POST-KOSOVO. ՆՈՐ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Թեեւ Կոսովոյին վերաբերող մեր նախորդ հոդվածում («Post-Kosovo. փոփոխությունների ժամանակաշրջան». «Հանրապետական», թիվ1, 2008թ.) որպես առանցքային հետեւություն էր ներկայացված այն դրույթը, թե Բալկաններում քաղաքական սահմանների փոփոխության արեւմտյան նախաձեռնությունը սցենարային տարբերակ է, որը բավական մեծ շանսեր ունի կիրառվելու աշխարհի այլ հատվածներին առնչվող Արեւմուտքի հաշվարկներում, սակայն Եվրոպայում ընթացող զարգացումների դիտարկումը թույլ է տալիս խոսել խնդրի նաեւ օբյեկտիվ կողմի մասին։
Մարտի վերջին Նորվեգիան դարձավ թվով 37-րդ պետությունը, որը ճանաչեց Կոսովոյի անկախությունը։ Չնայած ի սկզբանե պարզ էր, որ Կոսովոյի խնդրի նման հանգուցալուծումը իր հետեւանքները կունենա եվրոպական քաղաքականությունում, սակայն ձեւավորվող իրավիճակում պետք է լուրջ ուշադրություն դարձնել նաեւ հետեւյալ կետերին.
- թեեւ անցած տարվա դեկտեմբերի 13-ին Լիսաբոնում Եվրամիության (ԵՄ) նոր հիմնարար փաստաթղթի ստորագրումը դիտարկվեց որպես 2005թ. Ֆրանսիայում ու Նիդեռլանդներում Եվրասահմանադրության տապալմամբ սկիզբ առած ճգնաժամի հաղթահարում, սակայն ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս ավելի շատ փաստեր, որոնք վկայում են, թե եվրոպական քաղաքականության մեջ ինտեգրման գաղափարը դադարում է (կամ դադարել է) լինել դինամիկ աճ գրանցող միտում,
- ուրվագծվող իրավիճակում շարժիչ գործոնների դերում են հանդես գալիս զարգացումներն Արեւելյան Եվրոպայում ու ֆրանսիական արտաքին նոր քաղաքականությունը։
Իրավիճակն Արեւելյան Եվրոպայում
Ընթացող զարգացումները Եվրոպայի արեւելյան հատվածում այն առաջին ցուցիչներն էին, որոնք թույլ տվեցին խոսել եվրաինտեգրման գործում ի հայտ եկող խնդիրների մասին։ Ինչպես նշում է ռուս հեղինակ Օլեգ Նեմենսկին, Արեւելյան Եվրոպայի ողջ տարածաշրջանում ընթանում է Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերիմաստավորում, նրա հերոսների ու գաղափարների վերականգնում։
Այն իրավիճակում, որով այսօր առանձնանում է Արեւելյան Եվրոպան, կարեւոր դեր են խաղում երեք հիմնական գործոններ.
- աջ ազգայնական ուժերի ազդեցության աճը արեւելաեվրոպական քաղաքականությունում,
- հատկապես Կոսովոյի անկախացումից հետո` վերստին օրակարգ մտած «ազգային հարցերը» տարածաշրջանում,
- ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելուց հետո լեհական աշխարհաքաղաքական սեփական նախագծի ի հայտ գալը (ուղղված առաջին հերթին Բելառուսն ու Ուկրաինան Վարշավայի ազդեցության ներքո գցելուն)։
Թեեւ ողջ եվրոպական քաղաքականութան մեջ աջ ազգայնական ուժերի ազդեցության աճի մասին խոսելիս` առաջին հերթին նշում են Արեւմտյան Եվրոպայում` Ֆրանսիա, Նիդեռլանդներ, անգամ Մեծ Բրիտանիա, տեղի ունեցող զարգացումները, սակայն այդ իմաստով պատկերն ավելի տպավորիչ է աշխարհամասի արեւելյան հատվածում։ Ի տարբերություն Արեւմտյան Եվրոպայի, Արեւելյան Եվրոպայում`
- նման ուղղվածության քաղաքական ուժերի ներկայությունը կենտրոնական կառավարություններում ավելի շատ է եւ տեղեկատվական դաշտում չի ընկալվում որպես ծայրահեղ երեւույթ,
- աջ ազգայնական ուժերի ազդեցության աճը տեղի է ունենում ոչ թե որպես հակազդեցություն, որն առաջանում է օտար մշակույթին պատկանող խմբերի ներգաղթի արդյունքում, այլ հրապարակ է իջնում որպես պետության ռազմավարական զարգացման տարբերակներից մեկը։
Արեւելյան Եվրոպայում աջ ազգայնական բնույթի քաղաքական ուժի ազդեցության մեծացման ամենատպավորիչ օրինակն ընդունված է համարել Լեհաստանի վերջին երկու խորհրդարանական ընտրությունների արդյունքում այդ երկրի քաղաքական կյանքում լուրջ դիրքեր զբաղեցրած Կաչինսկի եղբայրների կուսակցության (PiS) դեպքը։ Չնայած վերջին` 2007թ. օրենսդիր մարմնի ընտրությունների արդյունքում այն հայտնվեց ընդդիմության մեջ, սակայն կուսակցությունը երկրորդն է լեհական խորհրդարանում իր ունեցած աթոռների թվով, 2005–2007թթ. ընթացքում գլխավորում էր կառավարությունը, իսկ կուսակցության առաջնորդներից Լեխ Կաչինսկին ներկայում Լեհաստանի նախագահն է։
Սակայն լեհական օրինակը եզակի չէ։ Իրավիճակն, ըստ էության, ընդհանուր է դառնում արեւելաեվրոպական շատ երկրների համար.
- Սլովակիայում վերջին` 2006թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում աջ ազգայնական «Սլովակյան ազգային կուսակցությունը» (SNS) գրավեց երրորդ տեղը եւ այժմ կոալիցիոն կառավարության մասն է:
- Չեխիայում ի սկզբանե ազատական «Քաղաքացիական ժողովրդավարական պլատֆորմ» (ODS) կուսակցությունն աստիճանաբար վերածվեց աջ պահպանողական կուսակցության` ազգայնական դրույթներով, որը դեմ է դուրս գալիս Եվրասահմանադրությանը, եվրոյին ու եվրաինտեգրման խորացմանը. վերջին` 2006թ. ընտրություններում ODS-ը գրավել է առաջին տեղը եւ այժմ կառավարության գլուխն է:
- Ռումինիայում նախագահական վերջին ընտրությունների ժամանակ տպավորիչ արդյունքներ է ցույց տալիս աջ ազգայնական «Մեծ Ռումինիա» (PMR) կուսակցության առաջնորդ Կոռնելիու Վադիմ Տուդորը, ով, օրինակ, 2000թ. ընտրություններում գրավել էր երկրորդ տեղը` դուրս գալով երկրորդ փուլ, սակայն պարտվեց Իոն Իլիեսկուին (նախագահական վերջին ընտրություններում` 2004թ., Տուդորը երրորդն էր):
- Եվ վերջապես, Սերբիայում 2008թ. կայացած նախագահական ընտրությունների արդյունքում ծայրահեղ ազգայնական Տոմիսլավ Նիկոլիչը կարողացավ երկրորդ փուլում հաղթանակ տարած Բորիս Տադիչից հետ մնալ ընդամենը 2.5%-ով։
Փոփոխություն ֆրանսիական արտաքին քաղաքականության մեջ
Այս տարվա մարտի 14-ին Բրյուսելում ընթացող ԵՄ հերթական գագաթաժողովի ժամանակ հայտարարվեց «Միջերկրածովյան միության» ստեղծման մասին, որի մեջ, բացի ԵՄ 27 անդամ երկրներից, պետք է մտնեն նաեւ միջերկրածովյան ավազանի 12 պետությունները։ Նախատեսվում է, որ կազմակերպության հիմնադրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ս.թ. հուլիսի 13-ին Փարիզում։
Չնայած այն հանգամանքին, որ «Միջերկրածովյան միության» գաղափարն ի սկզբանե Փարիզինն էր, Մեծ Բրիտանիան ու Գերմանիան կարողացան առաջ տանել իրենց նախագիծը, ըստ որի` նոր միության մեջ պետք է մտնեն ԵՄ անդամ բոլոր երկրները եւ ոչ թե միայն Միջերկրական ծով ելք ունեցողները։ Թեեւ ենթադրվում է, որ Սարկոզիի վարչակազմի նախաձեռնությունը մի մեծ մասով կորցրեց այն նպատակը, որը նրա առջեւ դրել էր ֆրանսիական դիվանագիտությունը, սակայն գլխավորն այստեղ այն է, որ ԵՄ երկու առանցքային երկրներից (Գերմանիա, Ֆրանսիա) մեկը որոշել էր հանդես գալ նման նախաձեռնությամբ։
Ընդհանրապես, ղեկավարի փոխվելը Ելիսեյան պալատում նշանավորվեց Փարիզի արտաքին քաղաքական մոտեցումներում ի հայտ եկած լուրջ նորություններով։ Սարկոզիի նախագահության առաջին ամիսները բնորոշվեցին ատլանտյան ուղղվածության կոնկրետ քայլերով, որոնց վառ դրսեւորումները եղան Իրանի, Լիբանանի հարցերում ԱՄՆ քաղաքականության հետ մերձեցումը (բոլորն են հիշում 2007թ. աշնանը պաշտոնական Փարիզի աննախադեպ կոշտ հայտարարությունները Թեհրանի նկատմամբ) եւ ՆԱՏՕ-ի ռազմական կառույցին վերամիանալու Փարիզի նախաձեռնությունը (Ֆրանսիան այդ կառույցից դուրս էր եկել 1966թ., եւ այս մարտին Սարկոզիի լոնդոնյան այցելության հիմնական նպատակը հենց դա էր)։
Հետեւությունները երկուսն են.
- հաշվի առնելով Ֆրանսիայի դերը ԵՄ-ում` Փարիզի արտաքին քաղաքականության մեջ նման փոփոխությունների ի հայտ գալը կարող է վկայել, որ այնտեղ լուրջ խնդիրներ են տեսնում եվրաինտեգրման հարցում (ի դեպ, այս ֆոնին բոլորովին ուրիշ կերպ է դիտվում 2005թ. Ֆրանսիայում Եվրասահմանադրության տապալումը),
- եթե Փարիզը որոշել է հետ կանգնել եվրոպական միասնական ռազմավարությունից կամ գոնե սառեցնել այդ ուղղությունը եւ նպատակ ունի զարգացնել աշխարհաքաղաքական սեփական նախագծերը, ապա ո՞րն է լինելու Գերմանիայի քաղաքականությունը եւ առաջին հերթին` իր ռազմավարության համար ավանդական հանդիսացող Արեւելյան Եվրոպայում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]