• am
  • ru
  • en
Версия для печати
27.10.2008

ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ

Руский

   

Սարգիս Հարությունյան

Iran (medium) Թեեւ Վրաստանի շուրջ ընթացող զարգացումները, կարծես, երկրորդական պլան մղեցին վերջին տարիների միջազգային կարեւորագույն հարցերից մեկը` իրանականը, բայց լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ առաջիկայում մենք դարձյալ կլսենք Իրանի մասին։ Այս անգամ, սակայն, առաջնայինը չի լինի իսլամական հանրապետության միջուկային ծրագիրը, ոչ էլ Իրաքի հարցում Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ ընթացող բանակցությունները։ Արդեն այսօր առկա նշանները վկայում են, որ Իրանն Արեւմուտքի հետ էներգետիկ ռազմավարական պայմանավորվածության ճանապարհին է, իսկ Վրաստանի շուրջ իրադարձությունները միայն արագացրին այդ գործընթացը։

Այդ իմաստով, 2007թ. երկրորդ կեսից սկսված ամերիկա-իրանական բանակցությունների եւ այսօր էլ շարունակվող պայմանավորվածությունների գլխավոր արդյունքը, թերեւս, պետք է սպասել հենց էներգետիկ ոլորտում։

Իրավիճակային վերլուծություն

Վերջին շաբաթների ընթացքում ուշագրավ հրապարակումներ եղան Իսրայել–Իրան ռազմաքաղաքական դիմակայության շուրջ։ Սեպտեմբերի 26-ին բրիտանական «The Guardian»-ը գրեց, թե 2008թ. մայիսի 14-ին Իսրայելի անկախության հռչակման 60-րդ տարեդարձի կապակցությամբ Երուսաղեմում գտնվող ԱՄՆ նախագահը հայտնել է պաշտոնական Թել Ավիվին, որ եթե հրեական պետությունը հարձակվի Իրանի վրա, ապա Վաշինգտոնը չի աջակցի Իսրայելին։ Պարբերականի ներկայացմամբ, Բուշ-կրտսերը նաեւ նշել է, թե ինքն իր դիրքորոշումը չի փոխի մինչեւ իր նախագահության ավարտը` 2009թ. հունվար։

Հոկտեմբերի 5-ի իսրայելական «Haaretz»-ի ներկայացմամբ, տարածաշրջան այցելած Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները կոչ է արել Թել Ավիվին ձեռնպահ մնալ Իրանի դեմ ռազմական ակցիայից։ Իսկ հաջորդ օրը` հոկտեմբերի 6-ին, իսրայելական մեկ այլ լրատվամիջոց` «Channel-10» հեռուստաընկերությունը, հիմնվելով անանուն դիվանագիտական աղբյուրների վրա, հրապարակեց մի տեղեկություն, ըստ որի` Միացյալ Նահանգները հայտարարել է Իսրայելին, թե թույլ չի տա, որպեսզի այն հարձակում գործի Իրանի նկատմամբ, քանի որ այդպիսով վտանգի տակ կհայտնվեն Իրաքում եւ Աֆղանստանում գործող ամերիկյան զորամիավորումները։

Ներկայացվածն ուշադրության է արժանի ոչ այնքան կոնկրետ իրադարձությունների կամ հայտարարությունների առումով, որքան նրանով, որ Վաշինգտոնում ու Եվրոպայում որոշել են փոփոխություններ մտցնել Իրանի նկատմամբ տարվող տեղեկատվական քաղաքականության մեջ։ Պատահական չէ, որ վրաց-ռուսական պատերազմից հետո Իրանի հասցեին Արեւմուտքից գրեթե չեն լսվում սպառնալից հայտարարություններ, ինչպես նախկին մի քանի տարիներին էր։ Մինչդեռ, ողջ հարցն այն է, որ նման փոփոխությունները տեղի են ունենում Իրանի հետ առկա հիմնական` միջուկային խնդրում որեւէ էական տեղաշարժի բացակայության պայմաններում։1 Հետեւաբար հարց է առաջանում` ո՞րն է պատճառը։

Հաջորդ կարեւոր հանգամանքը, որի վրա հարկ է ուշադրություն դարձնել, Իրաքում, Աֆղանստանում եւ Պակիստանում ընթացող զարգացումներն են։

Իրաք. օգոստոսի 28-ին Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարեց, թե Վաշինգտոնի հետ սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի` մինչեւ 2009թ. հունիսը Իրաքում առկա ամերիկյան ռազմուժի հարվածային մասերը պետք է դուրս բերվեն քաղաքներից, իսկ մինչեւ 2011թ. ամերիկյան զորքերը պետք է ընդհանրապես թողնեն Իրաքը։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Իրաքում գործող ու Իրանի աջակցությունը վայելող 60 հազ.-ոց «Մահդիի բանակը» դադարեցնում է իր գործունեությունը, իսկ շարժումը ձեւափոխվում է կրոնական-մշակութային միության։2 Շատ չանցած` սեպտեմբերի 4-ին, Իրաքի կառավարությունը հայտարարեց, թե փակում է իր տարածքում գործող ու Թեհրանի վարչակարգին ընդդիմադիր իրանական «Մոջահեդին-է-Խալք» կազմակերպության ճամբարները։

Աֆղանստան. սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը հեռախոսային խոսակցություն է ունեցել «Թալիբան» շարժման առաջնորդ մոլլա Օմարի հետ, որի ժամանակ կոչ է արել նրան միանալ աֆղանական կառավարությանը` դադարեցնելով քաղաքացիական պատերազմը։ Նույն օրը հայտնի դարձավ նաեւ, որ Մեծ Բրիտանիայի ու Սաուդյան Արաբիայի հովանավորությամբ Մեքքայում գաղտնի բանակցություններ են ընթացել Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչների միջեւ` փաստորեն, կոալիցիոն կառավարություն ձեւավորելու համար։ Հոկտեմբերի 2-ին Կանադայի վարչապետ Սթեֆըն Հարփերը հայտարարեց, թե ՆԱՏՕ-ն չի կարող հավերժ մնալ Աֆղանստանում։ Հարփերը նաեւ խոստացել է մինչեւ 2011թ. Աֆղանստանից դուրս բերել կանադական 2.500-ոց զորամիավորումը։ Նույն օրը «The Times»-ը գրեց, թե Աֆղանստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Շերարդ Քաուփեր-Քոուլզը իր անհամաձայնությունն է հայտնել այդ երկրում արեւմտյան կոալիցիոն ուժերի ներկայության առնչությամբ եւ ասել, թե «Թալիբանի» դեմ ընթացող կամպանիան տապալվելու է, եւ իրավիճակից լավագույն ելքը կլինի Քաբուլում բռնապետի իշխանության գլուխ գալը։ Երեք օր անց` հոկտեմբերի 5-ին, «The Sunday Times»-ին տված հարցազրույցի ժամանակ Աֆղանստանում բրիտանական զորքերի հրամանատար Մարկ Կարլտոն-Սմիթը հայտարարեց, թե «Թալիբանի» դեմ պատերազմը հնարավոր չէ հաղթել։ Եվ վերջապես, հոկտեմբերի 9-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հանդես եկավ հայտարարությամբ, թե պաշտոնական Վաշինգտոնը դրականորեն կարձագանքի «Թալիբանի» հետ ձեռք բերվելիք համաձայնությանը, եթե այն հանգեցնի Աֆղանստանում շարունակվող պատերազմի ավարտին։

Պակիստան. չնայած համարվում էր, թե Պակիստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարությունում նստած են նախագահ Փերվեզ Մուշարաֆի մարդիկ, որոնց մի մասին նա նշանակել էր դեռ 2007թ., սակայն շատերի համար անակնկալ ձեւով ս.թ. օգոստոսի 18-ին Մուշարաֆը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Սեպտեմբերի 6-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի ամուսինը` Ասիֆ Ալի Զարդարին։ Իշխանափոխությունը Պակիստանում նշանավորվեց նաեւ ներքին անկայունության կտրուկ աճով, որի ցուցիչներից պետք է համարել սեպտեմբերին մի քանի անգամ տեղ գտած ամերիկյան ու պակիստանյան զինված ուժերի բախումները աֆղանա-պակիստանյան սահմանին, ինչպես նաեւ իսլամիստ ահաբեկիչների գործունեության կտրուկ ակտիվացումը երկրում։3

Ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ ներկայացված երեք երկրներից (որոնք բոլորն էլ սահմանակից են Իրանին) առնվազն երկուսում ԱՄՆ-ի կողմից իրականացվող փոփոխությունները քիչ արդյունավետ կամ նույնիսկ անհնար կլինեն առանց Թեհրանի հետ համագործակցության։ Մեծ է հավանականությունը, որ մենք գործ ունենք ամերիկա-իրանական բավական ընդգրկուն պայմանավորվածության հետ։ Բայց կրկին երեւան է գալիս վերը ներկայացված հարցը. եթե մենք էական տեղաշարժեր չենք տեսնում իրանական միջուկային խնդրում, ապա որ՞ն է այն հարցը, որի շուրջ պայմանավորվածությունը կբավարարի երկու կողմերին էլ։

Եվ վերջապես, զարգացումները բուն էներգետիկ ոլորտում։ Հոկտեմբերի 4-5-ը Թեհրանում տեղի ունեցավ Իրանից բնական գազի արտահանման հարցերի շուրջ բավական ներկայացուցչական համաժողով։ Համաժողովն ուշադրություն գրավեց այն պատճառով, որ նրա հովանովորներն էին ֆրանսիական «Total» եւ ավստրիական «OMV» նավթագազային հսկաները։

Չնայած 1996թ. ԱՄՆ Կոնգրեսի ընդունած հանրահայտ ակտը («Iran–Libya Sanctions Act», «ILSA») պատժամիջոցներ էր սահմանել այն ընկերությունների համար, որոնք $20 մլն-ից ավելի ներդրում կկատարեն իրանական էներգետիկ ոլորտում, սակայն հոկտեմբերի 4-5-ի համաժողովից զատ, անցած ողջ տարվա ընթացքում ուշագրավ նշաններ էին ի հայտ գալիս էներգետիկ ոլորտում արեւմտյան ընկերությունների եւ Իրանի միջեւ ծավալվող համագործակցության վերաբերյալ։

Ս.թ. հուլիսի 8-ին Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, հանդիպելով իրանական «Առեւտրի խորհրդի» ղեկավարության հետ, հայտարարեց, թե օրինագիծ է պատրաստվում, որը կդյուրացնի օտարերկրյա ներդրումները երկրում։ Իսկ հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ Գերմանիայի Տնտեսության եւ արտահանման նկատմամբ վերահսկողության դաշնային կոմիտեն («BAFA») հավանություն է տվել, որպեսզի գերմանական «Steiner-Prematechnik-Gastec» ընկերությունը $155 մլն-ի դիմաց Իրանի հարավում հիմնի հեղուկ գազի («LNG») արտահանման համար անհրաժեշտ տեխնիկական կարողություններ։ Թեեւ գերմանական կողմի ներկայացմամբ, իրենք չեն խախտում «ILSA»-ն, քանի որ սարքավորումները հավաքվում են Գերմանիայում եւ հետո միայն արտահանվում Իրան, սակայն այդ գործարքը հստակ ազդանշան էր, որ Բեռլինը մտադրություն ունի խորացնել համագործակցությունը Թեհրանի հետ գազային ոլորտում։

Պետք է նույն տրամաբանության ներքո դիտարկել նաեւ ընթացող ադրբեջանա-իրանական եւ թուրք-իրանական պայմանավորվածությունները նավթագազային ոլորտում։ Հայտնի է, որ վրաց-ռուսական պատերազմի հետեւանքով օգոստոսի 25-ից Ադրբեջանն օրական մոտ 200 հազ. բարել նավթ է արտահանում միջազգային շուկա Իրանի միջոցով։ Սեպտեմբերի 24-ին «The Financial Times»-ին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նավթային պետական ընկերության փոխնախագահ Էլհար Նասիրովը հավաստիացրեց, որ Բաքուն շարունակելու է միջազգային շուկա նավթ արտահանել Իրանի տարածքով։ Անշուշտ, կապված վրաց-ռուսական պատերազմի հետեւանքով Վրաստանի տարածքով անցնող նավթամուղների անապահով դառնալու եւ ժամանակ առ ժամանակ չաշխատելու հետ, Բաքվում նաեւ հարկադրված են եղել ռուսականի հետ միասին ընտրել իրանական ուղին, որպեսզի կարողանան արտահանել իրենց մոտ կուտակվող նավթը։ Սակայն տրամաբանական է այն տեսակետը, որ պաշտոնական Բաքվի նման քայլերն աջակցություն են գտել նաեւ Ադրբեջանում գործող արեւմտյան ընկերությունների կողմից։

Ի դեպ, կարելի է նույն տարբերակն առանձնացնել նաեւ էներգետիկ ոլորտում ընթացող թուրք-իրանական բանակցությունների համատեքստում։ Հայտնի է, որ անցած տարի Անկարան եւ Թեհրանը նախնական համաձայնության եկան $3.5 մլրդ-ի հասնող մի նախագծի շուրջ, որը նախատեսում է իրանական «Հարավային Փարս» գազահանքից տարեկան մոտ 27 մլրդ մ3 գազ արտահանել Թուրքիա, իսկ այնտեղից էլ` Եվրոպա։4 Դժվար թե առանց գազի ներմուծումից կախված եվրոպական երկրների հետ նախնական համաձայնության Թուրքիայի համար իմաստ ունենար նման ծավալի պայմանավորվածությունների հանգել Իրանի հետ։

Հետեւություններ

Ուշագրավ էր սեպտեմբերի 5-6-ը Լիբիայում գտնվող Քոնդոլիզա Ռայսի հայտարարությունը, թե Իրանն ու Հյուսիսային Կորեան պետք է հետեւեն Տրիպոլիի օրինակին եւ սեփական միջուկային ծրագրերից հրաժարվելու դիմաց սերտ համագործակցություն հաստատեն Արեւմուտքի հետ։ Հայտնի է, որ Արեւմուտք–Լիբիա հարաբերությունների նորմալացումից հետո վերջինս լուրջ պայմանագրեր է կնքել արեւմտյան մի շարք ընկերությունների հետ` իր նավթի ու բնական գազի պաշարների շահագործման վերաբերյալ։

Իհարկե, քիչ հավանական է, որ Իրանին սպասում է նույն տարբերակը։ Չնայած հարուստ էներգետիկ պաշարներին, Իրանը սակավաթիվ երկրներից է, որի արտաքին քաղաքականությունը չի որոշվում էներգետիկ կարողությունների գործոնով։ Բայց այդքանով հանդերձ, մենք, թերեւս, պետք է սպասենք էներգետիկ ոլորտում Իրան–Արեւմուտք լուրջ պայմանավորվածությունների ի հայտ գալուն։ Պատճառները երկուսն են.

  • Ներկայում բավական ակտիվ կերպով ընթացող ամերիկա-իրանական պայմանավորվածությունները, ըստ ամենայնի, էապես չեն անդրադառնում իրանական միջուկային ծրագրին, որն Իրանում շարունակում են դիտել որպես սեփական անվտանգության ապահովման թիվ մեկ միջոց։ Հետեւաբար, միակ ոլորտը, որը կարող է սպասարկել նոր ձեռք բերվող Վաշինգտոն-Թեհրան պայմանավորվածությունը, էներգետիկան է։
  • Վրաց-ռուսական պատերազմն արագացրեց սույն գործընթացը։ Եթե նախկինում Հարավային Կովկաս–Կասպից–Կենտրոնական Ասիա էներգետիկ հոսքերի ճանապարհն էր դիտվում իբրեւ այլընտրանք Ռուսաստանին, ապա վրաստանյան իրադարձություններից հետո միակ տարբերակը հանդիսանում է Իրանը։

1Ս.թ. սեպտեմբերի 27-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ ընդունված նոր` թվով հինգերորդ, բանաձեւը դրա լավագույն վկայությունն է։ Բանաձեւը, կոչ անելով Թեհրանին դադարեցնել ուրանի հարստացումը եւ սահմանափակումներ մտցնել հրթիռային ծրագրում, որեւէ նոր պատժամիջոցներ չի սահմանում իսլամական հանրապետության նկատմամբ։

2Այդ հայտարարությունն արել է ,Մահդիի բանակիե հրամանատար, Իրաքի շիա ազդեցիկ գործիչներից մեկը հանդիսացող Մոքթադա ալ-Սադրը, ով ամերիկյան աղբյուրների ներկայացմամբ` հաստատվել է Թեհրանում։

3Ս.թ. սեպտեմբերի 22-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող ,Marriottե հյուրանոցի պայթեցման հետեւանքով զոհվեցին ավելի քան 50 հոգի, վիրավորվեցին մոտ 200-ը։

4Բանակցությունները շարունակվում են, եւ հոկտեմբերի 8-ին Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերը հայտարարեց, թե պայմանագրի տեքստի պատրաստ լինելուն պես ինքը կմեկնի Թեհրան` այն ստորագրելու։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր