
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ» ԴՐԱԿԱՆՆ ՈՒ ԲԱՑԱՍԱԿԱՆԸ ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ
Միխայիլ ԱղաջանյանՄ.Աղաջանյան`Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի արտաքին քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ
Ղարաբաղյան կարգավորման գործընթացը վերջին ժամանակներս որոշակի կանգ է արձանագրել, դրական զարգացման գոնե փոքր-ինչ նշանակալի դինամիկա չի նկատվում։ Սույն միտումը ռելիեֆային ձևով դրսևորվել է Սոչիում 2010թ. հունվարի 25-ին երեք նախագահների հայտնի հանդիպումից հետո, այնուհետև այն էլ ավելի շոշափելի դարձավ 2010թ. հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում երեք նախագահների հանդիպման արդյունքներով և, վերջապես, նույն ձևաչափով հանդիպումն Աստրախանում նույնիսկ ամենաթունդ լավատեսներին վերջնականապես համոզեց այն բանում, որ ղարաբաղյան հակամարտության երեք կողմերից երկուսի դիրքորոշումներն ամենևին մերձ չեն դարձել։ Ավելին, եռակողմ ձևաչափով քննարկումների մանրամասներին տեղյակ անձանց գնահատականներով՝ կողմերի դիրքորոշումներում մերձեցման որևէ դինամիկա չկա։
Աստրախանյան հանդիպումից հետո շատ ակնկալիքներ սկսեցին կապվել Աստանայում դեկտեմբերի 1-2-ի հանդիպման հետ, ԵԱՀԿ գագաթաժողովի աշխատանքի ժամանակ։
Ըստ երևույթին, միակ նորությունը, որը դեռ շարունակում էր կարգավորման գործընթացը ծանրակշիռ պահել և երկարաձգել միջազգային միջնորդական ջանքերը, կարգավորման գործընթացի շրջանակներում «ճանապարհային քարտեզի» ընդունման հարցի քննարկումն էր։ Վերջինի մասին սկսեցին ակտիվորեն խոսել 2009-2010թթ. եզրագծին, ինչպես քաղաքական, այնպես էլ փորձագիտական մակարդակներում։ Այսպես, 2009թ. վերջին-2010թ. սկզբին հաճախակի հիշատակվում էր, որ Ղազախստանը, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, պատրաստ է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել հակամարտության կարգավորման պլան՝ «ճանապարհային քարտեզի» ձևով։ Նշվում էր, որ «Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաևը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար «ճանապարհային քարտեզի» ստեղծման մասին։ Մինչ այդ նա այցելել էր Ադրբեջան, Հայաստան և համոզվել, որ կողմերի դիրքորոշումներում դրական տեղաշարժեր են ի հայտ եկել»1։
Արդեն 2010թ. հոկտեմբերին, երեք նախագահների աստրախանյան հանդիպումից մի քանի օր առաջ, ԵԱՀԿ ամերիկյան ներկայացուցիչ Յան Քելին, նշելով իրավիճակի տագնապալիությունը ղարաբաղյան հակամարտության գոտում, հրադադարի գծում, հայտարարեց, որ ներկա փուլում «ամենագլխավորն այն է, որ կողմերը շարունակեն խոսել միմյանց հետ, ապահովեն դիվանագիտական գործընթացը»։ Իսկ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովից ամերիկյան դիվանագիտության ակնկալիքների առումով Յան Քելին հիշատակեց ղարաբաղյան կարգավորման «ճանապարհային քարտեզի» հնարավորության մասին՝ այն համատեքստում, որ «կողմերը համաձայնեն հակամարտության կարգավորման համար գոնե որոշակի «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ»2։
Հնացած միջպետական հակամարտությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» մշակումը և իրագործումը նոր հայտնություն չէր3։ Կարելի է հիշել մի քանի տարի առաջ կատարված փորձը՝ նոր կյանք հաղորդել պաղեստինա-իսրայելական հակամարտությանը հենց «ճանապարհային քարտեզի» ընդունման օգնությամբ։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության «ճանապարհային քարտեզը»4 (որը հավանության էր արժանացել միջազգային միջնորդության ամենաբարձր մակարդակում, ձևակերպվել էր գրավոր փաստաթղթի ձևով, որի իրագործմանը համաձայնություն էին տվել Իսրայելի և Պաղեստինի վարչակազմի ղեկավարները) այդպես էլ չիրագործվեց, իսկ դրա մասին պաղեստինա-իսրայելական կարգավորման ներկայիս իրողություններում այժմ քչերն են հիշում։ Պաղեստինա-իսրայելական կարգավորման «ճանապարհային քարտեզը» ձևակերպվեց հենց որպես քայլ առ քայլ գործընթաց՝ կոնկրետ փուլերով, երբ յուրաքանչյուր հաջորդ փուլ տրամաբանորեն բխում էր նախորդի իրականացումից։ Միջպետական հակամարտության կարգավորման ցանկացած գործընթացի «ճանապարհային քարտեզը» քաղաքական նպատակների հասնելու պլան է, նշանակում է՝ դա առաջին հերթին քաղաքական կարգավորման պլան է, որն այս կամ այն արդյունավետությամբ ներառում է կարգավորման իրավական և այլ ասպեկտները, բայց իր էությամբ և ընդհանուր ուղղվածությամբ հենց քաղաքական պլան է։ Լինելով այդպիսին՝ ցանկացած «ճանապարհային քարտեզ» պետք է պատրաստ լինի արդյունավետության կտրուկ տատանումներին։ Ինչպես և ամեն քաղաքական բան արդի աշխարհում, այստեղ էֆեկտն ավելի հաճախ երկակի է լինում. կամ փաստացի առաջընթաց (որն, ի դեպ, մենք առայժմ չենք նկատել միջազգային պրակտիկայում), կամ լիակատար կանգ, որի վկան ենք դառնում դեպքերի մեծամասնությունում։ Միջին սյուժե այն դեպքում, եթե «ճանապարհային քարտեզը» նախատեսված է բարդ միջպետական հակամարտության կարգավորման համար, որն ընթանում է անմիջականորեն ոչ եվրոպական քաղաքական տարածքում, ըստ էության, լինել չի կարող, քանի որ նման հակամարտությունների կողմերն ամենևին տրամադրված չեն փոխզիջման այդ բառի այն իմաստով, որով այն ընդունված է արևմտյան քաղաքական մտածելակերպում։ Ամենից հաճախ կողմերն իրենց պահանջներին մոտենում են դե ֆակտո իրավիճակի դիրքերից, այն է՝ «եթե ես տիրել եմ դրան», ապա դա իմն է, և ես դա ոչ մեկին «հենց այնպես» չեմ տա։ Փոխզիջման արևմտյան նշանակությունը ենթադրում է «հենց այնպես» (այսինքն՝ տալ ոչ մի բանի կամ ինչ-որ բանի համար, ինչն ըստ էության բացարձակապես չի չափակցվում նրա հետ, ինչ ստանում ես), ընդ որում՝ վկայակոչելով փոխզիջման իրենց բարձր զարգացած մշակույթը։ Իհարկե, հեշտ է փոխզիջման հասնել հանգիստ Եվրոպայում, այլ ոչ թե փաստորեն դիմակայության բոլոր գծերով բաժանված Հարավային Կովկասում։
Պաղեստինա-իսրայելական կարգավորման «ճանապարհային քարտեզը», հայ-թուրքական կարգավորման «ճանապարհային քարտեզն» իրենց տեքստերում ներդրված տրամաբանական քայլ առ քայլ կառուցվածքներից արդյունք ստանալու շանսեր չունեն, քանի որ իսրայելցիները «հենց այնպես» երբեք չեն հեռանա Արևելյան Երուսաղեմից, հայերը երբեք «հենց այնպես» չեն հրաժարվի Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար փոխհատուցման իրենց օրինական պահանջներից։
Պաղեստինա-իսրայելական «ճանապարհային քարտեզն» իր տրամաբանությունն ուներ։ Այսպես. որպես առաջին քայլ նշվում էր «ահաբեկչության և բռնության ավարտի, պաղեստինցիների կենսապայմանների կարգավորման, պաղեստինյան ինստիտուտների ձևավորման» փուլը, ինչը պետք է իրականացվեր «ճանապարհային քարտեզի» ընդունումից հետո տառացիորեն մի քանի շաբաթվա ընթացքում։ «Ճանապարհային քարտեզի» երկրորդ փուլը ներառում էր կոնկրետ քայլեր, որոնք «կենտրոնացնելու էին ժամանակավոր սահմաններում և նոր սահմանադրության հիման վրա ինքնիշխանության հատկանիշներ ունեցող անկախ պաղեստինյան պետության և որպես մշտական կարգավորման ճանապարհին միջանկյալ կայանի ստեղծման ջանքերը»։ Եվ վերջապես, վերջին՝ երրորդ փուլը պետք է հանգեցներ «մշտական կարգավիճակի համաձայնությանն ու պաղեստինա-իսրայելական հակամարտության ավարտին»։
Պաղեստինա-իսրայելական «ճանապարհային քարտեզի» գլխավոր նպատակը ձևակերպվեց որպես մինչև 2005թ. պաղեստինա-իսրայելական վերջնական և համընդգրկուն կարգավորման ձեռքբերում։ Այս նպատակը հնչեցվեց ԱՄՆ նախագահ Ջ.Բուշի ելույթում 2002թ. հունիսի 24-ին և արժանացավ Եվրամիության, Ռուսաստանի ու ՄԱԿ հավանությանը՝ 2002թ. հուլիսի 16-ին և սեպտեմբերի 17-ին արտգործնախարարների մակարդակով տեղի ունեցած հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարություններում։ Անցել էր 5 տարի այն պահից, երբ սույն նպատակը պետք է իրականացված լիներ։ Ինչպես նշում էին գործին տեղյակ փորձագետները, «ճանապարհային քարտեզ» պլանի՝ գոյություն ունեցող իրավիճակի հետ անհամապատասխանության փաստը նշվում էր ռուսական պաշտոնական դիվանագիտության կողմից։ «Արդեն այս տարվա վերջին մենք պետք է հասած լինեինք պաղեստինյան պետության ստեղծմանը։ Բայց փաստորեն մենք գտնվում ենք «ճանապարհային քարտեզի» առաջին փուլի սկզբում միայն։ Ժամկետներն անիրականանալի են։ Չձևացնենք, թե ամեն ինչ լավ է, երբ իրականում այդպես չէ»,- 2005թ. օգոստոսի 18-ին ընդգծեց Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի՝ մերձավորարևելյան կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Կալուգինը։ Դրանից հետո անցած ողջ ժամանակաընթացքում պաղեստինա-իսրայելական հարաբերություններն ավելի են սրվել, իսկ «ճանապարհային քարտեզի» գործողության ժամկետը մոտեցել է ավարտին»5։
Իրենց տրամաբանությունն ունեին նաև հայ-թուրքական կարգավորման հայտնի երկու արձանագրությունները, որոնցում ամրագրված էր փուլերի հերթագայությունը՝ դրանց իրագործման ժամկետների կոնկրետ ֆիքսումով։
2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրություններում կա ժամկետների մասին հետևյալ հիշատակումը՝ կողմերի կոնկրետ քայլերի հետ կապված, ինչը կարելի է դիտարկել որպես երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզի» փուլեր.
- երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում այն օրը, երբ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը կմտնի ուժի մեջ,
- սահմանի բացումը կիրականացվի երկու ամսվա սահմաններում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո,
- երկու արձանագրություններն ուժի մեջ են մտնում նույն օրը, այն է՝ երկու կողմերի միջև վավերացվող փաստաթղթերի փոխանակմանը հաջորդող առաջին ամսվա առաջին օրը:
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրության եզրափակիչ մասում նշվում են միջպետական հանձնաժողովների և ենթահանձնաժողովների ձևավորման և աշխատանքների սկսման ժամկետները։
Սակայն բոլորը գիտեն, թե ինչ դժվարությունների հանդիպեց այս տրամաբանությունը, բոլորը գիտեն, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացին և կոնկրետ երկու արձանագրությունների դրույթների կատարմանն աջակցություն հայտնեցին այդ նույն առաջատար համաշխարհային ուժերը։ Արևմտյան քաղաքական մտքի տրամաբանությունը, որը հենվում է հակամարտությունները կարգավորելու՝ փոխզիջման աքսիոմի վրա, տեղի տվեց հակամարտության անմիջական կողմերի տրամաբանության առջև։ Հայ-թուրքական կարգավորման առումով այս տրամաբանությունը գործընթացը տորպեդահարող միակ ուժի՝ Թուրքիայի կողմից, այն էր, որ Հայաստանի հետ իր իսկ փակած սահմանը բացելու «զիջման» փոխարեն Անկարան պատրաստ էր ընդունել միայն «չափակցելի» զիջում հայկական կողմից, որը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից և ուժերը դուրս բերի Դաշտային Ղարաբաղի տարածքներից։
Ի՞նչ ճակատագիր է սպասվում ղարաբաղյան կարգավորման «ճանապարհային քարտեզին», եթե այն հանկարծ ձևակերպվի և գրավոր տեքստի տեսք ստանա։
Կարող ենք նշել, մեր կարծիքով՝ մի քանի դրական պահ «ճանապարհային քարտեզի» տեսքով ղարաբաղյան կարգավորման քայլային պլանի գործնական իրագործման պարագայում։ Բայց կարող ենք նաև ղարաբաղյան կարգավորման համար բացասական ասպեկտներ նշել, եթե իրավիճակը նման կերպով զարգանա։
Մինչ այդ ուզում ենք պարզապես նշել, որ ղարաբաղյան կարգավորման հնարավոր «ճանապարհային քարտեզի» գլխավոր նպատակներից մեկը, որի հետ են արտաքին ուժերը կապում առաջընթացի ապահովումը, կարող է լինել այն, որ ղարաբաղյան կարգավորման «ճանապարհային քարտեզը», ինքնըստինքյան, կարող է դառնալ որոշակի «փոխզիջում» կարգավորման երկու՝ «փաթեթային» և «փուլային» մոտեցումների միջև, ինչն ավանդաբար գլխավոր հակասություններից մեկն է հայկական և ադրբեջանական մոտեցումներում։ Առաջին հայացքից, «ճանապարհային քարտեզն» ակնհայտորեն «փուլային» մոտեցում է, որը նախընտրում է Բաքուն։ Բայց դա այնքան էլ այդպես չէ։ «Ճանապարհային քարտեզի» յուրաքանչյուր փուլ քայլերի «փաթեթ» է, կոնկրետ գործողությունների ամբողջություն։ «Փաթեթի» և «փուլայնության» համադրման հասնելը ղարաբաղյան հակամարտության կարգավորման արտաքին միջնորդական ուժերի քաջ հայտնի ձգտումն է։ Ուրեմն, ինչո՞ւ չփորձել իրականացնել այդ երազանքը «ճանապարհային քարտեզում» փուլա-փաթեթային» մոտեցման ձևով։
«Ճանապարհային քարտեզից» հնարավոր դրականն այն կարող է լինել, որ այն կշարունակի խորհրդատվություն-բանակցությունների գործընթացը ղարաբաղյան կարգավորման շուրջ, և դա կպահպանի ներկայիս ստատուս-քվոն տարածաշրջանում, երերուն կայունությունը չի գլորի դեպի մարտական գործողությունների վերսկսումը հակամարտության գոտում։ «Ճանապարհային քարտեզը» մի ինչ-որ փոխզիջում կդառնա գլխավոր միջազգային միջնորդների միջև՝ հանձինս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, քանի որ Ռուսաստանի նախաձեռնած հանդիպումների եռակողմ ձևաչափը շատերի մոտ ավելի ու ավելի է ամրապնդում այն միտքը, որ Մոսկվային տհաճ է Մինսկի խումբը և այն ցանկանում է ազատվել վերջինից։ «Ճանապարհային քարտեզը» թույլ չի տա Մինսկի խմբին վերջնականապես հեռանալ ղարաբաղյան կարգավորման բեմահարթակից, բայց միևնույն ժամանակ այն Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտն էլ ավելի շատ երկրորդ պլան կմղի։ Չէ՞ որ ցանկացած փաստաթուղթ, որը կբարեհաճեն ստորագրել կողմերը, կարող է իրականություն դառնալ միայն Մոսկվայի ակտիվ դիվանագիտական աշխատանքի պարագայում։ Վերջինի համար 2008թ. նոյեմբերի Մայնդորֆյան հռչակագրից մինչև 2010թ. հոկտեմբերի Համատեղ հայտարարություն ճանապարհը որոշակի «դիվանագիտական ռեգրեսի» ճանապարհ է, քանի որ զուտ արտաքնապես, եթե 2008թ. նոյեմբերին ինչ-որ բան ստորագրվում էր, ապա երկու տարի անց ընդամենը հայտարարություն է արվում։ Նման իրավիճակում Մոսկվային անհրաժեշտ է ինչ-որ փաստաթղթի ստորագրում, և ցանկալի է, որ դա նշանակալի փաստաթուղթ լինի ղարաբաղյան կարգավորման մեջ։
Այնուհետև, «ճանապարհային քարտեզի» դրականը մտցվում է հակամարտության երեք կողմերից երկուսի հետագա քայլերի կանխատեսելիության հուն, սահմանվում է միջոցառումների, կոնկրետ գործողությունների մի ինչ-որ ժամանակացույց, որոնք պետք է իրականացվեն կոնկրետ ժամկետում։ Եթե դա տեղի չի ունենում, ապա հեշտ կլինի պարզել, թե ում մեղքով է դա տեղի ունեցել և ով չի ցանկանում իր գործողությունները համապատասխանեցնել «ճանապարհային քարտեզի» տակ դրած ստորագրությանը։
Կարելի է խոսել նաև տարածաշրջանի ընդհանուր կայունության վրա «ղարաբաղյան կարգավորման ճանապարհային քարտեզ» անվամբ փաստաթղթի դրական ազդեցության մասին։ Եթե այս ասպեկտով համեմատություն անցկացնենք հայ-թուրքական կարգավորման «ճանապարհային քարտեզի» հետ, ապա կարելի է ասել, որ, հավանաբար, հայ-թուրքական կարգավորում անունը կրող՝ մինչև վերջ չհասցված գործի միակ դրական հետևանքը դարձավ էլ ավելի մեծ որոշակիությունը Անկարայի և Երևանի հարաբերություններում, իսկ մեծ որոշակիությունը տարածաշրջանային հակառակորդների միջև նշանակում է ավելի մեծ կայունություն, տարածաշրջանային կայունությամբ շահագրգռված արտաքին ակտորների ավելի մեծ պոտենցիա՝ երաշխավորելու այդ կայունության առկայությունը, հետևել դրա անցանկալի շեղումներին և կասեցնել այդ շեղումները։ «Ճանապարհային քարտեզը», դրանով իսկ, գործընթացը մտցնում է որոշակի շրջանակի մեջ, անգամ եթե այդ գործընթացը չի էլ հասցվում տրամաբանական ավարտի, ինչպես դա ներկայացվում է հենց «ճանապարհային քարտեզում»։ Այսպես, օրինակ, պաղեստինա-իսրայելական հակամարտությունը 2003թ. «ճանապարհային քարտեզից» հետո չտարածվեց անմիջականորեն վիճելի տարածքների սահմաններից դուրս (օրինակ, Սիրիայի վրա, թեև «բախումներ» եղան լիբանանյան տարածքում), հայ-թուրքական հարաբերությունները «ցյուրիխյան արձանագրություններից» հետո ավելի վատը չդարձան, այլ ավելի որոշակի բնույթ ստացան։ Նշանակում է՝ կարելի է հուսալ, որ «ճանապարհային քարտեզի» առկայությունը ղարաբաղյան կարգավորման մեջ կդառնա կայունության ևս մեկ տարր և իր ներկա ձևի ու տեղի շրջանակներից հակամարտության չտարածման հարաբերական երաշխիք։
Բացասականին մենք վերագրում ենք հետևյալը.
1. Եթե «ճանապարհային քարտեզը» ղարաբաղյան կարգավորման համար կազմվի հիմա, ապա դրանում տեղ կգտնեն Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների երկու հայտնի հայտարարությունների դրույթները (2009թ. հուլիսի 10-ին և 2010թ. հունիսի 26-ին)։ Ղարաբաղյան կարգավորման «ճանապարհային քարտեզի» այսպիսի հիմքը, մեր տեսակետից, կկրի բացասական բնույթ և նման «ճանապարհային քարտեզը» փակուղի կմտցնի արդեն առաջին փուլում։ Ղարաբաղյան կարգավորման «ճանապարհային քարտեզը» չի կարող սկսվել «Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքների վերադարձման մասին» կետից6։ Առաջին փուլը պետք է դառնա հակամարտության բոլոր երեք կողմերի համաձայնագրի ստորագրումը ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման մասին ղարաբաղյան կարգավորման բոլոր փուլերում։ Պաղեստինա-իսրայելական կարգավորման «ճանապարհային քարտեզը» հիմնականում փակուղի մտցրեց այն, որ արտաքին ակտորները չափազանցված ակնկալիքներ ունեին՝ կապված իսրայելական ուժերն այսպես կոչված «կանաչ գծից» դուրս բերելու հետ։ Ինչպես նշում էին փորձագետները, «միջազգային դիվանագիտության շատ անհաջողություններ պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման ճանապարհին առաջ են եկել այն պատճառով, որ Իսրայելի հեռացումը «կանաչ գծից»7 այն կողմ դիտվում է որպես կարգավորման անխախտ նախադրյալ։ Ապավինել այն բանին, որ Իսրայելը հետ կքաշվի մինչև 1967թ. գոյություն ունեցող սահմանները՝ որպես խաղաղություն ձեռք բերելու գլխավոր միջոց, նույնքան անհեռանկարային է, որքան և ԱՄՆ պետդեպարտամենտի՝ «ճանապարհային քարտեզին» հավատարիմ լինելու մասին դեմագոգիկ խոսակցությունները պաշտպանելը»8։
1988թ. սահմաններին ԼՂՀ ոչ մի նահանջ, բնականաբար, լինել չի կարող, քանի որ նման սահմաններ չեն էլ եղել, և լինել էլ չէին կարող, քանի որ ներկայիս ԼՂՀ-ն դե-ֆակտո տարածքային առումով ձևավորվել է պատմական Արցախի սահմաններում, իսկ վերջինի որոշ տարածքներ մինչև այժմ գտնվում են Ադրբեջանի Հանրապետության օկուպացիայի ներքո։ Մանավանդ հայկական ուժերի ոչ մի նահանջ լինել չի կարող Դաշտային Ղարաբաղի տարածքից, քանի դեռ չի ձևավորվի բանակցային գործընթացի իրական ձևաչափն այն սուբյեկտների միջև, որոնց տրամադրության տակ է գտնվում որոշակի տարածքներից իրենց ուժերի հիպոթետիկ դուրսբերման հարցը։ Այդ սուբյեկտներն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, և նրանք պետք է դառնան գլխավոր ակտորները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր «ճանապարհային քարտեզի» կոնկրետ դրույթները կատարելիս։
Այսպիսով, ներկա փուլում «ղարաբաղյան ճանապարհային քարտեզի» համար բացակայում է կարգավորման իրական հիմքը և չի ստեղծվել նման կարգավորման իրական սուբյեկտային կազմը։
2. «Ճանապարհային քարտեզը» հրամայական պահանջ է կողմերին՝ կատարելու ստանձնած պարտավորությունները, որոնք բխում են ստորագրված պայմանավորվածություններից։ Այդ պահանջի միանշանակ խախտողը Ադրբեջանն է, ինչի մասին վկայում է 1991-94թթ. պատերազմի ընթացքում կնքված զինադադարների, ինչպես նաև դրան հաջորդած համաձայնությունների ամբողջ շարքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասնակցությամբ (դասական օրինակը Հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիրն է, որը ԵԱՀԿ հովանու ներքո 1995թ. փետրվարի 4-ին պաշտոնապես ստորագրել են հակամարտության բոլոր երեք կողմերը)։ Չի կարող արդյունավետ և ընդհանրապես դրական լինել ակնկալիքը կարգավորման ցանկացած «ճանապարհային քարտեզից», եթե սկզբից ևեթ իրեն «տուժած» համարող կողմն իրեն իրավունք է վերապահում վերանայել իր պարտավորությունները։ Պաղեստինա-իսրայելական 2003թ. «ճանապարհային քարտեզի» լրիվ անվանումը, սրա հետ կապված, հատկանշական հնչողություն ունի. «Պաղեստինա-իսրայելական հակամարտության մշտական կարգավորման տանող «ճանապարհային քարտեզ» երկու պետությունների համակեցության սկզբունքին համապատասխան, կողմերի՝ իրենց պարտավորությունների կատարման գնահատականի հիման վրա։ Կարծում ենք, որ «ճանապարհային քարտեզի դրույթների կատարման» Ադրբեջանի գնահատականը միշտ անբավարար կլինի, քանի որ Բաքվում բացարձակապես չի մշակվել կառուցողական կարգավորման համար անհրաժեշտ հարգալից պահելաոճ իրենց ընդդիմախոսների հանդեպ։ Հայատյացության և «Արևմտյան Ադրբեջանի» պահանջ ներկայացնելու ֆոնին «ղարաբաղյան ճանապարհային քարտեզն» անիրականանալի է։
3. «Ճանապարհային քարտեզի» դրական իրագործման համար չկա նման հարցերի համար միջազգային պրակտիկայում ընդունված բարձրագույն պետական այրերի անձնական ներկայացուցիչների ինստիտուտ արտաքին միջնորդների թվից, որոնց միջնորդական ջանքերն ընդունվում են հակամարտության բոլոր մասնակիցների կողմից։ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը չի կարող պետությունների ղեկավարների անձնական ներկայացուցչություն համարվել։ Հարկավոր են մարդիկ, որոնք օրը 24 ժամ կաշխատեն «ճանապարհային քարտեզի» դրույթների մշակման, համաձայնեցման և իրագործման վրա և, ինչն առանձնապես կարևոր է, նման աշխատանք տանելու բացառիկ մանդատի կտնօրինեն հենց արտաքին միջնորդ-պետությունների ղեկավարների կողմից։ 2008թ. Հարավային Օսիայի շուրջ օգոստոսյան իրադարձություններից հետո Արևմուտքի փորձագիտական հանրությունում քննարկվում էր, օրինակ, ղարաբաղյան կարգավորման գծով ԱՄՆ նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնի ստեղծման հարցը։ Հետագայում այդ քննարկումները թեքվեցին դեպի այն կողմը, որ ավելի նպատակահարմար համարվեց ղարաբաղյան կարգավորման գործում ԱՄՆ պետքարտուղարի անձնական ներկայացուցչի առկայությունը։ Հետաքրքիր է, որ ներկայում ռուսաստանյան փորձագիտական շրջանակներում նման քննարկումներն ավելի են հաճախացել։
Այսպես, ռուսաստանցի փորձագետները, նշելով ղարաբաղյան կարգավորման մեջ սովորական դարձած իրական տեղաշարժերի բացակայությունը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներից հետո, աստրախանյան հանդիպման արդյունքներից ելնելով մատնաշում էին, որ «Մեդվեդևի խոստումներն առ այն, որ ԵԱՀԿ ղազախստանյան գագաթաժողովի անցկացման պահին (դեկտեմբերի 1-2) Երևանը և Բաքուն կարող են հանգել կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակի, առանձնակի լավատեսություն չեն ներշնչում։ Ավելի քան հավանական է, որ անգամ նման սկզբունքների իրական մշակման պարագայում դրանք դուրս չեն գա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձևակերպված համատեղ հռչակագրի նորմերի շրջանակներից, որը ստորագրվել է Մոսկվայում, 2008թ. նոյեմբերի 2-ին։ Այսինքն՝ խոսքը դարձյալ կվերաբերի բավական աղոտ պարտավորություններին, որոնք չեն նպաստի լիարժեք խաղաղ բանակցություններ սկսելուն»։ Ռուսաստանցի փորձագետները դրա պատճառները տեսնում են նրանում, որ Կրեմլը չունի «անհրաժեշտ թվով դիվանագիտական գործիքներ հիմնախնդրի լուծման համար։ Տարածքային վեճի մասնակիցների հետ բոլոր շփումները կառուցվում են բացառապես նախագահի գծով։ Պետության ղեկավարին տեխնիկական օժանդակություն ցուցաբերում է ԱԳՆ ղեկավարությունը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը չունի ինստիտուցիոնալ այնպիսի մեխանիզմ, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի գծով նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնն է։ Ավանդական միջազգային պրակտիկայում հենց նա է խորանում հիմնախնդրի էության մեջ և վերացնում տարաձայնությունները հակամարտող կողմերի միջև։ Նրա իրավասության մեջ է մտնում նաև կոնտրագենտների հետ մշտական աշխատանք ենթադրող ամենօրյա օպերատիվ աշխատանքը։ Միայն այդպես կարելի է հասնել գոյություն ունեցող հակասությունների իսկական ըմբռնման, բայց և պլանաչափ ձևով հող նախապատրաստել բանակցային գործընթացի համար։ Ռուսաստանը նման ոչինչ չունի։ Ձևականորեն այդ ներկայացուցչի դերը կատարում է Մոսկվայի ներկայացուցիչը ԵԱՀԿ Մինսկի խմբում։ Սակայն դա մեծ մասամբ արարողակարգային պաշտոն է՝ առանց առարկայական լիազորությունների, ինչպես և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունն ինքը»9։
4. Եվ վերջապես, գուցե ղարաբաղյան կարգավորման հնարավոր «ճանապարհային քարտեզի» դրական կենսագործման ամենագլխավոր սահմանափակիչն այն է, որ ներկա փուլում գլխավոր արտաքին ուժերը մտադրություն չունեն ինչ-որ բան վճռել ղարաբաղյան գործընթացում։ Իսկ վերջինը պետք է լինի, և այդ հարցի շուրջ երեք միջնորդող ուժերը հակասություններ չունեն։ Բայց համաձայնությունն այն բանի շուրջ, որ գործընթացը պետք է լինի, չի նշանակում, թե արտաքին ուժերը տրամադրված են արդյունք ունենալ։ Արդյունքն արդեն կա, և այդ արդյունքը հակամարտության գոտում վերջին 16 տարիներին ստատուս-քվոյի համեմատական պահպանումն է։ Արտաքին ուժերը հիանալի հասկանում են, որ թույլատրելիի շրջանակում պահպանվող ներկա արդյունքն ավելի լավ է, քան անորոշությունը, որը գտնվում է ղարաբաղյան կարգավորման հապճեպ ստեղծված «ճանապարհային քարտեզի» առաջին իսկ քայլի հետևում։
1С. Болотникова, Как ляжет «дорожная карта» для Карабаха?, http://www.georgiatimes.info/analysis/30998.html, 19.02.2010.
2США надеются на саммите ОБСЕ найти выход из кризиса в Нагорном Карабахе, http://www.ukrinform.ua/, 07.10.2010.
3Միջազգային պրակտիկային հայտնի են ոչ միայն միջպետական հակամարտությունների կարգավորման «ճանապարհային քարտեզներ», այլ նաև նման փաստաթղթեր՝ դիվանագիտական հողի վրա հաստատելու երկու պետությունների կամ միջազգային հարաբերությունների այլ սուբյեկտների միջև միջոցառումների պլան։ Այսպես, հայտնի է «Արտաքին անվտանգության ընդհանուր տարածքի «ճանապարհային քարտեզը», որը հաստատվել է 2005թ. մայիսի 10-ին Մոսկվայում, Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի, Լյուքսեմբուրգի վարչապետ Ժ.-Կ. Յունկերի, ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժ.Մ. Բառոզուի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության գծով գլխավոր ներկայացուցիչ Խ.Սոլանայի կողմից։
4Պաղեստինա-իսրայելական կարգավորման «ճանապարհային քարտեզը» հրապարակվեց ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից՝ միջազգային միջնորդների «քառյակի» (ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան, ՄԱԿ) անունից, 2003թ. ապրիլի 30-ին։
5А. Эпштейн, После «Дорожной карты» // «Россия в глобальной политике», № 3, май – июнь 2006.
6Ի դեպ, եթե համեմատելու լինենք Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների 2009թ. հուլիսի 10-ի հայտարարությունը («G-8»-ի գագաթաժողովն Աքվիլում) 2010թ. հունիսի 26-ի համանման փաստաթղթի հետ («G-8»-ի գագաթաժողովը Մուսքոքում), ապա այդ ձևակերպումը փոքր-ինչ «մեղմացված» էր. տեքստից հանվել էին «Ադրբեջանի վերահսկողության տակ» բառերը։ Առաջին հայտարարությունում այդ կետը ձևակերպված էր որպես «Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձում Ադրբեջանի վերահսկողության տակ», իսկ 2010թ. հունիսի 26-ի վերջին հայտարարության տեքստում այդ կետը հնչում էր որպես «Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքների վերադարձում»։
7Խոսքն Իսրայելի՝ մինչև Վեցօրյա պատերազմը (1967թ. հունիս) գոյություն ունեցող սահմանի մասին է, ըստ էության՝ հրադադարի գծի մասին (որը հաստատվել էր 1949թ.՝ Իսրայելի և նրան սահմանակից արաբական բոլոր երկրների միջև զինադադարի մասին համաձայնագրերով), որը, ինչպես նշվել է Իսրայելի և Եգիպտոսի միջև 1949թ. փետրվարի 24-ի հրադադարի համաձայնագրի 5 (2) պարագրաֆում, ինչպես նաև արաբական մյուս երկրների հետ Իսրայելի երկկողմ այլ փաստաթղթերի համանման պարագրաֆներում, «ոչ մի առումով չի դիտարկվում որպես քաղաքական կամ տարածքային սահման և անցկացվում է առանց վնասելու կողմերից որևէ մեկի իրավունքները, պահանջները և դիրքորոշումներն այն բանում, ինչը վերաբերում է պաղեստինյան հարցի վերջնական կարգավորմանը»։
8А. Эпштейн, նշվ. աշխ.։
9Между беспредметностью и локальными успехами: внешняя политика с 25 по 31 октября 2010 года // Аналитические комментарии “Центра политической конъюнктуры России”, http://www.ancentr.ru/modules/analitical_comments/mo_01112010.html
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ՌՈՍՆԵՖՏ». ՆՈՐ ԲԻԶՆԵՍ-ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[28.04.2014]
- ՆԱԽԿԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ[15.12.2011]
- ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. ԵՐԵՔ ՍԿԶԲՈՒՆՔ, ՎԵՑ ԴՐՈՒՅԹ ԵՎ «ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈ ՊԼՅՈՒՍ»[13.10.2011]
- ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ[30.03.2011]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԱՄՆ ԵՎ ԵՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ[14.12.2010]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ[25.10.2010]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐ[06.07.2010]
- ԷՐԴՈՂԱՆԻ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ. ԹՈՒՐՔԵՐՆ ԱՎԵԼԻՆ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ[12.03.2010]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ. ՊԱՅՔԱՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ[02.02.2010]
- «ՍԵՎԾՈՎՅԱՆ ՍԻՆԵՐԳԻԱ» ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ[24.12.2009]