• am
  • ru
  • en
Версия для печати
30.07.2007

ՔԵՆԵԲԱՆԿՊՈՐՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ. ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Руский

   

Սարգիս Հարությունյան

Kennebunkport (medium) Ս.թ. հուլիսի 1-2-ը ամերիկյան Քենեբանկպորտ փոքրիկ քաղաքի մոտ տեղակայված Բուշ ընտանիքի «Walkers Point» ամառանոցային տանը կայացավ Բուշ–Պուտին հանդիպումը։ Թեեւ փորձագիտական որոշ գնահատականների համաձայն, նշված հանդիպումը, իսկ ավելի ճիշտ` հանդիպման ձեւաչափը պարզապես չէին կարող թույլ տալ ռազմավարական կարգի պայմանավորվածություններ կայացնել երկու տերությունների միջեւ, սակայն, իրականում, հանդիպումն ուներ շրջադարձային նշանակություն ոչ միայն ռուս-ամերիկյան, այլեւ ողջ միջազգային հարաբերությունների առումով։ Գոյություն ունեն առնվազն երեք կետեր, որոնք թույլ են տալիս կատարել նման հետեւություն.

  • 2007թ. ամառը այն վերջին ժամանակահատվածն է, որ երկու նախագահների համար հնարավորություն է ընձեռում միջազգային նշանակության ռազմավարական որոշումներ կայացնել ու ամենակարեւորը` ձեռնամուխ լինել այդ որոշումների իրականացմանը` հնարավորինս քիչ ենթարկվելով ներքաղաքական` նախընտրական գործընթացների ազդեցությանը. հայտնի է, որ 2007թ. աշնանից այդ երկրների էլիտաները մտնում են նախընտրական ակտիվ կամպանիաների փուլ` 2008թ. նախագահական ընտրություններին ընդառաջ,
  • հետեւաբար, հաջորդ անգամ Մոսկվան ու Վաշինգտոնը ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի կարող են անդրադառնալ միայն 2009թ. սկզբին, երբ իշխանության ղեկին կլինեն նոր նախագահներ, իսկ այդ դեպքում, երկու տերությունների համար կարեւոր մի շարք հարցերի առումով` գալիք մեկ ու կես տարին կարող է կողմերից առնվազն մեկի համար «անդառնալի» փոփոխությունների պատճառ հանդիսանալ,
  • եւ վերջապես, չպետք է մոռանալ, որ Քենեբանկպորտի հանդիպումը հաջորդեց հունիսի 6-8-ը գերմանական Հայլինգենդամ քաղաքում կայացած Մեծ ութնյակի գագաթաժողովին. փաստորեն, օրակարգի իմաստով, Ատլանտիկայի ափին կայացած Բուշ–Պուտին հանդիպումը Մեծ ութնյակի շրջանակներում կայացած ռուս-ամերիկյան գագաթաժողովի տրամաբանական շարունակությունն էր։

Քենեբանկպորտի արդյունքները

Չնայած արդեն հուլիսի 7-ին ամերիկյան «CNBC» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն ուղղակի հայտարարեց, թե Վաշինգտոնում համաձայն չեն ռուսական կողմի առաջարկություններին եւ մտադիր են շարունակել հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ոլորտում Լեհաստանի ու Չեխիայի հետ ընթացող համագործակցությունը,1 իսկ հուլիսի 13-ին էլ ԱՄՆ Սենատը հատուկ ավելացում կատարեց Միացյալ Նահանգների 2008թ. պաշտպանական բյուջեի քննարկվող նախագծի մեջ` ամերիկյան ՀՀՊ համակարգի ստեղծումը հռչակելով որպես Վաշինգտոնի պետական քաղաքականություն, այդուհանդերձ, քենեբանկպորտյան արդյունքների ընկալման իմաստով, նախ եւ առաջ հարկ է առանձնացնել ռուսական կողմի երկու քայլերը.

  • հուլիսի 14-ին Ռուսաստանը սառեցրեց «Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրով» (ԵՍՍՄՊ) ստանձնած պարտավորությունների կատարումը,
  • երեք օր անց` հուլիսի 17-ին, Մոսկվան հերթական ու շատերի կարծիքով` վերջին անգամ մերժեց ամերիկա-բրիտանա-ֆրանսիական համատեղ` թվով երրորդ, առաջարկը Կոսովոյի խնդրի վերաբերյալ, որը հուլիսի 16-ին ներկայացվել էր ՄԱԿ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քննարկմանը։

Դեռեւս հունիսի 25-ին ռուսական «Նեզավիսիմայա գազետա»-ն գրել էր, թե Պուտինն արդեն իսկ ստորագրել է ԵՍՍՄՊ շրջանակներում Ռուսաստանի պարտավորությունների կատարումը սառեցնող հրամանագիրը։ Ըստ ամենայնի, պատահական չէ, որ այն լույս աշխարհ եկավ Քենեբանկպորտի հանդիպումից անմիջապես առաջ, իսկ բուն հրամանագիրը հրապարակվեց այդ հանդիպումից հետո։ Պարզ է, որ «Walkers Point»-ում նշված հանգամանքը կիրառվել է որպես ճնշամիջոց ամերիկացիների նկատմամբ։

Այդ նույն տրամաբանության ներքո պետք է դիտարկել նաեւ ռուսական կողմի մերժումը Կոսովոյի հարցի առնչությամբ։ Դժվար թե սոսկ զուգադիպություն լինի այն հանգամանքը, որ ռուսական դիվանագիտությունը Կոսովոյի խնդրի վերաբերյալ2 իր վերջնական դիրքորոշումը ներկայացրեց միայն Քենեբանկպորտի հանդիպումից հետո։ Հիմնավորված է թվում այն տեսակետը, ըստ որի` Կոսովոյի խնդրում Մոսկվայի մոտեցման հիմքում նույնպես ճնշումն էր Արեւմուտքի նկատմամբ, քանի որ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում այսօր Ռուսաստանը չի կարող լուրջ շահեր հետապնդել Բալկաններում։

Ի տարբերություն Ռայսի հայտարարության կամ ԱՄՆ Սենատի որոշման, քենեբանկպորտյան բանակցություններից անմիջապես հետո Մոսկվայի նման քայլերը կարող են միայն վկայել, որ ռուս-ամերիկյան օրակարգում տեղ գտած ռազմավարական մի շարք հարցերի եւ առաջին հերթին ԱՄՆ ՀՀՊ համակարգի վերաբերյալ բանակցությունները, փաստորեն, սառեցված են։ Այսինքն` կարելի է ենթադրել, որ Քենեբանկպորտում կողմերն, ընդհանուր առմամբ, մտել են փակուղի։

Միջազգային քաղաքականություն

Թեեւ, պայմանական ասած, ս.թ. փետրվարի 10-ին Մյունխենում Ռուսաստանի նախագահ Պուտինի ելույթից հետո ռուս-ամերիկյան նորագույն հարաբերություններում սկիզբ առած միմյանց ամենաբարձր մակարդակով մեղադրանքներ հասցնելու փուլը Քենեբանկպորտում, թերեւս, ավարտվեց, իսկ հակասությունների մասով կարծես թե դեռ ամեն ինչ նոր է սկսվում, սակայն մյուս կողմից` ներկայացվածի համատեքստում առանձնացան երկու բավական ուշագրավ հանգամանքներ.

  • վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ Ռուսաստանի ղեկավարությունը կարողացավ բավական լուրջ դիվանագիտական-տեղեկատվական ճնշում բանեցնել Վաշինգտոնի նկատմամբ,
  • եւ երկրորդ, Եվրամիության ստեղծման պահից ի վեր առաջին անգամ ռուս-ամերիկյան հակասությունները դարձան Միության ներսում ընթացող քաղաքականության գործոն:

Հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ Քենեբանկպորտում կայացած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի նախագահն առաջարկեց ԱՄՆ ՀՀՊ համակարգի առնչությամբ առկա ռուս-ամերիկյան հակասությունների հարցը տեղափոխել «Ռուսաստան–ՆԱՏՕ» ձեւաչափ։ Էլ ավելի ուշագրավ էր, որ թե՛ ՆԱՏՕ-ում եւ թե՛ անգամ Բուշ-կրտսերի վարչակազմում այդ առաջարկություններն, ընդհանուր առմամբ, դրական արձագանք գտան։

Դեռեւս փետրվարի 10-ին Պուտինի Մյունխենում ունեցած հանրահայտ ճառից հետո աչքի զարնեց այն հանգամանքը, որ գերմանական ազդեցիկ վերլուծաբանական ու լրատվական որոշ շրջանակներ մի մեծ մասով դրական գնահատեցին Ռուսաստանի նախագահի վերոհիշյալ ելույթը։ Պատկերը պարզվեց, երբ ս.թ. մարտի 6-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ արեց օգտագործել ՆԱՏՕ-ի ձեւաչափը` ԱՄՆ ՀՀՊ համակարգի տեղակայման հարցի շուրջ ոուս-ամերիկյան խորհրդակցություններ կազմակերպելու համար։ Այս պարագայում պետք է նաեւ հաշվի առնել Գերմանիայի նախորդ կանցլեր Գերհարդ Շրյոդերի3 մարտի 12-ի հայտնի հայտարարությունը, երբ վերջինս որպես վտանգավոր ու անհեթեթ բնորոշեց Լեհաստանում ու Չեխիայում ՀՀՊ համակարգի տարրեր տեղակայելու ԱՄՆ ծրագրերը։

Գերմանիայի նման մոտեցման պատճառը պարզ է։ Հաշվի առնելով լեհ-գերմանական հարաբերություններում հատկապես վերջին շրջանում նկատվող հակասությունների աճը` ամերիկյան ռազմական ներկայության4 հաստատումն անուղղակիորեն կրճատելու է գերմանական ազդեցությունը Վարշավայում։ Հեռանկարային առումով Բեռլինը խնդիր է տեսնում նաեւ ողջ Արեւելյան Եվրոպայի առնչությամբ, ուր, ինչպես հայտնի է, ընթանում է ամերիկյան ռազմական համակարգերի հիմնումը։ Բացի այդ, գերմանական շահերի օգտին չէ Արեւմուտք–Ռուսաստան հարաբերությունների լուրջ սրացումը։

Այդ իմաստով, Վաշինգտոնի նկատմամբ ռուսական դիվանագիտության կողմից կիրառված նման կարգի ճնշումը, իրականում, պետք է ընկալել որպես ռուս-գերմանական համատեղ կամպանիա։

Մյուս կողմից` հիմքեր կան ենթադրելու, թե Ռուսաստանի հետ նման կարգի փոխգործակցության հարցը Բեռլինում լուծվել է ոչ առանց Փարիզի հետ որոշակի պայմանավորվածությունների։ Հուլիսի 13-ին Մոսկվայում «Գազպրոմ»-ի եւ ֆրանսիական «Total» նավթագազային ընկերության միջեւ կնքվեց պայմանագիր, ըստ որի` վերջինիս բաժին հասավ Բարենցի ծովում գտնվող «Շտոկման» հայտնի գազահանքը շահագործող ընկերության 25%-ը։ Հարկ է հիշեցնել, որ նախորդ երկու տարիների ընթացքում «Շտոկմանի» հարցը ռուս-ամերիկյան ու ռուս-բրիտանական օրակարգի կարեւոր հարցերից մեկն էր։ Թեեւ Մոսկվան հայտարարում է, թե պատրաստ է վաճառել բաժնետոմսերի եւս 24%-ը` «Գազպրոմ»-ին թողնելով վերահսկիչ 51%-ը, սակայն կասկածից վեր է, որ «Total»-ի օգտին կայացրած որոշումը քաղաքական է, եւ այն, ըստ ամենայնի, պետք է գա գումարվելու գազային ոլորտում ռուս-գերմանական ռազմավարական համագործակցությանը։

Եվ վերջապես, պետք է նույն զարգացումների հետ կապել հունիսի 21-23-ը Բրյուսելում կայացած Եվրամիության գագաթաժողովի ժամանակ անդամ երկրների, հատկապես` Գերմանիայի ու Լեհաստանի միջեւ երեւան եկած լուրջ հակասությունները` կապված ԵՄ նոր սահմանադրության հետ։ Թեեւ հակասությունները մի մեծ մասով հաջողվեց հարթել, սակայն քիչ հավանական է, որ Մեծ ութնյակի գագաթաժողովի ու Քենեբանկպորտի հանդիպման շուրջ ընթացող միջազգային զարգացումների ֆոնին ԵՄ ներսում ծագած հակասություններն ունենան լիովին առանձին տրամաբանություն` մանավանդ որ նույն բրյուսելյան գագաթաժողովի օրերին պարզ դարձավ, որ Լեհաստանին լրջորեն աջակցում է նաեւ Մեծ Բրիտանիան։

Հետեւություններ

Հուլիսի 16-ին պաշտոնական Լոնդոնի որոշումը` երկրից դուրս հրավիրել Մեծ Բրիտանիայում ռուսական դեսպանության չորս դիվանագետներին, անշուշտ, վկայում է, որ ռուս-ամերիկյան ու ռուս-բրիտանական հարաբերությունները մտնում են առճակատման մի նոր փուլ, եւ այդ առումով քենեբանկպորտյան հանդիպման արդյունքները չէին կարող նշանակություն չունենալ։ Իսկ քանի որ դա այդպես է, ապա որպես հիմնական հետեւություն պետք է առանձնացնել այն, որ առաջիկայում Ռուսաստան–ԱՄՆ/Մեծ Բրիտանիա հարաբերություններում երեւան են գալու միմյանց նկատմամբ ճնշումներ բանեցնելու նոր ոլորտներ եւ շրջաններ։ Այդ իմաստով, օրինակ, հետխորհրդային տարածքում ընթացող գործընթացները պարզապես չեն կարող դուրս մնալ ընդհանուր տրամաբանությունից։

Որպես հաջորդ կարեւոր հետեւություն պետք է առանձնացնել բուն եվրոպական քաղաքականության մեջ Արեւելյան Եվրոպայի գործոնի շարունակական աճը։ Սակայն տրամաբանությունը, ըստ որի տեղի է ունենում այդ աճը, կարող է բավական ճակատագրական լինել ոչ միայն ԵՄ ներքին զարգացումների, այլեւ` ԱՄՆ–Եվրոպա–Ռուսաստան հարաբերությունների առումով։

1 Հատկանշական է, որ Քենեբանկպորտի հանդիպման հենց հաջորդ օրը` հուլիսի 3-ին, Չեխիայի Ազգային անվտանգության խորհուրդը որոշում կայացրեց մայրաքաղաք Պրահայից շուրջ 90կմ հարավ-արեւմուտք գտնվող Միշով գյուղի (Պլզենի մարզ) մոտ ընկած հողատարածքը տրամադրել ամերիկյան ՀՀՊ համակարգի մասը հանդիսացող ռադարային կայանի («X-Band Radar») շինարարության համար։ Իսկ հուլիսի 16-ին Լեհաստանի փոխարտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին հայտարարեց, թե, ըստ երեւույթին, 2008թ. փետրվարին Լեհաստանում կսկսվի ամերիկյան ՀՀՊ համակարգի մասը հանդիսացող հրթիռային («Ground Based Interceptor») կայանի շինարարությունը։ Պաշտոնապես ռազմակայանի տեղը դեռ հստակեցված չէ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարցի վերաբերյալ ամերիկա-լեհական համապատասխան պայմանագիրը կկնքվի արդեն այս սեպտեմբերին կամ հոկտեմբերին։

2 Արեւմտյան դիվանագետների համաձայն` Կոսովոյի խնդրի կապակցությամբ հուլիսի 16-ին ՄԱԿ ԱԽ ներկայացված տարբերակը վերջինն է, եւ նոր փաստաթուղթ Մոսկվայի քննարկմանը չի ներկայացվելու։ Ըստ այդ փաստաթղթի` Սերբիայի ու Կոսովոյի միջեւ առավելագույնը չորս ամիս տեւող բանակցություններից հետո, եթե չի հաջողվում փոխհամաձայնության հանգել, վերջինս մեխանիկորեն դուրս է գալիս Բելգրադի իրավասությունից` անցնելով Պրիշտինայում գործող Եվրամիության հատուկ գրասենյակի իրավասության ներքո` ըստ էության ստանալով կիսաիրավական անկախություն Սերբիայից։

3 Հիշեցնենք, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից շատ չանցած Գերհարդ Շրյոդերը ստանձնեց Ռուսաստանը Գերմանիային կապող գազամուղի կառուցմամբ զբաղվող ռուս-գերմանական համատեղ «North European Gas Pipeline Company» ընկերության բաժնետերերի խորհրդի նախագահի պաշտոնը:

4 Օրինակ, ռուս փորձագետները վստահ են, որ ՀՀՊ համակարգի տարրերին կհետեւի Պենտագոնի այլ զորամիավորումների մուտքը Լեհաստան, Չեխիա` այնպես, ինչպես եղավ Ռումինիայի եւ Բուլղարիայի դեպքում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր