Սահակաշվիլու այցը Սանկտ Պետերբուրգ. վրացական դիվանագիտության անհաջողությունը


Հունիսի 14-ին, Երևանի ժամանակով ժ.1։30-ի սահմաններում Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում ավարտվեցին իրենց բնույթով աննախադեպ՝ Պուտին-Սահակաշվիլի բանակցությունները։ Բանակցություններն ավարտվեցին անհաջողությամբ. որևիցե էական պայմանավորվածություն ձեռք չբերվեց։
Բայց իրականում հարկ է ուշադրություն դարձնել երկու հարցերի վրա.
- հաշվի առնելով ռուս-վրացական հարաբերություններում առկա բավական մռայլ մթնոլորտը` ինչո՞ւ Սահակաշվիլին որոշեց մեկնել Ս. Պետերբուրգ,
- հաշվի առնելով բանակցությունների բնույթի աննախադեպությունը` ինչո՞ւ որևէ համաձայնություն ձեռք չբերվեց։
Մինչ այդ, սակայն, նշենք մի քանի օր առաջ` հունիսի 9-ին ԱՄՆ Սենատի կողմից ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևը։ Համաձայն այդ բանաձևի, ԱՄՆ նախագահ Բուշ-կրտսերը Միացյալ Նահանգների Կոնգրեսին պետք է ներկայացնի «Էներգիայի պաշտպանված, կայուն և վստահելի աղբյուրների ապահովման վերաբերյալ ՆԱՏՕ ռազմավարության մասին» մանրամասն զեկույց` «ներառյալ չնախատեսված իրավիճակներին առնչվող ծրագրերի մասին, եթե էներգիայի ներկայիս աղբյուրները վտանգի ենթարկվեն»:
Բանաձևի ընդունումը, որի հեղինակը Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Սպիտակ տանն ունեցած ազդեցությամբ հայտնի հանրապետական սենատոր Ռիչարդ Լուգարն է, ի վերջո, ունի մեկ նպատակ` Հարավային Կովկաս-Կասպից ավազան-Կենտրոնական Ասիա հատվածում ապահովել գերազանցապես ամերիկյան ռազմաքաղաքական ներակայության հետագա ինստիտուցիոնալացումը։
Գործնականում կարելի է հանգել հետևության, որ բանաձևի ընդունմամբ Վաշինգտոնը հրապարակեց ՆԱՏՕ-ին առնվազն Վրաստանի անդամակցության իր քաղաքական որոշումը։
Ինչ վերաբերում է Սահակաշվիլի-Պուտին հանդիպմանը, ապա հստակ է, որ բանակցությունների նախաձեռնողի դերում հանդես է եկել Թբիլիսին։ Վրացական դիվանագիտության նման քայլի դիմելու հիմքում ընկած են երեք կարևոր դրույթներ`
- Վրաստանը փաստացի ազատվել է ռուսական ռազմական ներկայությունից,
- վրացական ընտրանին եկել է այն համոզման, որ առաջիկայում իրենց երկիրն անդամակցելու է Հյուսիսատլանտյան դաշինքին,
- հետևաբար, նպատակ կա հնարավորինս փոքրացնել Ռուսաստանի բացասական հակաքայլը (որն արտահայտվում է, օրինակ, վրացական գինիների, հանքային ջրերի և գյուղմթերքների վրա դրված արգելքներով)։
Այդ իմաստով, Սահակաշվիլու վարչակարգը որպես «զիջման կետ» անցած ամիսների ընթացքում նախապատրաստել էր (հատկապես տեղեկատվական հարթությունում) Հարավային Օսիայում և Աբխազիայում ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը։ Պետք է ենթադրել, որ Վրաստանի նախագահը մեկնում էր Ս.Պետերբուրգ՝ այդ կետում զիջումների գնով Պուտինից փոխհատուցում ստանալու ակնկալիքով (վրացական արտադրանքի առջև ռուսական շուկայի վերաբացում)։
Ինչո՞ւ չստացվեց պայմանավորվել։
Ըստ ամենայնի, ռուսական կողմը՝ որպես փոխհամաձայնության ձեռքբերման նախապայման, բարձրացրել է հենց ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը` էական նշանակություն չտալով Սահակաշվիլու բերած «զիջման կետին»։ Եվ այստեղ, թերևս, սխալված չենք լինի, եթե ձևակերպենք, որ Սահակաշվիլին ոչ թե չէր ցանկանա, այլ այլևս չէր կարող զիջել նման հարցում։
Ընդհանուր հետևությունն այն է, որ առաջիկայում սպասվում է լարվածության աճ՝ այդ թվում հարավօսական հակամարտության գոտում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]