ճանապարհների բովանդակությունը համարժեք ներկայացնելու առավել առարկայական և, միևնույն ժամանակ, սկզբունքային հարցերից է նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում երկու պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) և Ադրբեջանի Հանրապետության (ԱՀ) կազմավորումը։
Հայ և ադրբեջանցի փորձագետների հեռակա բանավեճերում, որոնք անդրադառնում են Ղարաբաղյան հակամարտության և նրա կարգավորման քաղաքական և իրավական ասպեկտների բավական լայն շրջանակի, այս հարցը հանգամանալի վերլուծության չի արժանացել, թեև, մեր կարծիքով, հարցի հենց «խաչաձև» փորձագիտական քննարկումն է, որ կարող է պարզություն մտցնել հակամարտության կարգավորման շուրջ հետագա քննարկումներում։
Այս հարցի իրավական ասպեկտների մասին գիտահետազոտական դիրքերից շատ է խոսվել և գրվել։ Իսկ հարցի քաղաքական բաղադրիչը, որքան էլ տարօրինակ է, չնայած միջազգային միջնորդների ընկալմամբ՝ թվում է, թե կայացած այն դրույթին, թե հակամարտությունը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, բավական «հում» է թվում։ Միևնույն ժամանակ, պետք է նշել քաղաքական և իրավական հարցերի սերտ փոխկապվածության մասին այն դեպքերում, երբ փորձում ենք հետազոտական դիրքերից մոտենալ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում երկու նոր պետությունների առաջացման օբյեկտիվ իրողությունն ըմբռնելուն։
Երկու պետությունների կազմավորման հարցում հայկական դիրքորոշումն ընդհանուր գծերով, Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պետական մակարդակով և միջազգային բարձր ամբիոնից, ներկայացվել է 2004թ. ամռանը, Հայաստանի Հանրապետության նախագահ Ռ.Քոչարյանի՝ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ունեցած հայտնի ելույթում։ Ռ.Քոչարյանը Ստրասբուրգում նշեց. «ԽՍՀՄ փլուզման արդյունքում նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում կազմավորվեցին երկու անկախ պետություններ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը։ Այս պետությունների գոյության իրավական հիմքերը նույնն են»։
Իսկ կարելի՞ է արդյոք նույնն ասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կազմավորման քաղաքական հիմքերի առումով։
Հարցի պատասխանն անհնար է տալ՝ առանց 20 տարով հետ գնալու. 1991 թվական, երբ իրավական այն փաստաթղթերի ընդունումից հետո, որոնք հռչակում էին ԼՂՀ և ԱՀ կազմավորումը, վերջինի կողմից մեծածավալ քաղաքական և ռազմական գործողություններ ձեռնարկվեցին՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ իր հետագա քաղաքական ճակատագիրը տնօրինելու կամքն ու իրավունքը ճնշելու համար։ «1991թ. աշուն-ձմեռ» նմուշի Ադրբեջանն ամեն ինչ արեց, որպեսզի քաղաքական և ռազմական ճանապարհներով ճնշի Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի հռչակած ԼՂՀ-ն, ընդ որում, ինչը շատ կարևոր է հարցի օբյեկտիվ ընկալման համար, դա անել նախքան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հռչակումը։ Ի տարբերություն Ադրբեջանի Հանրապետության, որն անկախության հռչակմամբ հրաժարվեց Ադրբեջանական ԽՍՀ իրավական ժառանգությունից, և որն իր նախորդն է համարում 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 1991թ. սեպտեմբերի 2-ի Հռչակագրով հռչակեց ԼՂՀ կազմավորումը, բայց ոչ ԽՍՀՄ իրավական տարածքից և, առավել ևս, ոչ այդ Միությունից դուրս գալը, որը դե յուրե դեռ շարունակում էր իր գոյությունն այդ պահին1։
Ադրբեջանի ղեկավարների 1991թ. աշնան-ձմռան ագրեսիվ տրամադրվածությունը վկայում էր, որ նրանք ընդհանրապես չեն ցանկանում Լեռնային Ղարաբաղի հետ հակամարտության քաղաքական կարգավորումը։ 1991թ. օգոստոսի 30-ին սեփական անկախությունը հռչակելուց հետո, որին հաջորդեց (քաղաքական և իրավական առումներով համարժեք) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության Հռչակագիրը 1991թ. սեպտեմբերի 2-ին, ԼՂՀ-ի հետ համատեղ հակամարտությունը քաղաքական կարգավորման կառուցողական հուն մտցնելու փոխարեն Ադրբեջանը որդեգրեց դրա առավելագույն սրման ուղեգիծը։ Ադրբեջանը կարող էր դիմել հակամարտությունն իրավական հիմքով լուծելու քաղաքական միջոցների, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ իր տարածքում հանրաքվե անցկացնելով, բայց դրա փոխարեն իր առաջին օրենսդրական փաստաթղթերից մեկով վերացրեց Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակների ինքնավարությունը (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ, ԼՂԻՄ), որդեգրեց հակամարտության ռազմաքաղաքական սրման ուղին՝ հույս ունենալով օգտվել անցումային ժամանակաշրջանի իրավիճակից և հարցը լուծել ռազմական շրջանի մեթոդներով։ Արդյունքը դարձավ 1991-94թթ. պատերազմը, որի հետևանքները, Ադրբեջանի կողմից դրա սանձազերծման պատճառների հետ մեկտեղ, չեն կարող հաշվի չառնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կազմավորման քաղաքական հիմքերի հարցը քննարկելիս։
Ընդհանուր առմամբ, իրադարձությունների զարգացման պատճառահետևանքային շղթան նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում երկու նոր պետությունների կազմավորման հարցի քաղաքական չափման մեջ կարելի է ներկայացնել հետևյալ կերպ։
Ադրբեջանական ԽՍՀ-ում ադրբեջանցիների կողքին Խորհրդային Ադրբեջանի պետականակերտ ազգ լինելով՝ հայերը ենթարկվել են խտրականության իրենց քաղաքական և իրավական իրավունքների հարցերում։ Ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլին նախորդող շրջանում այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, երբ սոցիալական իր մակարդակով ավելի զարգացած հայ պետականակերտ էթնոսն Ադրբեջանական ԽՍՀ-ում խտրականության էր ենթարկվում քաղաքական հնարավորությունների հարցում, ինչը դրսևորվում էր, առաջին հերթին, նրանով, որ հայերին թույլ չէին տալիս մասնակցություն ունենալ իշխանության հանրապետական քաղաքական ինստիտուտներում։ Ադրբեջանական ԽՍՀ տարածքում առաջին հերթին խախտվում էին հայերի քաղաքական իրավունքները։ Ինչպես հայտնի է, քաղաքական իրավունքներն ապահովում են պետության և հասարակության գործերի կառավարմանը քաղաքացիների մասնակցության հնարավորությունը։ Ի տարբերություն անձնական իրավունքների, քաղաքական իրավունքներն ուղղված են ոչ թե մարդու ինքնուրույնության ապահովմանը, այլ որպեսզի նա դրսևորվի որպես ներպետական քաղաքական գործընթացի ակտիվ մասնակից։ Քաղաքական իրավունքներ, որպես կանոն, ունենում են միայն տվյալ պետության քաղաքացիները, այսինքն՝ դրանք կապվում են կոնկրետ պետության քաղաքացիությանը պատկանելության հետ։ Կարևոր է, որ «քաղաքական իրավունքները քաղաքացիների մյուս բոլոր իրավունքների իրականացման անբաժանելի պայմանն են, քանի որ դրանք կազմավորում են դեմոկրատիայի համակարգի հիմքը և հանդես են գալիս որպես իշխանության հանդեպ վերահսկողության միջոց»2։
Միութենական հանրապետության հայ ժողովրդի իրավունքները Ադրբեջանական ԽՍՀ հանրապետական մասշտաբով կարգավորված «էթնիկական ֆիլտրի» համակարգում քաղաքական առումով խախտվում էին հիմնականում վարչական-կուսակցական պաշտոններ զբաղեցնելու հարցում։ Այդ համակարգը խտրականության էր ենթարկում հայ էթնոսին, ոտնահարում նրա իրավունքները՝ սահմանափակելով էթնոսի կոնկրետ ներկայացուցիչների քաղաքական իրավունքները։ Ադրբեջանական ԽՍՀ հայերի անհատական քաղաքական իրավունքների խախտումները հանգեցրին այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի հայերն առաջ քաշեցին հանրապետության կազմից դուրս գալու իրենց հավաքական իրավունքը, հանրապետություն, որի շրջանակներում տեղի էր ունենում էթնոսի ներկայացուցիչների և բուն էթնոսի անհատական և հավաքական խտրականությունը։ Ադրբեջանական ԽՍՀ-ում հետևողականորեն անցկացվում էր կուսակցական և պետական ապարատի, հանրապետության վարչական մարմինների ադրբեջանականացման գիծը, այսպես կոչված «բնիկացման» քաղաքականությունը, որն սկսվել էր 1920-ական թթ. և հաջողությամբ շարունակվել Խորհրդային Ադրբեջանի գոյության հետագա տարիներին3։
1980-ական թթ. երկրորդ կեսին Ղարաբաղյան հակամարտության վերսկսման ակտիվ փուլում հստակ ներկայացվեցին քաղաքական բնույթի հետևյալ բաղադրիչները.
- սկզբից ևեթ միութենական հանրապետության պետականակերտ էթնոս լինելով՝ Ադրբեջանական ԽՍՀ հայ ժողովուրդը՝ հանձին Լեռնային Ղարաբաղի հայերի, որպես պետականակերտ ազգի իրավունքների կրող, հանդես եկավ որպես Ադրբեջանական ԽՍՀ կազմում իր գտնվելու վերանայման հավաքական նախաձեռնող,
- որպես նման նախաձեռնության հիմնական պատճառներից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի հայերն առաջ քաշեցին Ադրբեջանական ԽՍՀ պետականակերտ ազգի իր իրավունքների խախտման փաստը։
Մենք հաճախ ենք դիմում Ադրբեջանական ԽՍՀ հայ ժողովրդի՝ որպես սկզբից ևեթ միութենական այդ հանրապետության պետականակերտ ազգ լինելու սահմանմանը ԽՍՀ Միության կազմում։ Ի հաստատումն դրա կարելի է բերել հետևյալ փաստարկումը։
Ադրբեջանական ԽՍՀ-ն ստեղծվել է որպես մուսուլմանների (կովկասյան թաթարների) և հայերի խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ինչի հաստատումն է նաև 1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կավբյուրոյի հայտնի որոշման համապատասխան՝ Ադրբեջանական ԽՍՀ վարչական սահմաններում Լեռնային Ղարաբաղի ներառման քաղաքական պատճառաբանումը. «մուսուլմանների և հայերի միջև խաղաղության հաստատման անհրաժեշտությունից ելնելով»։ ՌԿ(բ)Կ Կավբյուրոն 1921թ. փաստորեն հայերին և մուսուլմաններին ընդունել է իբրև հակամարտող կողմեր Ադրբեջանի ազգային-պետական կառուցվածքի շուրջ։ Ադրբեջանական ԽՍՀ Կենտգործկոմի 1923թ. հուլիսի 7-ի «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմավորման մասին» դեկրետում Ադրբեջանական ԽՍՀ ազգային-պետական կառուցվածքը սահմանված է որպես մուսուլմանների և հայերի «միասնական պետական միություն»։ Դեկրետում խորհրդային իշխանության հիմնական խնդիր է հռչակվում հայերի և մուսուլմանների եղբայրական համագործակցության հաստատումը «միասնական պետական միությունում», ինչպիսին պետք է դառնա Ադրբեջանական ԽՍՀ-ն։
Խորհրդային Ադրբեջանի արտազգային բնույթը պայմանավորված էր ոչ միայն Արևելյան Անդրկովկասի բազմազգությամբ, ոչ միայն նրանով, որ կովկասյան թաթարները վճռական դեր չէին խաղում երկրամասի տնտեսությունում, հատկապես արդյունաբերության մեջ, որտեղ առանցքային դիրքերը հիմնականում հայերի և ռուսների ձեռքին էին, մի խոսքով՝ ոչ միայն սոցիալ-պատմական հանգամանքներով, այլև նրա էթնոտարածքային կառուցվածքի առանձնահատկություններով։ Ադրբեջանական ԽՍՀ-ն ներառում էր տարածքներ, որոնք և՛ պատմականորեն, և՛ էթնիկապես հայկական էին4։
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, որն ստեղծվեց Ադրբեջանական ԽՍՀ Կենտգործկոմի նշված դեկրետի հիման վրա, Խորհրդային Ադրբեջանում հայերի պետականակերտ կարգավիճակի հաստատումն էր, որի այդ կարգավիճակը նյութականացավ հանձին Լեռնային Ղարաբաղում իր ազգային-պետական ինքնավարությունն ստեղծելու։ Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունն այս համատեքստում կարելի է համարել Ադրբեջանական ԽՍՀ-ում հայերի պետականակերտ կարգավիճակի իրավաքաղաքական պաշտպանվածության գլխավոր ձևը։
Իր պատմական և պետականակերտման տարածքներում էթնոսի քաղաքական իրավունքների խախտումները նույն էթնոսի սեցեսիոն պահանջների իրավաչափության հարցի հետ խնդիրների նույն համատեքստում կապակցելը հեղինակներին հանգեցնում է այն բանին, որ նրանք ամրագրում են բացառություններ «չկա սեցեսիայի իրավունք» միջազգային կանոնում՝ այն պետությունների վերաբերյալ, որոնց սահմանները միջազգայնորեն ճանաչված են, բայց փաստացի պահպանված չեն։ Այսպես, Հ.Հանումը կարծում է, որ սեցեսիայի իրավունքի ճանաչման մեջ առաջին բացառությունը պետք է կայանա այնտեղ, որտեղ գոյություն ունեն մարդու իրավունքների՝ ցեղասպանությանը մոտեցող զանգվածային «էթնիկ թիրախավորված» խախտումներ։ Երկրորդ բացառությունը կապված է տվյալ պետությունում քաղաքական ներկայացուցչության հնարավորությունից զրկելու հետ5։
Հետաքրքիր է այս առնչությամբ ներկայացնել նաև բրիտանացի հայտնի դիվանագետ, Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջ.Սթրոյի կարծիքը, որը նա արտահայտել է անցյալ տարի, Կիպրոսյան հակամարտության կարգավորման առիթով, բայց որն առնչվում է նաև ղարաբաղյան կարգավորման իրողություններին։ Խոսելով կիպրոսյան կարգավորման մասին՝ Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ազատվել կարծրատիպերից. «Եթե միասնական պետությունը չի ապահովում քաղաքական իրավունքների հավասարությունը (ընդգծումը՝ հեղ.), ապա հարկ է ընդունել երկու պետությունների՝ ինչպես Հարավային, այնպես էլ Հյուսիսային Կիպրոսի անկախությունը»,- ասել է նա՝ նշելով, որ դա կնպաստի հիմնախնդրի լուծմանը6։
Ե՛վ այն ժամանակ, և՛ հիմա ադրբեջանական ղեկավարության համար միակ նշանակալի նպատակը Ղարաբաղյան հարցի՝ իրենց համար վերջնական և նպաստավոր լուծման համատեքստում եղել և մնում է Լեռնային Ղարաբաղը հայերից մաքրելը։ Իսկ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության նման ակնհայտ և քողարկված նպատակների առկայության դեպքում հայերի և ադրբեջանցիների միասնական կազմավորում ընդհանուր պետականության շրջանակներում չես կառուցի։
Հայ փորձագետների միջավայրում տարածված է դարձել այն կարծիքը, թե Բաքուն փորձում է վերադարձնել 1988թ. իրավիճակը և դրա համար էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավարության պլաններ է փայփայում։ Իրականում Բաքվի ներկայիս ռեժիմին Ղարաբաղյան հարցում ձեռնտու չէ վերադարձը 1988թ. իրավիճակին, որովհետև այդ հարցը Բաքվի կողմից երբեք լուծված չի համարվի, քանի դեռ գոնե մեկ հայ կմնա և կշարունակի իր կենսագործունեությունը Լեռնային Ղարաբաղում։ Այնտեղ, որտեղ ինքնորոշվել են «ադրբեջանցի-թյուրքերի» ազգի ներկայացուցիչները, ոչ մի հայ ընդհանրապես չի մնացել կամ էլ իրավիճակը մոտ է դրան մի քանի տասնամյակի հեռանկարով (Թուրքիայի Հանրապետությունում)։
«Ադրբեջանավարի» ինքնավարությունը Լեռնային Ղարաբաղի համար ադրբեջանցի քաղաքական գործիչների և փորձագետների կողմից գնահատվում է ոչ միայն որպես ղարաբաղցի հայերի ինքնորոշման իրավունքի իրականացում, այլև որպես նախկին ԼՂԻՄ ադրբեջանցի փոքրամասնության անքակտելի իրավունք։ Հնարավո՞ր է արդյոք առանձին պետության ներքաղաքական կյանքում ըստ էության այնքան անհեթեթ սյուժեի իրատեսական իմաստավորումը, երբ մի ժողովուրդ, մի էթնոխումբ արդեն երկու անգամ ինքնորոշվեր այդ պետության շրջանակներում և ինքնորոշում հավակներ արդեն երրորդ անգամ։ Ադրբեջանցիներն ինքնորոշվել են Ադրբեջանի Հանրապետության շրջանակներում՝ իր նախորդը հռչակելով 1918-20թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, և հիմա նրանք պատրաստվում են ինքնորոշվել Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանցիներն արդեն նշել են Լեռնային Ղարաբաղում ինքնորոշվելու իրենց նկրտումները, մասնավորապես՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի անունով նամակ ուղարկելով Ադրբեջանի՝ ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցչության ժամանակավոր հավատարմատար Տ.Մուսաևի ստորագրությամբ։ 2009թ. հուլիսի 6-ով թվագրված այդ նամակին կցված է 2009թ. հունիսի 5-ի «մամլո ամփոփագիրը՝ հրապարակված Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքի կողմից», որում հիշատակվում է «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքի»՝ 2009թ. հունիսի 5-ին կայացած համագումարի մասին։ ՄԱԿ գլխավոր քարտուղարին ադրբեջանցիների ուղղած նամակի եզրափակիչ թեզիսը նշում է, որ «հակամարտությունը կարող է կարգավորվել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շրջանում հայկական և ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցության հիման վրա, որոնք լիարժեք և իրավահավասար ձևով կօգտվեն դեմոկրատիայի և բարգավաճման բարիքներից»7։
Հայ դիվանագիտությունը հակիրճ պատասխան է տվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նման տեսլականին, որն արտահայտվել է Հայաստանի Հանրապետության փոխարտգործնախարար Շ.Քոչարյանի 2010թ. մարտին ասած խոսքում. «Բաքուն շարունակում է աղավաղել միջազգային իրավունքը՝ հայտարարելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման անհրաժեշտության մասին Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Իրականում հիմնախնդրի լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման և ինքնորոշված ժողովրդի դեմ ուժի կիրառման համար Ադրբեջանի պատասխանատվության շրջանակներում»8։
Քաղաքական իրավունքների խախտումները, Ադրբեջանական ԽՍՀ տարածքում՝ հայերի հոծ բնակություն ունեցող Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու և այլ բնակավայրերում, որոնք դուրս են Խորհրդային Ադրբեջանի կազմում հայկական ինքնավարության (ԼՂԻՄ) վարչական սահմաններից, ցեղասպանական գործողությունների կատարումը, ինչպես նաև 1991թ. հոկտեմբերին որպես 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ հռչակված Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ռազմական ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հանգեցրին նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում առաջ եկած երկու նոր պետական կազմավորումների սահմանազատմանը։
ԼՂՀ և ԱՀ ներկայիս գոյության քաղաքական հիմքերը, բացառությամբ երկու պետական կազմավորումների միջազգային ճանաչվածության տարրի, որն, այնուամենայնիվ, որոշիչ չէ կոնկրետ պետական սուբյեկտի քաղաքական կենսունակությունը և միջազգային հարաբերություններում պետական կայացածությունը գնահատելիս, համադրելի են։ ԼՂՀ-ն ունի պետական իշխանության իր մարմինները, որոնք ձևավորվել են ընտրությունների դեմոկրատական հիմքի վրա, իր քաղաքացիների կարծիքն արտահայտող հասարակական և քաղաքական ինստիտուտները, Սահմանադրություն և օրենքներ, բանակ և իրավակարգի ներքին օրգաններ, պետական խորհրդանշաններ և պետականության այլ ատրիբուտներ, որոնք անհրաժեշտ են բնակչության կենսագործունեության նորմալ պայմաններ ստեղծելու համար։
Հայկական կողմերի փաստարկները պարունակում են միասնական պետականության շրջանակներում (որտեղ հավասարապես կպահպանվեին հայերի և ադրբեջանցիների քաղաքական իրավունքները) ԼՂՀ և ԱՀ գոյության անհնարինության մասին ակնհայտ թեզիսը։ Արտաքին ակտորների համար նույնպես այս իրողությունն անվիճելի է, բայց այս մասին նրանց ուղղակիորեն խոսել խանգարում են դիվանագիտական բնույթի նկատառումները, որոնց սուբյեկտիվությունը ոչ մի կապ չունի ԼՂՀ պետական կայացածության օբյեկտիվ իրողությունների, ԼՂՀ ժողովրդի՝ նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքի մի մասում իր պետականությունը կառուցելու ինքնուրույն քաղաքական հիմքերի հավակնելու իրավունքի հետ։
1 ԼՂՀ Հռչակագրում ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ Հռչակագիրն ընդունող ներկայացուցիչները «հիմնվում են ԽՍՀ Միության գործող Սահմանադրության և օրենքների վրա, որոնք ինքնավար կազմավորումների ժողովուրդներին և հոծ բնակություն ունեցող ազգային խմբերին իրավունք են տրամադրում՝ ինքնուրույն լուծելու իրենց պետական-իրավական կարգավիճակի հարցը՝ ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու պարագայում», ինչպես նաև այն, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մինչև ԼՂՀ Սահմանադրության և օրենքների ընդունումը գործում են ԽՍՀՄ Սահմանադրությունը և օրենքները, որոնք չեն հակասում սույն Հռչակագրի նպատակներին և սկզբունքներին ու հանրապետության առանձնահատկություններին»։
2 Лукашева Е.А., Теория права и государства (под ред. Манова Г.Н.), М., «БЕК», 1995, с. 239.
3 Իշխող կուսակցական-տնտեսական բյուրոկրատիայի ձևավորումը վերջին քսան տարիներին ընթանում էր Հեյդար Ալիևի՝ ԽՍՀՄ այդ անկյունի կուսակցապետության բացարձակ ու լիիրավ «տիրոջ» աչալուրջ վերահսկողության ներքո։ Կուսակցական կոմիտեների քարտուղարների և գործկոմների նախագահների, նախարարների, փոխնախարարների, գերատեսչությունների պետերի և ավելի ցածր պաշտոնները, որպես կանոն, տրվում էին կաշառքի դիմաց, թեև բացառություններ էլ էին լինում։ Կաշառքից բացի, դեր էին խաղում նաև այնպիսի գործոններ, ինչպիսին են քավորսանիկությունն ու «հայրենակցությունը»։ Հանրապետության ուղղակի ղեկավարման տասներեք տարիների ընթացքում Հ.Ալիևը կարողացավ իր հարազատներից ու հայրենակիցներից շատերին տեղավորել կարևորագույն պաշտոններում՝ ինչպես պետկառավարման մարմիններում, այնպես էլ տնտեսության, մշակույթի և կրթության ոլորտներում։ Գաղափարախոսական գործոնն այս ամենում դեր չէր կատարում, ավելի ճիշտ՝ դեր էր խաղում ոչ թե կոմունիստական գաղափարախոսության ձևական, այլ ռեալ գաղափարախոսության՝ Հ.Ալիևին հավատարմության և գոյություն ունեցող կարգերի հետ համաձայն լինելու գործոնը։ Այսպես ձևավորվեց կուսակցական-տնտեսական էլիտայի հիմնական կորիզը (Али-заде З., Азербайджанская элита и массы в период распада СССР, http://www.sakharov-center.ru/publications/azrus/az_0055.htm).
4 Манасян А.С., Карабахский конфликт: ключевые понятия и хроника, Ер., «НОФ Нораванк», 2005, с. 25.
5 Hannum, Hurst. The Right of Self-Determination in the Twentyfirst Century // Human Rights in the World Community: Issues and Action (Eds. Richard Pierre Claude, Burns H. Weston, Gavin H. Boyles). Philadelphia: University of Pennsylvania Press. 2006. pp. 242-249.
6 Jack Straw, No ifs or buts, Turkey must be part of the EU // The Times, November 8, 2010.
7 Որպես Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի (որի թվաքանակն, ի դեպ, ադրբեջանական աղբյուրները նշում են 75 հազարի չափով) առաջնորդներ ներկայացող անձինք հայտարարում են միջանկյալ խնդիրների մասին Լեռնային Ղարաբաղում իրենց ինքնորոշման վերջնական նպատակին հասնելու ճանապարհին. «Գլխավորը ներկայիս ստատուս-քվոն փոխելն է, այն է՝ հայկական զինված կազմավորումների դուրսբերումն օկուպացված շրջաններից, հարկադրյալ տեղահանվածների վերադարձը և շրջանի կարգավիճակի հաստատումն Ադրբեջանի Հանրապետության սահմաններում» (Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի առաջնորդ Բ.Սաֆարովի հարցազրույցը ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ին, 19.09.2011).
8 МИД Армении: Баку продолжает искажать международное право, http://news.am/rus/news/16699.html, 15.03.2010.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ՌՈՍՆԵՖՏ». ՆՈՐ ԲԻԶՆԵՍ-ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[28.04.2014]
- ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. ԵՐԵՔ ՍԿԶԲՈՒՆՔ, ՎԵՑ ԴՐՈՒՅԹ ԵՎ «ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈ ՊԼՅՈՒՍ»[13.10.2011]
- ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ[30.03.2011]
- ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ» ԴՐԱԿԱՆՆ ՈՒ ԲԱՑԱՍԱԿԱՆԸ ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ[10.02.2011]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԱՄՆ ԵՎ ԵՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ[14.12.2010]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ[25.10.2010]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐ[06.07.2010]
- ԷՐԴՈՂԱՆԻ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ. ԹՈՒՐՔԵՐՆ ԱՎԵԼԻՆ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ[12.03.2010]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ. ՊԱՅՔԱՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ[02.02.2010]
- «ՍԵՎԾՈՎՅԱՆ ՍԻՆԵՐԳԻԱ» ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ[24.12.2009]