ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ «ԳՈՏԻԱԿԱՆ» ԱՍՊԵԿՏԻ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն իրեն հատուկ գուներանգ է հաղորդում իրադարձությունների զարգացմանը միջպետական հարաբերություններում։ Էներգառեսուրսների մատակարարումների և դրանց տարանցման շուրջ վերջին տարիներին ընթացող վեճերը «ձեռք են բերում» ֆինանսավարկային բաղադրիչ։
Այն պետությունները, որոնք էներգառեսուրսների բարձր գների պայմաններում օգտվում էին հավելյալ դրամական մուտքերի բոլոր բարիքներից, ներկա փուլում ձգտում են այդ ռեսուրսներն ի շահ իրենց վերուղղորդել դեպի իրենց այժմյան կամ պոտենցիալ ազդեցության գոտիներ՝ դրանց հաղորդելով առավել համապարփակ և խորացված բնույթ։
Ինչ էլ որ խոսվի միջազգային ամենաբարձր ամբիոններից պետությունների ազդեցության գոտիների ապակառուցողականության մասին, այդ բոլոր խոսակցություններն, իհարկե, կրում են երկակի կամ նույնիսկ եռակի ստանդարտների բեռը։ Վերջին հաշվով, ազդեցության գոտիների սահմանումն անբաժան է միջպետական հարաբերությունների ներկա առանձնահատկություններից, և կարևոր է ոչ թե այդ գոտիների սահմանման, այլ դրանց գործունեության արեալում ընթացող գործընթացների արդյունավետության և փոխշահավետության գնահատումը։ Մի՞թե, օրինակ, Եվրամիությունն իր ազդեցության գոտին չունի։ Իհարկե, ունի, բայց այն գործընթացները, որոնք գոյանում այդ գոտիներում, կառուցողական բնույթ են կրում՝ հենվելով առողջ քաղաքական ասոցիացիայի և եվրոպական տարածքին տնտեսական ինտեգրման սկզբունքների վրա։
Ռուսաստանն իր շուրջ ազդեցության սեփական գոտի է ստեղծում և դա անում է ոչ միայն «գոտիական ազդեցության» մի քանի ուղղություններով, այլև նման տարածական ազդեցության մեջ համատեղում է մի քանի ռեսուրս: Ներկա պահին նշյալ համատեղումն ի հայտ է գալիս էներգետիկ և վարկաֆինանսական բաղադրիչների «համակեցությամբ»: Այնտեղ, ուր Ռուսաստանն ավանդաբար և նշանակալի չափով ներկայացված է էներգետիկ առումով, այն ձգտում է ընդլայնել իր ներկայությունը և դրան հաղորդել ավելի կայուն բնույթ` այսօր, ֆինանսական ճգնաժամի պայմաններում, ամենադեֆիցիտ ռեսուրսը` փողը, միջազգային ասպարեզում առաջարկելու ճանապարհով:
Փաստարկումը և դրա հիման վրա կառուցվող ռուսաստանյան քաղաքականությունը, որ վերջին տարիներին մեծ շահաբաժիններ է բերում էներգաշուկայում տիրող բումից, շատ պարզ է. էներգառեսուրսներն այսօր առատ են, իսկ ֆինանսները` քիչ: Համապատասխանաբար, ով վերջին ռեսուրսի կարիքն ունի, թող կողմնորոշվի դեպի Ռուսաստանի շահերը, կամ, գոնե, թող հաշվի առնի դրանք:
Միևնույն ժամանակ, ինքը` Ռուսաստանը, դեռ չի սովորել օպտիմալ ձևով ծախսել իր ավելցուկային ֆինանսական ռեսուրսները, ինչի վկայությունն են նախորդ տարիները: Այս առումով միանգամայն հատկանշական ենք համարում ռուսաստանցի հայտնի տնտեսագետ Ա.Աղանբեկյանի հետևյալ դիտողությունները:
«Չի կարելի ճգնաժամը դիմավորել օտարերկրացիներին ունեցած հսկայական պարտքով: Ներկա պահին օտարերկրյա ներդրողներին բանկերի, ձեռնարկությունների ու կազմակերպությունների պարտքը կազմում է ավելի քան $500 մլրդ, որի կեսից ավելին բաժին է ընկնում «Գազպրոմին», «Ռոսնեֆտին» և այլ պետական կառույցների: Ամենահետաքրքիրն այն է, որ դրանով հանդերձ` մեզ մոտ «անգործ» էին մնացել $600 մլրդ-ի ոսկու-արժույթի պահուստներ: Դրանք արժեթղթերում զետեղելով` մենք ստանում էինք տարեկան 3%, այն դեպքում, երբ մեր ձեռնարկությունները վարկեր վերցնում էին 7-8%-ով: Ավելի լավ չէ՞ր լինի պահուստային փողերը տայինք 6%-ով:
Մենք չդիվերսիֆիկացրինք տնտեսությունը: Մենք նստել էինք «նավթագազային ասեղի» վրա և դրանից առավելություններ էինք ստանում, քանի դեռ գներն աճում էին: Բայց երբ գներն ընկան, մենք դարձանք մեր միակող տնտեսության պատանդը: Մենք զարգանում ու «վայելում» էինք տասը տարի: 2000թ. մենք ստացանք $2 տրլն միայն արտահանումից: Այդ փողերով կարելի կլիներ մի նոր պետություն կառուցել: Մենք չստեղծեցինք արդի նավթաքիմիա և արդի անտառմշակում, ինչի համար աշխարհում ամենալավ պայմաններն ունեինք, չզարգացրինք էլեկտրամեքենաշինությունը, որը կարող էր խոշոր ճյուղ դառնալ, բնակարանային և ենթակառուցվածքային շինարարությամբ չհասանք 1989թ. մակարդակին և, վերջապես, ճյուղերի մեծ մասում չթարմացրինք տեխնոլոգիական բազան, անհուսալիորեն հնացած ֆոնդերը, որոնց սարքավորումները միջինը 18 տարվա աշխատանքային վաղեմության էին (նորմալ` 7-8 տարվա փոխարեն): Էլ չեմ խոսում ինովացիոն ճյուղերի զարգացման մասին, որը մենք սկսել ենք վերջին 2-3-ում, այլ ոչ թե ինչպես պետք էր` 10 տարի առաջ:
2008թ. Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կազմել է $129,9 մլրդ, 2009թ. հունվար-փետրվարին այն արդեն գերազանցում էր $33 մլրդ-ն»1:
Վարկաէներգետիկ գոտիական ազդեցությունն արդեն հասցրել է դրսևորվել Ռուսաստանի արտաքին քաղաքական գծի այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են Կենտրոնական Ասիան, Արևելյան Եվրոպան և Հարավային Կովկասը: Հետաքրքիր է նշել, որ Ռուսաստանը, սովորականի նման, նոր մեթոդիկայի փորձարկումն սկսեց նախ հետխորհրդային տարածքում, իր անվիճելիորեն մեծ աշխարհաքաղաքական ազդեցության կետերում: Քաղաքական եզրաբանությունն ընտրված է ինչպես հարկն է և միանգամայն համապատասխանում է առկա իրականությանը. կայունացնող վարկավորում:
Հիշեցնենք, որ կայունացնող վարկերի տրամադրման ռուսական առաջարկները ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարի համար առաջինների շարքում հասցեագրված էին եվրոպական Իսլանդիա կղզեպետությանը, որը 2008թ. աշնանը կանգնած էր տնտեսական դեֆոլտի եզրին: 2008թ. հոկտեմբերին Ռուսաստանն Իսլանդիային, ի դեպ` ՆԱՏՕ անդամ երկրին, 320 հազար բնակչությամբ, առաջարկեց 4 մլրդ եվրո` ֆինանսական ծանրագույն «էջքից» դուրս գալու համար: Այն ժամանակ Իսլանդիային իրենց օգնությունն առաջարկեցին սկանդինավյան եղբայրակիցները` հանձինս Շվեդիայի ու Դանիայի (հետաքրքիր է, որ Նորվեգիան «համեստաբար լռեց», թեև նշված երկրների ֆոնին անհամեմատ ավելի ծավալուն ոսկու-արժույթի պաշար ունի` հաշվի առնելով նավթի պրոդուցենտի նրա դիրքերը գլոբալ մասշտաբով:)
Հեղինակավոր և, միևնույն ժամանակ, եվրոպական բացառիկ «Russian Intelligence» հրատարակության տվյալներով` Ռուսաստանի առաջարկությունն այն ժամանակ խիստ մտահոգել էր ամերիկացիներին, որոնք կարծում էին, թե Ռուսաստանը դրանով կարող է ուժեղացնել դիրքերն իրենց` առանց այդ էլ խիստ հավակնոտ արտաքին քաղաքական գիծն արկտիկական վեկտորի ուղղությամբ2:
Հետագայում, սթափ գնահատելով իր հնարավորությունները, Ռուսաստանն ինքը դադարեցրեց Իսլանդիայի կայունացնող վարկավորման գործընթացը: Պարզ դարձավ, որ Բելառուսն ու Ղրղըզստանը շատ ավելի մոտ են գտնվում, դե, սեփական ներքին տնտեսական խնդիրներն էլ պակաս ճգնաժամային չէին:
Կենտրոնական Ասիայում Ռուսաստանը համապատասխան ֆինանսական առաջարկ արեց Ղրղըզստանին ($2 մլրդ), որից վերջինս պարզապես ի վիճակի չէր հրաժարվել: Արդյունքը` «օդում կախված մնաց» ԱՄՆ հետագա ռազմակայանումը Ղրղըզստանի տարածքում («Մանաս» ռազմահանգրվանը), իսկ Սպիտակ տան նոր վարչակազմը ստիպված էր հարմար տարանցման երթուղիներ փնտրել Քաբուլի ուղղությամբ 3:
«Արևելյան Եվրոպայից փոքր-ինչ արևելք» գտնվող գոտում Ռուսաստանը հայացքն ուղղեց դեպի Բելառուս: Դա արվեց ճիշտ ժամանակին և այն հորդորով, որ բելառուս գործընկերներն առանձնապես չկենտրոնանան Եվրոպայից եկող քաղաքական ազդանշանների վրա` «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակցելու «հրավիրատոմսերի տեսքով4:
Բելառուսի կայունացնող վարկերն անմիջապես ռուսական պայմաններին ենթարկեցվեցին, որոնք հնչեցրեց Ռուսաստանի ֆինանսների նախարար Ա.Կուդրինը ս.թ. մարտի 20-ին Մինսկում, ընդ որում` ոչ միայն Բելառուսին, այլև ԱՊՀ գծով բոլոր գործընկերներին հասցեագրված. Ռուսաստանը պետք է ներկայացնի նոր համաշխարհային ֆինանսական կառուցվածքի ստեղծման վերաբերյալ ԱՊՀ համախմբված դիրքորոշումը Լոնդոնում, G-20-ի գագաթաժողովում:
Այս հայտարարությունն արվեց Բելառուսի` 2007-ից Ռուսաստանի կողմից շարունակվող վարկավորման շեշտադրման ֆոնին: 2007թ. վերջից Ռուսաստանի կողմից Բելառուսին տրամադրվող վարկային ռեսուրսների ծավալը կազմեց $3 մլրդ, այդ թվում` 1,5 մլրդ-ն` 2007թ. վերջին, ևս 1,5 մլրդ` երկու տրանշով, 2008թ. վերջին և 2009թ. մարտին:
Այսպես կոչված Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային ֆոնդի ($10 մլրդի-ի չափով) կազմավորումը Ռուսաստանը ներկայացնում է որպես իր ավանդը հետխորհրդային տարածքում ընդհանուր ֆինանսական կայունացման գործում (Ռուսաստանի բաժինը $7,5 մլրդ է):
Հարավային Կովկասում կայունացնող վարկավորման հասցեատեր դարձավ Հայաստանը՝ ստանալով համեստ $500 մլն (նշված ռուսական «առատաձեռնության» ֆոնին)։
Ռուսաստանի վարկային-էներգետիկ ազդեցությունը, կայունացնող վարկերի տրամադրման համատեքստում, ամենաընդհանուր առումով դրսևորվում է ծրագրվող էներգետիկ հոսքերն իրեն շահավետ հունով վերուղղորդելու փորձերով։ Ռուսաստանի համար ԱՊՀ երկրների միասնական դիրքորոշումը միջազգային համաժողովներում էլ ավելի արժեքավոր է ոչ թե ֆինանսական, այլ էներգետիկ կտրվածքով։ Ի՞նչն է ավելի արժեքավոր Ռուսաստանի համար ներկա պայմաններում. ԱՊՀ երկրների ընդհանուր դիրքորոշումը, օրինակ, այնպիսի կոնկրետ նախագծերի նկատմամբ, ինչպիսիք են «Նաբուկկոն», «Հյուսիսային հոսքը» և «Հարավային հոսքը», կամ ընդհանուր դիրքորոշումը աշխարհի նոր ֆինանսական կառուցվածքի մասին միանգամայն վերացական դատողությունների շուրջ։ Պատասխանն, ինչպես ասում են, ակնհայտ է։
Ելնելով սրանից՝ եվրասիական խոշոր տերությունը հայացքն ուղղել է դեպի որոշ արևելաեվրոպական երկրներ, իրենց ազգային-մշակութային և քաղաքական ձգտումների միջև առկա ավանդական դիսոնանսով հանդերձ։ Բուլղարիան միշտ ջանացել է համատեղել Ռուսաստանին մոտ գտնվելու ցանկությունը դեպի եվրաատլանտյան ակումբներ ձգտման հետ։ Այժմ այդ երկիրը, ՆԱՏՕ և ԵՄ անդամ դառնալով հանդերձ, ազգային-մշակութային, առևտրատնտեսական սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի հետ5։
Ազդեցության գոտու (հենց խառը վարկաէներգետիկ տեսքով) նման հեռանկարային «պլացդարմը» չէր կարող չհետաքրքրել Ռուսաստանին։ Նախքան Բուլղարիայում ռուսաստանյան վարկաէներգետիկ նախագծերը ներկայացնելը՝ ընդգծենք, որ այդ երկիրը, հավանաբար, Հայաստանի նկատմամբ ամենաբարյացակամն է Արևելյան Եվրոպայի երկրների մեջ, որի հետ հարազատ շատ բան ունենք (և՛ ազգային տառապանքը թուրքական գործոնի հետ կապված, և՛ պատմական դաշնակցի կողմից իր՝ որպես «փոքր» գործընկերոջ հանդեպ ոչ արժանավայել վերաբերմունքը, և՛ ներկա փուլում եվրաատլանտյան հետնաբեմերում ցուցաբերվող մեծ աջակցությունը, և՛ շատ այլ բաներ)։
Ս.թ. մարտի 22-ին Բուլղարիայի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Պ.Դիմիտրովը, որ մարտի 20-ին բանակցություններ էր վարում Մոսկվայում, հայտարարեց, թե Բուլղարիան սկսել է Ռուսաստանի հետ քննարկել «Բելենե» ԱԷԿ-ի կառուցման համար ռուսական $3,8 մլրդ ռուսական փոխառության օգտագործման հարցը (2008թ. հունվարին բուլղարական կողմը ռուսական «Ատոմստրոյէքսպորտ« ընկերության հետ պայմանագիր էր կնքել «Բելենե» ԱԷԿ-ի համար ВВЭР-1000 տիպի երկու էներգաբլոկ կառուցելու մասին)։
Մինչ այդ պահը Բուլղարիան խուսափում էր այդ նպատակի համար ռուսական միջոցներ օգտագործելուց՝ այս տարբերակը դիտարկելով որպես ամենածայրահեղ հնարավորություն։ Մինչ այդ Բուլղարիան նախագծի արտաքին ֆինանսավորման հետ կապված հույսերը կապում էր առաջին հերթին Գերմանիայի հետ (հանձին այդ երկրի խոշորագույն էներգետիկ կորպորացիայի՝ «Rheinisch-Westfдlisches Elektrizitдtswerk» (RWE)։ Պ.Դիմիտրովը հայտարարեց, թե հարցը կպարզվի Բուլղարիայի վարչապետ Ս.Ստանիշևի Մոսկվա կատարելիք այցելությունից հետո, որը նախատեսված էր էներգետիկ համաժողովից անմիջապես հետո՝ 2009թ. ապրիլի 24-25-ին, Բուլղարիայում։ Ուշագրավ է այն փաստը, որ Մոսկվա կատարած այցելության արդյունքներով՝ Պ.Դիմիտրովը, որպես այլընտրանքային երթուղի «Գազպրոմի» կողմից Բուլղարիային մատակարարվող գազի համար, առաջարկեց Սև ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիա ձգվող «Երկնագույն հոսք» գազատարը։ Պ.Դիմիտրովի խոսքերով՝ Մոսկվայում ավելի խորապես են հասկանում, որ Եվրոպայի հետ ամենադյուրին կապը կարելի է հաստատել Բուլղարիայի միջոցով, իսկ վերջինս ոչ մի կերպ չի հրաժարվի «միջնորդի կարևոր դերից Եվրոպայի և Ասիայի երկու գերհսկաների՝ Եվրամիության և Ռուսաստանի միջև»6։
Այսպիսով, ստանալով Ռուսաստանի նախնական հավաստիացումները Բուլղարիայի համար խիստ կարևոր էներգետիկ նախագծի՝ «Բելենե» ԱԷԿ-ի կառուցման ֆինանսավորման հնարավորության մասին՝ Բուլղարիան նույնպես նմանատիպ նախնական համաձայնություն է արտահայտում Ռուսաստանից Եվրոպա գազի հոսքի ձևաչափի փոփոխությանը՝ իր տարածքն առաջարկելով տարանցման համար՝ Ուկրաինայի փոխարեն։ Չպարզված է մնում մի հարց. ինչպե՞ս դա կզուգակցվի Ռուսաստանի՝ «Հարավային հոսք» գազային նախագծի հետ կապված մտադրությունների հետ (ներկա փուլում այդ նախագծում հանգուցակետ է համարվում հենց բուլղարական սևծովյա Վառնա նավահանգիստը)։ Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը կօգտագործի ևս մեկ ռեզերվ իր փաստարկների զինանոցից՝ կապված «Նաբուկկո» նախագծի իրագործումից եվրոպացիների հրաժարվելու հետ։ Եվրոպային գազամատակարարման այն ծավալը, որը չի կարող ամբողջությամբ իրականացնել «Հարավային հոսքը», կապահովի «Երկնագույն հոսքի» ճյուղավորումը, ընդ որում՝ եվրոպացիների համար հուսալի տարբերակով. հեռու ռուս-ուկրաինական սահմանից։
Ի դեպ, հաշվի առնելով այն, որ հիշատակեցինք «Երկնագույն հոսքը», չի կարելի չնշել նաև ռուս-թուրքական վերջին շրջանի վարկային-էներգետիկ ակտիվությունը։ Պ.Դիմիտրովի մոսկովյան այցից մի քանի օր առաջ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ս.Շմատկոն մեկնեց Թուրքիա և հանդիպեց իր թուրք գործընկերոջ՝ Հ.Գյուլերի հետ։ Որոշ հիմնավորումներ կան ասելու, թե այս խաչաձևվող այցերը փոխկապակցված համատեքստ ունեն։ Ե՛վ Բուլղարիայում, և՛ Թուրքիայում Ռուսաստանն ատոմային երկու նախագիծ (ԱԷԿ-ի շինարարություն) ունի։ Ե՛վ Բուլղարիայի, և՛ Թուրքիայի հետ Ռուսաստանը նրանց ներքին էներգետիկ շուկա թափանցելու մեծ հույսեր է կապում, ինչն ապագայում կարող է նպաստավոր նախադրյալներ ստեղծել Եվրասիայից Եվրոպա էներգետիկ հոսքերի ձևաչափը վերափոխելու համար։ Ե՛վ Բուլղարիան, և՛ Թուրքիան ներկա պահին ֆինանսական միջոցների մեծ պակաս ունեն, ինչը կարող է հանգեցնել այն բանին, որ վերջիններն ընդունեն Ռուսաստանի կողմից արվող համապատասխան առաջարկությունները։
Ի՞նչ հեռանկարներ են բացվում Հայաստանի առջև հետխորհրդային և արևելաեվրոպական տարածքներում Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության վերոնշյալ նոր ձևերի համատեքստում։
Կարևոր է տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս մեր շահերին այսպես թե այնպես առնչվող բոլոր հարցերին մոտենալ պրագմատիկ դիրքերից։ Համաշխարհային ֆինանսական դժվարությունների պայմաններում, դրանց դիմակայելու և էլ ավելի ամրապնդված դուրս գալու համար չկա ավելի համարժեք և օպտիմալ միջոց, քան ամեն ինչին պրագմատիկ դիրքերից մոտենալն է։ Եթե Հայաստանին անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ և դրանք տրամադրելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանը, որևէ դատապարտելի բան դրանում չկա։ Մանավանդ որ ավելի մեծ ֆինանսական միջոցներ պատրաստ են տրամադրել միջազգային կառույցները ($540 մլն)։ Ակնհայտ է, որ ՀՀ արտաքին քաղաքական կոմպլեմենտարությունը, որը քիչ թե շատ արդյունավետությամբ որդեգրել է Հայաստանը անկախության տարիներին, նման պրագմատիկ հիմք է, որը համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում արդեն մարմնավորվել է տնտեսության կայունացման ֆինանսական միջոցների տարբերակման մեջ։ Հայաստանն այս ճգմաժամը դիմավորեց նման կոմպլեմենտար քաղաքականության փորձ ունեցողի դիրքերից, որն ուղղակի չունեն հետխորհրդային տարածքի նրա գործընկերներից շատերը։
Բացի այդ, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում մեծաքանակ և ազդեցիկ Սփյուռք ունեցող երկրների դիրքորոշումները ձեռնարկատիրական առումով անհամեմատ նախընտրելի են։ Հայկական Սփյուռքից Հայաստան ուղղվող տրանսֆերտների հոսքը կրճատվել է, սակայն այն շարունակում է երկրի ֆինանսական «սնուցման» զգալի ռեսուրս մնալ։ Ավելին, կարելի է ասել, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում այդ հոսքը կարող է ընդունել ոչ թե սպառողական տեսք, որը նա ունեցել է բոլոր նախորդ տարիներին, այլ դառնալ կուտակային-կայունացնող և, հնարավոր է՝ ներդրումային պոտենցիալ։ Այլ կերպ ասած՝ մարդիկ կսկսեն ծախսել ավելի քիչ, սակայն կպլանավորեն իրենց հնարավարություններն ապագայի համար։
Հետխորհրդային այլ երկրների ֆոնին Հայաստանն ունի իր ազդեցության, մասնավորապես՝ ֆինանսավարկային, «գոտին»՝ ի դեմս դե-ֆակտո գոյություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության։ Սակայն ֆինանսավարկային համակարգը, միասնական արժույթը, միասնական տնտեսական տարածքին բնորոշ այլ հատկանիշները թույլ են տալիս խոսել Հարավային Կովկասում հայկական բավական լայն ֆինանսավարկային արեալի մասին, որի արտաքին հենասյուներից մեկն է հայկական Սփյուռքը։ Հայ իրականության պայմաններում ֆինանսավարկային ազդեցության գոտին փոխակերպվում է միասնական հայկական տնտեսական շուկայի Հարավային Կովկասում, որտեղ, Եվրամիության շրջանակներում ընդհանուր եվրոպական տարածքի նմանությամբ, իրականացվում է ինտեգրման չորս հիմնական տարրերի՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ շարժը։
Կարելի է վստահաբար ասել, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն արդեն իրագործել են Եվրամիության կողմից Հարավային Կովկասի նկատմամբ նախատեսվող նախագծերից շատերը, օրինակ, «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում։ Անհրաժեշտ է շարունակել փաստարկված համոզել ԵՄ-ին ԼՂՀ-ն «Արևելյան գործընկերության» բազմակողմանի թեմատիկ պլատֆորմում ընդգրկելու անհրաժեշտության մեջ7, որպեսզի Հարավային Կովկասում չմնա համագործակցության և ոչ մի «գորշ գոտի» 8։
Ինչպես վատ խաղաղությունը լավ պատերազմից շատ ավելի լավ է, այնպես էլ ազդեցության ցանկացած գոտի նախընտրելի է «գորշ գոտուց»։ Հատկապես՝ ֆինանսական ճգնաժամի պայմաններում։
1Абел Аганбегян, На эти деньги можно было построить новое государство // Новая газета, № 30, 25.03.2009.
2Iceland: Is Alexey Kudrin Going to the Rescue of Russian Oligarchs? // Russia Intelligence. Politics and Business inside Russia, November 2008, № 86-87.
3ԱՄՆ ամենահանրահայտ վերլուծական կենտրոններից մեկի` Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (Center for Strategic and International Studies, CSIS) փորձագետներն իրենց վերջին զեկույցներից մեկում Ռուսաստանի գործողությունները Ղրղըզստանում «Մանաս» ռազմակայանի փակման առիթով բնութագրել էին որպես «ռևանշիստական բնազդի դրսևորում «մերձավոր արտասահմանը» սևեռուն քաղաքական վերահսկողության տակ պահելու համար» (Samuel Charap, Andrew C. Kuchins, Economic Wishplash in Russia, February 2009, p. 3).
4Եվրամիության օգնությունը կենտրոնական և արևելաեվրոպական երկրներին գերազանցում է ռուսաստանյան կայունացնող վարկավորումը հատկացվող միջոցների ծավալով: Այսպես, Հունգարիային և Լիտվային Եվրահանձնաժողովն արդեն տրամադրել է համապատասխանաբար 6,5 և 3,1 մլրդ եվրո (Katinka Barysch, New Europe and the Economic Crisis, Centre for European Reform, London, February 2009, p. 5).
5Ինչպես նշում են ռուս որոշ հեղինակներ, Ռուսաստանը, Բուլղարիան և Հունաստանը ավանդաբար միասնական ուղղափառ քաղաքակրթության կրողներ են, սակայն քաղաքակրթական միասնությունը նվազագույն ազդեցություն է գործում նրանց արտաքին քաղաքականության վրա (И.Окунев, Центростремительные и центробежные силы на политической карте мира // Журнал «Космополис», 2008, № 1(20), с. 176).
6България преговаря за руски заем за АЕЦ «Белене», http://www.mediapool.bg/show/?storyid=150429, 22.03.2009.
7Ժողովրդավարություն, պատշաճ կառավարում և կայունություն։ Տնտեսական ինտեգրում և մերձեցում Եվրամիության քաղաքական գծին։ Էներգետիկ անվտանգություն։ Շփումներ մարդկանց միջև։
8«Արևելյան գործընկերություն» ծրագրի համաձայն, նախատեսվում է այդ եվրոպական նախաձեռնության անդամ երկրների հետ ասոցիացիայի մասին համաձայնագրերի կնքում։ Դրանք ուղղված կլինեն յուրաքանչյուր անդամ երկրի հետ խորացված և համապարփակ ազատ առևտրի գոտու ձևովորմանը։ Ծրագրի տեքստում ընդգծվում է, որ այդ համաձայնագրերը կստեղծեն իրական պայմաններ, որոնք կնպաստեն ապրանքների, կապիտալի և ծառայությունների շարժին (այդ թվում, որոշակի ոլորտներում նորմատիվային բազաների և ինստիտուցիոնալ կառույցների փոխադարձ ճանաչման մասին դրույթների, ընկերությունների հիմնման համար ստեղծված բարելավված պայմանների և տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար կողմերի տարածքում ժամանակավոր գտնվող անձին լայն հնարավորություններ ընձեռելու շնորհիվ), ինչին նախատեսվում է հասնել երկարաժամկետ հեռանկարում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ՌՈՍՆԵՖՏ». ՆՈՐ ԲԻԶՆԵՍ-ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[28.04.2014]
- ՆԱԽԿԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ[15.12.2011]
- ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. ԵՐԵՔ ՍԿԶԲՈՒՆՔ, ՎԵՑ ԴՐՈՒՅԹ ԵՎ «ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈ ՊԼՅՈՒՍ»[13.10.2011]
- ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ[30.03.2011]
- ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ» ԴՐԱԿԱՆՆ ՈՒ ԲԱՑԱՍԱԿԱՆԸ ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ[10.02.2011]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԱՄՆ ԵՎ ԵՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ[14.12.2010]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ[25.10.2010]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐ[06.07.2010]
- ԷՐԴՈՂԱՆԻ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ. ԹՈՒՐՔԵՐՆ ԱՎԵԼԻՆ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ[12.03.2010]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ. ՊԱՅՔԱՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ[02.02.2010]
- «ՍԵՎԾՈՎՅԱՆ ՍԻՆԵՐԳԻԱ» ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ[24.12.2009]