• am
  • ru
  • en
Версия для печати
02.02.2009

ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ

Руский

   

Սարգիս Հարությունյան

us-iran-flags (medium)Չնայած այսօր Միացյալ Նահանգների նոր վարչակազմի գործունեության հետ կապված ամենից մեծ սպասելիքները վերաբերում են ֆինանսատնտեսական ոլորտին, սակայն միջազգային քաղաքականության բնագավառում նույնպես գոյություն ունեն հարցեր, որոնց վերաբերյալ Միացյալ Նահանգների 44-րդ նախագահը պետք է ոչ դյուրին որոշումներ կայացնի։

Լարվածության չդադարող աճը Աֆղանստան–Պակիստան գծում եւ Հնդկաստան–Կենտրոնական Ասիա ուղղությամբ սպասվող զարգացումները, Ամանորի նախօրեին բռնկված իսրայելա-պաղեստինյան հերթական պատերազմը եւ ընդհանուր իրավիճակը Մերձավոր Արեւելքում, ռուս-ուկրաինական գազային ճգնաժամը եւ դրանից բխող աշխարհաքաղաքական հետեւանքները հետխորհրդային տարածքում ու Արեւելյան Եվրոպայում. սա հարցերի ոչ ամբողջական ցանկն է, որոնց հետ կապված Վաշինգտոնում պետք է հիմնարար մոտեցումներ մշակվեն։ Ավելին, գալով Սպիտակ տուն` Օբաման կպարզի, որ ներկայացվածում գոյություն ունեն հարցեր, ուր ժամանակն աշխատում է ԱՄՆ-ի դեմ։

Հետեւաբար, ողջ հարցն այն է, թե ամերիկյան նոր վարչակազմում ինչքանով են ի վիճակի ու պատրաստ փոփոխություններ մտցնել արտաքին ռազմավարության մեջ, որովհետեւ հստակ է մի բան` արդեն փոխված աշխարհում ԱՄՆ-ի համար անհնար կլինի շարժվել 1990-ական թթ. ռազմավարությամբ։ Ընդ որում, սա գիտակցում էին նաեւ Բուշ-կրտսերի վարչակազմում, որովհետեւ բազմաթիվ են օրինակները, երբ Օբաման պարզապես իրականացնելու է այն փոփոխությունները, որոնց վերաբերյալ որոշումները կայացվել են դեռեւս Բուշ-կրտսերի օրոք։

Ամերիկա-իրանական հարաբերությունների հեռանկարի հարցը կարեւորագույններից մեկն է։ Մեզ համար հարցն էական է երկու պատճառով.

  • այն երբեք չի առնչվել սոսկ երկու երկրներին եւ ունեցել է տարածաշրջանային հետեւանքներ,
  • ժամանակի ընթացքում Հայաստանի ազգային անվտանգության համար ամերիկա-իրանական հարաբերություններն իրենց նշանակությամբ զգալիորեն մոտեցել են ամերիկա-ռուսական հարաբերություններին։

Իրավիճակային դիտարկում

1979թ. իսլամական հեղափոխությունից ի վեր` մոտ 30 տարվա ընթացքում առաջին անգամ` 2008թ. նոյեմբերին, Իրանի նախագահը որոշեց շնորհավորհել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրված անձին։ Անշուշտ, Մահմուդ Ահմադինեժադի քայլը տրամաբանական շարունակությունն էր ավելի վաղ նկատված այն իրադարձությունների, որոնք 2007թ. վերջից պարզորոշ վկայում էին ամերիկա-իրանական ընթացող ջերմացման մասին1: Սակայն պակաս կարեւոր հանգամանք չէ այն, որ ամերիկյան նոր վարչակազմի գործունեության հենց սկզբում երկու կողմերն էլ որոշել են տեղեկատվական նոր միջավայրում շարունակել իրենց փոխհարաբերությունները2:

Այդ իմաստով հատկապես ուշագրավ էր իսրայելա-պաղեստինյան վերջին պատերազմը։ Չնայած իրանական կողմի ավանդական կոշտ հայտարարություններին, փաստն այն է, որ պատերազմի ողջ ընթացքում` ավելի քան 20 օր, Թեհրանը որեւէ գործնական քայլ չձեռնարկեց Իսրայելի դեմ։

Հայտնի է, որ հունվարի 8-ին եւ 14-ին հարավային Լիբանանի տարածքից Իսրայելի հյուսիսային բնակավայրերի ուղղությամբ ընդհանուր առմամբ արձակվեցին վեց հրթիռներ։ Այդ հանգամանքը շատերին հիմք տվեց ենթադրելու, որ իրանական կողմը նպատակ ունի իր ազդեցության ներքո գործող լիբանանյան «Հիզբալլահ» խմբավորման միջոցով հարկադրել Իսրայելին պատերազմել երկու ճակատով։ Սակայն փաստն այն է, որ պատերազմն ավարտվեց, իսկ «Հիզբալլահը» զերծ մնաց ռազմական գործողությունների ծավալումից։ Նշվածն ավելի ակնառու է դառնում, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ պատերազմի օրերին` հունվարի 2-3-ը, Դամասկոս, իսկ հետո նաեւ Բեյրութ այցելեց Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալալին, ով հանդիպումներ ունեցավ ինչպես Սիրիայի ու Լիբանանի ղեկավարների, այնպես էլ «Համաս», «Հիզբալլահ» եւ «Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատ» կազմակերպությունների առաջնորդների հետ։ Քիչ հավանական է, որ Իրանից ֆինանսական, քաղաքական ու ռազմական ծավալուն աջակցություն ստացող կազմակերպությունները մերժեին իրանական քաղաքական ղեկավարության որոշումը` հարվածներ հասցնել Իսրայելի հյուսիսային սահմանների երկայնքով3:

Հետեւությունը կարող է լինել մեկը։ Եթե կասկածից վեր է, որ Թեհրանը չի կարող նպատակ ունենալ զիջումների գնալ Իսրայելին, ապա իրանական կողմի նշված դիրքորոշումը կարող էր հետաքրքրել միայն Վաշինգտոնին։ Եթե 2006թ., երբ «Հիզբալլահը» պատերազմական գործողություններ էր վարում Իսրայելի դեմ, Թեհրանում նպատակ կար Վաշինգտոնին ի ցույց դնել սեփական հնարավորությունները Մերձավոր Արեւելքում, ապա ներկայում, երբ ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունները ընթացքի մեջ են, իրանական կողմը չէր կարող նման խնդիր ունենալ։ Ավելի հավանական է ներկայանում այն տարբերակը, որ զսպելով «Հիզբալլահին»4` այս անգամ Իրանում որոշել էին ամերիկացիներին ներկայացնել իրենց հետ համագործակցելու օգուտները։

Հետեւություններ

Առնվազն երկու ուղղությամբ նկատվող զարգացումները հարկադրում են Միացյալ Նահանգներին փոխհամաձայնության հասնել Իրանի հետ։ Առաջինը Ռուսաստանի ազդեցության աճն է հետխորհրդային տարածքում եւ Արեւելյան Եվրոպայում, իսկ երկրորդը` Հնդկաստան–Կենտրոնական Ասիա գծում սպասվող զարգացումներն են։

Ռուսաստանի պարագայում իրանական կողմը կարող է ԱՄՆ-ին աջակցություն ցույց տալ վերջինիս համար էական երեք կետերում.

  • իրավիճակի ընդհանուր կայունացում Մերձավոր Արեւելքում, ինչը Վաշինգտոնին հնարավորություն կտա ավելի մեծ ռեսուրսներ կենտրոնացնել Մոսկվայի ուղղությամբ,
  • մուտքի հնարավորություն դեպի Հարավային Կովկաս, Կասպից եւ Կենտրոնական Ասիա, ինչը Վաշինգտոնի համար, թերեւս, ունենա ավելի մեծ նշանակություն` հատկապես վրաց-ռուսական պատերազմից հետո,
  • եւ վերջապես, դեպի Եվրոպա իրանական բնական գազի մատակարարում, ինչը կնվազեցնի եվրոպական երկրների ու հատկապես Գերմանիայի կախվածությունը ռուսական էներգակիրներից, այսինքն` կթուլացնի Մոսկվայի ազդեցությունը եվրոպական գործերում։

Ինչ վերաբերում է Հնդկաստան–Կենտրոնական Ասիա գծին, ապա այդ ուղղությամբ Թեհրանի դերակատարության նշանակությունը կարող է նոր ի հայտ գալ։ Արդեն հայտնի է, որ Օբամայի վարչակազմի գործունեության գոնե սկզբնական շրջանում ԱՄՆ-ը ոչ միայն չի պատրաստվում հեռանալ Աֆղանստանից, այլեւ 30 հազարով մեծացնելու է իր ռազմուժի թվաքանակն այդ երկրում։ Հաշվի առնելով խորացող անկայունությունը Պակիստանում եւ Հնդկաստանի հետ վերջինիս լարվող հարաբերությունները` չպետք է բացառել, որ առաջիկայում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ դեպի Աֆղանստան ու Կենտրոնական Ասիա մուտք ունենալու համար ԱՄՆ-ին հարկավոր լինի Թեհրանի թույլտվությունը, որովհետեւ մյուս ճանապարհներն անցնում են Ռուսաստանով եւ Չինաստանով։

Գաղտնիք չէ, որ ներկայում իրանական ուղղությամբ Վաշինգտոնում թափ հավաքող տրամաբանությունը հետեւյալն է. Թեհրանի հետ պետք է վարվել այնպես, ինչպես ժամանակին Նիքսոնն արեց չինական ուղղությամբ։ Հավանական է, որ ԱՄՆ-ը Իրանին զիջումներ անի տարածաշրջանային անվտանգության հարցերում եւ վերացնի տնտեսական սահմանափակումները: Սակայն հիմնական հարցը մնում է բաց` ի՞նչ պետք է անել իրանական միջուկային զենքի հետ։

1 Այդ իրադարձություններից հարկ է առանձնացնել 2007թ. վերջին հրապարակված ԱՄՆ Ազգային հետախուզության խորհրդի զեկույցը, ուր որպես գլխավոր հետեւություն նշված էր, թե, ամենայն հավանականությամբ, Իրանը դադարեցրել է իր միջուկային զենքի ծրագիրը 2003թ. աշնանը։ Մյուս կարեւոր ցուցիչը 2008թ. օգոստոսին ձեռք բերված ամերիկա-իրաքյան պայմանավորվածությունն էր` մինչեւ 2011թ. ավարտը Իրաքում ամերիկյան զորքերի տեղակայման վերաբերյալ, ինչն անհնար կլիներ առանց իրանական կողմի համաձայնության:

2 Օրինակ, երկու անգամ (դեկտեմբերի 7, 2008թ. եւ հունվարի 11, 2009թ.) իր հեռուստահարցազրույցների ժամանակ Բարաք Օբաման հայտարարեց, թե իրանական հարցը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով եւ իր վարչակազմը նպատակ ունի ներգրավել Իրանին տարածաշրջանային գործերի մեջ։

3 Նշվածը հատկապես առնչվում է «Հիզբալլահին», որը 2006թ. ամռանը իրանական ռազմական փորձագետների աջակցությամբ կարողացավ հարկադրել Իսրայելին նահանջել, եւ այդ իմաստով միգուցե անփոխարինելի փորձ ունի իսրայելական ռազմական մեքենայի դեմ պայքարում։

4 Չպետք է բացառել, որ Ջալալիի այցելությունը Դամասկոս եւ Բեյրութ իրականում ուներ այդ նպատակը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր