• am
  • ru
  • en
Версия для печати
24.01.2013

Ո՞Ր ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ Է ԱՌԱՋԻՆԸ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

EnglishРуский

   

Հայկարամ Նահապետյան
ԱՄՆ-ում Հայաստանի Հանրային հեռուստատեսության թղթակից

Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային աշխատանքները մոտ կեսդարյա վաղեմություն ունեն: Հիսուն տարիների ընթացքում երկու տասնյակի չափ պետություններ են ճանաչել Ցեղասպանությունը: Այս ընթացքում ճանաչման փաստաթղթեր են ընդունվել նաև տեղական մակարդակներով, ինչպես, օրինակ, ԱՄՆ 43 նահանգներում, Բրազիլիայի խոշորագույն Սան Պաոլո նահանգում, Հռոմի քաղաքապետարանում, Ուելսում, Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքապետարանում, Բասկերի երկրում, Ղրիմում, Ավստրալիայի Նոր Սաութ Ուելթ նահանգում և այլուր:

Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը հատկապես 21-րդ դարում հասել է մի աստիճանի, երբ ոչ միայն քաղաքական, այլև հանրային մակարդակներում նկատելի է իրազեկության շոշափելի աճ: Ցեղասպանությունից մոտ 25 տարի հետո հնչած հիտլերյան «Ո՞վ է այսօր հիշում հայերին» խոսքը ևս 70 տարի անց անիմաստ է դարձել:

Այս առումով արժե մեջբերել բելգիացի թուրք քաղաքական գործիչ Սայիթ Քյոսեի խոսքը. «Բելգիայում չի մնացել քաղաքական կուսակցություն, որը չի հավատում Հայոց ցեղասպանության փաստին»1: Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևի վերջին քվեարկությունը տեղի ունեցավ 2010թ. մարտի 4-ին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Փաստաթուղթը հաստատվեց 23 կողմ - 22 դեմ հարաբերակցությամբ: Սակայն դեմ քվեարկող գործիչներից ոչ մեկն իր ելույթում չմերժեց Հայոց ցեղասպանության փաստը:

Հետադարձ հայացքով նայելով Ցեղասպանության ճանաչման արշավին` կարելի է նկատել մեծաթիվ ուշագրավ դրվագներ: Հիրավի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կեսդարյա գործընթացն առանձին ուսումնասիրության առարկա կարող է հանդիսանալ:

1965թ. Հայոց մեծ եղեռնի միջազգային դատապարտման կանթեղը վառվեց հեռավոր Ուրուգվայում, որտեղ ապրիլի 20-ին խորհրդարանն ընդունեց 1915թ. եղեռնագործության վերաբերյալ պատմական փաստաթուղթը: Իհարկե, Ուրուգվայի որոշումը կեսդարյա տարելիցի միակ ոգեկոչման ձեռնարկը չէր: Անգամ խորհրդային տոտալիտար համակարգի պայմաններում Երևանի փողոցները հեղեղած հազարավոր հայեր վանկարկեցին` մեր հողերը: Այնուհանդերձ, Մոնտեվիդեոյում օրենսդիր մակարդակով ընդունվեց առաջին` համար 13.326 փաստաթուղթը «Հայ նահատակների ոգեկոչման օր» խորագրի ներքո: Նշված օրը ո՛չ հայ համայնքների և ո՛չ էլ թուրք պաշտոնյաների մտքով դժվար թե անցներ, թե որքան հեռահար և երկարամյա գործընթացի սկիզբ դրեցին Լատինական Ամերիկայի քաղաքական գործիչները:

Ուրուգվայի փաստաթուղթը, հիրավի, պատմական է: Այսքանով հանդերձ պետք է նկատել, որ այն չէր մասնավորեցնում Ցեղասպանություն եզրաբառը: Պատմական որոշման հինգ կետերով մասնավորապես սահմանվում էր.

«Գալիք ապրիլի 24-ը հռչակել «Հայ նահատակների հիշատակի օր»՝ ոգեկոչելու բոլոր նրանց, ովքեր սպանվեցին 1915թ. այդ օրը: Պետական ռադիոծառայության կայանները նշված օրը պետք է իրենց հեռարձակման մեկ մասը կազմակերպեն ի պատիվ նշված ժողովրդի: Հանրային ծառայության մեջ գտնվող հայ քաղաքացիները նշված օրն իրավասու են չներկայանալ աշխատանքի: Մոնտեվիդեոյի տարածաշրջանի թիվ 156 դպրոցն անվանակոչել Հայաստանի դպրոց:

Սենատի նախագահ` Մարտին Էխեգոյեն, քարտուղար` Խոսե Պաստոր Սալվանաչ»:

Փաստաթղթի օրինակը տեղադրված է Ուրուգվայի խորհրդարանի կայքում2:

Որոշման մեջ Ցեղասպանություն եզրաբառի բացակայությունը ներկայիս տրամաբանության հետ չի շաղկապվում: Մեր օրերում Սպիտակ տան ղեկավարը, տարբեր տրամաչափի այլ միջազգային գործիչներ նախընտրում են խուսանավել և Ցեղասպանություն եզրաբառը փոխարինել համարժեք նկարագրողական ձևակերպումներով կամ Մեծ եղեռն հայերեն կապակցությամբ, ինչպես ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի պարագայում: Ուրուգվայի օրենսդիրը 1965թ. որևէ խնդիր չէր ունենա Հայոց ցեղասպանություն կապակցությունը կիրառելու առումով: Ուրուգվայն ավելի ուշ առնվազն 4 անգամ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին Ուրուգվայը նաև դիմել էր ՄԱԿ-ին` կոչ անելով ընթացք տալ Հայոց ցեղասպանության հիմնավոր ճանաչմանը: Ուրուգվայում մինչև օրս չի գործում Թուրքիայի դեսպանատուն, ինչն էլ ավելի է նվազեցնում թուրքական որևէ հակազդման հնարավորությունը: Ուրուգվայի հետ դիվանագիտական հարաբերություններն ապահովվում են Բուենոս Այրեսում Թուրքիայի դեսպանատան միջոցով: 2005թ. մայիսին դեսպան Շյուքրյու Թուֆանը, հանդիպելով Ուրուգվայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների նախագահին, կրկնել էր պատմությունը միասին ուսումնասիրելու թուրք վարչապետ Էրդողանի վաղեմի հայտարարությունը: Թուրք դեսպանը մեկ այլ առիթով կես կատակ ասել է, որ մինչև դեսպանը Արգենտինայից հասնի Մոնտեվիդեո, օրինագիծն արդեն հաստատված կլինի, ըստ այդմ՝ հակալոբբինգ անելն անիմաստ է:

Ուրուգվայում Հայոց ցեղասպանության ամենամյա արարողությունները երբեմն ընթանում են երկրի նախագահի մասնակցությամբ: BBC-ի թուրքական ծառայությունը խոստովանում է, որ հայերը մեծ կշիռ ունեն Ուրուգվայի քաղաքական կյանքում3:

Այսքանով հանդերձ, ինչո՞ւ 1965թ. փաստաթղթում բացակայում էր Ցեղասպանություն եզրաբառը: Պետք է նկատել, որ այդ տարիներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նոր էր սկսվում: Նոր ծավալվող կացությունում դեռ հստակ չէին, թե հայեցակարգային ինչ կետերով է շարժվելու հայությունը: Ճանաչման գաղափարն անգամ ըստ էության ի մի չէր բերվել: Գործնականում հայեցակարգային բացթողումներ նկատելի են նաև մեր օրերում, և բնական է, որ 60-ականներին, պետականության բացակայության և հայկական լոբբինգի կազմավորման փուլում շատ աշխատանքներ ավելի շուտ հիշատակի միջոցառումների, քան թե քաղաքական ճանաչման փուլում էին:

Ուշագրավ մեկ այլ օրինակ. նույնպես 1965թ. ամերիկյան Բոստոն քաղաքում տեղի հայ համայնքի ուժերով հրատարակվեցին Հայոց ցեղասպանության վերաբերյալ ականատեսների ձայնագրություններ: Ձայնագրությունները վերնագրված էին «Թուրքերի ցեղասպանություն» և ոչ թե «Հայերի ցեղասպանություն»: Տվյալ փուլում ամերիկահայ միությունները կատարվածն ընկալել էին որպես Թուրքիայի կողմից իրականացված, ուրեմն և թուրքական ցեղասպանություն Հայոց ցեղասպանության փոխարեն: Մեր օրերում, սակայն, նման ձևակերպում չի պատահում, սակայն դա հնարավոր էր 1965թ., երբ գործընթացը դեռ նոր էր ծավալվում:

Նաև դա է պատճառը, որ ժամանակագրական առումով Ցեղասպանության ճանաչման փաստերը տասնամյակներ առաջ ակտիվ բնույթ չէին կրում: 1965թ. պատմական որոշումից հետո դատապարտման հաջորդ փաստաթուղթն ընդունվել է 1975-ին, այսինքն՝ մեկ տասնամյակ անց, Հայոց ցեղասպանության 60-ամյա տարելիցին:

Իսկ ո՞ր երկրի խորհրդարանում է առաջին անգամ հաստատվել փաստաթուղթ, որում 1915թ. տեղի ունեցածը բնութագրվել է որպես Հայոց ցեղասպանություն:

Խոսքը… Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին է: 1975թ. ապրիլի 9-ին Կոնգրեսը հաստատեց 148 համարի փաստաթուղթը, որը սահմանում էր հետևյալը. «1975թ. ապրիլի 24-ը հաստատել որպես մարդու կողմից մարդու նկատմամբ դաժանության հիշատակի օր: ԱՄՆ նախագահը լիազորվում է և նրանից պահանջվում է հրապարակել հայտարարություն, որով ԱՄՆ ժողովրդին կոչ կարվի այս օրը հիշել բոլոր ցեղասպանությունների զոհերին և հատկապես հայերին, որոնք ցեղասպանության են ենթարկվել 1915թ., որի պատճառով այս օրը ոգեկոչվում է համայն աշխարհի հայերի և նրանց բարեկամների կողմից»:

Նույնանման փաստաթուղթ, առավել խիստ ձևակերպումներով, ընդունվել է նաև 1984թ.` համար 257 բանաձևը: Այդ ընթացքում Հայոց ցեղասպանությունը դատապարտվեց նաև Կիպրոսի խորհրդարանում 1983թ.: Այսպիսով, առաջին երեք խորհրդարաններից երկուսը, ուր հաստատվել է Հայոց ցեղասպանություն կապակցությունը պարունակող փաստաթուղթ, ամերիկյան օրենսդիր մարմինն է: Հայտնի է նաև, որ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981թ. ևս նախագահական մակարդակով տեղի ունեցածը բնութագրել է որպես ցեղասպանություն: Ավելի ուշ, 1987թ., երբ հայկական օրինագիծը կրկին օրակարգում էր, Ռոնալդ Ռեյգանը գրեց իր օրագրում. «Օգոստոսի 6. Մեր թուրք բարեկամները նյարդայնանում են: Կոնգրեսը կրկին քննարկում է բանաձև, որը թուրքերից պահանջում է պատասխանատվություն ստանձնել Օսմանյան կայսրության օրոք հայերի հետապնդումների համար»4։ Ամերիկյան կողմի դիրքորոշումն առավել խուսափողական դարձավ հետագա տարիներին, որի «թագն ու պսակը» կարող է համարվել դեսպան Ջոն Էվանսի հետկանչումը 1915թ. տեղի ունեցածը Ցեղասպանություն որակելու համար: Սա՝ այն դեպքում, երբ ա) նախագահ Ջորջ Բուշ-կրտսերն ինքը խոստացել էր ճանաչել ցեղասպանությունը նախընտրական փուլում, բ) վերջինիս հայր Ջորջ Բուշ-ավագը փոխնախագահ աշխատած տարիներին ևս կիրառել էր Հայոց ցեղասպանություն եզրաբառը, գ) Բուշ-ավագի փոխնախագահության օրոք Հայոց ցեղասպանությունը դատապարտվել էր Կոնգրեսի ու նախագահի մակարդակով:

Հարց է, թե արդյոք մեր օրերում ամերիկյան ինստիտուցիոնալ հիշողությունը պահպանել է վերոնշյալ ճանաչումների փաստերը: 2009թ. մայիսին Վաշինգտոնում ԱՄՆ հայ համայնքի հետ հանդիպմանն այն ժամանակ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարիա Յովանովիչը հայտարարեց, թե Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ ավելի հեռուն գնաց, քան որևէ այլ նախագահ մինչև օրս: 2012թ. ապրիլի 27-ին Սպիտակ տանը, ասուլիսի ընթացքում, ինստիտուցիոնալ հիշողության վերաբերյալ հարցն ուղղել եմ նախագահ Բարաք Օբամայի մամուլի խոսնակ Ջեյ Քառնեյին: Քառնեյն իր անորոշ պատասխանում նշեց, թե Օբամայի դիրքորոշումն այս հարցով հայտնի է: Սակայն հարցին հաջորդած կարճատև լռությունը և զարմացած կեցվածքը տպավորություն էին ստեղծում, թե Քառնեյը անտեղյակ էր փաստից, ինչը միանգամայն սպասելի է: Դեսպան Յովանովիչի ձևակերպումը ևս խոսում էր ինստիտուցիոնալ հիշողության բացակայության մասին. դեսպանը չգիտեր, որ Օբամայից առաջ նախագահական մակարդակով ճանաչում է եղել: Պետք է ենթադրել, որ հենց հայկական կողմն է, որ պետք է քարոզչական ու այլ մեխանիզմներով շեշտի` Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսը պատմության մեջ առաջին օրենսդիրն է, որ ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշում:

Այսօրինակ ինֆորմացիոն աշխատանքը հնարավոր է նպաստի նաև վերաճանաչման գործընթացին` ամերիկյան իշխանական համակարգում ցեղասպանության ճանաչման կողմնակիցներին հնարավորություն տալով նախադեպի հետ կապված հակափաստարկը կիրառել թուրքական լոբբիի մեքենայությունների դեմ:

1 “Ermeni Soykırımı yasa tasarısına karşı içeriden mücadele ediyoruz”, http://www.binfikir.be, 27.10.2006.

2 Dia de Recordaction de los Martires Armenios, http://www.parlamento.gub.uy/leyes/AccesoTextoLey.asp?Ley=13326&Anchor=

3 1915 olayları ve Uruguay, BBC, 27.01.2012 http://www.bbc.co.uk/turkce/haberler/2012/01/120126_uruguay_armenians_new.shtml

4 The Reagan Diaries, Harper Collins Publishers, NY, 2011, p. 524.

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 1, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր