• am
  • ru
  • en
Версия для печати
22.01.2009

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

EnglishРуский

   

Սարգիս Հարությունյան

0_Spasskaya (medium)Չնայած հունվարի 19-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ստորագրված գազային նոր պայմանագիրն ընդհանուր առմամբ կարգավորեց Ուկրաինայի համար նախատեսված և վերջինիս տարածքով դեպի Եվրամիություն հոսող ռուսական բնական գազի խնդիրը, սակայն հարցն այդքանով չի փակվում։

Փաստն այն է, որ Մոսկվան ու Կիևը վերջնականապես չեն պայմանավորվել Ուկրաինա ռուսական կապույտ վառելիքի մատակարարման երկարաժամկետ գնի շուրջ1։ Իսկ այդ հանգամանքը նշանակում է, որ կողմերը նաև չեն պայմանավորվել Ուկրաինայով դեպի Եվրամիություն հոսող ռուսական գազի տարանցման երկարաժամկետ գնի շուրջ2։ Հետևաբար, հստակ է մի բան՝ ճգնաժամի պատճառները վերացված չեն։ Ուստի, չնայած կողմերը հստակեցրել են այս տարվա խաղի կանոնները, բայց ավելի երկարատև հեռանկարում ճգնաժամը կարող է կրկնվել։

Հարց է առաջանում՝ թեև նախորդ տարիների նման Մոսկվան ու Կիևը ունեին գազի գնման ու դեպի Եվրամիություն տեղափոխման մասին համապատասխան պայմանագիր, և այդ իմաստով իրավիճակն էապես չի տարբերվում 2006-2007թթ. ու 2007-2008թթ. ձմեռներից, ինչու՞ 2006թ.3 ի վեր առաջին անգամ ռուսական կողմը որոշեց կրկին կիրառել իր էներգետիկ հնարավորությունները։

Իրավիճակային վերլուծություն

Ռուս-ուկրաինական գազային այս ճգնաժամի հիմնական նորությունն այն էր, որ Մոսկվան կարևոր փոփոխություն մտցրեց Կիևի նկատմամբ կիրառվող էներգետիկ քաղականության մեջ։ Նախկինում Ռուսաստանը երբեք ամբողջությամբ չէր դադարեցնում գազամատակարարումը՝ այդ թվում Ուկրաինա։ Եթե 2006թ. Մոսկվան մի քանի օրով ընդամենը կրճատեց ուկրաինական ուղղությամբ հոսող բնական գազի ծավալները, ապա այս անգամ հունվարի 7-ից ի վեր գազամատակարարումը դադարեցվեց ընդհանրապես։

Եթե փորձենք այլ կերպ ձևակերպել տեղի ունեցածը, կստանանք մոտավորապես հետևյալ պատկերը՝ Ռուսաստանն իր էներգետիկ հնարավորությունները կիրառելու սպառնալիքից անցում կատարեց այդ սպառնալիքի կիրառմանը։ Զուգահեռների առումով ներկայացվածը գրեթե նույնն է, ինչ 2008թ. օգոստոսին տեղի ունեցած վրաց-ռուսական պատերազմը։ Սահակաշվիլու վարչակազմի իշխանության գլուխ գալուց (2003թ.) ի վեր առաջին անգամ Վրաստանի ուղղությամբ ռուսական ռազմաքաղաքական ճնշման կիրառման սպառնալիքը (ինչը խաղարկվում էր տարիներ՝ 2003թ. ի վեր) անցած տարվա ամռանը ձևափոխվեց այդ սպառնիլիքի կիրառման։

Էական է, որպեսզի տեղի ունեցած փոփոխությունը գնահատվի «ըստ արժանվույն»։ Քանի որ, եթե վրացական ուղղությամբ այդ փոփոխությունը հանգեցրեց Խորհրդային Միության փլուզումից հետո Հարավային Կովկասում առկա status quo-ի փոփոխությանը4, ապա ներկայացվածից հետևում է, որ ուկրաինական ուղղությամբ Կրեմլում դժվար թե բավարարվեն սոսկ դիրքային ձեռքբերումներով։ Մոսկվայի որոշումը՝ սպառնալիքից անցնել էներգետիկ հնարավորության լիարժեք կիրառման, կամ այլ կերպ ասած՝ հատել կարմիր գիծը, նշանակում է, որ նույնիսկ Պուտին-Տիմոշենկո գազային պայմանավորվածության ֆոնին անգամ այս տարի Ռուսաստանի համար ուկրաինական հարցը դեռ փակված չէ, և այդ ուղղությամբ Մոսկվան անցել է «ռազմական գործողությունների»։ Գրեթե կասկածից վեր է, որ առաջիկայում Ուկրաինային լուրջ զարգացումներ են սպասվում, իսկ միջնաժամկետ հեռանկարում Կիևի համար աստիճանաբար ավելի դժվար է դառնալու վարել 1991թ. հետո ձևավորված իր «հավասարակշիռ» արտաքին քաղաքականությունը։

Միակ հարցը, որը դեռևս չի ստացել իր պատասխանը, հետևյալն է՝ ձեռնարկվող կամպանիայի արդյունքում Ռուսաստանին ի՞նչ չափով կհաջողվի իր գերիշխանության ներքո վերադարձնել ողջ Ուկրաինան, և եթե դա չստացվի ողջ երկրի կտրվածքով, ապա Կրեմլն ուկրաինական տարածքների ո՞ր մասի «անկախությունը» կճանաչի։

Եվս մեկ դիտարկում։ Ինչպես Հարավային Կովկասի դեպքում, ուկրաինական ուղղությամբ ևս Ռուսաստանը նախօրոք փորձել էր ստանալ տարածաշրջանային որևէ ազդեցիկ պետության աջակցությունը։ Եթե հարավկովկասյան ուղղությամբ այդ դերը փորձեց ստանձնել Թուրքիան, ապա Ուկրաինայի պարագայում նման դիրքորոշում որդեգրեց Գերմանիան5։ Ինչը, խոստովանենք, հեռու չէ 20-րդ դարի առաջին կեսին Մոսկվայի կողմից կիրառված աշխարհաքաղաքական լուծումներից6։

Հետևություններ

Ներկայացվածում կարևոր տեղ ունի ժամանակի գործոնը։

Ռազմավարական առումով Ռուսաստանի համար էական է, որպեսզի ինքը կարողանա աշխարհաքաղաքական առավելագույն օգուտներ քաղել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ներգրավվածությունից, ինչը ծավալուն դիվանագիտական, ռազմական, տնտեսական և գաղափարախոսական ռեսուրսներ է խլում Վաշինգտոնից։ Այդ հանգամանքը ոչ միայն սահմանափակում է ամերիկյան քաղաքականության կարողությունները հետխորհրդային տարածքում, այլև «հնարավորությունների պատուհան» է բացում Ռուսաստանի համար՝ վերականգնելու ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային արեայում իր կորցրած դիրքերը։ ԱՄՆ որոշումը՝ «դուրս գալ» իրաքյան խնդրից ու Եվրասիայում ձեռնամուխ լինել ռազմավարական նոր նախագծի իրականացմանը (օրինակ, Հնդկաստան-Կենտրոնական Ասիա գծով), Մոսկվայի համար բավարար ցուցիչ էր, որ «հնարավորությունների պատուհանն» առաջիկայում կարող է փակվել։ Այդտեղից էր Կրեմլի վճռական քայլերը վրացական և ուկրաինական ուղղությամբ։

Ինչ վերաբերում է միայն ուկրաինական խնդրին, ապա նույն՝ ժամանակի գործոնը կարևոր էր նաև այս դեպքում։ Գաղտնիք չէ, որ 2009թ. վերջին Ուկրաինայում կայանալու են նախագահական ընտրություններ։ Մոսկվայի որոշումը՝ 2006թ. ի վեր առաջին անգամ հենց այս տարի ձեռնամուխ լինել գազային լծակի օգտագործմանը, առաջին հերթին կապվում է ուկրաինական ընտրությունների հետ։ Պատահական չէ, որ ճգնաժամի բոլոր օրերին ռուսական տեղեկատվական քաղաքականությունը ուկրաինական կողմից թիվ մեկ մեղավոր էր նշում նախագահ Վիկտոր Յուշչենկոյին, իսկ գազային պայմանագիրն էլ Մոսկվան ի վերջո կնքեց վերջինիս հակառակորդ, վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ՝ ներուկրաինական քաղաքական դաշտում նպաստելով Տիմոշենկոյի հեղինակության աճին։ Հնարավոր է, որ Ուկրաինայի նախագահական ընտրություններում Կրեմլն ավելի շատ պաշտպանի Տարածաշրջանների կուսակցության նախագահ Վիկտոր Յանուկովիչին, սակայն Ուկրաինայում Մոսկվայի այսօրվա գլխավոր նպատակը նախագահ Յուշչենկոյի վերընտրվելը բացառելն է7։

1Մասնավորապես, այդ հետևության օգտին է խոսում այն հանգամանքը, որ կողմերը չեն հայտարարում, թե 2010թ. հունվարի 1-ից հետո որն է լինելու Ուկրաինայի համար նախատեսված ռուսական բնական գազի շուկայական գինը կամ այդ գնի մոտավոր շրջանակը։ Հունվարի 18-ին Մոսկվայում կայացած Պուտին-Տիմոշենկո բանակցությունների արդյունքում կողմերը հայտարարեցին, թե 2010թ. հունվարի 1-ից անցնելու են գազի վաճառքի-գնման միջազգային՝ եվրոպական բարձր գներին։ Նույն գներն է սահմանավելու նաև Ուկրաինայի տարածքով դեպի Եվրամիություն փոխադրվող ռուսական կապույտ վառելիքի տարանցման համար։ 2009թ.-ի համար նշվեց, որ Մոսկվան գազը Կիևին վաճառելու է եվրոպական գնից 20% զեղչով, իսկ վերջինս էլ ռուսական կողմին թույլ կտա իր տարածքով գազ մատակարարել Եվրամիություն 2008թ.-ի՝ ցածր գներով։ Հայտնի է, որ Ուկրաինային սահմանակից Եվրամիության երկրները հազար խորանարդ մետր ռուսական բնական գազի դիմաց միջինը վճարում են $470։ 2008թ. Ուկրաինան վճարում էր $179.5։

2Հայտնի է, որ ուկրաինական կողմը միմյանց հետ է կապում իրեն վաճառվող ռուսական բնական գազի գինը և իր տարածքով դեպի երրորդ երկրներ հոսող ռուսական կապույտ վառելիքի տարանցման գինը։

3Հենց 2006թ. հունվարին առաջին անգամ բռնկվեց ռուս-ուկրաինական գազային լայնածավալ պատերազմը։

4Ի նկատի ունենք նաև Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունների ճանաչումը, ինչն էլ նշանակում է, որ Հարավային Կովկասում Մոսկվան կոնկրետ փոփոխություններ է մտցրել իր քաղաքականությունում, որը մեզ համար դեռ միգուցե վերջնականապես հստակեցված չէ։

5Նման հետևության համար հիմք են ծառայում ոչ միայն ռուս-ուկրաինական գազային ճգնաժամի օրերին գերմանական դիրքորոշման դիտարկումը, այլև վերջին շրջանում Բեռլինի արտաքին քաղաքականության մեջ նկատվող ուշագրավ փոփոխությունները։ Վերջին առանձնահատուկ օրինակը հունվարի 13-ին գերմանական «Շպիգել» հանդեսում տպագրված այդ երկրի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար և իշխող երկկուսակցական կոալիցիայի ուժերից մեկի՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության փաստացի ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտեյնմայերի բաց նամակն էր ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամային, ուր Շտեյնմայերը կոչ է անում վերջինիս միջազգային քաղաքականության մեջ հաշվի առնել Ռուսաստանի կշիռը։

6Հնարավոր է, որ նույն լուծումն է գործում ներկայում նախկին ԽՍՀՄ մերձբալթյան հանրապետություններում (Էստոնիա, Լատվիա, Լիտվա) ծավալվող անկայունությունների հետևում, որոնց կազմակերպման մեջ ամերիկա-բրիտանական աղբյուրները մեղադրում են Մոսկվային։

7Այն, որ Մոսկվան հասնում է նպատակին, վկայում են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոններից մեկի անցկացրած սոցհարցման տվյալները (հունվարի 13, 2009թ.)՝ ամենաբարձր վարկանիշն ունի Վիկտոր Յանուկովիչը՝ 30.3%, Յուլյա Տիմոշենկոն ունի 16.7%, նախագահ Վիկտոր Յուշչենկոն՝ 2.9%։

Հունվարի 19, 2009թ.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր