• am
  • ru
  • en
Версия для печати
14.12.2006

«Դաշնային» Իրաքի ստեղծումը

Руский

   

Սարգիս Հարությունյան

Նոյեմբերի 12-ին Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարեց Բաղդադի կենտրոնական կառավարությունում սպասվող «համընդհանուր վերադասավորումների» մասին։ Թեև նախնական տեղեկությունների համաձայն, վերադասավորումները գերազանցապես առնչվելու են կառավարության ոչ ուժային հատվածին, սակայն ալ-Մալիքիի նման հայտարարությունը կարող է իրականում վկայել իրաքյան կառավարության մոտալուտ անկման մասին։ Ողջ հոկտեմբեր ամսին ընթացող ինտենսիվ բանակցությունների արդյունքում ալ-Մալիքիին այդպես էլ չհաջողվեց կյանքի կոչել սեպտեմբերի վերջից շրջանառության մեջ գտնվող՝ Իրաքում հակամարտող խմբավորումների միջև խաղաղության հաստատման իր ծրագիրը1։ Ավելին՝ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ միջդավանական ու միջէթնիկ հակասություններն Իրաքում հասել են աննախադեպ խորության2։ Այդ համատեքստում կառավարության վերադասավորումները չեն խոսում կենտրոնական իշխանության օգտին, հետևաբար չեն կարող ունենալ երաշխավորված հետևանքներ։

Մյուս կողմից՝ Նուրի ալ-Մալիքիի կառավարության հավանական անկումը կարող է վկայել առնվազն երկու հանգամանքների մասին։

Ալ-Մալիքիի կառավարությունը 2005թ. դեկտեմբերի 15-ի իրաքյան խորհրդարանական ընտրություններից հետո բավական դժվարությամբ՝ մոտ կես տարվա բանակցությունների արդյունքում, ձևավորված (2006թ. հունիսի 8-ին) կառավարություն է։ Եթե վերջինիս անկման կանխատեսումն իրականություն դառնա, ապա այն կարող է նախ և առաջ վկայել Իրաքի նկատմամբ ամերիկյան նոր քաղաքականության մեկնարկի մասին, քանի որ այսօր Իրաքի կենտրոնական կառավարության միակ երաշխավորն ամերիկյան ռազմուժն է։ Պատահական չէ, որ Իրաքի վարչապետի հայտարարությունը մեջտեղ եկավ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։

Երկրորդ՝ նման պայմաններում Բաղդադի կենտրոնական կառավարության անկումը գործնականում գրեթե անհնարին կդարձնի ոչ դաշնային (ոչ ֆեդերալ) սկզբունքի հիման վրա կառուցված նոր կենտրոնական գործադիր մարմնի ստեղծումն Իրաքում։

«Դաշնային» Իրաք

2006թ. հոկտեմբերի 11-ին Իրաքի խորհրդարանն ընդունեց հատուկ օրենք, որով սահմանվում է դաշնային շրջանների ստեղծման մեխանիզմը։ Դաշնային շրջանների ստեղծումը նախատեսված էր դեռևս 2005թ. հոկտեմբերի 15-ի հանրաքվեով ընդունված Իրաքի նոր սահմանադրությամբ3։ Ըստ հոկտեմբերի 11-ի օրենքի, Իրաքի 18 նահանգներից յուրաքանչյուրը կարող է դաշնային շրջաններ ձևավորել կամ միանալ տվյալ շրջանին տեղի՝ նահանգային, օրենսդիր մարմնի պատգամավորների 2/3-րդի համաձայնությամբ անցկացված հանրաքվեի դրական արդյունքի դեպքում։ Միաժամանակ, հոկտեմբերի 11-ի օրենքը 18 ամսով հետաձգեց ինքնավար շրջանների ստեղծման կարգի ընդունումը։

Թեև սուննիական «Իրաքի փոխհամաձայնության ճակատն» ու շիական երկու խմբակցություններ՝ ալ-Սադրի խմբակցությունը և «Ալ-Ֆադհիլան»4, բոյկոտեցին քվեարկությունը, սակայն խորհրդարանում շիական ամենամեծ խմբակցությունները՝ «Իրաքյան միավորված ալյանսն» ու վարչապետ ալ-Մալիքիի «Հիզբ ալ-Դավահը», ինչպես նաև քուրդ պատգամավորները միաձայն ընդունեցին ավելի քան 200 հոդված պարունակող օրինագիծը։

Հոկտեմբերի 11-ի օրենքի ընդունումն առաջին հերթին նշանակում է հունիսի 7-ին Իրաքում «Ալ-Ղայիդայի» առաջնորդ Աբու Մուսաբ ալ-Զարքավիի սպանությամբ մեկնարկած քաղաքական կոնսենսուսի ավարտ։ Հիմնական տեղաշարժը գրանցվել է շիական իշխող քաղաքական ուժերի դիրքորոշման մեջ։ Եթե 2006թ. ամռան սկզբին շիաների պատկերացումները սահմանափակվում էին իրաքյան կոալիցիոն կառավարությունում քաղաքական ամենամեծ ուժը լինելով5, ապա նույն ամռան վերջից սկսած նավթով հարուստ Իրաքի հարավային՝ շիական, նահանգների ինքնավարության ձեռքբերումը դարձավ նրանց առաջնային նպատակը։

Շիական իշխող քաղաքական ուժերի մոտ նման արագ տրասնֆորմացիան առաջին հերթին պետք է կապել իսրայելա-լիբանանյան պատերազմի արդյունքում տարածաշրջանում Թեհրանի դերակատարության աճի և որպես հետևանք Լիբանանում շիական Հիզբալլահ խմբավորման ազդեցության ընդլայնման հետ, որոնք էլ ի վերջո հանգեցրին Իրաքի շիական քաղաքական ուժերի միջև առկա տարաբնույթ հակասությունների մի զգալի մասով ստորադասմանը ինքնավարության գաղափարին6։

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ Իրաքում շիական ինքնավարության ստեղծմամբ Իրանը ձգտում է իրատեսական քաղաքականության հարթություն տեղափոխել իսրայելա-լիբանանյան պատերազմի արդյունքում ձեռք բերված տեղեկատվական-հոգեբանական առավելությունը։ Շիական ինքնավարության կամ, իրականում, շիական նոր պետության երևան գալը Պարսից ծոցի ափին, որի անվտանգությունը կարող է մի զգալի մասով կախված լինել Թեհրանից, կարճ ժամանակ անց լիովին նոր հարթություն կտեղափոխի միջուկային տերության կարգավիճակին մոտեցող Իրանի քաղաքական ազդեցությունը ոչ միայն ռազմավարական մեծ արժեք ներկայացնող Պարսից ծոցում, այլև ողջ Մերձավոր Արևելքում։

Երրորդ՝ հոկտեմբերի 11-ի օրենքի ընդունումը, ինչն անհնար կլիներ ամերիկյան կողմի առարկության դեպքում, կարող է նաև նշանակել, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Վաշինգտոնում արդեն որոշում էր կայացվել Իրաքը դաշնային երեք շրջանների բաժանելու մասին։ Չի բացառվում, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի ու նախկին կոնգրեսական Լի Համիլթոնի գլխավորած «Iraq Study Group»-ի կողմից իրաքյան խնդրի վերաբերյալ 2006թ. դեկտեմբերին Բուշ-կրտսերի վարչակազմին ներկայացվելիք հանձնարարականները պաշտոնական Վաշինգտոնի համար որևիցե նոր դրույթ չպարունակեն։

Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 11-ի օրենքի ընդունման փաստը պետք է ընկալել որպես Իրաքում առկա ապաինտեգրացիոն իրավիճակի բավական խոսուն ցուցիչ7։

Փոփոխություններ ԱՄՆ իրաքյան քաղաքականությունում

Ի տարբերություն նոյեմբերի 7-ին նախորդող ժամանակահատվածի, երբ Բուշ-կրտսերի վարչակազմի իրաքյան քաղաքականության համար անմիջականորեն կարևոր էին ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքները, Վաշինգտոնի իրաքյան այսօրվա քաղաքականության մեջ էական դեր են խաղալու երեք գործոններ.

  • ամերիկյան վարչակազմի համար ամենախոցելի ժամանակահատվածը (մինչև նոյեմբերի 7-ն ընկած շաբաթները) այլևս անցյալում է,
  • միջանկյալ ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ում ձևավորված իշխանական հավասարակշռությունը թույլ կտա Վաշինգտոնին ավելի համակողմանի և ռազմավարական բնույթի որոշման հանգել Իրաքի հարցում,
  • մյուս կողմից, սակայն, Բուշ-կրտսերի վարչակազմը և դեմոկրատներն ունեն առավելագույնը երկու տարի՝ իրավիճակն Իրաքում «շտկելու» համար. ո՛չ դեմոկրատները, ո՛չ հանրապետականները չեն ցանկանա 2008թ. նախագահական ընտրություններին գնալ իրաքյան բեռով։

Թեև նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերթի հետ կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, փաստորեն, բացառեց Իրաքի հարցով Իրանի հետ բանակցություններ սկսելու հավանականությունը, սակայն պաշտոնական Վաշինգտոնի նման մերժողական կեցվածքը բացատրվում է «թույլ դիրքերով Թեհրանի հետ բանակցություններ վարելու» մտահոգության առկայությամբ։

Ակնհայտ է, որ իրաքյան խնդրի առնչությամբ Իրանի հետ բանակցություններ վարելու Վաշինգտոնի մոտեցումներում փոփոխություններ իրականացնելու սկզբունքային որոշումը կայացված է։ Նոյեմբերի 8-ին 1991-1993թթ. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) գլխավորած Ռոբերտ Գեյթսի8 (ով 2004-ից ի վեր բազմիցս արտահայտվել է իրաքյան խնդրի կարգավորման գործում Իրանին ներգրավելու օգտին) նշանակումը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում9 վկայում է այդ մասին։

Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ Պետքարտուղարության Իրաքի գծով համակարգող Դևիդ Սաթերֆիլդը հայտարարեց, թե Միացյալ Նահանգները պաշտոնապես քննարկում է իրաքյան խնդրով Իրանի հետ ուղղակի բանակցություններ սկսելու ժամանակացույցը։ Փաստորեն, ամերիկյան կողմի մոտ խնդիրն արդեն հանգում է «ի՞նչ և ինչպե՞ս բանակցել» հարցին։

Ներկայումս ԱՄՆ իրաքյան նոր քաղաքականության մշակմամբ զբաղվում են առնվազն երեք խմբեր։ Հոկտեմբերի սկզբից ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Սթեֆըն Հեդլիի ղեկավարությամբ Պետքարտուղարության, Պենտագոնի և ԿՀՎ-ի ներկայացուցիչներից բաղկացած խումբն իրականացնում է համապատասխան մշակումներ10։ Մյուս խումբը ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի ու նախկին կոնգրեսական Լի Համիլթոնի գլխավորած «Iraq Study Group»-ն է, որի անդամ Ռոբերտ Գեյթսը, ինչպես ասվեց, նշանակվել է ԱՄՆ պաշտպանության նախարար11։ Եվ վերջապես, զուտ ռազմական տեսանկյունից, իրաքյան ռազմավարության մշակումներ են ընթանում նաև Պենտագոնում՝ ԱՄՆ Շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ գեներալ Փիթեր Փեյսի ղեկավարությամբ12։

Հետևություններ և հեռանկար

Քաղաքական տեսանկյունից որոշումն արդեն կայացվել է։ Ակնհայտ է դառնում, որ Իրաքն աստիճանաբար վերածվում է դաշնային, իսկ միգուցե՝ համադաշնային (կոնֆեդերատիվ) պետության։ Ըստ ամենայնի, Միացյալ Նահանգներին հաջողվել է համապատասխան պայմանավորվածության հանգել նման սցենարին դեմ գնացող հիմնական երկրների՝ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հետ։ Այդ մասին կարող են վկայել Հյուսիսային Իրաքում՝ իրաքյան Քուրդիստանում մեկնարկած ամերիկա-թուրքական՝ անվտանգության ոլորտի համատեղ ծրագրերը13 և Էր-Ռիյադի որոշումը Իրաքի հետ սահմանի ողջ երկայնքով կառուցել $500 մլն արժողությամբ մոտ 900կմ-ոց տարանջատիչ պատ։

Խնդիրն ավելի բարդ է թվում ռազմական տեսանկյունից։ Ակնհայտ է, որ Վաշինգտոնի պատկերացմամբ ստեղծված իրադրությունը չի կարող պահպանվել։ Մյուս կողմից՝ առկա պայմաններում ամերիկյան զորքերի դուրսբերումն Իրաքից առաջին հերթին մեծացնելու է Իրանի ռազմաքաղաքական ազդեցությունը Իրաքում, ինչն իր հերթին ուղղակի հանգեցնելու է Թեհրանի ճնշման ուժեղացմանը Պարսից ծոցի արաբական միապետություննրի նկատմամբ, ուր կան բավական մեծաթիվ շիական համայնքներ։ Ծոցի հեռանկարը ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար։

Հետևաբար, պետք է ենթադրել, որ Վաշինգտոնում, թերևս, ընտրեն երրորդ տարբերակը՝ զորքերի կրճատում և Իրաքում նրանց առաքելության հիմնական նպատակների փոփոխություն։ Այսինքն՝ անվտանգության ապահովման առօրյա խնդիրները կարող են փոխանցվել Բաղդադի կենտրոնական կառավարությանը կամ դաշնային շրջաններին։ Վերջիններս ստիպված են լինելու զսպել գրոհայիններին կամ բախվել համընդհանուր անկայունության հետ։ Մյուս կողմից՝ ամերիկյան սահմանափակ զորախմբի ներկայությունն Իրաքում Իրանի պարագայում կարող է ունենալ զսպիչ նշանակություն14։

1 2006թ. հոկտեմբերի 3-ին ծրագիրն անգամ պաշտոնական հավանության էր արժանացել Իրաքի խորհրդարանի շիա և սուննի պատգամավորների կողմից։ Հաշտեցման գործում ալ-Մալիքիի կառավարության ձեռնարկած քայլերի գագաթնակետը, թերևս, պետք է համարել հոկտեմբերի 20-ին Մեքքայում շիա և սուննի 50 կրոնական գործիչների միջև կազմակերպված հանդիպումը, որի ժամանակ պետք է ընդունվեր հաշտության հաստատման փաստաթուղթը, սակայն հանդիպումը շոշափելի արդյունք չտվեց։

2 Շիաների վերահսկողության ներքո գտնվող Իրաքի ազգային անվտանգության նախարարության սեպտեմբերի 30-ին տարածած տեղեկության համաձայն, Իրաքի խորհրդարանի սուննի պատգամավորների ամենամեծ խմբավորման՝ «Իրաքի փոխհամաձայնության ճակատի» ղեկավար Ադնան ալ-Դուլայմիի թիկնազորի պետը կապված է եղել սուննի զինյալների հետ՝ մասնակցելով կառավարական մարմինների և կոալիցիոն ուժերի դեմ մի շարք հարձակումների պլանավորմանը։ Նոյեմբերի 14-ի առավոտյան սուննիների ենթակայության ներքո գտնվող Իրաքի բարձրագույն կրթության նախարարության վրա կազմակերպված հարձակման ժամանակ գերեվարվեցին նախարարության ավելի քան 100 աշխատակիցներ, որոնց մի զգալի մասը նույն օրն ազատ արձակվեց։ Սուննիները շտապեցին այդ ակցիայի մեջ մեղադրել շիաների վերահսկողության ներքո գործող Իրաքի ներքին գործերի նախարարությանը։ Նոյեմբերի 15-ին Իրաքի ներքին գործերի նախարար Ջավադ ալ-Բոլանիի (շիա) կարգադրությամբ քրեական հետապնդում սկսվեց Իրաքի ազդեցիկ սուննի «Մահմեդական գիտնականների ասոցիացիայի» նախագահ Հարիթ ալ-Դհարիի նկատմամբ՝ հարուցելով սուննի գործիչների դժգոհությունը։ Նոյմեբերի 19-ին սեփական տնից առևանգվեց Իրաքի առողջապահության փոխնախարար Ամար Սաֆարը (շիա)։ Ամերիկյան տվյալների համաձայն, եթե 2006թ. հունվարին Իրաքում մեկ օրվա ընթացքում գրանցվում էր բախումների, հարձակումների միջինը 80 դեպք, իսկ մայիսին՝ 100, ապա 2006թ. հոկտեմբերին այդ թիվը հասավ 180-ի։

3 Ըստ այդ սահմանադրության, դաշնային շրջանները կարող են ձևավորվել մեկ կամ մի քանի նահանգներից՝ համաձայն տվյալ նահանգ(ներ)ի խորհուրդների 2/3-րդի որոշման։ Հատկանշական է, որ սահմանադրությամբ Իրաքի պետական եկամուտները բաշխվում են այդ թվում ըստ նահանգներում եղած բնական ռեսուրսների։ Այսինքն, օրինակ՝ նավթով հարուստ նահանգները (իսկ հետագայում՝ դաշնային շրջանները) ստանում են եկամուտների մեծ մասը։

4 Շիա առաջնորդ Մուքթադա ալ-Սադրի և «Ալ-Ֆադհիլա» կուսակցության ղեկավարության պատկերացմամբ, օրենքը, որն ուղղակի ճանապարհ է հարթում Իրաքի հարավային ինը նահանգներում շիական ինքնավարության ստեղծման համար, ի վերջո հանգեցնելու է շիական նահանգներում իրենց ազդեցության կրճատման։

5 Շիաներին են պատկանում Իրաքի փոխնախագահներից մեկի, վարչապետի, ազգային անվտանգության, ներքին գործերի, նավթի ու ֆինանսների նախարարների, ինչպես նաև երկրի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնները։

6 Այդ տեսանկյունից հատկանշական էր ամերիկյան ռազմուժի կողմից հոկտեմբերի 17-ին Մուքթադա ալ-Սադրի ավագ օգնական շեյխ Մազեն ալ-Սայեդի ձերբակալությունից հետո ալ-Սադրի, «Իրաքի իսլամական հեղափոխության բարձրագույն խորհրդի» ու «Հիզբ ալ-Դավահի» համատեղ պահանջը՝ ազատ արձակել ալ-Սայեդին։ Վերջինս ազատվեց հաջորդ օրը։

7 Կարելի է առանձնացնել հատկանշական երկու փաստ։ Սեպտեմբերի սկզբին իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին կոչ արեց քրդական երեք նահանգներում գործող պետական հաստատություններում Իրաքի պետական դրոշները փոխարինել իրաքյան Քուրդիստանի դրոշներով։ Հոկտեմբերի 15-ին սուննիական «Մեսսիայի ալյանս» կազմակերպությունը հայտարարեց կենտրոնական Իրաքի Բաբիլ, Վասիթ և Դիյալա նահանգներում իսլամական էմիրության ստեղծման մասին՝ կոչ անելով սուննի արաբներին հավատարմության երդում տալ էմիրության առաջնորդ շեյխ Աբու Օմար ալ-Բաղդադիին։

8 Ռոբերտ Գեյթսը ԿՀՎ-ում աշխատանքի է անցել 1966թ.՝ որպես վերլուծաբան։ 2005թ. փետրվարին Գեյթսը հայտարարեց, թե իրեն առաջարկվել էր նորաստեղծ Ազգային հետախուզության տնօրենի (Director of National Intelligence. առաջին ու ներկայիս տնօրենն է Իրաքում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Նեգրոպոնտեն) պաշտոնը, սակայն նա մերժել է այդ առաջարկը։

9 Ամերիկյան աղբյուրների մատուցմամբ, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը և Բուշ-կրտսերի ազգային անվտանգության գծով խորհրդական Սթեֆըն Հեդլին լուրջ ջանքեր են գործադրել Ռամսֆելդին Գեյթսով փոխարինելու ուղղությամբ։ Ըստ որոշ տեղեկությունների, այդ ուղղությամբ աշխատել են նաև ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավար Էնդրյու Քարդը և անգամ Բուշ-կրտսերի տիկինը՝ Լորա Բուշը։

10 ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում այդ աշխատանքն անմիջականորեն համակարգում է Հեդլիի տեղակալ Ջեք Քրոչ Երկրորդը։

11 ԱՄՆ Սենատը Գեյթսի թեկնածությունը պետք է հաստատի դեկտեմբերի սկզբին։

12 Նոյեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Պենտագոնում ընթացող մշակումները հիմնականում կենտրոնացած են երեք ուղղությունների վրա՝ ավելացնել Իրաքում առկա ամերիկյան զորքերի թվակազմը (“Go Big”), ամերիկյան զորքերը դուրս բերել Իրաքից (“Go Home”) կամ կրճատելով Իրաքում գտնվող ամերիկյան զորքերի թիվը՝ փոխարենը երկարացնել այդ երկրում նրանց գտնվելու ժամկետը (“Go Long”)։

13 Քրդական Էրբիլ նահանգում Պենտագոնը ծրագրում է թուրքական աջակցությամբ հիմնել խոշոր ռազմակայան։

14 Այն, որ Վաշինգտոնում կարող են ընտրել “Go Long” տարբերակը, անուղղակիորեն վկայում են հետևյալ փաստերը։ Հոկտեմբերի 11-ին ԱՄՆ ցամաքային զորքերի Գլխավոր սպայակույտի պետ, գեներալ Փիթեր Շումեյքերը հատարարեց, թե Պենտագոնում ծրագրում են մինչև 2010թ. պահպանել ներկայումս Իրաքում առկա ռազմուժի մակարդակը։ Իսկ նոյեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ ամերիկյան ռազմուժի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), որի աշխարհագրական պատասխանատվության մեջ է մտնում նաև Մերձավոր Արևելքը, ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Տամպա Բեյ քաղաքի մոտ գտնվող «ՄըքԴիլ» ռազմաօդային բազայում գտնվող իր կենտրոնակայանը տեղափոխելու է Կատարում գտնվող «Ալ-Ուդեյդ» ռազմաօդային բազա։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր