
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՂՐԱՄՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Հայկարամ Նահապետյան
Հ1 հեռուստաընկերության սեփական թղթակից, ԱՄՆ
Որ ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը մասնակցել է Առաջին համաշխարհայինին, եղել Անդրանիկի զինվորը և կռվել Սարդարապատում՝ սրանք առավելապես հանրահայտ փաստեր են: Սակայն թե ինչ է տեղի ունեցել այդ իրադարձությունների միջև ընկած ժամանակահատվածներում՝ համեմատաբար քիչ է հայտնի: Մինչդեռ արկածներով լի նրա կյանքի առաջին զինվորական տարիները ևս հարուստ էին իրադարձություններով: Կարիերայի դեռևս ստորին աստիճաններին ապագա զորապետը բախվել է իրենից աչալրջություն, քաջություն, համբերություն պահանջող բազմաթիվ վիճակների, ճակատում մենակ մնալով իր ծառայակիցների հետ և առանց վերադասի հետ կապի` կայացրել է որոշումներ, որոնք մի կողմից՝ առավելագույն վնաս էին հասցնում հակառակորդին, մյուս կողմից` անվտանգ պահում նրա ենթակայության տակ գտնվող զինվորներին:
Եթե չլինեին նրա հաջողություններն Առաջին համաշխարհայինի ընթացքում, քիչ հավանական է, որ մինչև Երկրորդ համաշխարհայինն ու հետագայում նա կարողանար աճել նման տեմպերով` դառնալով ԽՍՀՄ բանակի ամենահաջողակ հայ զորականը` 1943-ից իր հրամանի տակ ունենալով կես, իսկ 1945թ. ապրիլ-մայիսին՝ նույնիսկ միլիոնից ավելի զորք1:
Մեր պատմության ողջ ընթացքում, ներառյալ Տիգրան Մեծի կայսրությունը կամ Բյուզանդիայի էթնիկ հայ կառավարիչները, որևէ ուրիշ հայ նման թվաքանակով զորք երբևէ չի ղեկավարել:
800 կմ՝ ոտքով մինչև Բաղդադ. 19-րդ դարի կեսերին ներկայիս ՀՀ Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղից Կարապետ Բայրամյանը փոխադրվեց և հաստատվեց Ղարաբաղի Չարդախլու գյուղում2 [1, էջ 7]։
Չարդախլուում Կարապետի որդի Խաչատուր Բաղրամյանը դարձավ երկաթուղագործ, գրագիտություն սովորեց բանվորական խմբակում, աճեց մինչև բրիգադիր [2, էջ 7]։ Նա ցանկանում էր, որ իր միջնեկ որդի Հովհաննեսը ևս երկաթուղային դառնար։ Խաչատուր կամ Քրիստափոր Բաղրամյանի ցանկությունն իրականանում է, քանի որ 1915թ. մայիսին, ավարտելով Թիֆլիսի երկաթուղային ուսումնարանը, Հովհաննեսը ծառայության է նշանակվում Անդրկովկասյան երկաթուղու 9-րդ ուղեկալում, որը Ելիզավետպոլի, ներկայիս Գյանջայի տարածքում էր: Համաշխարհային պատերազմն արդեն սկսվել էր: 17-ամյա պատանին իր ուղեկալում տեսնում էր զինվորական ակտիվ երթևեկը, մարտիկներից տեղեկանում Սարիղամիշի կատաղի կռիվների և օսմանյան բանակի ջախջախիչ պարտության մասին: Դրա հետ մեկտեղ տեսնում էր գաղթականներով լի գնացքները…
«Կարսից եկող գնացքները դեպի երկրի խորքն էին բերում հազարավոր գաղթականների, հիմնականում հայ տարեցների, կանանց ու երեխաների: Դրանք այն քիչ թվով երջանիկներից էին, որոնք ռուսական զորքի օգնությամբ փրկվեցին թուրքական յաթաղանից»,- իր հուշերում գրում է Բաղրամյանը [3, էջ 22]։
Կարելի է պատկերացնել, թե ինչ զգացողություններ էին առաջացնում այս տեսարանները հայասեր պատանու սրտում: Զինվորագրվելու որոշումը ենթադրաբար ընդունվել է նաև 9-րդ ուղեկալի պատկերների ազդեցությամբ…
Կենսագիրները նշում են, որ Բաղրամյանը հայկական ջարդերի մասին տեղեկանում էր նաև «Թերեք» ռուսալեզու թերթից, որտեղ տպվում էին այս թեմայով հեղափոխական Սերգեյ Կիրովի հոդվածները։ Ոչ բոլշևիկյան մամուլի մասին խորհրդային շրջանի կենսագիրները հասկանալի պատճառներով լռել են։ «Օրավուր Թուրքահայաստանից ստացվում են միևնույն մղձավանջային լուրերը, թե ինչ են անում այնտեղ թուրքական զորքերը։ Այդ մասին չեն կարող լրիվ պատկերացում տալ հայ կանանց ու երեխաների արցունքները»,- գրել է հեղափոխական Կիրովը [4, էջ 15]։
1915թ. դեկտեմբերին Հովհաննեսը կդառնար 18 տարեկան` հասնելով զորակոչային տարիքի: Ցարական Ռուսաստանում երկաթուղայինները զինծառայության չէին կանչվում, այսինքն՝ Բաղրամյանը բանակից խուսափելու օրինական հնարավորություն ուներ: Սակայն նա արդեն ուներ իր որոշումը: Ցարական բանակին միանալու դիմումը նա տվել է 1915թ. սեպտեմբերի 16-ին [4, էջ 16]։ «Հաղթահարելով ծնողներիս դիմադրությունը` հոկտեմբերի 9-ին կամավոր միացա ռուսական բանակին: Ինձ ուղարկեցին Ախալցխա, 116-րդ պահեստային գումարտակ»,- գրում է Բաղրամյանը [3, էջ 25-26]: Իսկ 1976թ. «Ավանգարդ» թերթին տված հարցազրույցում ասել է. «Ես չէի պատրաստվում զինվորական դառնալ: Հանգամանքները ստիպեցին շինել հագնել: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ իմ ժողովրդի գլխին ամպրոպ պայթեց, որոշեցի կամավոր բանակ մեկնել և նրա շարքերում մարտնչել ժողովրդիս թշնամիների դեմ» [5, էջ 73]։
Ախալցխայում եռամսյա ուսումնավարժական հավաքից հետո շարքային Բաղրամյանն ուղարկվում է ճակատ, սակայն ոչ թե Օսմանյան Թուրքիա, որտեղ նա հավանաբար կգերադասեր մեկնել, այլ հակառակ ուղղությամբ: Նախկին երկաթուղայինը երկաթուղով շարժվում է Բորժոմ-Թիֆլիս-Գյանջա-Բաքու ուղերթով: Այնտեղից «Ցեսարևիչ Ալեքսեյ» նավը Բաղրամյանին ու իր ծառայակիցներին հասցնում է պարսկական Էնզելի (այսօր` Բենդեր-Էնզելի) նավահանգիստը [3, էջ 27]: Այստեղից նա ոտքով անցնում է դեպի երկրի խորքը: Դեռևս 1907թ. օգոստոսին կնքված ռուս-անգլիական պայմանագրով Պարսկաստանի հյուսիսը համարվում էր ռուսական, հարավը` անգլիական ազդեցության գոտի [6, 18 էջ]։ Պատմությունը գրեթե կրկնվեց 1941թ. օգոստոսին, երբ Հիտլերի կողմից ԽՍՀՄ-ի վրա հարձակումից հետո միանման մի պայմանագրով արդեն Սովետական Միությունն ու Անգլիան կիսեցին Իրանը։ Ընդ որում՝ Բաղրամյանը մի շրջան կրկին ծառայության նշանակվեց «ռուսական ազդեցության գոտում»` 1946թ. սկզբին Թուրքիայի դեմ խորհրդային հնարավոր պատերազմում ղեկավար դեր ստանձնելու նպատակով ժամանելով Թավրիզ3։ Սակայն այս դեպքում՝ որպես բանակի գեներալ։
1914-ից սկսվել էր թուրքական ակտիվությունը Պարսկաստանում: Տարեվերջին նրանք մի պահ գրավեցին Թավրիզը, ապա, գերմանական ուժերի օգնությամբ` Քերմանշահը և Համադանը, Սպահանում սպանվեց Ռուսաստանի փոխհյուպատոսը [7, էջ 7]:
Թուրքերը ճարպկորեն շահարկում էին կրոնական խաղաթուղթը՝ թե՛ Պարսկաստանի, թե՛ Կովկասի ու անգլիական բանակի մահմեդականներին իրենց կողմը գրավելու նպատակով: Պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը ԽՍՀՄ կենտրոնական արխիվում գտել էր Կովկասյան բանակի հետախուզական տեղեկանքն այն մասին, թե օսմանցիները հույս ունեին պանիսլամական քարոզչության անվան տակ Բաղդադի արաբներին ոտքի հանել ու ռազմարշավով հասցնել մինչև Երևան4։ Ռուսական ոստիկանությունը դեռևս 1911թ. արձանագրել էր, որ առևտրականների կամ ուխտագնացների անվան տակ Կովկաս են գալիս օսմանյան պետության գործակալներ, որոնք պանիսլամական քարոզչություն են վարում [6, էջ 42]:
Իր հերթին, Ռուսաստանն անգլիական կայսրության հետ մշակում էր Իրանով դեպի Միջագետք ռուս-անգլիական համատեղ ռազմարշավի ծրագիրը: Այս նպատակներին հասնելու համար 1915թ. հոկտեմբերի 24-ին Կովկասյան բանակի հրամանատարության որոշմամբ ձևավորվեց Կովկասյան ճակատի ռուսական էքսպեդիցիոն կորպուսը՝ հեծելազորային գեներալ Նիկոլայ Բարատովի հրամանատարությամբ [7, էջ 8]: Թե՛ Բարատովի կորպուսի և թե՛ հակառակորդի ուժերը տարբեր ժամանակահատվածներում միջինացված գնահատվում էին 15-25 հազարի սահմաններում: Մինչև նոր նշանակումը Բարատովը Կովկասյան 1-ին կազակական դիվիզիայի հրամանատարն էր, որն աչքի էր ընկել Սարիղամիշի ճակատամարտում։
Շարքային Բաղրամյանը դառնում է Բարատովի ղեկավարած Էքսպեդիցիոն կորպուսի 2-րդ սահմանապահ գնդի 4-րդ գումարտակի 15-րդ հարյուրյակի (կամ վաշտի) զինվորական: Ի դեպ, նրա հետ էին ծառայում երկաթուղային ուսումնարանի համակուրսեցիները` Նիկոլայ Պերելիգինը և Գրիգորի Օգանեզովը: Վերջինս, հետագայում ծառայելով Կարմիր բանակում, հասավ մինչև ԽՍՀՄ ԶՈւ փոխգնդապետի կոչման: Նա ծագումով Վրաստանի Թելավի քաղաքից էր, ավելի ուշ հաստատվել էր Երևանում, հետագայում նամակներ էր ուղարկում արդեն մարշալ Բաղրամյանին` լինելով այն եզակի նամակագիրներից, որոնք ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարարին ու լեգենդար մարշալին դիմում էին «դու»-ով, անվանում «Վանյա»` հիմք ունենալով իրենց տասնամյակների բարեկամությունը: «Քո բազմաթիվ ընկերներից միայն ես գիտեմ, թե որքան դժվարություն ես հաղթահարել այս ընթացքում: Երբ 1915թ. թուրք բարբարոսները ցեղասպանություն իրականացրին Արևմտյան Հայաստանի բնակչության նկատմամբ, դու, ոչ զորակոչային տարիքի երիտասարդդ… կամավոր միացար Կովկասում գործող բանակին` հագնելով ուսադիրներ, խիզախորեն նետվելով համաշխարհային պատերազմի կրակե թոհուբոհի մեջ»,- 1978թ. մարշալի 75-ամյակի առիթով գրած նամակում նշել է Օգանեզովը5:
1920-ականներին Բաղրամյանը և Օգանեզովը մի շրջան կրկին միասին ծառայել են Հայկական հրաձգային դիվիզիայում [8, էջ 17]։ Իսկ Հայրենական պատերազմի ավարտին Օգանեզովը մասնակցել է Վասիլևսկի-Բաղրամյանի հրամանատարությամբ իրականացված Քյոնիգսբերգի գրավման պատմական օպերացիային։
1956թ. Օգանեզովը հրատարակեց հուշեր, որոնցում մանրամասն անդրադարձավ Բաղրամյանի հետ իր բարեկամությանն Առաջին աշխարհամարտի շրջանում։ Ի դեպ, ԽՍՀՄ հերոս, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Պյոտր Խոխլովը «Երեք ծովերի վրա» գիրք-հուշագրությունում գրել է Օգանեզովի մասին6։ Նա մանրամասնում է, որ փոխգնդապետ Օգանեզովը Բեռլինին 1941թ. օգոստոսին ԽՍՀՄ օդուժի հասցրած առաջին ավիահարվածի կազմակերպիչներից էր7։
Առաջին մարտը, որին շարքային Բաղրամյանը մասնակցել է, պարսկական Համադան քաղաքի մոտ էր, որտեղ հաղթում են օսմանյան զինվորներից, տեղի մահմեդականներից, քրդերից ու պարսկական ժանդարմերիայից կազմված ուժերին [3, էջ 28]: Այստեղ Բաղրամյանը նաև առաջին անգամ վիրավորվում է։ Ըստ Օգանեզովի հուշերի, Համադանում օսմանյան զորքի զինվորներից մեկը նախ հրացանի խզակոթով, ապա սվինով հարվածում է Բաղրամյանին։ «Բարեբախտաբար Բաղրամյանի ուսով անցկացրած շինելի փաթթոցը խանգարել էր թուրք զինվորի սվինին»,- գրում է նա [4, էջ 17]։ Թուրք զինվորին սպանում է «Սավելիչը»: Այդպես էին զինվորականները կոչում վաշտի հրամանատար, ենթասպա Բոլոտնիցևին:
Քայլելով օրական 30 կմ և ավելի` Բաղրամյանն ու իր ծառայակիցներն առաջանում են դեպի Քերմանշահը, որի մոտակայքում նա տեսնում է Բեհիսթունյան հայտնի արձանագրությունը: Այդ տարիքում դեռ անտեղյակ սեպագրի բովանդակությանը` ապագա մարշալը հետագայում իր համար պարզում է, որ Դարեհը 25 դարերի վաղեմության այս «փաստաթղթում» խոսում է նաև Արմինա-Հայաստանի մասին:
Փետրվարի 11-ին ցարական զորքը գրավում է Քերմանշահը, որի պաշտպանության ղեկավար, գերմանացի գեներալ կոմս Կանիցն ինքնասպան է լինում [7, էջ 19-20]։
Ապա կորպուսը շարժվում է դեպի Քասրի-Շիրին քաղաքը` քայլ առ քայլ Պարսկաստանից դուրս մղելով օսմանյան ուժերը: «Դեպի Քասրի-Շիրին մարտերով առաջխաղացումը տևեց մեկուկես ամիս: Սա Կասպից ծովից մինչև Իրաք երկարատև արշավի թերևս ամենադժվարին և բարդ մասն էր: Մեր զորքերը բախվեցին թուրքերի զորամասերի աճող դիմադրությանը, որոնց օժանդակում էին մեծաթիվ քրդական և ժանդարմական ջոկատներ»,- հիշում է ապագա մարշալը [3, էջ 30]: Քասրի-Շիրինը գրավում են 1916թ. մայիսին: Այստեղ առաջին մարտական պարգևն է ստանում ռոտմիստր Անդրանիկ Մելիք-Շահնազարովը, որն ավելի ուշ դառնալու էր Բաղրամյանի հրամանատարը ՀՀ և Կարմիր բանակի ստորաբաժանումներում։ Նրա հայրը` ցարական բանակի գեներալ Պողոս Մելիք-Շահնազարովը, այդ օրերին գալիս է Քասրի-Շիրին։ Այստեղ իրեն ներկայացնում են աչքի ընկած զինվորներին, այդ թվում և Բաղրամյանին, որը սվինամարտի մեջ էր մտել ասկյարի հետ ու հաղթող դուրս եկել [4, էջ 18-19]։ Հետագա ամիսներին Բաղրամյանն ու գեներալ Մելիք-Շահնազարովն ավելի հաճախ էին շփվում։
Վերադառնանք փոխգնդապետ Օգանեզովի՝ 1972թ. մարշալին հղած նամակին, որը լրացնում է թեման. «Որքան փշոտ էր [քո] ճանապարհը: Քեզ սպասում էին փշեր, քարքարուտներ և պարսկական տափաստանների փխրուն ավազները: Այդ օրից դու երբեք չհանեցիր քո ուսադիրները, այլ միայն փոխում էիր դրանք պաշտոնի և կոչման բարձրացումների դեպքում»: Իսկ Բաղրամյանը, իրեն հատուկ համեստությամբ, պատասխանում նշում է. «Գրիշա, ինձ թվում է, դու չափից շատ ուշադրություն ես դարձնում իմ անձի վրա»8:
Ներկայացնենք, թե ինչպիսին էր ավելի ընդհանուր ռազմական դրությունը Միջագետքում։ Հարավից Բարատովի կորպուսին ընդառաջ գալիս էր անգլիական շուրջ 20 հազարանոց զորքը: Անգլիացիները Պարսից ծոցի կողմից ափ ելան 1914թ. նոյեմբերին ու շարժվեցին Բաղդադի ուղղությամբ` մոտ 400 կմ: Սկզբնական շրջանում առանց շոշափելի դիմադրության առաջանալով` անգլո-հնդկական «D Force» կոչվող ստորաբաժանումն, այնուհանդերձ, թերագնահատեց թուրքերի ներուժը: Երբ ներկայիս Իրաքի մայրաքաղաքին մնացել էր 40 կմ, օսմանյան 6-րդ բանակը նախ «D force»-ին պարտության մատնեց բաց ճակատամարտում, ապա, երբ անգլիացի գեներալ Թաունսենդը նահանջելով փակվեց Քութ քաղաքում` շրջապատեց ու գրավեց այն [9, էջ 42]:
Թուրքերը Բաղդադում տպում և օդանավերից թռուցիկներ էին տարածում բրիտանական զորքի` Հնդկաստանից զորակոչված մահմեդականների շրջանում, որոնցում կոչ էին անում «հեռանալ անհավատների բանակից»: Նրանք հիշեցնում էին, որ Բաղդադի մոտակայքում, ուր առաջանում էին անգլիացիները, թաղված էր Մուհամեդ մարգարեն: Ջանքերն ապարդյուն չէին: Բրիտանացի պատմաբան Յուջին Ռոգանը բերում է մի քանի օրինակ, երբ հնդիկ մահմեդականները լքել են դիրքերը` որոշ դեպքերում մինչև այդ սպանելով անգլիացի վերադասներին [10, էջ 232]:
Անգլիացիների դեմ օսմանյան զորքը ղեկավարում էին գերմանացի ֆելդմարշալ Կոլմար ֆոն դեր Գոլցը և Էնվերի հորեղբայր Խալիլ փաշան: Վերջինս, ինչպես հայտնի է, ավելի ուշ տպած հուշերում հպարտացել էր, թե իրեն վստահված տարածքներում ձգտել էր մինչև վերջին հայը բոլորին կոտորել9: Քութի շրջափակման օրերին Գոլցը մահացավ հիվանդությունից կամ, հնարավոր է, սպանվեց Խալիլի ինտրիգների արդյունքում: Այսպիսով, 1916թ. ապրիլին Թաունսենդը անձնատուր եղավ հենց Խալիլին [11, էջ 267]: Ամերիկյան պատմաբանը նշում է, որ «Խալիլը խոստացել էր Թաունսենդին», թե հանձնվելու դեպքում «դուք և Ձեր ազնվազարմ զորքը կլինեք մեր անմիջական և պատվելի հյուրերը»: Մինչդեռ հայտնի է, որ հանձնված անգլիացի զինվորների մոտ 2/3-ը մինչև պատերազմի ավարտը գերության մեջ մահացավ [12, էջեր 348-349; 11, էջ 295]:
Անգլիացի գերյալներին ոտքով քայլեցրին մինչև Օսմանյան կայսրության խորքերը: Նրանք, անցնելով Դեր Զորով, ականատես եղան հայկական կոտորածներին: 1916-ի հունիս-հուլիսին անգլիացի գերիները հասան Ռաս Էլ էյն, որտեղ նրանց աշխատեցնում էին Բեռլին-Բաղդադ երկաթուղու վրա: Տեսնելով այստեղ հավաքվածներին` անգլիացի զինվորներն առաջին բանը, որ ասել էին. «Ձեր մեջ հայեր կա՞ն: Մեզ ուտելիք տվեք, օրերով բան չենք կերել» [13, էջեր 294-298]: Ցեղասպանության ենթարկվող հայությունը, այնուամենայնիվ, շարունակում էր մնալ անգլիացի զինվորի վերջին հույսը…
Գեներալ Բարատովի կորպուսին մինչև Բաղդադ մոտ 150 կմ էր մնացել, երբ ստացվեց Քութում Թաունսենդի պարտության լուրը: Անգլիացիներին հաղթելով` օսմանյան բանակը հնարավորություն ստացավ Միջագետքի ուժերն ուղղել ռուսական զորքի դեմ։
Մենակ մնալով գերակշիռ ուժերի դեմ` Բարատովը հարձակումից անցավ պաշտպանության…
1916թ. հուլիսին այսպիսին էր կացությունը Միջագետքում, երբ Հովհաննես Բաղրամյանին կանչեց «Սավելիչը»: «Գիտես, Իվան, Թիֆլիսի ենթասպաների դպրոց ուղարկելու համար թեկնածուներ են պետք: Դու բոլոր տվյալներով համապատասխանում ես»,- ասել էր «Սավելիչը» [3, էջ 31]:
Այսպես ապագա մարշալը կատարեց իր փայլուն զինվորական կարիերայի առաջին քայլը:
Բաղրամյանից բացի նույն դպրոցի համար ընտրեցին համակուրսեցի Պերելիգինին և ոմն Ակոպովի, որը թիֆլիսահայ էր: Ամռան տապին նրանք երեքով Իրաքից նույն երթով վերադարձան Թիֆլիս: Ճանապարհին Բաղրամյանը կարողացավ այցելել Չարդախլու` մոտ տասն օրով տեսնելու հարազատներին:
Բյուրոկրատական քաշքշուկն ու պետական ապարատի անկատարությունը նոր երևույթներ չեն: Թիֆլիսում ենթասպաների դպրոցի վերադասները Բաղրամյանին և Պերելիգինին չընդունեցին` համարելով, որ նրանց երկաթուղային կրթությունը բավական չէր դպրոցում ուսանելու համար: Պակասը լրացնելու նպատակով աշնանն ու ձմռան առաջին կեսին Բաղրամյանն ու Պերելիգինը ռուսաստանյան Արմավիր քաղաքում մասնակցեցին հեծելազորային դպրոցի վարժանքներին: Այսպիսով, հետևակային Բաղրամյանը դարձավ նաև հեծելազորային, թեև հայտնի է, որ նա մինչև այդ էլ վատ չէր ձիավարում։ Ինչպես կենսագրական գրքում նկատել է լրագրող Միրժանովը, «բոլոր չարդախլվեցիները հիանալի ձիարշավորդներ են» [2, էջ 7]։
Հովհաննես Բաղրամյանի պատանի տարիքի ամենահայտնի նկարներից մեկը հենց Արմավիրում ուսանելու ժամանակ է արվել` 1916թ. վերջերին10: Այստեղ ապագա մարշալը նաև այցելել է տեղի հայկական գիմնազիայի դասընթացներին։ Նա դառնալու էր ԽՍՀՄ բանակի ամենաուսյալ զորավարը` սովորելով 9 կրթական հաստատությունում11։
Արմավիրում Պերելիգինը չի կարողանում հանձնել ավարտական քննությունները, իսկ Բաղրամյանը, հաջողությամբ ավարտելով այն, նորից գալիս է Թիֆլիս ու 1917թ. փետրվարի 13-ին ընդունվում ենթասպաների դպրոց [4, էջ 19]: Դա ցարական Ռուսաստանի ռազմակրթական հաստատության վերջին ընդունելություններից էր: Մոտ երկու շաբաթ անց հեղափոխական Պետրոգրադում Նիկոլայ 2-րդը հրաժարվեց գահից:
Բաղրամյանը ռուսական բանակի կազմում ակտիվ ռազմական գործողությունների այլևս չի մասնակցել: 1917-ի ամռանը թիֆլիսյան դպրոցն ավարտելով` նա որոշ ժամանակ Ելիզավետպոլում պահեստային գնդի ենթասպա էր, որտեղ շարքայիններն իրեն ընտրում են դասակի հրամանատար: Ցարի հրաժարումից հետո Ժամանակավոր կառավարությունն ազատականացում էր սկսել։ Սույն բարեփոխումների շրջանակում շարքայիններին իրավունք տրվեց ընտրել կրտսեր հրամկազմին: Շուտով նրան ծառայության են ուղարկում նորից Պարսկաստան, Ուրմիա լճի տարածք, որտեղի զինվորներն էլ նրան ընտրում են գումարտակի ղեկավար կոմիտեի անդամ [3, էջ 33-34]:
Մինչև 1917թ. տարեվերջ Ուրմիայում ակտիվ ռազմական գործողություններ այլևս չեն վարվել, և Բաղրամյանը մասնակցել է տեղական նշանակության որոշ կռիվների:
1918. լինե՞լ, թե՞ չլինել. Ցարի հրաժարումից կարճ ժամանակ անց սկիզբ առավ մի երևույթ, որն ակնհայտորեն նոր աղետ էր բերելու հայերին՝ ցարական բանակի կազմալուծումն ու զինվորների զանգվածային հեռացումը բոլոր, այդ թվում նաև Կովկասյան ճակատից: Բացի սովորական դարձած դասալքությունից, բոլշևիկյան քարոզչությունը զինվորներին կոչ էր անում զենքն ուղղել ոչ թե դիմացի խրամատների «աղքատ բանվորների և գյուղացիների», այլ սեփական սպայակազմի դեմ «իմպերիալիստական պատերազմը դասակարգային պայքարի վերափոխելու նպատակով» [14, էջ 16]:
Երբ օսմանյան 3-րդ և Ռուսաստանի Կովկասյան բանակների հրամանատարությունները դեկտեմբերի 18-ին կնքեցին Երզնկայի հրադադարը, Պետրոգրադը վերահսկում էր Տրապիզոնից մինչև Երզնկա, Քեղի, Վան ու Բիթլիս ամբողջ գիծը, որը շարունակվում էր դեպի Պարսկաստան ու Միջագետք: Կովկասյան ճակատում մոբիլիզացված էր հսկայական զորք, ըստ Բաղրամյանի հուշագրության՝ «190 գումարտակ, 98 հազար սվին, 6600 սուր, 1200 գնդացիր, բոլոր տրամաչափերի 300 հրանոթ: Զորքերի ընդհանուր թիվը հասնում էր մի քանի հարյուր հազարի» [3, էջ 45]։
Թվերը փոփոխվում էին՝ կապված տեղաշարժի, մարտական կորուստների հետ։ Այդ պատճառով տարբեր պատմաբաններ տարբեր ցուցանիշներ են նշում, սակայն ընդհանուր առմամբ դրանք մոտ են Բաղրամյանի ներկայացրածին12։ Կովկասում ռուսական զորքին, երկաթուղուց բացի, մատակարարում էր 325 բեռնատար, գործում էր ռազմական ավիացիա` 20 օդանավից բաղկացած Սիբիրյան ավիաէսկադրոնը [9, էջ 226]: Իհարկե, նոր պայմաններում հայկական կողմը միայնակ նման ռեսուրսներ հրապարակ բերել չէր կարող: Թուրք զինվորների թիվը Կովկասում գնահատվում էր 78 հազար: Տարբեր ժամանակահատվածներում դրա մոտ 20-40 հազարը գործում էր Իրանում կամ Միջագետքում [6, էջ 164; 11, էջ 296]։
Թուրքերը թվաքանակով զիջում էին ռուսներին, սակայն վերջիններիս հեռանալու պայմաններում նրանք ավելին էին, քան կարող էին մարտադաշտ բերել հայերը: Առավել ևս, որ դարերով սեփական ազգային զինուժ չունենալով` մեզ համար դժվար էր նոր ձևավորվող հայկական ինքնուրույն զորքում բառացիորեն շաբաթների ընթացքում հաստատել կարևորագույնը` կարգապահությունը։ Ըստ հեղինակի դիտարկման, կարգապահության ու փոխադարձ կոորդինացիայի պակասը խիստ ճակատագրական դեր ունեցավ սկզբնական փուլում մեր անհաջողությունների, Արևմտյան Հայաստանից նահանջի համար:
Ամերիկյան դիվանագետները 1917թ. ամռանն արդեն խոսում էին Կովկասյան ճակատի անխուսափելի կազմալուծման և թուրքական նոր արշավանքի մասին: Նոյեմբերի 2-ին Թիֆլիսում ամերիկյան դիվանագետ Ֆելիքս Սմիթը հեռագրում է Պետրոգրադում ԱՄՆ դեսպան Ֆրենսիսին, որ «Տրապիզոնից մինչև Վան ռուսական 12 դիվիզիաներից մնացել են լավագույն դեպքում 4-ը», և «արտագաղթը» շարունակվում էր13: Հունվարի 3-ին նույն դիվանագետը գրում էր, որ մեկ կամ մեկուկես ամսում ճակատում ռուսական ստորաբաժանում չի լինի14: «Ռուսական կայսերական բանակը նախ դադարեց լինել կայսերական, ապա դադարեց լինել բանակ»,- նշում է ռուսական կայքը15:
Բաղրամյանն իր հուշերում գրում է. «Դեկտեմբերին և 1918թ. հունվարին Սարիղամիշով, Կարսով և Ալեքսանդրապոլով անցան մեծ թվով էշելոններ, որոնք ճակատից մեծ թվով զինվորների տարան դեպի Ռուսաստան: Ճակատային-զինվորականները… լավ էին հասկանում, որ թուրքական հրամանատարությունը կօգտվի առիթից, որպեսզի հարձակում սկսի` Անդրկովկասը գրավելու նպատակով, և հայ ժողովրդի հանդեպ կիրականացվեն նոր չարիքներ» [3, էջ 52]։
1918թ. մարտի 3-ին բոլշևիկյան կառավարությունը Բրեստ-Լիտովսկում ստորագրեց դաշնագիր, որով ճանաչվեց Օսմանյան Թուրքիայի իշխանությունը ոչ թե անգամ 1914թ. նախապատերազմական, այլ 1878թ. սահմաններում, այսինքն՝ Թուրքիային պետք է տրվեին Սարիղամիշը, Կարսը, Արդահանը, Բաթումը [14, էջ 21]։
Այս պայմաններում Կովկասում գործող Հայոց Ազգային խորհուրդն արագացրեց հայկական ազգային ստորաբաժանումների ձևավորումը: Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունը ևս, տեսնելով պահի լրջությունը, Կովկասյան ճակատի հայ կամավորական գումարտակները նախ դարձրեց երկու գումարտակից բաղկացած գնդեր, ապա ձևավորվեցին լրացուցիչ ուժեր, ինչը շարունակվում էր նաև բոլշևիկյան հեղափոխությունից հետո: Եթե չլիներ այս աշխատանքը, դժվար է ասել՝ ինչպիսին կլիներ Մայիսյան հերոսամարտերի հանգուցալուծումը:
Բաղրամյանն իր հուշագրությունում այսպես է ներկայացնում հայկական նոր ձևավորված ստորաբաժանումները` Հայկական 1-ին և 2-րդ դիվիզիաներ (որոնց կազմում հիմնականում ցարական բանակի հայկական գնդերն էին՝ գումարած երկու նոր գունդ), Անդրանիկի առանձին հարվածող դիվիզիան, երկու գնդերից բաղկացած Հայկական հեծյալ կորպուսը, Թիֆլիսում և Կարսում ձևավորված Հատուկ հեծյալ գունդը, երզնկացիների, էրզրումցիների, խնուսցիների, ղարաքիլիսցիների, վանեցիների, մակուցիների, զեյթունցիների հեծյալ գնդերը և մի քանի այլ ստորաբաժանում [3, էջեր 47-50]: 1976թ. աշնանը Հայաստանում անցկացրած երկու շաբաթների ընթացքում Բաղրամյանը սարդարապատցիների հետ հանդիպմանն ասել էր. «Լավ եմ հիշում զեյթունցի հեծելազորայինների գունդը, ընտրովի քաջեր էին: Կռվում էին անձնազոհ, ընկրկել չկար, մի քայլ հետ նահանջել չկար» [5, էջ 11]:
1917թ. նոյեմբերին Բաղրամյանը Պարսկաստանից Ջուղայով հասնում է Ղարաքիլիսա, որտեղ կարճ ժամանակ ծառայելուց հետո փոխադրվում է Դիլիջան: Ապա նրան ուղարկում են Թիֆլիս՝ իր ստորաբաժանման համար զենք բերելու: Նա թեև դժվարությամբ, բայց կատարում է հանձնարարությունը։ Թիֆլիսում ուշադրություն են դարձնում, որ Բաղրամյանն ուներ նաև հեծյալի կրթություն (Արմավիրում) և որոշում են նրան ներառել ձևավորվող Հայկական հատուկ հեծյալ գնդում: Այս գնդի երկու էսկադրոնները Կարսում էին, մնացած ստորաբաժանումներն ու շտաբը` Թիֆլիսում: Կոռնետ Բաղրամյանին ուղարկում են Կարս: Որպես զույգ էսկադրոնների ընդհանուր հրամանատար մարշալն իր հուշերում նշում է «կապիտան Ամիրխանյանին»։ Ըստ որոշ տեղեկությունների, սույն սպայի մականունը «Տաշի» է եղել։ Նրան այդպես էր կոչել Անդրանիկը լավ պարելու համար: Հովհաննես Բաղրամյանը Կարսից շարժվում է դեպի Սարիղամիշ, ապա` Էրզրումի ուղղությամբ, որտեղ պետք է մասնակցեր Անդրանիկի հրամանատարությամբ Էրզրումի պաշտպանությանը: Անդրանիկի զինվորը լինելու մասին հայտնի փաստն այս դրվագի հետ է կապված: Սակայն… «Հազիվ էր մեր ուղեկալը բարձրացել լեռնային անցումը, երբ տեսանք դեպի մեզ շարժվող փախստականների մեծ հոսք իրենց ընտանի կենդանիներով և սայլերին բարձած կահկարասիով: Ճանապարհի երկու կողմերին, փախստականների հետ խառնված, հոգնած քայլում էին զինվորների անջատ խմբեր` հրացաններով»,- հիշում է մարշալը [3, էջ 56]:
Մարտի 12-ին Էրզրումն ընկել էր: Անդրանիկը, փակելով գաղթականների թիկունքը, նահանջում էր դեպի Սարիղամիշ: Աղետը, որի վտանգի մասին համառորեն խոսվում էր 1917թ. ընթացքում, իրական ուրվագծեր էր ստանում: «Այդ պահին հստակ հասկացա մեր ժողովրդին պատուհասած աղետի ողջ խորությունը»,- հետո կգրի Բաղրամյանը [3, էջ 57]: Կենսագիր Մնացականյանը նշում է, որ առնելով Էրզրումի անկման լուրը՝ Բաղրամյանը լաց է եղել [4, էջ 35]։
Էրզրումի գրավումով օսմանցի զինվորների ձեռքն անցան ահռելի պաշարներ` ամբարված Ռուսական կայսրության կողմից: «Դա ավելի քան բավական էր բանակը կերակրելու և դեպի 1914թ. սահմաններն առաջ շարժվելու համար»,- նշում է բրիտանացի պատմաբանը [10, էջ 371]։ «Հայերն իրենց պատմութեան ընթացքին չէին տեսած այս տարողութեամբ ռազմամթերթ»,- Էրզրումի անկման նախօրեի վիճակն այսպես է բնութագրում ամերիկահայ հետազոտողը [15, էջ 395]։
Սարիղամիշի Խորասան քաղաքը ցարական ժամանակներում վարչական փոքր շրջանի (պրիստավության) կենտրոն էր16: Անդրանիկն այստեղ է իջևանում, ու այստեղ է պատահում լեգենդի և ապագա լեգենդի հանդիպումը: Բաղրամյանի հուշագրությունում և այլ աղբյուրներում այս դրվագը տարբեր է ներկայացվում: Ըստ մարշալի հուշագրության, Անդրանիկը Խորասանում դիտում է հայկական ստորաբաժանումները, գոհ մնում և հրահանգում, որ մի դիվիզիոն, որի կազմում նաև Բաղրամյանի դասակը, Սարիղամիշից փոքր-ինչ առաջանա Էրզրումի ուղղությամբ, դեպի Քյոփրյուքյոյ բնակավայրը և դիրքավորվելով այնտեղ` մեկ օրով կասեցնի թուրքական առաջապահ ուժերի հավանական շարժումը դեպի Խորասան: Բաղրամյանի դասակն առաջինն է հասնում Քյոփրյուքյոյ, ավելի ուշ գալիս են մնացած ուժերը և մարտի 14-ի առավոտյան ջարդում թուրքական 150 հոգանոց ջոկատը, որն Էրզրումից արևելք շարժվելով` հասել էր Քյոփրյուքյոյ: Դիրքը պահելով մինչև երեկո և այսպիսով կատարած լինելով Անդրանիկի հրամանը` կապիտան Ամիրխանյանի դիվիզիոնը նահանջում է Խորասանի ուղղությամբ: Անդրանիկն այդ ժամանակ այստեղից արդեն մեկնել էր Սարիղամիշ [3, էջ 59-60]։ Որևէ այլ մանրամասն Անդրանիկի հետ հանդիպման մասին իր գրքում մարշալը չի գրում: Գրեթե նույն ձևով է հանդիպումը ներկայացնում կենսագիր Արամայիս Մնացականյանը։
Համացանցում առկա է «Զորավար Անդրանիկի ապտակները» խորագրով հայտնի հոդվածը, համաձայն որի՝ Բաղրամյանի և Անդրանիկի առաջին և միակ հանդիպմանը Սասնա արծիվն ապտակել է ապագա հայ զորականին։ Մեծ հայդուկապետը զայրացել էր, որ Բաղրամյանի դասակում հնչում են դասալքելու կոչեր, «քանի որ «աղաների» որդիները չեն կռվում»: Ըստ հոդվածի՝ 1968թ. ԵՊՀ-ում հանդիպմանը Բաղրամյանին հարցրել էին Խորասանում Անդրանիկի հետ հանդիպման մասին, ինչին նա պատասխանել էր. «Առավոտ շուտ ինձ դուրս կանչեցին։ …Զորավարը խոժոռ հայացքով նայեց ինձ ու ապտակեց.
- Կոռնետ Վանո՛, քո այդ երեսուն զինվորները իմ հույսն են… բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում… Հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով… Գնա կարգի բեր քո էսկադրոնը…
Զորավարի ապտակը ինձ մարշալ դարձրեց։ Ոչ մի պարագայում չի կարելի հայրենիքից նեղանալ… Չէ՞ որ 1941-ին աքսորի մեջ գտնվող մեծ թվով խորհրդային գեներալներ վերադարձան պայքարելու ֆաշիզմի դեմ, ինչպես, օրինակ, մարշալ Կոնևը…»,- գրում է հոդվածագիրը17:
Սույն պատմությունը որոշ խոցելի կողմեր ունի. Իվան Կոնևը ոչ պատերազմից առաջ, ոչ հետագայում ռեպրեսիայի չի ենթարկվել, և Բաղրամյանը խիստ անհավանական է, որ այս մասով սխալվեր: Ըստ պատմաբան Գրիգոր Աբրահամյանի հուշերի, մարշալը ԵՊՀ է այցելել նաև 1976 և 1978թթ., և այս հանդիպումներից մեկի ժամանակ ներկաներն իրոք հետաքրքրվել են Անդրանիկի մասին մարշալի կարծիքով։ «Անդրանիկը հրաշալի և քաջ հրամանատար էր, իսկական հերոս»,- հայտարարել է նա` չկարողանալով ավարտել խոսքը, քանի որ սրահը որոտացել է ծափերից [16, էջ 111]։ Այլ տեղեկություն Աբրահամյանը չի փոխանցում։
Հայտնի հոդվածի հեղինակը, ցավոք, վախճանվել է, իսկ նրա ներկայացրած սկզբնաղբյուր-գրքերից ոչ մեկում ապտակի դրվագը չկա։ Այս բոլոր փաստերը չեն բացառում, թե նշված պատմությունն իրական է, պարզապես հաստատող այլ տվյալներ գտնել առայժմ չի հաջողվել։ Հայտնի է, որ 1974թ. Ֆրանսիա այցի ժամանակ Բաղրամյանն այցելել է Պեր Լաշեզ գերեզմանատուն, ծաղկեպսակ դրել Անդրանիկի շիրիմին ու զինվորական պատիվ տվել։
ՀՀ Ազգային արխիվի Բաղրամյանի ֆոնդում 4 թղթապանակ կա զորավար Անդրանիկի թեմայով։ Նկատելի էր, որ մարշալը, ՀԽՍՀ մի քանի այլ պատմաբանների հետ կապ պահելով, ուշադիր հետևում էր Անդրանիկի անձը «սևացնելու» խորհրդային Ադրբեջանի մի քանի վայ-պատմաբանների ու գրողների (Իղրար Ալիև, Էյուբա Աբասովա, Մամեդ Օրդուբադի և այլն) գործունեությանը և այս թեմայով նամակներ է ուղարկել հայ պատմաբան Ծատուր Աղայանին։ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայից պարբերաբար մարշալին էին փոխանցում Անդրանիկի մասին հրապարակումների պատճենները, վերջինը 1982թ. մայիսին, մահվանից ընդամենը կես տարի առաջ [17, էջ 142, փաստաթուղթ 100]։ Զորավար Անդրանիկ - Հովհաննես Բաղրամյան հարաբերությունների ընդգրկուն և կարևոր լինելու պատճառով այս թեման այլ, առանձին ուսումնասիրության առարկա կարող է լինել։
1918թ. մարտի վերջերից հայկական զորքը մոտ երկու շաբաթ կատաղի դիմադրություն է ցույց տալիս Սարիղամիշում: Այս գոյամարտն անուղղակի, բայց շատ լուրջ օգնություն էր դաշնակիցներին: Թուրքիան հայերի դեմ զորք էր ուղարկում փաստացի այլ ճակատների հաշվին` մասնավորապես թուլացնելով անգլիացիների դեմ Միջագետքի ուժերը: Անդրադառնալով Միջագետքի մարտերին` ամերիկացի պատմաբան Քրատվելը գրում է. «Թուրքերը, որոնց վերջին համալրումները Էնվերն ուղարկել էր Հայաստանի և Կովկասի ուղղությամբ, էլ ավելի էին սեղմվում դեպի հյուսիսի բարձունքները» [12, էջ 609]: Բրիտանացի մեկ այլ պատմաբան՝ Ռոգանը, հենց կովկասյան դիմադրությունն է համարում Առաջին աշխարհամարտում Թուրքիայի պարտությունն արագացրած գործոններից մեկը: Նա նշում էր, որ երբ ավելի ուշ՝ օգոստոսին, Նուրի փաշայի առաջին գրոհը Բաքվի ուղղությամբ Ստեփան Շահումյանը հետ մղեց, «Նուրին համալրում պահանջեց, և Էնվերը ևս երկու օսմանյան գունդ ուղարկեց օգնելու Բաքվի գրավմանը»: «Նրանք վերջապես քաղաքը գրավեցին սեպտեմբերի 15-ին, սակայն Բաքուն ոչ թե միացրին Օսմանյան կայսրությանը, այլ ապահովեցին, որ նորաստեղծ Ադրբեջան պետությունը [ընդգծումը` Հ.Ն.] իրենց հավատարիմը լինի հետցարական Կովկասում»,- գրում է հեղինակը` հավելելով, որ «թուրքական զորքն ուղարկելով Միջագետքից ու Պաղեստինից՝ Էնվերի Կովկասյան արշավանքը դարձավ մի հապճեպ գործ, որը նպաստեց Օսմանյան կայսրության կործանմանը» [10, էջ 373]։
Հայկական դիմադրության արդյունքում նաև հետաձգվեց Բաքվի նավթահանքերի գրավումը երիտթուրքերի կողմից, ինչի պատճառով գերմանացիները չէին կարողանում ապահովել իրենց նավթի կարիքները: «1918թ. ամռանը գերմանացիներն ավելի քան երբևէ նավթի կարիք ունեին» [10, էջեր 371-372; 18, էջ 385]։
Նույնը նկատել է նաև Բաղրամյանը՝ ասելով, որ մայիսյան հերոսամարտերը կասեցրին զավթարարների առաջխաղացումը դեպի Բաքու [3, էջ 91-92]։
Վերադառնալով Սարիղամիշի կռիվներին՝ նշենք, որ այս ընթացքում Բաղրամյանի վաշտը պորուչիկ Գրիգորյանի ենթակայության էսկադրոնի կազմում էր, որին հանձնարարված էր պահել Կըզըլ Գայուկի լեռնանցքը, որտեղով կարող էին առաջանալ թուրքերը Սարիղամիշի մեր հիմնական զորքին հարվածելու համար: Բաղրամյանի ստորաբաժանումը տեղակայվում է Թոյգուն հունական գյուղում, որը գրեթե անմարդաբնակ էր [3, էջ 62]: Ինչպես և Քյոփրյուքյոյի դեպքում, Թոյգունում ևս, հանդիպելով թուրքական առաջապահ ուժերի, Բաղրամյանը կրակի հրաման է տալիս: «Զինվորները հրացաններից կրակ բացեցին: Կորցնելով երեք զինվոր և տալով մի քանի վիրավոր՝ թուրքերը խուճապահար փախան»,- հիշում է նա [3, 64 էջ]: Մեկ շաբաթ անց պատմությունը գրեթե նույնությամբ կրկնվում է: Բաղրամյանի դասակը կրկին հրացանազարկ է անում ասկյարներին, որոնք կորուստներով հետ են քաշվում Թոյգունի մատույցներից: Երկու դեպքում էլ պորուչիկ Գրիգորյանը զեկուցում է ղեկավարությանն այս հաջողությունների մասին: Շուտով Գրիգորյանը հիվանդանում է, և Բաղրամյանը ստանձնում է ողջ դիվիզիոնի հրամանատարությունը: Այդ ընթացքում ապրիլի 5-ին թուրքերը գրավում են Սարիղամիշը: Թոյգունի մոտ Բաղրամյանի դիվիզիոնը մի վերջին անգամ գնդակահարում է թուրքական գումարտակը` սպանելով տասնյակների, ապա նահանջում մնացած հայկական զորքերի հետ:
Ապրիլի 7-ին ընկնում է Արդահանը, 9-ին՝ Բաթումը և առանց կռվի (Սեյմի վրացական ղեկավարության ցուցումով)՝ Կարսը, ապա, կարճատև հրադադարից հետո` Ալեքսանդրապոլը: Բաղրամյանի մասնակցությամբ դիմադրության հաջորդ կետը Սարդարապատն էր, որտեղ և վճռվեց լինել, թե չլինելու հարցը:
Ալեքպոլի անկումից հետո թուրքական 36-րդ «Գելիբոլու» դիվիզիան դեպի Երևան էր առաջանում երկաթուղու գծերով` գրավելով կայարաններ ու կիսակայարաններ: Կազմում ունենալով 3 գունդ, հրետանային դիվիզիոններ ու մի քանի գումարտակ` ստորաբաժանումն այդ պահին օսմանյան զինուժի ամենամարտունակներից մեկն էր: Մայիսի 20-ին նրանք գրավեցին Արաքս կայարանը: Մայիսի 21-ին թուրքական դիվիզիայի զինվորները, հանդերձավորված ցարական բանակայինների համազգեստով (որ նրանք ձեռք էին գցել Էրզրումում կամ Կարսում), հաղթահարելով հայկական Ալագյազի ջոկատի դիմադրությունը, արևմտյան կողմից մտնում են Սարդարապատ գյուղը: Մոտավորապես նույն պահին գյուղի արևելքից, 5 ձիավորի գլուխ կանգնած, Սարդարապատ է մտնում Հովհաննես Բաղրամյանը, որին գնդապետ Զլոտարևը հանձնարարել էր պարզել, թե ինչ ուժեր են թուրքերը կուտակել գյուղի մատույցներում և ինչպես է ընթանում պաշտպանությունը: Այն, որ Սարդարապատում արդեն թուրք ասկյարներ են շրջում, հայկական հրամանատարությունը չգիտեր: «Որքան մեծ էր զարմանքս, երբ ձիավարելով հասանք եկեղեցի (խոսքը 19-րդ դարում կառուցված Սբ Աստվածածին եկեղեցու մասին է, որը ներկայում գործում է- Հ.Ն.) և անսպասելիորեն տեսանք ռուսական բանակի հանդերձանքով 20-ի չափ զինվորականների, որոնք հրացաններն առաջ պահած գալիս էին ընդառաջ: Մեզ տեսնելով` կանգ առան, շարունակելով հրացանները պատրաստ պահել»,- հիշում է մարշալ Բաղրամյանը [3, էջ 78-79]:
Կարծելով, թե առջևում հայ զինվորականներ են, հավանաբար Ալագյազի ջոկատից, նա իջնում է ձիուց և, ընդառաջ քայլելով, խաչակնքում՝ ցույց տալու համար, որ քրիստոնյա հայ է: Այդ պահին թուրքերը կրակում են:
«Միայն հասցրի տղաներին հրահանգել` «դեպի հետ» ու ինքս էլ պատի անկյունն անցա: Գնդակները սուլելով ծակոտեցին պատը»,- սարդարապատցիների հետ զրույցում ավելի ուշ հիշել է մարշալը [3, էջ 10]։ Հեծելավորները վերադառնալով զեկուցում են, թե Բաղրամյանը սպանվել է: Բայց Բաղրամյանին սպանելը դյուրին չէ: Նա կարողանում է խուսափել ասկյարներից և անվնաս վերադառնում է:
Մայիսի 21-ի երեկոյան թուրքերն ամբողջովին տիրում են Սարդարապատին ու գրավում Կամըշլու, ներկայիս Եղեգնուտ գյուղը: Դա թուրքերի վերջին հաղթանակն էր: Հաջորդ օրը գեներալ Սիլիկյանը հակահարձակման հրաման է տալիս, և նրա տեղակալ, Երևանյան զորախմբի փոխհրամանատար Դանիել Բեկ-Փիրումյանի ուժերը հարվածով թուրքերին հետ են մղում այս երկու գյուղերից: Մարտերին հավանաբար մասնակցել է նաև ապագա մարշալը: «Երբ գյուղն ազատեցինք, տեսանք, թե ինչպիսի գազանություններ էին կատարել անօրենները: Ամեն ինչ քարուքանդ էր արված, փլատակների ու մոխրակույտերի էր վերածված»,- գրում է նա [3, էջ 10]: Հայտնի է նաև, որ այս ընթացքում Բաղրամյանը հետախուզական նպատակներով մեկնել է նաև Թալինի ուղղությամբ՝ «ճշտելու Արագածի լանջերով թուրքերի զորամասերի շարժման ընթացքը» [4, էջ 30]։ Թալինից վերադառնալիս` նա ճանապարհին շորերի մեջ փաթաթված 2-3 ամսական երեխա է գտնում, որին հետախույզները հանձնում են մոտակա որբատուն [4, էջ 28]։
Եվ սկսվում է Սարդարապատի ճակատամարտը…
Գոյամարտի սկզբում Բաղրամյանը 1-ին հատուկ հեծյալ գնդի և աջից թուրքերի վրա գրոհող Պողոս Բեկ-Փիրումյանի «Ղարաբաղցիների» գնդի միջև կապի սպայի պարտականնությունն էր կատարում: Դատելով հուշագրությունից` հաճախ գտնվել է «Ղարաբաղցիների» գնդի հրամանատարական կետում, որտեղից դիտել է մարտը: Մայիսի 27-ին Սիլիկյանն, անսպասելի գրոհելով թուրքերի ձախ թևի ուղղությամբ, նրանց ստիպում է հետ քաշվել։ Հայկական հարվածների ներքո և շրջափակումից խուսափելու համար սկսում են նահանջել մնացած թուրքական ուժերը: Թշնամուն հետապնդողների թվում էր Հովհաննես Բաղրամյանն իր հեծյալ ջոկատով: Ըստ առկա տվյալների, նա հակառակորդին կրնկակոխ հետևել է մինչև Թալին` զեկույցներ ուղարկելով համանատարությանը թուրքերի տեղաշարժի մասին: Այստեղ Բաղրամյանին նորից տեսնում ենք առաջապահ հետախուզական ստորաբաժանման հրամանատարի դերում, ինչպես նախկինում պատահել էր [3, էջ 86]։
Ըստ ապագա մարշալի հուշերի, թուրքերի նահանջը կրում էր անկանոն, երբեմն` խուճապային բնույթ: Հայկական բանակը նախատեսում էր հարձակվել Ալեքսանդրապոլի ուղղությամբ, սակայն հունիսի 4-ի Բաթումի դաշնագրով հիմնականում ավարտվում են ռազմական գործողությունները:
«Հայ ժողովուրդն ապացուցեց, որ ինքն ինչպես կառուցել ու շենացնել գիտի, այնպես էլ ոսոխին հարվածել գիտի: Նրանց համերաշխ ու բուռն գրոհներին թշնամին չդիմացավ, ծլկեց` մարտի դաշտում թողնելով անհամար դիակներ»,- ճակատամարտի մասնակիցների հետ տասնամյակներ անց զրույցում ասել է Հովհաննես Բաղրամյանը [5, էջ 11]:
Ուշագրավ է նաև, որ Սարդարապատի կռվից 60 տարի անց Բաղրամյանը, արդեն որպես մարշալ, վերլուծել է հերոսամարտի ողջ ընթացքը, ուսումնասիրել Սիլիկյանի գործողությունների հաջորդականությունը` հանգելով այն կարծիքին, որ զորագնդերի տեղաբաշխման, թիկունքի ու զորքի թևերի ապահովման, պաշտպանությունից հարձակման անցնելու առումներով Սիլիկյանը եղած բարդագույն կացությունում ընդունել է եզակի ճիշտ մարտավարական որոշումներ: «Կարևոր է նկատել, որ գեներալ Սիլիկովը Սարդարապատի օպերացիայի իրականացման իր որոշման հիմքում դրեց ոչ թե պասիվ պաշտպանությունը, այլ գերազանցող ուժերի դեմ հակընդդեմ վճռական գրոհը: Հենց ակտիվությունն ու վճռականությունը հայկական զորքերը բերեցին պատմական հաղթանակի»,- գրում է մարշալը [3, էջ 91]:
Հայտնի է, որ մայիսյան հերոսամարտերից կարճ ժամանակ անց Բաղրամյանն առաջին անգամ եղել է Երևան քաղաքում: Այս մասին նա նշել է 1968թ. Երևանի 2750-ամյակի առիթով իր շնորհավորական ուղերձում18։
Այսպիսով, Առաջին աշխարհամարտի տարիներին Հովհաննես Բաղրամյանի գործունեությունը կարևոր է հիշել, քանի որ այն ավելի պարզորոշ է ի ցույց դնում նրա ազգային նկարագիրը: Որքան էլ Մեծ հայրենականում ու հետագա տարիներին գնդապետ, ապա գեներալ, իսկ հետո՝ մարշալ Բաղրամյանի ռազմական գործերը, ծառայելով Խորհրդային Միությանը, ըստ էության ծառայում էին նաև մեր ժողովրդին, hայերի համար ճակատագրական 1914-1918թթ. նրա կամավոր զինվորագրումն ու պայքարն Օսմանյան Թուրքիայի դեմ Բաղդադի մատույցներից մինչև Սարդարապատ, շատ ավելի ուղղակիորեն են ցույց տալիս, որ Հովհաննես Բաղրմայանը նախ և առաջ հայ էր, իր ժողովրդի անմնացորդ հայրենասերը: Այն, որ խորհրդային կարգն իր ժողովրդին ծառայելու միջոց էր և կոմունիզմ ասածը մարշալի համար երկրորդական դեր ուներ (եթե ընդհանրապես ուներ)՝ երևում է փաստից, որ Հովհաննես Բաղրամյանը Կոմունիստական կուսակցությանը բավական ուշ է միացել` անկուսակցական մնալով անգամ 1937-38թթ., բանակում սարսափելի զտումների ժամանակ: Այս փաստը նկատել է բրիտանացի պատմաբան Ջոֆրի Ջյուքսը: «Նա [Բաղրմայանը] Կարմիր բանակում կարիերա արեց, թեև անսովոր էր, որ իբրև ավագ սպա Կոմունիստական կուսակցությանը միացավ միայն 1939թ.»,- գրում է Ջյուքսը [19, էջ 25]: 1939թ. նա միայն դարձել է կուսակցության անդամի թեկնածու, իսկ վերջնական անդամագրվել 1941թ., 44 տարեկան հասակում, երբ արդեն 21 տարի Կարմիր բանակի կազմում էր։ Համեմատության համար՝ Ժուկովը, Ռոկոսովսկին, Տիմոշենկոն կուսակցությանը միացել էին 1919թ., Կոնևը` 1918թ., Սանդալովը` 1918-ից կոմերիտական էր: Հրետանու մարշալ Կոզակովը կուսակցությանն անդամագրվել է 2 անգամ` 1918թ., ապա հեռացվել է ու նորից միացել 1932թ.:
Բաղրամյանի ազգային նկարագիրը ևս մեկ անգամ պարզ երևաց կյանքի մայրամուտին, երբ տպեց հուշերը: Գրքի սկզբում տասնյակ էջերով նա պատմում է հայկական հարցի, համիդյան ու Ադանայի ջարդերի, Մեծ եղեռնի, հայ կամավորական շարժման, Անդրանիկի, Սիլիկյանի, Դրոյի ու Փիրումյան եղբայրների, մայիսյան հերոսամարտերի, մեծ թվով հայ սպաների մասին: Սովետական Միության տարիներին մարշալն իր կենսագրականում տպագրել է տողեր, որոնք կարող էին խնդրահարույց լինել, խոչընդոտել գրքի հրատարակմանը։
«Ի տարբերություն որոշ պատմաբանների, ես հիմնավորապես և լիակատար վստահությամբ կարող եմ ասել, որ 1918թ. ողբերգական տարում հայկական բանակն իսկական ազգային բանակ էր»,- այսպես է առավելապես դաշնակցության հետ առնչվող զինուժի մասին նախորդ դարի 70-ականներին գրել Բաղրամյանը: Իսկ մեկ այլ տեղ հիշում է Միքայել Նալբանդյանի տողերը. «Մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի…»:
Առաջին Հանրապետության զինվորն, իհարկե, գիտեր, թե ինչ խոսքեր էր մեջբերում սովետական դարաշրջանում: Եվ դա, անշուշտ, գիտեին նաև պատկան մարմինները…
1 Боевые действия Красной Армии в ВОВ; 3-ий Белорусский фронт, http://bdsa.ru/фронты/890-3-723.
2 Ըստ մի վարկածի, Կարապետ Բայրամյանը սպանել էր էթնիկ թյուրքի և հեռացել` խուսափելով հետապնդումից։ Այդ պատճառով Բայրամյան ազգանունը Չարդախլուում ձևափոխել է Բաղրամյան։ Հանդիպում է նաև Բաղրամյանց տարբերակը։ Նոյեմբերյանի տարածաշրջանում բնակվում են Բայրամյաններ, որոնք Բաղրամյանների ազգականներն են։ Հովհաննես Բաղրամյանն անձնական զրույցներում Տավուշի իր հեռավոր ազգականներին կոչել է «Բայրամոնք»։
3 ԱՄՆ Ազգային արխիվ, Թավրիզում ԱՄՆ հյուպատոս Ռոբերտ Ռասուի գաղտնի հեռագիրը Թեհրանում ԱՄՆ դեսպանատանը, 25 փետրվարի 1946 (անգլերեն, RG 84, Records of the Foreign Service Posts of the Department of State, Iran, U.S. Legation and Embassy, Classified General Records, 1946, 000-771.9, Entry UD 2738; Box 9, Envelope 701-711.9, U.S. National Archives).
4 «Ժանդարմերիայի Բաթումի շրջանի բաժանմունքի պետի օգնականի զեկուցագիրը», ԽՍՀՄ Կենտրոնական պետական ռազմապատմական արխիվ (ներկայում Ռուսաստանի պետական ռազմապատմական արխիվ), ֆոնդ 1300, ցուցակ 29, գործ 158, էջ 170(շ), ըստ Աշոտ Հարությունյան, «Կովկասյան ճակատ 1914-1917», էջ 131 (ЦГВИА СССР (ныне Государственный военно-исторический архив РФ), фонд 1300, опись 29, дело 158, л 170(об), по Ашот Арутюнян, «Кавказский фронт 1914 1917», стр. 131).
5 Պաշտոնաթող փոխգնդապետ Գրիգորի Օգանեզովի շնորհավորական ուղերձը Հ.Ք. Բաղրամյանի 75-ամյակի օրը, 27.11.1972, Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 404, ցուցակ 1, գործ 710, 1-ին էջ, ռուսերեն, (Поздравительный адрес подполковника в отставке Г.Оганезова в день 75-летия И.Х. Баграмяна).
6 http://militera.lib.ru/memo/russian/hohlov_pi/05.html
7 Տե՛ս գեներալ Խոխլովի հուշերը, նաև ՌԴ ՌՕՈւ կայքը, http://www.airforce.ru/memorial/estonia/saaremaa/index.htm
8 Поздравительный адрес подполковника в отставке Г.Оганезова в день 75-летия И.Х. Баграмяна, 27 ноября, 1972, Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 404, ֆայլ 1, գործ 710, 1-ին էջ։
9 Հալիլ Փաշա Քութ, «Չավարտվող պատերազմ» (Halil Pasa Kut, “Bitmeyen Savas”, Edited by M.T. Sorgun. Istanbul: Yedigün publications), ըստ Վահագն Դադրյան, «Հայոց ցեղասպանության փաստագրումը թուրքական աղբյուրներում» (Vahagn Dadrian, “Documentation of the Armenian Genocide in Turkish Sources”), հղումը՝ http://norkhosq.net/wp-content/uploads/2011/04/Documentation-of-the-Armenian-Genocide-in-Turkish-Sources1.pdf
10 «Иван Баграмян», http://arm-world.ru/ludi/8323-ivan-bagramyan.html, տե՛ս նաև «Ենթասպայից մինչև մարշալ», Բելոռուսկայա վոյեննայա գազետա, 04.12.2012 («От прапорщика до маршала», Белорусская военная газета), 04.12.2012, http://vsr.mil.by/2012/12/04/ot-praporshhika-do-marshala/
11 Բաղրամյանը սովորել է Ելիզավետպոլի երկաթուղային դպրոցում (1907-1912), Թիֆլիսի երկաթուղային ուսումնարանում (1912-1915), Արմավիրի հեծելազորային դպրոցում (1916), Արմավիրի հայկական գիմնազիայում(1916), Թիֆլիսի ենթասպաների դպրոցում (1917), մասնակցել Լենինգրադում հեծելավորների դասընթացներին (1924-1925), ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր շտաբի եռամսյա կուրսերին (1931), ուսանել Մ.Ֆրունզեի անվան զինվորական ակադեմիայում (1931-1934), ԽՍՀՄ ԶՈւ Գլխավոր շտաբի ակադեմիայում(1936-1938)։
12 Պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը 1915թ. ապրիլի 1-ի դրությամբ Կովկասում ցարական զորքի մասով հետևյալ թվերն է ներկայացնում. 119-ն ու կես գումարտակ, 212 հարյուրյակ, 364 հրանոթ։ Նաև նշում է, որ ավելի ուշ զորքերի թիվն աճել է։
13 RG Records of Foreign Services Tiflis USSR, Volume 10 Correspondence American Consultae Tiflis Class 711, 863 and 865-84, 1917, 1918, 1919 «Proposed plan of campaign in the Near East», p. 1.
14 Նույն տեղում, p. 2.
15 «Կազակները և 1-ին համաշխարհային պատերազմը», 08.01.2015 (Казаки и Первая мировая война), http://topwar.ru/66022-kazaki-i-pervaya-mirovaya-voyna-chast-v-kavkazskiy-fro«»nt.html
16 «Կարսը և Կարսի շրջանը Ռուսաստանի կազմում 1878-1918», 25.03.2015 (Карс и карская область в составе России 1878-1918), http://statehistory.ru/5016/Kars-i-Karsskaya-oblast-v-sostave-Rossii-v-1878-1918-gg/
17 Զորավարի ապտակները, 29.09.2014, http://imyerevan.com/hy/society/view/9005
18 И.Х. Баграмян, статья к празднованию 2750-летии г. Еревана, октябрь 1968г., Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 404, ֆայլ 1։
Նոյեմբեր, 2016թ.
Աղբյուրներ և գրականություն
1. Կլիմենտ Հարությունյան, Մարշալ Բաղրամյան, Երևան, 1997։
2. Մարտին Մերժանով, Զինվոր, գեներալ, մարշալ, Երևան, 1975։
3. Ի.Խ. Բաղրամյան, Իմ հիշողությունները, Երևան, 1979 (И.Х. Баграмян, «Мои воспоминания», «Айастан», Ереван 1979)։
4. Արամայիս Մնացականյան, Մարշալ Բաղրամյան. կյանքի և գործունեության ուրվագիծ, Երևան, 1978։
5. Կիմ Ղալաչյան, Տասնչորս օր մարշալ Բաղրամյանի հետ, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1978։
6. Աշոտ Հարությունյան, Կովկասյան ճակատ 1914-1917, Երևան, 1971 (Ашот Арутюнян, Кавказский фронт 1914-1917, Ереван, 1971)։
7. Պ.Ն. Ստրելյանով (Կալաբուխով), Գեներալ Բարատովի կորպուսը, Մոսկվա, 2002 (П.Н. Стрелянов (Калабухов), Корпус Генерала Баратова, Москва, 2002)։
8. Գևորգ Ղարիբջանյան, Հայ մեծ զորավարը, Երևան, 1997։
9. Ջոֆ Բրիջեր, Մեծ պատերազմը. ուղեցույց Մեծ Բրիտանիա, 2013 (Geof Bridger, “The Great War: Handbook”, UK, 2013)։
10. Յուջին Ռոգան, Օսմանցիների անկումը, Նյու Յորք, 2013 (Eugene Rogan, “The Fall of the Ottomans”, Basic Books, NY, 2013).
11. Առաջին համաշխարհային պատերազմը. պատերազմ հանուն բոլոր պատերազմները վերջացնելու, 2013 (Peter Simkins, Geofrey Jukes, Michael Hickey, “The First World War. The war to end All Wars”, Osprey Publishing, 2013).
12. Չ.Քրութվել, Մեծ պատերազմի պատմությունը. Միջագետք, Եգիպտոս և Պաղեստին, Չիկագո, 2007 (Charles R.M.F. Cruttwell, “A History of the Great War: Mesopotamia, Egypt and Palestine”, Academy Chicago Publisher, 2007).
13. Գրիգորիս Բալաքյան, Հայկական Գողգոթա, Նյու Յորք, 2009 (Grigoris Balakian, “Armenian Golgotha”, New York, 2009).
14. Ռիչարդ Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, Կալիֆոռնիայի համալսարան, 1974 (Richard Hovhannisian, “The Republic of Armenia”, University of California Press – 1974).
15. Անդրանիկ Չելեպյան, Զորավար Անդրանիկը և հայ հեղափոխական շարժումը, Երևան, 1990։
16. Գրիգորի Աբրահամյան, Զորավար Բաղրամյան, Երևան, 1997 (Григорий Абрамян, «Полководец Баграмян», Ереван 1997).
17. Մարշալ Բաղրամյան. փաստաթղթերի և նյութերի ժողովածու (ռուսերեն), ՀՀ ԳԱԱ «Գիտելիք» հրատարակչություն, Երևան, 1997 (Маршал Баграмян. Сборник долументов и материалов).
18. Ջոն Կիգան, Առաջին համաշխարհային պատերազմը, Նյու Յորք, 2000 (John Keegan, “The First World War”; Vintage Books, 2000; NY).
19. Ջոֆրի Ջյուքս, Բաղրամյան. Ստալինի գեներալները գրքից (Geofrey Jukes, “Bagramian”, chapter from “Stalins' Generals”, edited by Harold Shukman, NY, 1993).
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ» ՀՆԱՐՔԸ. Ի՞ՆՉ ՆՊԱՏԱԿ Է ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԱՆԿԱՐԱՆ[11.04.2017]
- ՔԱՆԻ՞ ՏԱՐԵԿԱՆ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ. ԿՐԿԻՆ ԱՓՇԵՐՈՆՅԱՆ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[08.12.2014]
- ԻՆՉՊԵՍ ՍՏԵՂԾԵԼ ԺՈՂՈՎՈՒՐԴ. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ[10.04.2013]
- Ո՞Ր ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ Է ԱՌԱՋԻՆԸ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ[24.01.2013]
- «ԲԱՐԵՎ, ՀԱՅՐԵՆԱԿԻՑ». ԷԴ ԱԼԵՔՍԱՆԴԵՐԸ ԵՐԿԱԹՅԱ ՎԱՐԱԳՈՒՅՐԻ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐՈՒՄ[22.09.2011]
- «ԲԱՅԴԵՆԻԶՄՆԵՐ». ՋՈ ԲԱՅԴԵՆԻ ՎՐԻՊԱԿՆԵՐԸ[18.11.2010]
- ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[22.07.2010]
- ԱՐԴՅՈՔ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՉԻ՞ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ[09.04.2010]
- ԲՈՒԼՂԱՐԱԹՈՒՐՔԵՐ. ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[01.03.2010]
- ԵՐԵՎԱՆ-ԱՆԿԱՐԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ[21.12.2009]