• am
  • ru
  • en
Версия для печати
25.10.2010

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ

Руский

   

Միխայիլ Աղաջանյան

Մ.Աղաջանյան` Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի արտաքին քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ

Ղարաբաղյան կարգավորման գործում գլխավոր արտաքին դերակատարների մոտեցումները ստատուս քվոյին միաժամանակ և՛ ընդհանրություններ, և՛ զգալի տարբերություններ ունեն։ Ընդհանուր մոտեցումների թվին կարելի է դասել և՛ ԱՄՆ, և՛ Ռուսաստանի շահագրգռությունը՝ վերահսկելու իրավիճակը մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը կանխատեսելու հետ կապված։ Ընդհանուր մոտեցումների թվին է պատկանում նաև այն, որ թույլ չտրվի հակամարտության մեջ երրորդ երկրների, նախևառաջ՝ հարևան Թուրքիայի և Իրանի ներգրավումը մարտական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում։

Ստատուս քվոյի հարցում առկա տարբերությունները, որոնց հետ շատ փորձագետներ օբյեկտիվորեն կապում են «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի արտաքին համատեքստը, ունեն հետևյալ բովանդակությունը։

Ռուսաստանը ներկա ստատուս քվոն դիտարկում է որպես համեմատաբար օպտիմալ հավասարակշռություն հակամարտության գոտում և չի ձգտում այն խախտել։ Ռուսական փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ զրույցների ժամանակ կարելի է լսել հետևյալ գնահատականը, որն արտահայտում է Ռուսաստանի՝ «ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա» ընդհանուր նախապատվությունը. ստատուս քվոյի վերանայումը (այստեղ առաջին հերթին հասկացվում է հայկական ուժերի դուրսբերումը Դաշտային Ղարաբաղի որոշ տարածքներից) գործնականում անպայմանորե կհանգեցնի հայկական կողմի դժգոհությանը, ինչից հետո հնարավոր է, որ Հայաստանը կտրուկ շրջադարջ կատարի եվրաատլանտիստների հետ հարաբերությունների ինտենսիվացմանը։ Այս մոտեցումը նաև հակառակ կողմն ունի. հայկական կողմին աջակցելը Դաշտային Ղարաբաղի տարածքների վերահսկողությունը լեգիտիմացնելու հարցում կհանգեցնի Բաքվի հետ հարաբերությունների հարթ ձևաչափ ստեղծելու Մոսկվայի ջանքերի տապալմանը։ Այսպիսով, ստատուս քվոյի վերանայման շուրջ իրադարձությունների այս կամ այն զարգացումը դիտարկվում է որպես կոշտ այլընտրանք (միջին տարբերակ չկա), որից հետո Ռուսաստանը փչացնում է հարաբերությունները կամ Հայաստանի, կամ Ադրբեջանի հետ։ Այստեղից էլ ռուսաստանյան ղեկավարության չեզոք բանաձևը ղարաբաղյան հակամարտությունում («կողմերը պետք է իրենք պայմանավորվեն, իսկ Ռուսաստանը կդառնա այդ պայմանավորվածության երաշխավորը»)1։

2008թ. օգոստոսյան իրադարձությունները բազմաթիվ գնահատականների առիթ տվեցին այն առումով, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումից հետո Ռուսաստանը կփորձի Արևմուտքի հետ ունեցած կոնֆլիկտը կարգավորել Ղարաբաղի շուրջ «հակառակ գործարքի» հասնելու ճանապարհով։ Հնարավոր է, որ 2008թ. օգոստոսի 26-ից (Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման օրը) հետո առաջին ամիսներին այս գնահատականներն օբյեկտիվ բնույթ ունեին։ Ներկա փուլում ավելի շուտ դիտարկվում է Ռուսաստանի քաղաքականության այլ «սյուժե». Ճանաչելով Աբխազիան և Հարավային Օսիան՝ Ռուսաստանը չի կարող Հայաստանից այլ մոտեցում «ակնկալել», քան այն, որը հետևողականորեն կտաներ Լեռնային Ղարաբաղի անկախության դե ֆակտո գոյություն ունեցող վիճակի ամրապնդման՝ ընդլայնված սահմաններում։

Ստատուս քվոյի պահպանման Ռուսաստանի դիրքորոշումն արժանացել է որոշ փորձագետների քննադատությանը նաև ռուս-թուրքական խորացող հարաբերությունների տեսակետից։ Ներկայումս այդ հարաբերությունները բավական հեռու են Ռուսաստանի և Թուրքիայի միջև առավել ակտուալ հարցերում սերտ արտաքին քաղաքական փոխգործակցություն համարվելուց։ Նման փոխգործակցություն չկա ոչ Իրանի միջուկային ծրագրի, ոչ Կենտրոնական Ասիայում վերջերս սրված ներքաղաքական և միջպետական հարաբերությունները հարթելու համատեղ գործողությունների2, ոչ Ղարաբաղի հարցերում։ Ավելին, նշված բոլոր հարցերում բարձրացել է միմյանց նկատմամբ կողմերի կասկածամտության մակարդակը՝ «դիվանագիտական նախաձեռնությունը խլելու» և «իրենց ծառայությունները ոչ պատշաճ ձևաչափով առաջարկելու» վերաբերյալ (այս առումով հատկանշական կարելի է համարել Թուրքիայի՝ Բրազիլիայի հետ միասին, ջանքերը, որոնք ուղղված էին Իրանի հետ վերջինիս միջուկային վառելիքի լեգիտիմ հարստացման սխեմա առաջարկելու մասին համաձայնագրի կնքմանը 2010թ. մայիսի 17-ին)։ Տարածաշրջանում Անկարայի հիպերակտիվ արտաքին քաղաքական գծի առիթով Մոսկվայի որոշակի կասկածամտությանը զուգընթաց, պահպանվում է նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները սկզբունքորեն վերանայելու Թուրքիայի անպատրաստության գործոնը. ավելացել է ՆԱՏՕ անդամությունը սկզբունքորեն պահպանելու և ԵՄ-ին անդամակցելու ձգտման մասին թուրքական ղեկավարության հայտարարությունների թիվը, որոնք շատ ավելի կտրական են դարձել։

Ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը գտնվում է ԱՄՆ ուշադրության ներքո, և պետք է ասել, որ վերջին ժամանակներս այդ ուշադրությունը սկսել է արդյունք տալ Մոսկվայի և Անկարայի հարաբերություններում ամերիկացիների կողմից անվստահության և թյուրըմբռնման տարրեր ներմուծելով, ինչը մատնանշում է Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու Ռուսաստանի ավելի մեծ պատրաստակամությունը, Արևմուտքի հետ հարաբերությունների հարթ զարգացմամբ Ռուսաստանի արտաքին քաղաքական ղեկավարության ավելի մեծ շահագրգռությունը, քան դա արվում է թուրքական ուղղությամբ։ Այս առումով բավական հետաքրքիր էր Մոսկվայից հնչած հետևյալ ահազանգը, որն, ի դեպ, գրեթե աննկատ մնաց շահագրգիռ պետությունների փորձագիտական հանրության կողմից. 2010թ. օգոստոսի 21-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Ս.Ռյաբկովը հայտարարեց. «Մենք կարծում ենք, որ նման հանդիպում (վառելիքի փոխարինման սխեման Իրանի հետազոտական ռեակտորի համար քննարկելու նպատակով- հեղ.) պետք է անցկացնել, ընդ որում՝ որքան արագ, այնքան լավ։ Ավելի վաղ արտահայտվում էինք հօգուտ այն բանի, որ այդ հանդիպմանը մասնակցելու համար հրավիրվեին Թուրքիայի և Բրազիլիայի ներկայացուցիչները՝ որպես երկրներ, որոնք Իրանի հետ համատեղ բարձր մակարդակով մայիսի 17-ին ստորագրել էին Թեհրանի հռչակագիրը։ Պատրաստ ենք այսուհետ ևս փոխգործակցել այս ձևաչափով։ Եթե նպատակահարմար համարվի հանդիպումն անցկացնել ավելի նեղ ձևաչափով, առանց Թուրքիայի (ընդգծումը մերն է- հեղ.) և Բրազիլիայի, դա մեզ համար խնդիր չի ներկայացնի»։

Իհարկե, Իրանի միջուկային ծրագրի զսպման ուղղությամբ Թուրքիայի հակվածության համատեքստում դժվար է խոսել Ռուսաստանի և ԱՄՆ գործողությունների համակարգվածության մասին, բայց իրադարձությունների որոշ հետևողականությունը ցույց է տալիս, որ եթե համակարգվածություն չկա էլ, ապա Մոսկվան և Վաշինգտոնը գոնե հաշվի են առնում մեկը մյուսի դիրքորոշումները։ Այսպես, Ս.Ռյաբկովի վերը նշված հայտարարությունից մի քանի օր հետո տեղի ունեցավ զանգվածային լրատվամիջոցներում և փորձագիտական շրջանակներում լայնորեն քննարկված հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահի և Թուրքիայի վարչապետի միջև (օգոստոսի 6-ին)3։

Եվ Ռուսաստանում նույնպես Թուրքիայի հետ հարաբերությունների առիթով երբեմնի ոգևորությունն արդեն հարցականի տակ է դրված, ինչի մասին վկայում են մամուլի բազմաթիվ հրապարակումներն ու փորձագիտական գնահատականները4։

Կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ներկայիս ստատուս քվոն պահպանելու Ռուսաստանի տրամադրվածությանը, այլոց թվում, նպաստում է թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ վատթարացումը։ Հրեական լոբբիի դիրքերը Ռուսաստանում բավական ուժեղ են։ Հրեական լոբբին, որտեղ էլ որ այն ծավալի իր պոտենցիալը, բնորոշ է հետևյալ սկզբունքին հետևելը. եթե որևէ երկիր իրականացնում է Իսրայելի շահերի ոտնահարման քաղաքականություն, անհրաժեշտ է ստեղծել հակակշիռ այդ քաղաքականությունը զսպելու և չեզոքացնելու համար։ Այս համատեքստում Հայոց ցեղասպանության հարցին ավելանում է նաև տարածաշրջանի առավել հրատապ հակամարտություններին Թուրքիայի՝ որպես միջնորդ ներգրավման զսպման հարցը (Իսրայելը չի ցանկանում, որ Թուրքիան միջնորդի Իրանի միջուկային ծրագրի հարցում և հետևողական չեզոքացնող քաղաքական գիծ կանցկացնի Թուրքիայի միջնորդական բոլոր ջանքերի ուղղությամբ)։ Հնարավոր է՝ դրանով (Մոսկվայում և Վաշինգտոնում հրեական լոբբիի համակարգված ջանքերով) է պայմանավորված և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ սկզբունքայնությունը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման և ղարաբաղյան կարգավորման հարցերը միմյանց շաղկապելու անթույլատրելիության, ինչպես նաև իր միջնորդությունը տարածաշրջանում լեգիտիմացնելու Թուրքիայի ջանքերի չեզոքացման վերաբերյալ։

Ընդհանուր առմամբ, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի հանդեպ առավել չափով (ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի համեմատ) «տարածաշրջանում գտնվող» երկրի դիրքորոշում է։ Աշխարհագրորեն հակամարտության գոտուն հարևան երկրներն օբյեկտիվորեն չեն կարող ցանկանալ, որ ապակայունություն լինի, իսկ եթե նրանք փորձեն վերանայել ստատուս քվոն, ապա փոխարենը պետք է մի ինչ-որ այնքան կարևոր բան ստանան, որն ավելին կարժենա, քան անկայունությունն իրենց սահմաններին։ Ոչ Ռուսաստանի, ոչ Իրանի առումով (որպես հակամարտության գոտուն անմիջապես հարող երկրներ) նման «գերազանցող» հնարավորություններ, որոնց կհամաձայներ, օրինակ, ԱՄՆ-ը, ներկա փուլում չեն նշմարվում։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության իրականացման ներկա փուլն այդ քաղաքականության այժմեական ուղղություններում բավական անորոշություններ է պարունակում։ Այսպես, ռուսական փորձագետները մատնանշում են ավելի օպտիմալ քաղաքական գիծ մշակելու Ռուսաստանի այլընտրանքները, որոնք ինքնին դեռ մինչև վերջ հստակեցված չեն5։ Այս պայմաններում ռուսական դիվանագիտությունը չի կարող իրեն թույլ տալ ղարաբաղյան հակամարտության ապակոնսերվացման «շքեղությունն» այն ժամանակ, երբ ակնհայտ են իր դիրքերի անորոշությունն ու անկայունությունն արտաքին քաղաքական ակտուալ այլ ուղղություններում։ Մանավանդ որ Ռուսաստանի կողմից նման շքեղությունն իրատեսական չէ՝ հետխորհրդային տարածքում Մոսկվայի ունեցած դժվարությունների և անգամ երկկողմ հարաբերություններում թվում է թե ըստ էության անխնդրահարույց գործընկերների հետ կապված։ Մենք քանիցս ռուս գործընկերների հետ մասնավոր զրույցներում լսել ենք մի միտք, որը վկայում է, որ Մոսկվան պատրաստ չէ հարվածի տակ դնել իր հարաբերությունները Երևանի հետ. «բոլորը փորձում են մեզ «գցել», և միայն հայերն են միշտ մեր կողքին»6։

Ստատուս քվոյի հարցում ԱՄՆ դիրքորոշումը տարբերվում է Ռուսաստանի մոտեցումներից։ Վաշինգտոնը բացարձակապես հեռու է հասկանալուց (կամ միտումնավոր ձևացնելուց), թե ղարաբաղյան հակամարտության պատճառն ընկալում է Թուրքիային հարմար ձևով. «Россия в глобальной политике» (№1, հունվար-փետրվար 2010) ամսագրի իր հոդվածում Թուրքիայի արտգործնախարար Ա.Դավութօղլուն ուղղակիորեն նշել է, որ «Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի զավթումը, ինչը դարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության պատճառ (ընդգծումը- հեղ.), դժվարացրել է հետագա համագործակցությունը տարածաշրջանային և համաշխարհային մասշտաբով»։ Բայց, միևնույն ժամանակ, ԱՄՆ դիրքորոշումը չպետք է հասկանալ նաև այն իմաստով, թե այն մոտ է ռուսական մոտեցմանը։

Ռուսաստանի ղեկավարության հայտարարությունները երբեք բացահայտորեն չեն պարունակել թեզիսն այն մասին, թե «հարկավոր է փոխել ստատուս քվոն»։ Ամերիկյան ղեկավարության հայտարարությունները նույնպես նման բանաձևում չեն պարունակել, բայց դրանցում դրան նման թեզիս նկատվում է. «ներկայիս ստատուս քվոն մեզ չի գոհացնում» (ավելի «առաջանցիկ» ձևակերպումներ էլ են եղել, որոնք, իհարկե, տարբերվում են իրենց որոշակի անտրամաբանությամբ. Հայաստանում ԱՄՆ դեսպան Մ.Յովանովիչի խոսքերը Հայաստանի Ամերիկյան համալսարանում դասախոսության ժամանակ 2010թ. հունիսի 2-ին. «ներկայիս ստատուս քվոն շահավետ չէ ոչ մեկին»)7։

ԱՄՆ-ը հակամարտությունն ընկալում է իր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գերակայությունների պրիզմայի միջով։ Դա խոշոր տերության մոտեցում է, որը հակված չէ խորանալ հակամարտության էության մեջ։ Սա չի նշանակում, թե ԱՄՆ-ը հակված է ղարաբաղյան հակամարտությունը կապել այլ հարցերի հետ (քաղաքականության «գործարքային ոճ»), այլ միայն փաստում է Վաշինգտոնի նախատրամադրվածությունը՝ հետևել հակամարտության կարգավորման դինամիկային և բովանդակությանը Ռուսաստանի և մասամբ Թուրքիայի հետ իր հարաբերությունների մշտական վերլուծության միջով։ Այլ խոսքերով, եթե Ռուսաստանն ավելի շատ կողմնորոշվում է հակամարտության անմիջական կողմերի նկատմամբ մոտեցումներով, ապա Վաշինգտոնում իրավիճակը գնահատում են կարգավորման արտաքին դերակատարների հետ իրենց հարաբերությունների միջոցով8։

Դա անուղղակիորեն արտահայտվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Թեև ԱՄՆ-ը կարողացավ ձեռնպահ մնալ այդ գործընթացը ղարաբաղյան կարգավորման հետ մեկ համատեքստում կապելուց, բայց նրա դիրքորոշումն այս հաշվով մինչև վերջ սկզբունքային չէր (ի տարբերություն Ռուսաստանի ղեկավարության կտրական հայտարարությունների)։ Վաշինգտոնում որոշեցին ընտրել միջին ճանապարհ՝ խոսելով ոչ թե փոխկապվածության, այլ այդ երկու գործընթացների զուգահեռության մասին։ Դրանով իսկ, ԱՄՆ մոտեցումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում առկա զարգացումներին չէր կարող առանձնանալ հայ-թուրքական գործընթացի իրադարձություններից։ Զուգահեռությունն ավելի շուտ մատնանշում է այդ գործընթացների փոխազդեցությունը, այլ ոչ թե մեկը մյուսից առանձնացած լինելը։

«Ղարաբաղյան հակամարտություն» (Հայաստան-ԼՂՀ-Ադրբեջան) հասկացության բովանդակային-սուբյեկտային մասով ԱՄՆ-ի համար հարցեր չեն մնացել. արդեն մի քանի տարի Վաշինգտոնում ակնհայտ են թվում ԼՂՀ դե ֆակտո անկախության անշրջելիությունը և Արցախի՝ որևէ ձևով Ադրբեջանի կազմ մտնելու անհնարինությունը։ Ստատուս քվոյի պահպանումը ԱՄՆ-ը չի դիտարկում նման անշրջելիության իմաստով, այնտեղ հիմնականում հակված են հակամարտության կարգավորման ընդհանուր սխեման ընկալել «Տարածքներ կարգավիճակի դիմաց» պարզեցված բանաձևով։ Հարցը կայանում է հակամարտության գոտում ստատուս քվոյի վերափոխման նպատակահարմարության ժամանակային (երբ նախաձեռնել) և բովանդակային (ինչ ձևաչափով) իմաստավորման մեջ։

Կարևոր է նշել, որ ամերիկյան ղեկավարության հայտարարություններում ստատուս քվոն երբեք չի մատուցվել միայն տարածքային ասպեկտով։ Խոսելով ստատուս քվոյի մասին՝ ԱՄՆ-ը ավելի լայն երևույթ է հասկանում՝ այստեղ ներառելով և՛ տնտեսական, և՛ հումանիտար, և՛ արտաքին քաղաքական բաղադրիչները։ Վերջինի առումով դա չի նշանակում, թե ԱՄՆ-ը մտադիր է տեսանելի ապագայում դիտարկել երրորդ երկրների ներգրավումը հակամարտությունում՝ իր համար օգտակար ցանկացած պատրվակով։ Այստեղ ավելի ճիշտ կլինի այսպես ասել. ԱՄՆ-ը ստատուս քվոյի վերափոխման նպատակահարմարության մասին խոսում է այն ժամանակ, երբ դա կարող է (իր ըմբռնմամբ) նպաստել տարածաշրջանում և նրա սահմաններին սեփական դիրքերի ուժեղացմանը, հանգեցնել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի դիրքերի թուլացմանը9։

Ամենաընդհանուր գծերով, չխորանալով հնարավոր զարգացումների քիչ կանխատեսելի մանրամասների մեջ (դժվար է կանխատեսել իրադարձությունների զարգացման նրբությունները հակամարտության գոտում ստատուս քվոյի վերափոխման պարագայում), դրական կողմերն ԱՄՆ-ի համար կարող են արտահայտվել հետևյալում.

1. Իրանի առումով կարելի է ենթադրել, որ ստատուս քվոյի վերափոխումը կհանգեցնի հակամարտության գոտում խաղաղարար ուժեր մտցնելու մասին խոսակցությունների ուժեղացմանը, և այդ խոսակցությունները կվերաբերեն առաջին հերթին Իրանին սահմանակից Դաշտային Ղարաբաղի տարածքներին։ Ակնհայտ է, որ չափից ավելի նշանակություն տալ այդ խոսակցություններին կամ նույնիսկ այդ ուժերի տեղակայման համար անմիջական գործողություններին չարժե այն պայմաններում, երբ ամերիկյան զորքերն առանց այդ էլ ամուր օղակի մեջ են առել Իրանը (ամերիկացիների տեղակայումն Իրաքում, Աֆղանստանում, Պարսից ծոցի գոտում)։ Այստեղ ԱՄՆ շահը կգնահատվի նրանով, որ Դաշտային Ղարաբաղի տարածքներից հայկական ուժերի հիպոթետիկ դուրսբերումը կհանգեցնի նրան, որ Իրանը կհեռանա Հայաստանից և կվերակողմնորոշվի դեպի Ադրբեջան։ Վերջինը չի կարող չշոշափել ադրբեջանա-թուրքական հարաբերությունները. Բաքուն ավելի քիչ կախված կդառնա Անկարայից։

2. Թուրքիայի առումով կարելի է ենթադրել, որ ստատուս քվոյի վերափոխումը հակամարտության գոտում կհանգեցնի թուրք-իրանական և թուրք-ռուսական հարաբերությունների բարդացմանը։ Ստատուս քվոյի վերափոխման ներկա փուլում Հարավային Կովկասին անմիջապես սահմանակից խոշոր երկրներից ամենից շատ ձգտում է Թուրքիան։ Իրանը դեմ է դրան, Ռուսաստանն ավելի շատ «դեմ» է, քան «կողմ»։ Այս պայմաններում Թուրքիայի ձգտումը Իրանում և Ռուսաստանում կգնահատվի անտեղի թե՛ ժամանակի (այժմ առավել բարդ հիմնախնդիրը Իրանի միջուկային ծրագրի հարցն է), թե՛ ձևի (Թուրքիան չի մտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդների շրջանակում), թե՛ բովանդակության (և՛ Թեհրանը, և՛ Մոսկվան դեմ են ՆԱՏՕ հնարավոր որևէ խաղաղարար ակտիվությանը հակամարտության գոտում) առումներով։

3. Ռուսաստանի առումով կարելի է ենթադրել, որ ստատուս քվոյի վերափոխումը հակամարտության գոտում, վերոնշյալից բացի, բացասաբար կանդրադառնա նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա, ինչը ԱՄՆ-ի համար շատ հնարավորություններ կբացի տարածաշրջանում։ Այս պայմաններում ամերիկացիները նվազագույնը կարող են հավակնել հայ-թուրքական կարգավորման անխնդրահարույց ավարտում (դիվանագիտական ներկայացուցչությունների փոխանակում, սահմանի բացում և Հայոց ցեղասպանության հարցի տեղափոխում հայ-թուրքական ենթահանձնաժողովի դանդաղ ընթացող քննարկումների հարթություն)։ Հնարավոր է, որ հենց նման սցենարի հեռանկարն է Ռուսաստանին ստիպում կտրական դիրքորոշում ունենալ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման և ղարաբաղյան կարգավորման գործընթացների շաղկապման նպատակահարմարության հարցում։

Երկար ժամանակ Ռուսաստանում աշխատած և ամերիկա-ռուսական հարաբերությունների թեմային լավ տիրապետող ամերիկյան փորձագետների գնահատականներում այս հարաբերությունների արժեզրկման հնարավորությունը ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոյի վերափոխման հետ կապված երևում է միջնորդավորված գնահատականներից, որոնք ավելի ընդհանուր բնույթ են կրում ԱՄՆ և Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ։ Այդ գնահատականներով՝ Ռուսաստանի համար «սառեցված հակամարտությունների» կարգավորման թեման, հաշվի առնելով Մոսկվայի դաշնակցային պարտավորությունները, վերջինս մտցրել է ամերիկա-ռուսական երկխոսության ընդհանուր համատեքստ։ Այսպես, Հարվարդի համալսարանին կից գիտության և միջազգային հարաբերությունների Բելֆերի կենտրոնի (Belfer Center for Science and International Affairs, Harvard University) փորձագետ Ս.Սարաջյանը (Simon Saradzhyan)10 նշում է, որ «եթե ընդհանրացնենք դեպի «գլոբալ զրո» (լիակատար միջուկային զինաթափում- հեղ.) շարժմանը հետագա մասնակցության պայմանները, որոնք առաջադրել են ռուսաստանյան ղեկավարության ներկայացուցիչները, պատկառելի ցուցակ կստացվի», և որպես այդ ցուցակի կետերից մեկը Ս.Սարաջյանը բերում է «հիմնական հակամարտությունների կարգավորումը՝ ներառելով «սառեցվածները», հաշվի առնելով հարևան երկրների հետ բարեկամության Ռուսաստանի շահագրգռությունը» (ընդգծումը- հեղ.)11։

4. Հակամարտության գոտում ստատուս քվոյի վերափոխման հետևանքների ներտարածաշրջանային համատեքստի առումով կարելի է ենթադրել ԱՄՆ հնարավորությունների ավելացում՝ Վրաստանի և Հայաստանի հեշտ կանխատեսվող ավելի սերտացման հետ կապված։ Փաստորեն, Հայաստանի՝ բազմավեկտոր քաղաքական գիծ անցկացնելու հնարավորություններն ավելի կսահմանափակվեն. ակնհայտ կդառնա ՀԱՊԿ մեխանիզմների ամորֆությունը, «աղոտ կդառնան» Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ համաձայնագրերը, իսկ Հայաստանի եվրաատլանտյան ապագայի հեռանկարը խստորեն կհանգուցվի ոչ թե թուրքական (բարդությունները հայ-թուրքական հարաբերություններում չեն կարգավորվի, դրանք ավելի կխորանան և կհետաձգվեն), այլ վրացական ուղղության հետ, ինչը ԱՄՆ-ի համար հատուկ արժեք է ներկայացնում։

Վերջին իրադարձությունները ղարաբաղյան հակամարտության շուրջ հիմք են տալիս անելու հետևյալ ենթադրությունները.

1. Արտաքին դերակատարները մտադիր են առավելագույնս սահմանափակել կողմերի՝ ղարաբաղյան հակամարտության գոտում ինտենսիվ ռազմական բնույթի գործողություններ ձեռնարկելու հնարավորությունները։ Մենք մտադիր չենք հեռուն գնացող եզրահանգումներ անել այն մասին, որ, օրինակ, այս տարվա հունիսի 18-19-ի միջադեպը արտաքին կողմի սադրանք էր, բայց այդ միջադեպի առկայությունն ավելի քան համապատասխանում է կողմերի՝ լայնածավալ ռազմական գործողությունների բացառմանն ուղղված արտաքին դերակատարների մտադրություններին։

Սրան զուգահեռ՝ արտաքին դերակատարները մտադիր են լեգիտիմ հիմնավորումներ գտնել այն բանի համար, որպեսզի հետաձգեն հակամարտության կարգավորման ինչ-որ հիմնարար սկզբունքների ընդունումը («Մադրիդյան սկզբունքներ»)։ Սա կարող է Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի հայտարարություններին անհամապատասխան թվալ, որոնցում հիշատակվում է հակամարտության կողմերի համար այնպիսի պայմանների ստեղծման մասին, երբ նրանք կարող են օպերատիվ ձևով կոնկրետ համաձայնության գալ «Մադրիդյան սկզբունքների» շրջանակներում։ Ռուսաստանի, ԱՄՆ, և Ֆրանսիայի 2010թ. հունիսի 26-ի («G-8»-ի գագաթաժողովը Կանադայում) համատեղ հայտարարությունն այն մասով, որը վերաբերում է հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների թվարկմանը, ամբողջությամբ կրկնում է Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների 2009թ. հուլիսի 10-ի համատեղ հայտարարության բովանդակությունը։ Սա կարող է նշանակել, որ արտաքին դերակատարներն ի վիճակի չեն կողմերին որևէ էական բեկում առաջարկել հիմնարար սկզբունքների առումով, իսկ այն, ինչ նշվում է երկու տարի շարունակ, հայտնի է որպես ընդհանուր առմամբ կողմերի համար անընդունելի տարրեր։ Այն պայմաններում, երբ, ինչպես արտահայտվել է հայտնի ամերիկյան վերլուծաբան Ջ.Ֆրիդմանը («STRATFOR» վերլուծական կենտրոնի ղեկավար), «ավելի ճիշտ կլինի խոսել ոչ թե այն մասին, որ հակամարտությունը լուծում չունի, այլ՝ որ լուծելու բան չկա», մնում է միայն լեգիտիմ հիմնավորումներ փնտրել Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումները մշտապես երկարաձգելու համար։

Միջազգային միջնորդության բոլոր երեք մասնակիցների համար (ԵԱՀԿ Մինսկի խումբ) ակնհայտ է հետևյալը. Լեռնային Ղարաբաղը կամովին երբեք չի վերադառնա Ադրբեջանի կազմ, հետևաբար՝ այն վերադարձնել կարող է միայն Ադրբեջանի համար ստեղծվելիք նպաստավոր ուժային սցենարը։ Վերջինը ներկա փուլում և հետագայում, մինչև 2012թ. հարմար չէ ոչ Ռուսաստանին, ոչ ԱՄՆ-ին։ Վերջինի համար սա պակաս անհարմար է, քան Ռուսաստանի, բայց և Վաշինգտոնի համար կան մի շարք պատճառներ, որոնց հետ կապված «ղարաբաղյան թեժացումը» ներկա փուլում նպատակահարմար չի թվում (Աֆղանստանում ԱՄՆ ակնհայտ և զարգացող դժվարությունների, Թուրքիայի անհուսալիության և Ռուսաստանի ու Իրանի հետ խորացող հարաբերությունների, Իրանի միջուկային ծրագրի առկախ հարցի պայմաններում)։ Այն, որ հակամարտության գոտում գործողությունների որևէ թեժացումն անհարմար է ԱՄՆ-ի համար, երևում է ավելի «երկրամերձ», բայց ոչ պակաս էական պատճառներից, ինչպիսին են, օրինակ, այն հսկայական դժվարությունները, որոնց հետ վերջին ժամանակներս բախվել է բրիտանական «British Petroleum»-ը (նավթի արտահոսքը Մեքսիկական ծոցում, որը, եթե հավելենք նաև Ադրբեջանում «BP»-ի խոշոր նախագծերի հետ կապված քաղաքական ռիսկերը, կարող է երկար ժամանակվա համար խարխլել այդ ընկերության դիրքերը նավթի համաշխարհային շուկայում)։

Մեքսիկական ծոցում տեղի ունեցած աղետը կարող է հեռուն գնացող բացասական հետևանքներ ունենալ ոչ միայն «British Petroleum»-ի, այլ նաև ԱՄՆ ուժերի ներքաղաքական դասավորության համար, ինչը նույնպես մի կողմ կթողնի ներկա փուլում ղարաբաղյան կարգավորման մեջ կոնկրետ լուծումների հասնելու ԱՄՆ «վճռական տրամադրվածության» հիփոթետիկ հեռանկարը։ Ինչպես հայտնի է, ս.թ. նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում անցկացվելու են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, և շատ մեկնաբաններ փաստում են ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների դիրքերի ամրապնդման մեծ հավանականությունը և, հետևաբար, դեմոկրատների դիրքերի թուլացումը12։ Իսկ անցած տարիների փորձն ապացուցել է, որ հանրապետականների արտաքին քաղաքական գիծը միշտ տարբերվել է Ռուսաստանի հետ իր բացահայտ մրցակցությամբ, որն առանձին ժամանակահատվածներում վերածվել է ուղղակի առճակատման։ Իրավիճակի նման զարգացումը, ի թիվս այլ բաների, կնպաստի ղարաբաղյան հակամարտության կոնսերվացմանը, այլ ոչ թե դրա կարգավորման արագացմանը։

2. Հակամարտությունը կրկին վերասրելուն ուղղված Ադրբեջանի գործողությունների վրա ազդելու Թուրքիայի հնարավորություններն էլ ավելի էական են դարձել։ Եթե անցած տարի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համեմատաբար ակտիվ ընթացքի ժամանակ ԱՄՆ-ի համար գրեթե ձեռք բերված արդյունքներից մեկն էր թվում Անկարայից Բաքվի հեռանալը և դրանից բխող հետևանքները (այդ թվում և հակամարտության գոտում ռազմական սցենարի հնարավորության վերաբերյալ ադրբեջանա-թուրքական սերտ խորհրդատվությունների ասպեկտով), ապա այդ գործընթացի «սառեցումից» և ադրբեջանա-թուրքական տարաձայնությունների կարգավորումից (Բաքվից Անկարայի գազ գնելու հետ կապված) հետո Վաշինգտոնի այդ ակնկալիքները հավասարեցվել են։ Թուրքիայի դերն իր համար ղարաբաղյան հակամարտությունը վերասրելու՝ Ադրբեջանի հնարավոր նախաձեռնողականության հարցում, մի շարք պատճառների ֆոնին, կարևոր է տարածաշրջանում հիպերակտիվ արտաքին քաղաքականություն վարելու համար։ Այդ պատճառների թվին կարելի է դասել. Իրանի նկատմամբ Արևմուտքի ուժային գործողությունների սպառնալիքի աճը, ինչն Ադրբեջանի համար այլ հեռանկար չի թողնում ՆԱՏՕ անդամ երկրի (Թուրքիա) կողմից «անվտանգության հովանոց» ստանալուց բացի; թուրք-իսրայելական հարաբերությունների բարդացումը, ինչը նույնպես նեղացնում է Բաքվի մանևրելու շրջանակները, որից Անկարայում ակնկալում են համերաշխություն «իսրայելյան թեմայով»; Թուրքիայի դիրքերի ամրապնդումն արաբական աշխարհում, ինչն Ադրբեջանին առանձնապես արժեքավոր է թվում ՄԱԿ-ում բազմաթիվ արաբական երկրների առկայության պայմաններում, որոնց աջակցությունը Ղարաբաղում Բաքվի ռազմական նախաձեռնության պարագայում խիստ տեղին կլինի; միայն Թուրքիան է խոսում հակամարտության գոտում ստատուս քվոյի լիակատար վերափոխման անհրաժեշտության մասին Ադրբեջանի համար նպաստավոր դիրքերից (շրջանների հանձնում առանց որևէ պայմանի)։

Թուրքիայի համար կարևոր է ոչ թե գործառելը որպես մի դերակատար (այսինքն՝ «դաշտային պայմաններում» չօգտագործվելը), որն Ադրբեջանին ուժային սցենարի թույլտվություն է տալիս, այլ կարևոր է այն փաստը, որ այդ դերը հասկացվի Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի կողմից։ Դրանով իսկ Թուրքիան դառնում է մի երկիր, որից, նշված արտաքին դերակատարների համար, կախված կլինի իրական կայունությունը հակամարտության գոտում և նրան սահմանակից շրջաններում։

3. Հարավային Կովկասում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և, համապատասխանաբար, Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի միջև հարաբերությունների ավելի ամրապնդվող պրոտեկցիոն համակարգի պայմաններում ակնհայտ է թվում հետևյալը. Հայաստանի կամ Ադրբեջանի ցանկացած բախտորոշ քայլ (ինչպես դա եղավ 2008թ. օգոստոսին Վրաստանի կողմից) էլ ավելի շատ կզուգորդվի Ռուսաստանի կամ Թուրքիայի հետ, քանի որ այդ երկրներն անմիջականորեն հարում են տարածաշրջանին և միմյանց հետ համապատասխան համաձայնագրեր ունեն (եթե ԱՄՆ-ին հաջողվեց խուսափել ուղղակի մեղադրանքներից 2008թ. օգոստոսին Վրաստանի գործողությունները թույլ տալու համար, ապա դա Վաշինգտոնին բավական դժվարությամբ հաջողվեց՝ այդ մեղադրանքներն իրենից թոթափելու համար օգտագործելով իր գլոբալ դիվանագիտական ռեսուրսները)։

Այսպիսով, կարելի է փաստել հետևյալ իրողությունը. Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածությունը չի կարող կրել տեղային բնույթ, քանի որ այդ սրման ի հայտ գալն ինքնին կկապվի Թուրքիայի սկզբունքային դերի հետ՝ որպես մի երկրի, որը թույլտվություն է տալիս, և Ռուսաստանի սկզբունքային դերի հետ, որը հնարավորություն չունի Հայաստանի հանդեպ ավելի նպաստավոր դիրք չգրավելու։ Այստեղից էլ, կարելի է դժվարությամբ պատկերացնել այն իրավիճակը, որի շրջանակներում Մոսկվային և Անկարային կհաջողվեր պահպանել իրենց հարաբերությունների մակարդակը, եթե գործեին ղարաբաղյան հակամարտության վերասրման իրավիճակում։

4. Հակամարտության կողմերի շահերի հավասարակշռությունը, որը հաճախ ոչ ճիշտ անվանվում է փոխզիջում կարգավորման գործընթացի շուրջ, անհասանելի է առնվազն միջնաժամկետ հեռանկարում (3-5 տարի)։ Փորձագիտական հանրությունում այս մասին միանգամայն կտրուկ գնահատականներ են արվում, որոնք մինչ այդ բավական հազվադեպ էին։ Այսպես, ռուս հայտնի փորձագետ, Ազգային էներգետիկ անվտանգության ֆոնդի գլխավոր տնօրեն Կ.Սիմոնովը եզրակացություն է անում, որ «...Ադրբեջանում և Հայաստանում ոչ ոք համաձայն չէ փոխզիջման», և որպես փաստարկ բերում է ոչ այնքան կոռեկտ միտք (Լեռնային Ղարաբաղը որպես Հայաստանի տարածք հիշատակելու մասով) նման իրավիճակի տարածքային աստառի մասին. «Բավական է նայել քարտեզին՝ հասկանալու համար, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը ժամանակակից Հայաստանի մեկ երրորդն է գրավում։ Դժվար է պատկերացնել, որ Հայաստանն ինքնակամ կհամաձայնի հանձնել իր տարածքի մեկ երրորդը»13:

Շահերի հավասարակշռության անհասանելիությունը հարկադրում է արտաքին ուժերին և հենց իրենց՝ հակամարտության կողմերին, մինչև շահերի հավասարակշռություն ձեռք բերելը, բավարարվել ուժերի հավասարակշռությամբ, ինչն էլ կարող է հետ պահել հակամարտությունը հերթական ռազմական թեժացումից։ Ուժերի հավասարակշռությունը դրսից հիմնականում ձևավորվում է սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարմամբ, ինչպես նաև երկկողմանի բնույթի ոչ պաշտոնական և պաշտոնական համաձայնագրերով հակամարտության կողմերին օգնություն տրամադրելու մասին՝ մարտական գործողությունների վերսկսման դեպքում։ Ուժերի հավասարակշռությունը ներսից ձևավորվում է առաջին հերթին հայկական ուժերի կողմից պատմական Արցախի (նախկին ԼՂԻՄ-ի շուրջ) տարածքների գրավման փաստով, որն անփոխարինելի արժեք է ներկայացնում ռազմական ստրատեգիայի և տակտիկայի, ԼՂՀ-ի հանդեպ Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականության դիրքերից։ Ուժերի հավասարակշռությունը դրսից հիմնականում ձևավորվում է Ռուսաստանի և Թուրքիայի ուժերով, որոնք համապատասխանաբար Հայաստանին և Ադրբեջանին տրամադրում են վերոնշյալ «նյութական» (սպառազինություն և ռազմական տեխնիկա) և «բարոյական» (երաշխիքներ) օգնությունը։ Ուժերի հավասարակշռությունը ներսից հիմնված է հակամարտության բոլոր երեք կողմերի ջանքերի վրա՝ ի դեմս Հայաստանի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի։

ԱՄՆ-ը շահագրգռված է դրսից ուժերի հավասարակշռության խախտմամբ, քանի որ դա կհանգեցնի ուժերի նոր վերախմբավորման տարածաշրջանում, այդ թվում և տարածաշրջանային տերությունների՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, միջև, և հնարավոր է՝ Հարավային Կովկասի երկրների վերակողմնորոշման։ Բայց շահագրգռված չէ ներսից ուժերի հավասարակշռության խախտմամբ, քանի որ դա կհանգեցնի արմատական տեղաշարժերի, ընդհուպ մինչև ցեղասպանության, էթնիկ զտումների և հակամարտության գոտուն հարող տարածքներից բնակչության զանգվածային արտահոսքի նոր փաստերի։ Այսպիսով, ԱՄՆ և Ռուսաստանի դիրքորոշումները, որոնց մասին վերջին ժամանակներս ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում սովորական է դարձել խոսել որպես համընկնող դիրքորոշումներ, իրականում համընկնում են ուժերի հավասարակշռության միայն մի կետում, բայց տարբերվում են մյուսում։ Դրսից ուժերի հավասարակշռությունը պահելու հարցում Վաշինգտոնի և Մոսկվայի դիրքորոշումները տարբերվում են, իսկ հարցի ներքին բաղադրիչի գծով՝ դրանք ընդհանուր առմամբ համընկնում են։

5. Դաշտային Ղարաբաղի տարածքները, Հարավային Կովկասում հայկական պետականության ողջ արեալով հանդերձ, ռազմաքաղաքական առումով կազմում են այն տարածքը, որը դե ֆակտո գտնվում է ՀԱՊԿ և անմիջապես Ռուսաստանի ազդեցության ներքո։ Այդ ազդեցությունը, մենթալ դրսևորումներին զուգընթաց, ունի գործնական արտահայտություններ. այդ արեալում խորհրդային և ռուսական ռազմական տեխնիկայի առկայությունն ու շահագործումը։ Սպառազինությունների գնմանը Հայաստանում և Ադրբեջանում հատուկ նշանակություն է տրվում, քանի որ դրանից ուղղակի կախվածության մեջ է դրվում համապատասխանաբար պաշտպանության և հարձակման հնարավորությունը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում։ Ռուսական սպառազինությունների մատակարարումները Հայաստանին և Ադրբեջանին, ամենայն հավանականությամբ, ամենազգայուն թեման են հայ հասարակության համար, որի պրիզմայի միջով են գնահատվում տարածաշրջանում ռուսական քաղաքականության բազմաթիվ այլ գործոնները14։

Հայաստանի հետ ռուսական ռազմակայանի վերաբերյալ համաձայնագրի կնքումը կոչված է վերացնելու հայկական կողմի մտահոգությունը և դրանով իսկ կոմպենսացնելու (ռուսական կողմի գնահատմամբ) Ռուսաստանի համար միանգամայն շահավետ համագործակցությունն Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական ոլորտում (Ադրբեջանն ըստ էության միակ հանրապետությունն է ԱՊՀ ողջ տարածքում, որի շահագրգռությունը Ռուսաստանից արդի ռազմական տեխնիկա գնելու հարցում հիմնված է միանգամից երկու տարրի վրա՝ ֆինանսական հնարավորություններ և սպառազինությունների մրցավազքի ձգտում սեփական տարածաշրջանում)։

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը շարունակելու դեպքում հայկական կողմի դիրքորոշումը ղարաբաղյան հարցի տարածքային ասպեկտով էլ ավելի կկոշտանա։

Կարևոր է նշել, որ ռուս-ադրբեջանական ռազմական կապերի զարգացումը, որը Մոսկվայում դիտարկվում է որպես Բաքվին հօգուտ ՆԱՏՕ-ում ինտեգրման վերջնական որոշումից հետ պահելու կարևոր տարր, հնարավոր է Դաշտային Ղարաբաղի տարածքների հանդեպ հայկական կողմի վերահսկողության պահպանման ֆոնին։ Ադրբեջանին երկու դիվիզիոն ЗРК С-300 մատակարարելու Ռուսաստանի պլանները կարող են սերտորեն կապված լինել Գաբալայի ՌԼՀ վարձակալության ռուս-ադրբեջանական պայմանագրի երկարաձգման հետ (գործող պայմանագիրը 2012 թվականն է նշում որպես իր գործողության սահմանային ժամկետ), և այդ պլաններին կարող է համալիր բնույթ հաղորդվել. С-300 համալիրները և Գաբալայի ՌԼՀ-ն փոխլրացնող գործառույթ ունեն Ադրբեջանի օդային տարածքի վերահսկման և պաշտպանության հարցում։ Ադրբեջանի տարածքին հրթիռառմբային հարվածներ հասցնելու՝ հայկական ավիացիայի սահմանափակ հնարավորությունների պայմաններում անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ հայկական զինված ուժերը ցամաքում հրթիռային հարվածներով կարող են շարքից դուրս բերել Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքը։ С-300 մատակարարելով և երկարաձգելով Գաբալայի ՌԼՀ վարձակալության պայմանագիրը՝ Ռուսաստանը կարող է հասնել մի քանի կարևոր նպատակի՝ Դաշտային Ղարաբաղի տարածքների հանդեպ հայկական կողմի վերահսկողության պահպանման ֆոնին. 1. այդ տարածքների հանդեպ վերահսկողության պահպանումը կարող է համաձայնեցվել հայկական կողմի հետ որպես Ադրբեջանին Ռուսաստանի կողմից արդի ռազմական տեխնիկայի մատակարարումը կոմպենսացնող տարր, 2. Ռուսաստանը նման ֆորմալ ձևով կմասնակցի Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքի անվտանգության ապահովման գործին, էներգառեսուրսներ մատակարարելով արտաքին շուկաներին՝ իրականում պահպանելով այդ մատակարարումների անխափանության վրա ազդեցության լծակները հակամարտության գոտում մարտական գործողությունների վերսկսման դեպքում, 3. Ռուսաստանն իր ձեռքում կկենտրոնացնի Հայաստանին և Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումները՝ դրանով իսկ էլ ավելի ուժեղացնելով հակամարտության կողմերի վրա ազդելու իր կարողությունն արտատարածաշրջանային ուժերի և առաջին հերթին ԱՄՆ աչքում։ Այդ կենտրոնացմանը նպաստում են բազմաթիվ օբյեկտիվ գործոններ, որոնց մեջ, մասնավորապես, կարելի է նշել Ադրբեջանի և Թուրքիայի միջև անմիջական ցամաքային սահմանի բացակայությունը։ Ռուսաստանի և Հայաստանի միջև նույնպես նման կապի բացակայության պայմաններում էլ ավելի արդարացված է թվում հայկական կողմի վերահսկողության պահպանումը Դաշտային Ղարաբաղի տարածքների նկատմամբ։

1Այս բանաձևը նորություն չէ արդի դիվանագիտության մեջ ամենաբարդ միջպետական հակամարտությունների կարգավորման վերաբերյալ։ Դա որևէ երկրի առավելագույն հավասարակշռված դիրքն է, որը հանդես է գալիս որպես միջնորդ կարգավորման գործընթացում։ Կարելի է բերել ԱՄՆ օրինակը՝ որպես միջնորդ պաղեստինա-իսրայելական երկարաձգված հակամարտությունում։ Բոլորովին վերջերս ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթոնը դարձյալ նշեց իր երկրի պաշտոնական դիրքորոշումը պաղեստինա-իսրայելական կարգավորման հարցում. «Միացյալ Նահանգներն իր կողմից խոստանում է լիակատար աջակցություն բանակցություններին, և մենք ակտիվ գործընկեր կլինենք։ ...ԱՄՆ ազգային անվտանգության շահերից է բխում, որ բանակցությունները հաջող լինեն։ Բայց մենք չենք կարող և չենք պարտադրի լուծում։ Միայն Իսրայելը և Պաղեստինի վարչակազմը կարող են որոշումներ ընդունել, որոնք անհրաժեշտ են համաձայնության ձեռքբերման և իսրայելցի ու պաղեստինցի ժողովուրդներին խաղաղ ապագա ապահովելու համար» (Hillary Rodham Clinton, Remarks With Israeli Prime Minister Benjamin Netanyahu, and Palestinian Authority President Mahmoud Abbas, Washington, September 2, 2010).

2Իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ Թուրքիան մտադիր է փոխգործակցել, օրինակ՝ Ղրղզստանի իրավիճակում, ոչ թե Ռուսաստանի, այլ Ղազախստանի հետ։ Դա հիմնավորվում է ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությամբ և երկրի՝ անմիջապես Կենտրոնական Ասիայում գտնվելով, ինչպես նաև Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների գծով խորհրդակցությունում Թուրքիայի նախագահությամբ, բայց դրանից Ռուսաստանի դերի որոշակի «քամահրումը» պակաս նկատելի չի դառնում տարածաշրջանում և մանավանդ Ղրղզստանում։ Այսպես, այցով Ղազախստանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ա.Դավութօղլուն ս.թ. հունիսի 21-ին հայտարարել էր, որ Ղազախստանը և Թուրքիան համատեղ գործողություններ կմշակեն, թե ինչ օգնություն ցուցաբերեն Ղրղզստանին տնտեսական, դիվանագիտական և անվտանգության ոլորտներում։

32010թ. օգոստոսի 16-ին բրիտանական «The Financial Times»-ը, վկայակոչելով իր աղբյուրները, տեղեկացրել է, որ Բ.Օբաման օգոստոսի 6-ին Ռ.Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Անկարայի դիրքորոշումն Իրանի և Իսրայելի հանդեպ ավելի հաճախակի է Կոնգրեսում առաջացնում այն հարցը, թե արդյոք իսկապես Թուրքիան դաշնակից երկիր է։

4Բերենք Ազգային էներգետիկ անվտանգության ֆոնդի գլխավոր տնօրեն Կ.Սիմոնովի գնահատականը. «...մեր վերջին խաղերը Թուրքիայի հետ՝ խիստ հապճեպ ընդունված որոշումը, որի հետևանքները մինչև վերջ մտածված չեն։ Թուրքիայի հետ մենք ինքներս ոչ քիչ ռազմավարական դժվարություններ ունենք. վերցնենք կրկին էներգետիկայի հետ կապված իրավիճակը։ Թուրքիան Ռուսաստանի նկատմամբ ծայրահեղ ոչ բարեկամական քաղաքականություն է վարում՝ իրեն առաջարկելով որպես ածխաջրածինների՝ ռուսականին այլընտրանք դիտվող գլխավոր տարանցիկ ճանապարհ դեպի Եվրոպա, ինչը հակասում է մեր շահերին» (Никто не согласен на компромисс, газета «Взгляд» (էլեկտրոնային պարբերական), 19 օգոստոսի 2010, http://vz.ru/politics/2010/8/19/426519.html).

5Որպես ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Չինաստանի հետ համագործակցության զարգացման գերակայություն ընդհանուր այլընտրանքներին զուգընթաց՝ Ռուսաստանի առջև մի շարք կոնկրետ հարցեր են դրված։ Այսպես, Ռուսաստանի ԳԱ Միջազգային անվտանգության հիմնախնդիրների ինստիտուտի փորձագետ Ա.Ֆենենկոն, վերլուծելով Ռուսաստանի քաղաքական գիծը Բալկաններում, նշում է, որ «Ռուսաստանը պետք է վերիմաստավորի իր գերակայությունները Բալկաններում։ Մոսկվան պետք է պայքարի «բուլղարական ռեսուրսը» պահպանելու համար։ Բայց հետագայում կարևոր է մտածել այլընտրանքային գործընկերոջ որոնման մասին։ Տեսականորեն այստեղ հնարավոր է երեք տարբերակ։ Սակայն դրանց իրականացումը ռուսական գերակայությունների փոփոխություն կպահանջի։ Առաջին տարբերակը Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացումն է։ Երկրորդ տարբերակը Ռումինիայի հետ երկխոսության խորացումն է։ Երրորդ տարբերակը՝ Հունգարիայի հետ փոխգործակցության ուժեղացումը... Էներգետիկ դժվարություններին կարող են հետևել նաև ռազմաքաղաքական խնդիրները։ 2004 թվականից ռուս փորձագետները զգուշանում էին, որ Ռումինիայի և Բուլղարիայի ՆԱՏՕ մտնելը կարող է փոխել ռազմածովային ուժերի հարաբերակցությունը Սև ծովում։ Սոֆիայի վերածումը ԱՄՆ հենարանի կարող է պայմաններ ստեղծել այդ սցենարի իրագործման համար։ Կօգտվի՞ արդյոք Ռուսաստանը թուրքական, ռումինական կամ հունգարական ռեսուրսից՝ իր կարևոր գերակայությունները չզոհաբերելով Բալկաններում» (А.Фененко, Балканские альтернативы, «Независимая газета», 17.06.2010).

6Հրապարակային փորձագիտական հնչողությամբ այս միտքը ներկայացված է, օրինակ, հետևյալ կերպ. «Հայաստանն իսկապես մնում է Ռուսաստանի առավել հետևողական դաշնակիցներից մեկը հետխորհրդային տարածքում, և նրա հետ գործնականում «թյուրըմբռնումներ» չեն ծագում, որոնք Ռուսաստանը պարբերաբար ունենում է, օրինակ, Բելոռուսիայի հետ... Տնտեսական հարցերում Երևանը, ի տարբերություն այդ նույն Մինսկի, իրեն բավականաչափ հետևողական է պահում և ջանում է վճարել իր հաշիվները։ Եթե պարտք կա, ջանում է ժամանակին մարել, եթե փողով չէ, ապա ակտիվներով։ Վերջապես, հայկական մեծաթիվ սփյուռքը Ռուսաստանում նպաստում է երկկողմ երկխոսության պահպանմանը պատշաճ մակարդակի վրա։ Մի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում գոյություն ունի պրագմատիկայի և «պարզապես բարեկամության» հավասարակշռություն, ինչը ձեռնտու է երկու երկրների իշխանություններին» (Պ.Սալին, Ռուսաստանի քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի առաջատար փորձագետ, http://actualcomment.ru/theme/730/, 29.08.2009).

7Եթե իրականում այդպես լիներ, ապա ստատուս քվոն կփոխվեր մոտ ապագայում։ Ստատուս քվոյի առկայությունը վկայում է այն մասին, որ այն շահավետ է գոնե ղարաբաղյան կարգավորման սուբյեկտներից մեկին, առանց ճշգրտելու, թե որպես այդ սուբյեկտ հանդես են գալիս ԼՂՀ-ն, Հայաստանը, Ռուսաստանը, թե այդ նույն ԱՄՆ-ը։

8Ամերիկյան փորձագետները, որոնք Ադրբեջանի հանդեպ ընդհանուր առմամբ ավելի նպաստավոր դիրք են գրավում, փորձում են տրամաբանական եզրակացություններ անել ղարաբաղյան հարցի հանդեպ ԱՄՆ ընդհանուր աշխարհաքաղաքական մոտեցումից։ Այսպես, «STRATFOR» վերլուծական կենտրոնի տնօրեն Ջ.Ֆրիդմանը նշում է, որ «ամերիկյան դիրքորոշման տրամաբանությունն այն է, որ ԱՄՆ-ը Կովկասի հարցում պետք է մտածի ստրատեգիապես, իսկ ելնելով դրանից՝ տրամաբանությունը և տարածաշրջանային դինամիկան տանում են դեպի սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ» (George Friedman, The Caucasus Cauldron, STRATFOR, July 7, 2010).

9Որ ԱՄՆ հետաքրքրությունը տարածաշրջանում և նրա շուրջ միջպետական հարաբերությունների զարգացմամբ աճել է, ցույց են տալիս վերջին ժամանակներս հաճախ անցկացվող փորձագիտական քննարկումները։ Որոշ քաջատեղյակ փորձագետների կարծիքով՝ այս քննարկումները նախաձեռնում է Թուրքիան և, համապատասխանաբար, ներամերիկյան մոտիվներով չեն պայմանավորված։ Այնուամենայնիվ, այդ քննարկումների ընթացքում շոշափվում են հարցեր, մասնավորապես՝ իրանա-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, որոնք Վաշինգտոնում դիտարկվում են առավել մեծ ուշադրություն պահանջող դիրքերից։ Թեմայի շուրջ վերջին քննարկումներից կարելի է համարել 2010թ. հունիսի 15-ին Բրուքինգսի ինստիտուտում (Brookings Institute, Վաշինգտոն) տեղի ունեցած փորձագիտական կարծիքների փոխանակությունը «Թուրքիա և Իրան. գնահատելով նոր տարածաշրջանային դիվանագիտությունը» թեմայով։ Այս քննարկման հետաքրքիր արդյունքը դարձավ այն, որ երկու հաջորդ՝ քրդական և Հայոց ցեղասպանության հարցերը, Վաշինգտոնում, փորձագիտական շրջանակներում շարունակում են դիտարկվել Թուրքիայի քաղաքականության վրա ԱՄՆ ազդեցության համար առավել գերակա բնույթի դիրքերից։ Այսպես, այս մասին նշված քննարկումների ժամանակ բավական մանրամասն խոսել է թուրքական ծագմամբ ամերիկացի փորձագետ Օ.Թաշփնարը (Omer Tashpinar), որը Բրուքինգսի ինստիտուտի Թուրքիայի հետազոտությունների ծրագրի տնօրենն է, ԱՄՆ Ազգային ռազմական քոլեջի պրոֆեսոր։

10Մինչև Հարվարդի համալսարանի Բելֆերյան կենտրոնում իր ներկայիս աշխատանքը Ս.Սարաջյանը եղել է «Moscow Times» թերթի փոխխմբագիրը, ինչպես նաև ամերիկյան հայտնի Արևելք-Արևմուտք ինստիտուտ (East West Institute) վերլուծական կենտրոնի աշխատակից։ Աշխատել է որպես հայտնի «Defense News» ռազմաքաղաքական պարբերականի մոսկովյան թղթակից։

11Simon Saradzhyan, Russia and the «Global Zero», «Russia in Global Affairs», July 1, 2010.

12Այսպես, ամերիկյան «IHS Energy» ընկերության էներգետիկայի գծով ավագ վերլուծաբան Է.Նեֆը (Andrew Neff), մեկնաբանելով Մեքսիկական ծոցի աղետի քաղաքական ռիսկերը, նշում է, որ նավթային ընկերությունները երբեք չեն եղել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության խոշոր հովանավորներ, այլ ավելի շուտ աջակցել են հանրապետականներին։ 2008թ. պահպանողականները տարբերվեցին՝ գործարկելով «Փորիր, ջանս, փորիր» («Drill, baby, dril») կամպանիան, այն դեպքում, երբ դեմոկրատներն ընդդիմանում էին նավթարդյունահանմանն Ալյասկայում և հորդորում էին կրճատել այն։ Հիմա նավթագործներն ավելի ակտիվ կաջակցեն հանրապետական թեկնածուներին։ Հարցը միայն այն է, թե քանի տեղ կկորցնեն դեմոկրատները նոյեմբերի միջանկյալ ընտրություններում (Нефтяная дилемма Обамы, «Независимая газета», 16.07.2010).

13Никто не согласен на компромисс, газета «Взгляд» (էլեկտրոնային պարբերական), 19 օգոստոսի 2010, http://vz.ru/politics/2010/8/19/426519.html.

14Որոշ ռուս փորձագետների հրապարակումներում եզրակացություններ են արվում, որոնք չեն կարող չմտահոգել նրանց հայ գործընկերներին Ադրբեջանին Ռուսաստանի կողմից С-300 համալիրներ մատակարարելու հարցի հայտնի քննարկման ժամանակ որոշ գնահատականների կտրականության առումով։ Այստեղ նշենք Ն.Կալինինայի և Վ.Կոզյուլինի համատեղ հրապարակումը («Договор о торговле оружием: заставить пушки замолчать») ռուսական հեղինակավոր «Индекс Безопасности» (№ 3 (94), Աշուն, 2010) ամսագրում։ Դրանում հեղինակները փաստում են հետևյալը. «Այսօր Ռուսաստանը ոչ ոքի թույլ չի տալիս խախտել զենքի արտահանման ոլորտի սրբությունը և պատրաստ է դրա համար ռիսկի դիմել ցանկացած քաղաքական ռեսուրսով և նույնիսկ հեղինակությամբ»։
Որոշ գնահատականներով՝ Ադրբեջանն ի վիճակի է ամեն տարի $500-600 մլն-ի սպառազինություն և ռազմական տեխնիկա գնել։

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 5

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր