ԿԻՐԱՌԱԿԱՆԻՑ ԴԵՊԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ. ՀՆԱՐԱՎՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴՈԿՏՐԻՆԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ
Ինչպես հայտնի է, ասիմետրիկ ռազմական գործողությունների վարման արդի հայեցակարգերի մշակման ուղղություններից մեկը ախոյան պետության, այսպես կոչված, համակարգաստեղծ ենթակառուցվածքների վրա ներգործությունն է: Այդ կառույցներն այլ կերպ անվանվում են նաև կրիտիկական ենթակառուցվածքներ, ինչն ընդգծում է դրանց վճռական նշանակալիությունը նման ենթակառուցվածքներ ունեցող պետության ազգային անվտանգության առնվազն անհրաժեշտ մակարդակի ապահովման համար:
Արդի պետության կրիտիկական ենթակառուցվածքի համակարգում առանձնահատուկ տեղ է գրավում պետության տեղեկատվական ենթակառուցվածքը, որի արդյունավետ պաշտպանությունը ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտ տարր է հանդիսանում:
Տեղեկատվական ենթակառուցվածքն ընդգրկում է պետության կրիտիկական ենթակառուցվածքի բազմաթիվ տարրեր և, հետևաբար, կարող է սահմանվել որպես կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածք: Կրիտիկական ենթակառուցվածքի` տեղեկատվականի հետ սերտորեն կապված հիմնական սեկտորներն են կառավարման համակարգերը կառավարությունում, պաշտպանական, ֆինանսաբանկային համակարգերում, գիտահետազոտական սեկտորում, արդյունաբերությունում, էներգետիկայում (այդ թվում և ատոմային), տրանսպորտում, ջրամատակարարման մեջ, կոմունալ տնտեսությունում, հեռահաղորդակցությունում, քաղաքացիական պաշտպանությունում1:
Թվարկված ոլորտները հատուկ նշանակություն ունեն ՀՀ տեղեկատվական ենթակառուցվածքի պաշտպանության առումով: Հայաստանում տեղեկատվական անվտանգության հայեցակարգի ձևավորման շուրջ վարվող նախապատրաստական աշխատանքի համատեքստում կարևոր է թվում այն երկրների փորձը, որոնք բավական առաջ են գնացել իրենց տեղեկատվական անվտանգության հայեցակարգային մշակումներում: Իհարկե, դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես մեր ներազգային տեղեկատվական ենթակառուցվածքի առանձնահատկությունը, այնպես էլ երկրի համար իրական վտանգ ներկայացնող արտաքին բնույթի սպառնալիքներն ու մարտահրավերները:
Հայաստանի տեղեկատվական անվտանգության ապահովման հայեցակարգային մշակումները պետք է կարևոր տեղ գրավեն վերջին երկու տարիներին երկրում ընդունված կարևորագույն փաստաթղթերի (Ազգային ան-վտանգության ռազմավարություն, Ռազմական դոկտրին) շարքում: Միևնույն ժամանակ, մեր կարծիքով, Հայաստանի համար առաջնահերթ խնդիր է կիրառական մշակումների իրականացումը` պոտենցիալ հակառակորդի կամ թշնամական կողմի (որպես պետական կամ ոչ պետական կազմավորում) վրա արդյունավետ ասիմետրիկ ազդեցություն գործելու համար: Տեղեկատ-վական անվտանգության վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթերի մշակման գործում Հայաստանում կադրերի պակաս է զգացվում, ինչը նշում են որոշ հեղինակներ»2: Դա կարող է կոմպենսացվել ավելի կիրառական և որոշակի գործողությունների մշակման ճանապարհով` խոշոր երկրների փորձի հիման վրա բավարարվել այնպիսի երկրների արդեն գոյություն ունեցող մշակումներով, ինչպիսիք են, օրինակ, ԱՄՆ-ը և Գերմանիան3, իհարկե, նրանց փորձը մեր տեղեկատվական միջավայր ներմուծելով ներազգային ու արտաքին գործոնների հաշվառմամբ: Իսկ կիրառական մշակումները և դրանց հիման վրա իրականացվող կոնկրետ գործողությունները` նախևառաջ, արտաքին քաղաքական գործընթացների վրա տեղեկատվական ներգործության առումով, որոնք առավել չափով են առնչվում Հայաստանի ազգային շահերին (պոտենցիալ հակառակորդի զսպում, թշնամանքի չեզոքացում և համազգային խնդիրների լուծման համար բարենպաստ տեղեկատվական դաշտի ստեղծում), այս փուլում Հայաստանի համար ավելի քան հրատապ են: Պատճառները հետևյալն են.
1. Հայաստանի ազգային անվտանգության արտաքին սպառնալիքներն ու մարտահրավերները տեղեկատվական «տրեկում» ներկա պահին խիստ որոշակի են և ապագայում կանխատեսելի` նկատի ունենալով նման սպառնալիքների պոտենցիալ գլխավոր աղբյուրը` Ադրբեջանը: Համապատասխանաբար, Հայաստանը պետք է ունենա սեփական արդյունավետ կիրառական մշակումներ, որոնք կարտացոլեն ինչպես սպառնալիքի աղբյուրի վրա ներգործության միջավայրի, այնպես էլ տվյալ սպառնալիքների աղբյուրի առանձնահատկությունը։
2. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համազգային նպատակնե-րին կարելի է հասնել ոչ պակաս կիրառական, նշանակում է` միջազգային հանրության, առանցքային պետությունների, որոշումներ կայացնող կոնկրետ քաղաքական գործիչների, փորձագիտական հանրության ներկայացուցիչների (ովքեր ներգրավված են Հայաստանի համար կարևոր գլոբալ և տարածաշրջանային նախագծերի մշակման գործում) կարծիքի ձևավորման ուղղությամբ կոնկրետ և հետևողականորեն իրականացվող տեղեկատվական ներգործության իրականացման միջոցով։
Եվ այսպես, երբ խոսում ենք տեղեկատվական ներգործության կիրառական մշակումների մասին, հասկանում ենք, որ խոսքն այն մասին է, ինչն ընդունված է անվանել տեղեկատվական գործողություններ:
Հայաստանի համար, որը տեղեկատվական գործողությունների լայն համալիր վարելու համար ոչ միայն կադրերի, այլև առանձին ռեսուրսների տեխնոլոգիական պակաս ունի, նպատակահարմար է թվում հատուկ ուշադրություն դարձնել նախ` երկրի զինվորական ու քաղաքացիական հատվածների սերտ համագործակցության և երկրորդ` Սփյուռքի ցանցային ներկայացվածության շահավետությանը: Առաջինը թույլ կտա «փակել» Հայաստանի կադ-րային և տեխնոլոգիական դեֆիցիտի նեղ տեղերը, իսկ երկրորդը կհամախմբի Հայությանը մեկ ընդհանուր տեղեկատվական ցանցում, որտեղ անգամ ամենալոկալ ռեսուրսը (օրինակ` քաղաքային թերթը կամ կաբելային ալիքը) կարող է կարևոր նշանակություն ունենալ:
Առաջիկա տարիներին Հայաստանը չի կարող գործադրել տեղեկատվական գործողությունների վարման այնպիսի տեղեկատվական տեխնոլոգիաներ, ինչպիսին, ասենք, ունի ԱՄՆ-ը իր սովորական զինանոցում: Տեղեկատվական անվտանգության ոլորտի ԱՄՆ դոկտրինալ փաստաթղթերը նախատեսում են տեղեկատվական գործողությունների վարման ընդհանուր համալիրի այնպիսի տարրեր, ինչպիսիք են ռադիոէլեկտրոնային պայքարը (Electronic Warfare, EW), հոգեբանական գործողությունները (Psychological Operations, PSYOPS), ցանցային գործողությունները (Computer Network Operations, CNO): Տեղեկատվական գործողությունների օժանդակ տարրեր են համարվում տեղեկատվության անվտանգության ապահովումը (Information Assurance, IA), հակառակորդի կարևոր տեղեկատվական կառույցների ֆիզիկական ոչնչացումը (Physical Attack) և հակահետախուզությունը (Counterintelligence): Նշվում է, որ դրանք ըստ էության անբաժան են տեղեկատվական գործողությունների հիմնական տարրերից և ուղղակիորեն կամ անուղղակիորեն գործադրվում են ընդհանրապես նման գործողությունների խնդիրների լուծման ժամանակ4:
Հայաստանում տեղեկատվական գործողությունների մշակումը (Սփյուռքի և բարեկամ պետությունների, ինչպես նաև ոչ պետական կազմավորումների ռեսուրսների օգտագործմամբ) կարող է իրականացվել հետևյալ հիմնական ուղղություններով.
- պոտենցիալ հակառակորդի կամ այլ թշնամական կողմի վրա տեղեկատվական ազդեցություն` նրանց մոտ, նրանց ներքին հասարակական կարծիքի մեջ ԼՂՀ խնդրի` զինված ճանապարհով անլուծելիության օբյեկտիվ պատկեր ստեղծելու նպատակով,
- հասարակական կարծիքի և քաղաքական ղեկավարության մոտեցումների, փորձագիտական հանրության գնահատականների վրա տեղեկատվական ներգործություն այն երկրներում, որոնք ժխտում են հայերի ցեղասպանությունը, կամ այն երկրներում, որոնք խուսափում են ճանաչել այն,
- տեղեկատվական ազդեցություն լայն մաս-մեդիա և ավելի նեղ` փորձագիտական-ակադեմիական ռեսուրսներում` առաջ մղելու համար այն կարծիքը, որ Հարավային Կովկասում և նրան անմիջապես հա-րակից այլ տարածաշրջաններում անհնար է երկարատև կայունություն` առանց երկու հայկական պետությունների ռազմաքաղաքական հնարավորություններն իբրև հենարան ունենալու և տարածաշրջանի այլ երկրների հետ` առանց նախապայմանների, անդրսահմանային տնտեսական նախագծերում հավասար մասնակցության:
Հայաստանի տեղեկատվական ներգործության համակարգի կառուցմանը կարող է նպաստել ԱՄՆ փորձի վերլուծությունը։ Այստեղ կարևոր է տեղեկատվական ներգործության կառուցվածքային, կառավարչական և գործառնական բաղադրիչների կարգավորված կոորդինացվածության սկզբունքը:
ԱՄՆ-ում 2003թ. հոկտեմբերին ընդունված «Տեղեկատվական գործողու-թյունների վարման պլանը» (Information Operations Roadmap - 2006թ. փետրվարին գործողությունների պլանի դրույթները մանրամասնվեցին «Տեղեկատվական գործողությունների միացյալ դոկտրինում» - Joint Doctrine for Information Operations, JP 3-13) հանգամանալի հանձնարարականներ է պարունակում` տասներկու հիմնական խնդիրների լուծումն ապահովելու համար.
1) ընդհանուր պատկերացումների ձևավորում տեղեկատվական գործողությունների մասին,
2) տեղեկատվական գործողությունների հետ կապված գաղափարների վերանայում և աջակցություն,
3) լիազորությունների բաշխում,
4) մասնագետների պատրաստման համակարգի ստեղծում,
5) համընդգրկուն և համախմբված վերլուծական աջակցության ապահովում,
6) համակարգչային ցանցերում գործողություններ վարելու երկարատև համընդգրկուն ռազմավարության մշակում,
7) ցանցերում գործողությունները ներկառուցել ընդհանուր ռազմական համակարգում,
8) էլեկտրոնային պայքարի ոլորտում ներդրումային ռազմավարության մշակում,
9) հոգեբանական գործողությունների վարման հնարավորությունների ավելացում,
10) հոգեբանական գործողությունների, հասարակության և հրապարակային դիվանագիտության հետ կապերի ֆունկցիոնալ բաժանում,
11) անվտանգության ապահովման և ապատեղեկատվության ուղղությամբ գործողությունների վարման անհրաժեշտության հիմնավորում,
12) պլանավորման, բյուջետային ֆինանսավորման, ծրագրերի պատրաստման և դրանց ֆինանսավորման համակարգի արդյունավետության բարձրացում:
Գործողությունների այս պլանում համալիր մոտեցում է ցուցաբերվել տեղեկատվական գործողությունների հիմնախնդրին, որը հենվում է այն պատկերացման վրա, որ տեղեկատվությունը կենսականորեն կարևոր ռազ-մավարական ռեսուրս է ազգային անվտանգության ապահովման և ռազմական գործողությունների վարման համար, որոնց հաջողությունը հավասար չափով կախված է նաև և´ հենց տեղեկատվությունից, և´ տեղեկատվական համակարգերի գործունեությունից:
Տեղեկատվական գործողությունների անցկացման համալիր արդյունավետության նշված խնդիրների շարքում հատուկ ուշադրության են արժանի չորրորդ և տասներորդ խնդիրները (հատկապես այն երկրների համար, որոնք նոր են ձեռնարկում տեղեկատվական գործողությունների սեփական մեթոդիկայի և պրակտիկայի մշակումը և համապա-տասխան կառույցներն ընդհանուր ռազմաքաղաքական ու քաղաքացիական ինստիտուցիոնալ սխեմաներում ներկառուցելը):
Չորրորդ խնդրի շրջանակներում այնպիսի կոնկրետ հանձնարարականներին զուգահեռ, ինչպիսիք են ազատ վարձու և քաղաքացիական մասնագետների ներգրավումը և տեղեկատվական գործողությունների ուսուցման ծրագրերի արագ ինտեգրումը ռազմական պատրաստության համակարգին, գործողությունների պլանն ընդգծում է, որ տեղեկատվական գործողությունների գծով մասնագետների պատրաստումը պետք է հաշվի առնի այդ գործողությունների վարման բոլոր ուղղությունները, քանի որ դրանք համալիր միջոցառումներ են: Նշվում է նաև, որ մինչև վերջին ժամանակներս համալիր պատրաստություն չէր անցկացվում, և մասնագետները պատրաստվում էին նեղ բնագավառների (օրինակ` էլեկտրոնային պայքարի, հոգեբանական գործողությունների) համար, և մի շարք հարցերի (ապատեղեկատվություն, անվտանգության ապահովում) գործնականում ուշադրություն չէր հատկացվում:
Գործողությունների պլանում դրվում է հրամանատարների պատրաստման խնդիրը, ովքեր ընդունակ են պլանավորել և վերահսկել լիարժեք տեղեկատվական գործողությունների անցկացումը:
Տասներորդ խնդրի վերաբերյալ գործողությունների պլանը խորհուրդ է տալիս համակարգել ԱՄՆ պաշտպանության նախարարության և կառավարության աշխատակիցների հաղորդագրությունների թեմաները և հրապարակային ելույթները` ճշգրտելով, սակայն, որ ցանկացած բաց ելույթ պետք է գնահատվի ազգային անվտանգության և քաղաքականության շահերին ու նպատակներին դրա համապատասխանության տեսակետից5:
Տեղեկատվական գործողությունների վարման ընթացքում առաջացող խնդիրների լուծման սեփական մոտեցումների մշակումը Հայաստանի պետական մարմինների առջև կարող է բարդ հարցեր դնել: Այստեղ անհրաժեշտ է ինչպես սերտ միջգերատեսչական աշխատանք` իշխանության գործադիր թևի շրջանակներում` հենվելով ռազմաքաղաքական կառույցների վրա, այնպես էլ քաղաքացիական մասնագետների լայն ներգրավվածություն: Անհրաժեշտ կլինի նաև նկատի ունենալ աշխարհի տեղեկատվական-տեխնոլոգիական առաջատար տերությունների համապատասխան փորձը՝ միևնույն ժամանակ մնալով հետխորհրդային տարածքում հավաքական անվտանգության համակարգերին մասնակցության գծով ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Լրացուցիչ դժվարություններն արդեն անմիջականորեն կապված կլինեն գլոբալ տնտեսական անկման պայմաններում նյութատեխնիկական ապահովման և համապատասխան ֆինանսավորման հետ: Գլխավորն այն է, որ երկրի ազգային անվտանգության տեսակետից այս կարևոր ուղղության մեջ գործադրված ջանքերն ու ներդրումները կունենան զսպիչ, կանխարգելիչ և չեզոքացնող ներգործություն Հայաստանի և Հայության ներկայիս ու հավանական սպառնալիքների և մարտահրավերների վրա:
1 Тимофей Сайтарлы, Защита критической инфраструктуры – составная часть национальной безопасности и стабильности, www.crime-research.ru, ինչպես նաև Center for Security Studies (CSS) at the Swiss Federal Institute of Technology (ETH)): Elgin M. Brunner and Manuel Suter, International CIIP Handbook 2008/2009. An Inventory of 25 National and 7 International Critical Information Infrastructures Protection Policies. Zurich.
2 Геворк Погосян, Информационная безопасность требует профессионального подхода // Голос Армении, № 6 (19797), 27.01.2009.
3 2005թ. Գերմանիայում ընդունվեց տեղեկատվական ենթակառուցվածքի պաշտպանության Ազգային պլանը (National Plan for the Protection of Information Infrastructures, NPSI), որը երկրի կառավարության համադաշնային ռազմավարական փաստաթուղթ է: Ազգային պլանը երեք ռազմավարական նպատակ է հետապնդում. տեղեկատվական ենթակառուցվածքի պաշտպանություն, հնարավոր տեղեկատվական-տեխնոլոգիական խափանումները վերացնելու պատրաստականություն, պոտենցիալի ուժեղացում տեղեկատվական անվտանգության և միջազգային ստանդարտների հաստատման գործում: Կարևոր է նշել, որ Ազգային պլանը հասցեագրված է ինչպես Գերմանիայի պետական կառույցներին, այնպես էլ քաղաքացիական հատվածին, բիզնես-կառույցներին ու երկրի քաղաքացիներին:
4 А.Костюхин, Г. Горбунов, А. Сажин, Информационные операции в планах командования ВС США // Зарубежное военное обозрение, 2007, № 5.
5 2005թ. մայիսին ԱՄՆ-ում ընդունվեց դոկտրինալ բնույթի առանձին փաստաթուղթ տեղեկատվական գործողությունների անցկացման ժամանակ հանրային տեղեկատվական աջակցության ապահովման վերաբերյալ (Public Affairs, JP 3-61)։ Փաստաթղթում նշվում է, որ այն հրահանգ է ԱՄՆ բարձրագույն հրամանատարության համար հասարակայնության հետ կապեր հաստատելիս, ազգային, միջազգային և արտաքին լսարանի այլ մակարդակներում:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ՌՈՍՆԵՖՏ». ՆՈՐ ԲԻԶՆԵՍ-ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[28.04.2014]
- ՆԱԽԿԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԿՈՒ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ[15.12.2011]
- ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. ԵՐԵՔ ՍԿԶԲՈՒՆՔ, ՎԵՑ ԴՐՈՒՅԹ ԵՎ «ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈ ՊԼՅՈՒՍ»[13.10.2011]
- ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ԱՄՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ[30.03.2011]
- ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ» ԴՐԱԿԱՆՆ ՈՒ ԲԱՑԱՍԱԿԱՆԸ ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ[10.02.2011]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԱՄՆ ԵՎ ԵՄ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԱՇՏՈՒՄ[14.12.2010]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՍՏԱՏՈՒՍ ՔՎՈՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ[25.10.2010]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐ[06.07.2010]
- ԷՐԴՈՂԱՆԻ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ. ԹՈՒՐՔԵՐՆ ԱՎԵԼԻՆ ԷԻՆ ՈՒԶՈՒՄ[12.03.2010]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ. ՊԱՅՔԱՐ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ[02.02.2010]
- «ՍԵՎԾՈՎՅԱՆ ՍԻՆԵՐԳԻԱ» ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ[24.12.2009]