• am
  • ru
  • en
Версия для печати
13.10.2011

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. ԵՐԵՔ ՍԿԶԲՈՒՆՔ, ՎԵՑ ԴՐՈՒՅԹ ԵՎ «ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈ ՊԼՅՈՒՍ»

EnglishРуский

   

Միխայիլ Աղաջանյան

Ղարաբաղյան հակամարտության գծով փորձագետ

Ղարաբաղյան կարգավորման գործընթացը մտել է ամենաինտենսիվ փուլերից մեկը։ Ավելի ճիշտ կլինի խոսել գործընթացի ոչ թե ակտիվացման, այլ հենց ինտենսիվացման մասին, քանի որ ակտիվությունը ենթադրում է հակամարտության բոլոր կողմերի՝ դիրքորոշումները մերձեցնելու տրամադրվածություն, իսկ ինտենսիվացումը կառուցվում է, նախևառաջ, արտաքին ազդակների ուժեղացման շուրջ։ Կողմերն ինչպես եղել, այնպես էլ մնում են այն դիրքերում, որոնք լավ հայտնի են և հերթական անգամ ներկայացվելու կարիք չունեն։ Իսկ միջնորդական գործունեություն իրականացնող արտաքին ուժերը կրկնապատկեցին իրենց ջանքերը, ինչն առանձնապես վերաբերում է Ռուսաստանի միջնորդական առաքելությանը։

Կազանում կայացած հանդիպումից մնացած չոր նստվածքը հանգում է այն բանին, որ Հայաստանը, հերթական անգամ կառուցողական դիրքորոշում դրսևորելով, պատրաստ էր իր ստորագրությունը դնել մի փաստաթղթի տակ, որն ավելի հաճախ է հիշատակվում որպես կարգավորման «ճանապարհային քարտեզ»։ Բայց դա տեղի չունեցավ մի պարզ պատճառով. Ադրբեջանն ամբողջովին զբաղված է ձևացնելով, թե պատրաստ է ամրագրել այդ «ճանապարհային քարտեզը», որի կետերից մեկը հստակ ձևակերպում է «Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի որոշումը՝ նրա բնակչության՝ պարտադիր իրավաբանական ուժ ունեցող կամարտահայտման ճանապարհով»։

Կարգավորման գործընթացի ինտենսիվացմանը զուգահեռ՝ զգալի է նաև դրա ընդգծված գաղտնիությունը։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով գործընթացի փակ լինելը և դրանից բխող՝ տեղեկատվության սակավությունը կարգավորման ակտուալ դաշտից, կարելի է որոշակի թեզիսներ առաջադրել, որոնք լույս են սփռում ղարաբաղյան կարգավորման որոշ ասպեկտների վրա։

Կարգավիճակ, անվտանգություն և տարածքներ

Որպես անկախ պետություն Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը կհիմնվի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավաբանորեն պարտավորեցնող կամքի վրա և կդառնա նրա անվտանգության լավագույն երաշխիքը։ Լեռնային Ղարաբաղն արդեն դե-ֆակտո կազմավորվել է իր փաստացի սահմաններում (որոնք երիտասարդ հանրապետության համար ապահովում են անվտանգության անհրաժեշտ մակարդակ), որոնց միջազգային ճանաչումը և փաստաթղթային ամրագրումը հնարավոր են միայն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև սահմանների հարցի լուծումից հետո։ Ղարաբաղյան կարգավորման գործում հենց այս հարցերի լուծմանն է, որ պատրաստ չէ Ադրբեջանը, քանի որ այս հարցերի լուծումը՝ առանց Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչների մասնակցության, անհնար է, իսկ Բաքվում վերջինների մասնակցությանն ամեն կերպ ընդդիմանում են։

Ադրբեջանը ձևացնում է, թե եռուն գործունեություն է ծավալում այն ուղղությամբ, թե հակամարտության գոտում ստատուս-քվոյի շարունակումն այլևս անընդունելի է, սակայն իրականում անում է ամեն ինչ, որ ստատուս-քվոյի ներկայիս վիճակը մեռյալ կետից չշարժվի։ Լեռնային Ղարաբաղն արդեն գրեթե ունի այն ամենը, ինչ նշվեց վերը՝ անվտանգ սահմաններ, պատմական Արցախի տարածքները, որոնց վրա տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասությունը։ Միայն չկա Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ պետության ներկայիս դե-ֆակտո կարգավիճակի միջազգային ճանաչումը։ Այս համատեքստում հայկական կողմերի այն դիրքորոշումը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրելուն, ստուգված է և լիովին բխում է այսօրվա իրողություններից. Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը «նշանակում է «ստատու-քվո պլյուս», այսինքն՝ այն ամենը, ինչ կա այսօր, գումարած այդ կարգավիճակի միջազգային ճանաչումը» (թեզիս Հայաստանի արտգործնախարար Է.Նալբանդյանի՝ Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում ունեցած ելույթից, 2011թ. հուլիսի 13)։

Ադրբեջանը ձևացնում է, թե զբաղված է կարգավորմամբ մի շատ պարզ պատճառով։ Բաքվում հասկանում են, որ վերադարձ 1988թ. իրավիճակին ո՛չ կարգավիճակով, ո՛չ անվտանգությամբ, ո՛չ էլ սահմաններով լինել չի կարող։ 1988 թվականը վերադարձնելու նրա միակ հնարավորությունը նոր ագրեսիան է Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ադրբեջանական թեզն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ պետություն չի լինի, նոստալգիա է 1988-ի հանդեպ՝ ռազմական ռևանշի երկրորդ փորձի հավակնությամբ, ղարաբաղյան հարցի վերջնական լուծման համար 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից փորձարկված սցենարով։ Ի դեպ, ադրբեջանական ղեկավարության այս թեզն անուղղակիորեն մատնանշում է այն, որ Բաքվում պատրաստ են քննարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման հարցը, որը լուծում է ստացել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման մեջ։ Բաքվում կարծում են, որ դա որակապես կթեթևացնի այնպիսի հարցերի լուծումը, ինչպիսիք են կարգավիճակը, անվտանգությունը և տարածքները՝ Ադրբեջանի համար նպաստավոր դիրքերից, և դա ողջ հակամարտությունը կներկայացնի որակապես այլ լույսով, այն է՝ հակամարտություն Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Լեռնային Ղարաբաղն իջեցնելով պայմանավորվածությունների օբյեկտի, այլ ոչ թե սուբյեկտի մակարդակի։

1988 թվականի նոստալգիական ախտանշանը զգացվում է ադրբեջանական ղեկավարության (բոլոր մակարդակների) դիրքորոշման մեջ։ Ի հեճուկս հակամարտության մյուս երկու կողմերի դիրքորոշումների և արտաքին ակտորների գնահատականների՝ Ադրբեջանն այս 20 և ավելի տարիներին իր դիրքորոշման մեջ մի փոքր անգամ առաջ չի շարժվել. այդ դիրքորոշումն այն է, որ «ուղղահայաց սուվերեն վերահսկողություն սահմանի այդ տարածքի վրա և կառավարի այնտեղ ապրող բնակչությանը։ Ադրբեջանն այդ դիրքորոշումից քայլ է արել դեպի կամրջի մեջտեղը և ասել այն մասին, որ պատրաստ է ճկունությունների՝ նկատի ունենալով ինքնորոշման տարբեր մոդելները Ադրբեջանի Հանրապետության կազմում ղարաբաղյան տարածաշրջանի բնակչության համար։ Այսինքն՝ ճկունություն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Մենք դրան պատրաստ ենք և դուրս ենք եկել կամրջի մեջտեղը» («Эхо Москвы» ռադիոկայանին փոխարտգործնախարար, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Ադրբեջանի նախագահի անձնական ներկայացուցիչ Արազ Ազիմովի հարցազրույցից, 2011թ. հուլիսի 19)1։ Այն, ինչ Բաքվում «ճկունություն» և «փոխզիջումների պատրաստակամություն» են անվանում, ավելի շատ իրենց պայմանների թելադրում է նշանակում՝ բռնակալական քմահաճույքի տարրերով («կառավարել այնտեղ ապրող բնակչությանը»), և փոխաբերական կլոունադա («դուրս ենք եկել կամրջի մեջտեղը»)։

Կրկնակի հանրաքվե

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման համար կրկնակի հանրաքվեի անցկացման հարցի քննարկմանը համաձայնելը հայկական կողմերի ամենամեծ զիջումն է կարգավորման ընթացիկ փուլում։

Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի հարցի իրավաքաղաքական ռետրոսպեկտիվը մատնանշում է, որ հայկական կողմերի գործողությունները հետևողական են այն ամենում, ինչը կապված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի հետ։ Տրամագծորեն հակառակ են Ադրբեջանի գործողությունները, որն «իր անկախությունը նվաճեց շեհիդների մահվամբ», 1990թ. հունվարի վերջին իր տարածքից ֆիզիկապես հեռացնելով հայերին, իսկ արդեն հաջորդ տարի մասնակցեց ԽՍՀՄ-ը պահպանելու համամիութենական հանրաքվեին (1991թ. մարտի 17) և ձայների մեծամասնությամբ՝ 93,3%, հանդես եկավ հօգուտ ԽՍՀՄ-ը պահելու (Նախիջևանի ԻԽՍՀ-ում ԽՍՀՄ-ին «այո» ասողների թիվը կազմել էր 87,3%)։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 1991թ. մարտի 17-ի հանրաքվեին չմասնակցեց։ Ի դեպ, հետաքրքիր է նշել, որ, ինչպես նշում են ռուս հետազոտողները, «Քիշնևից դեռ պաշտոնապես չառանձնացած Մերձդնեստրը, ինչպես նաև Աբխազիան և Հարավային Օսիան, որ դեռ լրիվ չէին հեռացել Թբիլիսիից, մասնակցեցին հանրաքվեին, ընդ որում՝ այդ արեցին ցուցադրաբար»2։

Երեք սկզբունք և վեց դրույթ

Հայկական կողմերը, ամենայն հավանականությամբ Հայաստանի Հանրապետություն-Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հորիզոնականի համատեղ համաձայնեցված ռեժիմով, միանգամայն ճիշտ դիրքորոշում որդեգրեցին այն հարցում, թե ինչը համարեն կարգավորման սկզբունքներ, ինչը՝ դրույթներ (տարրեր)։ Կարգավորման սկզբունքներ կարող են դիտարկվել միջազգային իրավունքի միայն երեք հայտնի սկզբունքները, որոնք վերաբերում են ղարաբաղյան կարգավորմանը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք, պետությունների տարածքային ամբողջականություն։ Այն կետերը, որոնք պարունակվում են ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հայտնի հայտարարություններում (2009թ. հուլիսի 10 և 2010թ. հունիսի 26) և հիշատակվում են Դովիլի 2011թ. մայիսի 26-ի հայտարարությունում, կարգավորման դրույթներն են (ի դեպ, վերջին հայտարարությունում այդ դրույթները հիշատակված են որպես «տարրեր»)։ Հենց նման մեկնաբանումն է թույլ տալիս չեզոքացնել ադրբեջանական ելույթներն առ այն, որ եթե Լեռնային Ղարաբաղը չի մասնակցում կարգավորման «հիմնարար սկզբունքների» մշակմանը և ընդունմանը, ապա այն հակամարտության կողմ չէ, բանակցությունների կողմ չէ և, ընդհանրապես, սա հայ-ադրբեջանական հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Իրականում, Լեռնային Ղարաբաղը որպես կարգավորման սկզբունքներ է դիտարկում միջազգային իրավունքի նշված երեք սկզբունքները։ Մնացած ամեն ինչի, այդ թվում և նրա վերաբերյալ, ինչն առնչվում է կարգավորման դրույթներին, որոնք, ի դեպ, նույնիսկ նման տեսքով ստորագրելուց Ադրբեջանը խուսափեց Կազանում, Լեռնային Ղարաբաղն իր ըմբռնումն ունի։

Կարգավորման «հիմնարար սկզբունքները» ներառող փաստաթուղթը, որի շուրջ այժմ ինտենսիվ քննարկումներ են ընթանում հակամարտության երեք կողմերից երկուսի միջև, բնութագրվում է որպես քաղաքական՝ դրանով իսկ իրավաբանական պարտավորություններ չպարունակելով Հայաստանի և Ադրբեջանի համար, որոնք հետագայում կարող են ընդունել այն։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ս.Լավրովի հստակ բնորոշմամբ՝ «Կողմերը մասնակցում են այս աշխատանքին՝ ելնելով այն բանից, որ հիմնարար սկզբունքներից հետո, ցանկացած դեպքում, արդեն պետք է պատրաստել իրավաբանական փաստաթուղթը՝ հաշտության համաձայնագիրը։ Անշուշտ, դա անհամեմատ ավելի մանրակրկիտ աշխատանք կպահանջի։ Այնուամենայնիվ, հիմնարար սկզբունքները՝ որպես քաղաքական փաստաթուղթ, շատ կարևոր նշանակություն կունենային, քանի որ քաղաքական առումով ցույց կտային պայմանավորվածությունների հասնելու նպատակաուղղվածությունը»3։

Բայցևայնպես, սա չի նվազեցնում հայկական կողմերի դիրքորոշումների արժեքը, որոնք հստակ տերմինաբանական շեշտադրումներ են արել կարգավորման երեք սկզբունքների և ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հայտնի հայտարարություններում հնչած վեց դրույթների առկայության վերաբերյալ։ Ավելին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ ս.թ. հուլիսի 18-ի հայտարարությունում հիմնական ուշադրությունը կենտրոնացվեց «հիմնարար սկզբունքների» ոչ թե իրավաբանական, այլ քաղաքական էության վրա. «հիմնարար սկզբունքների նախագիծը, իսկ դա իսկապես քաղաքական և ոչ թե իրավաբանական փաստաթուղթ է, սկսվում է հետևյալ խոսքերով. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները որոշել են սկսել աշխատել Հաշտության համաձայնագրի ուղղությամբ»։ Այնուհետև շարադրվում են այն սկզբունքները, որոնք էլ հենց մենք համաձայնեցնում ենք, և որոնք կմտնեն հաշտության համաձայնագրի մեջ»4։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են որոշել՝ սկսել աշխատել հաշտության համաձայնագրի ուղղությամբ, բայց այդ աշխատանքը, առանց Լեռնային Ղարաբաղի օրինական ներկայացուցիչների մասնակցության, իմաստ չունի։

Լիաչափ բանակցությունների վերականգնումը

Ենթադրվում է, որ կարգավորման «հիմնարար սկզբունքների» ընդունումից հետո, հաշտության համաձայնագրի ուղղությամբ աշխատանքների սկզբնական փուլում, Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչները կներգրավվեն բանակցություններին։ Ադրբեջանն արգելակում է նաև այս մտահղացումը՝ ցանկացած հարմար առիթով հայտարարելով, որ այդ դեպքում անհրաժեշտ է, որ բանակցություններին ներգրավվեն նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները։

ԼՂՀ-ի մասնակցությամբ լիաչափ բանակցությունների շուտափույթ վերականգնման անհրաժեշտության մասին շատ է խոսվել։ Շատ է խոսվել նաև այն մասին, որ նման հակամարտությունների կարգավորման արդի պատմությունը չունի օրինակներ այն բանի, որ հակամարտության կողմերից մեկն իրավահավասար հիմունքներով չմասնակցի վարվող բանակցություններին։ Բերենք օրինակ բարդությամբ ղարաբաղյանին նման պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման պրակտիկայից։ Հայտնի է, որ այս հակամարտության կարգավորման ներկա փուլը նշանավորվում է լճացմամբ, բայց վերջինը կարող էր պարզապես անշրջելի հետևանքներ ունենալ, եթե, օրինակ, իսրայելական կողմը հրաժարվեր բանակցություններ վարել Պաղեստինի օրինական ներկայացուցիչների հետ՝ ասելով, թե նման պետություն չկա, դրա համար էլ Իսրայելը բանակցությունները կվարի արաբական աշխարհի միջազգայնորեն ճանաչված պետությունների հետ։ Նման բան չկա։ Ընդհակառակը, հայտնի են Իսրայելի այն հայտարարություններն ու գործողությունները, որոնք ընդգծում են ուղղակի բանակցությունների անհրաժեշտությունը հենց Պաղեստինի ներկայացուցիչների հետ։ Օրինակ, Իսրայելի ներկայիս վարչապետ Բ.Նեթանյահուի խոսքերն այն մասին, որ միայն իր «անմիջական, ուղղակի և շարունակվող» շփումները Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մ.Աբասի հետ կարող են բեկման հանգեցնել հիմնական վիճելի հիմնախնդիրների հարցում5։

Արտաքին ջանքերը

Արտաքին միջնորդական բաղադրիչն աստիճանաբար ստանում է անփոխարինելի տարրի նշանակություն կարգավորման ողջ գործընթացում։ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը, Ռուսաստանի բարձրագույն արտաքին քաղաքական ղեկավարության հատուկ միջնորդական առաքելությունը դարձել են կարգավորման ամբողջ գործընթացի անբաժանելի մասը։ Ինչպես Մինսկի խմբում իրենց համատեղ ջանքերը բնորոշում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, մեր նպատակը մեկն է, բայց կարող են լինել տարբեր շահեր։ Նպատակի միասնությունն այն է, որպեսզի թույլ չտրվի, որ հակամարտությունը գլորվի Ադրբեջանի կողմից ռևանշի հերթական փուլ։ Շահերի տարբերությունը կրում է ավելի խոր և լայն բնույթ և վերաբերում է Հարավային Կովկասի, Սևծովյան ու Կասպյան ավազանի տարածաշրջանների վիճահարույց հարցերի նկատմամբ մեծ տերությունների մոտեցումներում առկա տարբերություններին։ Մի նպատակի շուրջ արտաքին ուժերը միշտ էլ կարող են պայմանավորվել, և արդեն արել են դա՝ նպաստելով կայունության պահպանմանը Ղարաբաղյան հակամարտության գոտում։ Ինչ վերաբերում է նրանց փոխհամաձայնեցված շահերին, նրանք երբեք պայմանավորվածության չեն գա, քանի որ այդպիսին է տարածաշրջանում ներքին ուժերի հավասարակշռության և դրանից դուրս արտաքին ուժերի դասավորության իրողությունը։

Սակայն սերտ համագործակցությունը Մինսկի խմբի համանախագահության միջնորդական մեխանիզմի շրջանակներում բոլոր երեք արտաքին ակտորներին էլ լրացուցիչ հնարավորություններ է տալիս այն դեպքում, երբ տարածաշրջանային այլ հիմնախնդիրների վերաբերյալ նրանց և՛ նպատակները, և՛ շահերը տարբեր են։ Ուստի, կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համար համանախագահության մեխանիզմը Մինսկի խմբի շրջանակներում հարմար տարածաշրջանային դիվանագիտական հարթակ է դարձել, որը թույլ է տալիս վերահսկել իրավիճակը Հարավային Կովկասի ամենավիճելի հարցերից մեկում, ինչպես նաև նախադրյալներ ստեղծել այլ տարածաշրջաններում վիճելի հարցերի շուրջ մերձեցման կետեր գտնելու համար։

1 Հարցազրույցն ամբողջությամբ՝ http://www.echo.msk.ru/programs/beseda/794348-echo/.

2 Сергей Шелин, Сказка о сохраненном Союзе, “Газета.Ру”, http://www.gazeta.ru/comments/2011/03/16_a_3556021.shtml, 16.03.2011.

3 Ադրբեջանական ԶԼՄ-ին Ռուսաստանի արտգործնախարար Ս.Լավրովի հարցազրույցի սղագրությունը, Մոսկվա, 27 օգոստոսի 2010թ.։ Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտ (http://www.mid.ru/).

4 Ռուսաստանի արտգործնախարար Ս.Լավրովի ելույթը և պատասխանները ԶԼՄ հարցերին Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովի հետ բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ մամուլի ասուլիսում, Մոսկվա, 2011թ. հուլիսի 18, Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտ (http://www.mid.ru/).

5 Netanyahu wants nonstop talks with Palestinians, http://www.washingtontimes.com/news/2011/jan/2/netanyahu-wants-nonstop-talks-palestinians/, 02.01.2011.

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 5, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր