• am
  • ru
  • en
Версия для печати
19.10.2009

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 1918-1920ԹԹ.

EnglishРуский

   

Հայկարամ Նահապետյան

1.us_newspapers (medium)

Ընթացիկ տարվա մարտի 29-ին ադրբեջանական day.az պորտալի կայքում հայտնվեց հրապարակում, ըստ որի` «Նյու Յորք թայմս» օրաթերթի արխիվում իբր թե գտնվել էր մի հոդված, որում Լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրը նշված էին որպես 1918-1920թթ. մուսավաթական Ադրբեջանի մաս (day.az/news/politics/151388.html): Քանի որ Արցախը ոչ նշված տարիներին, ոչ երբևէ անկախ Ադրբեջանի մաս չի կազմել (նաև այն պարզ տրամաբանությամբ, որ 1918-ի մայիսի 28-ից առաջ անկախ Ադրբեջան չի եղել), մնում է պարզել այս հերթական ապատեղեկատվության ակունքները, ինչպես նաև նպատակահարմար է հստակեցնել, թե ինչ է իրականում գրել «Նյու Յորք թայմսը», ինչպես նաև մյուս հեղինակավոր ամերիկյան լրատվամիջոցները Լեռնային Ղարաբաղի մասին Հարավկովկասյան հանրապետությունների կարճաժամկետ անկախության ժամանակահատվածում: Այսպիսով, day.az-ը մեջբերում է «Նյու Յորք թայմսի» 1920թ. օգոստոսի 4-ի հրապարակումը, որում նշված է, թե «հայաբնակ Զանգեզուրը և Ղարաբաղը ճանապարհների և կոմունիկացիաների բացակայության պատճառով կտրված էին Հայաստանի Հանրապետության մնացած հատվածից և չէին վերահսկվում Հայաստանի իշխանությունների կողմից»1: Ադրբեջանական քարոզչամեքենան մամուլի այս հաղորդագրությունը որակել է ոչ ավելի, ոչ պակաս` «պատմական ապացույց, որ այս տարածքները պատկանել են Ադրբեջանի դեմոկրատական հանրապետությանը», չնայած մամուլի հաղորդագրության մեջ «Ադրբեջան» բառն անգամ չի հիշատակվում: Փաստը, որ ադրբեջանական քարոզչամեքենան ի վիճակի չի եղել ամերիկյան արխիվում գտնել որևէ հրապարակում, որում Արցախը հստակ կնշվեր որպես Ադրբեջանի մաս` արդեն խոսուն է: Առավելագույնը, որ ադրբեջանցի քարոզիչները կարողացել են գտնել և հարմարեցնել սեփական կեղծ թեզին, եղել է վերը նշված հրապարակումը: Իսկ ի՞նչ է իրականում հաղորդել ամերիկյան մամուլը Լեռնային Ղարաբաղի մասին 1918-20թթ.:

«Չիկագո դեյլի թրիբյուն» օրաթերթի 1919թ. հուլիսի 31-ի համարում կարդում ենք Թիֆլիսում գործող ամերիկյան բանակի սպա, մայոր Ջոզեֆ Գրինի հեռագիրը «Neat East Relief» մարդասիրական կազմակերպության գլխավոր տնօրեն Հերբերթ Հուվերին, որն այդ օրերին գտնվում էր Փարիզում` Խաղաղության կոնֆերանսին մասնակցելու նպատակով: Ավելի ուշ, 1929-1933թթ. Հուվերը դարձավ ԱՄՆ 31-րդ նախագահը:

«Թուրքերն ու թաթարները երեք ուղղություններով շարժվում են հայերի դեմ: Նրանք կտրել են մատակարարման ուղիները և սպառնում են տարագրել հայերին»: Ինչպես գրում է թերթը, «գլխավոր տնօրեն Հերբերթ Հուվերը մայոր Գրինի նամակը իսկույն ևեթ փոխանցել է Խաղաղության կոնֆերանսին, որտեղ արդեն իսկ առկա էին նմանօրինակ զեկույցներ ամերիկացի և բրիտանացի այլ դիտորդներից»: «Կարող է տեղի ունենալ ավելի ահավոր աղետ, քան 1915-ին էր, հայ ժողովուրդը կարող է վերջնականապես բնաջնջվել, որպես հավերժական ամոթանք դաշնակիցների համար: …Հայկական կառավարությունը նախօրեին սկսել է համընդհանուր զորահավաք… Մենք չենք կարող մարդասիրական գործունեությամբ զբաղվել, քանի դեռ բրիտանական զորքերը հրաման չեն ստացել թուրքական և թաթարական ուժերից մաքրել ամբողջ Ռուսահայաստանը` ներառյալ Ղարաբաղը և Ալագյոզը»2,- գրել է մայոր Գրինը:

Նույն օրվա «Ատլանտա քընսթիթյուշըն» հանդեսում կարդում ենք. «Թուրքերն ու թաթարները առաջ են շարժվում Ղարաբաղի և Ալագյոզի ուղղությամբ: Նրանք գրավել են Ռուսահայաստանը, Հայաստանի կառավարությունը հայտարարել է զորահավաք»3:

Բնականաբար, ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումներում գործածվում է «թաթար», այլ ոչ թե «ադրբեջանցի» էթնոնիմը. վերջինս պաշտոնապես սկսվել է կիրառվել միայն 1936թ. վերջից` Ստալինի նախաձեռնությամբ: Ավելին` մասնավոր այս երկու հրապարակումներում նշվել է առավել անստույգ` «թարթար» տարբերակը: 1918-20-ականների ամերիկյան մամուլում «թաթար» էթնոնիմի փոխարեն հիմնականում կիրառվում էր «թարթար» տարբերակը:

«Քրիսչըն սայնզ մոնիթոր» հանդեսի 1919թ. օգոստոսի 5-ի համարում նշված է. «Ղարաբաղը բնակեցված է բացառապես հայերով, նախկինում եղել է անկախ և ինքնուրույն»4: Մեջբերում նույն թերթի օգոստոսի 28-ի համարից. «Թաթարները ձգտում են հայկական Ղարաբաղը անեքսիայի ենթարկել` կցելով Ադրբեջանի թաթարական հանրապետությանը: Փարիզից ստացված տեղեկությունները հետևյալ պատկերն են ուրվագծում. հունիսի 4-ի առավոտյան ժամը 3-ին Ադրբեջանի թաթարական հանրապետության զինված ուժերը, ղեկավարվելով դր Սուլթանովի կողմից, որն ինքն իրեն հռչակել է հայկական Ղարաբաղի նահանգապետ, գրոհեցին հայկական Ղարաբաղի մայրաքաղաք Շուշիի ուղղությամբ»5:

Թերթի սեպտեմբերի 2-ի համարում կարդում ենք. «Մի քանի շաբաթ առաջ, ինչպես հիշում ենք, մայոր Գրինը Թիֆլիսից հեռագիր էր ուղարկել Հերբերթ Հուվերին` մանրամասնելով, որ թուրքերը և թաթարները շարժվում են հայկական Ղարաբաղի շրջանի ուղղությամբ: …Ամենակազմակերպված սպանությունները տեղի են ունեցել Ղարաբաղի մայրաքաղաք Շուշիում»6:

Արդեն մեկ տարի անց, երբ Հարավային Կովկասում էր գտնվում 11-րդ Կարմիր բանակը, ամերիկյան մամուլը հաղորդում էր Հայաստանում խորհրդային կարգեր հաստատելու Մոսկվայի ձգտումների վերաբերյալ: 1920թ. հուլիսի 20-ին «Վաշինգտոն Փոստի» «Բոլշևիկները առաջ են շարժվում Հայաստանում» հրապարակման մեջ նշված է. «Հայաստանի կառավարությունը հրաժարվել է ենթարկվել ռուսական սովետական կառավարության վերջնագրին, և բոլշևիկյան բանակը հարձակման հրաման է ստացել: Նրանք արդեն գրավել են Ղարաբաղի շրջանը»7: Ադրբեջանի խորհրդայնացումը տեղի է ունեցել 1920թ. ապրիլի 28-ին, մինչդեռ ռուսաստանյան բանակն առաջ է շարժվել դեպի Արցախ հուլիսին, ինչը հերթական գլուխկոտրուկն է առաջացնում ադրբեջանական քարոզիչների համար` Ղարաբաղի մուսավաթական Ադրբեջանի մաս կազմելու մասին սուտը սեփական և միջազգային հանրությանը մատուցելու առումով: Հուլիսի 26-ին «Նյու Յորք թայմսը» զարգացնում է թեման. «Բոլշևիկների զգալի ուժեր հատել են Հայաստանի Ղարաբաղի շրջանը թուրք ազգայնականների հետ միավորվելու մտադրությամբ»8: Մեջբերում նույն օրվա «Աթլանթա քընսթիթյուշըն» հանդեսից. «Զգալի ռուս-բոլշևիկյան ուժեր, հիմնականում հետևակ, հատել են Հայաստանի Ղարաբաղի շրջանի սահմանը: Թուրք ազգայնականները և ռուս բոլշևիկները մոտենում են Շուշիին»9:

Օգոստոսի 2-ին նույն թեմայով «Նյու Յորք թայմսը» գրեց. «Ըստ ստացված վերջին տեղեկությունների, բոլշևիկների ներթափանցումը Հայաստան շարունակվում է. պնդումներ կան, որ հուլիսի 20-ին Ղարաբաղի և Զանգեզուրի տարածաշրջաններում հաստատվել է խորհրդային իշխանություն»10:

Իսկ 1921թ. մարտի 16-ին, երբ Հայաստանում ժամանակավորապես վերականգնվել էր անկախ իշխանությունը, «Նյու Յորք թայմսը» գրեց. «Հայկական կաբինետի ղեկավար Սիմոն Վրացյանի մարտի 7-ի ռադիոհեռագիրը հրապարակում է, որ բոլշևիկներն ամբողջովին ջարդվել են և ողջ երկիրը` Ղարաբաղից մինչև Ալագյազ, այսինքն` այն բոլոր տարածքները, որոնք չեն օկուպացվել Թուրքիայի կողմից, ղեկավարվում են Հայաստանի կառավարության կողմից»11:

Օրինակները հնարավոր է շարունակել: Ներկայացված մեկ տասնյակ հոդվածներից մեջբերումներում Լեռնային Ղարաբաղը հստակ բնորոշվում է որպես պատմական հայկական տարածք և քաղաքական առումով Հայաստանի բաղկացուցիչ մաս, իսկ Բաքուն` ագրեսիվ կողմ, որը ձգտում էր ԼՂ-ն բռնակցել թաթարական Ադրբեջանին: Ինչպես նկատում ենք, ամերիկացի սպա Ջոզեֆ Գրինը կապ է տեսել 1915-ի Հայոց ցեղասպանության և 1919-1920թթ. թուրք-թաթարական ուժերի կողմից Ղարաբաղի հայերին բնաջնջելու փորձի միջև: Սա հերթական վկայությունն է, որ 20-րդ դարավերջին Արցախի հայերը մղեցին բացառապես ինքնապաշտպանական կռիվներ` կանխելով 20-րդ դարավերջի նոր ցեղասպանության սպառնալիքը: Իսկ «Նյու Յորք թայմսը» վկայակոչելով` Լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրը որպես ադրբեջանական պատմական տարածք ներկայացնելու փորձը ադրբեջանական կողմի ապատեղեկատվության հերթական դրսևորումներից է, որում Բաքուն փաստացի նաև շահարկում է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցի անունը:

1Doubt Armenia is invaded, “New York Times”, 04.08.1920.

2Turks, Tatars peril Armenia, “Chicago Daily Tribune”, 31.07.1919.

3Turks move to Butcher Armenians, “The Atlanta Constitution”, 31.07.1919.

4Maasacre reported of 200 Armenians. “Christian Science Monitor”, 05.08.1919.

5Tartars and Kurds slay Armenians, “Christian Science Monitor”, 28.08.1919.

6Armenia again, “Christian Science Monitor”, 02.09.1919.

7Bolsheviki advance into Armenia. Will give aid to Turks, “The Washington Post” July 20, 1920.

8Bolsheviki marching to join Turks, “New York Times”, July 26, 1920.

9Bolshevik forces appear in Armenia, “The Atlanta constitution” 26.07.1920.

10Soviet invites Djemal pasha to lead Musulman reds, “New York Times”, August 2, 1920.

11Greeks said to plan new drive on Turks, “New York Times”, 16.03.1921.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր