• am
  • ru
  • en
Версия для печати
06.07.2010

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐ

EnglishРуский

   

Միխայիլ Աղաջանյան

Արտաքին քաղաքական գործընթացների զարգացումը Սևծովյան տարածաշրջանում ցույց է տալիս, որ կպահպանվեն առճակատման բնույթ կրող հարաբերությունները տարածաշրջանի հիմնական ուժերի միջև։ Ոչսևծովյան երկրների և առաջին հերթին՝ ԱՄՆ հայտնի փորձերը՝ ամրապնդվել տարածաշրջանում սևծովյան երկրների հետ ռազմաքաղաքական կապեր ստեղծելու և խորացնելու, այստեղ սեփական ռազմական ենթակառուցվածք հիմնելու միջոցով, առավել ընդգծված բնույթ են ստանում։

Դա հատկապես զգալի է և ծավալված գործընթացների ֆոնին հետագա խորացման բոլոր հեռանկարներն ունի երեք խոշոր սևծովյան երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի հարաբերություններում։ Եթե մինչև Ուկրաինայի վերջին ընտրությունները Վաշինգտոնը հաջողությամբ վերահսկում էր ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում՝ թույլ չտալով Ռուսաստանի և Թուրքիայի կոոպերացումը Սև ծովում, ապա Վ.Յանուկովիչի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ից պետք է սպասել այդ հավասարակշռությունը պահելու նոր գործողություններ։ Ռուսաստանի հաջողություններն ուկրաինական ուղղությամբ, որոնք արդեն որոշակի արտահայտություն ունեն և ամենաանմիջական կերպով շոշափում են Սև ծովում ուժերի ռազմաքաղաքական հավասարակշռության հարցը1, կարող են երկյուղներ առաջ բերել Վաշինգտոնում այն առնչությամբ, որ Թուրքիան էլ ավելի է ջանում մերձենալ Ռուսաստանի հետ սևծովյան և դրա հետ կապված այլ թեմաների ուղղությամբ։ Սրա հետ կապված՝ նկատելիորեն սաստկացել է Ռումինիայի հակառուսական հռետորականությունը, որին, ամենայն հավանականությամբ, պետք է համարել Վաշինգտոնի կոմպենսացիոն ռեսուրսը Ուկրաինայի նախագահի պաշտոնից Վ.Յուշչենկոյի հեռանալուց հետո։

Սակայն միայն Ռումինիան չի կարողանա ԱՄՆ-ի համար հարմար դիրքեր ապահովել Ռուսաստանի հետ հարաբերություններում, ուստի պետք է սպասել, որ կուժեղանա ամերիկյան ազդեցությունը տարածաշրջանում ԱՄՆ մեկ այլ եվրաատլանտյան գործընկերոջ՝ Բուլղարիայի քաղաքականության վրա։ Ակնհայտ է, որ Ռումինիայից և Բուլղարիայից բացի ԱՄՆ-ը Սևծովյան տարածաշրջանում ուրիշ հարմար գործընկերներ չունի, որոնք, բացի արդեն առկա սերտ հարաբերություններից2, կարողանային էլ ավելի հարմար դիրքեր տրամադրել գլխավոր հարցի լուծման համար, այն է՝ հաստատել ԱՄՆ ուժեղ ազդեցությունը Սև ծովում։ Բուլղարիայի դերն այս և դրա հետ կապված ավելի կոնկրետ՝ տարածաշրջանում բոլոր ուղղություններով (ներառյալ նաև էներգետիկ նախագծերը) Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը խոչընդոտելու հարցում ԱՄՆ-ի համար կարևոր է հետևյալ պատճառներով. 1) Ռումինիան ավանդաբար լարված հարաբերություններ ունի Ռուսաստանի3 և Ուկրաինայի հետ (մասնավորապես, Մերձդնեստրի հարցը, տարածքային վեճերն ուկրաինական կողմի հետ), և նրա դերը որպես Ռուսաստանը զսպող գործոն պետք է զորեղանա Բուլղարիայի դերով, որի հետ Ռուսաստանը հատուկ հույսեր է կապում ինչպես պատմական անցյալի կտրվածքով, այնպես էլ արդի պայմաններում, 2) Ռումինիան սերտ կապեր ունի Թուրքիայի հետ, և այդ երկու երկրների հարաբերություններում ներկա փուլում հակամարտության եզրեր (հեռանկարային՝ ԱՄՆ-ի համար) չեն նկատվում։ Այս ֆոնին Բուլղարիայի հեռանկարներն այնպիսին են, որ հնարավոր է, որ ապագայում Վաշինգտոնին հաջողվի Ռուսաստան-Բուլղարիա-Թուրքիա եռանկյունում կոնֆլիկտային բնույթի որոշ տարրեր պահպանել, որոնք օգտագործելով՝ կարելի կլիներ ազդել այդ երկրների ներքաղաքական գործընթացների վրա, 3) Բուլղարիան, Ռումինիայի համեմատ, ավելի դժվար վիճակում է Ռուսաստանից էներգետիկ կախվածության առումով4, և այս փաստը Վաշինգտոնը կարող է օգտագործել Սոֆիան Մոսկվայից հեռացնելու համար՝ ի հաշիվ Բուլղարիայում Թուրքիայի5 դիրքերի ամրապնդման և հակառակը6։

Ներկա փուլում ԱՄՆ-ի համար Ռումինիայում և Բուլղարիայում իր դիրքերն ամրապնդելու առավել իրական հեռանկար է համարվում այդ երկրներում ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայման հարցը։ Կարելի է ենթադրել, որ Բ.Օբամայի վարչակազմն ընտրություն է կատարել հօգուտ ավելի իրատեսական և հընթացս առաջացող հարցերը լուծող սցենարի Եվրոպայում ՀՀՊ համակարգի տեղակայման վերաբերյալ, որն առավելագույն չափով մոտ կլինի Սևծովյան տարածաշրջանին (ի տարբերություն Սպիտակ տան նախկին վարչակազմի պլանների, ըստ որոնց՝ ՀՀՊ համակարգի տարրերը պետք է տեղակայվեին Չեխիայում և Լեհաստանում)7։

Ռումինիայի և Բուլղարիայի հանդեպ ԱՄՆ «կոմպենսացիոն» ջանքերն Ուկրաինայի նախագահական ընտրություններից հետո ընթանում են Ռուսաստանի հետ ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման նոր համաձայնագրի ձեռքբերման ֆոնին, և այդ պատճառով դրանք էլ ավելի իրատեսական են թվում։ ԱՄՆ-ի համար այս պայմաններում կարևոր է այդ ջանքերին ոչ թե երկկողմանի, այլ եվրաատլանտյան գործընկերության հավաքական բնույթ հաղորդելը։ Փետրվարի կեսին հայտնի դարձավ, որ Սոֆիան և Վաշինգտոնը ոչ պաշտոնական բանակցություններ են վարում Բուլղարիայի տարածքում ամերիկյան ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայման վերաբերյալ։ Այս մասին 2010թ. փետրվարի 12-ին հայտարարել է Բուլղարիայում ԱՄՆ դեսպան Ջ.Վորլիկը (James Warlick)։ Վերջինս ընդգծեց, որ այս հարցը գտնվում է քննարկման նախնական փուլում8։ Իրենց ջանքերին լայն եվրաատլանտյան գործընկերության հիմքեր հաղորդելու ԱՄՆ այսօրինակ պլաններն արդեն արտահայտվել են Բուլղարիայի պաշտոնական անձանց հայտարարություններում։ Այսպես, այդ երկրի վարչապեստ Բ.Բորիսովը փետրվարի կեսին հայտարարեց, որ իր երկրի որոշումը՝ միանալ հակահրթիռային պաշտպանության ստեղծման ամերիկյան ծրագրին, միայն իրենից չի կախված. այդ հարցը պետք է արժանանա երկրի խորհրդարանի հավանությանը և համաձայնեցվի Եվրահանձնաժողովի հետ, քանի որ Բուլղարիան ԵՄ անդամ է։ Բուլղարական աղբյուրները նշում են, որ Բուլղարիայում նախատեսվող ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայումը կհամարվի ոչ թե ԱՄՆ համակարգ, այլ ՆԱՏՕ հովանու ներքո ստեղծվող։

Բուլղարիայի պաշտոնատար անձանց փետրվարյան հայտարարությունները շարունակվեցին այս տարվա ապրիլին։ Ապրիլի 13-ին Բուլղարիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վ.Չերնևան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Բուլղարիան պատրաստ է իր տարածքում տեղակայել ամերիկյան ՀՀՊ համակարգը։ Ընդ որում, Բուլղարիայի ներկայացուցիչն ընդգծեց «աշխարհագրական փաստարկումը»՝ այդ հարցը կապելով այն բանի հետ, որ իր աշխարհագրական դիրքի հետ կապված Բուլղարիան «զգայուն» է Իրանում հրթիռների առկայության հարցի հանդեպ, ուստի երկիրը հիմքեր չունի հրաժարվելու ՀՀՊ ամերիկյան համակարգից։

Ռուսաստանը հատուկ նշանակություն է տալիս Բուլղարիայի հետ հարաբերություններին։ Ռուսաստանյան փորձագիտական շրջանակները մեծ ուշադրությամբ են հետևում այդ հարաբերությունների դինամիկային։ Երբ Բուլղարիան ՆԱՏՕ էր մտնում, ռուսական փորձագիտական շրջանակներում ենթադրություններ էին արվում, որ Սոֆիան ու Մոսկվան կհեռանան միմյանցից, ինչն ընդհանուր առմամբ հաստատվեց ընթացիկ իրադարձություններով։ 2004թ. ապրիլի վերջին «կլոր սեղան» կազմակերպվեց «Հայացք բուլղարա-ռուսական հարաբերություններին ԵՄ և ՆԱՏՕ ընդլայնումից հետո» թեմայով։ Ռուս հայտնի փորձագետներն այս «կլոր սեղանի» ժամանակ հետևյալ գնահատումներն արեցին. «Բուլղարիայի՝ ԵՄ և ՆԱՏՕ մտնելը հանգեցնում է շատ լուրջ փոփոխությունների թե՛ մարդկային, թե՛ քաղաքական չափումներով» (ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կ.Զատուլին), «հայտնվելով արևմտյան երկրների շրջապատում, որոնք լատինատառ են գրում, որոնց համար ուղղափառ մշակույթը հարազատ ու հասկանալի չէ, Բուլղարիան կբախվի ինքնությունը կորցնելու վտանգին» (Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի եվրոպական ինտեգրման ամբիոնի վարիչ Օ.Բուտորինա)9։

Բուլղարա-ռուսական հարաբերությունները շարունակում են անորոշ մնալ։ Ներկա փուլում այդ անորոշությունը պայմանավորված է նրանով, որ երկու երկրների միջև որոշակի նախագծերում առաջընթաց չկա, որոնց հետ նախորդ փուլերում մեծ հույսեր էին կապվում։ Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս նավթատարի նախագծից բացի, անշուշտ, նման նախագծերի թվին է պատկանում Բուլղարիայում, Բելենում Ռուսաստանի կողմից ԱԷԿ-ի շինարարությունը։ Այս նախագծի առնչությամբ Բուլղարիայի վրա ճնշում է գործադրվում ԵՄ կառույցների կողմից։ Հայտնի է, որ այս տարվա մարտի 3-ին Բուլղարիա է այցելել էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գ.Օտինգերը, որը, ըստ եվրոպական տեղեկատվական աղբյուրների, Սոֆիայում հայտարարել է, որ «ԵՄ-ը խիստ զգայուն է Բելենում ԱԷԿ-ի շինարարության նախագծի առնչությամբ»10։

1Ս.թ. ապրիլի 21-ին Խարկովում Ուկրաինան և Ռուսաստանը ստորագրեցին համաձայնագիր, որով մինչև 2042թ. երկարաձգվում է ռուսական Սևծովյան նավատորմի ներկայությունը Ղրիմում (25 տարով՝ սկսած նախորդ համաձայնեցված ժամկետից՝ 2017 թվականից)։ Այս համաձայնագրի ստորագրման արդյունքներով՝ Ուկրաինայի նախագահ Վ.Յանուկովիչը մի քանի հայտարարություն արեց, որոնք չեն կարող չմտահոգել Սևծովյան տարածաշրջանի համար արտաքին ուժերին, ինչպես նաև այնպիսի կառույցների, ինչպիսիք են ԵՄ-ը և ՆԱՏՕ-ն. «որոշման լուծումն արագացվեց, քանի որ Ռուսաստանին այս հարցում որոշակիություն էր պետք», «Ռուսաստանի Սևծովյան նավատորմն անվտանգության երաշխիք է Սևծովյան ավազանի երկրների համար»։ Այս զիջման դիմաց Ուկրաինայի նախագահն իր երկրի համար ստացավ ռուսական գազի պայմանագրային գնից 30 տոկոսանոց զեղչ։ Գազի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնցով Ուկրաինան 1000 մ3 գազը կգնի 100 դոլարով, այն դեպքում, երբ այն 330 դոլարից ավելին արժե, Ուկրաինայի նախագահն աննախադեպ անվանեց։ Շնորհիվ ռուսական զեղչի, ըստ Վ.Յանուկովիչի, Կիևն առաջիկա տասը տարում «մոտ 40 մլրդ դոլարի ընդհանուր ծավալով իրական ներդրումային ռեսուրս կստանա»։ Եվրաատլանտյան կառույցները զուսպ մոտեցան ռուս-ուկրաինական համաձայնագրին։ Տալլինում (2010թ. ապրիլի 22-23) ՆԱՏՕ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ որոշվեց, որ դա երկկողմանի համաձայնագիր է, և այն չի ազդի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ ՆԱՏՕ հարաբերությունների վրա։ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ա.Ռասմուսենի խոսքերով՝ «պայմանագիրը չի խանգարում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու հեռանկարային հնարավորություններին»։

2 Ռումինիայում ԱՄՆ երկու ռազմակայան է գտնվում՝ Բաբադաղում և Միխայիլ Կոգալնիչեանու օդանավակայանում, ինչպես նաև երկու հրաձգարան՝ Չինկու և Սմարդան։ ԱՄՆ-ը ռազմական ներկայության չորս կետ ունի Բուլղարիայում. ավիաբազան Բեզմերում (Յամբոլի նահանգ), Գրաֆ Իգնատիևո ավիաբազան (Պլովդիվի նահանգ), բանակային ուսումնական կենտրոնը Նովո Սելոյում (Սլիվենի նահանգ) և ռազմատրանսպորտային կենտրոնը Այթոսում (Բուրգասի նահանգ)։

3Հետահայաց կարճ անդրադարձն այս հարաբերություններին ցույց է տալիս, որ ավելի քան 130 տարվա ընթացքում ռումինական իշխանությունները և Ռուսական կայսրությունը, Ռումինիան և ԽՍՀՄ-ը, Ռումինիայի Ժողովրդական Հանրապետությունը և ԽՍՀՄ-ը, որոշ բացառություններով, բարդ երկկողմանի հարաբերություններ են ունեցել։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին պահելու համար Ռուսաստան տարված և չվերադարձված ռումինական արժեքները, չհարձակման մասին խորհրդա-գերմանական պակտի հետևանքները, կոմունիստական վարչակարգի հաստատումը Ռումինիայում. սրանք ընդամենը մի քանի ցավոտ հիմնախնդիրներ են, որոնք խոչընդոտում են ռումինա-ռուսական համագործակցությանը։ Իրադրությունը Ռումինիայի և Ռուսաստանի հարաբերություններում էական փոփոխությունների չենթարկվեց նաև 1990թ. հետո, գուցե այն պատճառով, որ շատերը կոմունիստական վարչակարգի անկումը 1989թ. դեկտեմբերին զուգորդում էին Ռումինիայում ռուսական ազդեցության վերացման հետ։ Հակակոմունիստ լինելը նշանակում էր դեմ լինել Կրեմլի իշխանություններին։ Անցյալի ազդեցությամբ Մոսկվային ռումինական իշխանությունների ցանկացած մերձեցում դատապարտվում էր (Павел Морару, Влад Васиу, Балканы и Имперская геополитика, http://www.geopolitica.ru/Articles/918, 23.03.2010).

4Բուլղարացի փորձագետների համատեղ աշխատանքում (Boyko Nitzov, Ruslan Stefanov, Valentina Nikolova, Dobromir Hristov, The Energy Sector of Bulgaria, April 2010), որը հրատարակվել է Դինու Պատրիցիուի Եվրասիական կենտրոնի կողմից (Dinu Patriciu Eurasia Center-ը ստեղծվել է ամերիկյան Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնի շրջանակներում և զբաղվում է սևծովյան, կասպյան և կենտրոնաասիական տարածաշրջանների էներգետիկ խնդիրներով), նշվում է, որ Բուլղարիան գտնվում է աշխարհաքաղաքական մամլակի ներքո՝ պայմանավորված ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցի անորոշությամբ, Ռուսաստանի ակտիվ էներգետիկ քաղաքականությամբ (որը հաճախ վարվում է ի հեճուկս ԵՄ էներգետիկ շահերի), ինչպես նաև ռուսական էներգառեսուրսների մատակարարումներից Բուլղարիայի հսկայական կախվածությամբ. այս երկիրը գրեթե 100%-ով կախված է ռուսական գազի մատակարարումներից, 75%-ով՝ ռուսական էներգառեսուրսների «զամբյուղից» (նավթ, գազ, միջուկային վառելիք, ածուխ)։

5Թուրքական մամուլը մեծ ուշադրությամբ հետևում է ԱՄՆ-ում ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայման հարցի վերաբերյալ անգամ ամենափոքր փոփոխություններին։ Այսպես, ս.թ. ապրիլի 9-ին թուրքական «Hurriyet» թերթը մի նյութ էր հրապարակել, որում նշվում էր, որ նախօրեին (ապրիլի 8-ին) Պրահայում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի և Բուլղարիայի վարչապետի հանդիպումը, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ իր երկիրն ակտիվորեն կմասնակցի Եվրոպայում ՀՀՊ-ի հետ կապված ամերիկյան պլաններին, եթե Վաշինգտոնը պաշտոնական խնդրանքով դիմի նման մասնակցության համար։

6Այս համատեքստում հետաքրքիր է Բուլղարիայի և Թուրքիայի համաձայնագիրը հեղուկ գազի երկու ամբարի համատեղ շինարարության մասին։ Այս համաձայնագիրը ստորագրվել էր Բուլղարիայի վարչապետ Բ.Բորիսովի՝ Թուրքիա կատարած այցելության ընթացքում (2010թ. հունվարի 29-30)։ Բուլղարական կողմի տեղեկություններով՝ Թուրքիայում երկու տերմինալ է կառուցվելու Մարմարա և Էգեյան ծովերի ափին։ Նախատեսվում է գազն այդտեղից մատակարարել բուլղարական Բուրգաս նավահանգստից հարավ գտնվող Լոզենեց։ Բացի այդ, համաձայնագիր է ստորագրվել նաև «Bulgargaz» ընկերության և թուրքական «Botas» ընկերության միջև ճգնաժամային իրավիճակներում Թուրքիայից Բուլղարիա գազ մատակարարելու մասին։ Մեկնաբանները նշում են, որ երկու համաձայնագիրն էլ Բուլղարիա էներգետիկ մատակարարումների այլընտրանքային ճանապարհների ու աղբյուրների ստեղծման և Ռուսաստանից այս ոլորտում կախվածության նվազեցման նպատակ են հետապնդում։

7Սև ծովում ՀՀՊ համակարգի տարրերի հնարավոր տեղակայման մասին խոսակցությունները նկատելիորեն աշխուժացան ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին ամերիկա-ռուսական համաձայնագրի ստորագրումից հետո ոչ միայն փորձագիտական մակարդակով, այլ նաև ԱՄՆ զինվորական հրամանատարության կողմից։ Այսպես, ապրիլի 15-ին Եվրոպայի ծովային ուժերի (Naval Forces Europe) հրամանատար, ամերիկյան ծովակալ Մ.Ֆիցջերալդը հայտարարեց, որ, չնայած Եվրոպայում ՀՀՊ տեղակայման պլանների կայանալիք ճշգրտմանը, ակնհայտ է հետևյալը. ՀՀՊ տարրերով ամերիկյան նավերը պետք է պարեկեն Միջերկրական ծովի արևելյան ափը և Սև ծովն ամբողջությամբ։ (Officials consider European home ports, http://www.navytimes.com/news/2010/04/navy_bmd_europe_041910w/, April 19, 2010).

8US Ambassador: Missile Shield Will Be Discussed in Bulgaria, April 18, 2010.

9Евроатлантическая Болгария: с Россией или без? // «Россия в глобальной политике», № 3, май-июнь 2004.

10Oettinger tells Sofia to be ‘wiser’ with energy projects, http://www.euractiv.com, 06.04.2010.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր