• am
  • ru
  • en
Версия для печати
05.02.2007

Թուրքմենբաշու մահը և զարգացումներ Թուրքմենստանի շուրջ

Руский

   

Սարգիս Հարությունյան

Թուրքմենական պաշտոնական լրատվամիջոցների հաղորդմամբ, 2006թ. դեկտեմբերի 21-ի գիշերը սրտային անբավարարվածությունից իր մահկանացուն կնքեց 1999թ. այդ երկրի ցմահ նախագահ հռչակված Սափարմուրադ Նիյազովը։ Հաշվի առնելով ներկայումս միջազգային համակարգում սրվող էներգետիկ անվտանգության խնդիրը` բնական գազի զգալի պաշարներ ունեցող Թուրքմենստանի նախագահի (որի անձով էր, փաստորեն, սահմանափակվում այդ երկրում որոշումների կայացման մեխանիզմը) մահը չի կարող իր ազդեցությունը չթողնել միջազգային էներգետիկ, հետևաբար` քաղաքական զարգացումների վրա։ Հիմնական հարցն է, թե ինչ նոր զարգացումների պատճառ կհանդիսանա «թուրքմենների հոր»1 մահը։

Թուրքմենստանի էներգետիկ պաշարները

Ըստ էության, աշխարհում ոչ մի երկիր չի հրապարակել իր տարածքում առկա նավթի ու բնական գազի պաշարների իրական թվերը։ Օբյեկտիվ պատճառն այն է, որ ժամանակի ընթացքում շնորհիվ հաշվարկի նոր մեթոդների ու նոր հետազոտությունների էներգապաշարների թվերն անընդհատ փոխվում են։

Սուբյեկտիվ պատճառները հիմնականում երկուսն են։ Նավթի ու գազի արդյունահանմամբ զբաղվող հատկապես անդրազգային կորպորացիաները միշտ էլ ձգտել են արհեստականորեն նվազեցնել աշխարհում առկա այդ էներգակիրների ծավալների թվերը` նպատակ ունենալով բարձր պահել դրանց միջազգային գները2։ Իսկ մյուս կողմից՝ նավթի ու բնական գազի պաշարների տիրապետող պետությունները փորձում են հնարավորինս բարձր ներկայացնել այդ թվերը` խնդիր ունենալով մեծացնել սեփական տնտեսական ու աշխարհաքաղաքական նշանակությունը միջազգային համակարգում։

Համաձայն British Petroleum ընկերության պատրաստած BP Statistical Review of World Energy վերջին զեկույցի, 2005թ. ավարտին Թուրքմենստանն ուներ 2.9 տրիլիոն խորանարդ մետր բնական գազի (կամ աշխարհի բնական գազի ապացուցված պաշարների 1.6%-ը` զբաղեցնելով 12-րդ տեղը) և 500 մլն բարել նավթի (կամ աշխարհի նավթի ապացուցված պաշարների 0.05%-ից էլ քիչ) պաշարներ։

2002թ. Asian Development Bank-ի աջակցությամբ Թուրքմենստանը ձեռնամուխ եղավ իր գազային պաշարների անկախ աուդիտի անցկացմանը։ Արդյունքները չհրապարակվեցին, սակայն որոշ ժամանակ անց միջազգային մամուլ սպրդեցին տեղեկություններ, թե ըստ այդ աուդիտի՝ Թուրքմենստանի բնական գազի պաշարները անցնում են 6 տրիլիոն խորանարդ մետրը։

Պաշտոնական Աշգաբադն ունի իր թվերը։ 2006թ. ապրիլին Չինաստան կատարած այցելության ժամանակ Թուրքմենբաշին հայտարարեց, թե իր երկրի բնական գազի պաշարները կազմում են մոտ 22 տրիլիոն խորանարդ մետր, իսկ նավթինը` շուրջ 2 մլրդ բարել։ Ավելի լուրջ պետք է համարել 2006թ. նոյեմբերի 2-ին Թուրքմենստանի նախագահի հայտարարությունը` երկրի հարավ-արևելքում գտնվող «Հարավային Յոլոտան» հանքավայրում 7 տրիլիոն խորանարդ մետր բնական գազի պաշարների հայտնաբերման մասին։ Եթե հրապարակվածը համապատասխանում է իրականությանը, ապա բնական գազի պաշարներով Թուրքմենստանը կարող է դառնալ աշխարհում չորրորդ երկիրը` Ռուսաստանից (ավելի քան 47.8 տրիլիոն խորանարդ մետր բնական գազի պաշարներ), Իրանից (26.7 տրիլիոն խորանարդ մետր) ու Կատարից (25.7 տրիլիոն խորանարդ մետր) հետո։

Թուրքմենական գազի նշանակությունը

Թուրքմենստանի շուրջ ընթացող զարգացումներն ուղղակիորեն առնչվում են նաև ԱՄՆ-Ռուսաստան և ԵՄ-Ռուսաստան հարաբերություններին, ինչպես նաև Իրանի ու Կենտրոնական Ասիայի շուրջ ընթացող գործընթացներին։

BP Statistical Review of World Energy զեկույցի համաձայն, 2005թ. ընթացքում Ռուսաստանն ապահովել է Եվրամիության բնական գազի սպառման ավելի քան 32%-ը` մոտ 151.28 մլրդ խորանարդ մետր։ Ըստ որոշ հաշվարկների՝ Եվրոպան սեփական էներգակարողությունների ամենից սուր պակաս է զգալու 2015թ. շրջանում, երբ ստիպված է լինելու օգտագործել մոտ 70%-ով ներմուծվող նավթ ու գազ։ Հետևաբար, առաջիկայում Ռուսաստանից դեպի ԵՄ հոսող գազի ծավալները միայն աճելու են` արդեն եղած կանխատեսումների համաձայն, 2011թ. հասնելով 180 մլրդ խորանարդ մետրի։

Մյուս կողմից՝ ռուսական աղբյուրների մատուցմամբ, նույն 2011թ. դրությամբ բնական գազի սպառման Ռուսաստանի տարեկան պահանջը կաճի մոտ 15 մլրդ խորանարդ մետրով` հասնելով մոտավորապես 420 մլրդ խորանարդ մետրի։ Հաշվի առնելով դեպի ԵՄ, ԱՊՀ երկրներ հոսող ռուսական բնական գազի ծավալների առաջիկա աճը, ինչպես նաև դեպի Չինաստան, Հարավային Կորեա ու Ճապոնիա գալիք տարիներին ծրագրվող մատակարարումները` «Գազպրոմը» կարող է բախվել լուրջ խնդիրների։ Հոռետեսական գնահատականների համաձայն, 2010թ. բնական գազի ռուսական մենատերը կունենա տարվա կտրվածքով մոտ 100 մլրդ խորանարդ մետր գազի պակասորդի խնդիր, որպեսզի կարողանա կատարել արտերկրի առջև ստանձնած պարտավորությունները և միաժամանակ բավարարել բնական գազի սպառման ներքին կարիքները։

Թեև այդ խնդրի լուծման համար Ռուսաստանը պատրաստվում է սկսել գազի նոր հանքավայրերի շահագործում կամ մեծացնել արդեն շահագործվող հանքավայրերից ստացվող գազի ծավալները3, սակայն լուրջ խնդիր են ներկայացնում անհրաժեշտ ժամանակի ընթացքում համապատասխան ենթակառուցվածք ստեղծելու «Գազպրոմի» ֆինանսական ու տեխնիկական կարողությունները։ «Գազպրոմը» պարզապես կարող է չհասցնել։

Հետևաբար, զգալիորեն աճում է խնդրի լուծման մյուս տարբերակի նշանակությունը։ Ղազախստանը, Ուզբեկստանն ու Թուրքմենստանը այն միակ երկրներն են, որոնցից «Գազպրոմը» բնական գազ է ներմուծում։ 2006թ. ներմուծված մոտ 60 մլրդ խորանարդ մետր գազի շուրջ 70%-ը կազմում էր թուրքմենականը։ Պատահական չէ, որ բնական գազի ռուսական մենատերը ստիպված էր 2006թ. սեպտեմբերի 5-ին Թուրքմենստանի հետ կնքել նոր պայմանագիր, ըստ որի՝ հազար խորանարդ մետր թուրքմենական գազի դիմաց «Գազպրոմը» պետք է վճարի $100` նախկին $65-ի փոխարեն4:

Մրցակցություն թուրքմենական գազի համար

Թուրքմենստանը գազը վաճառում է ոչ միայն Ռուսաստանին։ Դեռևս 1997թ. շարք մտած մոտ 200 կմ-ոց «Կոպեդժե»-Կուրտ-Կուի գազամուղով5 Թուրքմենստանը տարեկան Իրանին է մատակարարում 8 մլրդ խորանարդ մետր բնական գազ։ 2005թ. սեպտեմբերին ավարտվեց ճնշակային (կոմպրեսորային) նոր կայանի շինարարությունը, որը թույլ կտա նշված գազամուղով Իրանին վաճառվող գազի տարեկան ծավալները հասցնել 14 մլրդ խորանարդ մետրի։ 2006թ. փետրվարին Աշգաբադում թուրքմենա-իրանական համապատասխան պայմանագրերի կնքումով նախատեսվում է այդ ծավալի մատակարարումներ սկսել արդեն 2007թ.։

Սակայն իրանական կողմի ծրագրերն այդքանով չեն սահմանափակվում։ Թեհրանում առկա նախագծի համաձայն, Թուրքմենստանի հարավ-արևելքում գտնվող գազի հիմնական հանքավայրերից Իրանով դեպի Թուրքիա տանող 1 420 մմ-ոց տրամագիծ ունեցող և մոտ 1400 կմ-ոց գազատարի կառուցման պարագայում թուրքմենական գազը կարող է հասնել դեպի Եվրոպա` շրջանցելով Ռուսաստանը։ Ըստ նախնական հաշվարկների՝ գազամուղի շինարարությունը կարժենա մոտ $2.1 մլրդ, և տարեկան այն կարող է մատակարարել 28 մլրդ խորանարդ մետր գազ6։ Մի ժամանակ նախագծով հետաքրքրված էին Royal Dutch/Shell և Gaz de France ընկերությունները։

2006թ. ապրիլի 3-ին Պեկինում այդ երկրի նախագահ Հու Ձինտաոյի ու վեցօրյա պետական այցով Չինաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովի միջև կնքվեց գազային ու նավթային ոլորտում համագործակցության մասին պայմանագիր։ Ըստ այդ պայմանագրի, 2009-ից 30 տարվա ընթացքում Թուրքմենստանը պետք է Չինաստանին տարեկան մատակարարի 30 մլրդ խորանարդ մետր բնական գազ։ Նախատեսվում է, որ Թուրքմենստանը Չինաստանին կապող մոտ 7 հազ. կմ-ոց և $10 մլրդ արժեցող գազամուղի շինարարությունը կավարտվի 2009թ. Հունվարին7:

Հատկապես 2006թ. աշնանը էներգետիկ խնդրում Ռուսաստանի ու Եվրամիության միջև սրված հակասություններից հետո եվրոպական դիվանագիտությունը սկսեց ավելի լուրջ ուշադրություն դարձնել Կենտրոնական Ասիային։ 2006թ. հոկտեմբերի 20-ին ֆինլանդական Լախտի քաղաքում կայացած ԵՄ-Ռուսաստան էներգետիկ ոչ ֆորմալ գագաթաժողովում Մոսկվայի նկատմամբ եվրոպական կողմի հիմնական պահանջը վերաբերում էր Ռուսաստանի տարածքով էներգակիրների կենտրոնաասիական շուկա ազատ մուտքի ապահովմանը, ինչը, եվրոպացիների պատկերացմամբ, պետք է նվազեցնի ռուսական գազից ու նավթից Եվրոպայի կախվածությունը։ Ինչպես հայտնի է, գագաթաժողովի արդյունքում Ռուսաստանը հրաժարվեց վավերացնել այդ դրույթը պարունակող ԵՄ հետ դեռևս 1991թ. կնքված «Էներգետիկ խարտիան»։

2007թ. հունվարի 1-ից Եվրամիության նախագահությունը ստանձնած Գերմանիան էներգետիկ անվտանգությունը դարձրել է ԵՄ արտաքին ռազմավարության առաջնահերթություններից մեկը։ Դա պատահական չէ. ԵՄ առաքվող ռուսական գազի ավելի քան 24%-ը բաժին է հասնում միայն Գերմանիային, և այդ թիվը գնալով աճելու է` հատկապես, երբ 2010թ. շարք մտնի Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանը Գերմանիային կապող «Հյուսիսային հոսք» գազամուղը։

Որպես այլընտրանքային` Ռուսաստանը շրջանցող տարբերակ Եվրամիությունը ձգտում է կյանքի կոչել Կենտրոնական Ասիան Կասպիցով, Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով, Բուլղարիայով, Ռումինիայով և Հունգարիայով Ավստրիային միացնող Nabucco (անդրկասպյան) գազատարը։ Անգամ 2006թ. հունիսի 26-ին Բրյուսելում էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Անդրիս Պիեբալգսի ու Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Ավստրիայի էներգետիկայի նախարարների միջև կնքվեց մի փաստաթուղթ, ըստ որի՝ Եվրամիությունը պետք է իր վրա վերցնի 3 300 կմ երկարությամբ Nabucco գազատարի կառուցման համար անհրաժեշտ $5.8 մլրդ-ի հիմնական մասը8։

Հարկավոր է այդ հարթությունում դիտարկել 2006թ. նոյեմբերի սկզբին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտեյնմայերի կենտրոնաասիական բոլոր հինգ երկրներ կատարած այցելությունը և մասնավորապես նոյեմբերի 2-ին Աշգաբադում Թուրքմենստանի նախագահի հետ նրա մոտ երեք ժամանոց բանակցությունները։ Հատկանշական է, որ հենց այդ հանդիպման ժամանակ է Թուրքմենբաշին հայտարարել «Հարավային Յոլոտան» հանքավայրում 7 տրիլիոն խորանարդ մետր բնական գազի պաշարների հայտնաբերման մասին9։

Թեև 2006թ. մայիսի 6-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին քննարկել էր նաև անդրկասպյան գազամուղին Ղազախստանի միանալու հարցը, սակայն մինչև վերջերս Վաշինգտոնը չէր բացառում նաև Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան գազամուղի կառուցման տարբերակը։ Այդ առումով 2005թ. Ուզբեկստանից ամերիկյան ռազմակայանի դուրսբերման ֆոնին նույն տարվա օգոստոսին ԱՄՆ ձեռնարկած փորձը` ստանալ պաշտոնական Աշգաբադի համաձայնությունը Թուրքմենստանում ռազմակայան հիմնելու վերաբերյալ, կարող էր ունենալ նաև թուրքմենական գազի նկատմամբ փաստացի վերահսկողություն սահմանելու հեռակա նպատակ10:

Ներքին զարգացումներ

Թե որ երկրները կլինեն Աշգաբադի ռազմավարական գործընկերները էներգետիկ համագործակցության ոլորտում, նախ և առաջ կախված է այն հարցի պատասխանից, թե ովքեր եկան փոխարինելու (կամ դեռևս կփոխարինեն) Թուրքմենբաշուն։

Ինչպես հայտնի է, Նիյազովի մահվան մասին պաշտոնական հայտարարության նույն օրն իսկ` 2006թ. դեկտեմբերի 21-ին, Թուրքմենստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց այդ երկրի փոխվարչապետ11, առողջապահության նախարար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Հինգ օր անց` դեկտեմբերեի 26-ին, Թուրքմենստանի օրենսդիր բարձրագույն մարմինը` Խալք մասլահաթին (ժողովրդական համաժողով)12 Բերդիմուհամեդովին ու ևս հինգ հոգու հաստատեց որպես սույն թվականի փետրվարի 11-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուներ13` միաժամանակ օրինականացնելով նախկին փոխվարչապետի ընտրվելը որպես երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար14 ու նրա մասնակցությունը փետրվարի 11-ի ընտրություններին15։

Թեև արդեն իսկ պարզ է, որ իշխանափոխության ընթացքում թուրքմենական վերնախավին չի հաջողվել խույս տալ հակասություններից16, սակայն գլխավոր փոխհամաձայնությունը ձեռք է բերված. Թուրքմենստանի նոր նախագահն է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ներկայումս Թուրքմենստանի իշխանական համակարգում փոխդասավորվածությունը մոտավորապես հետևյալն է.

  1. Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին անվերապահորեն պաշտպանում են Թուրքմենստանի նախագահի անվտանգության ծառայության պետ Ակմուրադ Ռեջեպովը և ազգային անվտանգության նախարար Գելդիմուհամեդ Աշիրմուհամեդովը (մի վարկածի համաձայն, Բերդիմուհամեդովը համարվում է անգամ «Ռեջեպովի մարդը»17),
  2. մյուս խմբի մեջ են մտնում տարբեր աստիճանի ազդեցությամբ աչքի ընկնող պաշտպանության նախարար Աղագելդի Մամեդգելդիևը, ներքին գործերի նախարար Ակմամեդ Ռախմանովը, սահմանապահ զորքերի հրամանատար Բայրամ Ալոնովը և արտգործնախարար Ռաշիդ Մերեդովը, ովքեր թեև սատարում են Բերդիմուհամեդովին, սակայն դուրս են գտնվում Ռեջեպով-Աշիրմուհամեդով զույգի խմբավորումից։

Հետևություններ և հեռանկար

Ակնհայտ է, որ Թուրքմենստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ծրագրված չէր Նիյազովի կենդանության օրոք։ Այդ մասին են վկայում թե՛ երկրի խորհրդարանի այլևս նախկին խոսնակի ձերբակալությունը և թե՛ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գործողությունների միայն հետփաստյա (post factum) օրինականցումը։ Այսինքն՝ իշխանափոխության նախօրոք առկա ծրագրի պարագայում չէր ստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ ստիպված ձերբակալում են ըստ սահմանդրության Թուրքմենստանի երկրորդ մարդուն, կամ երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման և նոր նախագահի ընտրության կարգի հարցում խախտում գործող սահմանադրությունը։ Նմանատիպ վարչակարգերում նախօրոք հաշվարկված իշխանափոխության ժամանակ պահպանում են օրինականության սեփական ֆոնը, որպեսզի, կապված լեգիտիմության հետ, «ժառանգորդի» (այսինքն` ողջ վարչակարգի) համար լրացուցիչ խնդիրներ չստեղծեն միջազգային հանրությունում (ինչպես, օրինակ, Ադրբեջանի դեպքում էր)18։

Հետևաբար, Թուրքմենստանի պարագայում գործ ունենք կա՛մ ֆորսմաժորային ինչ-որ իրավիճակի (երբ նախագահի մահն, իրոք, անակնկալ էր և այդ պահին իրական իշխանություն ունեցող շրջանակները ստիպված էին գործել), կա՛մ հեղաշրջման հետ։ Սակայն երկու դեպքում էլ այդ շրջանակների համար էական է արտաքին ուժի կենտրոնների դիրքորոշումները։ Այսինքն՝ արտերկրի հետ Թուրքմենստանի նոր իշխանությունների էներգետիկ համագործակցության հետագա ռազմավարությունը մի մեծ մասով կախված է այն հանգամանքից, թե տվյալ ուժի կենտրոնն ինչ դիրքորոշում է որդեգրել թուրքմենական իշխանափոխության նկատմամբ կամ մյուս սցենարի համաձայն` մինչև այդ իշխանափոխությունը։ Գալիք ամիսներին պետք է որ պարզ լինի, թե որ ուղղությամբ կհոսի թուրքմենական գազը։

Մյուս կողմից՝ քիչ հավանական է, որ թուրքմենական նոր ղեկավարությունը առաջիկայում իր արտաքին քաղաքականության մեջ իրականացնի կտրուկ շրջադարձեր, քանի որ առկա է երկրի ներսում սեփական դիրքերն ամրապնդելու խնդիրը։

Թուրքմենստանի ու ընդհանուր առմամբ կենտրոնաասիական էներգակիրների նկատմամբ վերահսկողություն սահմանելը Ռուսաստանի համար ունի էական նշանակություն։ Առանց կենտրոնաասիական (առաջին հերթին` թուրքմենական) գազի, Մոսկվան լուրջ դժվարություններ կունենա ոչ միայն իր արտաքին քաղաքականության մեջ (քանի որ էներգետիկ քաղաքականությունը Ռուսաստանի արտաքին ռազմավարության հիմնասյուներից մեկն է), այլև սեփական տնտեսական զարգացման գործում (քանի որ արտերկրին վաճառվող էներգակիրներից է ձևավորվում Ռուսաստանի պետական բյուջեի մեծ մասը)։ Թուրքմենական գազը անհրաժեշտ է Ռուսաստանին, որպեսզի այն կարողանա փակել ներքին սպառման ու արտաքին պարտավորությունների համար արդեն իսկ իր մոտ չհերիքող բնական գազի պակասորդը։ Ուստի, Մոսկվան ձգտելու է պահպանել սեփական ազդեցությունը Աշգաբադում։

Ռուս-ղազախական բանակցությունները` ղազախական բնական գազի հազար խորանարդ մետրի դիմաց մինչև $140 վճարելու (ներկայիս գինը $65 է) մասին և ռուս-թուրքական նախագիծը` Սև ծովի հատակով «Կապույտ հոսք» գազատարի երկրորդ գծի անցկացման վերաբերյալ, ռուսական վերոհիշյալ ռազմավարության մասն են և նպատակ ունեն կանխել Ռուսաստանը շրջանցող Կենտրոնական Ասիա-Եվրոպա գազատարի կառուցումը։

Մյուս կողմից՝ թուրքմենական գազը ճնշամիջոց է Մոսկվայի նկատմամբ։ Ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ-ն ու ԵՄ-ը փորձում են առավելագույնս օգտագործել այդ հանգամանքը։ Կենտրոնաասիական էներգակիրների նկատմամբ ամերիկյան, եվրոպական վերահսկողության հաստատումը կբերի միջազգային քաղաքական ու տնտեսական համակարգում Ռուսաստանի դիրքերի թուլացման, ինչպես նաև կամրապնդի առաջին հերթին Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ու նրա կապվածությունը ԱՄՆ-ի հետ։ Այդ իմաստով պատահական չէ, որ նավթի միջազգային գների անկմանն ուղղված Արևմուտքի ջանքերի ֆոնին ՆԱՏՕ-ի վերջին` Ռիգայի գագաթաժողովում (2006թ. նոյեմբերի 28-29) կարևորվեց այլանսի նոր` Արևմուտքի էներգետիկ անվտանգությունն ապահովող առաքելության մշակման անհրաժեշտությունը։

Հաշվի առնելով գալիք տարիներին միջազգային քաղաքականության մեջ էներգետիկ անվտանգության հիմնախնդրի նշանակության աճն ու էներգետիկ պաշարների համար սրվող պայքարը` ակնհայտ է դառնում, որ նավթով ու բնական գազով հարուստ Կենտրոնական Ասիան աստիճանաբար մուտք է գործում անկայունության ժամանակաշրջան։ Ղրղզական «գունավոր հեղափոխությունը», ուզբեկական Անդիջան քաղաքի դեպքերը և Թուրքմենստանում տեղի ունեցած անսպասելի (կամ Թուրքմենբաշու օրոք չծրագրված) իշխանափոխությունը այդ գործընթացի բաղկացուցիչներն են։ Առաջիկա տարիներին Ղազախստանի, Ուզբեկստանի ու Տաջիկստանի միանձնյա իշխանություն ունեցող նախագահների կյանքից հեռանալը «հնարավորությունների պատուհան» է բացելու այդ երկրներում գոյություն ունեցող իրավիճակի փոփոխման համար։ Նշված հանգամանքը նույնպես նպաստելու է տարածաշրջանային անկայունության աճին։

Թեև Թուրքմենստանը` որպես գազ արտահանող երկիր, կարևորություն է ներկայացնում Հայաստանի համար, սակայն մեր երկրի պարագայում առաջին հերթին նշանակություն ունի թուրքմենական նոր իշխանությունների դիրքորոշումը Ադրբեջանի նկատմամբ։ Կասպից ծովում առկա «Ազերի», «Չրաղ» ու «Սարդար» (ադրբեջանական տարբերակով` «Քյափազ») նավթահանքերի պատկանելության առնչությամբ Աշգաբադն ու Բաքուն հակասություններ ունեն։ Հատկապես վերջին հանքավայրի կապակցությամբ հակասությունները բավականին սուր են։ Անցած տարիներին գրանցվել են դեպքեր, երբ թուրքմենական ռազմական ինքնաթիռները հատուկ թռիչքներ են իրականացրել վիճելի տարածքներում նավթի հետախուզմամբ զբաղված ադրբեջանական նավերի վրայով, իսկ թուրքմենական ռազմանավակները սկսել են նավարկել վիճելի հանքավայրերի մոտ։

Պետք է ենթադրել, որ անդրկասպյան գազամուղին Թուրքմենստանի միանալու պարագայում այդ հակասությունները, թերևս, թուլանան, ինչը կարող է իր անդրադարձը գտնել Ադրբեջանի ռազմական բյուջեում։

1 Թուրքմենբաշի` թուրքմենների հայր, թուրքմենների գլուխ տիտղոսը Սափարմուրադ Նիյազովն ընդունեց 1993թ.։ Սակայն մինչ այդ լրջորեն քննարկվում էր Աթաթուրք (թուրքերի հայր) տարբերակը։ Վերջինս չընդունվեց գլխավորապես այն պատճառով, որ պաշտոնական Անկարան սպառնաց խզել դիվանագիտական հարաբերությունները։

2 1970-ական թթ. վերջին միջազգային ամենահեղինակավոր գնահատականների համաձայն, OPEC անդամ երկրների նավթի պաշարները կազմում էին մոտ 412 մլրդ բարել։ Սկսած այդ պահից մինչև այսօր OPEC-ի մաս կազմող պետություններում արդյունահանվել է շուրջ 307 մլրդ բարել նավթ։ Մինչդեռ, ըստ British Petroleum ընկերության կողմից ամեն տարի պատրաստվող BP Statistical Review of World Energy զեկույցի (վերջինը հրապարակվել է 2006թ. հունիսին), OPEC անդամ երկրների նավթի պաշարները 2005թ. վերջին կազմում էին 902.4 մլրդ բարել կամ աշխարհի նավթի ապացուցված պաշարների 75.2%-ը։

3 2006թ. աշնանը ակտիվորեն շրջանառության մեջ մտած Բարենցի ծովում գտնվող ռուսական «Շտոկման» գազահանքի հարցը նպատակ ուներ նաև ի ցույց դնել այդ խնդրի լուծմանն ուղղված Ռուսաստանի կարողությունները։ Ըստ փորձագիտական գնահատականների՝ «Շտոկմանում» կա 3.7 տրիլիոն խորանարդ մետր գազ։

4 Ըստ այդ պայմանագրի՝ Ռուսաստանը 2006թ. ընթացքում ձեռք բերեց ևս 12 մլրդ խորանարդ մետր գազ, իսկ 2007-2009թթ.` երեք տարվա ընթացքում, տարեկան ձեռք է բերելու 50 մլրդ խորանարդ մետր գազ` ընդհանուր առմամբ վճարելով $16.2 մլրդ։ Այդ պայմանագիրը եկավ փոխարինելու 2003թ. ապրիլի 10-ի պայմանագրին, ըստ որի 25 տարվա ընթացքում Ռուսաստանը Թուրքմենստանից պետք է գներ մոտ 2 տրիլիոն խորանարդ մետր գազ` հազար խորանարդ մետրի դիմաց վճարելով $44 (թուրքմենական կողմի պահանջով 2006թ. սկզբից «Գազպրոմը» սկսեց վճարել $65)։ 2003թ. պայմանագրով 2009-ից Թուրքմենստանը պետք է տարեկան Ռուսաստանին մատակարարեր 80 մլրդ խորանարդ մետր գազ, իսկ արդեն հաջորդ տարվանից՝ 100 մլրդ խորանարդ մետր։

5 Գազամուղը, որի շինարարությունն արժեցել է մոտ $190 մլն, իրար է կապում Թուրքմենստանի հարավ-արևմուտքում գտնվող «Կոպեդժե» գազահանքը և իրանական Կուրտ-Կուի քաղաքը։

6 Համեմատության համար նշենք, որ Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանը Գերմանիային կապող «Հյուսիսային հոսք» գազամուղի կառուցման առաջին փուլի ավարտից (2010թ.) հետո Ռուսաստանը կարող է տարեկան Գերմանիա առաքել 27.5 մլրդ խորանարդ մետր գազ, երկրորդ փուլի ավարտից հետո` 55 մլրդ խորանարդ մետր գազ։

7 Ինչ վերաբերում է Չինաստան առաքվելիք գազի գնին, ապա այդ մասին կոնկրետ պայմանավորվածություններ դեռևս ձեռք չեն բերվել։ Միայն հայտնի է, որ 2005թ. վերջին Պեկին այցելած թուրքմենական կառավարական պատվիրակությունը խոսում էր հազար խորանարդ մետրի դիմաց $80 գնի մասին։

8 Արդեն իսկ խոսվում է այն մասին, որ Nabucco գազատարը պետք է գործի 2012թ.։ Նախատեսվում է, որ այդ գազատարով Եվրամիությունը գազ է ստանալու Թուրքմենստանց, Ղազախստանից և Ուզբեկստանից և Ադրբեջանից։ Չի բացառվում, որ նույն գազատարով դեպի Եվրոպա հոսի նաև ռուսական գազի որոշակի ծավալ։ Բացի այդ, ըստ շրջանառվող ծրագրերի, նախատեսվում է Nabucco-ին միացնել նաև Իրաքից, Պարսից ծոցից և Իրանից կառուցվելիք գազատարները։ Ըստ BP Statistical Review of World Energy զեկույցի՝ 2005թ. վերջի դրությամբ Ղազախստանի բնական գազի պաշարները կազմում էին 3 տրիլիոն խորանարդ մետր, Ուզբեկստանինը՝ 1.85 տրիլիոն, իսկ Ադրբեջանինը` 1.37 տրիլիոն խորանարդ մետր։

9 Ի դեպ, ուշագրավ է, որ օտարերկրյա վերջին պատվիրակությունը, որը հանդիպել է Թուրքմենբաշուն, 2006թ. դեկտեմբերի 18-ին Աշգաբադում գտնվող Կենտրոնական Ասիայում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիեր Մորելի գլխավորած առաքելությունն էր։ Բանակցությունների ժամանակ քննարկվել էներգետիկ համագործակցության հարցը։

10 Ավելի ուշ ամերիկյան աղբյուրները գրեցին, թե ռազմական տեղակայելու մասին առաջարկությունը, որն իր հետ բերել էր 2005թ. օգոստոսի 22-24-ը Աշգաբադում գտնվող ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) այն ժամանակվա ղեկավար, գեներալ Ջոն Աբիզեիդը, մերժվել էր անձամբ Նիյազովի կողմից։

11 Թուրքմենստանի սահմանադրության համաձայն, երկրի նախագահը միաժամանակ կառավարության ղեկավարն է։

12 Խալք մասլահաթիից զատ Թուրքմենստանում գոյություն ունի նաև խորհրդարան։ Նիյազովի ստեղծած իշխանական համակարգում, սակայն, հենց Խալք մասլահաթիին է տրված օրենսդիր իրական իշխանությունը։ Այդ մարմինը բաղկացած է 2 507 անդամից։ Այնտեղ ընդգրկված են երկրի նախագահը, կառավարության անդամները, խորհրդարանի պատգամավորները, գերագույն դատարանի նախագահը, գլխավոր դատախազը, մարզերի ու շրջանների ղեկավարները, ինչպես նաև թուրքմենական ցեղախմբերի ավագանին։ Նիյազովը միաժամանակ հանդիսանում էր Խալք մասլահաթիի նախագահը, նրա տեղակալն էր երկրի խորհրդարանի խոսնակ Օվեզգելդի Աթաևը։

13 2007թ. փետրվարի 11-ին Թուրքմենստանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների մասին տեղեկությունը տե՛ս Հավելված № 1-ում։

14 Նիյազովի կենդանության օրոք գործող սահմանադրական նորմի համաձայն, երկրի նախագահի մահվան պարագայում Թուրքմենստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր դառնում խորհրդարանի ղեկավարը, որը, սակայն, իրավունք չուներ մասնակցել նախագահական ընտրություններին։ Թուրքմենբաշու մահվան հաջորդ օրն իսկ` դեկտեմբերի 22-ին, քրեական մեղադրանքով ձերբակալվեց Թուրքմենստանի խորհրդարանի խոսնակ Օվեզգելդի Աթաևը։ Խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց նախկին փոխխոսնակ Ակջա Նուրբերդիևան։

15 Դեկտեմբերի 26-ի նիստի ժամանակ Խալք մասլահաթին` 2007թ. փետրվարի 11-ը սահմանելով որպես նախագահական ընտրությունների օր, մի շարք փոփոխություններ կատարեց Նիյազովի օրոք ընդունված Թուրքմենստանի սահմանադրությունում։ Ըստ այդ փոփոխությունների՝ երկրի նախագահի մահվան դեպքում որպես երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նրան պետք է փոխարինի ոչ թե խորհրդարանի խոսնակը, այլ փոխվարչապետը (նույն նիստի ժամանակ, արդեն ըստ օրենքի, պաշտոնանկ արվեց Օվեզգելդի Աթաևը)։ Հանվեց այն արգելքը, ըստ որի՝ երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին։ Նշանակվեց նաև Խալք մասլահաթիի նոր նախագահի ընտրության օրը` փետրվարի 14, ինչպես նաև 55 տարեկանից մինչև 40 իջեցվեց Խալք մասլահաթիի նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ նվազագույն տարիքային ցենզը։

16 Այդ մասին է վկայում այն փաստը, որ մինչև դեկտեմբերի 26-ի Խալք մասլահաթիի նիստը այդպես էլ չհաջողվեց փոխհամաձայնության գալ Խալք մասլահաթիի նախագահի և ազդեցիկ Անվտանգության պետական խորհրդի քարտուղարի (խորհրդի նախագահը հանդիսանում է Թուրքմենսատի նախագահը) թեկնածուների շուրջ։ Վերջինիս առնչությամբ նշվում են երկու հիմնական թեկնածուների անուններ` ներկայիս քարտուղար, պաշտպանության նախարար Աղագելդի Մամեդգելդիև և Թուրքմենստանի նախագահի անվտանգության ծառայության պետ Ակմուրադ Ռեջեպով։

17 Արտերկրում գտնվող թուրքմենական ընդդիմադիրները հատկապես առանձնացնում են գեներալ Ակմուրադ Ռեջեպովի ազդեցությունը Թուրքմենստանի ներիշխանական զարգացումներում։ Մասնավորապես, նշվում է, որ այսօր Թուրքմենստանի ազգային անվտանգության ու ներքին գործերի նախարարություններում ազդեցիկ դիրքեր զբաղեցնող մարդկանց մեծ մասը դուրս է եկել Ռեջեպովի գլխավորած ծառայությունից։

18 Ներկայացվածի համատեքստում կարող են լիովին այլ իմաստ ստանալ 2006թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Թուրքմենբաշու իրականացրած կադրային փոփոխությունները, որոնք, ի դեպ, համընկան վերջինիս առողջական վիճակի վատացման հետ։ Նշված ժամանակահատվածում փոխվեցին Թուրքմենստանի բոլոր հինգ նահանգների (Ախալ, Բալկան, Դաշօղուզ, Լեբափ և Մարի) ղեկավարները, սահմանապահ զորքերի հրամանատարը, ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը, Ախալ ու Մարի նահանգների ոստիկանապետերը, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարը։


Հավելված № 1

2006թ. դեկտեմբերի 26-ի նիստի ժամանակ Ժողովրդական համաժողովը (Խալք մասլահաթին) հաստատեց սույն թվականի փետրվարի 11-ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուներին։ Նրանք են`

  1. Աթաջիկով Ամանյազ, ծնվել է 1947թ., ներկայումս Դաշօղուզ նահանգի նահանգապետի առաջին տեղակալն է,
  2. Բերդիմուհամեդով Գուրբանգուլի, ծնվել է 1957թ., ներկայումս Թուրքմենստան նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է,
  3. Գուրբանով Մուհամեդնազար, ծնվել է 1957թ., ներկայում Թուրքմենստանի նավթարդյունաբերության և հանքային պաշարների նախարարի տեղակալն է,
  4. Ղարաջաև Օրազմուրադ, ներկայումս Աբադան քաղաքի քաղաքագլուխն է,
  5. Նուրիև Իշանկուլի, ներկայումս Ղարաբեկաուլ շրջանի (Լեբափի նահանգ) ղեկավարն է,
  6. Պոմանով Աշիրնիյազ, ծնվել է 1962թ., ներկայումս Թուրքմենբաշի (նախկին` Կրասնովոդսկ) քաղաքի քաղաքագլուխն է։

Բերդիմուհամեդով Գուրբանգուլի Մյալիքգուլիև

Ծնվել է 1957թ. Թուրքմենստանի Ախալի նահանգի Գեոկթեփի շրջանի Բաբարաբ գյուղում։ 1979թ. ավարտել է Թուրքմենական պետական բժշկական ինստիտուտը։ Բժշկական գիտությունների թեկնածու է։

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1979-ից։ Այդ տարվանից մինչև 1997թ. Թուրքմենստանի Առողջապահության ու բժշկական արդյունաբերության նախարարության համակարգում զբաղեցրել է տարաբնութ պաշտոններ` դասախոս, Թերապևտիկ ստոմոտոլոգիայի ամբիոնի դոցենտ, Թուրքմենական պետական բժշկական ինստիտուտ Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, Թուրքմենստանի Առողջապահության ու բժշկական արդյունաբերության նախարարության Ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն։

1997թ. նշանակվել է Թուրքմենստանի Առողջապահության ու բժշկական արդյունաբերության նախարար, Թուրքմենստանի առողջապահության զարգացման պետական հիմնադրամի գործադիր տնօրեն, Թուրքմենական պետական բժշկական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար։

2001թ. ապրիլի 3-ին Թուրքմենստանի նախագահի հրամանով նշանակվել է կառավարության ղեկավարի տեղակալ` փոխվարչապետ։

2006թ. դեկտեմբերի 21-ից հանդիսանում է Թուրքմենստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Թուրքմենստանի զինված ուժերի գլխավոր գերագույն հրամանատար։

Ըստ որոշ տեղեկությունների՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը Թուրքմենբաշու անձնական բժիշկն էր և նրա արտամուսնական զավակը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր