• am
  • ru
  • en
Версия для печати
15.12.2008

ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ

Руский

   

Սարգիս Հարությունյան

energy activity in Central Asia (original) Նախորդ մի քանի շաբաթների ընթացքում Կենտրոնական Ասիայում տեղի ունեցան երկու ուշագրավ իրադարձություններ։ Թեև առաջին հայացքից այդ իրադարձություններն էական նշանակություն չունեն տարածաշրջանի էներգետիկ փոխդասավորվածության առումով, սակայն երկու իրադարձությունների դիտարկումն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ, թերևս, մենք գտնվում ենք էներգետիկ նոր պայմանավորվածությունների նախաշեմին։

Ուզբեկստանի քայլը

Ս.թ. նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Ուզբեկստանը դիմում է ներկայացրել «Եվրասիական տնտեսական ընկերակցության» (ЕвразЭС) քարտուղարություն՝ կազմակերպությունից դուրս գալու մասին։ Թեև ռուսական աղբյուրների ներկայացմամբ, պաշտոնական Տաշքենդի նման քայլը որևէ ազդեցություն չի ունենա ռուս-ուզբեկական էներգետիկ պայմանավորվածությունների վրա1, իրականում Ուզբեկստանի այդ քայլն առնվազն նշանակում է, որ՝

  • Որոշումն ունի ռազմավարական բնույթ։ Այսինքն՝ Տաշքենդում խնդիր է դրված փոփոխություններ մտցնել արտաքին քաղաքականության մեջ, իսկ Ուզբեկստանի պարագայում ու հատկապես Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում էներգետիկ բաղկացուցիչը ուզբեկական արտաքին քաղաքականության առաջնային կետերից մեկն է։ Հետևաբար, չպետք է բացառել, որ առաջիկայում մենք նորություններ կլսենք ռուս-ուզբեկական էներգետիկ համագործակցության վերաբերյալ։
  • Մյուս կողմից, եթե ներկայացվածը համապատասխանում է իրականությանը, ապա դժվար թե նորությունները կանգ առնեն միայն այդ կետի վրա։ «Եվրասիական տնտեսական ընկերակցությունից» Ուզբեկստանի դուրս գալը կարող է ցուցիչ հանդիսանալ, որ Տաշքենդում ձեռնամուխ կլինեն ռուսականից զատ այլ ուղղություններով էներգետիկ ռազմավարությունների իրականացմանը, եթե, իհարկե, այդ նպատակով արդեն քայլեր ձեռնարկված չեն։
  • Եվ վերջապես, հաշվի առնելով Ուզբեկստանի աշխարհառազմավարական դիրքը և Թուրքմենստանի ու Տաջիկստանի հաղորդակցային կախվածությունը Տաշքենդից՝ հարկ է ենթադրել, որ փոփոխություններն Ուզբեկստանի արտաքին դիրքորոշման մեջ կարող են ազդեցություն ունենալ նաև այդ երկու երկրների վրա։

Ընդհանուր հետևությունն այս է. Կենտրոնական Ասիայում առանցքային երկիր հանդիսացող Ուզբեկստանի նման կտրուկ քայլը կարող է նշանակել, որ ենթադրվող փոփոխությունները կրելու են տարածաշրջանային բնույթ և չեն սահմանափակվի միայն Տաշքենդով (ինչպես 2005թ. Անդիջանի դեպքերին հաջորդող ժամանակահատվածում)։

Թուրքմենստանի հայտը

Ս.թ. հոկտեմբերի 14-ին բրիտանական «Gaffney, Cline & Associates Ltd.» ընկերությունը հրապարակեց թուրքմենական բնական գազի հանքերի՝ իր կողմից իրականացված աուդիտի արդյունքները2։ Համաձայն այդ հրապարակման՝ միայն «Յոլոտան-Օսման» գազահանքի պաշարները գնահատվեցին 5 տրլն մ3-ից մինչև 17.5 տրլն մ3, իսկ Թուրքմենստանի բնական գազի ընդհանուր պաշարները գնահատվեցին ավելի քան 27.67 տրլն մ3։ Եթե բրիտանական այդ ընկերության ներկայացրած տվյալները համապատասխանում են իրականությանը, ապա Թուրքմենստանը դառնում է աշխարհում բնական գազի ամենամեծ պաշարներն ունեցող երկրորդ երկիրը Ռուսաստանից հետո։

Բնական գազի ամենամեծ պաշարներն ունեցող առաջին հինգ երկրները3
երկիր պաշարները, տրլն մ3 չափաբաժինը (%)
մոլորակի ընդհանուր պաշարների մեջ
1. Ռուսաստան 44.60 22.07%
2. Թուրքմենստան 27.67 13.69%
3. Իրան 27.58 13.65%
4. Կատար 25.64 12.69%
5. Սաուդյան Արաբիա 7.07 3.50%

Սակայն հասկանալի է` հարցը չի փակվում սոսկ Թուրքմենստանի զբաղեցրած դիրքի փոփոխությամբ։ Թուրքմենստանի բնական գազի պաշարների նման կտրուկ աճն4 իր հետ կբերի ոչ միայն շոշափելի տեղաշարժեր տարածաշրջանային էներգետիկ պատկերում, այլև կարող է հանգեցնել աշխարհաքաղաքական հետևանքների։

Պատահական չէ, որ միայն հոկտեմբերին Աշգաբադ այցելեցին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Nabucco» նախագծի կոորդինատոր, Ավստրիայի հատուկ հարցերի գծով դեսպան Մարիա Ռեյխ-Ռոհրվիգը, ավստրիական նավթագազային խոշորագույն ընկերության՝ «OMV»-ի (որը «Nabucco» նախագծի իրականացման, թերևս, առանցքային ընկերությունն է) գլխավոր տնօրեն Վոլֆգանգ Ռուտենսդորֆերը, եվրասիական էներգետիկ հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բոյդեն Գրեյը և ԱՄՆ պետքարտուղարության եվրասիական էներգետիկ հարցերի գծով կոորդինատոր Սթիվեն Մանը, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի ու նավթի նախարարներ Մանուչեհր Մոթաքին և Ղոլամհոսեյն Նոզարին5։

Թեև նոր էներգետիկ պայմանավորվածությունների մասին առայժմ հայտնի չէ, սակայն մի բան գրեթե հստակ է՝ միջազգային պրակտիկայում գազահանքերի աուդիտը (հատկապես՝ նման խոշոր աուդիտը) սովորաբար նախորդում է պայմանագրերի կնքմանը։

Քաղաքական տեսանկյունից Աշգաբադի որոշումը՝ հրապարակել նման կարգի տեղեկություն, պետք է ընկալել որպես հայտ՝ նոր դերակատարությամբ հանդես գալու միջազգային էներգետիկ շուկայում։ Որովհետև այս պարագայում առաջնային է դառնում ոչ թե Թուրքմենստանի բնական գազի իրական պաշարների հարցը, այլ այն թիվը, որը ներկայացվում է։ Այդ առումով իրավիճակը կարծես թե մոտ է Ադրբեջանի նավթային բումին նախորդող ժամանակահատվածին։ Մյուս կողմից, նման քանակությամբ բնական գազի պաշարների մասին հրապարակումը նաև յուրահատուկ մեսիջ է Մոսկվային, թե Աշգաբադն ունի ավելի շատ կապույտ վառելիք, քան պարտավոր է վաճառել «Газпром»-ին։ Այսինքն՝ ռուսական կողմի համար անակնկալ չպետք է լինի, եթե Թուրքմենստանը որոշի իր բնական գազը միջազգային շուկա արտահանել նաև այլ ուղիներով։

Եվ վերջապես, նույն համատեքստում պետք է դիտարկել սեպտեմբերի 26-ին Թուրքմենստանում նոր սահմանադրության ընդունման փաստը։ Այն, վերացնելով Սափարմուրադ Նիյազովի օրոք ստեղծված 2500 անդամ ունեցող Ժողովրդական խորհուրդը, ցուցիչ հանդիսացավ, որ նախագահ Բերդիմուհամեդովն իրեն բավական ամուր է զգում6։

Հեռանկարի շուրջ

Էներգետիկ քաղաքականությունը սկսում է գործել միայն այն ժամանակ, երբ առկա է էներգակիրների տեղափոխման ճանապարհը։ Այդ իմաստով միգուցե վաղ է խոսել կենտրոնաասիական էներգետիկ դաշտում ենթադրվող փոփոխությունների մասին, սակայն Ուզբեկստանին և Թուրքմենստանին առնչվող վերոհիշյալ իրադարձությունները հիմք են տալիս ենթադրելու, որ նորություններ, այնուամենայնիվ, կլսենք։ Այն, որ դրանք դժվար թե առնչվեն չինական ուղղությանը, վկայում է այն հանգամանքը, որ Կենտրոնական Ասիան Չինաստանին կապող նավթամուղի ու գազամուղի շինարարություններն ավարտական փուլում են։ Հետևաբար, միակ տարբերակը մնում է արևմտյան ուղղությունը։ Այլ հարց է, թե ի վերջո որ ճանապարհը կընտրվի՝ ադրբեջանակա՞ն, իրանակա՞ն, թե՞ երկուսը միասին։

1Հայտնի է, որ ներկայում Ուզբեկստանն իր բնական գազը վաճառում է միայն Ռուսաստանին։ Սեպտեմբերի սկզբին Տաշքենդ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի կատարած այցելության ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նոր գազամուղի կառուցման վերաբերյալ, որը դեպի Ռուսաստան հոսող նաև ուզբեկական կապույտ վառելիքը տարեկան կավելացնի 25-30 մլրդ մ3։ Հայտնի է նաև, որ եվրոպական սպառողների առջև իր պարտավորությունները կատարելու համար «Газпром»-ին ուղղակի անհրաժեշտ է կենտրոնաասիական երեք պետություններից (Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքմենստան) եկող բնական գազը, այլապես միայն ռուսական կապույտ վառելիքով «Газпром»-ը չի կարողանա բավարարել ներքին պահանջները և անհրաժեշտ քանակությամբ գազ արտահանել Եվրոպա։

2Նշենք, որ 2008թ. մարտի 28-ին հրապարակված տեղեկության համաձայն՝ թուրքմենական կառավարությունը բրիտանական «Gaffney, Cline & Associates Ltd.» ընկերությանն էր հանձնարարել իրականացնել Թուրքմենստանի բնական գազի հանքերի առաջին անկախ աուդիտը` պարզելու երկրի կապույտ վառելիքի իրական ծավալները։ Նման աուդիտ չէր անցկացվել Թուրքմենստանի անկախությունից ի վեր։

3Տվյալները ներկայացված են՝ հիմք ընդունելով «Gaffney, Cline & Associates Ltd.» ընկերության նշված հրապարակումը և «British Petroleum» ընկերության կողմից պատրաստված «BP Statistical Review of World Energy, June 2008» զեկույցը։

4«BP Statistical Review of World Energy, June 2008» զեկույցը Թուրքմենստանի բնական գազի պաշարները գնահատում է 2.67 տրլն մ3։

5Նույն շարքին են դասվում նաև ս.թ. նոյեմբերի 14-ին Բեռլինում կայացած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի բանակցությունները։

6Ուշագրավ է, որ նոր սահմանադրության ընդունման նախօրեին՝ սեպտեմբերի 12-14-ը, Աշգաբադի հյուսիսային արվարձանում տեղի ունեցան բախումներ անհայտ զինյալների և թուրքմենական անվտանգության մարմինների միջև, որոնց հետևանքով զոհվեցին անվտանգության 20 աշխատակիցներ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր