• am
  • ru
  • en
Версия для печати
Haykaram Nahapetyan21.12.2009

ԵՐԵՎԱՆ-ԱՆԿԱՐԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԾԱՆՑՅԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

EnglishРуский

   

Հայկարամ Նահապետյան

Հ.Նահապետյան՝ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրային հեռուստատեսության թղթակից

Բացի բուն հայ-թուրքական հարաբերություններում և Հայաստանում ու Սփյուռքում ծավալվող գործընթացներից, Հայաստան-Թուրքիա երկխոսության վերջին փուլի արդյունքում ի հայտ են եկել որոշակի «կողմնակի» կամ «ածանցյալ» գործընթացներ, որոնք ևս հետաքրքրական են հայկական կողմի համար: Մի քանի նախնական դիտարկումներ. վերջին շրջանում Արևմուտքում և մասնավորապես, Միացյալ Նահանգներում շեշտակի աճել է Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը թե՛ քաղաքական մակարդակով և թե՛ մամուլում: Սպիտակ տան և հատկապես Պետքարտուղարության կողմից հայտարարությունները հատկապես վերջին շրջանում բավական հաճախ են հնչում:

Մասնավորապես, վերջին շաբաթվա ընթացքում պետքարտուղարության ամենօրյա մամուլի ասուլիսների ընթացքում «պրոտոկոլների» թեմայով գրեթե յուրաքանչյուր օր նոր հայտարարություններ են արվում: «Պրոտոկոլների» ստորագրման օրը «Վաշինգտոն Փոստում» արձանագրությունների, Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող իրադարձությունների թեմաներով միանգամից մի քանի հրապարակում լույս տեսավ: Խնդրին անդրադարձան «Նյու Յորք Թայմս», «Չիկագո Թրիբյուն», «Քրիսչըն սայնզ մոնիթոր», «Լոս Անջելես Թայմս», «Բոսթոն գլոբ» և այլ առանցքային թերթերը, CNN, ABC, NBC և մյուս հեռուստաալիքները: Թեման լրատվամիջոցների օրակարգում էր նաև նախընթաց շրջանում, հատկապես ՀՀ նախագահի՝ ԱՄՆ-ում գտնվելու օրերին: Ինտերնետի որոնման համակարգերի հետ աշխատելով` հստակ կարելի է տեսնել, որ վերջին մեկ ամսվա կտրվածքով ամերիկյան մամուլն ավելի շատ է անդրադարձել Հայաստանին, քան, օրինակ, ավանդական դաշնակից Վրաստանի Հանրապեությանը կամ ասենք Ուկրաինային: Պետք է ենթադրել, որ «պրոտոկոլներին» դեռ լուրջ «արկածներ» և «գլխացավանքներ» են սպասվում ու ամերիկյան կողմի հետաքրքրությունը դեռ այս կամ այն չափով կշարունակվի: «Նյու Յորք Թայմսի» հոկտեմբերի 11-ի հոդվածագիրը մեջբերում է անանուն ամերիկյան պաշտոնյաների վկայությունը, թե սահմանի բացումը հեռանկարային է Արևմուտքին նոր էներգատարերով ապահովելու տեսանկյունից: Անկախ «պրոտոկոլների» հանդեպ վերաբերմունքից, պետք է ընդունել, որ ձևավորվել է մի յուրօրինակ իրավիճակ, երբ Հայաստանը նորովի կարևորություն ստացավ Արևմուտքի համար:

Ըստ էության, հայ-թուրքական գործընթացը մեր տարածաշրջանում զարգանում է 2+1 ֆորմատով` ուղղակիորեն ներառելով Հայաստանն ու Թուրքիան և անուղղակիորեն՝ Ադրբեջանը, որը «խցկվում է» հայ-թուրքական բանակցությունների մեջ` շահարկելով «1 ազգ, 2 պետություն» ձևաչափը, Թուրքիայի հետ ունեցած խորքային կապերը և նավթա-գազային որոշակի ազդեցությունը: Ուշագրավ է, որ այս 3 պետություններում էլ հասարակությունը և քաղաքական դաշտը լրջագույն ու խորքային դժգոհություններ ունեն գործընթացների հանդեպ, անգամ ձևավորվել է որոշակի ճգնաժամային իրավիճակ: Գրեթե բացառիկ դեպք է, երբ 3 կողմերից 3-ում էլ խոսք է գնում ազգային շահերն անտեսելու կամ ոչ սկզբունքային լինելու, փոքր կամ նույնիսկ զրոյական ձեռքբերումների դիմաց լուրջ զոհողություններ կատարելու մասին: Երբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն սկսեց հանդիպումները քաղաքական կուսակցությունների հետ, Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին ուղղակի հրաժարվեց հանդիպումից: Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Դենիզ Բայքալը անթույլատրելի է համարում սահմանի բացումը նախքան Ղարաբաղյան կարգավորումը և կառավարությանը մեղադրում ստախոսության մեջ, նույն կուսակցությունից պատգամավոր Օյմենը նշում է, որ «արձանագրությունների ստորագրմամբ վերջակետ դրվեց Ղարաբաղյան հարցում Թուրքիայի սկզբունքային քաղաքականությանը»: Մեծ միասնություն կուսակցության ղեկավար Յալչըն Թոփչուն արտգործնախարարի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե Թուրքիան արձանագրությունները ստորագրել է Վաշինգտոնի ճնշման ներքո: Նրա խոսքով, թուրքական կողմը պետք է պահանջեր, որ «սահմանի վերաբացումն ընթանա Ղարաբաղից հայկական ուժերի դուրսբերմանը զուգընթաց»: Իսկ Դեմոկրատական կուսակցության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Հյուսամեթին Ջինդորուքը նշել է, որ կողմ է հայ-թուրքական կարգավորմանը, սակայն չի համաձայնում արձանագրությունների բոլոր կետերին: Պատգամավոր, նախկինում ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Շյուքրյու Էլեքդաղի կարծիքով, Հայաստանի նպատակն է հասնել սահմանի բացմանը, որից հետո Երևանը կվերադառնա Ցեղասպանության վերաբերյալ պնդումներին:

Թուրքիայում դժգոհ են, որ միջնորդ է հանդես գալիս Շվեյցարիան, որը Հայոց եղեռնը ճանաչած պետություն է: Վաշինգտոնում բնակվող թուրք լոբբիստ, վերլուծաբան Էրգյուն Քըրլըքովալին “History of Truth” կայքում «առևտուր» տերմինի փոխարեն առաջարկում է «տուրևտուր» նորահայտ տերմինը` հայտարարելով, թե Թուրքիան հենց այդպիսի մի կացության մեջ է: Այն առիթով, թե «Հայաստանը պրոտոկոլների արդյունքում կհրաժարվի ցեղասպանության պահանջներից կամ սահմանի վերաձևման հեռանկարից», Քըրլըքովալին պատասխանում է` ճտերն աշնանն են հաշվում: «Այժմ Ղարաբաղյան կարգավորումն առավել բարդ կլինի: Ինչո՞ւ պետք է Հայաստանն անհրաժեշտ համարի վերջ տալ իր ռազմական օկուպացիային և արտոնի ադրբեջանցի փախստականների վերադարձը, եթե արդեն ստանում է այն, ինչին ձգտում էր: Ի՞նչ տեղի կունենա, եթե մենք կորցնենք Ադրբեջանի աջակցությունը Հայաստանի հետ մթին գործարքի պատճառով, ո՞վ է լցնելու Բաքու-Ջեյհան նավթատարը», նշում է Քըրլըքովալին: Թեև քիչ հավանական է թվում, որ Բաքուն համարձակվի կասեցնել Բաքու-Ջեյհան նախագիծը, քանի որ այն շոշափում է նաև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հետաքրքրությունները, սակայն Թուրքիայի հանդեպ Բաքվից որոշակի էներգետիկ մահակի օգտագործումը բացառված չէ, հնարավոր է այս թեման արդեն առկա է թուրք-ադրբեջանական կուլիսային քննարկումներում: Քըրլըքովալին նկատում է, որ թուրք-հայկական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց Ադրբեջանը Մոսկվայի հետ սկսել է քննարկել ադրբեջանական գազի վաճառքի թեման: Մեջլիսի պատգամավոր Ջանան Արըթմանը գտնում է, որ պրոտոկոլները ծառայում են ոչ թե Թուրքիայի կամ Ադրբեջանի շահերին, այլ Հայաստանի:

Ադրբեջանական կողմի դժգոհությունները գրեթե քաղաքական հիստերիայի են հասնում: Նախագահ Իլհամ Ալիևը, Ադրբեջանի արտգործնախարարությունը (առնվազն երեք անգամ), փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը, փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը, «Անա Վաթան» կուսակցության փոխղեկավար Զահիթ Օրուջը, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը, չափազանց ակտիվ դեպուտատ Գանիրա Փաշաևան, այլ պաշտոնյաներ ու այլ կառույցներ վերջին ամիսների ընթացքում հայտարարություններ են արել, թե սահմանի բացումը հակասում է Բաքվի շահերին և «ահազանգել» թուրք-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման հեռանկարի մասին: Օրուջը նաև կարծիք է հայտնել, որ մինչև հայ-թուրքական փաստաթղթի ստորագրումը Բաքուն իր հերթին պետք է նախաձեռներ թուրք-ադրբեջանական պրոտոկոլների ստորագրում, որում կամրագրվեր, որ Անկարան չի ձեռնարկի ոչ մի քայլ, որը կհակասի Բաքվի շահերին: Պատգամավոր Նիզամի Ջաֆարովը Էրդողանին հիշեցրել է մայիսի 12-ին Բաքվում տված խոստումը, թե սահմանը չի բացվի։ Լոս Անջելեսում Բաքվի հյուպատոս Էլին Սուլեյմանովը հայտարարել է, թե Թուրքիան պետք է հաշվի առնի Ադրբեջանի կարծիքը: Նման օրինակները կարելի է շարունակել:

Մեկ այլ գործընթաց, որն ածանցյալ է հայ-թուրքական բանակցություններին, Ադրբեջան-Միացյալ Նահանգներ փոխհարաբերությունների առկա վիճակն է: Հստակ է, որ Վաշինգտոնն ընդգծված հետաքրքրություն ունի հայ-թուրքական բանակցություններում: Ադրբեջանի հակազդումը հայ-թուրքական շփումներին նշանակում է հակազդեցություն Վաշինգտոնի տարածաշրջանային հետաքրքրություններին, ինչի նկատմամբ Միացյալ Նահանգները կարող է դրսևորել իր վերաբերմունքը: Ըստ էության, Բաքուն արդեն իսկ որոշակի նախազգուշացումներ է ստացել Միացյալ Նահանգներից. նախ Բարաք Օբաման մինչև ներկա պահը չի կասեցրել 907 բանաձևը, որն արգելում է ամերիկյան ուղղակի նյութական օժանդակությունն Ադրբեջանին: Ինչպես հայտնի է, 2001թ. Կոնգրեսն ընդունեց փաստաթուղթ, որով երկրի նախագահին իրավունք տրվեց յուրաքանչյուր տարի մեկ տարի ժամկետով կասեցնել 907-ի ազդեցությունը: Ջորջ Բուշը դա կատարում էր յուրաքանչյուր տարվա հունվարին, մինչդեռ Բարաք Օբաման մինչև հոդվածի հրապարակման պահը որոշում չի կայացրել 907-ի վերաբերյալ: ԱՄՆ-ում հայկական համայնքի ներկայացուցիչները նշում են, որ հնարավոր է Սպիտակ տունը ձգտում է 907 բանաձևը վերածել «հաղթաթուղթի»` Ադրբեջանի նկատմամբ ճնշում կիրառելու նպատակով: Ուշագրավ է, որ ԱՄՆ Կոնգրեսի թուրքական և ադրբեջանական հարցերով հանձնախմբի անդամների զգալի մասը նույն անձինք են: Այսպիսով կոնգրեսականները հայտնվում են հակասական վիճակում: Հատկանշական է, որ կոնգրեսականները Թուրքիայի և ԱՄՆ-ի շահերի հետաքրքրությունները հաշվի առնելով` ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս պրոտոկոլները ողջունող հայտարարություններով, ինչը փաստացի հակասում է Բաքվի քաղաքականությանը, թեև նույն կոնգրեսմենների մի մասը միաժամանակ Ադրբեջանի բարեկամների խմբում է:

2009թ. սեպտեմբերի 18-ին Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանում տեղի ունեցավ «ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերություն. նոր երկկողմ և տարածաշրջանային չափումներ» խորհրդաժողովը: Վերջինիս մասնակից Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայ-թուրքական բանակցությունների թեմայով իր խոսքում նշեց, որ սահմանի վերաբացումը կնշանակի ոչ միայն թուրք-ադրբեջանական, այլև Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների վատթարացում: Հատկանշական է, որ միջոցառմանը ներկա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուիլիըմ Բըռնսը նույն թեմայով հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջև շաղկապ գոյություն չունի: Միաժամանակ Բըռնսը, ինչպես նաև սրահում գտնվող նախկին պետքարտուղարի տեղակալ, Մարշալի հիմնադրամի ներկայացուցիչ Դեյվիդ Կրամերը սուր քննադատության ենթարկեցին Ադրբեջանին երկրում «Ազատություն», «Ամերիկայի ձայն», BBC ռադիոկայանների հեռարձակումների դադարեցման, ընդդիմադիր բլոգերներ Էմին Միլիի և Ադնան Հաջիզադեի ձերբակալության համար: Կրամերը նաև անդրադարձավ ցկյանս նախագահ դառնալու Ալիևյան հանրաքվեին` հերթական քննադատության բաժինն ուղղելով Արազ Ազիմովին: Իր հերթին Ազիմովը փոխադարձ մեղադրանքներ ուղղեց ամերիկյան պետքարտուղարությանը` կապված 907 բանաձևի շուրջ տիրող անորոշության հետ և դժգոհեց, որ ԱՄՆ ոչ մի պետքարտուղար չի այցելել Բաքու: Չնայած հնչեղ խորագրին` խորհրդաժողովն ընթացավ Ադրբեջանի համար բացասական միջավայրում: Կարելի է ենթադրել, որ Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում փոխըմբռնման և լիարժեք բարեկամական միջավայրի առկայության պայմաններում նման երկուստեք մեղադրանքները պետք է գերիշխող չլինեին: Երկկողմ հակասությունների ամբողջական ծավալում որոշակի «մասնաբաժին» ունի նաև Վաշինգտոնի կողմից հայ-թուրքական սահմանի վերաբացմանն ուղղված լոբբիստական աշխատանքը: Միաժամանակ պետք է նշել, որ ըստ տարբեր աղբյուների, Միացյալ Նահանգներում վերջին շրջանում քննարկվում է Ադրբեջանի Գաբալայի ռադիոտեղորոշման կայանի վարձակալության ծրագիրը և նման հեռանկարը վերստին կարող է բերել ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների որոշակի սերտացման:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր