• am
  • ru
  • en
Версия для печати
17.07.2008

ԱԴՐԲԵՋԱՆ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆՈՐ ՎԵՐԵԼՔԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Руский

   

Սարգիս Հարությունյան

energy (medium)Սույն թվականի մայիսի 19-20-ը Բաքվում էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Թեեւ նախագահ Ալիեւի հետ կայացած բանակցությունների արդյունքում կողմերը որեւէ կոնկրետ պայմանավորվածության վերաբերյալ հայտարարությամբ հանդես չեկան, բայց հաշվի առնելով երկու երկրների միջեւ դեռեւս առկա լուրջ հակասությունները`1 Բերդիմուհամեդովի այցը ցուցիչ է, որ`

  • Բաքվի ու Աշգաբադի հարաբերություններում «ճեղքում» է գրանցվել. ողջ հարցը, սակայն, այն է, որ նմանատիպ «ճեղքում» կարող էր գրանցվել միայն ավելի էական պայմանավորվածության հետեւանքով, որը կարող է գոնե առժամանակ մի կողմ դնել ադրբեջանա-թուրքմենական հայտնի հակասությունները,
  • երկրորդ կարեւոր հետեւությունը պետք է այն լինի, որ դժվար թե այդ պայմանավորվածությունն առնչվում է սոսկ երկու երկներին. ո՛չ Ադրբեջանը եւ ո՛չ էլ Թուրքմենստանը չունեն այն քաղաքական ու տնտեսական հնարավորությունները, որ հանդես գան միմյանց համար այդչափ գրավիչ առաջարկով։

Առաջիկա ամիսներին ենթադրվող էներգետիկ, տնտեսական ու ի վերջո` աշխարհաքաղաքական զարգացումները ոչ միայն կարող են լրջորեն փոխել իրավիճակը Հարավային Կովկաս–Կասպից–Կենտրոնական Ասիա գծում, այլեւ որոշակիացնել այն հարցի պատասխանը, թե ով կարող է կանգնած լինել ադրբեջանա-թուրքմենական «ճեղքման» հետեւում:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրի համար այս դեպքում, թերեւս, ոչ այնքան կարեւոր են աշխարհաքաղաքական զարգացումները, որքան այն հանգամանքը, որ Ադրբեջանը կարծես թե մուտք է գործում էներգետիկ վերելքի մի շրջան, երբ թուրքմենա-ադրբեջանական ուղղությամբ ենթադրվող զարգացումները սպասվող նորությունների միայն մի մասն են։ Այլ կերպ ասած` օրինակ, այսօր Հայաստանի համար արդիական ադրբեջանական ռազմական ծախսերի մեծացման հարցը կարող է էլ ավելի սուր ձեւով հանդես գալ։

Իրավիճակային վերլուծություն

Չնայած վերջին շրջանում Ադրբեջանին առնչվող էներգետիկ զարգացումները կենտրոնացած չեն միայն ադրբեջանա-թուրքմենական ուղղությամբ, սակայն հենց այդ ուղղությունն է, որ առաջիկայում Բաքվի համար, նավթի վաճառքից հետո, կարող է դառնալ եկամտի երկրորդ կարեւոր աղբյուրը` միաժամանակ էլ ավելի մեծացնելով Ադրբեջանի կարեւորությունը տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում։

Լուրջ հիմքեր են առաջանում ենթադրելու, որ Խորհրդային Միության փլուզումից ի վեր անհեռանկարային, անգամ` անիրատեսական համարվող «Անդրկասպյան գազամուղը» («Trancaspian pipeline»), որը Թուրքմենստանից միանալով Ադրբեջանին` պետք է առաջին հերթին թուրքմենական բնական գազը հասցնի Եվրոպա, ի վերջո կարող է իրականություն դառնալ։ Եթե Բերդիմուհամեդովի` 2007թ. սեպտեմբերին ու նոյեմբերին տեղի ունեցած այցերը Նյու Յորք ու Բրյուսել բնութագրվեցին որպես սովորական` ընդամենը դիվանագիտական նվազագույն օրակարգ ունեցող հանդիպումներ (ի տարբերություն ռուսական ու չինական ուղղությունների2), ապա լիովին այլ կարգի նորություն էր պաշտոնական Աշգաբադի որոշումը` հանձնարարել բրիտանական «Gaffney, Cline & Associates Ltd.» ընկերությանը իրականացնել Թուրքմենստանի բնական գազի հանքերի առաջին անկախ աուդիտը` պարզելու թուրքմենական կապույտ վառելիքի իրական ծավալները։ Նշենք, որ նման աուդիտ չի անցկացվել Թուրքմենստանի անկախությունից ի վեր, իսկ միջազգային պրակտիկայում գազահանքերի աուդիտը սովորաբար նախորդում է պայմանագրերի կնքմանը։

Նման ենթադրությունը հաստատվեց արդեն հաջորդ ամիս, երբ 2008թ. ապրիլի 9-10-ը Աշգաբադում էր Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների գլխավորած պատվիրակությունը։ Ամերիկյան աղբյուրները նշում են, որ Թուրքմենստանի մայրաքաղաքում կայացած հենց այդ բանակցությունների ժամանակ էլ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը խոստացել է եվրոպացիներին 2009թ.-ից տարեկան ԵՄ արտահանել 10 մլրդ մ3 բնական գազ` շրջանցելով Ռուսաստանը։ Փաստն այն է, որ արդեն ս.թ. մայիսի 26-ին Եվրամիության մեկ այլ հանձնակատար` էներգետիկայի գծով պատասխանատու Անդրիս Պիեբալգսը, Աշգաբադում փոխըմբռնման հուշագիր ստորագրեց` էներգետիկ համագործակցության վերաբերյալ։

Ներկայացվածի ֆոնին էր, որ մայիսի 19-20-ը տեղի ունեցավ Թուրքմենստանի նախագահի այցը Բաքու։ Հաշվի առնելով Ադրբեջան Բերդիմուհամեդովի այցելության փաստը եւ դրան նախորդած ադրբեջանա-թուրքմենական հարաբերությունների բարելավման մասին վկայող եւս երկու իրադարձությունները`3 կարելի է, անշուշտ, բավականին հիմնավորված խոսել Ադրբեջանի ու Թուրքմենստանի հարաբերություններում տեղի ունեցած լուրջ առաջընթացի մասին, սակայն այս պարագայում կարեւորն այն է, որ այդ փոփոխությունն առաջին հերթին վկայում է «Անդրկասպայն գազամուղի» կառուցման հավանականության աննախադեպ մեծացման մասին4։

Ադրբեջանի գազային ոլորտում տեղի ունեցած մյուս կարեւոր նորությունը վերաբերում է Կասպիցում գտնվող «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման երկրորդ փուլի մեկնարկի հետ։ Արեւմտյան աղբյուրների գնահատմամբ, այսօր «Շահ Դենիզի» բնական գազի պաշարները կազմում են մոտ 1.2 տրլն մ3, եւ այն համարվում է աշխարհում խոշորագույն գազահանքերից մեկը։

Դեռեւս 2007թ. հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիք Ալիեւը հայտարարեց, թե իր երկիրը պատրաստ է տարեկան 12 մլրդ մ3 բնական գազ արտահանել Եվրոպա` «Nabucco» գազամուղի միջոցով։ Սակայն Ադրբեջանի գազային արտահանման հնարավորությունների գրեթե կրկնակի աճի մասին նորությունն իր վրա նման ուշադրություն չէր հրավիրի, եթե արդեն այս տարի հայտնի չդառնար, որ Ռուսաստանն ու Իրանը բանակցությունների մեջ են` ադրբեջանական բնական գազը գնելու նպատակով։ Այս տարվա մայիսի վերջին Բաքվում էր Իրանի նավթի փոխնախարար ու իրանական «National Iranian Gas Co» ընկերության նախագահ Ռեզա Քասանզադեն, ով այդ նպատակով մի շարք հանդիպումներ ունեցավ իր ադրբեջանցի գործընկերների հետ։ Իսկ արդեն հունիսի 2-ին Բաքվում «Газпром»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի ու նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած բանակցությունների արդյունքում հայտնի դարձավ, որ Ադրբեջանին նույն առաջարկությամբ է դիմել նաեւ ռուսական կողմը, ընդ որում` հազար մ3 ադրբեջանական գազի դիմաց առաջարկելով եվրոպական գին` $360։

Եթե Իրանը խնդիր ունի գազով ապահովել իր հյուսիսային մարզերը5, իսկ ռուսների պարագայում էլ նպատակ կա ամեն կերպ կանխել Ռուսաստանը շրջանցող գազային հոսքերի մուտքը Եվրոպա (դրա համար էլ «Газпром»-ը Բաքվին առաջարկել է նման բարձր գին), ապա մեր պարագայում գլխավոր հետեւությունը պետք է այն լինի, որ 2011թ.-ից ի վեր, երբ պետք է սկսվի «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման երկրորդ փուլը, Ադրբեջանը կունենա եկամտի նոր, լուրջ աղբյուր6։

Եվ վերջապես, Ադրբեջանի գազային ոլորտին առնչվող երրորդ ուշագրավ նորությունը Իրանի պատրաստակամությունն է միանալ այսպես կոչված «White Stream» («Սպիտակ հոսք») գազամուղին, որը ենթադրաբար պետք է հանդիսանա «Անդրկասպյան գազամուղի» շարունակությունը եւ պետք է Ադրբեջանը Վրաստանի ու Սեւ ծովի հատակով միացնի Ուկրաինային։ 2008թ. փետրվարի 9-ին Բաքվում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Ադրբեջանում Իրանի դեսպան Նասիր Գամիդի Զարեն հայտարարեց, թե իր երկիրը քննարկում է նշված գազամուղի շինարարությանը միանալու հարցը։

Հետեւություններ

Թեեւ տարիներ առաջ Ադրբեջանի բնական գազի պաշարները գնահատվում էին ոչ այդքան էական (օրինակ, նույն «Շահ Դենիզի» ծավալների մասին խոսելիս նշվում էր մոտ 100 մլրդ մ3 թիվը) եւ այդ երկիրն անգամ ստիպված էր իր կարիքների համար գազ ներմուծել Ռուսաստանից (ինչը դադարեցվեց միայն 2007թ.), սակայն արդեն այսօր իսկ առկա իրողությունները թույլ են տալիս ենթադրել, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է դառնալ գազի միջազգային շուկայի առնվազն միջին կարգի դերակատար։ Գլխավոր ինտրիգը, սակայն, առնչվում է ադրբեջանա-թուրքմենական զարգացումներին, քանի որ հենց «Անդրկասպյան գազամուղի» հեռանկարից է կախված ողջ ադրբեջանական գազային ծրագրերի ապագան, եւ առանց թուրքմենական գազի` ներդրումներն Ադրբեջանի գազային ոլորտում դժվար թե կրեն ռազմավարական բնույթ։

1Հիշեցնենք, որ երկու պետությունները չլուծված հակասություններ ունեն` կապված Կասպից ծովի բաժանման ու Կասպիցում գտնվող «Սարդար» (Բաքուն այն կոչում է «Քյափազ») նավթահանքի պատկանելության վերաբերյալ, ուր առկա նավթի պաշարները գնահատվում են մոտ 100 միլիոն տոննա։

22007թ. մայիսի 12-ին Թուրքմենստանի Թուրքմենբաշի նավահանգստային քաղաքում կնքված ռուս-ղազախա-թուրքմենական համատեղ պայմանագրի համաձայն, կառուցվելու է Թուրքմենստանը Ղազախստանի տարածքով Ռուսաստանին կապող նոր գազամուղ` «Մերձկասպյան գազամուղը»։ Բացի այդ, 2007թ. նոյեմբերի 22-ին Բերդիմուհամեդովը հայտարարեց, թե արդիականացվելու է Թուրքմենստանը Ռուսաստանին կապող գործող գազամուղը, որպեսզի նրա թողունակության ծավալը հասնի տարեկան 83 մլրդ մ3` գրեթե երկու անգամ ավելի ներկա հնարավորությունից։ Ինչ վերաբերում է թուրքմենա-չինական գազային համագործակցությանը, ապա ներկայում ընթացքի մեջ է Ուզբեկստանի ու Ղազախստանի տարածքով Թուրքմենստանը Չինաստանին միացնող գազամուղի շինարարությունը, որը պետք է ավարտվի 2009թ. եւ որը տարեկան Չինաստան պետք է հասցնի 30 մլրդ մ3 թուրքմենական բնական գազ։

32008թ. մարտի 21-ին հայտնի դարձավ, որ Թուրքմենստանի նախագահը նշանակել է Ադրբեջանում Աշգաբադի նոր դեսպանին, ով արդեն ապրիլի 8-ին իր հավատարմագրերը հանձնեց Իլհամ Ալիեւին։ Թուրքմենստանը Բաքվում դեսպան չուներ 2001թ.-ից ի վեր։ Իսկ մայիսի 19-ին էլ հայտարարվեց, թե Ադրբեջանն ի վերջո մարել է դեռեւս 1992թ.-ից Թուրքմենստանին ունեցած իր շուրջ $45 մլն-ոց պարտքը, ինչը չէր անում նախորդ 16 տարիների ընթացքում։

4Հիշեցնենք, որ միջազգային տարբեր գնահատականների համաձայն, Թուրքմենստանի բնական գազի պաշարները կազմում են 2.5-ից 7 տրլն մ3, եւ իր այդ ցուցանիշով Թուրքմենստանն աշխարհում գրավում է չորրորդ տեղը` Ռուսաստանից, Իրանից ու Կատարից հետո։

5Այս տարվա հունվարի 1-ից Թուրքմենստանը դադարեցրեց գազի վաճառքը Իրանին` պահանջելով, որ այն հազար մ3-ի դիմաց վճարի $150` ինչպես Ռուսաստանը պետք է վճարի նույն ծավալի թուրքմենական գազի դիմաց այս հուլիսի 1-ից, այլ ոչ թե նախկինի նման շարունակի վճարել $100։ Ամեն տարի Իրանը Թուրքմենստանից ներմուծում էր 8 մլրդ մ3 բնական գազ` գլխավորապես իր հյուսիսային մարզերի համար:

62008թ. փետրվարի 11-ին Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիք Ալիեւը հայտարարեց, թե Թուրքիային ու Եվրոպային վաճառվող ադրբեջանական բնական գազի հազար մ3-ի գինն առաջիկայում Բաքուն $120-ից հասցնելու է $300-ի։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր