• am
  • ru
  • en
Версия для печати
05.03.2009

ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ

EnglishРуский

   

Սարգիս Հարությունյան

Turkey Political Map (medium)Վերջին շրջանում շատ է խոսվում Թուրքիայի` միջազգային նշանակության էներգետիկ հանգույց դառնալու հեռանկարի մասին։ Օրինակ, 2008թ. այդ երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացրած մի հաշվարկի համաձայն, եթե նավթի միջազգային փոխադրման գործում Թուրքիայում առկա հզորությունները (առաջին հերթին` նավթամուղները) շարունակեն գործել առկա ծավալներով եւ շարք մտնեն արդեն նախագծվածները, ապա 2012թ. Թուրքիայով կանցնի աշխարհի նավթային հոսքերի 6-7%-ը։ Նույն հաստատության կողմից ներկայացված մեկ այլ ուշագրավ տվյալի համաձայն, Թուրքիան գտնվում է աշխարհի նավթի ապացուցված պաշարների 72.7%-ի եւ բնական գազի ապացուցված պաշարների 71.8%-ի գրեթե անմիջական հարեւանությամբ։

Հաշվի առնելով Թուրքիայի աշխարհագրական հայտնի առավելությունները` պարզ է դառնում, որ այդ երկիրը չի կարող լուրջ ֆինանսական նպատակներ չունենալ էներգակիրների փոխադրման բիզնեսում։ Բայց մյուս կողմից, վերջին շրջանում նկատվող էական փոփոխությունները Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ` ընդհանրապես եւ տարածաշրջանային մոտեցումներում` մասնավորապես, հիմք են տալիս եզրակացնելու, որ Անկարայի էներգետիկ ռազմավարության նպատակներն ածանցյալ են թուրքական արտաքին քաղաքականությունից եւ առաջին հերթին պետք է դիտարկվեն այդ համատեքստում։

Իրավիճակային վերլուծություն

Արդեն այսօր գոյություն ունեն մի քանի գործոններ, որոնք խոսում են միջազգային էներգետիկ համակարգում Թուրքիայի` որպես միջնորդ պետության, դերի առաջիկա բարձրացման մասին։

Հատկապես վրաց-ռուսական պատերազմից եւ ռուս-ուկրաինական վերջին գազային հակամարտությունից հետո եվրոպական երկրները սկսեցին շատ ավելի լուրջ վերաբերվել Թուրքիայի տարածքով մերձավորարեւելյան, կասպյան եւ կենտրոնաասիական էներգակիրները ստանալու գաղափարին։ Օրինակ, բնական գազի հարցում Ռուսաստանից բացի, Եվրոպայում համարում են, որ, խոշոր հաշվով, ունեն երեք այլընտրանք` Նորվեգիա, Ալժիր եւ Թուրքիա1, սակայն արդեն այսօր պարզ է, որ առաջին երկուսը ուղղակի չեն կարող ապահովել կապույտ վառելիքի այն ծավալները, որոնք կարող են էապես կրճատել կախվածությունը «Газпром»-ից2։ Մինչդեռ, թուրքական ուղղությամբ ելք է բացվում մի հատված, ուր կենտրոնացած է բնական գազի աշխարհի ապացուցված պաշարների գրեթե կեսը3։ Անշուշտ, նախկինում նույնպես Եվրոպայի համար թուրքական ուղղությունն արդիական էր, սակայն նորությունն այն է, որ այսօր հարցի առնչությամբ ընթանում է ժամկետների վերանայման` արագացման գործընթաց, որի ցուցիչները մենք դեռ կտեսնենք։

Երկրորդ կարեւոր գործոնը ամերիկա-իրանական ու եվրոպա-իրանական ընթացող բանակցություններն են, ինչպես նաեւ 2011թ. նախատեսված ԱՄՆ իրաքյան կամպանիայի ավարտը։ Նշված երկու գործընթացների հաջող ավարտի պարագայում արեւմտյան սպառողների համար կարող են լիարժեքորեն բացվել էներգակիրներով հարուստ երկու երկրներ` Իրանն ու Իրաքը, որոնք միասին տիրապետում են նավթի աշխարհի ապացուցված պաշարների 20.5% եւ բնական գազի` 17.5%-ին։ Սակայն Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների համար Թուրքիան, փաստորեն, միակ հարմար տարբերակն է, որի միջոցով կարելի է նշված նավթն ու գազը հասցնել Եվրամիություն` կրճատելով վերջինիս էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից։ Ներկայում ընթացող ամերիկա-իրանական պայմանավորվածության պատճառներից մեկն էլ պետք է դիտարկել հենց էներգետիկ ոլորտում ռազմավարական փոխհամաձայնության հասնելու նպատակը։ Էներգետիկ ոլորտը, թերեւս, այն միակ բնագավառն է, որն այսօր Իրանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջեւ կարող է լուրջ պայմանավորվածության հնարավորություն ստեղծել։

Եվ վերջապես, երրորդ գործոնը Ղազախստանի ու հատկապես Թուրքմենստանի նպատակն է դուրս գալ արեւմտյան շուկաներ։ Թեեւ մինչ օրս Ռուսաստանը բավական հաջող կերպով իր վերահսկողությունը պահպանել է կենտրոնաասիական երկրների էներգետիկ կարողությունների նկատմամբ, սակայն չպետք է բացառել այն տարբերակը, որ Իրանի «բացվելը» կարող է ԱՄՆ-ի ու Եվրոպայի համար մուտքի հնարավորություն ապահովել դեպի Կենտրոնական Ասիայի էներգետիկ պաշարներ։

Ինչպես նշվեց, միջազգային նշանակության էներգետիկ հանգույց դառնալը Թուրքիայի համար չի սահմանափակվում զուտ էներգետիկ կամ ֆինանսատնտեսական նպատակներով։ Հատկանշական է, որ 2009թ. հունվարին Բրյուսելում, Եվրամիության պատասխանատուների հետ Միությանը Թուրքիայի հնարավոր անդամակցության հարցի շուրջ բանակցություններ վարելիս` վարչապետ Էրդողանը իրար կապեց Թուրքիայի տարածքում կառուցվելիք «Nabucco» գազամուղի արդյունավետության եւ ԵՄ-ին Անկարայի անդամակցության հարցերը։

Իհարկե, «Nabucco»-ի խնդիրը դժվար թե էական ներգործություն ունենա Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարի վրա, սակայն քիչ հավանական է, որ նման հույսեր են կապում նաեւ Անկարայում։ Էրդողանի նման քայլը ավելի շատ ի ցույց է դնում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ձեւավորվող մոտեցումները` էներգակիր ստացող երկրների, իսկ հետագայում նաեւ էներգակիրներ վաճառող երկրների հետ հարաբերվելիս` օգտագործել միջնորդ պետության ընձեռած հնարավորությունները։

Եթե փորձենք հակիրճ ձեւակերպել ի հայտ եկող նորությունը, ապա Անկարայում նպատակ է դրված Թուրքիայի գեոստրատեգիական դիրքի եւ ռազմաքաղաքական կարողությունների մակարդակին հասցնել էներգետիկ հանգուցային երկրի ընձեռած հնարավորությունները, ինչը միայն կբարձրացնի այդ պետության կշիռը տարածաշրջանային եւ գլոբալ հարաբերություններում4:

Ներկայացվածի ապացույց կարող է ծառայել այն հանգամանքը, որ ներկայում Թուրքիան էներգետիկ (առաջին հերթին` նավթագազային) բավական ակտիվ համագործակցություն է ծավալում իր բոլոր հարեւանների հետ` Վրաստան, Իրան, Իրաք, Սիրիա, Հունաստան, Ռուսաստան, Իսրայել, Բալկանյան երկրներ։ Պատահական չէ, որ հայ-թուրքական հարաբերություններում սկիզբ առած նորմալացման գործընթացը նույնպես համընկավ էներգետիկ ոլորտում (էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի մասին պայմանավորվածությունը) ձեռք բերված համաձայնությանը։

Հետեւություններ

Միջազգային նշանակության էներգետիկ հանգույց դառնալու Թուրքիայի ռազմավարությունն առնվազն հետապնդում է երկու նպատակ։

Առաջին` ներկայում ընթացող միջազգային քաղաքական-տնտեսական համակարգի ձեւափոխման գործընթացում ապահովել Անկարայի պատշաճ ներկայությունը որոշումների կայացման գլոբալ մեխանիզմում։ Նախկինում դա արվում էր մի մեծ մասով ՆԱՏՕ անդամության եւ Մերձավոր Արեւելքում ու իսլամական աշխարհում ԱՄՆ կարեւորագույն դաշնակիցը լինելու միջոցով։ Սակայն նոր պայմաններում, երբ ՆԱՏՕ թուլացումն ու ամերիկա-թուրքական հարաբերությունների վատացումը կարող են հանգեցնել միջազգային համակարգում Թուրքիայի ազդեցության կրճատմանը, Անկարայի պատկերացմամբ` էներգետիկ հանգույց-երկրի ընձեռած հնարավորությունները կոչված են փոխհատուցելու այդ կորուստները։

Մյուս կողմից, Թուրքիայի էներգետիկ ռազմավարությունը պետք է դիտարկել այդ երկրի տարածաշրջանային քաղաքականությունում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում։ Եթե Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից ի վեր Անկարան Արեւմտյան աշխարհի հենակետն էր Մերձավոր Արեւելքում, ապա այսօր Թուրքիայում փորձում են վերստին ստանձնել Օսմանյան կայսրության առանցքային դերակատարությունը Մերձավոր Արեւելքում, եւ Անկարայի էներգետիկ հանգույց դառնալը կոչված է մեծացնելու Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում։ Այդ տեսանկյունից շատ ավելի բնութագրական է Անկարայի որոշումը` հարաբերությունների նորմալացման գործընթաց սկսել Երեւանի հետ, քան Էրդողանի կառավարության աննախադեպ սուր մոտեցումը Գազայում Իսրայելի գործողությունների նկատմամբ։

Հեռանկարի իմաստով էական է այն հարցը, թե անվտանգության ինչ համակարգ է առաջարկելու Թուրքիան փոփոխվող տարածաշրջանին (Մերձավոր Արեւելք, Հարավային Կովկաս, Բալկաններ)։ Ակնհայտ է, որ տարածաշրջանի էներգետիկ պատկերի ձեւափոխությունը (իսկ այդպիսին է նաեւ Թուրքիայի` էներգետիկ հանգույցի վերածվելը) չի կարող տեղաշարժեր չառաջացնել տարածաշրջանային անվտանգության համակարգում։ Միգուցե Անկարայի նախաձեռնած «Կովկասյան կայունության եւ համագործակցության պլատֆորմը» Թուրքիայի ենթադրվող առաջարկության մի մասն է, սակայն գրեթե կասկածից վեր է, որ Անկարայի հիմնական նախաձեռնությունները դեռ առջեւում են։ Շատ բան կախված է Իրաքում, Սիրիա–Իսրայել ուղղությամբ, Ռուսաստանի, Իրանի ու Հայաստանի հետ հարաբերություններում եւ ընդհանրապես` Հարավային Կովկասում ընթացող զարգացումների ելքից։

Մեր երկրի պարագայում էական է այն հանգամանքը, որ Թուրքիայի «փոխվելը» եւ Մերձավոր Արեւելքում նոր իրավիճակի ի հայտ գալը կարող են այդ տարածաշրջանը «բացել» մեզ համար` մեծացնելով Երեւանի ներգրավվածությունն այս ուղղությամբ։ Դա նշանակում է, որ առաջիկայում մեր երկրի ազգային անվտանգության համակարգի վրա մերձավորարեւելյան զարգացումները կարող են ունենալ ավելի լուրջ ներգործություն։

1Առկա է նաեւ Լիբիայի տարբերակը, սակայն արեւմտյան ընկերությունների առջեւ այդ երկրի նոր «բացվելու» պատճառով լիբիական ուղղությունն ավելի շատ համարվում է հեռանկարային։

2Ներկայում «Газпром»-ն ապահվում է Եվրամիության բնական գազի ներմուծման մոտ 40%-ը` 140 մլրդ մ3։

3«BP Statistical Review of World Energy, June 2008»-ի համաձայն, Պարսից ծոցի ութ երկրները (Իրան, Իրաք, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Բահրեյն, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման) եւ Կասպիցին հարակից չորս պետությունները (Ադրբեջան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան) միասին տիրապետում են բնական գազի աշխարհի ապացուցված պաշարների 45.05%-ին։

4Չնայած ներկայում Թուրքիան ներքին կարողությունների հաշվին բավարարում է իր էներգետիկ պահանջների ընդամենը 30%-ը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր