• am
  • ru
  • en
Версия для печати
14.12.2010

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԱՄՆ ԵՎ ԵՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ

EnglishРуский

   

Միխայիլ Աղաջանյան

Մ.Աղաջանյան` Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի արտաքին քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ

Ռուսաստանի ղեկավարության վերջին շրջանի ակտիվությունն արտաքին քաղաքականության եվրոպական ուղեգծում Ռուսաստանի և եվրոպական երկրների միջև հարաբերությունների համար չի կարող դիտարկվել բացառապես դրական տեսանկյունով։ Ռուսաստանի հանդեպ եվրոպացիների զգուշավոր վերաբերմունքի պահպանման, իսկ ռուս որոշ փորձագետների գնահատականներով՝ այդ վերաբերմունքի խորացման վրա ազդեցություն է գործում մեզ համար միանգամայն կարևոր՝ եվրատլանտյան երկրների հետ Մոսկվայի հարաբերությունների կողմնակի մի բաղադրիչ՝ ռուս-թուրքական հարաբերությունների զարգացումը։

Եվրոպայում և ԱՄՆ-ում նկատելի է ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հանդեպ ուշադրության աճ բազմաթիվ պատճառներով, որոնց թվում կարելի է նշել հետևյալները.

  • Անկարայի հիպերակտիվությունը մերձավորարևելյան տարածաշրջանում և Ռուսաստանի ակտիվ գործողությունները ոչ միայն հետխորհրդային, այլև ավելի հեռավոր տարածքներում (Կենտրոնական և Արևելյան Եվրոպա, Հարավարևելյան Ասիա)։ Իրենց շահերի իրականացման ավելի լայն տարածքում ռուս-թուրքական տանդեմի կազմավորման հնարավորությունն էլ ավելի է մտահոգում Եվրոպային և ԱՄՆ-ին, թեև այդ մտահոգության մակարդակն ամենևին էլ միասեռ չէ (առավել բարձր մակարդակից Վաշինգտոնում, միջին մակարդակից եվրատլանտյան քաղաքական այնպիսի կենտրոններում, ինչպիսիք են Լոնդոնը և Փարիզը, մինչև խիստ ցածր արտահայտված մակարդակը Բեռլինում)1։ Հնարավոր է, որ սա մեկն է այն հանգամանքներից, որ և՛ Անկարայի, և՛ Մոսկվայի համար, եթե համեմատենք այլ քաղաքական կենտրոնների հետ, ավելի հարմար է աշխատել հենց Բեռլինի հետ այնպիսի տարածաշրջանների առումով, ինչպիսիք են մերձավորարևելյան, սևծովյան, կենտրոնաասիական տարածաշրջանները։
  • Մոսկվայի արտաքին քաղաքական գծում այն՝ հիմնականում քիչ սպասվող «սադրիչ ագրեսիվությունը», որին Արևմուտքը բախվեց 2008թ. օգոստոսից, վերջին ժամանակներս հստակ դրսևորվեց արդեն Անկարայի արտաքին քաղաքական ուղեգծում («Խաղաղության նավատորմիկի» հետ կապված միջադեպը)։
  • Եվրատլանտյան երկրների համար չի կարող ուժերի ավելի վատ դասավորություն լինել Իրանի միջուկային ծրագրի շուրջ և ընդհանրապես մերձավորարևելյան տարածաշրջանում, քան այն դասավորությունը, որի ուրվագծերն արդեն ներկա փուլում ձևավորվում են. Թուրքիան Իրանի հանդեպ նպաստավոր դիրքորոշում է գրավում, ընդ որում՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի համար ամենազգայուն դիրքերում (հակաիսրայելական ուղղություն, համերաշխություն Սիրիայի հետ, աջակցություն պաղեստինյան ծայրահեղական խմբավորումներին)2, իսկ Ռուսաստանը Թուրքիայի հետ համաձայնեցված դիրքերից ուժեղացնում է իր ազդեցությունը Սև ծովում, Հարավային Կովկասում, կասպյան և կենտրոնասիական տարածաշրջաններում։

Ռուսաստանի և ԵՄ ղեկավարների, ինչպես նաև Գերմանիայի առաջին դեմքերի բարձր մակարդակի վերջին հանդիպումները, ռուս փորձագետների գնահատականներով, չնվազեցրին Ռուսաստան-Եվրոպա հարաբերություններում առկա զգուշավորության մակարդակը (նույնիսկ Գերմանիայի պարագայում, բավական զարգացած ռուս-գերմանական տնտեսական հարաբերություններին չհաջողվեց ավելացնել սերտ փոխգործակցության որակապես նոր մակարդակ քաղաքական հարաբերություններում, ինչին համառորեն ձգտում է Ռուսաստանը Եվրոպական անվտանգության պայմանագրի նախաձեռնությանը Եվրոպայի բավական սառը արձագանքից հետո)։

2010թ. մայիսի 31-ին Դոնի Ռոստովում տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահի ոչ պաշտոնական հանդիպումը ԵՄ ղեկավարության հետ՝ Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի շրջանակներում, որից հետո, հունիսի 1-ին, նույն քաղաքում տեղի ունեցավ միջոցառման արդեն պաշտոնական մասը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ռուսաստանի և ԵՄ համագործակցության տարբեր կողմերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերը, մասնավորապես՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման միջոցառումները, գլոբալ և եվրոպական անվտանգության հարցերը, Իրանի միջուկային ծրագիրը, մերձավորարևելյան կարգավորումը։

Ռուսաստանցի փորձագետներն ընդգծում են, որ «1+1» գագաթաժողովներ ԵՄ-ն անցկացնում է իր ինտեգրացիոն տարածքից դուրս գտնվող ոչ բոլոր երկրների հետ։ «Հատուկ գործընկերների» կարգավիճակով են օժտված միայն ԱՄՆ-ը և Չինաստանը։ Նրանց հետ համաժողովներն անցկացվում են կանոնավորապես։ Դատելով ըստ ամենայնի՝ այժմ Ռուսաստանը ևս ԵՄ ղեկավարության կողմից դասվում է այնպիսի կարգավիճակ ունեցող տերությունների թվին, որոնց հետ փոխգործակցությունը հատուկ ձևաչափ է պահանջում։ Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են Ռուսաստանի և ԵՄ ներկայիս երկխոսության անարդյունավետության մասին, ինչը մեկ անգամ ևս ցույց տվեց Դոնի Ռոստովի գագաթաժողովը։ Համաժողովի արդյունքներով առաջընթաց չգրանցվեց ռուս-եվրոպական ընթացիկ հարաբերությունների սկզբունքային հարցերից և ոչ մեկի շուրջ։ Այսպես, խորհրդակցությունների ընթացքում կողմերը կանգ չառան գործընկերության և համագործակցության բազային համաձայնագրի պատրաստման գործընթացի վրա։ Առարկայական որոշումներ չընդունվեցին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմը հեշտացնելու ոլորտում։ Հիմնական օրակարգի ստվերում մնաց նաև եվրոպական անվտանգության մասին պայմանագրի ստորագրումը, որի նախագիծը Բրյուսելին էր հանձնվել դեռ 2009թ. նոյեմբերի 29-ին։ Երկկողմ հանդիպման գործնական բաղադրիչը հանգեցվեց Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովի Համատեղ հայտարարության ընդունմանը «Գործընկերություն արդիականացման համար» ծրագրի վերաբերյալ, բայց սա ևս պետք է դիտարկել որպես ձևական փաստաթուղթ։ Մի փոքր ավելի բովանդակային պետք է համարել Ռուսաստանի և ԵՄ-ի միջև 2010թ. հունիսի 1-ին ստորագրված Համաձայնագիրը գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին, բայց դա ևս չկարողացավ փոխել հանդիպման «բովանդակազուրկ» բնույթը3։

Ռուսաստանի նախագահի՝ Գերմանիա կատարած այցի ժամանակ (2010թ. հունիսի 4-5) ստորագրված գերմանա-ռուսական հուշագիրը դարձավ Ռուսաստանի համեստ և անորոշ արտաքին քաղաքական հաջողությունը։ Այս հուշագիրն ավելի շուտ կարելի է դիտարկել որպես որոշ զիջում Մոսկվային, քանի որ դրանում նկատի էր առնված ԵՄ դերի ուժեղացում մերձդնեստրյան հարցում, բայց ԵՄ դիրքորոշումների ոչ մի մեղմացում չկար Աբխազիայի և Հարավային Օսիայի առնչությամբ (Հուշագրում նշվում է. «Ուշադրության առնելով իրականացվող ջանքերը՝ Ռուսաստանը և Եվրոպական միությունը կհամագործակցեն մերձնդեստրյան հակամարտության լուծման ուղղությամբ՝ նախևառաջ նկատի ունենալով շոշափելի առաջընթացի ձեռքբերումը «5+2» [Ռուսաստան, Ուկրաինա, Մոլդովա, Մերձդնեստր, ԵԱՀԿ, ԵՄ, ԱՄՆ] ձևաչափի շրջանակներում։ Այդ համագործակցությունը կարող է ներառել Ռուսաստանի և ԵՄ համատեղ միջոցառումները, որոնք կերաշխավորեն անխնդրահարույց անցումը ներկա իրավիճակից եզրափակիչ փուլի»)։

Ռուսաստանցի փորձագետները նշում են, որ չնայած համաշխարհային ասպարեզում Մոսկվայի՝ «վարքագիծը» բարելավելու բոլոր ջանքերին, Արևմուտքը ցանկություն չի ցուցաբերում արժանանալ ռուսների համակրանքին։ Ինչպես ԵՄ, այնպես էլ ԱՄՆ (որոնք մտնում են ռուսական հիմնական կոնտրագենտների շարքը) դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ մնում է զուսպ-զգուշավոր։ Ընդ որում, եթե Վաշինգտոնի հետ երկխոսությունում Մոսկվան դեռ կարող է որոշ դրական տեղաշարժեր նշել (հատկապես սպառազինությունների լիցքաթափման թեմայով և քաղաքական երկխոսության բնագավառում), ապա «եվրոպական գործերը» բավական անշուք տեսք ունեն։ ԵՄ-ը հրաժարվում է վերացնել վիզային ռեժիմը, չկան դրական խթաններ, թե ԵՄ-ը կաջակցի, որ Ռուսաստանն անդամակցի Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)։

Վերջին ժամանակներս նկատվում է ԱՄՆ և ԵՄ խոշոր երկրների համաձայնեցված մոտեցում Ռուսաստանի և Թուրքիայի հետ իրենց փոխգործակցությունը կառուցելիս։ Այս մոտեցումը դրսևորվում է հետևյալ ընդհանուր սխեմայով։ Ամերիկա-ռուսական հարաբերությունների որոշ բարելավումը ձեռք է բերվում Ռուսաստանի և Եվրոպայի կապերի թուլացման ֆոնին, իսկ Թուրքիայի նկատմամբ ներկա փուլում իրականացվում է հակառակ սխեման. ամերիկա-թուրքական հարաբերությունների վատթարացումն ընթանում է եվրոպական երկրների հետ Անկարայի հարաբերությունների որոշ բարելավման ֆոնին։ Այս առնչությամբ կարելի է երկու ենթադրություն անել. 1) ԱՄՆ-ը կշարունակի խիստ կարևոր դեր խաղալ Մոսկվայի և Անկարայի միջև որակական որևէ մերձեցում թույլ չտալու համար, 2) Եվրոպային հատկացվում է ասիստենտի դեր, որը, մի կողմից, ԱՄՆ-ի համար կընդլայնի մանևրելու դաշտը նշված ընդհանուր սխեման իրականացնելիս, իսկ մյուս կողմից՝ կնվազեցնի այդ գործողությունների ընկալումը Մոսկվայում և Անկարայում՝ որպես «Արևմուտքի դավադրություն» նրանց դեմ։

Ամերիկա-թուրքական հարաբերությունների վատթարացման համատեքստում կարելի է նկատել հետևյալ փաստերը. 1. ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև սկզբունքային հակասությունները Իրանի միջուկային ծրագրի հարցում, 2. դրանց վերջին ժամանակներս գումարվել է նաև Անկարայի և Վաշինգտոնի դիրքորոշումների հեռացումը Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների ընկալման հարցում, որոնցում այսպես թե այնպես զգալի է իսրայելական գործոնի առկայությունը։

Համեմատելով ամերիկա-ռուսական հարաբերությունների որոշ բարելավումը և ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացումը՝ կարելի է բերել այսպիսի հատկանշական օրինակ։ 2010թ. մայիսի 27-ին հրապարակվեց ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության նոր խմբագրությունը։ Ռազմավարության տեքստում Թուրքիային պակաս ուշադրություն է հատկացվում4, այն դեպքում, երբ Ռուսաստանի վերաբերյալ բավական ծավալուն հղումներ կան։ Կարևոր է նշել նաև, որ Ռազմավարության հրապարակումից հետո տեղի ունեցած փորձագիտական քննարկումները Թուրքիայի վերաբերյալ որևէ հիշատակում չեն պարունակել։ Այսպես, նույն օրը՝ 2010թ. մայիսի 27-ին, Բրուքինգսի ինստիտուտում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթոնը և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջ.Ջոնսը, Թուրքիայի թեման չշոշափվեց, այն դեպքում, երբ Ռուսաստանի վերաբերյալ հնչեցին հետևյալ թեզիսները. «մենք մտադիր ենք ամրապնդել հարաբերությունները և ընդլայնել երկխոսությունն այնպիսի հանգուցային երկրի հետ, ինչպիսին է Ռուսաստանը», «մենք տարբեր պատմություն ունենք, տարբեր մոտեցումներ, բայց մենք ասացինք. եկեք ազնվորեն տեսակետներ և տեղեկատվություն փոխանակենք և որոշենք, թե ինչպես առաջ ընթանանք»5։

ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում Թուրքիայի ակտիվ քաղաքականությունը որոշակիորեն անտեսելու մասին են վկայում ամերիկյան հայտնի փորձագետների գնահատականները։ Այսպես, Եվրոպական անվտանգության և Թուրքիայի հարցերով փորձագետ Ս.Լարաբին (Stephen F. Larrabee) RAND Corporation վերլուծական կենտրոնից ս.թ. հունիսի 3-ին նշել է, որ «երբ խոսքը վերաբերում է մերձավորարևելյան տարածաշրջանին, ապա այստեղ ԱՄՆ և Թուրքիայի շահերը միայն մասամբ են համընկնում։ Իսկ Իրանի հարցում կան բոլոր նախադրյալներն այն բանի համար, որ Թուրքիայի դիրքորոշումներն էլ ավելի տարբերվեն ԱՄՆ և եվրոպական երկրների դիրքորոշումներից»6։

Թուրքիային անտեսելու հանգամանքի վրա ուշադրություն են դարձնում նաև թուրք փորձագետները։ Այսպես, ս.թ. մայիսի 10-ին թուրքական «Cumhuriyet» թերթում հրապարակվել էր Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտի թուրքական հետազոտությունների ծրագրի մասնակից Յու.Օզքանի (Yurter Ozcan) հոդվածը։ Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության նոր խմբագրության հրապարակումից մի քանի շաբաթ առաջ՝ 2010թ. ապրիլի 21-ին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջ.Ջոնսը դասախոսություն է կարդացել Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ինստիտուտում։ Հոդվածագիրը, մասնավորապես, նշում է, որ շոշափելով հարցերի բավական լայն շրջանակ, որոնք կապ ունեն ԱՄՆ ազգային անվտանգության հետ, Ջ.Ջոնսը չանդրադարձավ ամերիկա-թուրքական հարաբերությունների և ընդհանրապես «Թուրքիա» թեմային»7։

Հաշվի առնելով վերն ասվածը՝ կարելի է անել հետևյալ հետևությունները.

  • խոշոր դերակատարների նկատմամբ այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Մերձավոր Արևելքը, Սև ծովը, Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան, պահպանվում է բարձր մրցակցության մակարդակը,
  • այդ մրցակցության շրջանակներում ուրվագծվում են ԱՄՆ և ԵՄ համաձայնեցված դիրքորոշումներն այնպիսի դերակատարների համատեղ զսպման գործում, ինչպիսիք են Ռուսաստանը և Թուրքիան։ ԱՄՆ-ը ավելի ակտիվորեն է հետևում ռուս-թուրքական հարաբերությունների դինամիկային, քան նրա գործընկերները Եվրոպայում,
  • ներկա փուլում Ռուսաստանը և Թուրքիան բավական հեռու են այն բանից, որպեսզի փոխհամաձայնեցված դիրքերից արդյունավետորեն համակարգեն իրենց գործողություններն արտաքին քաղաքականության ոլորտում, ինչին խոչընդոտում են երկու երկրների միջև չլուծված հարցերը և պահպանվող հակասությունները՝ երկար ժամանակի համար։

1Ռուսական կողմն արդեն ուղիղ զուգահեռներ է անցկացնում Ռուսաստան-ԵՄ և Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների միջև։ Իհարկե, առայժմ տնտեսական զուգահեռներ են անցկացվում, բայց միանգամայն հնարավոր է, որ կգա ժամանակ, երբ համեմատություններ կանցկացվեն քաղաքական հարաբերություններում և այդ համեմատությունները ԵՄ օգտին չեն լինի։ Այսպես, Ռուսաստանի վարչապետի՝ Թուրքիա աշխատանքային այցի նախօրեին (2010թ. հունիսի 8) Վ.Պուտինի մամլո քարտուղար Դ.Պեսկովը հայտարարեց, որ «Ռուսաստանի և Թուրքիայի միջև զարգանում են և՛ տնտեսական, և՛ քաղաքական հարաբերություններ, որոնք արագ մոտենում են ռազմավարական գործընկերության մակարդակին։ Մեր հարաբերություններն օրինակելի բնույթ են կրում»։ Այնուհետև, հիշեցնելով, որ երկու երկրների կառավարությունները ծրագրել են տնտեսական համագործակցության ծավալները հասցնել մինչև տարեկան $100 մլրդ-ի, Դ.Պեսկովը ռուս-թուրքական հարաբերությունները համեմատեց ռուս-եվրոպականի հետ. «Դրանք հսկայական ծավալներ են։ Հիմա մենք նման ոչ փոքր ծավալով, $200 մլրդ, համագործակցում ենք ԵՄ-ի հետ։ Ըստ էության, մենք շարժվում ենք Թուրքիայի հետ ինքնատիպ տնտեսական դաշինք ստեղծելու ուղղությամբ» (Наталья Гриб, Владимир Соловьев, Елизавета Кузнецова, Газета «Коммерсантъ», № 101, (4401), 08.06.2010).

2Արևմտյան փորձագետների գնահատականները իրանա-թուրքական մերձեցման վերաբերյալ էլ ավելի կտրուկ բնույթ են ստանում եվրատլանտիստների շահերին սպառնալիք ներկայացնելու առումով։ Ս.թ. հունիսի 9-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևից հետո, որը նոր պատժամիջոցներ էր մտցնում Իրանի դեմ, արևմտյան փորձագետների գնահատականները բացահայտ տեքստով հետևյալ գնահատականներն են պարունակում. «Իրանի հետ Թուրքիայի դաշինքը սպառնալիք է խաղաղությանը», «Անկարան պետք է հասկանա, որ որքան նրա քաղաքականությունը սերտ փոխգործակցության մեջ է գտնվում Իրանի հետ, այնքան ավելի շատ է խաղում կրակի հետ» (Con Coughlin, Turkey's Alliance with Iran is a Threat to World Peace, «Daily Telegraph», June 10, 2010).

3Е. Войко, Издержки беспредметности: внешняя политика с 31 мая по 6 июня 2010 года, Центр политической конъюнктуры России, http://www.ancentr.ru/modules/analitical_comments/mo_06062010.html, 06.06.2010.

4Ռազմավարության տեքստում Թուրքիան հիշատակվում է մեկ անգամ, երբ խոսվում է այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստ է «շարունակել Թուրքիայի հետ իր ներգրավվածությունը փոխադարձ նպատակների լայն շրջանակում, հատկապես այն նպատակների հարցում, որոնք ուղղված են տարածաշրջանում կայունության պահպանմանը»։

5Previewing the Obama Administration’s National Security Strategy, A Conversation with Secretary of State Hillary Clinton, Washington, The Brookings Institute, May 27, 2010.

6Managing a More Assertive Turkey, Council on Foreign Relations (CFR), June 3, 2010.

7Yurter Ozcan, New U.S. National Security Strategy and Implications for Turkey Cumhuriyet, May 10, 2010, http://www.washingtoninstitute.org/templateC06.php?CID=1456.

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 6

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր