• am
  • ru
  • en
Версия для печати
13.12.2007

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Руский

   

Միխայիլ Աղաջանյան

Armenian_Armed_Forces (medium) Ռազմական մտքի զարգացման արդի փուլը վկայում է ցանկացած երկրի զինանձնակազմի առջև դրված և հեռանկարում հնարավոր խնդիրների լուծման գործում հոգեբանական պատրաստվածության հսկայական նշանակության մասին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս տեղեկատվական տեխնոլոգիաները հատկապես կարևորվում են ռազմական ընդհանուր ոլորտում և կարող են օգտագործվել ինչպես սեփական զինանձնակազմի հոգեբանական պատրաստվածության, այնպես էլ հակառակորդի կամ հնարավոր թշնամու զինանձնակազմի վրա ազդելու համար, զինվորական փորձագետները նշում են ամբողջական տեղեկատվական-հոգեբանական աշխատանքների հրատապությունը, ինչն առարկայացվում է զինված ուժերի, այսպես կոչված, հոգեբանական պայքարի ապարատում։

Մեր կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության ԶՈւ-ի համար հատկապես հրատապ են տեղեկատվական-հոգեբանական պայքարի ոլորտում սեփական նախագծերի մշակման և այլ երկրների կողմից արդեն կիրարկված մեթոդների ադապտացման հետ կապված միջոցառումները՝ ելնելով այն փաստից, որ Ղարաբաղյան հակամարտության ներկայիս «սառը» դիմակայությունը մեծ մասամբ հենց տեղեկատվական-հոգեբանական պայքար է ներառում։ Այդ դիմակայությունը գլխավորապես «նյարդերի պայքարի», «մարտական ոգու ամրության» ստուգման բնույթ ունի և հակառակորդի ու հնարավոր թշնամական երկրների տեղեկատվական-հոգեբանական արդյունավետ զսպման նպատակ է հետապնդում։

Ըստ այդմ, ՀՀ Ազգային բանակի համար կաևոր են փոխկապակցված բնույթի միջոցառումների իրականացմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների ստեղծման խնդիրները, այն է՝ 1. զինված ուժերի անձնակազմի մարտունակության անհրաժեշտ բարոյահոգեբանական մակարդակի պահպանումը, 2. հակառակորդի ու հնարավոր թշնամու վրա իրականացվող տեղեկատվական-հոգեբանական ներգործությունը՝ վերջիններիս Ղարաբաղյան հակամարտության «ապասառեցումից» և հայկական պետականության դեմ հնարավոր ագրեսիայի դիմելուց զսպելու համար։

Զինվորական փորձագետները խոսում են այն մասին, որ դեռ ոչ ոքի և երբեք չի հաջողվել հասնել բացարձակապես բոլոր զինծառայողների ակտիվ ու անձնազոհ մասնակցությանը մարտական առաջադրանքները կատարելիս։ Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ նրանց միայն 15-20%-ն է թշնամու դեմ նշանառու կրակ բացում կամ դիրքը փոխում մարտի դաշտում ու կատարում հրամանատարների առաջադրանքները։ Գտնվելով ինքնապաշտպանության բնազդի ու բացասական ապրումների ազդեցության ներքո՝ զինծառայողների զգալի մասը հաճախ ձգտում է խուսափել մարտական գործողություններին մասնակցելուց։ Դրա համար լայնորեն կիրառվում են տկարության սիմուլյացիան, անդամախեղումը, մարտական տեխնիկան շարքից հանելը, տարբեր պատրվակներով մարտադաշտը թողնելը (այդ թվում նաև վիրավոր ծառայակիցներին թիկունք էվակուացնելու պատրվակը), դասալքությունը և այլն։ Որոշ զինվորներ մարտի առաջին մի քանի րոպեների ընթացքում արդեն օգտագործում են իրենց ամբողջ ռազմամթերքը, մյուսները մարտի ավարտին դեռ ոչ մի փամփուշտ կրակած չեն լինում1։

Ներկայումս հակառակորդի ԶՈւ անձնակազմին արհեստականորեն նման գործողությունների դրդելուն են միտված այն ջանքերը, որ գործադրում են հրամանատարները, շտաբները, հատուկ մարմինները, որոնք դրա համար անհրաժեշտ միջոցներ ունեն և տիրապետում են տեղեկատվական-հոգեբանական դիմակայության վարման մեթոդներին։ Նման դիմակայությունը շատ երկրների բանակներում դիտարկվում է որպես մարտական գործողությունների ինքնուրույն տեսակ (վարման ձև), որը թույլ է տալիս ռազմական նպատակներին հասնել առանց մահաբեր միջոցների օգտագործման։ Ժամանակակից պատերազմների կարևորագույն բնութագիր է հանդիսանում պայքարի ռազմական և ոչ ռազմական միջոցների միջև սահմանների անհետացումը, երբ «տեղեկատվական պատերազմի» բարձր արդյունավետությունը՝ ի լրումն գերճշգրիտ զինատեսակների և «ազդեցության ոչ ռազմական միջոցների» կիրարկման, թույլ է տալիս կազմալուծել պետական կառավարման համակարգը, ռազմավարական նշանակության օբյեկտներ ու զորամիավորումներ ոչնչացնել, ներազդել հոգեբանության վրա, ճնշել բնակչության բարոյական ոգին։

Օրինակ, ներկա ժամանակներում ՆԱՏՕ անդամ երկրներում հակառակորդի զորքերի ու բնակչության վրա տեղեկատվական-հոգեբանական ներազդման (ՏՀՆ) ամբողջ համալիրը որոշակիացվում է «հոգեբանական գործողություններ» (ՀԳ) եզրով։ Այդ պետությունների զինվորական-քաղաքական ղեկավարության կարծիքով՝ նման գործողությունները ազդեցության ինքնուրույն ձև են, արդյունավետ մի զինատեսակ, որի կիրառումը կարող է թույլ տալ ընդհանրապես հրաժարվել զինուժից։ ՆԱՏՕ բանակներում ՀԳ կիրարկումը կանոնակարգվում է ինչպես առանձին երկրների բանակների, այնպես էլ ՆԱՏՕ միասնական դաշինքի համար մշակված կանոնադրությամբ ու հրահանգներով։ Այստեղ գործում է «ՀԳ ծրագրավորման ու վարման սկզբունքների մասին» ընդհանրական հրահանգը։

ՀԳ շրջանակներում տեղեկատվական և հոգեբանական քայլեր իրականացնելիս ընդհանուր ուղղվածության, մասշտաբների, ինտենսիվության, ձևերի ու մեթոդների որոշակիացմանը յուրատեսակ «երանգավորում» է տալիս ԱՄՆ-ը։ Ամերիկյան համակարգն առաջին հերթին ներառում է այն ամենը, ինչ գործարկված է այլ երկրներում, իսկ հետո ինքն է այդ ասպարեզում նրանց համար հանդես գալիս որպես չափորոշիչ։

2006թ. փետրվարի 13-ին ԱՄՆ սպայակույտի կոմիտեն հաստատեց նորովի խմբագրված «Տեղեկատվական գործողություններ» (JP 3-13) դոկտրինը, որում վերանայված են ամերիկյան զինվորական ղեկավարության մոտեցումները ԶՈւ կողմից նախապատրաստվող և իրականացվող տեղեկատվական գործողությունների վերաբերյալ, ճշգրտված են տեղեկատվական դիմակայության նպատակները, խնդիրներն ու հիմնական սկզբունքները, ինչպես նաև պաշտոնատար անձանց պարտականությունները նման գործողությունների նախապատրաստման և իրականացման ժամանակ՝ թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական պայմաններում։

Համաձայն նոր դոկտրինի՝ ԱՄՆ ԶՈւ տեղեկատվական գործողությունները հակառակորդի մարդկային և նյութական ռեսուրսների վրա ներգործող միջոցառումների մի համալիր են, որի իրագործումը նպատակամղված է հակառակորդի կողմից ճիշտ որոշումներ կայացնելը դժվարացնելուն՝ միևնույն ժամանակ պաշտպանելով սեփական տեղեկատվական համակարգերը։ Այդ համալիրը ներառում է.

  1. ռադիոէլեկտրոնային պայքար (ՌԷՊ – Electronic Warfare, EW),
  2. հոգեբանական գործողություններ (ՀԳ – Psychological Operations, PSYOPS),
  3. ցանցային գործողություններ (ՑԳ – Computer Network Operations, CNO),
  4. օպերատիվ քողարկման միջոցառումներ (ՕՔՄ – Military Deception, MILDEC),
  5. սեփական ուժերի անվտանգության ապահովման միջոցառումներ (ՍՈւԱԱՄ – Operations Security, OPSEC):

Մինչև վերջերս նշված կետերից տեղեկատվական դիմակայության ամերիկյան հայեցակարգերում գլխավոր դերակատարությունը վերապահված էր հոգեբանական գործողություններին2, օպերատիվ քողարկման միջոցառումներին և ՍՈւԱԱՄ-ին, սակայն դոկտրինի նոր խմբագրության մեջ ներառվեցին նաև ՑԳ-ն և ՌԷՊ-ը՝ որպես տեղեկատվական գործողությունների իրականացման հիմնական տեսակ։

Մեր կարծիքով՝ Հայաստանի համար հետաքրքիր կլինի որոշ երկրների (օրինակ՝ Ռումինիայի3) փորձը սեփական ԶՈւ հոգեբանական պայքարի ապարատի ձևավորման ու զարգացման միջոցառումների տեսակետից4։

Ինչպես նշում է ՀՀ Ազգային բանակի գերագույն զինվորական-քաղաքական ղեկավարությունը, «…բանակը քարացած կառույց չէ, և պետության ու հանրության անվտանգության ապահովման համար այն պետք է ժամանակին համընթաց քայլի։ Այսօր Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ԶՈւ փուլային բարեփոխումների միջոցառումների ծրագիր է նախապատրաստել, որը կապահովի 21-րդ դարի պահանջներին համապատասխանող բանակի ստեղծումը»5։

Երկրի ռազմաքաղաքական օրակարգում գտնվող Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի ընդունումը պահանջում է ակտիվացնել աշխատանքները բանակում տեղեկատվական-հոգեբանական գործունեության ընդհանուր կառույցը երկրի անվտանգության առջև ծառացած սպառնալիքներին ու մարտահրավերներին համապատասխանեցնելու, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվական գործողություններ իրականացնող արդյունավետ կառույցների ստեղծման ու զարգացման ուղղությամբ։

Հավելված

Տեղեկատվական-հոգեբանական գործողությունների համակարգի կառուցվածքն ու գործառույթները Ռումինիայի զինված ուժերում6

Ներկայումս Ռումինիայի ԶՈւ հրամանատարությունը լուրջ ուշադրություն է հատկացնում հոգեբանական պայքարի համակարգի (ՀՊՀ) զարգացմանը՝ այն համարելով ցանկացած տեսակի գործողությունների (այդ թվում նաև երկրի սահմաններից դուրս) իրականացման կարևոր տարրերից մեկը։

Ըստ այդմ՝ առաջնային կարևորություն է տրվում այդ ուժերի կիրարկման հայեցակարգերի կատարելագործմանը, դրանց կառույցների ու նյութատեխնիկական բազայի բարելավմանը, մասնագետների պատրաստվածության աստիճանին։ Դա կապված է այն բանի հետ, որ ՆԱՏՕ-ին անդամագրվելու նախապայմաններից մեկը տվյալ երկրի զինուժի կազմակերպական կառույցների ու դրանցում գործող իրավական նորմերի համապատասխանեցումն է դաշինքի պահանջներին։

ՆԱՏՕ-ում անխախտ օրենք գոյություն ունի. սեփական երկրի սահմաններից դուրս առաջադրանքներ կատարող ցանկացած զինվորական համակազմի տեղեկատվական-հոգեբանական ապահովման համար նրա կազմում ներառված պետք է լինի հոգեբանական գործողությունների (ՀԳ) ստորաբաժանումը։

Կառուցվածքային առումով Ռումինիայի ՀԳ ուժերը կազմված են ղեկավարման մարմիններից և ՀԳ զորամասերից։ Ներկայումս ազգային ԶՈւ ղեկավարությունը ակտիվ միջոցառումներ է իրականացնում մեքենայացված, լեռնահետևակային և թեթև հետևակային բրիգադների կազմում զորքերի գործողությունների տեղեկատվական-հոգեբանական ապահովման կառույցներ ստեղծելու ուղղությամբ։ Ծրագրվում է հետագայում նման կառույցներ ստեղծել գրեթե բոլոր այն զորամասերում, որոնք պատրաստվում են մասնակցել կամ մասնակցում են երկրի սահմաններից դուրս իրականացվող տարբեր զինվորական գործողությունների։

Ռումինիայի ԶՈւ գլխավոր շտաբի (ԳՇ) վրա են դրված հոգեբանական պայքարի (ՀՊ) ընդհանուր պլանավորումն ու կազմակերպումը, ինչը սերտորեն առնչվում է խաղաղ ու պատերազմական ժամանակներում զորքերի գործունեության հետ։ Ռումինիայի բանակի ՀՊ ուժերի անմիջական ղեկավարումն իրականացվում է ՀԳ բաժնի կողմից, որը մտնում է ԳՇ օպերատիվ վարչության կազմի մեջ։

Այդ բաժինը կազմված է երկու դասակից՝ նպատակային վերլուծության ու գնահատման և ՀԳ պլանավորման ու ղեկավարման։ ՀԳ բաժնի վրա դրված են հետևյալ գործառույթները. ՀԳ պլանավորում, ՏՀՆ հիմնական ուղղությունների մշակում, դրանց բովանդակության որոշակիացում և արդյունավետության բարձրացում, զորքերի համար հատուկ տեխնիկայի նախագծում ու ձեռքբերում։ Զորատեսակների ու զորամիավորումների շտաբներում կան ՀԳ դասակներ։

ՀԳ զորամասերի կազմի մեջ են մտնում ՀԳ կենտրոնն ու խմբերը։ Կենտրոնական ենթակայության միավոր է ԳՇ ՀԳ կենտրոնը, որը նախատեսված է ռազմական և օպերատիվ-մարտավարական ուղղություններում գործելու համար. օրինակ, այն կոչված է տեղեկատվական-հոգեբանական աջակցություն ցույց տալ զորամիավորումներին մարտական գործողությունների անցկացման ժամանակ։ Տվյալ դեպքում այդ կենտրոնը Ռումինիայի ԶՈւ ԳՇ կողմից պլանավորված ՏՀՆ միջոցառումներ է իրականացնում։

Զորամիավորումների հրամանատարությունը ԳՇ-ի հետ համաձայնեցված կարող է պլանավորել և իրականացնել ՀԳ սեփական միջոցառումները։ Այդ նպատակով համապատասխան միավորումների շտաբների հոգեբանական պայքարի դասակները պետք է ՏՀՆ անհրաժեշտ նյութեր (կոչեր, թռուցիկներ, վերջնագրեր, ռադիոհաղորդումներ և այլն) մշակեն, որոնք տարածելու համար ներգրավվում են ՀԳ կենտրոնի ստորաբաժանումները։

Մարտավարական մակարդակով գործում են զորամիավորումների (զորամասերի) ՀԳ խմբերը։ Որպես կանոն, նրանք մասնակցում են հակառակորդի վրա ՏՀՆ այն միջոցառումների իրականացմանը, որոնք մշակված և կազմակերպված են գլխադաս շտաբների կողմից։ Այդ խմբերի հիմնական խնդիրներն են՝ զորամիավորման (զորամասի) մարտական բազայում առկա ձայնասփյուռ կայանների օգտագործումը և տեղորոշմանն ու ժամանակին համապատասխան հաղորդումների հեռարձակման ապահովումը, ՏՀՆ նյութերի (գլխավորապես թռուցիկների) ցրումը հակառակորդի այն զորքերի մեջ, որոնք տեղակայված են անմիջական շփման գծի երկայնքով (այստեղ օգտագործվում են հրետանին և նյութերը տեղ հասցնելու այլ միջոցներ), դիմակայող կողմի զորքերի բարոյահոգեբանական վիճակի մասին տեղեկությունների հավաքումն ու վերլուծումը։

ՏՀՆ միջոցառումներ նախապատրաստելիս ԳՇ ՀԳ բաժինը կազմակերպում է զորատեսակների հրամկազմերի փոխգործակցությունը։ Մասնավորապես, ռազմաօդային ուժերի հրամանատարության վրա է դրված ոչ միայն հակառակորդի մասին տեղեկությունների ձեռքբերման խնդիրը, այլև քարոզչական նյութերը հակառակորդի տեղակայման գոտի հասցնելու նպատակով օդուժի միջոցների հատկացումը, ինչպես նաև ծրագրված ՀԳ անցկացման շրջանների օդային հետախուզումը։ Կապի և ինֆորմատիկայի գծով հրամանատարությունը հաստատում է ռադիոկայանների հաճախականությունների բաշխումը, ինչպես նաև ԳՇ ցուցումների հիման վրա որոշում է առանձին ռադիոմիջոցների օգտագործման ձևը հակառակորդի վրա արդյունավետ ՏՀՆ իրականացնելու համար, ապահովում է կապի տեխնիկայի անխափան աշխատանքը, պահեստամասերի ու սնուցման աղբյուրների առկայությունը ՀԳ իրականացնելիս։

ՀԳ զորակազմի գործունեությունը կանոնակարգվում է Ռումինիայի ԶՈւ Հոգեբանական գործողությունների դոկտրինի միջոցով, որը հաստատվել և ուժի մեջ է մտել 2003թ., ինչպես նաև 2004թ. վերջին ընդունված ՀԳ հրահանգներով։

Այդ փաստաթղթերը մշակվել են հոգեբանական պատերազմի վարման ՆԱՏՕ չափանիշներին համապատասխան։ Այսպես. համաձայն ՆԱՏՕ թիվ 402 (МС 402) հրահանգի՝ «հոգեբանական գործողությունները համալիր միջոցառումներ են, որոնք իրականացվում են խաղաղ և պատերազմական ժամանակներում, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակների ծագման պարագայում։ Այդ միջոցառումները նախատեսված են հակառակորդի զորքերի ու բնակչության, ինչպես նաև բարեկամական և չեզոք կողմերի վրա ներգործելու համար՝ նպատակ ունենալով նրանցում ձևավորել որոշակի քաղաքական և ռազմական խնդիրների լուծման համար օգտակար հայացքներ»։

Ռումինիայի ԶՈւ հրամանատարության կարծիքով՝ հակառակորդի վրա հոգեբանական ներգործման կազմակերպումը վճռորոշ դերակատարություն ունի նրա մարտունակության ու բարոյական ներուժը թուլացնելու գործում և կարևոր նշանակություն ունի գործողությունների նախապատրաստման ժամանակ։ Ըստ այդմ՝ ՀԳ հիմնական խնդիրներ են հանդիսանում.

  • հակառակորդի կամ հնարավոր թշնամական կողմի դիմակայելու կամքի թուլացումը,
  • սեփական, ինչպես նաև դաշնակիցների զորքերի ու բնակչության մարտական ոգու ուժեղացումը,
  • չեզոք երկրների բնակչության աջակցության ապահովումը։

1А.Г. Караяни, Информационно-психологическое противоборство в современной войне, http://armyrus.ru/index.php?option=com_content&task=view&id=739&Itemid=1148.

2Ըստ ամերիկյան հրահանգչական և կանոնագրային փաստաթղթերի՝ ՀԳ գործողությունները խաղաղ կամ պատերազմական ժամանակներում իրականացվող պլանային քարոզչական կամ հոգեբանական գործունեություն են հանդիսանում, որն իրականացվում է այլ երկրների թշնամական, բարեկամական կամ չեզոք լսարանների ուղղությամբ և միտված է նրանց բարենպաստ վերաբերմունքին ու վարվելակերպին հասնելուն՝ ԱՄՆ քաղաքական ու ռազմական ազգային նպատակներն իրագործելիս։ Այսպիսով, ՀԳ-ն կոորդինացված քարոզչական գործունեություն է։ Ըստ որում, քարոզչություն ասելով հասկանում են որոշակի գաղափարների պարբերական, նպատակամղված տարածումը կապի ու տեղեկատվության միջոցներով, ինչն ուղղված է կարծիքների, զգացմունքների, իրավիճակների և վերաբերմունքի վրա ազդելուն՝ հանուն սեփական երկրի համար ուղղակի կամ անուղղակի շահերի հասնելու։

32007թ. հոկտեմբերի 10-ին Երևանում, Հայաստանի Պաշտպանության և Ռումինիայի Ազգային պաշտպանության նախարարությունների միջև, ստորագրվեց Երկկողմանի ռազմական համագործակցության ծրագիր 2008թ. համար։

4Տե՛ս հավելվածը։

5От боеспособной армии – к современной (интервью Министра обороны Армении М.Арутюняна), «Ноев ковчег», №10(121), октябрь 2007, http://www.noev-kovcheg.ru/mag/2007-10/883.html.

6А.Гольев, Аппарат психологической борьбы Вооруженных сил Румынии // «Зарубежное военное обозрение», М., № 9, 2007.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր