• am
  • ru
  • en
Версия для печати
01.11.2007

ՎՐԱՍՏԱՆ. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Руский

   

Սարգիս Հարությունյան

Sargis_Harutyunyan (medium) Հավանական է, որ 2003թ. վարդերի հեղափոխությունից հետո առաջին անգամ Թբիլիսին ստիպված լինի փոփոխություններ մտցնել իր արտաքին քաղաքականությունում: Թեև խոսքը հիմնարար տեղաշարժի մասին չէ, սակայն այս պարագայում պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ փոփոխությունները կրելու են կոնկրետ բնույթ, և ինչն էլ ավելի տպավորիչ է` վրացական կողմն այդ փոփոխությունները, ըստ էության, ձեռնարկելու է հարկադրաբար:

Մյուս կողմից՝ նախորդ 2-2.5 ամսում ի հայտ եկած ցուցիչները ոչ միայն թույլ են տալիս կատարել նման հետևություն, այլև վկայում են, որ երևան եկած գործընթացն ակտիվ փուլում է, իսկ դրա ավարտի մասին կարելի է խոսել միայն 2008թ. ապրիլին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ հերթական գագաթաժողովից հետո:

Տեղաշարժ ռուսական քաղաքականությունում

Հիմնական գործոնը, որը բնութագրում է նոր իրավիճակը, Վրաստանի նկատմամբ ռուսական քաղաքականության մեջ տեղ գտած փոփոխությունն է, որն ակնհայտ դրսևորումներ ստացավ անցած շուրջ երեք ամիսների ընթացքում: Թեև նշված ժամանակահատվածում Վրաստանի նկատմամբ Մոսկվայի մոտեցման մեջ չգրանցվեց որևէ սկզբունքային տեղաշարժ, սակայն կոնկրետ փոփոխության ենթարկվեց Թբիլիսիի ուղղությամբ ռուսական ռազմաքաղաքական ճնշումն ապահովող ձեռնարկների բնույթը։

Ս.թ. հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ նույն օրը Վիեննայում` ԵԱՀԿ կենտրոնակայանում կայացած այդ հաստատության փորձագետների հատուկ խումբը պաշտոնական եզրակացության է եկել, թե այս տարվա օգոստոսի 6-ին Վրաստանի Գորիի շրջանի Ցիտելուբանի գյուղի մերձակայքում տեղ գտած հրթիռային հարձակումն իրականացրել է ռուսական օդուժը:

Չնայած պաշտոնական Մոսկվան շարունակում է հերքել իր մասնակցությունը նշված միջադեպին, սակայն Ցիտելուբանի գյուղի մերձակայքում տեղի ունեցած հրթիռային հարձակման առնչությամբ դեռևս օգոստոսի սկզբներին ուշադրություն գրավեցին հետևյալ հանգամանքները.

  • փաստորեն, սկիզբ դրվեց Վրաստանի դեմ լիարժեք օդային հարձակումների պրակտիկային (հասկանալի է, որ այսօր նման քայլի հնարավորություն Ռուսաստանն ունի, իսկ Աբխազիան ու Հարավային Օսիան տեխնիկապես ի վիճակի չեն իրականացնել նման ձեռնարկներ),
  • կոնկրետ օգոստոսի 6-ի միջադեպի կապակցությամբ առանձնացավ այն կետը, որ արձակված հրթիռը տակտիկական հակառադարային հեռակառավարվող հրթիռ էր1, այսինքն՝ անկախ նշված միջադեպի արդյունքից2, խնդիր էր դրվել ցույց տալ, որ նպատակ կա առնվազն ճնշել, թուլացնել վրացական զինված ուժերի հակաօդային պաշտպանության բաղկացուցիչը,
  • իրականում, նախորդ կետը պարզ մեսիջ էր Թբիլիսիին, որ Աբխազիայի և/կամ Հարավային Օսիայի հետ հավանական բախման պարագայում վրացական կողմը տանուլ է տալու պատերազմի օդային մասը, հետևաբար՝ հայտնվելու է խիստ աննպաստ իրավիճակում,
  • էլ ավելի կարևոր է այն կետը, որ չնայած ամերիկա-վրացական ու եվրոպա-վրացական խորացող ռազմաքաղաքական հարաբերություններին՝ Մոսկվան քաղաքական որոշում կայացրեց ու իրականացրեց նման տիպի քայլ,
  • ներկայացվածի համատեքստում հատկանշական էր ընտրված կետը. Ցիտելուբանին Թբիլիսիից հեռու է ընդամենը 65կմ,
  • տեղի ունեցածը տեղեկատվական-հոգեբանական ճնշում էր Վրաստանի նկատմամբ, սակայն կարևորն այստեղ այն է, որ նման հնչեղության, այսինքն՝ համապատասխան նպատակ ունեցող ակցիան նաև ենթադրում է բնույթով նման այլ ձեռնարկների իրականացում։

Հետևաբար, պետք է ներկայացված տրամաբանության ներքո դիտարկել նաև օգոստոսի 6-ի միջադեպից մոտ երկու շաբաթ անց` օգոստոսի 21-ին տեղ գտած իրադարձությունը: Թեև Թբիլիսին այդ օրը հայտարարեց, թե ֆիքսել է Ռուսաստանի կողմից Կոդորի կիրճի ուղղությամբ վրացական օդային տարածք ներխուժած ռուսական ռազմական ինքնաթիռի թռչելու պահը, իսկ օգոստոսի 24-ին` թե այդ ինքնաթիռը խփվել է3, իսկ Մոսկվան էլ կրկին շտապեց հերքել նման թռիչքի իրողությունն անգամ, սակայն փաստն այն էր, որ մեկ ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ Թբիլիսին հայտնվեց տեղեկատվական-հոգեբանական նման տիպի ճնշման ներքո:

Վրաստանի ուղղությամբ ռուսական քաղաքականության մեջ տեղ գտած փոփոխության հաջորդ կարևոր ցուցիչը նույն Թբիլիսիի նկատմամբ Աբխազիայի ու Հարավային Օսիայի գծերով ի հայտ եկած տարրերն են։

Այդ իմաստով հարկ ենք համարում առանձնացնել երկու ուշագրավ դրվագ։

Օգոստոսի 31-ին տարածված տեղեկության համաձայն՝ Հարավային Օսիայի նախագահ Էդուրադ Կոկոյտին մտադիր էր դիմել Մոսկվային՝ հանրապետության տարածքում հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայման նպատակով։

Հաշվի առնելով Ցխինվալի աշխարհագրական դիրքը՝ Հարավային Օսիայում նման համակարգի տեղակայումը կարող է լրջորեն սահմանափակել վրացական օդուժի օպերատիվ-տակտիկական հնարավորությունները՝ այդ թվում աբխազական ուղղությամբ։

Անշուշտ, այդպիսի հայտարարությունը միտված է, իրականում, նման տեղակայման հնարավորություն ստեղծող անհրաժեշտ տեղեկատվական ֆոնի ձևավորմանը, սակայն գլխավորն այստեղ այն է, որ նպատակ կա փոխել նախկինում մի զգալի մասով զուտ տակտիկական նշանակության մարտերի համար նախատեսված հարավօսական զինված ուժերի բնույթը։ Այսինքն՝ Աբխազիայի և/կամ Հարավային Օսիայի հետ հավանական բախման դեպքում վրացական բանակը ստիպված է լինելու գործ ունենալ ռազմավարական կարգի միանգամից երկու ուղղության հետ։

Երկրորդ կարևոր դրվագը սեպտեմբերի 26-ին կտրուկ սրված իրավիճակն էր հարավօսական ու աբխազական հակամարտության գոտիներում։ Այդ օրը երեկոյան Ցխինվալի ու նրան հարակից վրացական Նիկոզի ու Էրգնեթի գյուղերի միջև տեղի ունեցած լուրջ փոխհրաձգության արդյունքում (այդ թվում՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ) ճակատային գիծ ուղղվեցին հարավօսական ու աբխազական4 բանակային կազմավորումներն ու ծանր զինտեխնիկան։

Հարկ է առանձնացնել ոչ այնքան այն, որ ճգնաժամային իրավիճակում աբխազական ու հարավօսական զինված ուժերը գործեցին միասնաբար5 (նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել վաղուց), որքան այն, որ, իրականում, ռուսական կողմը փորձարկեց Վրաստանին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու սցենար։

Անշուշտ, աբխազական ու հարավօսական գծերում ի հայտ եկած լարվածության աճն օգոստոսի 6-ին ու 21-ին տեղի ունեցած միջադեպերի տրամաբանական շարունակությունն էր, սակայն հիմնական հետևությունն այն է, որ ներկայացվածն արտացոլում է Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի ռազմաքաղաքական ընդլայնվող ճնշման համալիր բնույթը։

Օկրուաշվիլու քայլը

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլու հետ կապված զարգացումներն ուշագրավ էին ոչ այնքան այն առումով, որ Սահակաշվիլու նախկին զինակիցը բավական լուրջ մեղադրանքներ ներկայացրեց վերջինիս6, այլ այն պատճառով, որ 2003թ. վարդերի հեղափոխությունից հետո առաջին անգամ համալիր բնույթի փորձ արվեց եթե ոչ հասնել Սահակաշվիլու պաշտոնանկությանը, ապա գոնե լրջորեն թուլացնել նրա իշխանությունը։

Այդ առումով հարկ է ուշադրություն դարձնել հետևյալ կետերի վրա.

  • նման ծանր մեղադրանքներ ներկայացնելով Սահակաշվիլուն՝ Օկրուաշվիլին հասկանում էր, որ իշխանության համար ամենաանընդունելի տարբերակով դնում է իշխանափոխության հարց, հետևաբար՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը չէր կարող չհասկանալ, որ նման կարգի ակցիայի մեկնարկը պահանջում է արտաքին աջակցություն՝ գոնե սեփական անձի անվտանգությունը երաշխավորելու առումով,
  • արտաքին գործոնի ներգրավվածության մասին է խոսում նաև Պատարկացիշվիլու մասնակցությունը նշված ակցիային. դժվար թե քաղաքական պայքարում փորձ ունեցող օլիգարխն7 առանց հիմնարար ուժի գնար նման քայլի, իսկ այսօրվա Վրաստանում այդպիսի ուժ կարող էր ի հայտ գալ միայն երկրից դուրս,
  • հատկապես նման մեղադրանքներից հետո վրացական իշխանությունների որոշումը՝ ձերբակալել Օկրուաշվիլուն, քաղաքական պայքարի տեսանկյունից, անշուշտ, կոպիտ սխալ էր, ինչը չէին կարող չհասկանալ Սահակաշվիլու վարչակազմում, հետևաբար՝ նման որոշումը կարող էր վկայել միայն մի բան՝ վտանգն իրոք լուրջ է եղել,
  • այդ ենթադրության օգտին են խոսում առնվազն հետևյալ փաստերը՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի ձերբակալման օրը՝ սեպտեմբերի 27-ին, Թբիլիսիի մոտակայքում տեղակայված վրացական բանակի 4-րդ բրիգադի զորամասում այդ երկրի հատուկ ծառայությունների իրականացրած գործողության արդյունքում ձերբակալվեցին մոտ 20 զինծառայողներ8, այդ ընթացքում ԱՄՆ-ում գտնվող նախագահ Սահակաշվիլին ստիպված եղավ կարճել իր օտարերկրյա շրջագայությունը (նա չմեկնեց Հունաստան) և սեպտեմբերի 29-ին շտապ վերադարձավ Թբիլիսի՝ ըստ որոշ տեղեկությունների, վերադասավորումներ իրականացնելով վրացական ներքին գործերի ու ազգային անվտանգության համակարգերում, և վերջապես՝ Օկրուաշվիլու ձերբակալությունից հետո Վրաստանի անվտանգության մարմինները հետապնդումներ սկսեցին վերջինիս օրոք պաշտպանության նախարարությունում բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց դեմ9։

Եթե փորձենք ընդհանրացնել, ապա ավելի հավանական է դիտվում այն տարբերակը, որ ո՛չ Միացյալ Նահանգներին և ո՛չ էլ եվրոպական տերություններին ձեռնտու չէր կարող լինել Սահակաշվիլու փոխարինումը Ռուսաստանի դեմ ավելի արմատական տրամադրված Օկրուաշվիլիով և այն էլ նման ցնցումային եղանակով՝ վտանգելով արևմտյան ազդեցությունը Վրաստանում։ Փոխարենը, այդպիսի ակցիան առաջին հերթին շահավետ կլիներ Մոսկվայի համար, և Արևմուտքից զատ միայն Ռուսաստանը կարող էր իրականացնել այդպիսի ձեռնարկ։

Արևմուտքի արձագանքը

Թեև օգոստոսից ի վեր լրջորեն սրված ռուս-վրացական հակամարտության ողջ ընթացքում ամերիկյան ու եվրոպական դիվանագիտություններն ու տեղեկատվական քաղաքականությունները սատարում էին Վրաստանին, սակայն իրականում նշված ժամանակահատվածն առանձնացավ ռուս-վրացական հակամարտության առնչությամբ և ընդհանրապես վրացական ուղղությամբ արևմտյան դիրքորոշման ոչ մեծ, բայց անսովոր մանևրներով։

Ս.թ. հոկտեմբերի 3-4-ը Վրաստանում էր ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխևերը։ Թեև Թբիլիսիում նա հայտարարեց, թե ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններում մի երրորդ երկիր չի կարող ունենալ որոշիչ ձայն՝ ակնարկելով Ռուսաստանին, բայց Սխևերի այցը նշանավորվեց երկու շատ էական կետով.

  • չնայած վրացական կողմի սպասումներին՝ ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը որևէ կոնկրետ խոստում չտվեց 2008թ. ապրիլին Բուխարեստում Թբիլիսիին՝ ՆԱՏՕ անդամակցության ճանապարհին վերջին փուլի՝ MAP-ի («Membership Action Plan») շնորհման վերաբերյալ,
  • ավելին՝ Սխևերն ուղղակի հայտարարեց, թե ՆԱՏՕ անդամակցության ճանապարհին Վրաստանը դեռ շատ գործ ունի անելու՝ հատկապես առանձնացնելով փոքր ու արդյունավետ բանակ ստեղծելու պահանջը, ինչն ուղղակի հակասության մեջ է մտնում Սահակաշվիլու վարչակազմի վարած ռազմական շինարարության քաղաքականության հետ10։

ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների տեսանկյունից ուշագրավ էր նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարար Էրվե Մորինի հոկտեմբերի 3-ի հայտարարությունը, որ Փարիզը դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքին Թբիլիսիի անդամակցությանը, եթե դա կբերի Ռուսաստանի հետ առճակատման։

Ամենաուշագրավ փաստը, սակայն, առնչվում է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեին։ Օկրուաշվիլու հետ կապված զարգացումների ընթացքում՝ հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ վրացական օրենսդիրների ղեկավարը հրավիրվել է Վաշինգտոն։

Անշուշտ, նման հրավերը խոսում է Վաշինգտոնում Բուրջանաձեի կշռի մեծացման մասին, սակայն այս պարագայում կարևորն այն է, որ նաև այդ հրավերն է վկայում, որ առաջիկայում վրացական քաղաքական դաշտում պետք է որ զգլաիորեն ամրապնդվի Վրաստանի խորհրդարանի խոսնակի ազդեցությունը11։ Այդ հանգամանքն ավելի ինտրիգային է թվում հատկապես այն տեղեկության ֆոնին, ըստ որի՝ եթե 2004թ.՝ նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ, Սահակաշվիլու վարկանիշը հասնում էր 86%-ի, ապա այսօր այն կազմում է ընդամենը 16%12։

Հետևություններ

Ներկայացվածը հիմք է տալիս ենթադրելու, որ առաջիկա ամիսներին՝ մինչև 2008թ. ապրիլին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժաղովը, Ռուսաստանը կոշտ ռազմաքաղաքական գիծ է վարելու Վրաստանի նկատմամբ՝ հնարավոր է՝ աստիճանաբար մեծացնելով ճնշումը։

Մոսկվան նման քայլի է գնում նաև այն պատճառով, որ վրացական քաղաքական դաշտում չունենալով ազդեցիկ դաշնակից՝ Ռուսաստանը փորձում է իր համար որոշակի քանակությամբ բաժնետոմսեր ապահովել 2008թ. ընտրությունների արդյունքում ձևավորվելիք վրացական խորհրդարանում և նախագահական ընտրությունների արդյունքում ստեղծվելիք նոր վարչակազմում։

Սակայն ռուսների հիմնական թիրախն, անշուշտ, ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններն են։ Այս օգոստոսից ի վեր վրացական ուղղությամբ ձեռնարկելով 2003թ. վարդերի հեղափոխությունից հետո աննախադեպ սրության արտաքին ու ներքին ճնշումներ՝ Մոսկվան նպատակ ունի մեսիջ ուղարկել առաջին հերթին Արևմուտքին, թե ՆԱՏՕ-Վրաստան ձևաչափում ինքը սահմանել է «կարմիր գիծ» և այդ գիծը խախտելու դեպքում կա քաղաքական որոշում՝ ձեռնարկել համապատասխան քայլեր։

Բայց գլխավոր հետևությունը դա էլ չէ։ Եթե ճիշտ է ներկայացված փաստերի մեկնաբանությունը, ապա Արևմուտքում որոշում է կայացվել գոնե առայժմ հաշվի առնել ռուսական «կարմիր գիծը»։ Գլխավոր հետևությունը պետք է հենց սա լինի, և եթե այն ճիշտ է, ապա ցուցիչները մենք կտեսնենք 2008թ. ապրիլին Բուխարեստում։

1Վրացական և արևմտյան աղբյուրների ներկայացմամբ՝ ս.թ. օգոստոսի 6-ին Ցիտելուբանի գյուղի մերձակայքում արձակվել է ռուսական «Радуга КН-58» տիպի հրթիռ (ըստ ՆԱՏՕ-ական դասակարգման, «AS 11 Kilter»):

2Հիշեցնենք, որ արձակված հրթիռը չպայթեց:

3Ուշագրավ է, որ Կոդորի կիրճում խփված ռազմական ինքնաթիռի մասին տեղեկությունն օգոստոսի 25-ին անուղղակի կերպով հաստատեց նաև Աբխազիայի զինված ուժերի Գլխավոր սպայակույտի պետ Անատոլի Զայցևը` հայտարարելով, թե կիրճում աբխազական ռազմական հենակետերը ֆիքսել են ինքնաթիռի կործանման փաստը: Նա, սակայն, կասկած հայտնեց, թե ինքնաթիռը խփվել է վրացիների կողմից և որ այն ռուսական էր:

4Աբխազական զորքերի տեղաշարժն այդ երկրի նախագահ Սերգեյ Բագապշը բացատրեց նաև ս.թ. սեպտեմբերի 20-ին Աբխազիայի Տկվարչելի շրջանում տեղի ունեցած միջադեպով, երբ վրացական զորամիավորման հետ բախման արդյունքում զոհվեցին աբխազական բանակում ծառայող երկու ռուս սպաներ։

5Աբխազական ու հարավօսական կողմերի համատեղ գործելու վերջին օրինակը հոկտեմբերի 5-ին Մոսկվայում Սերգեյ Բագապշի ու Էդուարդ Կոկոյտիի եռակողմ ձևաչափով հանդիպումներին էին ռուսական ռազմական ու անվտանգության մարմինների ներկայացուցիչների հետ։

6Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 25-ին հանդես գալով վրացական օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլուն պատկանող «Իմեդի» հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ Օկրուաշվիլին հայտարարեց, թե ժամանակին Վրաստանի նախագահն իրեն հանձնարարել է կազմակերպել Պատարկացիշվիլու սպանությունը, բացի այդ՝ թե Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիան մահացել է ոչ այն տանը, ուր հայտնաբերվել էր նրա դիակը՝ փաստորեն, այդ գործում անուղղակիորեն մեղադրելով Սահակաշվիլու վարչակազմին, և որ 2006թ. գարնանը Վրաստանի նախագահը վերջին պահին հրաժարվել է կյանքի կոչել Հարավային Օսիայից ռուս խաղաղապահների դուրսբերման ծրագիրը։ Օկրուաշվիլին ձերբակալվեց սեպտեմբերի 27-ին և $6 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց հոկտեմբերի 9-ին։

7Հիշեցնենք, որ Պատարկացիշվիլին 2003թ. վարդերի հեղափոխության ֆինանսիստներից է։

8Ըստ որոշ տեղեկությունների՝ գործողությանը նախորդել է մոտ 10 րոպե տևած փոխհրաձգություն։ Բացի այդ, գործողության ընթացքում վրացական հատուկ ծառայությունները գործի են դրել զգալի թվով ուժեր, այդ թվում՝ ուղղաթիռներ։ Հարկ ենք համարում նշել, որ ս.թ. սեպտեմբերին, երբ Օկրուաշվիլին մտնում էր քաղաքական պայքարի մեջ, ի շարս այլ առավելությունների՝ նշվում էր, որ նա լուրջ աջակցություն ունի վրացական բանակի մի որոշ մասի կողմից։

9Հոկտեմբերի 4-ին հայտնի դարձավ, որ վրացական իրավապահ մարմինների կողմից հետապնդվող Վրաստանի պաշտպանության նախարարության Գնումների վարչության նախկին պետ Յասոն Չիխլաձեն կեղծ անձնագրով Թուրքիայից անցել է Ռուսաստան։ Թուրքիայից անհետացել է նաև Օկրուաշվիլու օրոք փոխնախարար ու ռազմական ոստիկանության պետ աշխատած Ալեքսանդր Սուխիտաշվիլին։ Վրացական անվտանգության մարմինների ներկայացմամբ՝ նշված անձինք մի ժամանակա-հատված Թուրքիայում եղել են Օկրուաշվիլու հետ։

10Վրաստանի ղեկավարության որոշմամբ՝ առաջիկա ամիսներին բանակի թվակազմը 28 հազարից հասցվելու է 32 հազարի, իսկ գալիք տարվա ռազմական բյուջեն կկազմի $783 մլն՝ 2006թ. մոտ $200 մլն-ի դիմաց։

11Այստեղ հարկավոր է նշել, որ Բուրջանաձեի ամուսինը Վրաստանի սահմանապահ զորքերի հրամանատարն է։ Այսօր վրացական սահմանապահ զորքերն այդ երկրի ողջ զինված ուժերի 25%-ն են։ Բուրջանաձեի հայրը՝ Անզոր Բուրջանաձեն, Վրաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, ով բիզնես-կապեր է ունեցել Շևարդնաձեի ընտանիքի ու անգամ Աջարիայի նախկին ղեկավար Ասլան Աբաշիձեի հետ։

12Աղբյուրը ամերիկյան հանրահայտ «Stratfor» վերլուծական կենտրոնն է։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր