• am
  • ru
  • en
Версия для печати
28.04.2014

«ՌՈՍՆԵՖՏ». ՆՈՐ ԲԻԶՆԵՍ-ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

EnglishРуский

   

Միխայիլ Աղաջանյան
Քաղաքական վերլուծաբան

Ռուս-հայկական հարաբերություններում նոր խոշոր բիզնես-նախագիծ է հասունանում։ Մի քայլ է մնացել, որ «Ռոսնեֆտ» կորպորացիան դուրս գա հայկական շուկա։ Հարավային Կովկասում ռազմավարական գործընկերների տնտեսվարող սուբյեկտների միջև մոտ մեկուկես տարի շարունակվող ինտենսիվ բանակցությունների օրակարգում դրված է երկու հիմնական հարց։ «Ռոսնեֆտը» ցանկանում է բաժին ձեռք բերել «Նաիրիտ» արտադրական համալիրում, ինչպես նաև նավթամթերքներ մատակարարել Հայաստանին։ Ռուսաստանյան առաջատար ընկերություններից մեկն ընդլայնում է արտաքին շուկաների յուրացման աշխարհագրությունը։ Դա արվում է Մաքսային միությանը Երևանի ինտեգրման կարևոր փուլում՝ այստեղից բխող տնտեսական, քաղաքական և սոցիալական գերակայություններով։

2013թ. դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտ» ընկերությունն իտալական «Pirelli» և հայկական «Oil Techno» ընկերությունների հետ ստորագրեց փոխըմբռնման հուշագիր Հայաստանում բութադիեն-ստիրոլային կաուչուկի համատեղ արտադրություն ստեղծելու վերաբերյալ։ «Նաիրիտ» գործարանն անցած տարիներին մի քանի սեփականատեր է փոխել, որոնք փորձում էին վերականգնել նրա արտադրական պոտենցիալը, բայց հաջողություն չունեցան։ «Նաիրիտը» նախկին ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի միակ արտադրողն էր։ 1980-ական թթ. գործարանը զբաղեցնում էր քլորոպրենային կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12%-ը։ 1987թ. արտադրական համալիրը տարեկան մշակում էր ավելի քան 75 հազ. տոննա կաուչուկ։ 2006թ. «Նաիրիտի» բաժնետոմսերի 90%-ը $40 մլն-ով ձեռք բերեց բրիտանական «Rhinoville Property Limited» կոնսորցիումը, բաժնետոմսերի մնացած 10%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը։ 2010թ. ապրիլից արտադրական օբյեկտը պարապուրդի է մատնված, բանվորների և վարչական աշխատողների աշխատավարձի մեծ պարտք է կուտակվել։ «Ռոսնեֆտի» մուտքը կարող է նոր կյանք հաղորդել գործարանին, ցրել նրա շուրջ ստեղծված սոցիալական լարվածությունը։ Ռուսաստանյան, իտալական և հայկական ընկերությունները ծրագրում են կարգավորել անվադողերի արտադրությունը։ «Ռոսնեֆտը» պատրաստվում է դառնալ գործարանի առաջատար ներդրողն ու բաժնետերը, իսկ «Pirelli»-ն՝ ռուս և հայ գործընկերների հետ համատեղ, հետազոտական և փորձարարա-կոնստրուկտորական մշակումներ կիրականացնի ինովացիոն կաուչուկի արտադրության ոլորտում։ Իտալական ընկերությունը նաև պատրաստակամություն է հայտնել գնել վերջնական արտադրանքը։

Հաշվի առնելով ավտոտրանսպորտի, նրա տեխնիկական մասերի ներմուծման համեմատաբար տարողունակ հայկական շուկան՝ «Նաիրիտում» ավտոդողերի արտադրությունը բարձր տնտեսական շահ և արտադրանքի պահանջարկի աճ է խոստանում։ 2012թ. Հայաստան է ներմուծվել 31,8 հազ. ավտոմեքենա։ Դրանց ներմուծման ընդհանուր ծավալի գրեթե 60%-ը բաժին է ընկել Գերմանիային, այնուհետև մեծ տարբերությամբ հաջորդում է Ճապոնիան (17,6%), երրորդ տեղում Ռուսաստանն է՝ 6,3%-ից պակաս1։

2013թ. փոքրալիտրաժ ավտոմեքենաների մատակարարումները Հայաստան ավելացել են ևս 18,5%-ով։ Վերջին տասներկու տարում հանրապետություն է ներկրվել գրեթե 312,6 հազ. ավտոմեքենա, որից 67,2 հազարը (կամ ընդհանուր ծավալի 21,5%-ը)՝ Ռուսաստանից։

Ավտոտրանսպորտի, դրա պահեստամասերի և տեխնիկական սպասարկման ներկրման հետ առնչվում է Հայաստանի մոտ 10 հազար քաղաքացի։ Ավտոմեքենաների ավելի քան 70%-ի ներկրումն իրականացվում է համապատասխան ընկերությունների գործունեության դաշտից դուրս գտնվող «ֆիզիկական անձանց» կողմից։ Վերջերս այդ մարդկանց համար տագնապալի կանխատեսումներ արվեցին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո ներկրվող ավտոմեքենաների գների հավանական աճի վերաբերյալ։ Առայժմ վաղ է վերջնական եզրահանգումներ անելու համար, քանի որ Մաքսային միության գծով ապագա գործընկերների հետ Հայաստանի շահերի զուգակցման գործընթացը շարունակվում է բանակցությունների ռեժիմով։ Բայց արդեն այժմ ակնհայտ է, որ տեղի շուկայի՝ արդյունաբերական և սոցիալական առումներով առավել խնդրահարույց տեղամասերից մեկում «Ռոսնեֆտ» կորպորացիան իրավիճակը շտկելու հնարավորություն է ընձեռում՝ ստեղծել աշխատուժի ներգրավման այլընտրանքներ։

Հայաստանի ավտոմեքենաների շուկայի հետ սերտորեն կապված է նաև հանրապետության տնտեսությունում «Ռոսնեֆտի» ներգրավման երկրորդ ենթադրվող ուղղությունը։ Վերջին տարիներին մարդատար ավտոմեքենաները երրորդ տեղն են զբաղեցրել Հայաստան ներկրվող խոշոր ապրանքների ընդհանուր ծավալում (բնական գազից և նավթամթերքներից հետո)։ Կարևոր է նշել, որ հանրապետություն էներգակիրների զգալի մասի ներկրումն ուղղակիորեն կապված է ավտոմեքենաների (ինչպես փոքրալիտրաժ, այնպես էլ մնացած տեսակների՝ միկրոավտոբուսներ և ավտոբուսներ, բեռնատարներ) շահագործման հետ։ Օրինակ, Հայաստանի ավտոգազալցակայանները սպառում են հանրապետության բոլոր բաժանորդներին մատակարարվող բնական գազի գրեթե մեկ երրորդը։

2013թ. ապրիլի 4-ին «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինն աշխատանքային այցով եկավ Հայաստան, որտեղ արժանացավ ամենաբարձր քաղաքական մակարդակի ընդունելության։ Այցի արդյունքը համաձայնագրի ստորագրումն է հայկական «Oil Techno» ընկերության հետ մարքեթինգի և բաշխման ոլորտում համատեղ ձեռնարկության ստեղծման շուրջ համագործակցելու վերաբերյալ։ Այցի ավարտին Ի.Սեչինը ներկայացրեց իր գնահատականները հայկական շուկայում իր գլխավորած ընկերության բիզնեսի հեռանկարների վերաբերյալ։ Ըստ նրա՝ ավիավառելիքի, բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները Հայաստանին լուրջ պոտենցիալ ունեն։ Նա նաև նշեց «այս ուղղությամբ համագործակցության պլատֆորմ ստեղծելու» հնարավորության մասին։

2012թ. ամռանից «Ռոսնեֆտն» ուսումնասիրում է հայկական շուկայում նավթամթերքների վաճառքի աշխատանքներ սկսելու հնարավորությունը։ Ընկերությունը կարող է դառնալ Հայաստանին նավթամթերքների հիմնական մատակարարը և տեղի ընկերություններից մեկի հետ ստեղծել համատեղ ձեռնարկություն, որը կկառուցի 40-50 ավտոգազալցակայաններից կազմված ցանց, ինչպես նաև վառելիքա-լցակայանային համալիր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։

Հայաստանին մատակարարվող նավթամթերքների զգալի մասը շարունակում է ստացվել Ռումինիայի և Բուլղարիայի նավթավերամշակման գործարաններից։ Այս երթուղով մատակարարումների լոգիստիկայում կարևոր կետ է վրացական Փոթի նավահանգիստը, որը հիմնական տարանցման գոտին է արտաքին աշխարհի հետ Հայաստանի տնտեսական կապերի համակարգում։

Ինչպես հայտնի է, «Ռոսնեֆտը» ռազմավարական մոտեցում ունեցող ընկերություն է, անգամ ոչ այնքան տարողունակ արտաքին շուկաների (ինչպիսին է հայկականը. Հայաստանի նավթամթերքների՝ լիովին ներկրումից կախված շուկայի ծավալը գնահատվում է տարեկան մոտ 350 հազար տոննա) յուրացման հարցերում։ Ներքին սպառման հենց այդ ծավալն էլ, որն, ի դեպ, վերջին տարիներին նվազման միտում2 է արձանագրում, ռուսական կորպորացիան ծրագրում է բավարարել լիովին։ Խոսքը հանրապետությանն ամեն տարի 370 հազար տոննա նավթամթերք մատակարարելու մասին է։ Ս.թ. հունվարին «Ռոսնեֆտի» ղեկավարությունը հավանություն է տվել հենց այս ծավալի նավթամթերքների (ոչ ավելի, քան $400 մլն գումարի) մատակարարմանը «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերության կողմից (ստեղծել են «Ռոսնեֆտը» և նրա հայկական գործընկեր «Oil Techno»-ն, 2013թ. դեկտեմբերի 10-ին)։

Այսպիսով, հանրապետության նավթամթերքների շուկայում «Ռոսնեֆտի» հայտնվելը ենթադրում է համակարգային մոտեցում, հայկական ուղղությամբ բիզնեսի բոլոր օղակների ներգրավմամբ։ Մինչ այդ, ավտոգազալցակայանների ցանցի և «Զվարթնոց» օդանավակայանի վառելիքա-լցակայանային համալիրն ստեղծելուց առաջ պետք է որոշել մատակարարումների աղբյուրը, ինչպես նաև հայ սպառողներին դրա արտադրանքը հասցնելու կարգավորված երթուղին։ 2012թ. ամռանը, տեղեկացնելով «Ռոսնեֆտի» և հայկական կողմի առաջին խորհրդակցությունների մասին, մեկնաբանները նշում էին էներգակորպորացիային պատկանող Տուապսեի նավթավերամշակման գործարանը (ՆՎԳ)։ «Ռոսնեֆտի» պաշտոնական կայքում այս գործարանը բնութագրվում է որպես «եզակի աշխարհագրական դիրք ունեցող, միակ նավթավերամշակման գործարանը Սև ծովի ափին»։ Փորձագետները նշում են, որ «Ռոսնեֆտը» շարունակում է Տուապսեի ՆՎԳ հզորությունը 4,5-ից մինչև 12 մլն տոննայի հասցնելու աշխատանքները։ Ամենայն հավանականությամբ, «Ռոսնեֆտը» նավթավերամշակման արտադրանքը Հայաստան կառաքի ընկերության՝ Կրասնոդարի երկրամասում գտնվող հենց այս օբյեկտից։

Արդյունաբերական իրական հատվածից ռուսական կապիտալի ելքը դեպի հայկական շուկա լոգիստիկ բնույթի դժվարությունների է հանդիպում։ Հայաստանի ցամաքային կապն արտաքին աշխարհի հետ իրականացվում է՝ հյուսիսում Վրաստանի, հարավում՝ Իրանի հետ։ Ռուսաստանի և Վրաստանի բարդ հարաբերություններն արդեն բավական երկար ժամանակ քաղաքական առումով խոցելի են դարձնում Ռուսաստանի՝ Վրաստանի տարածքով Հայաստանի հետ տրանսպորտային կապ հաստատելու հարցը։ Բայց այլ ճանապարհ փաստորեն չկա։ Աշխարհագրությունն իր պայմաններն է թելադրում, որոնց հետ պետք է չափակցել արտաքին տնտեսական և քաղաքական մոտեցումները։

Հայաստանի շուկայում «Ռոսնեֆտի» հայտնվելու հարցում նաև քաղաքական համատեքստ կա՝ կապված հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների կենսունակության հետ։ Հօգուտ Եվրասիական ինտեգրացիոն նախագծի Հայաստանի կատարած ընտրության պրագմատիկությունը կարող է ստուգվել, մասնավորապես, «Ռոսնեֆտի» հայկական պայմանագրի հաջողության միջոցով։

Երևանն արդարացիորեն նշում է Ռուսաստանի հետ ընդհանուր ցամաքային սահմանի բացակայության մասին՝ որպես լուրջ սահմանափակիչ գործոն եվրասիական ինտեգրացիոն սխեմաներում հանրապետության ներգրավման հարցում։ Համենայնդեպս, «Ռոսնեֆտը» և ռուսաստանյան մյուս ընկերությունները Հայաստանի հետ նավթամթերքների բիզնեսի ներդրման կարգավորված համակարգ կառուցելու լավ հնարավորություն են ստանում՝ գործընկերոջ տարածք անմիջական ելքի բացակայության պայմաններում։ Հնարավորություն է ստեղծվում նաև վերակենդանացնելու «Նաիրիտ» գործարանը, ինչը կդառնա Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների հարթությունում համակարգային կապերի ստեղծման հերթական հաստատումը։ Հետաքրքիր կլինի նաև հետևել, թե հայկական շուկայում «Ռոսնեֆտի» հաջող գործունեությունն ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանային հնչեղության (Ռուսաստանից՝ Կրասնոդարի երկրամասից դեպի Հայաստան երկաթուղային տեղամասի վերաբացումը Աբխազիայի և Վրաստանի տարածքով) քաղաքական հարցերի վրա։

1 2012թ. Հայաստան ներկրվող ռուսական ավտոմեքենաների ծավալը կազմել է Ռուսաստանից հանրապետություն արտահանման 1,7%-ը (Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, գումարային արտահայտությամբ՝ $18,5 մլն)։ Նշված տարում Ռուսաստանից Հայաստան արտահանման «կաուչուկ, ռետին և դրանից պատրաստված իրեր» ապրանքանիշի դիմաց նշվել է $12,9 մլն։

2 2013թ. Հայաստանին մատակարարվել է 328 հազար տոննա նավթամթերք՝ 2012թ. 346 հազար տոննայի փոխարեն (5,3%-անոց անկում)։ Պատճառն այն է, որ տեղի շատ մեքենաների համար որպես այլընտրանք ընտրվել է գազը (որոշ տվյալներով՝ հանրապետության մեքենաների մոտ 70%-ն աշխատում է «երկնագույն վառելիքով»)։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 4, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր