• am
  • ru
  • en
Версия для печати
19.03.2009

ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ

EnglishРуский

   

Սարգիս Հարությունյան

2008թ. Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պատրաստած հատուկ զեկույցի՝ «Թուրքիայի էներգետիկ ռազմավարության»1 համաձայն, այդ երկիրը գտնվում է աշխարհի նավթի ապացուցված պաշարների 72.7%-ի և բնական գազի ապացուցված պաշարների 71.8%-ի գրեթե անմիջական հարևանությամբ։ Հաշվի առնելով Անկարայի աշխարհագրական հայտնի առավելությունները՝ պարզ է դառնում, թե որոնք կարող են լինել այդ երկրի ռազմավարական նպատակները։

Թեև նախորդ տարիների ընթացքում քիչ աշխատանք չի տարվել Թուրքիայի՝ միջազգային էներգետիկ հանգույց դառնալու համար, և 2006-2007թթ. շարք մտած «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղն ու «Բաքու-Թբիլիսի-Էրզրում», «Թուրքիա-Հունաստան» (Turkey-Greece Interconnector) գազամուղներն առաջին հերթին կոչված են սպասարկելու միջազգային նախագծերը, սակայն լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ հարցի առնչությամբ հիմնական զարգացումները դեռ առջևում են։

Արդեն այսօր գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնք խոսում են միջազգային էներգետիկ համակարգում Թուրքիայի՝ որպես միջնորդ պետության դերի առաջիկա շոշափելի բարձրացման մասին։

Հատկապես վրաց-ռուսական պատերազմից և ռուս-ուկրաինական վերջին գազային հակամարտությունից հետո եվրոպական երկրները սկսեցին շատ ավելի լուրջ վերաբերվել Թուրքիայի տարածքով մերձավորարևելյան, կասպյան և կենտրոնաասիական էներգակիրները ստանալու գաղափարին։ Օրինակ, բնական գազի հարցում Ռուսաստանից բացի, Եվրոպայում համարում են, որ, խոշոր հաշվով, ունեն երեք այլընտրանք՝ Նորվեգիա, Ալժիր և Թուրքիա2, սակայն արդեն այսօր պարզ է, որ առաջին երկուսն ուղղակի չեն կարող ապահովել կապույտ վառելիքի այն ծավալները, որոնք կարող են էապես կրճատել կախվածությունը «Газпром»-ից3։ Մինչդեռ, թուրքական ուղղությամբ ելք է բացվում մի հատված, ուր կենտրոնացած է բնական գազի աշխարհի ապացուցված պաշարների գրեթե կեսը4։ Անշուշտ, նախկինում նույնպես Եվրոպայի համար թուրքական ուղղությունն արդիական էր, սակայն նորությունն այն է, որ այսօր հարցի առնչությամբ ընթանում է ժամկետների վերանայման՝ արագացման, մի գործընթաց, որի ցուցիչները մենք դեռ կտեսնենք5։

Երկրորդ կարևոր գործոնն ամերիկա-իրանական ու եվրոպա-իրանական ընթացող բանակցություններն են, ինչպես նաև 2011թ. նախատեսված ԱՄՆ իրաքյան կամպանիայի ավարտը։ Նշված երկու գործընթացների հաջող ավարտի պարագայում արևմտյան սպառողների համար կարող են լիարժեքորեն բացվել էներգակիրներով հարուստ երկու երկրներ՝ Իրանն ու Իրաքը, որոնք միասին տիրապետում են նավթի աշխարհի ապացուցված պաշարների 20.5% և բնական գազի՝ 17.5%-ին6։ Սակայն ինչն է կարևոր՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների համար Թուրքիան, փաստորեն, միակ հարմար տարբերակն է, որի միջոցով կարելի է նշված նավթն ու գազը հասցնել Եվրամիություն՝ կրճատելով վերջինիս էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ Օրինակ, ներկայում ընթացող ամերիկա-իրանական պայմանավորվածության պատճառներից մեկն էլ պետք է դիտարկել հենց էներգետիկ ոլորտում ռազմավարական փոխհամաձայնության հասնելու նպատակը։ Էներգետիկ ոլորտը, թերևս, այն միակ բնագավառն է, որն այսօր Իրանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև կարող է լուրջ պայմանավորվածության հնարավորություն ստեղծել։

Եվ վերջապես, երրորդ գործոնը Ղազախստանի ու հատկապես Թուրքմենստանի7 նպատակն է դուրս գալ արևմտյան շուկաներ։ Թեև մինչ օրս Ռուսաստանը բավական հաջող կերպով իր վերահսկողությունը պահպանել է կենտրոնաասիական երկրների էներգետիկ կարողությունների նկատմամբ, սակայն չպետք է բացառել այն տարբերակը, որ Իրանի «բացվելը» ԱՄՆ ու Եվրոպայի համար կարող է վերջիններիս մուտքի հնարավորություն ապահովել դեպի Կենտրոնական Ասիայի էներգետիկ պաշարներ։ Մի հանգամանք, որն առայժմ Վաշինգտոնի և Բրյուսելի համար շարունակում է անհաղթահարելի մնալ Ադրբեջան-Կասպից և Պակիստան-Աֆղանստան-Կենտրոնական Ասիա ուղղություններով։

Միջազգային նշանակության էներգետիկ հանգույց դառնալը Թուրքիայի համար, սակայն, չի սահմանափակվում զուտ էներգետիկ կամ ֆինանսատնտեսական նպատակներով։ Պատահական չէ, որ 2009թ. հունվարին, գտնվելով Բրյուսելում ու Եվրամիության պատասխանատուների հետ Միությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության հարցի շուրջ բանակցություններ վարելիս, վարչապետ Էրդողանն իրար կապեց նաև Թուրքիայի տարածքում կառուցվելիք «Nabucco» գազամուղի արդյունավետության և ԵՄ-ին Անկարայի անդամակցության հարցերը։

Իհարկե, «Nabucco»-ի խնդիրը դժվար թե էական ներգործություն ունենա Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարի վրա։ Քիչ հավանական է, որ նման հույսեր են կապում անգամ Անկարայում։ Էրդողանի նման քայլը ավելի շատ ի ցույց է դնում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ձևավորվող մոտեցումները՝ էներգակիր ստացող երկրների, իսկ հետագայում նաև էներգակիրներ վաճառող երկրների հետ հարաբերվելիս՝ օգտագործել միջնորդ պետության ընձեռած հնարավորությունները։

Եթե փորձենք հակիրճ ձևակերպել ի հայտ եկող նորությունը, ապա Անկարայում նպատակ է դրված Թուրքիայի գեոստրատեգիական դիրքի և ռազմաքաղաքական կարողությունների մակարդակին հասցնել էներգետիկ հանգուցային երկրի ընձեռած հնարավորությունները, ինչը միայն կբարձրացնի այդ պետության կշիռը տարածաշրջանային և գլոբալ հարաբերություններում։ Չնայած ներկայում Թուրքիան ներքին կարողությունների հաշվին բավարարում է իր էներգետիկ պահանջների ընդամենը 30%-ը, իսկ սպառվող հիմնական էներգակիրների առումով պատկերը հետևյալն է.

Թուրքիայում սպառվող, տեղում արդյունահանվող և ներմուծվող
նավթի ու բնական գազի ծավալները
նավթ.
հազ.
բարել/
օրական
1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007
սպառում 630.58 629.07 626.53 666.88 618.62 657.73 644.97 661.37 659.33 677.62 690.55
արդյունա-
հանում
67.23 66.13 58.38 51.42 46.83 47.09 45.82 42.93 45.46 43.95 45.53
ներ-
մուծում
563.35 562.94 568.15 615.46 571.79 610.64 599.16 618.44 613.87 633.67 645.02
նավթի
Թուր-
քիայի
ապա-
ցուցված
պաշար-
ները/
մլրդ
բարել
0.260 0.331 0.317 0.299 0.296 0.296 0.300 0.300 0.300 0.300 0.300
բնական
գազ.
մլրդ
մ3/
տարեկան
1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007
սպառում 12.360 13.053 15.800 18.710 20.110 22.182 26.714 28.307 34.525 39.328 տվյալ
չկա
արդյունա-
հանում
0.317 0.714 0.921 0.807 0.392 0.475 0.707 0.867 1.132 1.142 տվյալ
չկա
ներ-
մուծում
12.089 12.478 15.182 18.135 19.871 21.578 26.046 27.410 33.514 տվյալ
չկա
տվյալ
չկա
բնական
գազի
Թուր-
քիայի
ապա-
ցուցված
պաշար-
ները/
մլրդ
մ3
11.142 11.035 11.821 11.214 11.071 11.071 10.714 10.714 10.714 10.714 10.714
Աղբյուրը՝ US Energy Information Administration։

Ներկայում գոյություն ունեն առնվազն երկու ուղղություններ, որոնց առնչությամբ Թուրքիան փորձում է ստանձնել հանգուցային դերակատարություն՝

  • միջազգային շուկա նավթի առաքումը,
  • Եվրամիությանը մերձավորարևելյան ու կասպյան-կենտրոնաասիական բնական գազով ապահովելը։

Անկարայի որոշումը՝ ձեռնամուխ լինել միջուկային էներգիայի զարգացմանը, միգուցե սկզբնական շրջանում կունենա սոսկ տեղային նշանակություն8, բայց պետք չէ բացառել, որ Թուրքիայում նպատակ է դրված հետագայում դերակատարություն ստանձնել նաև էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի մերձավորարևելյան և բալկանյան շուկաներում, ուր գրեթե բոլոր երկրներում շարունակվում է տնտեսական աճի դինամիկան։

Նավթ

Կարելի է ասել, որ սև ոսկու միջազգային վաճառքի գործում Թուրքիան անուղղակիորեն ներգրավված էր 20-րդ դարի սկզբից, այն բանից ի վեր, երբ Ռուսական կայսրության նավթային գլխավոր տերմինալից՝ Բաթումից, կասպյան նավթը Բոսֆոր և Դարդանել նեղուցներով սկսեց հոսել միջազգային շուկա։ Ժամանակի ընթացքում նավթի միջազգային շուկայում նեղուցների նշանակությունը միայն աճել է, և այսօր էլ այդ դինամիկան պահպանվում է։ Այսպես, եթե 1996թ. ընթացքում Բոսֆորով և Դարդանելով տեղափոխվել է մոտ 60 մլն տոննա նավթ, ապա 2006թ.՝ 143.4 մլն տոննա։ Այս տարի նախատեսվում է, որ այդ թիվը կտատանվի 190-200 մլն տոննայի միջև9։

Սակայն նավթի միջազգային շուկայում միջնորդական դերակատարություն ստանձնելու մասին Անկարայում, թերևս, առաջին անգամ սկսեցին լրջորեն մտածել 1977թ., երբ շարք մտավ «Քիրքուկ (Իրաք)-Ջեյհան (Թուրքիա)» նավթամուղը։ 2003թ. իրաքյան պատերազմը ժամանակավորապես դադարեցրեց նավթամուղի աշխատանքը։ Հետագայում «Քիրքուկ-Ջեյհանի» գործարկումը բազմիցս դադարեցվում էր իրաքցի զինյալների հարձակումների պատճառով։ Թեև նավթամուղի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս օրական արտահանել 1.6 մլն բարել նավթ, բայց 2007թ. վերջին օրական թուրքական Ջեյհան նավահանգիստ էր արտահանվում 150-200 հազ. բարել նավթ։ 2008թ. այդ թիվը հասավ 400 հազ.-ի։ Առաջիկայում, սակայն, նավթամուղը կարող է աշխատել իր հզորության ողջ ծավալով։ Այս տարի հունվարի 7-ին Իրաքի նավթի նախարար Հուսեյն ալ-Շահրիստանին հայտարարեց իրաքյան 9 խոշոր նավթահանքերի և 2 գազահանքերի շահագործման նպատակով միջազգային մրցույթի անցկացման մասին։ Ներկայացված հաշվարկի համաձայն՝ եթե այդ նավթահանքերը սկսեն շահագործվել, ապա Իրաքի նավթի օրական արդյունահանումը ներկայիս 2.5 մլն բարելից առաջիկա 4-5 տարիներին կհասնի 6 մլն բարելի։ Նման պայմաններում «Քիրքուկ-Ջեյհան» նավթամուղն, ըստ ամենայնի, կրկին կաշխատի իր հզորության ողջ ծավալով։

Ինչպես հայտնի է, 2006թ. հուլիսի 13-ին նույն Ջեյհան նավահանգստում տեղի ունեցավ 2002թ. սեպտեմբերից կառուցվող «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի բացման հանդիսավոր արարողությունը։ Չնայած 2008թ. օգոստոսին այդ թվում վրաց-ռուսական պատերազմի հետևանքով նավթամուղը հարկադրված էր մոտ 20 օր դադարեցնել աշխատանքը, սակայն 2009թ. սկզբից այն կրկին անցավ իր հզորության ողջ ծավալին՝ օրական 1 մլն բարել։

2005թ. սեպտեմբերի 26-ին իտալական «Eni» և թուրքական «Calik Energy» էներգետիկ ընկերությունների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ կողմերը 2007-ից ձեռնամուխ եղան «Սամսուն-Ջեյհան» նավթամուղի կառուցմանը, որը Թուրքիայի սևծովյան Սամսուն նավահանգստից ռուսական ու կասպյան նավթը պետք է հասցնի Ջեյհան։ Ըստ նախագծի՝ նավթամուղը պատրաստ կլինի 2010թ.՝ առավելագույնը օրական 1.5 միլիոն բարել թողունակությամբ։

Ըստ 2007թ. հոկտեմբերի 23-ին Անկարայում Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերի և Իսրայելի ենթակառուցվածքների նախարար Բենիամին Բեն-Էլիզերի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ կողմերը համաձայնեցին բանակցություններ վարել Ջեյհանից իսրայելական Հայֆա նավահանգիստ տանող նավթամուղի կառուցման շուրջ10։ Չնայած անցած ժամանակահատվածում թուրք-իսրայելական հարաբերությունները միայն սրվել են և բանակցությունների ինչ-որ արդյունքների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ, սակայն փաստն այն է, որ կողմերից ոչ մեկը չի հայտարարել նախագծի փակման մասին։

Նկար 1
Թուրքիայում գոյություն ունեցող և նախագծվող խոշոր նավթամուղները

 

map_1 (original)

 

1. «Քիրքուկ-Ջեյհան» նավթամուղ, գործում է 1977թ., առավելագույն թողունակությունն օրական 1.6 մլն բարել։

2. «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղ, գործում է 2006թ., առավելագույն թողունակությունն օրական 1 մլն բարել։

3. «Սամսուն-Ջեյհան» նավթամուղ, նախատեսվում է շարք մտցնել 2010թ., առավելագույն թողունակությունն օրական 1.5 մլն բարել։

4. «Ջեյհան-Հայֆա» նավթամուղ, բանակցությունների փուլում է։

5. Ներկայում օրական մոտ 3 մլն բարել նավթ է հոսում Բոսֆոր-Դարդանել նեղուցներով։

Թուրքիայում լուրջ ներդրումներ են կատարվում նաև նավթավերամշակման հզորությունների մեծացման ուղղությամբ։ Արդեն իսկ առկա ծրագրերի համաձայն՝ առաջիկա մի քանի տարիներին Անկարան ավելի քան կրկնապատկելու է այդ ոլորտում առկա սեփական կարողությունները՝ գերազանցապես իր միջերկրածովյան նավահանգիստներում (առաջին հերթին Ջեյհանում) կենտրոնացած նավթավերամշակման գործարանների հզորությունը հասցնելով օրական մոտ 2 մլն բարելի11։

Արևմտյան աղբյուրների փոխանցմամբ՝ եթե նշված ծրագրերն իրականություն դառնան, ապա Ջեյհանը կդառնա միջազգային նավթի շուկայի հանգուցային կետերից մեկը՝ որոշ հաշվարկների համաձայն, ապահովելով աշխարհի նավթի փոխադրման մոտ 5.5%-ը12։ Մեկ այլ տվյալի համաձայն՝ եթե ի հավելումն արդեն առկա նավթամուղների, նշված ողջ նախագծերը իրականություն դառնան, ապա 2012թ. Թուրքիայով կանցնի աշխարհի նավթային հոսքերի 6-7%-ը13։

Բնական գազ

Էլ ավելի տպավորիչ են Թուրքիայի ձեռքբերումները բնական գազի փոխադրման ոլորտում։

2001թ. գործում է Իրանը Թուրքիային կապող «Թավրիզ-Անկարա» գազամուղը, որը տարեկան թուրքական կողմին ապահովում է միջինը 7.5 մլրդ մ3 բնական գազով։ Սակայն վերջին շրջանում թուրք-իրանական մերձեցման ֆոնին հատկապես ակտիվ բանակցություններ են ընթանում Թուրքիայի տարածքով իրանական գազը դեպի Եվրոպա փոխադրելու և այդ նպատակով իրանա-թուրքական նոր գազամուղ կառուցելու հարցի շուրջ։ 2008թ. նոյեմբերի 17-ին Թեհրանում Իրանի նավթի նախարար Ղոլամհոսեյն Նոզարիի հետ փոխըմբռնման հուշագիր կնքելուց հետո Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերը հայտարարեց, թե Անկարան մոտ $12 մլրդ է ներդնելու իրանական խոշորագույն «Հարավային Փարս» գազահանքի 22-րդ, 23-րդ և 24-րդ հատվածներում կապույտ վառելիքի արդյունահանման14 և Պարսից ծոցի ափին գտնվող իրանական Ասալույեհ նավահանգստից մինչև թուրք-իրանական սահմանին մոտ գտնվող թուրքական Բազարգան բնակավայր մոտ 1 850 կմ-ոց գազամուղ կառուցելու համար15։

2006թ. դեկտեմբերի 15-ից, փաստորեն, շարք է մտել նաև «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» կամ «Հարավկովկասյան» գազամուղը (South Caucasus Pipeline), որի փոխադրման տարեկան հզորությունը կազմում է մոտ 8 մլրդ մ3։ Նախատեսվում է, որ այն թուրքական, իսկ հետո նաև եվրոպական շուկա կհասցնի ադրբեջանական16 ու չի բացառվում նաև ղազախական և թուրքմենական բնական գազը17։

Հատկապես Թուրքմենստանի հետ Անկարայում լուրջ հույսեր են կապում։ Այն ընթացքում, ինչ բրիտանական «Gaffney, Cline & Associates Ltd.» ընկերությունն անցկացնում էր թուրքմենական բնական գազի ընդհանուր պաշարների աուդիտը, 2008թ. մայիսի 19-20-ը Բաքվում տեղի ունեցան Ադրբեջանի ու Թուրքմենստանի նախագահների բանակցությունները, որոնք նվիրված էին Ադրբեջանի տարածքով դեպի Թուրքիա թուրքմենական կապույտ վառելիքի արտահանման հնարավորությանը։ Սեպտեմբերին՝ վրաց-ռուսական պատերազմից հետո, Աշխաբադ այցելեց Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերը, հոկտեմբերին՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 2008թ. հոկտեմբերի 14-ին հրապարակվեցին «Gaffney, Cline & Associates Ltd.»-ի արդյունքները. Թուրքմենստանի բնական գազի ընդհանուր պաշարները գնահատվեցին ավելի քան 27.67 տրլն։ Իսկ նոյեմբերի 29-ին Թուրքմենբաշի քաղաքում կայացան Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Իլհամ Ալիևի և Աբդուլա Գյուլի եռակողմ բանակցությունները՝ դարձյալ էներգետիկ հարցերի շուրջ։

Էրզրումում «Թավրիզ-Անկարա» և «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազամուղները միանում են իրար և հանդիսանալու են առաջիկայում18 կառուցվելիք «Nabucco» գազամուղի առաջնային մատակարարները։ «Nabucco»-ն Էրզրումը Բուլղարիայի, Ռումինիայի ու Հունգարիայի տարածքով կապելու է ավստրիական խոշորագույն «Բաումգարտեն» գազային հանգույցի հետ։ Գազամուղի կառուցման առաջին փուլի ավարտից՝ 2014թ. հետո տարեկան այն կարող է փոխադրել մոտ 8 մլրդ մ3, իսկ 2019թ. սկսած, երբ ենթադրաբար կավարտվի գազամուղի կառուցման երկրորդ փուլը19, «Nabucco»-ի փոխադրող հզորությունը կհասնի տարեկան 31 մլրդ մ3։

Թուրքիան Եվրոպային կապող երկրորդ խոշոր գազամուղը 2007թ. նոյեմբերի 18-ին պաշտոնապես բացված «Թուրքիա-Հունաստան» (Turkey-Greece Interconnector) գազամուղն է, որի տարեկան թողունակությունը կազմում է 11.5 մլրդ մ3։ Նախատեսվում է, որ թուրք-հունական գազամուղը շարունակվելու է իտալական ուղղությամբ՝ «Թուրքիա-Հունաստան-Իտալիա» (Turkey-Greece-Italy Interconnector) գազամուղի տեսքով, որի կառուցումը պետք է ավարտվի 2012թ.։

2005թ. նոյեմբերի 17-ին պաշտոնապես բացվեց Ռուսաստանը Թուրքիային Սև ծովի հատակով կապող «Երկնագույն հոսք» (Blue Stream) գազամուղը։ Նախատեսվում է, որ 2010թ. գազամուղը կհասնի փոխադրման իր առավելագույն հզորությանը՝ 16 մլրդ մ3 տարեկան, ինչպես նաև չի բացառվում, որ այն իր շարունակությունը կունենա Թուրքիա-Բուլղարիա-Սերբիա-Խորվաթիա-Հունգարիա և Թուրքիա-Լիբանան/Թուրքիա-Իսրայել ուղղություններով։

Գոյություն ունեն ևս երկու նախագծեր, որոնք եգիպտական ու իրաքյան բնական գազը պետք է հասցնեն Թուրքիա։

Առաջինը «Arab Gas Pipeline» գազամուղն է, որը եգիպտական գազը Հորդանանի և Սիրիայի միջոցով պետք է հասցնի Թուրքիա։ Գազամուղը մինչև Սիրիա կառուցված է, և 2008թ. հունվարի 4-ին Անկարան ու Դամասկոսը պայմանավորվեցին գազամուղը երկարացնել մինչև Թուրքիա, որի շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն 2011թ.։ Ըստ նախնական տվյալների՝ այդ գազամուղի միջոցով Թուրքիան տարեկան կկարողանա ստանալ մինչև 5 մլրդ մ3 բնական գազ, և Թուրքիայի տարածքում «Arab Gas Pipeline»-ը միանալու է «Nabucco»-ին։

Երկրորդ նախագիծը իրաքյան գազը Թուրքիայի տարածքով դարձյալ դեպի Եվրոպա հասցնելն է։ 2007թ. օգոստոսի 7-ին Անկարայում Թուրքիան ու Իրաքը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ խնդրի առնչությամբ բանակցություններ սկսելու համար, սակայն մինչ օրս որևէ կոնկրետ արդյունքի մասին հայտնի չէ։ Հնարավոր է, որ իրավիճակը փոխվի Իրաքում նոր գազահանքերի շահագործումից հետո, որոնց առնչությամբ, ինչպես արդեն նշել ենք, այս տարվա հունվարի 7-ին հայտարարվել է միջազգային մրցույթ։

Եվ վերջապես, Թուրքիան ծրագրում է իր նավահանգիստներում՝ Իզմիր, Ջեյհան, կառուցել հեղուկ գազի (LNG) ստացման առնվազն երեք տերմինալներ, որոնք կկարողանան կապույտ վառելիք ստանալ ողջ աշխարհից։ Հայտնի է, օրինակ, որ Իզմիրի մոտ կառուցվելիք տերմինալը տարեկան Եգիպտոսից պետք է ընդունի ավելի քան 7.5 մլրդ մ3 բնական գազ20։

Նկար 2
Թուրքիայում գոյություն ունեցող և նախագծվող խոշոր գազամուղները

 

map_2 (original)

 

1. «Թավրիզ-Անկարա» գազամուղ, գործում է 2001թ., առավելագույն թողունակությունը տարեկան 7.5 մլրդ մ3։

2. «Երկնագույն հոսք» գազամուղ, գործում է 2005թ., առավելագույն թողունակությունը տարեկան 16 մլրդ մ3։

3. «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազամուղ, գործում է 2006թ., առավելագույն թողունակությունը տարեկան 8 մլրդ մ3։

4. «Թուրքիա-Հունաստան» գազամուղ, գործում է 2006թ., առավելագույն թողունակությունը տարեկան 11.5 մլրդ մ3։

5. «Arab Gas Pipeline» գազամուղ, նախատեսվում է շարք մտցնել 2011թ.։

6. «Nabucco» գազամուղ, նախատեսվում է շարք մտցնել մինչև 2020թ., առավելագույն թողունակությունը տարեկան 31 մլրդ մ3։

7. «Թուրքիա-Իսրայել» գազամուղ, բանակցությունների փուլում է։

8. «Իրաք-Թուրքիա» գազամուղ, բանակցությունների փուլում է։

9. «Ասալույեհ (Իրան)-Բազարգան (Թուրքիա)» գազամուղ, բանակցությունների փուլում է։

Միջուկային էներգիա

Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում Անկարան չորս անգամ փորձել է ձեռնամուխ լինել միջուկային էներգիայի զարգացմանը, սակայն միշտ էլ ի հայտ են եկել անհաղթահարելի խոչընդոտներ՝ ֆինանսական խնդիրներից մինչև ռազմական հեղաշրջումներ։ 2007թ. նոյեմբերի 8-ին թուրքական խորհրդարանը հավանություն տվեց մի օրինագծի, ըստ որի նախատեսվում է մինչև 2012թ. շարք մտցնել մոտ 5 հազ. մգվտ ընդհանուր հզորությամբ ռեակտորներ21։ Նույն թվականի նոյեմբերի 20-ին նախագահ Աբդուլա Գյուլն իր ստորագրությամբ վավերացրեց օրինագիծը։ Անցած տարվա մարտի 24-ին մեկնարկեց Միջերկրական ծովի ափին գտնվող Մերսին քաղաքի մոտ նախատեսված ատոմակայանի կառուցման միջազգային մրցույթը։ Կես տարի անց՝ 2008թ. սեպտեմբերի 24-ին, մրցույթի ավարտից հետո պարզ դարձավ, որ 13 պոտենցիալ մասնակիցներից հայտ է ներկայացրել միայն ռուսական «Атомстройэкспорт», «Интер РАО ЕЭС» և թուրքական «Park Teknik» ընկերություններից կազմված կոնսորցիումը։ 2008թ. դեկտեմբերին Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալությունը (TAEK) հայտարարեց, թե կոնսորցիումի ներկայացրած առաջարկությունը համապատասխանում է պահանջված չափանիշներին։ Չնայած ավելի ուշ՝ 2009թ. հունվարի 19-ին, երբ հայտնի դարձավ, որ կոնսորցիումի կողմից կառուցվելիք ատոմակայանի առաջարկած էլեկտրաէնեգիայի մեկ կվտ-ի գինը զգալիորեն բարձր է ներկայում թուրքական շուկայում առկա գնից22 և այդ կապակցությամբ չբացառվեց, որ միջազգային մրցույթը կարող է նորից անցկացվել, սակայն հունվարի 22-ին Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերը հայտարարեց, թե աշխատանքները շարունակվում են, և մրցույթի արդյունքները չեղյալ չեն հայտարարվի։

Ըստ առկա տեղեկությունների՝ կոնսորցիումը Մերսինից ոչ հեռու գտնվող Ակկույու բնակավայրի մոտ հիմնելու է ռուսական «ВВЭР-1200» տեսակի չորս ռեակտորներ, որոնք բոլորը միասին տարեկան կարող են արտադրել 4 800 մգվտ էլեկտրաէներգիա։ Ատոմակայանի կառուցումը թուրքական պետությանը կարժենա մոտ $7.5 մլրդ։ Նախատեսվում է, որ այն պետք է պատրաստ լինի 2012թ.23։ 15 տարվա ընթացքում Թուրքիան կոնսորցիումից գնելու է 415.5 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա՝ վճարելով $86.3 մլրդ։ Անկարայի հաշվարկների համաձայն՝ մինչև 2020թ. ատոմակայաններն արտադրելու են Թուրքիայում սպառվող էլեկտրաէներգիայի մոտ 8%-ը, իսկ 2030թ. այդ թիվը հասնելու է 20%-ի24։ Ակկույուի ԱԷԿ-ից բացի, թուրքական կառավարությունը մտադիր է մինչև 2013թ. ևս երկու տեղ ատոմակայաններ կառուցել։ Առայժմ հայտնի է մեկի վայրը՝ Սև ծովի ափին գտնվող Սինոպ քաղաքի մոտ։

Հետևություններ և հեռանկար. առնչություններ Հայաստանի ազգային անվտանգությանը

Միջազգային նշանակության էներգետիկ հանգույց դառնալու Թուրքիայի ռազմավարությունն առնվազն հետապնդում է երկու նպատակ։

Առաջին՝ ներկայում ընթացող միջազգային քաղաքական-տնտեսական համակարգի ձևափոխման գործընթացում ապահովել Անկարայի պատշաճ ներկայությունը որոշումների կայացման գլոբալ մեխանիզմում։ Նախկինում դա արվում էր մեծ մասով ՆԱՏՕ անդամության և Մերձավոր Արևելքում ու իսլամական աշխարհում ԱՄՆ կարևորագույն դաշնակիցը լինելու միջոցով։ Սակայն նոր պայմաններում, երբ ՆԱՏՕ թուլացումն ու ամերիկա-թուրքական հարաբերությունների վատացումը հանգեցնում են միջազգային համակարգում Թուրքիայի ազդեցության կրճատմանը, Անկարայի պատկերացմամբ՝ էներգետիկ հանգույց-երկրի ընձեռած հնարավորությունները կարող են փոխհատուցել այդ կորուստները։

Մյուս կողմից, Թուրքիայի էներգետիկ ռազմավարությունը պետք է դիտարկել այդ երկրի տարածաշրջանային քաղաքականությունում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում։ Եթե Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր Անկարան Արևմտյան աշխարհի հենակետն էր Մերձավոր Արևելքում, ապա այսօր Թուրքիայում փորձում են վերստին ստանձնել Օսմանյան կայսրության առանցքային դերակատարությունը Մերձավոր Արևելքում, և Անկարայի էներգետիկ հանգույց դառնալը կոչված է մեծացնելու Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում` տարածաշրջանի երկրներին ուղղելով դեպի Անկարա։ Օրինակ, այդ տեսանկյունից շատ ավելի բնութագրական է Անկարայի որոշումը՝ հարաբերությունների նորմալացման գործընթաց սկսել Երևանի հետ, քան Էրդողանի կառավարության աննախադեպ սուր մոտեցումը Գազայում Իսրայելի գործողությունների նկատմամբ։

Հեռանկարի իմաստով էական է այն հարցը, թե անվտանգության ինչ համակարգ է առաջարկելու Թուրքիան փոփոխվող տարածաշրջանին (Մերձավոր Արևելք, Հարավային Կովկաս, Բալկաններ)։ Ակնհայտ է, որ տարածաշրջանի էներգետիկ պատկերի ձևափոխությունը (իսկ այդպիսին է նաև Թուրքիայի՝ էներգետիկ հանգույցի վերածվելը) չի կարող տեղաշարժեր չառաջացնել տարածաշրջանային անվտանգության համակարգում։ Միգուցե Անկարայի նախաձեռնած «Կովկասյան կայունության և համագործակցության պլատֆորմը» Թուրքիայի ենթադրվող առաջարկության մի մասն է, սակայն գրեթե կասկածից վեր է, որ Անկարայի հիմնական նախաձեռնությունները դեռ առջևում են։ Շատ բան կախված է Իրաքում, Սիրիա-Իսրայել ուղղությամբ, Իրանի ու Հայաստանի հետ հարաբերություններում և ընդհանրապես Հարավային Կովկասում ընթացող զարգացումների ելքից։

Հայաստանի պարագայում էական է այն հանգամանքը, որ Թուրքիայի «փոխվելը» և Մերձավոր Արևելքում նոր իրավիճակի ի հայտ գալը կարող են այդ տարածաշրջանը «բացել» մեզ համար՝ մեծացնելով Երևանի ներգրավվածությունը նշված ուղղությամբ։ Գործնական հարթությունում դա նշանակում է, որ առաջիկայում մեր երկրի ազգային անվտանգության համակարգի վրա մերձավորարևելյան զարգացումները կարող են ունենալ ավելի լուրջ ներգործություն։

1Republic of Turkey, Ministry of Foreign Affairs, “Turkey’s Energy Strategy”, 2008.

2Առկա է նաև Լիբիայի տարբերակը, սակայն արևմտյան ընկերությունների առջև այդ երկրի նոր «բացվելու» պատճառով լիբիական ուղղությունն ավելի շատ համարվում է հեռանկարային։ Ինչ վերաբերում է հեղուկ գազի (Liquefied Natural Gas - LNG) տարբերակին, որը հնարավորություն կտա առանց գազամուղների բնական գազ ներմուծել աշխարհի ցանկացած մասից, ապա ոլորտի խիստ ծախսատար լինելը (ներկայում հեղուկ գազ ընդունելու տերմինալներ են կառուցվում միայն Արևմտյան Եվրոպայում), այդ տարբերակը առայժմ անհնար է դարձնում Եվրամիության արևելյան մասի համար, որն էլ ամենից շատն է կախված ռուսական գազից։

3Ներկայում «Газпром»-ը ապահվում է Եվրամիության բնական գազի ներմուծման մոտ 40%-ը՝ 140 մլրդ մ3։

4«BP Statistical Review of World Energy, June 2008»-ի համաձայն՝ Պարսից ծոցի ութ երկրները (Իրան, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման) և Կասպիցին հարակից չորս պետությունները (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան) միասին տիրապետում են բնական գազի աշխարհի ապացուցված պաշարների 45.05%-ը։

5Հայտնի է հետևյալ ուշագրավ թիվը, եթե 2007թ. Եվրամիության բնական գազի տարեկան սպառումը կազմել է մոտ 500 մլրդ մ3, որից ներմուծվել է 300 մլրդ մ3, ապա արդեն 2020թ. ԵՄ բնական գազի տարեկան սպառումը կհասնի շուրջ 800 մլրդ մ3-ի։ Եվ դա այն պայմաններում, երբ 1970թ. ի վեր միացյալ Եվրոպայի բնական գազի արդյունահանման ծավալները միայն ընկնում են։ Եթե 29 տարի առաջ Եվրոպայում արդյունահանվում էր տեղում սպառվող բնական գազի մոտ 90%-ը, ապա 2007թ. մոտ 40%-ը (աղբյուրը՝ Pierre Noel, «Beyond Dependence: How to Deal With Russian Gas», November, 2008, European Council on Foreign Relations).

6Աղբյուրը՝ «BP Statistical Review of World Energy, June 2008».

7Այստեղ պետք է նշել վերջին շրջանում Աշգաբադի կողմից ձեռնարկված քայլերը։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է 2008թ. հոկտեմբերի 14-ին հրապարակված թուրքմենական բնական գազի հանքերի աուդիտի տվյալներին։ Աուդիտը 2008թ. ընթացքում իրականացրել էր բրիտանական «Gaffney, Cline & Associates Ltd.» ընկերությունը։ Համաձայն այդ տվյալների՝ Թուրքմենստանի բնական գազի ընդհանուր պաշարները գնահատվեցին ավելի քան 27.67 տրլն մ3, ինչը բնական գազի պաշարների առումով այդ երկիրն աշխարհում դարձնում է երկրորդը՝ Ռուսաստանից (44.60 տրլն մ3) հետո։ Քաղաքական տեսանկյունից Աշգաբադի որոշումը՝ հրապարակել նման կարգի տեղեկություն, պետք է ընկալել որպես հայտ՝ նոր դերակատարությամբ հանդես գալու միջազգային էներգետիկ շուկայում։

8Թուրքիայի պետական մարմինների կանխատեսման համաձայն՝ առաջիկա տարիներին այդ երկրի էներգետիկ սեկտորում տարեկան աճը տատանվելու է 6-8% շրջանակներում (աղբյուրը՝ Republic of Turkey, Ministry of Foreign Affairs, “Turkey’s Energy Strategy”, 2008).

9Աղբյուրը՝ Republic of Turkey, Ministry of Foreign Affairs, “Turkey’s Energy Strategy”, 2008.

10Նավթամուղից բացի պետք է անցկացվի նաև գազամուղ, ջրմուղ, էլեկտրաէներգիայի բարձրավոլտ գիծ ու օպտիկամանրաթելային կաբել։

11Վերջին՝ 2007թ. տվյալների համաձայն՝ այդ թիվը կազմում էր օրական 714 հազ. բարել (աղբյուրը՝ US Energy Information Administration).

12Աղբյուրը՝ Turkey: Gul OKs Nuclear Plant Legislation, Stratfor, November 20, 2007.

13Աղբյուրը՝ Republic of Turkey, Ministry of Foreign Affairs, “Turkey’s Energy Strategy”, 2008.

14Նախատեսվում է, որ այդ հատվածներից թուրքական կողմը տարեկան կարդյունահանի մոտ 17 մլրդ մ3 բնական գազ, որի կեսը կարող է օգտագործել իր ներքին սպառման համար։

15Իրանն ընդհանրապես առաջարկում է Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա կառուցել առանձին մի գազամուղ՝ «Persian Pipeline», որն ունենալով ավելի քան 3 200 կմ երկարություն և արժենալով մոտ $6 մլրդ՝ իրանական գազն ուղղակի կհասցնի եվրոպական շուկա։

16Հիմնականում «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազամուղի համար էլ նախատեսված է Կասպիցում գտնվող ադրբեջանական «Շահ Դենիզ» գազահանքի շահագործումը, ուր ներկայում տարեկան արդյունահանվում է մոտ 8 մլրդ մ3 բնական գազ։ 2011-2012թթ. հետո, երբ կսկսի աշխատել գազահանքի շահագործման երկրորդ հերթը, «Շահ Դենիզում» կապույտ վառելիքի տարեկան արդյունահանումը կավելանա ևս 8 մլրդ մ3-ով։ Արևմտյան գնահատականների համաձայն՝ «Շահ Դենիզում» առկա կապույտ վառելիքի ծավալները կազմում են մոտ 1.2 տրլն մ3։

17Այդ նպատակով, ըստ նախագծի, 2012թ. հետո գազամուղի տարեկան թողունակությունը պետք է հասցվի մինչև 20 մլրդ մ3-ի։

182009թ. հունվարի 26-27-ը Բուդապեշտում կայացած «Nabucco»-ի կառուցման գծով գագաթաժողովի արդյունքում որոշվեց, որ գազամուղի շինարարության սկիզբը 2009թ. հետաձգվում է և այն կսկսվի առաջիկա երկու տարիների ընթացքում։ Աճեց նաև գինը՝ նախկին $9-10 մլրդ-ի փոխարեն գազամուղի կառուցումը գնահատվեց $11.8-13.1 մլրդ։

19Երկրորդ փուլում ծրագրվում է տեղակայել կոմպրեսորային լրացուցիչ կայաններ, ինչը կմեծացնի գազամուղի թողունակությունը։

20Ներկայում Թուրքիան ունի հեղուկ գազի ստացման միայն մեկ տերմինալ Ստամբուլի մոտ, որն, օրինակ, 2004թ. Ալժիրից ներմուծել է մոտ 4 մլրդ մ3 բնական գազ, իսկ Նիգերիայից՝ գրեթե 1.3 մլրդ մ3։

21Նշենք, որ այդ ոլորտի արևմտյան մասնագետները կասկած են հայտնում, թե մինչև 2012թ. թուրքական կողմին կհաջողվի կյանքի կոչել հայտարարված ծրագիրը՝ հատկապես ներկայիս միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, սակայն ավելացնում են, որ ավելի երկար ժամանակահատվածում Անկարան կարող է հասնել իր նպատակին։

22Այսօր Թուրքիայում մեկ կվտ էլեկտրաէներգիայի գինը տատանվում է $0.04-0.14 (4-ից 14 ԱՄՆ սենթ) միջև։ Մինչդեռ կոնսորցիումի առաջարկության համաձայն՝ ապագա ատոմակայանը պետք է մեկ կվտ էլեկտրաէներգիան վաճառեր ավելի քան $0.21։ Ավելի ուշ կոնսորցիումը պատրաստակամություն հայտնեց վերանայել այդ գինը՝ այն նվազեցնելով։

23Փետրվարի 13-ին Մոսկվայում կայացած Դմիտրի Մեդվեդև-Աբդուլա Գյուլ բանակցություններից հետո ռուսական ԶԼՄ-ը գրեցին, թե կոնսորցիումն արդեն 2009թ. գարնանը կստանա Ակկույուի ԱԷԿ-ի կառուցման պատվերը, իսկ շինարարությունը կտևի 6 տարի։

24Աղբյուրը՝ Saban Kardas, «Is the Russian-Led Consortium Trying to Overcharge Turkey for Its First Nuclear Power Plant?», January 26, 2009, Eurasia Daily Monitor.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր