ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ. NIC-ի զեկույցը Իրանի մասին

2007թ. դեկտեմբերի 3-ին Միացյալ Նահանգների Ազգային հետախուզական խորհուրդը (ԱՀԽ, NIC) հրապարակեց Իրանի միջուկային ծրագրին առնչվող իր զեկույցը, ուր որպես գլխավոր հետեւություն նշված է, թե, ամենայն հավանականությամբ, Իրանը դադարեցրել է իր միջուկային զենքի ծրագիրը 2003թ. աշնանը։1 Անշուշտ, ամերիկյան հետախուզական 16 գործակալությունների կողմից պատրաստված նման հետեւությամբ զեկույցի հրապարակումը ռազմավարական կարգի ակցիա է, որի հետ կապված որոշումը կարող է կայացվել միայն Սպիտակ տանը։ Զեկույցի հրապարակման փաստն արդեն իսկ հուշում է, որ առկա են ամերիկա-իրանական բավական լուրջ պայմանավորվածություններ, որոնք պլանավորման փուլից մուտք են գործել իրականացման փուլ: Այս առումով, հարկ ենք համարում կենտրոնանալ հատկապես հետեւյալ կետերի վրա.
- Իրանի միջուկային ծրագրի գծով Բուշ-կրտսերի վարչակազմի մոտեցումը ոչ միայն եղել է Թեհրանի նկատմամբ գործադրվող ամերիկյան ճնշման գլխավոր լծակ, այլեւ 2003թ. իրաքյան կամպանիայից հետո հանդիսացել է ԱՄՆ մերձավորարեւելյան քաղաքականության հիմնական բաղկացուցիչը, հետեւաբար` փոփոխությունն այդ կետում ենթադրում է, որ ամերիկա-իրանական պայմանավորվածությունները չեն կարող լինել սոսկ իրավիճակային ու կարող են վերաբերել առնվազն միջնաժամկետ հեռանկարին,
- այսօր ամերիկա-իրանական հարաբերությունները հանդիսանում են ոչ միայն մերձավորարեւելյան, այլեւ գլոբալ քաղաքականության կարեւորագույն գործոններից մեկը, այսինքն` փոփոխություններն այդ հարաբերություններում իրենց ազդեցությունն են թողնելու ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային ձեւաչափերում։
Ցուցիչները
Իհարկե, ամերիկա-իրանական հարաբերություններում տեղի ունեցող լուրջ փոփոխությունների հիմնական վկայությունը ԱՄՆ ԱՀԽ վերոհիշյալ զեկույցի հրապարակումն էր, սակայն գոյություն ունեն եւս մի քանի ցուցիչներ, որոնք ոչ միայն խոսում են Վաշինգտոն–Թեհրան գծում ընթացող փոփոխությունների մասին, այլեւ ի ցույց են դնում այն կետերը, որոնց շուրջ, ըստ ամենայնի, առկա են կողմերի պայմանավորվածությունները:
2007թ. նոյեմբերի 27-ին ամերիկյան Անապոլիս քաղաքում կայացած մերձավորարեւելյան համաժողովի առնչությամբ ուշադրության կենտրոնում հայտնված դրվագներից մեկը Սիրիայի մասնակցությունն էր։ Չնայած 2007թ. սկզբից նկատվող ամերիկա-սիրիական որոշակի ջերմացմանը (2007թ. ապրիլին ԱՄՆ Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսիի աննախադեպ այցը Դամասկոս), պաշտոնական Դամասկոսը շարունակում է հանդիսանալ Իրանի գլխավոր դաշնակիցը Մերձավոր Արեւելքում, որոնց համատեղ քաղաքականությունները հատկապես ակնառու են լիբանանյան ու պաղեստինյան ուղղություններում։
Անապոլիսի համաժողովում ոչ այնքան կարեւոր էր այդ պահի դրությամբ իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ ամրագրված փոխհամաձայնության աստիճանը, որքան ամերիկյան դիվանագիտության նախաձեռնությամբ մեկնարկած «խաղաղության հաստատման» գործընթացը։ Վաշինգտոնի տեսանկյունից խիստ կարեւոր է Դամասկոսի ներկայությունն այդ գործընթացում, սակայն կարեւորն այստեղ այն է, որ Սիրիայի ներգրավվածությունը պետք է ընկալել ոչ այնքան արեւմտյան ճնշման հետեւանք, որքան փոխադարձաբար ընդունելի պայմանավորվածության արդյունք։ Էլ ավելի կարեւոր է հասկանալ այն հանգամանքը, որ պաշտոնական Դամասկոսը դժվար թե գնար նման քայլի առանց իրանական աջակցության, քանի որ քիչ հավանական է, որ առկա իրավիճակում, պայմանավորվածությունների կատարման իմաստով, միայն սիրիական կարողությունները լուրջ երաշխիք թվային Դամասկոսին։
Երկրորդ կարեւոր ցուցիչը Լիբանանում ընթացող ներքաղաքական զարգացումներն են։ Ինչպես հայտնի է, նոյեմբերի 23-ի լույս 24-ի կեսգիշերից Լիբանանը մնաց առանց նախագահի. սպառվեց նախագահ Էմիլ Լահուդի պաշտոնավարման ժամկետը, իսկ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը` վարչապետ Ֆուադ աս-Սինյորային սատարող արեւմտամետ մեծամասնությունը եւ Իրանին ու Սիրիային հարող ընդդիմությունը (առաջին հերթին «Հիզբալահ» շարժումը), ամիսներ շարունակ այդպես էլ չէին կարողանում փոխհամաձայնության գալ միասնական թեկնածուի շուրջ։
Լիբանանյան ներքաղաքական կյանքն ուշագրավ է, քանի որ այն մի մեծ մասով ի ցույց է դնում տարածաշրջանում տեղի ունեցած իրավիճակային ցանկացած լուրջ փոփոխություն։ Այդ իմաստով, երբ նոյեմբերի վերջին–դեկտեմբերի սկզբին ոչ միայն հայտնի դարձավ Լիբանանի նախագահի պաշտոնում այդ երկրի քաղաքական հիմնական ուժերի փոխհամաձայնեցված թեկնածուի անունը եւ այդ ուժերը ձեռնամուխ եղան Լիբանանի սահմանադրության փոփոխությանը, որպեսզի բանակի Գլխավոր սպայակույտի պետ, գեներալ Միշել Սուլեյմանը կարողանա ընտրվել երկրի ղեկավար, արդեն իսկ կարելի էր խոսել իրանա-ամերիկյան նոր պայմանավորվածության մասին։ Եթե հայտնի են Ֆուադ աս-Սինյորայի կառավարությանը սատարող երկրները` ԱՄՆ, Ֆրանսիա, Սաուդյան Արաբիա, ապա էլ ավելի հայտնի են «Հիզբալահի» թիկունքին կանգնած պետությունները` Իրան, Սիրիա։
Կախված այն հանգամանքից, թե ինչ ընթացք կստանա Սուլեյմանի ընտրության հարցը, կարելի է ավարտական կարծիք կազմել նաեւ Լիբանանի գծով ամերիկա-իրանական պայմանավորվածությունների մասին։
Հաջորդ կարեւոր ցուցիչը եղավ ընթացող արաբա-իրանական ջերմացումը։ Դեկտեմբերի 3-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում բացված Պարսից ծոցի համագործակցության խորհրդի2 (Gulf Cooperation Council) գագաթաժողովին հրավիրված էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։ Ուշագրավն այստեղ ոչ այնքան կոնկրետ գագաթաժողովին իրանական ղեկավարի մասնակցությունն էր, որքան այն, որ ի տարբերություն նախկինում տարբեր հարցերի հետ կապված երբեմն-երբեմն սրվող Իրան–Ծոցի արաբական երկրներ հակասությունների` ներկայումս նույն այդ ձեւաչափում բավական ընդգրկուն օրակարգով ընթանում է փոխգործակցության խորացում։ Օրինակ, 2007թ. նոյեմբերին Սաուդյան Արաբիան Իրանին պաշտոնապես առաջարկեց հիմնել ուրանի հարստացման համատեղ կենտրոն, որը կապահովի ինչպես Թեհրանի, այնպես էլ Ծոցի անդամ արաբական երկրների կարիքները։ Իսկ իսրայելական աղբյուրներն ուղղակի գրում են, թե ներկայիս ամերիկա-իրանական պայմանավորվածությունների միջնորդը եղել է հենց Սաուդյան Արաբիան։
Իրանա-արաբական ձեւաչափում ընթացող ջերմացման մասին է խոսում նաեւ ս.թ. դեկտեմբերի 10-ին հայտնի դարձած Եգիպտոսի որոշումը 27 տարվա ընդմիջումից հետո վերականգնել դիվանագիտական կապերը Թեհրանի հետ, որոնք ընդհատվել էին Իրանի իսլամական հեղափոխությունից հետո։
Եվ վերջապես, որպես ամերիկա-իրանական հարաբերություններում ընթացող փոփոխությունների լուրջ ցուցիչ պետք է համարել ս.թ. նոյեմբերի 26-ին Վաշինգտոնում Բուշ-կրտսերի ու Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի միջեւ կնքված ԱՄՆ–Իրաք երկարատեւ համագործակցության մասին հռչակագիրը։
Հռչակագիրը ոչ այնքան կարեւոր է այն պատճառով, որ 2008թ. ավարտից հետո պետք է օրինականացնի ամերիկյան զորքերի ներկայությունն Իրաքում, երբ ավարտվի ՄԱԿ-ի համապատասխան մանդատի ժամկետը, այլ որովհետեւ կնքված ամերիկա-իրաքյան ռազմա-քաղաքական պակտը (որն արեւմտյան աղբյուրների ներկայացմամբ, հնարավորություն կտա Վաշինգտոնին արդեն մշտական հիմունքներով ռազմակայաններ պահել Իրաքում),3 վկայում է ԱՄՆ մերձավորարեւելյան քաղաքականության փոփոխության մասին։
Ամերիկա-իրանական հարաբերություններում ընթացող փոփոխությունների իմաստով ուշագրավ է այն հանգամանքը, որ Վաշինգտոնի համար լուրջ բարդություններ կներկայացներ Բաղդադի հետ նման պայմանավորվածության ձեռքբերումը եւ առավել եւս` նրա իրականացումն առանց Թեհրանի համաձայնության։ Նշված մոտեցումը հատկապես հիմնավորված է դառնում, եթե այն դիտարկում ենք Իրաքի շիաների տեսանկյունից` ներկայումս առանց իրանական հավանության Բաղդադի կառավարության ոչ մի շիա քաղաքական ուժ ԱՄՆ-ի հետ չէր գնա նման պայմանավորվածության։
Հետեւություններ
Պետք է հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ամերիկա-իրանական պայմանավորվածությունների օրակարգն ընդգրկում է Վաշինգտոնի ու Թեհրանի միջեւ եղած հիմնական երկու հակասությունները`
- ԱՄՆ-ը հայտարարեց, թե Իրանի միջուկային ծրագիրը ներկայում չունի ռազմական բնույթ, հետեւաբար` վերանում է իսլամական հանրապետության նկատմամբ ռազմական ակցիայի հիմնավորումը,
- ամերիկա-իրաքյան ռազմաքաղաքական պայմանագիրը ցույց է տալիս, որ Վաշինգտոնն ու Թեհրանը առնվազն սկզբունքային փոխհամաձայնության են հանգել նաեւ Իրաքի հարցում։
Վերոհիշյալն, անշուշտ, բավարար հիմք է ենթադրելու, թե առաջիկայում փոփոխություններ ենք նկատելու նաեւ միջազգային քաղաքականության այլ կարեւոր ձեւաչափերում: Սակայն գլխավոր հետեւությունը պետք է լինի այն, որ իրանական հարցում ամերիկյան նախաձեռնությամբ ի հայտ եկած տեղաշարժը վկայում է, թե ԱՄՆ-ի համար առաջացել են (կամ առաջանում են) կարեւոր ուղղություններ, որոնց առնչությամբ նա պետք է գործի։
Հնարավոր է, որ, օրինակ, ռուս-ամերիկյան հարաբերություններում շարունակվող սրացումն այդ ուղղություններից մեկն է, բայց ավելի վստահաբար կարելի է ասել, որ միջազգային քաղաքականությանը սպասվում է թարմացված օրակարգ։
1Փաստաթղթում (NIC, Iran: Nuclear Intentions and Capabilities) օգտագործված է հետեւյալ ձեւակերպումը. «Մենք բարձր վստահությամբ (high confidence) գնահատում ենք, որ 2003թ. աշնանը Թեհրանը դադարեցրել է իր միջուկային զենքերի ծրագիրը, ինչպես նաեւ միջինից բարձր վստահությամբ գնահատում ենք, որ Թեհրանը առնվազն բաց է պահել միջուկային զենք մշակելու իր հնարավորությունը»։
2Հիմնադրվել է 1981թ.։ Անդամ պետություններն են Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Կատարը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Օմանը։
3Իսրայելական աղբյուրները գրում են, թե այդ ռազմակայանների թիվը լինելու է 12։ Դրանք տեղակայվելու են բնակավայրերից դուրս` լավ պաշտպանական ենթակառուցվածքով։ Այդ ռազմակայաններում առկա զորքերի թիվը կազմելու է մոտ 50 հազ. մարդ, իսկ իրաքյան բնակավայրերում առօրյա անվտանգությունը պետք է ապահովեն տեղական ուժերը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]