• am
  • ru
  • en
Версия для печати
29.05.2008

ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ՎՐԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ

Руский

   

Սարգիս Հարությունյան

georgia parliament (original) Չնայած մայիսի 21-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են, և հունվարին այդ երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո հատկապես կարևոր է թվում այն հարցը, թե ինչքանով կհաջողվի Սահակաշվիլու կուսակցությանը ստանալ անհրաժեշտ քանակությամբ ձայներ՝ փաստացի միակուսակցան կառավարություն ձևավորելու համար, սակայն տարածաշրջանային գործընթացների ու Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից էլ ավելի էական են «ՆԱՏՕ-Վրաստան» համագործակցության շուրջ ընթացող զարգացումները՝ մի քանի պատճառով.

  • թեև ակնհայտ է դառնում, որ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի փոխգործակցության և դրանից ածանցված ռուս-վրացական հարաբերությունների սրացումների ու աբխազական, հարավօսական խնդիրների հարցն ամենից մեծ ազդեցությունը կունենա Վրաստանի խորհրդարանական ընտրությունների վրա (և այդ առումով այն նաև պետք է ընկալել որպես Սահակաշվիլու վարչակազմի հաջողված PR ակցիա, որը շեղում է ընտրազանգվածի ուշադրությունը ներքին՝ սոցիալ-տնտեսական խնդիրներից), սակայն փաստն այն է, որ անդամակցությունը դաշինքին վրացական վերնախավի գերակշիռ մասի որոշումն է1, և անցած 3-4 տարիներին ռուսական քաղաքականությանը չհաջողվեց որևէ փոփոխության հասնել այդ հարցում2,
  • ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը դարձել է հարավկովկասյան քաղաքականության ամենաորոշիչ գործոնը, և այդ իմաստով՝ եթե նախորդ տարիներին տարածաշրջանային քաղաքականության մեջ իշխող էր ղարաբաղյան, աբխազական ու հարավօսական հակամարտությունների հետ կապված տրամաբանությունը, ապա այսօր այդ տեղը զբաղեցնում է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը,
  • Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցությունը կամ Թբիլիսիի ձախողումն այդ հարցում կարող է լրջորեն փոխել աշխարհաքաղաքական փոխդասավորվածությունը Հարավային Կովկասում,
  • այսինքն՝ ամեն դեպքում մեզ սպասում են լուրջ փոփոխություններ, որոնք պարզապես չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ Հայաստանի ազգային անվտանգության վրա, մյուս կողմից՝ հարավկովկասյան բոլոր երկրների պարագայում էլ սպասելի են ազգային անվտանգության հայեցակարգերին առնչվող նորամուծություններ։

Իրավիճակային վերլուծություն

Ապրիլի 3-ին Բուխարեստում ընդունված ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովի հռչակագրի 23-րդ կետում կարդում ենք. «ՆԱՏՕ-ն ողջունում է Ուկրաինայի և Վրաստանի եվրաատլանտյան ձգտումը ՆԱՏՕ-ին անդամակցելու գործում։ Այսօր մենք համաձայնության եկանք այն մասին, որ այդ երկրները կդառնան ՆԱՏՕ-ի անդամ։ …[ՆԱՏՕ-ին] անդամակցության ուղիղ ճանապարհին Ուկրաինայի և Վրաստանի համար Անդամակցության գործողությունների ծրագիրը (ԱԳԾ)3 հաջորդ կարևոր քայլն է։ Այսօր մենք հստակորեն նշում ենք, որ պաշտպանում ենք այդ երկրների թեկնածությունները ԱԳԾ-ին միանալու հարցում։ …[ՆԱՏՕ անդամ երկրների] արտաքին գործերի նախարարները լիազորված են որոշում կայացնելու ԱԳԾ-ին Ուկրաինայի և Վրաստանի միանալու հարցի առնչությամբ»։

Թեև կասկածից վեր է, որ ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթաժողովի ընթացքում գլխավորապես Գերմանիայի առաջնորդությամբ գործած երկրների՝ Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, բացասական դիրքորոշումը՝ դեմ դուրս գալ ԱԳԾ-ին Ուկրաինայի և Վրաստանի միանալու տարբերակին (ինչպես պնդում էին ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան ու Լեհաստանը), կարելի է դասել ռուսական դիվանագիտության հաջողությունների շարքին4, սակայն գագաթաժողովին հաջորդած Մոսկվայի քայլերը վկայում են, որ այդ հաջողությունը Կրեմլում համարում են խիստ ժամանակավոր։

Ապրիլի 7-ին ռուսական «Коммерсант»-ը գրեց, թե Բուխարեստում կայացած «Ռուսաստան-ՆԱՏՕ» խորհրդի փակ նիստի ժամանակ Պուտինն ուղղակի սպառնացել է իր արևմտյան գործընկերներին անեքսիայի ենթարկել Ղրիմն ու Արևելյան Ուկրաինան, եթե Կիևը դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Վրաստանի պարագայում, պարբերականի փոխանցմամբ, Կրեմլի ղեկավարը խոստացել էր ճանաչել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունները։

Հասկանալի է, որ «Коммерсант»-ի հրապարակումը ռուսական դիվանագիտության լրատվական արտահոսքն էր՝ առաջին հերթին ուղղված Կիևին ու Թբիլիսիին, և հետագա օրերին վրացական ուղղությամբ ի հայտ եկած զարգացումները5 դրա վակայությունն էին, սակայն մեր պարագայում հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացնել այլ հանգամանքի վրա։

Իրականում, ռուսական կողմի նման սուր քայլերը պետք է որ մեզ հուշեն, թե ստեղծված իրավիճակը Մոսկվայում գնահատում են այսպես՝

  • չնայած Բուխարեստում տրված դադարին, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցում ԱՄՆ-ը և եվրոպական ազդեցիկ երկրները սկզբունքային դրական համաձայնության են հանգել (և այդ առումով ՆԱՏՕ-ի բուխարեստյան հռչակագրի 23-րդ կետը պետք է ավելի շուտ ընկալել այդ իմաստով, քան որ դա միտված էր ամերիկյան դիվանագիտության հեղինակությունը փրկելուն),
  • թեև մի կողմից արևմտաեվրոպական վերոհիշյալ երկրների, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների միջև շարունակում են պահպանվել հակասությունները՝ կապված ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության ժամկետի հետ, սակայն անգամ այդ կետում գործի է գցված փոխհամաձայնության հասնելու մեխանիզմը (խոսքը դաշինքի բուխարեստյան գագաթաժողովի այն որոշման մասին է, որ ԱԳԾ-ին Ուկրաինայի և Վրաստանի միանալու հարցը կարող են այլևս լուծել դաշինքի անդամ պետությունների արտգործնախարարները, և հիմք ընդունելով հռչակագրի 23-րդ կետը՝ պետք է դարձյալ ենթադրել, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցում Արևմուտքում, ըստ ամենայնի, կա սկզբունքային փոխհամաձայնություն)։

Հետևություններ

Անկախ այն հանգամանքից, թե ինչ ընթացք կստանա ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը և ինչ զարգացումներ ի հայտ կգան այդ հարցի առնչությամբ, Հայաստանի անվտանգության տեսանկյունից հարկ ենք համարում առանձնացնել հետևյալ դիտարկումները.

  • կարճատև հեռանկարում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար հարավկովկասյան քաղաքականության նախագծերից առաջնային է հանդիսանալու ՆԱՏՕ-ին Վրաստանի անադամակցելու հարցը, հետևաբար պետք է քիչ հավանական համարել այն, որ ներկայում Ղարաբաղյան հիմնախնդրում status quo-ի փոփոխությամբ ամենից շատ շահագրգռված ամերիկյան կողմը նշված հիմնախնդրի ուղղությամբ կձեռնարկի շոշափելի ինչ-որ քայլեր,
  • սակայն ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության պարագայում կարող է էականորեն փոխվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող իրադրությունը, քանի որ տարածաշրջանում ներգրավված գերտերություններից մեկը (տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ը) կստանա լրացուցիչ լուրջ լծակներ, մասնավորապես, Հայաստանի վրա ներազդելու համար,
  • պարզ երևում է, որ ՆԱՏՕ-Վրաստան այսօրվա զարգացումներին զուգահեռ աճում է աբխազական կամ հարավօսական ուղղությամբ (կամ երկու ուղղություններով էլ միաժամանակ) ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը (որը կարող է պահպանվել անգամ դաշինքին Թբիլիսիի անդամակցելուց հետո), քանի որ ստեղծված իրավիճակում նշված ճանապարհն այն միակ գործող լծակն է, որը կարող է բանեցնել Մոսկվան՝ Վրաստանի վրա ազդեցություն գործելու համար. այդ պարագայում չի կարող մեջտեղ չգալ Հայաստան-Ռուսաստան-Վրաստան եռանկյունում լարվածության առաջացման հանգամանքը,
  • և վերջապես, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության պարագայում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պետք է սպասելի համարի ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացմանը միտված Մոսկվայի քայլերը։

1Պատահական չէ, որ հունվարի 5-ին Վրաստանում կայացած նախագահական ընտրություններին զուգահեռ տեղի ունեցած ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցության վերաբերյալ հանրաքվեում կողմ արտահայտվեց քվեարկողների 72.5%-ը։

2Ապրիլի 16-ին հրապարակված Կրեմլի որոշումը Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ փոխգործակցությունում անցնել նոր մակարդակի՝ փաստացի ճանաչել այդ հանրապետությունների կողմից տրամադրված փաստաթղթերը, բազմոլորտ աջակցություն ցուցաբերել Աբխազիայում ու Հարավային Օսիայում բնակվող ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիներին, առաջին հերթին վկայում է դրա մասին։ Ըստ ռուսական աղբյուրների, Մոսկվան պատրաստվում է նաև ներկայացուցչություններ բացել Սուխումում և Ցխինվալում։

3Անդամակցության գործողությունների ծրագիր (ԱԳԾ), Membership Action Plan (MAP)։ Այն համարվում է վերջին փուլը Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ դառնալուց առաջ։

4Ուշագրավ է, որ այդ առումով հատկապես Միացյալ Նահանգների փորձագիտական շրջանակները կրկին սկսեցին արծարծել Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածության հարցը, ինչը, այդ աղբյուրների ներկայացմամբ, իրեն զգալ տվեց ԱԳԾ-ին Ուկրաինայի և Վրաստանի միանալու հարցում Գերմանիայի բռնած դիրքորոշման մեջ։

5Խոսքը ռուսական ԱԳՆ-ի ապրիլի 16-ի վերոհիշյալ հրապարակման մասին է, ուր ասվում էր, թե Կրեմլում որոշում է կայացվել Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ սկսել նոր որակի փոխգործակցություն։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր