• am
  • ru
  • en
Версия для печати
18.09.2008

ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Руский

   

Սարգիս Հարությունյան

image (medium) Այն, ինչի հասավ Ռուսաստանը ռուս-վրացական հնգօրյա պատերազմի արդյունքում, անշուշտ, կարեւոր է։

  • Չնայած Ադրբեջան, Վրաստան եւ Ուկրաինա կատարած այցերից հետո սեպտեմբերի 7-ին Իտալիայում ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին` հետախուզության ոլորտում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելուց հետո հայտարարեց, թե ՆԱՏՕ-ի անդամ երկրները կողմ են դաշինքին Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցությանը, սակայն իրականությունն այն է, որ Վրաստանի դեմ ռազմական գործողություններով Ռուսաստանը հասավ տվյալ հարցում Եվրոպայում իր կողմնակիցների թվաքանակի ավելացմանը։ Օրինակ, հարավօսական դեպքերի առնչությամբ եվրոպացի մի շարք գործիչների կողմից Վրաստանի նախագահ Սահակաշվիլու հասցեին հնչող քննադատությունը պետք է նախ եւ առաջ հասկանալ որպես ՆԱՏՕ-ին Թբիլիսիի ենթադրվող անդամակցության հարցում դիրքորոշման արտահայտում։ Ընդհանուր հետեւությունն այս է` ռուս-վրացական հնգօրյա պատերազմի միջոցով Մոսկվան հասավ նրան, որ դեկտեմբերին դաշինքի անդամ երկրների արտգործնախարարները Վրաստանի հետ չեն սկսի MAP-ը (Membership Action Plan, Անդամակցության գործողությունների ծրագիրը), որովհետեւ գրեթե բոլոր եվրոպական երկրները չեն ցանկանում կամ չեն կարող Թբիլիսիին անվտանգության երաշխիքներ տալ Ռուսաստանի դեմ։
  • Երկրորդ, պատերազմի միջոցով Ռուսաստանը խնդիր ուներ ցույց տալ հետխորհրդային բոլոր երկրներին (անգամ` ՆԱՏՕ-ի անդամ բալթյան երեք հանրապետություններին), որ անվտանգության ոլորտում ԱՄՆ ու Եվրամիության տված երաշխիքները չեն գործում։1 Այս հաղորդագրությունն, անշուշտ, առաջին հերթին ուղղված է Կիեւին,2 սակայն առաջնային հասցեատերերի թվում են նաեւ Ադրբեջանն ու Մոլդովան։ Կրեմլում ցանկանում են, որպեսզի այդ երկրները վերանայեն իրենց մոտեցումներն արտաքին քաղաքականության ոլորտում, եւ փաստն այն է, որ այս գործընթացը սկսվել է։ Այլ հարց է, թե ի վերջո ուր կտանի այն։
  • Երրորդ, ռուս-վրացական պատերազմով Մոսկվան նպատակ ուներ վերականգնել իր զինված ուժերի իմիջը։ Վերջին անգամ ռազմական նմանատիպ ակցիա Մոսկվան իրականացրել էր մոտ 30 տարի առաջ` Աֆղանստան ներխուժելով, եւ ԽՍՀՄ փլուզումից հետո միջազգային հարաբերություններում ռուսական քաղաքականության արդյունավետությունը բարձրացնող, փաստորեն, միակ միջոցը Կրեմլի կողմից էներգետիկ քաղաքականության կիրառումն էր։ Այժմ Ռուսաստանն ավելացնում է նոր բաղադրիչ` իր ռազմական կարողությունների հնարավորությունը, ու եթե ոչ աշխարհի հեռավոր մասերում, ապա հետխորհրդային տարածքում այն կունենա իր նշանակությունը։
  • Թեեւ Սարկոզի–Մեդվեդեւ պայմանավորվածությունների արդյունքում Մոսկվան ի վերջո համաձայնեց դուրս բերել իր զորամիավորումները Վրաստանից եւ կրճատել ռազմական ներկայությունն Աբխազիայի ու Հարավային Օսիայի շուրջ առկա անվտանգության գոտիներում,3 սակայն Մոսկվայի համար կարեւորն այստեղ այն է, որ հարցերը լուծվում են Ռուսաստան–Եվրամիություն ձեւաչափում։ Խնդիր կա ցույց տալու, որ ո՛չ ՆԱՏՕ-ի ձեւաչափը, ո՛չ էլ ԱՄՆ քաղաքականությունը չեն կարող դա անել։4 Ընդ որում, Մոսկվան ԵՄ-ի հետ հաջողությունների հասավ նրա առանցքային երկրների հետ առանձին հարաբերությունների միջոցով։ Հնարավոր է, որ այս վիճակին ձգտում էին Փարիզում եւ Բեռլինում` բարձրացնել սեփական քաղաքականությունների կշիռն աշխարհում, բայց սա նպատակ էր, որը դրվել էր նաեւ Մոսկվայում։

Ներկայացված հետեւությունները, սակայն, ակտուալ էին օգոստոսի վերջի եւ սեպտեմբերի առաջին տասնօրյակի համար։ Անշուշտ, ընդհանուր իրադրությունը Հարավային Կովկասում գտնվում է ակտիվ ձեւափոխման փուլում, եւ դրա կարեւոր ցուցիչներն են Վրաստանի շուրջ շարունակվող զարգացումները, էներգետիկ հարցերի վերանայումը Բաքվում եւ նորությունները հայ-թուրքական հարաբերություններում: Բայց գլխավոր կետը, որը շարունակում է բաց մնալ եւ որն ակտուալ է լինելու առաջիկա ամիսներին, հետեւյալն է` ի՞նչ տեսք է ունենալու տարածաշրջանը հաջորդ միջնաժամկետ հեռանկարում։

Այդ իմաստով, կարեւոր ենք համարում դիտարկել հետեւյալ չորս հանգուցային ուղղությունները, որոնք պետք է որոշիչ դառնան նոր իրավիճակի ձեւավորման գործում.

  • իրավիճակի զարգացումը Վրաստանի շուրջ,
  • Կասպիցի ու տարածաշրջանային էներգետիկ շարժերի խնդիրը,
  • ընթացող հայ-թուրքական բանակցությունները,
  • ամերիկա-իրանական պայմանավորվածությունների ընթացքը։

Իրավիճակի զարգացումը Վրաստանի շուրջ

Իրականում Վրաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահների միջեւ կայացած երկու պայմանավորվածությունները պետք է ավելի շատ ընկալել որպես անվտանգության ոլորտում Մոսկվայի, Փարիզի ու Բեռլինի միջեւ ձեւավորվող համագործակցություն, կամ` արդեն իսկ կայացած պայմանավորվածություն։ Այլ կերպ ասած, բուն Վրաստանի հարցի հետ կապված` դա, անշուշտ, իր նշանակությունը կունենա (այն ամրագրում է ստեղծված նոր status quo-ն), բայց այն չի տալիս գլխավոր հարցի պատասխանը, թե ինչ է լինելու հետո։ Այդ առումով երկու կարեւոր հարցեր դեռեւս մնում են բաց։

  • Թեեւ Ռուսաստանը ռազմական գործողություններով եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունների ճանաչմամբ հասավ Վրաստանի ու նախագահ Սահակաշվիլու վարչակազմի զգալի թուլացմանը, սակայն փաստն այն է, որ Թբիլիսիում շարունակում է իշխել Մ.Սահակաշվիլին։ Պարզ է, որ Մոսկվայի բուն նպատակը Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունների ճանաչումը չէր, իսկ մյուս կողմից` ռուսական կողմին ներկայում հատկապես ձեռք չի տալիս Սահակաշվիլու մնալն իշխանության ղեկին։
  • Հասկանալի է, որ ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո Վրաստանի նավահանգիստներ ԱՄՆ ռազմական նավերի ժամանումը կապված է նաեւ Միացյալ Նահանգներում ընթացող նախագահական կամպանիայի հետ, եւ Բուշ-կրտսերի վարչակազմի կողմից խնդիր կա ձեռնարկել սեփական իմիջը բարձրացնող ակցիաներ, սակայն տակավին պարզ չէ, թե արդյոք այդ ակցիան կավարտվի ամերիկյան նախագահական ընտրություններից հետո։5 Այլ կերպ ասած, հայտնի չէ, թե որն է Վրաստանի ու Հարավային Կովկասի շուրջ ներկայում ձեւավորվող իրադրության վերաբերյալ Վաշինգտոնի հեռանկարային մոտեցումը։ Հավանական է, որ դա հայտնի կդառնա Սպիտակ տուն նոր վարչակազմի գալուց հետո միայն։

Բանակցությունները Բաքվում

Պատահական չէ, որ ռուս-վրացական պատերազմից հետո Վաշինգտոնում որոշեցին փոխնախագահ Չեյնիի մակարդակով պատվիրակություն ուղարկել Ադրբեջան։ Ճիշտ է, ԱՄՆ փոխնախագահն այցելեց նաեւ Վրաստան եւ Ուկրաինա, սակայն ուշադրություն գրավեց այն հանգամանքը, որ նրա առաջին հանգրվանը Բաքուն էր, թեեւ ռազմական գործողություններն ու քաղաքական լարվածությունը չեն առնչվել Ադրբեջանին, իսկ որպես անկայունության հաջորդ հավանական կետ նշվում է Ուկրաինան։

Սեպտեմբերի 5-ին ռուսական «ԽՏՎՎպՐրՈվՑ» պարբերականը գրեց, թե Բաքվում Չեյնիին մերժել են` իրենց հավանությունը տալ անդրկասպյան գազամուղի կառուցման հարցում, սակայն էլ ավելի կարեւոր է այն տեղեկությունը, որ ներկայում ադրբեջանական կողմը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում` Թուրքիայի կողմից առաջարկված «Հարավային Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի», իսկ այլ աղբյուրների ներկայացմամբ` նաեւ Ղարաբաղի խնդրում բանակցությունների նոր ձեւաչափ ստեղծելու (առաջարկությունն իբր եկել է Մոսկվայից) հարցերով։

Ներկայացվածը, Բաքու Դիք Չեյնիի այցելության հետ միասին, իրականում խոսում է այն տարբերակի օգտին, որ Ադրբեջանը կրկին ներգրավվել է իր էներգետիկ կարողություններին առնչվող բանակցությունների մեջ։

Հայ-թուրքական բանակցությունները

Թուրքիայի նախագահի այցելությունը Երեւան Անկարայի համար կարող էր նշանակություն ունենալ միայն այն պարագայում, եթե այնտեղ նոր որոշման հանգած լինեին հայ-թուրքական սահմանի վերաբացման հարցում։ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ կողմերը ներկայում չեն կարող պայմանավորվել, ուստի ճշմարտությանը մոտ է այն տեղեկությունը, թե Երեւանում այդ թեման չի քննարկվել։ Այլ հարց է Ղարաբաղի խնդիրը, սակայն քիչ հավանական է, որ մինչեւ Վրաստանի շուրջ ստեղծված իրավիճակի հստակեցումը Երեւանն ու Բաքուն լուրջ «առաջընթաց» ունենան հարցի կարգավորման ուղղությամբ։

Հետեւաբար, Գյուլի այցելությունը Երեւան առաջին հերթին նշանակում է գործընթացի սկիզբ։ Այն դեռեւս երաշխիք չէ, որ հայ-թուրքական սահմանը մոտ ապագայում կբացվի, սակայն նշանակում է, որ սահմանը բացելու հնարավորության վերաբերյալ որոշումը Անկարայում կայացվել է։ Հայաստանի հետ հետագա հարաբերությունների հարցն ամենակարեւոր կետն է Հարավային Կովկասին վերաբերող Անկարայի նոր նախաձեռնության մեջ, եւ առանց Երեւանի հետ հարաբերությունների կարգավորման` թուրքական կողմի համար անիմաստ է դառնում հանդես գալ նման առաջարկով։ Ողջ հարցն այն է, թե ինչ են ցանկանում Երեւանից։

Ամերիկա-իրանական պայմանավորվածություններ

Օգոստոսի 28-ին հայտնի դարձավ, որ Իրաքում գործող ու Իրանի աջակցությունը վայելող 60 հազարանոց «Մահդիի բանակը» դադարեցնում է գործունեությունը եւ շարժումը ձեւափոխվում է կրոնական-մշակութային միության։ Շատ չանցած, սեպտեմբերի 4-ին, Իրաքի կառավարությունը հայտարարեց, թե փակում է իր տարածքում գործող, Թեհրանի վարչակարգին ընդդիմադիր իրանական «Մոջահեդդին-է-Խալք» կազմակերպության ճամբարները։

Ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք փոխադարձ պայմանավորվածությունների հետ։ Եթե Թեհրանի հետ Վաշինգտոնը ձեռք է բերում պայմանավորվածություն եւ դադարում է հակամարտության ուղեգիծը,6 ուրեմն չպետք է բացառել, որ Վրաստանի ուղղությամբ ԱՄՆ-ը պատրաստվում է գործուն քայլերի։

1Պատահական չէ, որ օգոստոսին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հարկ համարեց հանդես գալ հայտարարությամբ, թե ՆԱՏՕ-ն կապահովի Էստոնիայի անվտանգությունը։ Այլ կերպ ասած` նման հայտարարության անհրաժեշտության խնդիր էր ծագել առնվազն էստոնական կողմի մոտ, թեեւ այդ երկիրը դաշինքի անդամ է։

2Օրինակ, Սեւաստոպոլի պատկանելության վերաբերյալ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների դեռեւս այս մայիսից հնչող հայտարարություններն այժմ լրիվ այլ կերպ են դիտարկվում։ Այդ առումով, Ուկրաինայում նարնջագույն կոալիցիայի փլուզումը եւ վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ավելի ռուսամետ կեցվածք ընդունելը ոչ միայն պետք է կապել Ուկրաինայի գալիք տարվա նախագահական ընտրությունների հետ, այլեւ պետք է ընկալել որպես մի իրավիճակ, ինչը հնարավոր է, որ կանխեց լուրջ սրացումները Ղրիմում եւ Արեւելյան Ուկրաինայում։

3Համաձայն Սարկոզի–Մեդվեդեւ սեպտեմբերի 8-ի պայմանավորվածության, մինչեւ ս.թ. սեպտեմբերի 15-ը Ռուսաստանը պետք է դուրս բերեր իր զորամիավորումները Վրաստանի տարածքից` Փոթի–Սենակի հատվածից, իսկ մինչեւ հոկտեմբերի 11-ը կրճատեր ռազմական ներկայությունն Աբխազիայի ու Հարավային Օսիայի շուրջ առկա անվտանգության գոտիներում։

4Պատահական չէ, որ Սարկոզի–Մեդվեդեւ սեպտեմբերի 8-ի պայմանավորվածությամբ` Աբխազիայի ու Հարավային Օսիայի շուրջ առկա անվտանգության գոտիներում պետք է մինչեւ ս.թ. հոկտեմբերի 1-ը տեղաբաշխվեն հենց ԵՄ դիտորդները` առնվազն 200 հոգի։

5Այդ հարցը հատկապես ցցուն դարձավ, երբ սեպտեմբերի 9-ին Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարեց, թե ամերիկյան ռազմական գերատեսչությունն ավարտել է Վրաստան հումանիտար օգնություն տեղ հասցնելու իր առաքելությունը։ Թբիլիսիին ամերիկյան հումանիտար օգնության տրամադրումը կշարունակվի, սակայն Պենտագոնի ներկայացուցիչը որեւէ կոնկրետ բան չէր ասել, թե ԱՄՆ ռազմանավերն ինչքան են մնալու Սեւ ծովում։

6Ուշագրավ է այն հանգամանքը, որ ռուս-վրացական պատերազմին հաջորդած շաբաթների ընթացքում արեւմտյան մամուլում եւ քաղաքական հայտարարությունների շարքում նվազագույնի է հասցված իրանական թեման։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր