ՈՒՐԱՆԻ ՀԱՆՔԵՐԸ՝ ԳԼՈԲԱԼ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆ

Համաշխարհային էներգ.ետիկ շուկայի զարգացումը «խաղաղ ատոմի» հատվածում իր հրամայականներն է թելադրում արդեն հայտարարված հավակնոտ, երկկողմ և բազմակողմ նախագծերի իրականացման համար։
Անցած տարվա ընթացքում «խաղաղ ատոմի» շուկան աննախադեպ աճի ականատեսը դարձավ, սակայն այդ աճը մեծ մասամբ կրում էր հռչակագրային բնույթ։ Այն, մի կողմից, դրսևորվել էր շահագրգիռ կողմերի էներգետիկ ատոմային հզորությունների զարգացման մտադրությունների արձանագրմամբ, մյուս կողմից՝ մի շարք համաշխարհային տերությունների՝ այդ մտադրությունները բավարարելու պատրաստակամության արտահայտմամբ։
2009-ը խաղաղ ատոմային տեխնոլոգիաներ արտադրող և ստացող երկրների հայտարարած հավակնությունների իրատեսության և նպատակահարմարության որոշակի թեստ կդառնա։
2008-2009թթ. սահմանագծին «խաղաղ ատոմի» միջազգային էներգետիկ հատվածում տեղի ունեցող վերջին իրադարձությունները վկայում են, որ այդ թեստը զգալի չափով կապված կլինի ատոմային տեխնոլոգիաներ արտադրող որոշ երկրների արդեն հայտարարած երկկողմ և բազմակողմ համագործակցության գոտուն անմիջապես մոտիկ գտնվող ուրանի հանքեր մուտք գործելու հնարավորությունների հետ։ Եթե «խաղաղ ատոմի» շուկան զարգանում է, ապա այդ զարգացումն ապահովողներն ու բավարարողները չեն կարող չմտածել ուրանի համաշխարհային պաշարների նկատմամբ իրավունք ունենալու հեռանկարների մասին, մանավանդ որ, փորձագիտական գնահատականներով, մոտակա տարիներին հնարավոր է ուրանի մատակարարման դեֆիցիտ՝ համաշխարհային ատոմային ինդուստրիայի պահանջարկը բավարարելու համար։
Այսպես, Ղազախստանի փորձագետների 2006թ. գնահատականներով, մինչև 2012թ., ուրանի հումքի ընդհանուր դեֆիցիտը գլոբալ մասշտաբով կարող է աճել՝ հասնելով մինչև 16 հազար տոննա ուրանի1։ Ուրանի դեֆիցիտը կհանգեցնի այդ հումքի գների աճի, որն արդեն ունեցել է իր «վերելքներն» ու «վայրէջքները»՝ ներկայում համեմատաբար կայունանալով մեկ ֆունտի համար մոտ $50 նիշի վրա (բնական ուրանի համաշխարհային գինը հաշվարկվում է ստանդարտ անգլիական ֆունտի կշռի չափով, որը հավասար է 453,592374 գրամի)։
Երկար ժամանակ ուրանի գները համաշխարհային շուկայում որոշվում էին ոչ թե արդյունահանման ինքնարժեքով, այլ մի շարք սպառող և արտահանող երկրներում ուրանի պահուստային պաշարների առկայությամբ։ Այդ պաշարներն այնքան մեծ էին, որ տասնամյակներ շարունակ շատ երկրներ կարող էին պարզապես չմտածել միջուկային վառելիքի հնարավոր դեֆիցիտի մասին։ Ցածր գների երկարատև պահպանումը հետևանքն էր դեռևս «սառը պատերազմի» տարիներին, սպառազինությունների մրցավազքի ժամանակ կուտակված պահուստային պաշարների իսպառ վաճառքի համաշխարհային շուկայում։ Ժամանակին դա հանգեցրեց ուրանի գնի ռեկորդային նվազագույնին. մեկ ֆունտը՝ $6,25 և, որպես հետևանք՝ ուրան արտադրողների զանգվածային սնանկացմանը։ Չէ՞ որ այդ գինը ոչ միայն չէր ապահովում ներդրումների վերադարձը տվյալ ճյուղ, այլև, որպես բիզնես, հարցականի տակ էր դնում ուրանի արտահանումը։
Ուրանի գների ներկայիս աճը կապված է ոչ թե ուրանի իրական դեֆիցիտի, այլ այն բանի հետ, որ դա սպասվում է։ Պահուստային պաշարների սպառման հետ մեկտեղ՝ ուրանի պահանջարկը կավելանա։ Հաշվի առնելով հետագա տասնամյակներին սպասվող համաշխարհային էներգետիկայի անցումը վառելիքի ավանդական ձևերից առաջադեմ (շատ տպավորիչ համեմատություն է. 25 գրամ բնական ուրանի ամբողջական էներգիան հավասարազոր է 125 տոննա քարածխի արտադրած ջերմությանը) ձևերի, ինչպես նաև ատոմային էլեկտրակայանների թվի աճը, այդ գործընթացը կշարունակվի։
Եթե 2000թ. ուրանի մեկ ֆունտն արժեր մոտ $7, ապա վերջին տարիներին տեղի ունեցավ գների գերհզոր թռիչք։ Այսպես, 2007թ. կեսերին մեկ ֆունտ ուրանի խտածոյի գինը մոտեցավ ընդհուպ մինչև $100-ի2։
Մեկ այլ, համաշխարհային մասշտաբով ամենապահանջված էներգառեսուրսի՝ նավթի ցածր գները չեն կարող հանգստացուցիչ հանգամանք լինել այնպիսի «նորարար» և «գիտատար» տերության համար, ինչպիսին ԱՄՆ-ն է։ Նավթի ցածր գներն առավել ևս չեն կարող ազդեցություն չգործել Ռուսաստանի ատոմային հզորությունների զարգացման վրա ինչպես իր տարածքում, այնպես էլ նրա արտաքին տնտեսական շահերի գոտիներում՝ հաշվի առնելով նշված շուկաներ դուրս գալու մեծ ներուժը հենց «խաղաղ ատոմի» զարգացման համաշխարհային պահանջարկի բավարարման միջոցով։
Գլոբալ էներգետիկ շուկայում ևս մեկ շահագրգիռ դերակատար՝ Եվրամիությունը, ձգտում է հետ չմնալ և առաջարկում է «խաղաղ ատոմի» համաշխարհային պահանջարկը բավարարելու սեփական մոտեցումները։ Ընդ որում, դա արվում է ԵՄ աշխարհաքաղաքական շահերի հետ սերտորեն շաղկապված և Իրանի միջուկային փաթեթի հետ կապված ռիսկերը «մտքում ունենալու» պայմաններում։ 2008թ. դեկտեմբերի 9-ին ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով Գերագույն հանձնակատար Խ.Սոլանան հնչեցրեց միացյալ Եվրոպայի «միջուկային վառելիքի բանկ» ստեղծելու ծրագրերը՝ Եվրոպա նավթ ներմուծողների պահանջարկի երաշխավորված բավարարման և միջուկային վառելիքի հարստացման հարցի լուծումը կենտրոնացնելու համար։ Խ.Սոլանայի խոսքերով՝ նման «բանկ» ստեղծելու ԵՄ ծրագրերը իրականացման օպերատիվ բնույթ ունեն (ժամկետը սահմանված է մինչև 2010թ.) և գնահատվում են մոտավորապես 25 մլն եվրո։
Որքանո՞վ են իրատեսական երկու առավել հզոր էներգաատոմային տերություններ ԱՄՆ-ի և Ռուսաստանի՝ ուրանի համաշխարհային պաշարներից օգտվելու հնարավորությունները։ Ակնհայտ է, որ մեզ, առաջին հերթին, պետք է հետաքրքրեն Ռուսաստանի հնարավորություններն այդ հարցում, քանի որ այն արդեն հասցրել է առնչվել Հայաստանի տարածքում գտնվող ատոմային, էներգետիկ և արդյունահանող հզորություններին։
Թեև Միացյալ Նահանգները էներգետիկ շուկայում ներքին, սեփական պահանջարկը բավարարելու համար որոշակիորեն կախված է ուրանի ներմուծումից և ինչպես մասնավորապես նշվում է Տնտեսական շուկաների ուսումնասիրման տեղեկատվական-վերլուծական «RNCOS» ընկերության 2008թ. նոյեմբերի զեկույցում (Market Research Report «US Nuclear Energy Outlook»), կարող է հետագայում բախվել ուրանի արտաքին հանքեր մուտք գործելու սահմանափակումների հետ, ասենք, օրինակ, Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի աճող պահանջարկի ֆոնին, այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ ուրանի համաշխարհային պաշարների նկատմամբ նրա հնարավորությունները պետք է դիտարկվեն նախընտրելի դիրքերից։ Նշենք միայն, որ ուրանի` տվյալ պահի դրությամբ հետախուզված և հաստատված խոշորագույն պաշարները գտնվում են այնպիսի անգլո-սաքսոնական երկրներում, ինչպիսիք են Ավստրալիան և Կանադան (ուրանի համաշխարհային պաշարների 23 և 8 տոկոսը՝ համապատասխանաբար)3, ինչը կարող է վստահություն ներշնչել այլ երկրների և, առաջին հերթին, ատոմային հավակնություններ ունեցող այնպիսի գերտերությունների, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան։
Դրա հետ մեկտեղ և այլ պետությունների համեմատ, Ավստրալիան և Կանադան ունեն զգալի առավելություններ արդյունահանված միջուկային վառելիքի թափոններն անվտանգ պահելու համար, որոնք արտահայտվում են հետևյալ աշխարհագրական, երկրաբանական և քաղաքական գործոններով. մեծ տարածքային մակերես և բնակավայրերից հեռու գտնվող անբնակ տարածությունների առկայություն, խոր հանքաշերտեր սեյսմակայուն լեռնային ապարներում, որտեղ թափոնները կարող են պահվել շրջակա միջավայրի համար վտանգ չներկայացնող պայմաններում, քաղաքական կայունություն4։
Ռուսաստանը և մասամբ Չինաստանը որոշակի դժվարություններ ունեն ուրանի հիմնական, իրենց համար արտաքին համաշխարհային հանքաշերտերից օգտվելու հարցում, ինչը ստիպում է նրանց լինել ավելի ակտիվ, իսկ երբեմն էլ դրսևորել առավել ագրեսիվ և մրցակցային աշխատաոճ՝ ապահովելու համար իրենց հասանելիությունը ուրանի հանքերից օգտվելու հարցում։
Եթե ԱՄՆ-ի համար ուրանի հանքերից օգտվելու իրավունքի հարցն ունի ավելի առևտրային բնույթ, ինչը դրսևորվում է ուրանի համաշխարհային գների հնարավոր աճի սահմանափակմամբ, ապա Ռուսաստանի և Չինաստանի նման երկրների համար այս հարցը ստանում է իրենց շուրջ ուրանի հանքաշերտեր մուտք գործելու նպաստավոր գոտի ստեղծելու աշխարհաքաղաքական երանգ։ Կարելի է ենթադրել, որ այն նշանակությունը, որն ԱՄՆ-ի համար վերջին տասնամյակներին ունի նավթի արդյունաբերական հանքերից օգտվելու հարցը, այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը, կխաղա ուրանի հանքերից օգտվելու հարցը։
Դատելով Ռուսաստանի ատոմային էներգետիկայի ոլորտի պատասխանատուների հայտարարություններից` կարելի է ասել, որ Ռուսաստանն ապահովված է ուրանի սեփական պաշարներով առաջիկա 60 տարվա կտրվածքով։ Միաժամանակ, երկրի ղեկավարությունն ընդունել է ռազմավարական որոշում` չվաճառել բնական ուրանի սեփական պաշարները համաշխարհային շուկայում5։
Նման որոշման համար օբյեկտիվ հիմնավորումներ կան, որոնցից մեկը Ռուսաստանում երկարաժամկետ հեռանկարում սպասվող բնական պաշարների, այդ թվում՝ ուրանի դեֆիցիտն է։ Այսպես, ռուսաստանցի փորձագետների գնահատականներով՝ Ռուսաստանը բնական պաշարների 36 հիմնական տեսակների դեֆիցիտ կունենա։ Հետագա 15 տարիների ընթացքում երկիրը կսպառի նավթի, գազի, կապարի հետախուզված պաշարները, պղնձի, մոլիբդենի, նիկելի, անագի, արծաթի, ցինկի պաշարների 75 տոկոսը, իսկ ոսկու և ադամանդի պաշարները կսպառվեն էլ ավելի արագ։ Շատ ավելի մտահոգիչ է ուրանի պաշարների հեռանկարը6։
Արդեն այսօր Ռուսաստանում բնական ուրանի արտադրությունը կազմում է պահանջարկի մոտ 20 տոկոսը։ Առայժմ դեֆիցիտը ծածկվում է դեռևս խորհրդային շրջանում կուտակված պահուստային պաշարների հաշվին։ Մինչև 2010թ. կպահանջվի ավելացնել բնական ուրանի արտադրությունը՝ արտասահմանից գնվող տարեկան մինչև 7,5 հազ. տոննա ծավալներին զուգընթաց, իսկ 2020թ. այդ աճը պիտի հասնի 14-15 հազ. տոննայի7։
Հարևան երկու տերությունների՝ Ռուսաստանի և Չինաստանի էներգետիկ հավակնությունների բավարարման և նախագծման ոլորտում ներկայում ընթացող պայքարում տեղ գտած փոքր-ինչ քողարկված, սակայն գոյություն ունեցող ինտրիգը մրցակցությունն է Կենտրոնական Ասիայի, մասնավորապես՝ Ղազախստանի ուրանի հանքերից օգտվելու խնդրում։ Բոլորի համար, կարծես, սովորական է դարձել համաշխարհային և տարածաշրջանային տերությունների պայքարը «գազային Թուրքմենստանի», «նավթային Ղազախստանի» համար։ Ամենայն հավանականությամբ, մոտակա տարիների հրատապ աշխարհաքաղաքականության տեղեկատվական դաշտում գործառնության մեջ կդրվի պայքար «ուրանային Ղազախստանի» համար հասկացությունը, որում հիմնական մրցակիցները կլինեն Ռուսաստանը և Չինաստանը։
2008թ. նոյեմբերին «Ղազատոմարդ» ազգային ընկերությունն ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության համաձայնագրեր ստորագրեց չինական «China Guandong Nuclear Power Company» (CGNPC) և «China National Nuclear Corporation» (CNNC) ընկերությունների հետ։ Համաձայնագրերը նախատեսում են հանքերի համատեղ շահագործում Ղազախստանի տարածքում, ուրանի երկարաժամկետ մատակարարում Չինաստանին, չինական ատոմակայանների համար վառելիքի արտադրություն։ Մասնավորապես, «CGNPC»-ը կստանա իր չափաբաժինները ղազախական հանքերի շահագործման համատեղ ձեռնարկություններում. «Իրկոլ»-ը՝ Կզըլ Օրդայի շրջանում (արտադրական հզորությունը՝ տարեկան 750 տոննա ուրան) և «Սեմիզբայ»-ը՝ Աքմոլի մարզում (տարեկան 500 տոննա), «CNNC» ընկերությունը՝ Հարավային Ղազախստանի շրջանի «Ժալպակ» հանքերը (հզորությունը՝ 750 տոննա)։
Այսպիսով, Պեկինը ստանում է ատոմային էներգետիկայի զարգացման համար անհրաժեշտ հումքի աղբյուրներից օգտվելու ուղղակի հնարավորություն (Չինաստանի ուրանի հաստատված պաշարները գնահատվում են համաշխարհային պաշարների 1,5 տոկոսից էլ պակաս, սեփական արդյունահանումը 2007թ. կազմել է 870 տոննա և բավարարել է երկրի ընթացիկ պահանջարկի միայն կեսը)։
Ղազախստանը (որը, սեփական գնահատականներով, ուրանի համաշխարհային հետախուզված պաշարների 19, իսկ արտասահմանյան գնահատականներով՝ 15 տոկոսն ունի) մտնում է ուրանի արդյունահանման համաշխարհային առաջատարների եռյակի մեջ։ Ներկայում երկրում առկա է միայն միջուկային-վառելիքային ցիկլի տեխնոլոգիական շղթայի մի մասը։ Դա բնական ուրանի արդյունահանումն է, աֆինաժը (առաջնային մաքրումը) և վառելիքային հաբերի արտադրությունը։ Վառելիքային ցիկլի մնացած բոլոր օղակները գտնվում են Ռուսաստանի տարածքում։
Այսօր Ղազախստանը դիվերսիֆիկացնում է ուրանի սեկտորի շուկաները և գործընկերներին՝ ձգտելով նվազեցնել կախվածությունը Մոսկվայից8։
Ինչպես վերը նշվեց, Ռուսաստանի ատոմային էներգետիկայի զարգացման կարևոր խնդիրը ուրանով ապահովումն է։ Ռուսաստանը պատրաստ է ընդլայնել ուրանային արտադրանքի մատակարարման աշխարհագրությունը, սակայն բնական ուրանի արդյունահանումը երկրում այսօրվա դրությամբ չի ապահովում նույնիսկ հայրենական ատոմային բնագավառի պահանջարկը։ Հեռանկարում Ռուսաստանը պատրաստ է ուրան արդյունահանել նաև ամբողջ աշխարհում։ «Մենք պատրաստ ենք ուրան արդյունահանել աշխարհի ցանկացած տարածքում, այնտեղ, որտեղ դա ձեռնտու է»,- հայտարարում է Ռուսաստանի ատոմային ոլորտի ղեկավար Ս.Կիրիենկոն9։
Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանը որոշում է կայացրել Հայաստանի տարածքում ուրանի արդյունահանման շահավետության մասին, և 2007թ. գարնանից սկսած՝ Հայաստանի հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու Մոսկվայի ջանքերն ակտիվացել են։ Հանքախուզական աշխատանքները Հայաստանի տարածքում, որոնք նախատեսված է կատարել մինչև 2010թ., և դրանից հետո սկսել հնարավոր համաձայնագրի մանրամասների քննարկումները, սպասում են իրենց իրականացմանը։
2008թ. դեկտեմբերի կեսերի տվյալներով, ռուս-հայկական պայմանավորվածությունների շրջանակներում ստեղծված «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ն մշակում է Հայաստանի տարածքում ուրանի և այլ օգտակար հանածոների հանքախուզական աշխատանքների նախագիծ։ Որոնողական, գնահատման և հանքախուզական աշխատանքների կոնկրետ վայրերը կորոշվեն նախագծով և կձևակերպվեն ընդերքի օգտագործման արտոնագրով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ին հանքախուզական աշխատանքներ կատարելու իրավունքի հատուկ թույլտվություն տալու որոշումն ընդունելուց հետո։ Այդ աշխատանքները նախատեսված է սկսել 2009թ. գարնանը։
Հայաստանի հետ ուրանի համատեղ արդյունահանման հետ կապված ռուսական շահերի նկատմամբ նոր մոտեցում կարող է ձևավորվել՝ հաշվի առնելով Ռուսաստանի հավակնությունները Թուրքիայի «խաղաղ ատոմի» կրկին ձևավորվող շուկայում։ Հնարավոր է, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի ատոմային և երկաթգծային ակտիվների ձեռքբերման շուրջ արդեն տեղի ունեցած և ընթացիկ իրադարձությունների, հայ-թուրքական ցամաքային սահմանի շուտափույթ բացման նախաձեռնությունների և Թուրքիայի տարածքում առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման տենդերը Ռուսաստանին հանձնելու մի ամբողջ համալիր կարող է արտահայտվել հետևյալում. ուրանի պաշարները Հայաստանում միտված են Թուրքիայի հեռանկարային պահանջարկի բավարարմանն այդ ռեսուրսով։
Եթե այս ենթադրությունը 2009-2010թթ. հեռանկարում «նյութականորեն» (արդյունահանման և արտահանման համար անհրաժեշտ ուրանի ծավալներ Հայաստանի տարածքում) և քաղաքական-տնտեսական առումով (Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային կապի վերականգնում և թուրքական իշխանությունների կողմից վերջնական որոշման ընդունում՝ հօգուտ Ռուսաստանի կողմից թուրքական ատոմակայանի կառուցման)10 հաստատվի, ապա հարավկովկասյան տարածաշրջանում և նրա շուրջ կարող է ձևավորվել որակապես այլ իրավիճակ, որը լրացուցիչ պայմաններ կստեղծի տարածաշրջանային ռազմաքաղաքական և էներգետիկ անվտանգության համար։
Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասում և հարակից շրջաններում առաջատար տերությունների շահերի հետ կապված իրավիճակն այնքան «նուրբ» է, որ անհրաժեշտ է դրսևորել խիստ հավասարակշռված և պրագմատիկ մոտեցում հիմնական արտաքին խաղացողների իրական մտադրությունները գնահատելիս։ Այսպես, փորձագետների շրջանում տարածվում է այն կարծիքը, որ թուրքական ազգային միջուկային էներգետիկայի զարգացման նախագիծը ենթադրում է ԱՄՆ աջակցություն Թուրքիայի տարածքում ուրանի հարստացման կենտրոնի ստեղծման գործում, ինչը, ի թիվս այլոց, հնարավորություն կընձեռի Իրանին միջուկային վառելիք գնել Թուրքիայից։ Ըստ այդմ՝ ենթադրվում է, որ այսպիսով ԱՄՆ-ը ցանկանում է հետագայում օգտագործել Թուրքիան որպես էներգետիկ միջուկային կենտրոն ԱԷՄԳ շրջանակներում Անգարսկում (Իրկուտսկի մարզ) ուրանի հարստացման կենտրոնի ստեղծմանն ուղղված Ռուսաստանի նախաձեռնություններին դիմակայելու համար։ ԱՄՆ-ը, վերահսկելով թուրքական միջուկային լծակը, փորձում է օգտագործել այն ոչ միայն որպես Իրանի վրա ճնշում գործադրելու միջոց, որն ինքն է ձգտում հարստացնել ուրանը, այլև Մերձավոր և Միջին Արևելքում իր քաղաքական, տնտեսական և ռազմական ծրագրերի իրագործման համար11։
Հիմնական արտաքին դերակատարների էներգետիկ շահերի բազմազանությունը կարող է միատեղվել նրանց գլխավոր շահի ընդհանուր կետում, այն է՝ Հարավային Կովկասի կայունության և անվտանգության ամրապնդումը։ Անցած տարվա օգոստոսին տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններից հետո առաջիկայում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Հարավային Կովկասի համար արտաշրջանային ուժերի ջանքերը պիտի ուղղված լինեն տարածաշրջանն ապակայունացնող գործոնների չեզոքացմանը, ինչում իր դերը կարող է խաղալ ատոմային հզորությունների զարգացումը և, մասնավորապես, միջուկային վառելիքի պոտենցիալ արտադրողների և գնորդների միջև փոխշահավետ համագործակցության հաստատումը։
1Ядерные горизонты Казахстана // Журнал “Континент” (Казахстан), № 7 (168), апрель 2006., http://www.continent.kz/2006/07/5.htm.
2Аждар Куртов, Урановый компонент в укреплении связей России и Казахстана, http://www.fondsk.ru/article.php?id=726, 12.05.2007.
3Supply of Uranium, http://www.world-nuclear.org/info/inf75.html (World Nuclear Association, June 2008).
4Տե՛ս, օրինակ, Alistair J Stephens, The Strategic Importance of Australia’s Uranium Resources, May 2005. p. 6., www.aph.gov.au/house/committee/isr/uranium/subs/sub22.pdf.
5Россия обеспечена собственными запасами урана на 60 лет вперед, но не будет торговать природным ураном – Кириенко, www.prime-tass.ru/news/show.asp?id=636667&ct=news., 02.11.2006.
6Е. Козловский, В России природопользование вырождается в браконьерство, www.russia-today.ru/2006/no_05/05_continuation.htm., май 2006.
7Аждар Куртов, Ibid.
8С.Смирнов, Учебу оплатим ураном. Казахстан рвется на радиоактивный рынок Китая, http://www.centrasia.ru/newsA.php?st=1226922900, 17.11.2008.
9С.В. Кириенко - год на посту руководителя Росатома: комментарии и аналитика. Завершился первый год эры «атомного ренессанса» в России, http://www.rosatom.ru/view/kirienko/page3/, 2006.
10Ինչպես հայտարարել էր թուրքական կողմը 2008թ. դեկտեմբերին, ռուսական տեխնոլոգիաները պիտի վերցվեն որպես հիմք Թուրքիայում կառուցվելիք առաջին ատոմակայանի համար, որն այդ երկրի իշխանությունները նախատեսում են կառուցել միջերկրածովյան Մերսին նահանգում. Թուրքիայի Ատոմային էներգիայի գործակալությունը դրական է գնահատել առաջին ազգային ատոմակայանի շինարարության նախագծի տեխնիկական հիմնավորումը, որին մասնակցում է ռուս-թուրքական կոնսորցիումը, որի կազմում են «Ատոմշինէքսպորտ», «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» և թուրքական «Պարկ Թեքնիկ» ընկերությունները: Տենդերի սակարկությունները տեղի են ունեցել 2008թ. սեպտեմբերի վերջին, և ռուս-թուրքական կոնսորցիումը միակ մասնակիցն էր, որը ժամանակին ներկայացրել էր անհրաժեշտ փաստաթղթերը։ Հեռանկարում երկրորդ ատոմակայանը կարող է կառուցվել սևծովյան Սինոպ գավառում (Առաջին ատոմակայանը Թուրքիայում կկառուցվի ռուսական տեխնոլոգիաների հիման վրա, http://www.prime-tass.ru/news/show.asp?id=849270&ct=news., 19.12.2008).
11А.А.Гурьев, Россия укрепляет позиции в атомной энергетике Турции, http://www.iimes.ru., 30.12.2008.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ՌՈՍՆԵՖՏ». ՆՈՐ ԲԻԶՆԵՍ-ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[28.04.2014]
- ՆԱԽԿԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ[15.12.2011]
- ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. ԵՐԵՔ ՍԿԶԲՈՒՆՔ, ՎԵՑ ԴՐՈՒՅԹ ԵՎ «ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈ ՊԼՅՈՒՍ»[13.10.2011]
- ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ[30.03.2011]
- ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ» ԴՐԱԿԱՆՆ ՈՒ ԲԱՑԱՍԱԿԱՆԸ ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ[10.02.2011]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԱՄՆ ԵՎ ԵՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ[14.12.2010]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ[25.10.2010]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐ[06.07.2010]
- ԷՐԴՈՂԱՆԻ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ. ԹՈՒՐՔԵՐՆ ԱՎԵԼԻՆ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ[12.03.2010]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ. ՊԱՅՔԱՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ[02.02.2010]
- «ՍԵՎԾՈՎՅԱՆ ՍԻՆԵՐԳԻԱ» ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ[24.12.2009]