• am
  • ru
  • en
Версия для печати
27.11.2008

ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ»

Руский

   

Սարգիս Հարությունյան

Armenia NKR (original) Արեւմուտքի որոշումը` ավելի քան $4.5 մլրդ հատկացնել Թբիլիսիին, անշուշտ, չի նշանակում, թե Սահակաշվիլու վարչակազմը երաշխիքներ ստացավ, որ գալիք ձմռանից հետո իրեն կհաջողվի մնալ իշխանության գլուխ։ Բայց դա նշանակում է, որ Արեւմուտքում ցանկանում են երաշխիքներ ունենալ, որ վրացական ներքաղաքական զարգացումների ցանկացած տարբերակի դեպքում այդ երկրի արտաքին ռազմավարությունը չի կրի էական փոփոխություններ։ Մյուս կողմից, Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումից հետո ավելի հիմնավորված է թվում այն տարբերակը, որ առնվազն կարճատեւ հեռանկարում Մոսկվան սպառել է Թբիլիսիի վրա ներազդելու իր գլխավոր լծակը։1

Այս պայմաններում միակ այլընտրանքը Մոսկվայի համար հանդիսանում է Ադրբեջանի նկատմամբ այնպիսի վերահսկողության սահմանումը, որն ի վիճակի կլինի խոչընդոտել արեւմտյան չդադարող աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական էքսպանսիան Հարավային Կովկաս–Կասպից–Կենտրոնական Ասիա գծով։

Եվ քանի դեռ Ռուսաստանի համար «փակ» է վրացական ուղղությունը, Ադրբեջանի գեոստրատեգիական արժեքը Կրեմլում բարձր է գնահատվելու։ Հետեւաբար, Հարավային Կովկասում գործող միջազգային ուժի կենտրոնների հիմնական ջանքերը Վրաստանից կարող են տեղափոխվել Ադրբեջան։

Մեզ համար նախեւառաջ կարեւոր է այն, որ առաջիկա ժամանակահատվածում նշված տրամաբանությունը գերիշխող է լինելու տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Ուժի կենտրոնների համար մենք չենք կարող ո՛չ փոխարինել Ադրբեջանին եւ ո՛չ էլ կարող ենք անտեսել այդ հանգամանքը։ Ներկայում հենց այդ համատեքստում էլ հանդես է գալիս ԼՂՀ հիմնախնդիրը։

Իրավիճակային վերլուծություն

«Ադրբեջանական հարցը» նորություն չէ։ Այդ երկրի աշխարհագրական դիրքը եւ էներգետիկ պաշարները նախորդ դարում էական նշանակություն են ունեցել հարավկովկասյան աշխարհաքաղաքականության համար, եւ իրադարձությունները ցույց են տալիս, որ իրավիճակը քիչ է փոխվել նաեւ մեր օրերում։

Տարօրինակ չէ, որ Ռուսաստանի նախագահ ընտրվելուց կարճ ժամանակ անց Դմիտրի Մեդվեդեւն այցելեց Բաքու։ Այդ իմաստով զուգահեռներն այն փաստի հետ, որ բոլշեւիկյան Ռուսաստանը Հարավային Կովկասի խորհրդայնացումը սկսեց հենց Ադրբեջանից, ավելի շատ օրինաչափություն են, քան պատահականություն։ Հետեւաբար, մեզ համար անակնկալ չպետք է լիներ այն, որ 2008թ. աշնանը Մոսկվան ու Անկարան որոշեցին միասին հանդես գալ տարածաշրջանին առնչվող դիվանագիտական համալիր նախաձեռնությամբ։ Երկու կողմերի այդ քայլը նույնպես պետք է գնահատել որպես աշխարհաքաղաքական օրինաչափ կոնստրուկցիա, ինչպես 20-րդ դարի սկզբին էր, եւ քանի դեռ չի փոխվել տարածաշրջանային քաղաքականության տրամաբանությունը, այդ օրինաչափությունն իրեն ժամանակ առ ժամանակ զգալ կտա։

Ներկայացված զարգացումների համատեքստում պետք է նոր իմաստով գնահատել հունիսի սկզբին «Газпром»-ի ղեկավար Ալեքսեյ Միլերի առաջարկությունը Ալիեւ-կրտսերին, ըստ որի` ռուսական ընկերությունը պատրաստ է գնել արտահանման նախատեսված ադրբեջանական ողջ բնական գազը` միջազգային բարձր գներով։2 Անշուշտ, առաջարկությունն ինքնին ռազմավարական էր եւ առաջին հերթին նշանակում է, որ Ռուսաստանը հայտ է ներկայացրել Ադրբեջանի արտաքին քաղաքականության նկատմամբ սեփական ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ (բանաձեւը շատ պարզ է` ով վերահսկում է Բաքվի էներգետիկ հոսքերը, վերահսկում է նրա արտաքին քաղաքականությունը)։ Բայց գլխավոր հետեւությունն այն չէ, որ մենք պետք է նորություններ սպասեինք Ադրբեջանի նավթային սեկտորին առնչվող ռուսական նախաձեռնություններում,3 այլ այն, որ Միլերի առաջարկությունից հետո կանխատեսելի էր Ղարաբաղյան հարցում ռուսական ակտիվության կտրուկ աճը։ Այս դեպքում նույնպես բանաձեւը հստակ է` Ադրբեջանում ռազմավարական գերակայության հասնելու համար վերահսկողությունը նրա էներգետիկ պաշարների նկատմամբ բավարար չէ, պետք է վերահսկողություն հաստատվի նաեւ ԼՂՀ հիմնախնդրի նկատմամբ։

Բայց ի տարբերություն նախորդ դարասկզբի, մենք, այնուամենայնիվ, նորություններ ունենք։ Պատահական չէ, որ ռուս-վրացական պատերազմից հետո Վաշինգտոնում որոշեցին փոխնախագահ Դիք Չեյնիի մակարդակով պատվիրակություն ուղարկել Ադրբեջան։ Ճիշտ է, ԱՄՆ փոխնախագահն այցելեց նաեւ Վրաստան եւ Ուկրաինա, սակայն ուշադրություն գրավեց այն հանգամանքը, որ նրա առաջին հանգրվանը Բաքուն էր (սեպտեմբերի 3)։ Իսկ մոտ մեկ ամիս անց` հոկտեմբերի 1-3-ը, Ադրբեջանի մայրաքաղաքում էր ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Նեգրոպոնտեն։ Հիշեցնենք, որ 2005–2007թթ. ընթացքում Նեգրոպոնտեն զբաղեցրել է ԱՄՆ նորաստեղծ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը, ում անուղղակի ենթակայության ներքո են գործում ամերիկյան գրեթե բոլոր հատուկ ծառայությունները, եւ համարվում է ԱՄՆ ներկայիս վարչակազմի առանցքային դեմքերից մեկը։

Փաստն այն է, որ նշված այցերն ի ցույց են դնում ամերիկյան կողմի մտահոգությունները` կապված Բաքվի շուրջ ընթացող զարգացումների հետ։ Օրինակ, օգոստոսին միջազգային շուկա Բաքուն իր նավթի մի որոշակի չափաբաժինը` 100 հազ. տոննա, արտահանեց Իրանի միջոցով, իսկ սեպտեմբերին այդ թիվը հասավ 300 հազ. տոննայի։4 Բնութագրիչ է, որ ընդամենը մեկ տարի առաջ անհեռանկարային թվացող այդ տարբերակները (ադրբեջանական նավթի արտահանումը Ռուսաստանի եւ Իրանի միջոցով)5 ուղեկցվեցին պաշտոնական Բաքվի ուշագրավ հայտարարություններով։ Ս.թ. սեպտեմբերի 25-ին «The Financial Times» պարբերականի հրապարակած հարցազրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց, թե Բաքվի արտաքին քաղաքական ռազմավարությունն է լինել բոլորի լավ բարեկամը` համաձայն սեփական ազգային շահերի։

Ներկայացվածը նշաններ էին, որ Բաքվում, ըստ ամենայնի, ձեռնամուխ են եղել փոփոխություններ մտցնել սեփական էներգակիրների արդյունահանման եւ արտահանման ռազմավարությունում։ Հնարավոր է, որ դա այդպես չէ, սակայն Չեյնիի ու Նեգրոպոնտեի այցերը վկայում են, որ Վաշինգտոնում հենց այդպես էլ հասկացել էին։ Քիչ հավանական է, որ այդ պահին գոյություն ունենար որեւիցե այլ հարց, որն ամերիկյան վարչակազմի նման բարձրաստիճան ներկայացուցիչներին կբերեր Բաքու։

Թեեւ ս.թ. նոյեմբերի 2-ի Մայենդորֆի հռչակագիրը չի խոսում այս փուլում ռուսական դիվանագիտության հաջողության մասին, սակայն մի բան հստակ է` հռչակագիրը նաեւ չի փակում սկիզբ առած գործընթացը։ Նշվածը մի կողմից` հիմք է տալիս ենթադրելու, որ մինչեւ ամերիկյան նոր վարչակազմի գործունեությունը դժվար թե Մոսկվան հանդես գա նոր` լուրջ նախաձեռնությամբ, բայց մյուս կողմից` ստեղծված դադարը սահմանափակվելու է առաջիկա երկու-երեք ամիսներով։

Գնահատական եւ հեռանկար

Հենվելով այդ թվում Մայենդորֆի հռչակագրի վրա` ավելի իրատեսական է ներկայանում այն գնահատականը, որ ԼՂՀ շուրջ առկա status quo-ն փոխելու առումով Մոսկվայի հնարավորությունների պատուհանը փակվում է։

Սակայն փաստն այն է, որ ռուսական նախաձեռնությունն իր ազդեցությունն է ունեցել տարածաշրջանի բոլոր երկրների եւ տարածաշրջանում գործող ուժի կենտրոնների քաղաքականությունների վրա։ Կարեւոր է նաեւ գիտակցել, որ սկիզբ առած գործընթացը դեռ ավարտուն տեսք չի ստացել։ Հավանական է, որ նոր իրավիճակի վերաբերյալ մենք ավելի հստակ պատկերացումներ ունենանք գալիք տարի։

Ներկայացվածը նշանակում է, որ ներկայում որոշ առումով փոխվում է ԼՂՀ հակամարտության շուրջ առկա աշխարհաքաղաքական կոնստրուկցիաների եւ ընդհանրապես փոխդասավորվածության պատկերը, որն ընդհանուր գծերով պահպանվում էր 1994-ից ի վեր։

Այս պահին գլխավոր հետեւությունն առնչվում է Ադրբեջանին։ Ավելի հավանական է ներկայանում այն տարբերակը, որ եթե Վաշինգտոնում, Լոնդոնում, Բրյուսելում կամ նունիսկ Թեհրանում որոշեն ընդդիմանալ ռուսական նախաձեռնությանը, ապա դրա առաջին նշանները մենք կտեսնենք Բաքվում։ ԱՄՆ–Մեծ Բրիտանիա զույգի համար Մոսկվայի կողմից «ճեղքման» գրանցումը կամ առավել եւս` վերահսկողության սահմանումը ԼՂՀ խնդրի նկատմամբ կնշանակի եթե ոչ Ադրբեջանի հիմնական էներգետիկ հոսքերի նկատմամբ ազդեցության կորուստ, ապա գոնե Ադրբեջանի էներգետիկ ոլորտում ներկայության կրճատում։

Հեռանկարի իմաստով կարեւոր նշանակություն ունեն երկու հարց.

  • Ի՞նչ որոշման են հանգելու Բաքվում 2009թ. հունվարից հետո, երբ հասկանալի կդառնա ամերիկյան նոր վարչակազմի քաղաքականությունը տարածաշրջանում։6
  • Ի՞նչ զարգացում կապրեն հայ-թուրքական հարաբերությունները, եթե հաշվի առնենք, որ այդ թվում Մոսկվայի միջնորդությամբ վերջին շրջանում ակտիվացած Երեւան–Անկարա բանակցությունները հիմք են ստեղծել այդ ուղղությամբ «ճեղքում» գրանցելու նաեւ ԱՄՆ-ի համար։7

1Այդ առումով առավել իրատեսական է ներկայանում, օրինակ, ռուս-վրացական հարաբերությունների նորմալացումը, քան հետագա սրացումը, ինչին ձգտում են Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները, եւ որը կարող է որոշակի առումով ընդունելի լինել Մոսկվայի ու Թբիլիսիի համար` Սահակաշվիլու հեռանալուց հետո։

2Ըստ արեւմտյան աղբյուրների, Ադրբեջանի միայն «Շահ-Դենիզ» գազահանքը պարունակում է 1.2 տրլն մ3 բնական գազի պաշարներ, եւ 2011թ. հետո այն տարեկան կկարողանա արդյունահանել մոտ 17 մլրդ մ3 բնական գազ։ Ըստ հունիսին տարածված տեղեկության, Միլերը ադրբեջանական հազար մ3 գազի դիմաց առաջարկել էլ $360։

3Հիշեցնենք, որ երբ վրաց-ռուսական պատերազմի հետեւանքով ժամանակավորապես փակվեցին Վրաստանի տարածքով անցնող «Բաքու–Թբիլիսի– Ջեյհան» ու «Բաքու–Սուփսա» նավթամուղներն ու անհնար դարձավ ադրբեջանական նավթը միջազգային շուկա տեղափոխել վրացական երկաթգծով, Բաքուն որոշում կայացրեց իր սեւ ոսկու մի մասը (օրական մոտ 100 հազ. բարել) տեղափոխել Ռուսաստանի միջոցով` «Բաքու–Նովոռոսիյսկ» նավթամուղով։ Վրաց-ռուսական պատերազմից հետո էլ ռուսական ուղին շարունակում է գործել։

4Իրանի միջոցով ադրբեջանական նավթն արտահանվում է այսպես կոչված փոխանակման (swap) միջոցով։ Բաքուն իր արդյունահանած նավթը Իրանի կասպյան Նեկա նավահանգստում հանձնում է իրանական «National Iranian Oil Terminals Co.» ընկերությանը եւ նույն քանակությամբ նավթ ստանում Իրանի հարավային` Պարսից ծոցի նավահանգիստներում, որտեղից էլ արտահանում է միջազգային շուկա։

5Նախկինում այդ տարբերակներն իրական չէին համարվում, քանի որ ադրբեջանական նավթը բավականացնում է միայն «Բաքու–Թբիլիսի–Ջեյհան» ու «Բաքու–Սուփսա» նավթամուղներով արտահանելու համար, եւ պատճառներից մեկն էլ դա էր, որ 2007թ. սկզբից Բաքուն հրաժարվեց իր նավթն արտահանել «Բաքու–Նովոռոսիյսկ» նավթամուղով։

6Այս իմաստով, թերեւս, ամենեւին էլ պատահական չէին նոյեմբերի 10-13-ը Ադրբեջանի հյուսիսային` Դաղստանին սահմանակից Գուսարի եւ Ղուփայի շրջաններում տեղի ունեցած ռազմական գործողությունները` Ադրբեջանի զինված ուժերի եւ վահաբական մի խմբավորման միջեւ։ Խմբավորմանը հաջողվել էր մի քանի օր դիմադրություն ցույց տալ ծանր զինտեխնիկայով զինված ադրբեջանական ներքին զորքերին։

7Կախված այն հանգամանքից, թե այդ «ճեղքումը» որ միջնորդի տրամաբանությամբ կիրականանա, գործընթացը կարող է համապատասխան ազդեցություն թողնել ողջ տարածաշրջանի եւ, մասնավորապես, ԼՂՀ հիմնախնդրի վրա: Մի բան, սակայն, արդեն այսօր պարզ է` տեղի ունեցած զարգացումներից հետո թուրքական կողմին ավելի դժվար կլինի վարել հայ-թուրքական սահմանի փակ մնալուն միտված քաղաքականություն:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր