• am
  • ru
  • en
Версия для печати
22.07.2010

ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

EnglishРуский

   

Հայկարամ Նահապետյան

Հ.Նահապետյան՝ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրային հեռուստատեսության թղթակից։

Միացյալ Նահանգների պետական քաղաքականության մշակման, փորձագիտական և տեղեկատվական դաշտի ձևավորման հարցում մեծ դեր է հատկացվում վերլուծական կազմակերպություններին` think tank-երին։

Վաշինգտոնում են գործում «Քարնեգի» (Carnegie endowment foundation), Բրուքինգս (Brookings institute), Հերիթիջ (Heritage foundation), Ջոն Հոփկինզի համալսարան (John Hopkins university-SAIS), Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոն (CSIS-Center for Strategic and International studies), Վուդրո Վիլսոն կենտրոն (Woodrow Wilson Center), Արտաքին հարաբերությունների խորհուրդ (Council of Foreign Relations), Ատլանտյան խորհուրդ (Atlantic Council) և այլ վերլուծական կառույցներ: Մեծ թվով վերլուծական հաստատություններ են տեղակայված նաև ԱՄՆ այլ նահանգներում: Ընդ որում, որպես կանոն, տարբեր ամերիկյան վարչակարգեր առավել սերտ կապեր են պահպանում տարբեր թինկ-թանկերի հետ, մասնավորապես Ջորջ Բուշ կրտսերի նախագահության շրջանում ամերիկյան քաղաքական ղեկավարությանը մոտ էր «Հերիթիջ» հիմնադրամը, որն ընդհանրապես հայտնի է որպես ԱՄՆ նեոպահպանողական (neo-conservatism կամ neocon) ուժերին առավել մոտ վերլուծական հաստատություն: Ներկայում «Հերիթիջ» հիմնադրամի կողմից շրջանառվող վերլուծական և քարոզչական մշակումները կրում են ընդդիմադիր բնույթ և դատապարտում գործող վարչակարգին արտաքին քաղաքականության կամ առողջապահական ասպարեզում բարեփոխումների համար:

Գործող դեմոկրատական վարչակարգին առավել մոտ է «Բրուքինգս» հաստատությունը, որն ավանդաբար Դեմոկրատական կուսակցության հետ առավել սերտ աշխատող վերլուծական մարմին է:

Թուրքիայում, վերջին ժամանակաշրջանում՝ նաև Ադրբեջանում աստիճանաբար ավելի հստակ է ընկալվում թինկ-թանկերի դերի կարևորությունը ԱՄՆ քաղաքական մշակույթի մեջ: Տարեցտարի, թերևս, չափազանցություն չի լինի ասել, որ վերջին շրջանում` ամսեամիս նշված երկրներն առավել որոշակի են աշխատում վաշինգտոնյան վերլուծական հաստատություններում իրենց ներկայությունն ապահովելու և ակտիվանալու ուղղությամբ:

Վաշինգտոնում տեղակայված թինկ-թանկերի հետ նշված պետությունների, մասնավորապես՝ Թուրքիայի աշխատանքն իրականացվում է 2 հիմնական տարբերակով. ա. ամերիկյան «թինկ-թանկերի» հետ համաձայնագրով նշված հաստատություններում աշխատանքի են անցնում ազգությամբ թուրք վերլուծաբաններ: Այսպիսով, էթնիկ թուրք աշխատակիցները հնարավորություն են ստանում օգտագործել ամերիկյան կազմակերպության անվանումը` «բրենդը», իսկ սեփական վերլուծական աշխատանքում մնալ համեմատաբար անկախ կարգավիճակում` աշխատելով թուրքական կողմի հետաքրքրությունների համապատկերում: ԱՄՆ մայրաքաղաքի վերլուծական կառույցներում աշխատող էթնիկ թուրք փորձագետներից են.

CSIS` Բյուլենթ Ալիռզա, Նեսիլհան Քափթանօղլու, Սեդա Չիֆթչի։

CSIS-ում նաև գործում է առանձին հետազոտական խումբ Թուրքիայի ուղղությամբ, որի կազմում, բացի վերոնշյալ անձանցից, մտնում են նաև 2 ոչ էթնիկ թուրք վերլուծաբաններ: CSIS-ի կայքում Թուրքիայի վերաբերյալ հետազոտությունները ներկայացված են հատուկ առանձին բաժնով, որ կոչվում է “Turkey Project” (http://csis.org/program/turkey-project):

«Բրուքինգս» ինստիտուտ։ Աշխատանքները ղեկավարում է Օմեր Թաշփընարը, Հաքան Ալթընայն աշխատակցում է Թուրքիայից։

«Բրուքինգսի» կայքում Թուրքիան վերստին ցուցադրված է առանձին բաժնով (http://www.brookings.edu/topics/turkey.aspx): Ըստ 2009թ. ապրիլի 14-ին հրապարակված տվյալների, «Բրուքինգս» հաստատությունը 2007թ. սկզբից մինչև 2009թ. ապրիլ Թուրքիայից ստացել է $410 հազարի ֆինանսական «օգնություն»: Թուրքիայից «Բրուքինգսի» հաշվին գումար են հատկացրել. «Էքշիօղուլարը գրուփ» շինարարական ընկերությունը` 2 անգամ $75 հազարական (05.03.2007թ. և 29.09.2007թ.), “Hedef Alliance Holding” դեղագործական ընկերությունը` $30 հազար 17.01.2007թ., «Նուրօլ» ռազմարդյունաբերական ձեռնարկությունը՝ $30 հազար (06.02.2008թ.) և Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միությունը (TUSIAD)՝ մեկ անգամ՝ $50 հազար և 6 անգամ՝ $25 հազարական (համապատասխանաբար 06.02.2009թ., 27.02.2009թ., 08.07.2009թ., 22.04.2008թ., 05.10.2007թ, 08.06.2007թ., 08.03.2007թ.):

Նշենք նաև, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատան կայքում տեղակայված է տեղեկատվություն ԱՄՆ-ում գործող թինկ-թանկերի վերաբերյալ (http://turkey.usembassy.gov/think_tanks_in_the_u.s):

Միաժամանակ, վերջին շրջանում նկատելի է Վաշինգտոնում զուտ թուրքական վերլուծական հաստատությունների ծավալման միտումը: Որպես դրա հիմնական պատճառներ են նշվում.

ա. Թուրքական համայնքներում առկա են ուժեր, որոնք վերահսկելի չեն Թուրքիայի կառավարության կողմից: Հատկապես Արևմուտքում ձևավորվել են Թուրքիայի աշխարհիկ-ռազմական թևին հարող հասարակական-լոբբիստական խմբեր, նաև սուֆիզմին մոտ կանգնած որոշակի բջիջներ` «նուրչուլար», որոնք հարում են վտարանդի գործիչ Ֆեթհուլահ Գյուլենին: Այսպիսով, թուրքական կառավարությունը կարող է դժվարություններ ունենալ արտերկրում լոբբինգի կազմակերպման առումով և, միաժամանակ, սեփական ներկայությունն արտասահմանյան համայնքներում ուժեղացնելու անհրաժեշտություն ունի:

բ. Թուրքիա-ԱՄՆ և հատկապես Թուրքիա-Իսրայել հարաբերություններում նկատվող որոշակի լարումները վտանգ են ստեղծում, թե մասնավորապես ամերիկյան թինկ-թանկերի միջոցով Թուրքիայի դիրքորոշումներն առաջ մղելու նախկին մարտավարությունն ինչ-որ չափով կարող է կորցնել կենսունակությունը: Հրեական լոբբին զգալի ազդեցություն ունի թինկ-թանկերում, շոշափելի թիվ են կազմում դրանցում աշխատող էթնիկ հրեա փորձագետները, որոնց մեկ մասը մասնագիտանում է Թուրքիայի ուղղությամբ և արդեն իսկ հանդես է եկել Թուրքիայի հասցեին որոշակի քննադատությամբ (Արիել Կոհեն, Հենրի Բերքի և այլն):

Այսպիսով, առաջ է գալիս ուղղակիորեն սեփական հաստատությունները Վաշինգտոնում հիմնելու անհրաժեշտությունը:

Խոսքն առաջնահերթ վերաբերում է SETA DC հաստատությանը (http://www.setadc.org): Այն գործում է 2009թ. տարեսկզբից Վաշինգտոնի կենտրոնական Քոնեքթիքութ պողոտայում: SETA-DC-ը Անկարայում 2006-ից գործող SETA (Siyasi, Ekononomik, Toplum Araştırmaları Vakfı) վերլուծական հաստատության մասնաճյուղն է ԱՄՆ մայրաքաղաքում: «Վիկիպեդիա» շտեմարանը SETA-ն բնորոշում է որպես «կառավարամետ» (http://en.wikipedia.org/wiki/Turkish_think_tanks): Հատկանշական է, որ SETA-ի հիմնադիր և առաջին տնօրեն Իբրահիմ Քալընը 2009թ. գարնանից վարչապետ Էրդողանի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականն է և միաժամանակ շարունակում է պաշտոնավարել SETA-ում՝ որպես վերլուծաբան (http://www.setadc.org/index.php?option=com_content&view=section&layout=blog&id=9&Itemid=99): Այս և մեծ թվով այլ փաստեր վկայում են, որ SETA DC-ն Վաշինգտոնում հաստատվել է թուրքական կառավարության պետական ծրագրի համաձայն: Ամերիկյան մասնաճյուղի ղեկավարն է Նուհ Յըլմազը: Կառույցը կազմակերպում է կլոր սեղաններ, հանդիպումներ, ԱՄՆ-ում տարածում “Insight Turkey” անգլիալեզու վերլուծական հանդեսը, որը լույս է տեսնում Անկարայում SETA-ի ուժերով: Մասնավորապես, մայիսի 7-ին տեղի ունեցան «Բազմամշակութային կուլտուրան Արդարություն և զարգացում կուսակցության օրոք», ապրիլի 30-ին` «Ալևիներին ընդառաջ և ժողովրդավարացման գործընթացը Թուրքիայում», փետրվարի 17-ին՝ «Գործընկերության մոդել. ստեղծագործ մոտեցում թուրք-ամերիկյան հարաբերություններին» խորհրդաժողովները: Զուտ խորագրերից հետևում է, որ կառույցի նպատակներից մեկը Թուրքիայի գործող վարչակարգի PR-ն է:

Ներկայում «ավագ եղբոր» օրինակին է հետևում նաև Ադրբեջանը: 2010թ. ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ Վաշինգտոնում աշխատանքներն է սկսել Ադրբեջանական հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոն կազմակերպությունը: Ապրիլի 27-ին այն կազմակերպել էր իր առաջին ձեռնարկը. Միջազգային հարաբերությունների Էլիոթի դպրոցում տեղի ունեցավ խորհրդաժողով «Կասպյան էներգետիկայի աշխարհաքաղաքականությունը. հեռանկարներ և մարտահրավերներ թեմայով»: Ադրբեջանական թինկ-թանկի կազմավորման թեման լուսաբանվել է ՀՀ ԶԼՄ-ում, առանձին հրատարակությամբ է հանդես եկել«Նորավանք» գիտակրթական կենտրոնը:

Այսպիսով, միանշանակ է, որ Թուրքիան և Ադրբեջանն աճող հետաքրքրություն են ցուցաբերում ԱՄՆ մայրաքաղաքում թինկ-թանկերի շրջանակներում ծավալվելու, այսօրինակ մեխանիզմներով ամերիկյան քաղաքագիտական-փորձագիտական մտքի հանդեպ որոշակի ազդեցություն շահելու և սեփական շահերին համահունչ ուղղորդումներ տալու նկատմամբ: Նպատակներից մեկն, անկասկած, հայկական լոբբիստական կառույցներին հետևյալ կերպ դիմագրավելն է: Կասկածից վեր է, որ հատկապես ադրբեջանական կողմի ձեռնարկները կունենան ակտիվ հակահայ թեքումներ: Հաշվի առնելով նաև, որ հայկական սփյուռքի աշխատանքները հիմնականում չեն շոշափում վերլուծական ինստիտուտների ասպարեզը, այս ուղղությամբ որոշակի քայլերի ձեռնարկումը նպատակահարմար է թվում: Կարևոր է նաև նշել, որ ըստ ԱՄՆ-ում գործող օրենսդրության, արտասահմանյան թինկ-թանկն իրավասու է զբաղվել լոբբիստական գործունեությամբ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր