
ԷՐԴՈՂԱՆԻ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ. ԹՈՒՐՔԵՐՆ ԱՎԵԼԻՆ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ

Երկյուղները, թե Ռուսաստանի և Թուրքիայի շարունակվող սերտ երկխոսությունն (որի վերջին արտահայտությունն էր ս.թ. հունվարի 12-13-ին Թուրքիայի վարչապետի այցելությունը Մոսկվա) ազդեցություն կունենա ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա, չհաստատվեցին՝ դատելով այցի արդյունքներից։
Ինչպես ռուս-թուրքական բարձրամակարդակ նախորդ շփումները, մոսկովյան այս հանդիպումը ևս կենտրոնացված էր երկկողմ համագործակցության էներգետիկ և առևտրատնտեսական թեմատիկայի շուրջ1։
Երկկողմ և տարածաշրջանային նշանակության քաղաքական ոչ մի հարց, այցի արդյունքներով, չնյութականացվեց։ Այսպես, այցից առաջ շրջանառության մեջ մտցվեց (հիմնականում Թուրքիայի տեղեկատվական և փորձագիտական աղբյուրների կողմից) տեղեկատվություն, թե Մոսկվայում քննարկվելու և ընդունվելու են որոշումներ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ռուս-թուրքական բարձրամակարդակ համագործակցության խորհրդի ստեղծումը (Թուրքիայի և Սիրիայի, Թուրքիայի և Իրաքի միջև արդեն գործող, այսպես կոչված, ռազմավարական համագործակցության խորհուրդների նման) և Հարավային Կովկասում կայունության և համագործակցության՝ 2008թ. օգոստոսին Թուրքիայի նախաձեռնած պլատֆորմի ապագայի խնդրում պարզություն մտցնելը, և, ինչպես կարելի է ենթադրել, թեև այս հարցերը քննարկվել են, բայց կողմերն առայժմ պատրաստ չեն կոնկրետ որոշումներ կայացնել։
Էրդողանի Մոսկվա կատարած այցն ի հայտ բերեց ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլի հետևյալ կարևոր նրբությունները, որոնք շոշափում են Հայաստանի շահերը.
1. Այցը տեղի ունեցավ այն շրջանում, երբ Թուրքիան կանգնած է երկընտրանքի առջև՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման և ղարաբաղյան կարգավորման հարցում իր դիրքորոշման հետ կապված հետագա գործողությունների առնչությամբ։ Սա Մոսկվայի դիրքորոշման յուրատեսակ ստուգում էր (թուրքերի համար կարևոր էր Ռուսաստանի առաջին անձանցից իմանալ վերաբերմունքն այս երկու հարցերի մասին)2 2009թ. դեկտեմբերի 7-ին Էրդողանի ԱՄՆ կատարած այցից հետո։ Ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնի ոչ այնքան հստակ դիրքորոշումը (ինչպես հայտնի է, այցի արդյունքների վերաբերյալ Բ.Օբամայի հետ համատեղ մամուլի ասուլիսում Էրդողանը արձանագրությունների վավերացման հարցն ուղղակիորեն կապել էր ղարաբաղյան կարգավորման հետ, ընդ որում՝ ԱՄՆ նախագահն անմիջապես և ըմբռնելի արձագանք չէր տվել) Թուրքիային առիթ է տվել հուսալու առնվազն Մոսկվայի նույնքան անհասկանալի դիրքորոշումն այն դեպքում, եթե Էրդողանը կրկին հայտարարի երկու գործընթացների կապի մասին։ Դա տեղի չունեցավ, և Մոսկվայում բավական հստակ շեշտադրումներ արվեցին երկու գործընթացներն իրար կապելու անընդունելիության վերաբերյալ։ Թուրքիայի համար կարևոր էր նաև պարզել հետևյալ հարցը. կա՞ն արդյոք ինչ-որ անհամաձայնություններ, թեկուզև ոճական բնույթի, Ռուսաստանի նախագահի և վարչապետի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և ղարաբաղյան կարգավորման գործընթացները միմյանց կապելու հարցի վերաբերյալ գնահատականներում, ինչպես նաև պարզել, թե ով է որոշում Ռուսաստանի պաշտոնական մոտեցումն այդ հարցերում (Դ.Մեդվե՞դևը, թե՞ Վ.Պուտինը)։ Մոսկվայում ստացած տեղեկությունները հօգուտ Թուրքիայի չէին. այդ հարցերի հանդեպ մոտեցումները որոշում է Վ.Պուտինը, իսկ Դ.Մեդվեդևը պաշտոնապես իրականացնում է միջնորդական գործունեություն ըստ 2008թ. Մայնդորֆյան հռչակագրի:
2. Այցի ընթացքում թուրքական կողմին անհրաժեշտ էր այլ հարցերում (էներգետիկա, առևտրատնտեսական հարաբերություններ, եվրոպական անվտանգության համակարգի բարեփոխման վերաբերյալ Մոսկվայի նախաձեռնությունների քննարկում) ունեցած մոտեցումներն օպերատիվ կերպով համադրել հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան կարգավորման գործընթացների շաղկապման անընդունելիության վերաբերյալ Մոսկվայի բավական կոշտ մոտեցմանը: Ամենայն հավանականությամբ, Մոսկվայի այսօրինակ դիրքորոշումն անակնկալ էր Էրդողանի համար, իսկ Մոսկվայի նման դիրքորոշումը պայմանավորված էր նրանով, որ վերջինին սկսել էր խանգարել «կողքից դիտողի» դերը իր համար կենսականորեն կարևոր տարածաշրջանում: Միջազգային փորձագիտական և քաղաքական հարթությունում արդեն գրեթե հանրահայտ է այն փաստը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում պիլոտային երկիրը ԱՄՆ-ն է: Մինչև որոշակի պահի Ռուսաստանին ձեռնտու էր դիտել գործընթացին անշրջելի բնույթ հաղորդելու ԱՄՆ փորձերը:
Մոսկվայում Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Վ.Պուտինի հնչեցրած նախադասությունը կարելի է համարել որոշակի պատասխան և միաժամանակ Մոսկվայի դիրքորոշման որակական տեղաշարժ դիտորդից գործընթացի հանգուցային դերակատարի վերածվելու գործում. «Մենք մեծ հույսով ընդունեցինք թուրքական կողմի` այդ շփումները կարգավորելու նախաձեռնությունը» (նկատի են առնվում հայ-թուրքական հարաբերությունները):
Կարևոր է, որ Մոսկվայի հստակ արձագանքը հետևեց այն պահին, երբ գործընթացը որոշակի փակուղի էր մտել, որից դուրս գալը պետք է տեղի ունենա Թուրքիայի կողմից սկզբունքային որոշում կայացնելուց հետո. այն կլինի կամ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, կամ տարածաշրջանային գործընթաց` նաև ղարաբաղյան հարցի կարգավորման համատեքստում: Ակնհայտ է, որ Թուրքիան խուսանավում է և փորձում խաղալ այդ թվում նաև, իսկ գուցե` գլխավորապես, ռուս-ամերիկյան հակասությունների վրա: Մոսկվայի դիրքորոշումը պարզելու պահն ընտրվել է Թուրքիայի կողմից, մեր կարծիքով` նկատի ունենալով ռուս-ամերիկյան երկխոսության անհստակությունը ներկա փուլում Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների օրակարգի ամենագլխավոր հարցում, այն է` ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման մասին նոր համաձայնագրի ստորագրումը:
Մոսկվայի կոշտ ձևակերպումները պայմանավորված էին նաև Թուրքիայի անհասկանալի դիրքորոշմամբ եվրոպական անվտանգության համակարգը բարեփոխելու մոսկովյան առաջարկների հետ կապված: Այս անհստակությունը, ինչպես կարելի է ենթադրել, հատկապես հիասթափեցրել էր Մոսկվային մինչև Էրդողանի հունվարյան այցը եվրաատլանտյան ինտեգրման գիծը շարունակելու վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարի հնչեցրած միանշանակ հայտարարությունների ֆոնին3: Այսպիսով, Մոսկվայի հույսերը, թե Թուրքիան եվրաատլանտյանից կվերակողմնորոշվի դեպի եվրասիական ուղին, չհաստատվեցին, անգամ ռուս-թուրքական էներգետիկ և առևտրատնտեսական միանգամայն սերտ երկխոսության ֆոնին:
3. Ռուսաստանը չի պայմանավորի Թուրքիայի և Ադրբեջանի համար բարենպաստ տեղաշարժերը ղարաբաղյան կարգավորման հարցում (առաջին հերթին` Անկարայի և Բաքվի ակնկալիքները, թե 2009թ. հուլիսի 10-ին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության ձևակերպմամբ` «ադրբեջանական վերահսկողությանն են անցնելու Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքները» («return of the territories surrounding Nagorno-Karabakh to Azerbaijani control») Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր էներգառեսուրսային և առևտրատնտեսական համագործակցության զարգացմամբ4: Այս փաստն իր մարմնավորումն ստացավ 2010թ. հունվարի 13-14-ին Ռուսաստանի արտգործնախարարի Երևան կատարած այցելության ընթացքում: Այստեղ Հայաստանի համար կարևոր է երկու հանգամանք.
ա) փորձագիտական հանրության որոշ մասի շրջանում տեղ գտած երկյուղները (ի դեպ, դրանք արժանի են սևեռուն ուշադրության) Ռուսաստանի ներկայիս նախագահի (որը «Գազպրոմի» դպրոցն է անցել և այդ պատճառով «գազ տարածքների փոխարեն» տիպի գործարքների ձեռքբերման տրամադրվածություն ունի) արտաքին քաղաքական մոտեցումների էներգակենտրոն լինելու առնչությամբ զարգացում չստացան: Հնարավոր է, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են ինչ-որ հույսեր ունենալ այս համատեքստում (ամփոփիչ մամուլի ասուլիսում Թուրքիայի վարչապետը հայտարարեց, թե իրենք ընթացիկ տարվա մայիսին կամ հունիսին սպասում են Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Մեդվեդևի այցը Թուրքիա: Այդ այցի ընթացքում իրականություն կդառնա կարևոր և զգալի հարցերի մի ամբողջ շարք «մեր հարաբերությունների հետագա զարգացման ճանապարհին»)5:
Կարևոր է ընդգծել, որ Ռուսաստանի նախագահի` թուրքական կողմի համար նպաստավոր դիրքորոշման ակնկալիքները կապված են նրա ունեցած առավել ընդհանուր դիրքորոշման հետ, ինչը որոշ հույսերի տեղ է թողնում: Այսպես, եթե Վ.Պուտինն իր վերը նշված խոսքում ռուս-թուրքական հարաբերությունների ներկա փուլը բնորոշեց «ռուս-թուրքական բազմակողմ առևտրատնտեսական փոխգործակցության» սովորական երանգներով, ապա Մոսկվայում Ռ.Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը խոսեց այն մասին, որ «ռուս-թուրքական հարաբերություններն այսօր վերելք են ապրում, դրանք իսկապես ռազմավարական գործընկերների հարաբերություններ են» (Դ.Մեդվեդևի այս խոսքերի վրա էին հատկապես կենտրոնանում Թուրքիայի պետական ТRТ-1 և ТRТ-2 հեռուստաալիքները` լուսաբանելով Թուրքիայի վարչապետի այցը Մոսկվա):
բ) այն, ինչ հնչեցվել և հնչեցվում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1993թ. չորս բանաձևերում և երեք նախագահների 2009թ. հուլիսի 10-ի հայտարարությունում, առաջին անգամ ընդհանուր գծերով ներկայացնելով ղարաբաղյան կարգավորման «մադրիդյան սկզբունքները», որոնցում, ի դեպ, առաջին կետը հենց վերոնշյալ թեզն է «ադրբեջանական վերահսկողությանը Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձման» մասին, այդ ամբողջը հռչակագրեր են, որոնք անհրաժեշտ են ցանկացած միջպետական հակամարտության կարգավորման գործընթացում, բայց դրանք չեն, որ որոշում են իրական ուժերի և շահերի դասավորության սկզբունքորեն կարևոր գործոնները ղարաբաղյան կարգավորման մեջ:
Եթե այն բանի համար, որպեսզի Ռուսաստանի արտգործնախարարը բացահայտ հայտարարի, թե «Մենք ելնում ենք այն բանից, որ նման պայմանագրի պատրաստման գործընթացում (նկատի է առնվում ղարաբաղյան հակամարտությունը լուծելու հաշտության պայմանագիրը, որի հիմքում պետք է դրված լինեն կարգավորման այսպես կոչված բազային սկզբունքները – հեղ.) Ղարաբաղի բնակչության դիրքորոշումը չի կարող հաշվի չառնվել», 17 տարի պահանջվեց, եթե հաշվենք ՄԱԿ ԱԽ 1993թ. ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունած բանաձևերից սկսած, ապա թող էլի 17 տարի անցնի, որպեսզի ԱՄՆ պետդեպարտամենտը որոշում ընդունի Վաշինգտոնի և Ստեփանակերտի միջև դիվանագիտական ներկայացուցչություններ փոխանակելու մասին:
Էրդողանի այցին անմիջապես հաջորդած իրադարձությունները մատնանշում են Ռուսաստանի դիրքորոշումների նոր միտումների մասին, որոնք հատկապես կարևոր են հայկական կողմի համար` հաշվի առնելով այդ երկրի` Անվտանգության խորհրդի մշտական անդամի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակը:
Երկար ժամանակ և լայնորեն հայտնի էր Մոսկվայի այն դիրքորոշումը, որը հակիրճ կարելի է հանգեցնել հետևյալ թեզին. «ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է պայմանավորվեն միմյանց հետ, իսկ Ռուսաստանը կլինի հակամարտության կողմերին ձեռնտու այդ պայմանավորվածության երաշխավորը»: Ժամանակի ընթացքում, ղարաբաղյան կարգավորման բոլոր հիմնական արտաքին դերակատարների (որոնք մասնակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին) դիրքորոշումների ավելի լայն համատեքստում, Ռուսաստանը, ինչպես և ԱՄՆ-ը Ֆրանսիայի հետ միասին, սկսեց խոսել հակամարտության կողմերի միջև ցանկացած պայմանավորվածության երեք սկզբունքների անհրաժեշտության մասին, որոնցից առաջին տեղում է ուժի չկիրառման, նշանակում է` հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումից ձեռնպահ մնալու սկզբունքը: Հետաքրքիր է, որ ուժի չկիրառման մասին սկզբունքը միջնորդների հայտարարություններում առաջին տեղում է հնչում և դրան առաջնային նշանակություն է տրվում, այն դեպքում, երբ 2009թ. հուլիսի 10-ին հրապարակված «մադրիդյան սկզբունքներում» առաջին տեղում «ադրբեջանական վերահսկողության ներքո Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձման» մասին կետն է: Հակամարտության գոտում ռազմական գործողությունները չվերսկսելը ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք միջնորդների ընդհանուր դիրքորոշումն է:
Պաշտոնական անձանց հայտարարությունների և փորձագիտական գնահատականների մի ամբողջ շարք մատնանշում է այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումն անընդունելի է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար: Հրադադարի ռեժիմի պահպանման և ռևանշիստական գործողություններից Ադրբեջանի ձեռնպահ մնալու, ինչպես նաև այս կամ այն արտաքին դերակատարի էներգետիկ շահերը հակամարտության գոտում ստատուս քվոն չձևափոխելու առումով կարևոր նշանակություն են ներկայացնում հենց Բաքվում հնչող արտասահմանյան փորձագետների կամ Ադրբեջանի փորձագիտական կենտրոնների հովանու ներքո հրատարակվող վերլուծական հրապարակումների գնահատականները: Բերենք հետևյալ օրինակները: 2009թ. նոյեմբերին Բաքվում տեղի ունեցավ կոնֆերանս «Հարավային Կովկասի անվտանգության խոչընդոտներ. տարածաշրջանային զարգացման առկա իրողությունները և հեռանկարները» թեմայով: Ադրբեջանի նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կազմակերպած կոնֆերանսի մամլո ամփոփագրում նշվում էր, որ Հարավային Կովկասի կայունության և անվտանգության վրա էներգետիկ նախագծերի ազդեցության հարցը քննարկելիս կոնֆերանսի մասնակիցները եկել են որոշակի կոնսենսուսի, թե ներկա պայմաններում էներգետիկ նախագծերը պոտենցիալ չունեն ղարաբաղյան հարցի իրական կարգավորման համար, և դրա գլխավոր պատճառն այն է, որ չեն համընկնում տարածաշրջանում զգալի էներգետիկական շահեր ունեցող հիմնական արտաքին դերակատարների շահերը:
Ադրբեջանի նույն` Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հովանու ներքո լույս տեսած վերլուծական «Azerbaijan Focus» ժողովածուի առաջին թողարկման մեջ (2009թ. հունիս-օգոստոս) զետեղվել են արտասահմանյան փորձագետների նյութեր, որոնք ընդգծում են ռազմական գործողությունների վերսկսման անընդունելիությունը արտաքին դերակատարների և անշահավետությունը հենց Ադրբեջանի համար: Գերմանացի հայտնի փորձագետ, արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի (German Council on Foreign Relations, DGAP) Ռուսաստան-Եվրասիա ծրագրի ղեկավար Ա.Ռարի (Alexander Rahr) և սույն վերլուծական կենտրոնի փորձագետ Ս.Ռիդերի (Sebastian Rieder) համատեղ հոդվածում նշվում էր. «Ադրբեջանը պետք է հասկանա, որ հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու փորձը լուրջ վնաս կհասցնի նրա երկկողմ և բազմակողմ հարաբերություններին հարևանների և գործընկերների հետ: Ռուսաստանի և Իրանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, ինչպես նաև ՄԱԿ և ԵԱՀԿ դիրքերին էական վնաս կհասցվի: Ադրբեջանի համար բացասական հետևանքների զարգացման դեպքում կարող են հետևել էմբարգո մտցնելը և պատժամիջոցները»6:
Մեկ այլ փորձագետի` Հետինդուստրիալ հասարակության հետազոտությունների ռուսաստանյան կենտրոնի տնօրեն Վ.Ինոզեմցևի հոդվածում նշվում էր, որ Հարավային Կովկասի հակամարտությունների բոլոր մասնակիցները հասկանում են «դրամատիկական փոփոխությունների հնարավորությունը ստատուս քվոյի խափանման դեպքում»: Այնուհետև ասվում էր. «Անգամ հաշվի առնելով, որ Ադրբեջանը և Վրաստանը վերջին տարիներին զգալի ջանքեր են գործադրել իրենց զինված ուժերն արդիականացնելու և զարգացնելու համար... նրանց զինված ուժերը օբյեկտիվորեն ավելի թույլ են մնում, քան համապատասխանաբար` Հայաստանի և Աբխազիայի զինված ուժերը»7:
Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի ներկա գնահատականն արդեն ներառում է այն իրողությունը, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը հաշվի առնելու անհնար է հասնել ինչ-որ երկարատև և փոխադարձաբար ձեռնտու լուծումների: Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ ասելով հասկացվում է առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայիս բնակչությունը: Այս առնչությամբ, բացի 2010թ. հունվարի 14-ին Երևանում Ռուսաստանի արտգործնախարարի հնչեցրած հայտնի հայտարարություններից, հետաքրքիր ենք համարում ներկայացնել նաև Ռուսաստանի Հանրային պալատի անդամ Մ.Շևչենկոյի կարծիքը. «Միանգամայն ստույգ կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ոչ մի պայմանավորվածություն ընդունվել չի կարող առանց հենց Լեռնային Ղարաբաղի բնակիչների կարծիքի: Կա պատրանք, թե նրանք հայեր են և կենթարկվեն Երևանի կամ էլի ինչ-որ մեկի դիրքորոշմանը: Կարող եմ ասել, որ դա պատրանք է: Լեռնային Ղարաբաղի հայերն ինքնուրույն են: Նախ` այնտեղ շատ փախստականներ կան Ադրբեջանից և Բաքվից: Երկրորդ` Լեռնային Ղարաբաղի հայերն ըստինքյան շատ են տարբերվում երևանյան հայերից: Ուստի, նրանք միանգամայն այլ կերպ են տեսնում աշխարհը և միանգամայն այլ կերպ են տեսնում Լեռնային Ղարաբաղի անվտանգության խնդիրները: Պատերազմի պատմությունը, պատերազմի միֆոլոգիան նրանց համար ինքնության, նույնականացման շատ կարևոր գործոն է: Ուստի, ցանկացած բանակցային գործընթաց առանց Լեռնային Ղարաբաղի հայերի մասնակցության, իմ կարծիքով, ապարդյուն կլինի: Ինչ համաձայնագրեր էլ կնքվեն, եթե դրանցում հաշվի չառնվի նրանց դիրքորոշումն ու չհամաձայնեցվի նրանց հետ, ապա միակ ելքը պատերազմն է: Անմիջապես ասեմ. նրանք պատերազմից չեն վախենում: Նրանք պատրաստ են պատերազմի: Նրանք իրենց հաղթանակած են զգում նախորդ պատերազմում: Այնտեղ պատերազմի համար տեղանքը շատ բարդ է, և նրանք բավականաչափ համախմբված են... Որքան էլ տարօրինակ է, բայց այդ մարդկանց դիրքորոշումը, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղի և շրջակա տարածքների փոքր քաղաքներում և գյուղերում, ամենակարևորն է ղարաբաղյան հարցի լուծման գործում: Եթե չլինի պարզ մարդկային հարաբերությունների ձևաչափ, եթե Լեռնային Ղարաբաղի հայերը չհամաձայնեն ադրբեջանցիների վերադարձին և միջոց չգտնեն ադրբեջանցիների հետ գոյակցելու համար, ուրեմն այդ դեպքում ոչինչ չի ստացվի»8:
1Հունվարի 13-ին Մոսկվայում Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում Վ.Պուտինի արտաբերած առաջին նախադասությունը հետևյալի մասին էր. «Մենք հիմնական շեշտը դրեցինք ռուս-թուրքական բազմապլան առևտրատնտեսական փոխգործակցության վրա»։ Այսպիսով, բազմապլան համագործակցությունը Ռուսաստանի վարչապետի կողմից հանգեցվեց երկկողմ համագործակցության առևտրատնտեսական ոլորտին։
2Սրան ուշադրություն են դարձրել նաև ռուս փորձագետները։ Այսպես, Ռուսաստանի քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի արտաքին քաղաքական հարցերի գծով փորձագետ Ե.Վոյկոն կարծում է, որ «Թուրքիայի վարչապետի այցը Մոսկվա պայմանավորված է ինչպես Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցության ավանդական դարձած թեմայի քննարկմամբ, այնպես էլ Էրդողանի փորձերով՝ հետախուզել, թե որքանով է Ռուսաստանի ղեկավարությունը պատրաստ Երևանի վրա «անհրաժեշտ» ազդեցություն գործելու» (Россия и Турция подтверждают характер стратегического партнёрства, http://www.ancentr.ru/modules/events/event4302.html., 13.01.2010).
32009թ. նոյեմբերի վերջին Թուրքիայի արտգործնախարար Ա.Դավութօղլուն ամերիկյան «Newsweek» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ին անդամակցությունը և ԵՄ անդամակցության բանակցային գործընթացը Թուրքիայի «ռազմավարական գերակայություններն» են (Owen Matthews, Yenal Belgici, Semin Gumusel, Risky Diplomacy. Turkey's Foreign Minister Discusses His Country's Expanding Role As a Regional Power, http://www.newsweek.com/id/224704, 28.11.2009).
4Ռուս փորձագետները փաստում են Ռուսաստանի և Թուրքիայի նախկին դիրքորոշումների պահպանումը ղարաբաղյան կարգավորման հարցում, ինչը կարևոր է հատկապես վերջերս արտասահմանյան փորձագիտական որոշ շրջանակներում լայնորեն տարածված այն կարծիքների ֆոնին, թե Մոսկվայի և Անկարայի դիրքերը համընկնում են Հարավային Կովկասի հակամարտությունների խնդրի վերաբերյալ: Քաղաքագետ Ե.Կրիշտալևը նշում է. «Ավելի գլոբալ քաղաքական գործընթացների, մասնավորապես, Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման գծով կողմերն այնքան էլ մերձ չեն: Այսպես, չնայած թուրքական վարչապետի հայտարարությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Հայաստանի հետ Թուրքիայի մերձեցման փոխկապվածության մասին, ռուսական կողմը մնաց իր կարծիքին» (Россия – Турция: дружба на 100 миллиардов долларов, http://www.vestikavkaza.ru/analytics/ekonomika/14053.html., 14.01.2009).
5Հետագայում հայտնի դարձավ, որ Դ.Մեդվեդևի Թուրքիա այցելությունն սպասվում է այս տարվա մայիսին:
6Alexander Rahr and Sebastian Rieder, Azerbaijan's Geopolitical Role in the Black Sea – Caspian Basin Region: Challenges and Opportunities // Azerbaijan Focus, Journal of International Affairs, Vol. 1 (1), 2009, p. 56.
7Vladislav Inozemtsev, Big Politics in Small Spaces: What Are Azerbaijan's Prospects in the Geopolitical Arena? // Azerbaijan Focus, Journal of International Affairs, Vol. 1 (1), 2009, p. 67.
8Визит Лаврова в Ереван // Актуальные комментарии, 14.01.2010, http://actualcomment.ru/theme/1051.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ՌՈՍՆԵՖՏ». ՆՈՐ ԲԻԶՆԵՍ-ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[28.04.2014]
- ՆԱԽԿԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ[15.12.2011]
- ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. ԵՐԵՔ ՍԿԶԲՈՒՆՔ, ՎԵՑ ԴՐՈՒՅԹ ԵՎ «ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈ ՊԼՅՈՒՍ»[13.10.2011]
- ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ[30.03.2011]
- ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ» ԴՐԱԿԱՆՆ ՈՒ ԲԱՑԱՍԱԿԱՆԸ ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ[10.02.2011]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԱՄՆ ԵՎ ԵՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ[14.12.2010]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ[25.10.2010]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐ[06.07.2010]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ. ՊԱՅՔԱՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ[02.02.2010]
- «ՍԵՎԾՈՎՅԱՆ ՍԻՆԵՐԳԻԱ» ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ[24.12.2009]