ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի ներկայությունը Հարավային Կովկասում. հետևություններ և հեռանկար


2007թ. մարտի 1-ին ելույթ ունենալով Բրյուսելում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ՝ Պենտագոնի Հրթիռային պաշտպանության գործակալության (Missile Defense Agency) տնօրեն, օդուժի գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը հայտարարեց, թե Վաշինգտոնը ծրագրում է Հարավային Կովկասում տեղադրել ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ռադիոտեղորոշիչ կայաններից (ռադար) մեկը։
Քիչ հավանական է, որ հատկապես Լեհաստանում ու Չեխիայում ԱՄՆ ՀՀՊ բաղկացուցիչների տեղադրման շուրջ ավելի վաղ սկիզբ առած ռուս-ամերիկյան լարվածության ֆոնին՝ առանց նախնական վստահության, ամերիկյան կողմը հանդես գար նման հրապարակային հայտարարությամբ։
Այդ ենթադրության օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ նույն մամլո ասուլիսի ժամանակ գեներալ Օբերինգը անգամ նշեց այն վերջնաժամկետը, երբ ամերիկյան ՀՀՊ երեք բաղկացուցիչների տեղակայումը Եվրոպայում1 պետք է ավարտվի՝ 2011թ.։
ԱՄՆ ՀՀՊ համակարգի ընդլայնումը
Ներկայումս առկա տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ ՀՀՊ համակարգը բաղկացած է լինելու երեք մակարդակից։ Առաջին մակարդակը միտված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ոչնչացմանը` մինչև միջուկային մարտագլխիկների առանձնանալը` այդ հրթիռների թռիչքի սկզբնական մասում։ Երկրորդ մակարդակի դեպքում օբյեկտները պետք է ոչնչացվեն միջմայրցամաքային հրթիռների թռիչքի միջին հատվածում, ուր տեղի է ունենում մարտագլխիկների առանձնացումը և թիրախների որոշակիացումը։ Եվ վերջապես, երրորդ մակարդակով նախատեսված է մարտագլխիկների ոչնչացում նրանց թռիչքի վերջնական մասում։
Պենտագոնի համար նախընտրելի է հրթիռների և թռչող այլ օբյեկտների ոչնչացման գործում սահմանափակվել առաջին մակարդակով: Հետևաբար, էական նշանակություն է ձեռք բերում հրթիռային զինանոց ունեցող ԱՄՆ հավանական հակառակորդներին հարակից տարածքներում ՀՀՊ համակարգի տարրերի հիմնումը` ռադիոտեղորոշիչ կայաններ, հակահրթիռային հարվածային միջոցներ և այլն։
Իր պաշտոնավարման սկզբում ձեռնամուխ լինելով ԱՄՆ Ազգային հակահրթիռային պաշտպանության (National Missile Defense) համակարգի տեղակայմանը՝ Ջորջ Բուշ-կրտսերը հայտարարեց, թե համակարգը ներառելու է նաև Վաշինգտոնի դաշնակիցների պաշտպանությունը։
2007թ. փետրվարի 27-ին ելույթ ունենալով Լոնդոնում բրիտանական Royal United Services Institute-ի (RUSI) կազմակերպած ՀՀՊ 8-րդ միջազգային կոնֆերանսում՝ ԱՄՆ պետքարտուղարի միջազգային անվտանգության ու չտարածման հարցերով օգնական Ջոն Ռուդը ներկայացրեց այն 14 երկրների ցանկը, որոնց հետ Միացյալ Նահանգները համագործակցում է ՀՀՊ հարցում՝ Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Դանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսրայել, Հնդկաստան, Ճապոնիա, Նիդեռլանդներ, Թայվան, Ուկրաինա, Լեհաստան ու Չեխիա2։
Թեև չի կարելի ասել, թե նշված բոլոր երկրներում պետք է տեղակայվեն ԱՄՆ ՀՀՊ համակարգի տարրեր, սակայն նրանցից մի քանիսի հետ Վաշինգտոնի համագործակցությունը, փաստորեն, միտված է ամերիկյան ՀՀՊ գլոբալ համակարգի ստեղծմանը։
Դեռևս 2003թ. Մեծ Բրիտանիան ու Դանիան համաձայնեցին իրենց տարածքներում տեղակայված (Դանիայի պարագայում խոսքը Գրենլանդիայի մասին է) ՀՀՊ վաղ նախազգուշացման և հետախուզության համար նախատեսված ռադարների արդիականացմանը։ Մեծ Բրիտանիայի հյուսիսային մասում գտնվող «Ֆայլինգդեյլս» (Fylingdales) հենակետում առկա ռադարն արդեն իսկ արդիականացված է, և այս տարի պետք է ինտեգրվի ԱՄՆ ՀՀՊ գլոբալ համակարգի մեջ։ Գրենլանդիայում գտնվող «Թյուլ» (Thule) հենակետում առկա ռադարի արդիականացումը պետք է ավարտվի 2009թ.։
Արևմտյան մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Լոնդոնի ու Վաշինգտոնի միջև բանակցություններ են ընթանում բրիտանական կղզիներում ամերիկյան ՀՀՊ հակահրթիռների տեղակայման մասին։
Էլ ավելի ծավալային է ՀՀՊ հարցում Ճապոնիայի հետ ԱՄՆ համագործակցությունը։ Ընթացքի մեջ է PAC-3 (Patriot Advanced Capabality – 3, «Հայրենասեր առաջատար կարողություն - 3») ՀՀՊ համալիրից3 և Aegis ռադարային համակարգով ու SM-3 (Standard Missile-3, «Ստանդարտ հրթիռ - 3») հրթիռներով զինված նավերից բաղկացած համակարգի տեղակայումը Ծագող արևի երկրում։ Բանակցություններ են ընթանում Ճապոնիայում տեղակայված Միացյալ Նահանգների ՀՀՊ վաղ նախազգուշացման և հետախուզական ռադարային ցանցի ընդլայնման համար4։ 2006թ. Վաշինգտոնն ու Տոկիոն նաև պայմանավորվածություն ձեռք բերեցին հեռահար բալիստիկ հրթիռների ոչնչացնող և 52.5 սմ տրամագիծ ունեցող SM-3 հակահրթիռի մշակման վերաբերյալ։
Չնայած Լեհաստանն ու Չեխիան դեռևս պաշտոնապես չեն թույլատրել իրենց տարածքում ամերիկյան հակահրթիռների կայանի ու ռադարի տեղակայումը, սակայն ս.թ. փետրվարի 19-ին Վարշավայում կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ երկու երկրների վարչապետեր Յարոսլավ Կաչինսկին ու Միրեկ Տոպոլանեկը հայտարարեցին նման քայլ կատարելու իրենց պատրաստակամության մասին։
Պենտագոնի Հրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգի ներկայացմամբ՝ Լեհաստանում ու Չեխիայում ԱՄՆ ՀՀՊ համակարգի վերոհիշյալ տարրերի հիմնումը կարժենա մոտավորապես $3 մլրդ, որից $2,5 մլրդ-ը՝ Լեհաստանի բալթյան ափին 10 հակահրթիռների կայանի ստեղծմանը։ Նախատեսվում է, որ արդեն 2011թ. կտեղակայվի առաջին հակահրթիռը։ Ողջ կայանի հիմնումը պետք է ավարտվի 2013թ.։ Խաղաղօվկիանոսյան Մարշալյան կղզիների Կվաջալեյն (Kwajalein) կղզում գտնվող ամերիկյան ռազմակայանից Չեխիա տեղափոխվող ռադարը պետք է գործի արդեն 2011թ.։
Ամերիկյան ու ռուսական մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ ԱՄՆ ՀՀՊ գլոբալ համակարգի տարրեր հայտնվեն նաև Սլովակիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Մոլդովայում և Ուկրաինայում։
Մի շարք երկրների հետ ԱՄՆ-ը համագործակցում է նաև լոկալ նշանակության ՀՀՊ համակարգերի ստեղծման ուղղությամբ, որոնց նույնպես կարելի է դիտարկել ամերիկյան ՀՀՊ գլոբալ համակարգի համատեքստում։
Իսրայելի հետ Միացյալ Նահանգներն իրականացնում է ՀՀՊ Arrow («Նետ») համակարգի մշակումը5, բացի այդ՝ ընթացքի մեջ են կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների դեմ պայքարի համատեղ՝ ամերիկա-իսրայելական համակարգի զարգացման աշխատանքները։
Գերմանիայի և Իտալիայի հետ ԱՄՆ-ը իրականացնում է MEADS (Medium Extended Air Defense System, «Միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգ») անվամբ նախագիծը, որի նպատակն է կարճ ու միջին հեռահարության հրթիռների դեմ պաշտպանական համակարգի ստեղծումը, որը պետք է պատրաստ լինի 2014թ.։ Նույն Գերմանիայի ու Նիդեռլանդների հետ ԱՄՆ-ը իրականացնում է մեկ այլ՝ Extended Air Defense/Theater Missile Defense («Հեռահար օդային պաշտպանություն/Ռազմական պատասխանատվության առանձին ասպարեզների հրթիռային պաշտպանություն») նախագիծը։
Միացյալ Նահանգների ՀՀՊ համակարգը
Ամերիկյան ՀՀՊ-ն կազմված է ցամաքային, ջրային, օդային ու տիեզերական բաղկացուցիչներից, որոնք փոխգործակցելով միմյանց հետ՝ պետք է համալիր կերպով ապահովեն ՀՀՊ գործառնությունը6։
Ցամաքային մասի հիմնական բաղկացուցիչներն են Ալյասկայում՝ Ֆորտ Գրիլի (Fort Greely), Կոդիակ այլենդ (Kodiak Island) հենակետեր, Կալիֆորնիայում՝ Վանդենբերգ (Vanderberg) ավիաբազա՝ տեղակայված GBI (Ground Based Interceptor, «Ցամաքում տեղակայված բռնիչ-կործանիչ») հակահրթիռների կայանները։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ մինչև այս տարվա վերջը նշված երեք կայաններում հակահրթիռների թիվը նախատեսվում է հասցնել 25-ի, իսկ մինչև 2011թ.՝ 50-ի։
ՀՀՊ ցամաքային բաղկացուցչի տարրերն են նաև THAAD (Theater High-Altitude Area Defense, «Ռազմական պատասխանատվության առանձին ասպարեզների մեծ բարձրության արեայի պաշտպանություն») և PAC-3 մարտավարական բնույթի ՀՀՊ համալիրները։
ՀՀՊ ծովային բաղկացուցիչը նախ և առաջ ներկայացնում է Aegis ռադարային համակարգով ու SM-2 (Standard Missile-2), SM-3 (Standard Missile-3) հրթիռներով զինված նավեր, որոնց ընդհանուր քանակը պետք է հասցվի 18-ի։
Ընդունված է համարել, որ ամերիկյան ՀՀՊ համակարգի ծովային բաղկացուցիչն ավելի արդյունավետ է, քանի որ ցամաքում տեղակայված հակահրթիռների փորձարկման մոտավորապես կեսն անարդյունավետ է եղել։
2007թ. փետրվարի 6-ին Պենտագոնի Հրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն Հենրի Օբերինգը հայտարարեց, թե փորձարկման է պատրաստվում լազերային համակարգով զինված Big Crow («Մեծ ագռավ») անվամբ ինքնաթիռը (Boeing – 747-ի արդիականացված տեսակը)։ Հաջող փորձարկման դեպքում Airborne Laser («Օդային լազեր») անվամբ համակարգն ի վիճակի կլինի ՀՀՊ առաջին մակարդակում ոչնչացնել ցանկացած հեռավորության վրա գտնվող հրթիռ։ Բացի այդ՝ գոյություն ունի նաև SBL (Space Based Laser, «Տիեզերքում տեղակայված լազեր») ծրագիրը, որի նպատակն է նույն գործառույթի իրականացումն արդեն տիեզերքում։
Հակահրթիռային հարվածային միջոցներից զատ՝ ԱՄՆ ՀՀՊ համակարգը կազմված է նաև ցամաքային, ծովային, օդային ռադարային համակարգերից և հետախուզական արբանյակներից, որոնց հիմնական նպատակն է հակառակորդ հրթիռի որոշակիացումը, նրա հետագծի հստակեցումը։
2007թ. հունվարի 30-ին ամերիկյան Հրթիռային պաշտպանության գործակալության տնօրենի տեղակալ Պատրիկ Օ’Ռեյլին հայտարարեց, թե Վաշինգտոնը նախատեսում է մեկ տարվա ընթացքում լիովին վերջացնել իր ՀՀՊ համակարգի տեղակայումը։ 2006թ. հունիսից, երբ տեղեկություններ հայտնվեցին Հյուսիսային Կորեայի կողմից իր Taepodong-2 հրթիռի փորձարկման մասին (ինչն էլ տեղի ունեցավ 2006թ. հուլիսի 5-ին), ԱՄՆ ՀՀՊ համակարգը բերված է մարտական պատրաստվածության։
Նշվում է, որ ԱՄՆ ՀՀՊ համակարգի զարգացումը կրելու է էվոլյուցիոն բնույթ։ Այսինքն՝ Վաշինգտոնը չի ունենա վերջնական ու քարացած ՀՀՊ համակարգ։ Վերջինս պետք է անընդհատ զարգանա ու ձևափոխվի՝ ժամանակի պահանջներին համապատասխան։
2001-2006թթ. ընթացքում Բուշ-կրտսերի վարչակազմը ՀՀՊ համակարգի վրա ծախսել է ավելի քան $43 մլրդ։ 2008թ. ֆինանսական տարվա (սկսվում է 2007թ. հոկտեմբերի 1-ից) համար ԱՄՆ պաշտպանական բյուջեում ՀՀՊ-ի համար նախատեսված է $8.9 մլրդ (2006թ. ֆինանսական տարվա համար նախատեսված էր $7.7 մլրդ, 2007թ.՝ $9.3 մլրդ)։ Բացի այդ՝ հայտնի է, որ 2006-2012թթ. ընթացքում Պենտագոնը մտադիր է $58 մլրդ կամ իր գիտահետազոտական գործունեության բյուջեի 14%-ը ծախսել ՀՀՊ մշակումների ուղղությամբ։
Ամերիկյան ՀՀՊ համակարգի տարրերը Հարավային Կովկասում
Դեռևս 2005թ. վերջին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի Աստարայի (Իրանի սահմանին մոտ) և Խիզայի (Բաքվից հյուսիս-արևմուտք) շրջաններում արդեն իսկ տեղակայվել են մարտավարական բնույթի ռադիոտեղորոշիչ երկու կայաններ։ Տեղեկությունների մի մասի համաձայն՝ ռադարներն ամերիկյան «Lockheed Martin» ընկերության արտադրած «AN/FPS-117» տեսակի կայաններ են` թռչող օբյեկտները միջինը 340կմ շառավղով հայտնաբերելու ունակությամբ, իսկ մյուս մասի հավաստմամբ՝ իրականում տեղակայվել են եվրոպական «EADS» կորպորացիայի արտադրած «TRML-3D» կայաններ` թռչող օբյեկտներն առավելագույնը 200կմ շառավղով հայտնաբերելու ունակությամբ։
Ըստ 2006թ. հունվարին ադրբեջանական ու ռուսական ԶԼՄ հրապարակումների՝ ամերիկյան ռազմուժի Եվրոպական հրամանատարության (USEUCOM), որի պատասխանատվության ներքո է ընկնում նաև Հարավային Կովկասը, մասնագետներն արդիականացման նպատակով ձեռնամուխ էին եղել Ադրբեջանի Լերիկի շրջանում (սահմանակից է Իրանին) դեռևս խորհրդային ժամանակներից մնացած ռադիոտեղորոշիչ կայանի ուսումնասիրմանը։ 2006թ. հունվարին, ռուսական աղբյուրների տարածած տեղեկության համաձայն, այդ նույն նպատակով ուսումնասիրվել է նաև Ադրբեջանի Աղստաֆայի շրջանում (սահմանակից է Հայաստանին) առկա ռադիոհեռախոսային հետևման կայանը։
2006թ. հունվարին ադրբեջանական մամուլում հայտնված հրապարակումների համաձայն՝ ամերիկյան ռազմական գերատեսչությունը ծրագրում էր ռադիոտեղորոշիչ երեք կայաններ հիմնել Վրաստանում ու էլ ավելի ընդլայնել Ադրբեջանում առկա կայանների քանակը։
Տարածաշրջանում ամերիկյան տեխնիկական հետախուզության ներկայությունը չի սահմանափակվում միայն վերը նշվածով։ Հայտնի է առնվազն Վրաստանի օդային տարածքով իրենց թռիչքներն իրականացրած ամերիկյան հետախուզական ինքնաթիռների մասին։ 2003թ. մարտին՝ իրաքյան առաջին պատերազմից առաջ, վրացական օդային տարածք երեք անգամ մուտք է գործել U-2S ինքնաթիռը7, իսկ 2003թ. հուլիսի 9-ին ամերիկյան մեկ այլ հետախուզական ինքնաթիռ՝ AWACS, մոտ մեկ ժամ ցուցադրական թռիչք էր կատարում Թբիլիսիի վրա8։
Ամերիկյան աղբյուրների մատուցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ օժանդակությամբ արդիականացվող երեք օդանավակայաններից Սումգայիթի մոտ գտնվող «Նասոսնիում» կարող են տեղակայվել ամերիկյան հետախուզական ինքնաթիռներ՝ ենթադրաբար AWACS տեսակի։
Ընդհանուր առմամբ, ռուսական ու ադրբեջանական աղբյուրները նշում են, թե Պենտագոնը նպատակ ունի մինչև 2015թ. Վրաստանում ու Ադրբեջանում (չի բացառվում՝ ողջ Հարավային Կովկասում) գործածության մեջ դնել ռադիոտեղորոշիչ կայանների և էլեկտրոնային հետախուզության այլ միավորների «Caucasus Net» համակարգը (նմանատիպ մի համակարգ բալթյան երեք երկրներում` Էստոնիա, Լատվիա, Լիտվա, գործում է 2000-ից), որի բաղկացուցիչ մասն են կազմելու նաև տարածաշրջանում գործող ամերիկյան հետախուզական իքնաթիռները։
Հետևություններ և հեռանկար
Ամերիկյան ՀՀՊ համակարգի նման ծավալումը այսօր նախ և առաջ արտահայտում է վերջին տարիներին միջազգային համակարգում նկատվող լարվածության ընդհանուր աճը։
Մի շարք ցուցիչներ վկայում են, որ ռուս-ամերիկյան հակասությունները դուրս են եկել իրավիճակային նշանակության տարաձայնություններից` ձեռք բերելով համակարգային բնույթ, հետևաբար չեն կարող լինել կարճատև։ Մյուս կողմից՝ վերջին տարիների միտումը ցույց է տալիս, որ չին-ամերիկյան հակասությունների կայուն բնույթը ժամանակի ընթացքում հանգեցնում է միայն լարվածության աճին Հեռավորարևելյան Ասիայում, և Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի շուրջ վերջին տարիներին ծագած ճգնաժամը դրա վկայությունն է։
Հատկապես նման պայմաններում, երբ (այդ թվում ամերիկյան մասնագետների պնդմամբ) ԱՄՆ ՀՀՊ համակարգն առայժմ չի կարող գործել ռուսական ու չինական զանգվածային ոչնչացման զինանոցի դեմ, Վաշինգտոնը ձգտում է անել հնարավորը՝ առնվազն կարճատև ժամանակաշրջանի համար սեփական ՀՀՊ համակարգը դարձնելու դիվանագիտական արդյունավետ միջոց։
Միջազգային քաղաքականության տեսանկյունից այստեղ գործ ենք ունենալու 20-րդ դարի կեսերից ծավալված միջուկային սպառազինության տրամաբանության հետ։
Նման մոտեցումն առաջին հերթին նշանակում է, որ առաջիկա տարիներին ամերիկյան ՀՀՊ համակարգը ոչ միայն ընդլայնելու է իր աշխարհագրական սահմանները։ Հետևաբար, ճիշտ են այն կանխատեսումները, որոնց համաձայն՝ Վաշինգտոնը չի սահմանափակվի Լեհաստանում ու Չեխիայում ստեղծվող ՀՀՊ համակարգի տարրերով և կձգտի ընդլայնել երկրների շարքը՝ չբացառելով հատկապես հետխորհրդային բալթյան երկրները։
Ի դեպ, արևելաեվրոպական հատվածում ամերիկյան ռազմաքաղաքական ազդեցության աճը ոչ միայն նշանակում է ճնշում Ռուսաստանի նկատմամբ, այլև պետք է ընկալել որպես եվրոպական գործընթացների նկատմամբ ԱՄՆ ազդեցության ընդլայնմանն ուղղված քայլ։ Պատահական չէ, որ Լեհաստանում ու Չեխիայում ամերիկյան ՀՀՊ համակարգի բաղադրիչների տեղակայման վերաբերյալ բացասաբար արտահայտվեց Անգելա Մերկելի կառավարությունը, որը, ի տարբերություն գերմանական նախորդ՝ Գերհարդ Շրյոդերի կառավարության, իր արտաքին քաղաքականության մեջ ավելի շատ հաշվի է առնում անդրատլանտյան ուղղվածությունը։
Եթե ճիշտ են ռուսական այն գնահատականները, թե Հարավային Կովկասում տեղակայվելիք ռադարի հետախուզական հնարավորության շառավիղը կարող է կազմել 4-4.5 հազ. կմ և, հետևաբար, 2-3 հարյուր կմ-ն չի կարող ունենալ էական նշանակություն, ապա նման համալիրի տեղակայումն ավելի շատ հավանական է ԱՄՆ տեսանկյունից տարածաշրջանում իր համար առավելագույն վստահելի երկրում։
Նման տրամաբանությամբ ամենից հարմար թեկնածուն Վրաստանն է։
Մյուս կողմից՝ այս վարկածի հաստատումը կարող է լրացուցիչ փաստարկ հանդիսանալ ՆԱՏՕ-ին Վրաստանի առաջիկա անդամակցության վերաբերյալ։
Հավելված 1
ԱՄՆ ՀՀՊ համակարգի կայացումը
Ամերիկյան աղբյուրների մատուցմամբ՝ հակահրթիռային պաշտպանության խնդիրներով Պենտագոնում սկսել են զբաղվել 1945-ից, երբ ԱՄՆ բանակի հրամանատարությունը հանդես է եկել հրթիռներից պաշտպանվելու համակարգի ստեղծման մասին առաջարկությամբ։
Միացյալ Նահանգների ՀՀՊ առաջին ծրագրի՝ Nike Zeus (Nike – հուն.՝ հաղթանակ, Zeus – անգլ.՝ Զևս) իրականացման աշխատանքները սկսվել են 1956թ.։ Ծրագրի շրջանակներում իրականացվող մշակումների գաղափարը պարզ էր՝ հակահրթիռը պետք է 100կմ բարձրության վրա մոտենա թիրախ-հրթիռին և ուժեղ պայթյունի միջոցով ոչնչացնի հակառակորդ մարտագլխիկ(ներ)ը9։ Սակայն որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ ռադիոտեղորոշիչ կայանների անկատար լինելու պատճառով խնդիր է ճիշտ հաշվարկել թռչող հրթիռի հետագիծը։
1963թ. ԱՄՆ-ում ձեռնամուխ եղան նոր ծրագրին՝ Nike-X, որը հիմնված լինելով իր նախորդի վրա՝ գլխավորապես կենտրոնացած էր ավելի արդիական ռադիոտեղորոշիչ կայանների ու ավելի արագ և հզոր հակահրթիռների ստեղծման ուղղությամբ։
1960-ական թթ. երկրորդ կեսին Պենտագոնում եկան այն համոզման, որ Nike-X-ը ի վիճակի չէ ԱՄՆ ողջ տարածքը պաշտպանել խորհրդային հրթիռներից, և 1967թ. որոշում կայացվեց նման պաշտպանություն ապահովել միայն խոշոր քաղաքների համար, որոնց պարագայում մեծ էր հավանականությունը, թե ԽՍՀՄ-ի հետ ռազմական բախման դեպքում կենթարկվեն հրթիռային հարձակման։ Նոր ծրագիրը կոչվեց Sentinel («Ժամապահ»)։
Եվս երկու տարի անց՝ 1969թ., վերանայվեց նաև Sentinel-ը։ Որոշվեց, որ ՀՀՊ կարիք ունեն ոչ թե մեծ քաղաքները, այլ ԱՄՆ պաշտպանական համակարգի կարևորագույն հանգույցները (ինչպես, օրինակ, Սպիտակ տունը, Պենտագոնը և այլն)։ Հերթական ծրագիրը կոչվեց Safeguard («Պահպանություն»)։
1972թ. մայիսի 26-ին կնքված խորհրդա-ամերիկյան հակաբալիստիկ հրթիռների համակարգերի սահմանափակման մասին պայմանագրով և 1974թ. հուլիսի 3-ին ստորագրված այդ պայմանագրին կից արձանագրությամբ, ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը իրավունք ստացան պահելու առավելագույնը 100 հակահրթիռներից կազմված և աշխարհագրական կոնկրետ սահմաններ պաշտպանող հակահրթիռային մեկական համակարգեր։ ԽՍՀՄ-ում այդ համակարգը պաշտպանում էր Մոսկվա քաղաքն ու նրա մերձակայքը, իսկ ԱՄՆ-ում հակահրթիռային համակարգը տեղակայվեց Հյուսիսային Դակոտա նահանգում, ուր գտնվում էր ամերիկյան բալիստիկ հրթիռների ստորգետնյա զինանոցի մեծ մասը։
Չնայած այդ պայմանագրին՝ կողմերը շարունակում էին հետազոտական-փորձարարական աշխատանքները ողջ երկրի մասշտաբով ՀՀՊ համակարգի ստեղծման ուղղությամբ։ Աղմուկ հանած այդպիսի նախաձեռնություններից էր ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից 1983թ. մարտի 23-ին հայտարարված Strategic Defense Initiative (SDI, «Ռազմավարական պաշտպանության նախաձեռնություն») ծրագիրը, որն ավելի շատ հայտնի է «Աստղային պատերազմներ» (Star Wars) անվամբ10։ Ըստ այդ ծրագրի՝ Պենտագոնը նախատեսում էր տիեզերքում տեղակայված ՀՀՊ համակարգի միջոցով հասնել մի մակարդակի, որ հնարավոր լինի ոչնչացնել հակառակորդի 3.5 հազ. հրթիռ։
Սառը պատերազմի ավարտը և, մասնավորապես, 1991թ. իրաքյան առաջին պատերազմը որոշակի փոփոխություններ մտցրին ԱՄՆ ՀՀՊ ռազմավարության մեջ։ 1991թ. հունվարի 29-ին ելույթ ունենալով Կոնգրեսի զույգ պալատների առջև՝ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ-ավագը հայտարարեց ՀՀՊ նոր՝ Global Protection Against Limited Strikes (GPALS, «Սահմանափակ հարվածների դեմ գլոբալ պաշտպանության») ծրագրի մասին։ Այն, հիմք ընդունելով նախորդ՝ SDI ծրագիրը, գլխավոր նպատակ պետք է ունենար Միացյալ Նահանգները պաշտպանել ոչ թե հրթիռային զանգվածային հարվածից (Սառը պատերազմի ավարտից հետո այդ սպառնալիքը տվյալ պահին համարվում էր անիրատեսական), այլ առաջին հերթին հետագայում «չարի առանցքի» մասը կազմող պետությունների՝ Հյուսիսային Կորեա, Իրան, Իրաք, Լիբիա, հրթիռային սահմանափակ զինանոցից։
Նախատեսվում էր, որ GPALS-ը պետք է բաղկացած լինի տիեզերքում տեղակայված մոտ հազար հատ հակահրթիռներից, ցամաքում տեղաբաշխված 750-1000կմ հեռահարության հակահրթիռներից, տիեզերքում գործող ու ցամաքում առկա շարժուն ռադարներից և վերջապես ռազմական պատասխանատվության առանձին ասպարեզների (աշխարհագրական շրջանների) ՀՀՊ շարժուն համակարգերից։
Թեև ԱՄՆ հաջորդ նախագահ Բիլ Քլինթոնի օրոք Վաշինգտոնը հայտարարեց իր ՀՀՊ ռազմավարության հերթական վերափոխման մասին11, և անգամ 1993թ. Քլինթոնը հայտարարեց «Աստղային պատերազմների» դարաշրջանի ավարտի մասին, սակայն արդեն 1996թ. մարտի 6-ին Քլինթոնի վարչակազմը հրապարակեց, այսպես կոչված, «3-plus-3» («3 գումարած 3») ծրագիրը։ Ըստ այդ ծրագրի՝ հետագա երեք տարիներին՝ մինչև 2000թ., պետք է մշակվեին ԱՄՆ Ազգային հակահրթիռային պաշտպանության համակարգի (ԱՀՀՊ, National Missile Defense, NMD) հիմնական տարրերը, որոնք կարող էին հաջորդ երեք տարիներին գործի դրվել, եթե ծագեին ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող համապատասխան մարտահրավերներ։
Երեք տարի անց՝ 1999թ. հուլիսի 23-ին, ԱՄՆ նախագահը ստորագրեց Կոնգրեսի ընդունած Missile Defense Act-ը («Հակահրթիռային պաշտպանության ակտը»), որը կոչ էր անում անմիջապես (որքան որ թույլ են տալիս տեխնոլոգիական հնարավորությունները) ձեռնամուխ լինել ԱՄՆ ԱՀՀՊ մշակմանն ու տեղակայմանը։ Այդքանով հանդերձ, 2000թ. սեպտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը հայտարարեց, թե ԱՄՆ ԱՀՀՊ ստեղծման մասին որոշում կայացնելը փոխանցում է իր հաջորդին։
Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը 2001թ. դեկտեմբերի 13-ին հայտարարեց վեց ամիս անց՝ 2002թ. հունիսի 13-ին, 1972թ. խորհրդա-ամերիկյան պայմանագրից Վաշինգտոնի միակողմանի դուրս գալու մասին, ինչն էլ իրավական առումով ճանապարհ հարթեց ԱՄՆ-ում ԱՀՀՊ ստեղծման համար։ Նշված ժամկետի լրանալուց երկու օր անց՝ 2002թ. հունիսի 15-ին, ԱՄՆ Ալյասկա նահանգում գտնվող Ֆորտ Գրիլի (Fort Greely) հենակետում սկսվեցին հակահրթիռների կայանի շինարարական աշխատանքները։
1 Պենտագոնը նշված երեք բաղկացուցիչների թվին է դասում Չեխիայում ու Հարավային Կովկասում տեղակայվելիք ռադարները, ինչպես նաև Լեհաստանում հիմնադրվելիք 10 հակահրթիռների (հրթիռներ, որոնք պետք է ոչնչացնեն հակառակորդի արձակած հրթիռները) կայանը։
2 Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ցուցակում բացակայում է Թուրքիայի անունը։ Սառը պատերազմի տարիներին Պենտագոնի համար Թուրքիան հանդես էր գալիս որպես ԽՍՀՄ-ի դեմ ուղղված ռազմավարության կարևոր օղակ։ ԱՄՆ ռազմական ներկայիս ստրատեգիայի համար առաջնային հանդիսացող ՀՀՊ համակարգում Թուրքիայի բացակայությունը կարող է նշանակել Վաշինգտոնի համար Անկարայի ռազմավարական նշանակության անկում։
3 Հայտնի է, որ 2006թ. ամերիկյան PAC-3 համալիրից տեղակայվեց ճապոնական հարավային Օկինավա կղզում գտնվող ԱՄՆ «Կադենա» (Kadena) ռազմակայանում։ 2006թ. հոկտեմբերի վերջին հայտնված տեղեկությունների համաձայն՝ նախատեսվում էր այդպիսի մի համալիր տեղակայել նաև Տոկիոյի մերձակայքում։
4 Ճապոնիայի հյուսիսային՝ Ամորի պրեֆեկտուրայում գտնվող «Սիլ» ավիաբազայում արդեն իսկ գործում է X-Band Radar (XBR) անվամբ ՀՀՊ վաղ նախազգուշացման և հետախուզական ռադարը։
5 2007թ. փետրվարի 11-ին Իսրայելը հերթական անգամ հաջող փորձարկեց ՀՀՊ Arrow-2 համակարգը։
6 ԱՄՆ ՀՀՊ համակարգի կայացման մասին տե՛ս Հավելված 1։
7 Ռուսական աղբյուրների ներկայացմամբ՝ U-2S ինքնաթիռը կարող է թռիչքի ժամանակ 360 աստիճան կտրվածքով հետախուզել 8 519կմ շառավղով տարածք։
8 AWACS-ները կարող են թռիչքի ժամանակ 360 աստիճան կտրվածքով հետախուզել 320կմ շառավղով տարածք։
9 1962թ. հուլիսին խաղաղօվկիանոսյան Կվաջալեյն (Kwajalein) կղզում գտնվող կայանից արձակած հակահրթիռը կարողացավ հասնել թիրախին և պայթել նրանից մոտ 2կմ հեռավորության վրա։ Փորձարկումը համարվեց հաջող։
10 1972թ. պայմանագիրն արգելում էր ողջ երկրի մասշտաբով նախատեսված ՀՀՊ համակարգի տեղակայումը։ SDI ծրագրի իրականացման համար Ռեյգանի վարչակազմը հիմնվեց 1972թ. պայմանագրի, այսպես կոչված, «լայն» մեկնաբանության վրա։ Համաձայն ԱՄՆ նախագահ Ռեյգանի ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ ՄըքՖերլանի 1985թ. հոկտեմբերի 6-ին հնչեցրած 1972թ. պայմանագրի «լայն» մեկնաբանության՝ տիեզերքում տեղակայված և ՀՀՊ շարժուն համակարգերն ու նրանց բաղկացուցիչները, որոնք հիմնված են «ֆիզիկական այլ սկզբունքների վրա» (ինչպես, օրինակ, լազերները, ջերմային շողերը և այլն) կարող են ենթարկվել մշակումների ու փորձարկումների, սակայն չեն կարող տեղակայվել։ Համաձայն 1972թ. պայմանագրի «նեղ» մեկնաբանության՝ նման մշակումներն ու փորձարկումները (սակայն ոչ տեղակայումը) վերաբերում են միայն ՀՀՊ ցամաքային հստակեցված համակարգերին ու նրանց բաղկացուցիչներին։
11 Առաջնային նշանակություն ստացավ մարտավարական նշանակության Theater Missile Defense (TMD, «Ռազմական պատասխանատվության առանձին ասպարեզների հրթիռային պաշտպանություն») համակարգերի ստեղծումը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]