Կասպյան խաչմերուկ


Անցած տարվա օգոստոսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե 2006թ. այդ երկրի ռազմական բյուջեն կազմելու է $600 մլն, առաջին հերթին դիտարկվեց Արցախյան խնդրի և այդ առումով հայ-ադրբեջանական հարաբերությունների ընդհանուր ֆոնի ներքո։ Մինչդեռ մեծ է հավանականությունը, որ արդեն այս տասնամյակի վերջին հարևան Ադրբեջանը որպես իր անվտանգության առաջնային սպառնալիք դիտարկի ոչ թե Հայաստանի ռազմուժը, այլ էներգակիրներով հարուստ (որոնք ուղղակի անփոխարինելի են ադրբեջանական պետության կենսագործունեության համար` ի տարբերություն Արցախի) Կասպյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։
Էներգակիրներ
Ամերիկյան ռազմական վերլուծաբանների հաշվարկով, եթե Իրանի դեմ ռազմական գործողությունների արդյունքում Պարսից ծոցը Հնդկական օվկիանոսին կապող Օրմուզի նեղուցն այսօր փակվի երեք ամսով, ապա Միացյալ Նահանգներին այն կարող է արժենալ համախառն ներքին արդյունքի 4-5% անկում և գործազրկության աճ 2%-ով։ Ճիշտ է, Իրանի դեպքում նավթի արտահանման (որի առյուծի բաժինը հենց անցնում է Օրմուզի նեղուցով) դադարեցումը կարող է ունենալ տնտեսական ավելի մեծ հետևանքներ1, սակայն խնդիրներ ունեցող ամերիկյան տնտեսության համար կարող է անհաղթահարելի լինել նավթի միջազգային շուկայում սև ոսկու մեկ բարելի դիմաց $100 գինը։
Նախնական հաշվարկների համաձայն, կպահանջվի մոտ $2 մլրդ` Պարսից ծոցում առկա նավթահանքերից դեպի Սաուդյան Արաբիայի` Կարմիր ծովի ափ տանող նոր նավթամուղների կառուցման համար, որից հետո, Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսման դեպքում, Պարսից ծոցի նավթը մի մեծ մասով կշարունակի հոսել դեպի արևմտյան շուկաներ։ Այդ պարագայում, օրինակ, Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների արդյունքում Օրմուզի նեղուցի փակվելը (նույն երեք ամսով) Միացյալ Նահանգներին կարող է արժենալ համախառն ներքին արդյունքի ընդամենը 1%-ի անկում և գործազրկության չնչին աճ։ Հետևությունն այն է, որ Պարսից ծոցից էներգակիրների տեղափոխման վիճակն ու, հետևաբար, նավթի միջազգային գները կարող են հանդես գալ որպես Իրանի դեմ ռազմական գործողությունների հավանական սկսման ցուցիչ։
Հաջորդ կարևոր հետևությունն այն է, որ չպետք է կենտրոնանալ սոսկ Պարսից ծոցից ստացվող նավթի վրա։ Այսինքն` էներգակիրներով հարուստ այլ կենտրոններից նոր նավթամուղների կամ գազամուղների շահագործումը, որոնք չեն տուժի Իրանի դեմ ռազմական գործողությունների դեպքում, տեսականորեն միայն մեծացնում է իրանական հարցն ուժային ճանապարհով լուծելու հավանականությունը։
Թեև հունվարի 31-ին ամերիկյան ազգին ուղղված իր տարեկան ելույթում Բուշ-կրտսերը կարևորեց «անկայուն տարածաշրջաններից» ներկրվող նավթից ԱՄՆ տնտեսության կախվածության թուլացումը, սակայն գործնականում XXI դար ամերիկյան գլոբալ ռազմավարությունը մուտք է գործել մոլորակի էներգապաշարների նկատմամբ հնարավորինս ավելի մեծ վերահսկողություն սահմանելու օրակարգով. այս իմաստով` Կասպյան տարածաշրջանն ու Կենտրոնական Ասիան բացառություն չեն։
Ինչպես հայտնի է, արդեն այս տարի նախատեսվում է շահագործման հանձնել Բաքու–Թբիլիսի–Ջեյհան (ԲԹՋ) 1.767 կմ-ոց նավթամուղը, որը կարող է տարեկան Արևմուտք տեղափոխել 50 մլն տոննա նավթ։ Նավթամուղին Ղազախստանի և Թուրքմենստանի2 միանալու հարցը ներկայումս գտնվում է բանակցությունների բավականին ակտիվ փուլում։ Եվ եթե իրականություն դառնան ԲԹՋ նավթամուղին Աստանայի և Աշխաբադի միանալու ծրագրերը, ապա Կասպիցի նավթը էներգակիրների միջազգային շուկայում կարող է գրավել շոշափելի տեղ։
Բացի այդ, գոյություն ունի նաև գազի գործոնը, որը հատկապես այսօր կարևորվում է ռուս-ուկրաինական գազային ճգնաժամի ֆոնին։ 2006թ. նախատեսվում է շահագործման հանձնել նաև Բաքու–Թբիլիսի– Էրզրում (ԲԹԷ) գազամուղը։ Այն կարող է տարեկան տեղափոխել 20 մլրդ խորանարդ մետր գազ3։ Նույն` «Statistical Review of World Energy 2005» հետազոտության համաձայն, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը միասին ունեն 9.13 տրիլիոն խորանարդ մետր գազի պաշարներ4։
Ինչևէ, Վաշինգտոնում եզրակացրել են, թե Կասպյան տարածաշրջան–Կենտրոնական Ասիա գիծը չգտնվելով միջազգային համակարգի ուժի կենտրոններից որևէ մեկի (տվյալ դեպքում` Ռուսաստանի կամ Չինաստանի) բացարձակ վերահսկողության ներքո` կարող է արդեն տեսանելի ապագայում դառնալ մոլորակի էներգակիրների նկատմամբ վերահսկողություն սահմանելու ամերիկյան գլոբալ ռազմավարության օբյեկտներից մեկը։
Աշխարհառազմավարություն
Ինչ-որ տեղ էներգակիրներին վերաբերող արդյունքները պետք է դասել աշխարհառազմավարական նպատակների շարքին։ Եթե ամերիկյան գլոբալ ռազմավարության թիվ մեկ նպատակն է պահպանել ԱՄՆ առաջատար դիրքերն աշխարհում և այդ առումով թույլ չտալ մրցակից ուժի ի հայտ գալը, ապա վերահսկողությունը էներգակիրների նկատմամբ այդ նպատակի բաղկացուցիչ մասն է։
Խնդիրը, սակայն, չի սահմանափակվում էներգակիրների նկատմամբ վերահսկողության հաստատմամբ։ Ամերիկյան ռազմաքաղաքական ներթափանցումը Կասպյան տարածաշրջան–Կենտրոնական Ասիա հատված ունի աշխարհառազմավարական արդեն վաղուց ակնհայտ դարձած նպատակներ, որոնք հիմնականում ուղղված են այդ հատվածին հարևան Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դեմ։
Ռազմավարական առումով ամերիկյան քաղաքական, տնտեսական ու ռազմական ներկայության հաստատումը Կասպյան տարածաշրջան-Կենտրոնական Ասիա գծում նշանակում է Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին կից շրջաններում այնպիսի համակարգերի ստեղծում, որոնք կարող են յուրաքանչյուր պահի խոչընդոտող դեր ստանձնել Մոսկվայի, Պեկինի կամ Թեհրանի նկատմամբ` միաժամանակ քայքայիչ գործառնություն իրականացնելով ռուսական, չինական կամ իրանական պետությունների դեմ։ Այդ առումով լավագույն օրինակը, թերևս, սառը պատերազմի ժամանակ Խորհրդային Միության դեմ «Անակոնդա» համակարգի ձևավորումն էր` Եվրոպայից Հեռավոր Արևելք ընկած երկրների (գրեթե բոլոր այդ երկրներում կային ամերիկյան ռազմակայաններ) շարք, որոնք գտնվելով Վաշինգտոնի ազդեցության ներքո` բացասական դիրքորոշում ունեին Մոսկվայի նկատմամբ։
Արդի պայմաններում էական նշանակություն է ձեռք բերում ԱՄՆ հավանական հակառակորդներին հարակից տարածքներում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի հիմնումը` ռադիոտեղորոշիչ կայաններ, հակահրթիռային հարվածային միջոցներ և այլն։ Այդ իմաստով Կասպյան տարածաշրջան–Կենտրոնական Ասիա գծի երկրները Պենտագոնում ընկալվում են որպես հարմար թեկնածուներ։ Ըստ ամենայնի, վերջերս Ադրբեջանում ամերիկյան օգնությամբ գործի գցված ռադիոտեղորոշիչ կայանները պետք է դիտարկել նաև այդ համատեքստում։ Ներկայումս Կասպից–Կենտրոնական Ասիա հատվածի վրա ավելի մեծ ազդեցություն է թողնում ԱՄՆ ռազմական գերատեսչության մեկ այլ նախաձեռնություն։ Հայտնի է, որ Պենտագոնի ռազմական նոր հայեցակարգերում առաջնային տեղ տրվում է շարժուն զորամիավորումների գաղափարին, որոնք պետք է բավականին կարճ ժամանակահատվածում օդային ճանապարհով նետվեն որևիցե թեժ կետ և լուծեն իրենց առջև դրված ռազմական խնդիրը։ Մասնավորապես, այդ գաղափարն է դրված ամերիկյան բանակում վերջերս ստեղծված Stryker հատուկ նշանակության զորաջոկատների հիմքում, որոնք հիմնականում բաղկացած են միջինը 3.5 հազար մարտիկներից և իրենց տրամադրության ներքո ունեն մոտ 300 միավոր ռազմական տեխնիկա։ Ըստ որոշ տեղեկությունների, ամերիկյան ռազմական գերատեսչությունը նման զորաջոկատներ է տեղակայել Գերմանիայում և Իրաքում։
Պենտագոնի շարժուն զորամիավորումների հայեցակարգի մյուս կարևոր տարրը աշխարհագրական լայն տարածում ունեցող ռազմաօդային ուժերի հենակետերն են։ Այդ հենակետերը պետք է ոչ միայն ապահովեն ցանցակենտրոն պատերազմների պայմաններում «առաջին գծին» հնարավորինս մոտ գտնվող ամերիկյան գերազանցապես մարտավարական օդուժի գործառնությունը, այլև պետք է հանդիսանան նաև շարժուն զորամիավորումների տեղափոխման համար նախատեսված օդային գլոբալ փոխադրումների բաղկացուցիչ մասերը` որպես հանգրվաններ։ Ինչպես հայտնի, է նման հենակետեր արդեն իսկ կան Կենտրոնական Ասիայում, նախատեսվում է նրանց ընդլայնում նաև Հարավային Կովկասում։
Այսպիսով, Կասպյան տարածաշրջան–Կենտրոնական Ասիա գծում հաստատվելը Միացյալ Նահանգներին հնարավորություն է ընձեռում աշխարհաքաղաքական ճնշում իրականացնել Հյուսիսային Կովկասի, Ուրալի, Ռուսաստանի արևմտասիբիրյան ու Չինաստանի արևմտյան շրջանների, ինչպես նաև Հյուսիսային Իրանի ուղղությամբ։ Ընդ որում` Ռուսաստանի պարագայում կարող է ստեղծվել աննախադեպ մի իրավիճակ, երբ վտանգի տակ կհայտնվեն այդ երկրի արդյունաբերական առումով ամենազարգացած շրջաններից մեկը` Ուրալը և ընդհանրապես` աշխարհաքաղաքական լարվածության տեսանկյունից անպատրաստ ու փորձ չունեցող արևմտասիբիրյան շրջանները։ Իրանի դեպքում Կասպյան տարածաշրջան–Կենտրոնական Ասիա գծում հաստատվելը ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս ավարտին հասցնել իսլամական հանրապետության աշխարհաքաղաքական շրջափակումը։
Հիմնական հետևությունն այն է, որ Վաշինգտոնը փորձում է գործի գցել Արևելյան Եվրոպա–Սև ծով–Հարավային Կովկաս–Կասպյան ավազան–Կենտրոնական Ասիա աշխարհառազմավարական գիծը, որը պարունակելով ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի և շարժուն զորամիավորումների համաշխարհային ցանցի տարրեր` հենակետ է հանդիսանալու Ռուսաստանի (հատկապես Սիբիրի կտրվածքով), Չինաստանի և Իրանի ուղղությամբ ամերիկյան հետագա էքսպանսիայի համար։ Այդ գիծը նաև լուրջ ներդրում է ունենալու Եվրամիության էներգետիկ անվտանգության ապահովման գործում` Վաշինգտոնի պատկերացմամբ, մեխանիկորեն ամրապնդելով անդրատլանտյան փոխկապվածությունը։
Օպերատիվ հնարավորություններ
Միացյալ Նահանգներ
Եթե ուզբեկական «Քարշի-Խանաբադ» ռազմակայանը 2005թ. նոյեմբերին կորցնելուց հետո Կենտրոնական Ասիայում Պենտագոնը բախվեց սեփական ռազմուժի օպերատիվ հնարավորությունների սահմանափակման հարցին և, ըստ որոշ տեղեկությունների, ներկայումս բավականին ակտիվ ջանքեր է թափում տարածաշրջանում նոր հանգրվանների ձեռքբերման ուղղությամբ (Թուրքմենստան), ապա վիճակն այլ է Կասպիցում, ուր ամերիկյան ռազմուժի հաստատման և հետագա ընդլայնման թիվ մեկ հանգրվան է ծառայում Ադրբեջանը։
Բաքվի հետ Պենտագոնի ռազմական համագործակցությունը, փաստորեն, բաժանվում է երկու մասի` շարժուն զորամիավորումներ և Կասպիցում ադրբեջանական ռազմածովային ուժերին ցուցաբերվող օգնություն։
Հիշեցնենք, որ դեռևս 2003թ. դեկտեմբերից ամերիկյան մասնագետների կողմից սկսվեցին ադրբեջանական օդանավակայանների ուսումնասիրության աշխատանքները` ՆԱՏՕ չափանիշներին համապատասխանեցնելու և հետագայում ամերիկյան օդուժի կողմից օգտագործվելու նպատակով։ Ներկայումս խոսք է գնում Բաքվի մոտ առկա «Բինա», «Նասոսնի» և Քյուրդամիրի օդանավակայանների մասին։ 2005թ. ընթացքում ամերիկյան մասնագետների կողմից, փաստորեն, ավարտվել են Քյուրդամիրի օդանավակայանի հիմնական կառույցների և օդանավակայանին կից հակաօդային պաշտպանության համակարգի արդիականացման աշխատանքները։ Ենթադրվում է, որ մոտ ապագայում Քյուրդամիրը կարող է ընդունել ամերիկյան ռազմական ինքնաթիռներ` կենտրոնաասիական փոխգործակցության ձևաչափով։
2005թ. օգոստոսին Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը պաշտոնապես հայտարարեց, որ Caspian Guard ծրագրի շրջանակներում գալիք վեց տարիներին Կասպից ծովի անվտանգության ապահովման համար հատկացնելու է $130 մլն։ Ծրագիրը վերաբերում է Ադրբեջանին և Ղազախստանին և նպատակ ունի երկու երկրների տարածքում հիմնել հրամանատարական-վերահսկողական կետեր` ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարության կենտրոնների նմանությամբ, օդային և ծովային հատուկ գործողությունների իրականացումն ապահովող կառույցներ, ինչպես նաև վարժեցնել ադրբեջանական սահմանապահ ծառայության մոտ 400 սպաների:
Ամենակարևորը` Caspian Guard-ի շրջանակներում նախատեսվում է Բաքվի մոտ հիմնել ռազմածովային ուժերի հրամանատարական-վերահսկողական կենտրոն, որն ուղղակիորեն ենթարկվելու է ԱՄՆ ռազմուժի եվրոպական հրամանատարությանը (շտաբը գտնվում է Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում) և փաստորեն անմիջական վերահսկողություն է իրականացնելու Կասպից ծովի մի զգալի հատվածի նկատմամբ` իր աշխատանքները կոորդինացնելով Ադրբեջանի Աստարայի (Իրանի սահմանին մոտ) և Խիզայի (Ռուսաստանի սահմանին մոտ) շրջաններում արդեն իսկ տեղակայված և 2006թ. առնվազն ևս երկու վայրերում բացվող ռադիոտեղորոշիչ կայանների հետ:
Նշենք, որ ավելի վաղ` 2000-2003թթ. ընթացքում Միացյալ Նահանգներն Ադրբեջանին էր փոխանցել սահմանային պահպանության երեք մոտորանավակներ:
Ռուսաստան
Ռուսաստանն արդեն իսկ ձեռնամուխ է եղել իր կասպյան նավատորմի արդիականացման, նրա հզորության ավելացման գործին: Եթե Խորհրդային Միության ժամանակ կասպյան նավատորմն ուներ ավելի շատ առափնյա պաշտպանության գործառնություններ (իրանական կողմը երբեք նպատակ չի ունեցել Կասպիցում մարտահրավեր նետել խորհրդային ռազմածովային ուժերին` հասկանալով այդ քայլի անհեռանկարային լինելը) և խորհրդային նավատորմերի շարքում տեխնիկական առումով համարվում էր ամենահետամնացը, ապա վերջին տարիներին Մոսկվայի կողմից ձեռնարկված արդիականացման գործում հատկապես մեծ ուշադրություն է դարձվում ոչ թե ընդհանուր կրակային հզորության մեծացմանը, այլ Ռուսաստանի կասպյան նավատորմի հետախուզական կարողությունների ու ճկունության աստիճանի բարձրացմանը:
Սեփական ռազմածովային ուժերի արդիականացումից և ընդհանուր հզորացումից զատ, ռուսական կողմը ձեռնամուխ եղավ նաև Կասպյան տարածաշրջանի երկրների հետ երկուստեք, իսկ ավելի ուշ` բազմակող-մանի ռազմական համագործակցության զարգացմամը: Այդ առումով նախ պետք է առանձնացնել ղազախական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հատկապես ամրապնդվեցին 2005թ. դեկտեմբերին Ղազախստանում կայացած նախագահական ընտրություններից հետո: Ղազախական ռազմածովային ուժերի նավերի մի զգալի մասի կառուցման պատվերն ընդունել է ռուսական ռազմարդյունաբերական համալիրը:
Հունվարի 24-ին Բաքվում Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը ադրբեջանական կողմին պաշտոնապես առաջարկեց անդամակցել Կասպիցում Մոսկվայի կողմից ստեղծվող ռազմաքաղաքական կառույցին («Կասֆոր»), որը պետք է բաղկացած լինի կասպյան ավազանի հինգ երկրներից և որի առնչությամբ արդեն իրենց համաձայնությունն են հայտնել Ղազախստանն ու Իրանը: Թեև ներկա դրությամբ ադրբեջանական կողմը, ըստ էության, մերժել է Մոսկվայի առաջարկությունը, սակայն բանակցությունները շարունակվում են:
Այլ երկրներ
Կասպիցում սեփական ռազմածովային ուժերն է զարգացնում նաև Իրանը: Երկրի Գլխավոր սպայակույտը որոշում էր կայացրել կասպյան ուղղությամբ ծովային ոստիկանության ստեղծման վերաբերյալ, ինչն արևմտյան և ադրբեջանական կողմերն անմիջապես որակեցին իբրև հետախուզական-դիվերսիոն ջոկատներ:
Եվ վերջապես, բավականին արագ տեմպերով իր ռազմածովային ուժերն է զարգացնում նաև Թուրքմենստանը, որը մի շարք նավթահանքերի պատճառով Ադրբեջանի հետ գտնվելով հակամարտության մեջ` խնդիր է դրել սեփական ուժերով ապահովել իր իսկ տնտեսական շահերը: Հայտնի է, որ գազի դիմաց Ուկրաինան $500 մլն արժողությամբ ռազմական ծառայություններ և զինտեխնիկա է վաճառելու Թուրքմենստանին:
Ընդհանրացումներ
Կասպյան տարածաշրջանում բավականին արագ տեմպերով ընթանում է ռազմականացման գործընթաց, որն իր ծավալներով կարող է որոշ ժամանակ անց գերազանցել Հարավային Կովկասում ընթացող նմանատիպ գործընթացին:
Ի տարբերություն Հարավային Կովկասի, Կասպիցի ռազմականացմանն անմիջականորեն մասնակցում են անհամեմատ ավելի հզոր երկրներ` Ռուսաստան, Իրան, Միացյալ Նահանգներ, Ղազախստան, ինչն էլ, իր հերթին, մեծացնում է ավազանում ընթացող աշխարհաքաղաքական շարժերի նշանակությունը:
Արդեն այսօր Կասպիցում նկատվում է շղթայական ռեակցիային բնորոշ մի իրավիճակ: ԱՄՆ ներթափանցումից մտահոգ Ռուսաստանի ու Իրանի քայլերը` ուղղված սեփական ռազմածովային ուժերի կարողությունների ավելացմանը, իրենց ազդեցությունն են թողնում ավազանի մյուս երկրների ռազմական հայեցակարգերի վրա: Օրինակ, այդ առումով Կասպից ծովում սեփական ռազմածովային ուժերը հզորացնելու Աշխաբադի մտահոգությունն արդեն պայմանավորված չէ սոսկ Բաքվի հետ ունեցած խնդիրներով, այլ արտացոլում է կասպյան ավազանում ընթացող ռազմականացման ընդհանուր գործընթացի նկատմամբ թուրքմենական վերնախավի դիրքորոշումը:
Նման պայմաններում, երբ առաջիկա ժամանակահատվածի ընդհանուր միտումները մեծացնելու են Կասպիցում առկա լարվածությունը, մերձկասպյան որոշ երկրների (Ղազախստան, Թուրքմենստան ու Ադրբեջան) կողմից իրավիճակը կարող է դիտարկվել որպես սեփական անվտանգությանը սպառնացող առաջնային մարտահրավեր:
1Իրանական արտահանման մոտ 80%-ը կազմում է նավթը։ 2005թ. վերջի տվյալներով` Իրանն օրական արդյունահանում էր գրեթե 4 մլն բարել նավթ (1 բարել = 159 լիտր), արտահանում 2.5 մլն բարել։ Նավթի վաճառքից ստացված եկամուտները կազմում են իրանական մոտ $60 միլիարդանոց բյուջեի եկամուտների կեսը:
2Բրիտանական British Petroleum նավթային ընկերության «Statistical Review of World Energy 2005» հետազոտության համաձայն, 2004թ. վերջի տվյալներով` Ադրբեջանն ուներ 7 մլրդ բարել նավթ (ողջ աշխարհի նավթի ապացուցված պաշարների 0.6%-ը), Ղազախստանը` 39.6 մլրդ բարել (3.3%), Թուրքմենստանը` 0.5 մլրդ բարել (0.04%), իսկ Ուզբեկստանը` 0.6 մլրդ բարել (0.05%)։ Համեմատության համար նշենք, որ նույն աղբյուրի հավաստմամբ, 2004թ. վերջի տվյալներով` Ռուսաստանն ուներ 72.3 մլրդ բարել նավթ (ողջ աշխարհի նավթի ապացուցված պաշարների 21.3%-ը)։ 2005թ. սեպտեմբերին France Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը նշում է, թե ըստ ամերիկյան հետազոտությունների, Կասպից ծովի միայն ղազախական ու ադրբեջանական հատվածներում առկա է 37 մլրդ բարել նավթ։
3Համեմատության համար նշենք, որ վերջերս գործարկված Ռուսաստանից Թուրքիա տանող «Երկնագույն հոսք» գազամուղն ի վիճակի է տարեկան մատակարարել 16 մլրդ խորանարդ մետր գազ։
4Ըստ նույն աղբյուրի, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Քուվեյթը, Օմանը և Բահրեյնը միասին ունեն 12.58 տրիլիոն խորանարդ մետր գազի պաշարներ։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՌՈՒՍԱՍՏԱՆ–ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ[10.07.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐԸ [19.03.2009]
- ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏԸ [05.03.2009]
- ԱՄԵՐԻԿԱ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՇՈՒՐՋ [02.02.2009]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՐԵԱՅՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[22.01.2009]
- ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻ՞Ն[27.12.2008]
- ԴԻՏԱՐԿՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱԱՍԻԱԿԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կենտրոնական Ասիայի նոր վերաձևո՞ւմ[15.12.2008]
- ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ. «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ» [27.11.2008]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ[03.11.2008]
- ԻՐԱՆՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԵՏ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ[27.10.2008]
- ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ[18.09.2008]